i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ Վարչական գործ թիվ ՎԴ/5084/05/14
դատարանի որոշում 2016թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/5084/05/14
Նախագահող դատավոր` Ք. Մկոյան
Դատավորներ` Ա. Առաքելյան
Գ. Ղարիբյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի
2016 թվականի դեկտեմբերի 02-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գեղամ Սիմոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.10.2015 թվականի որոշման դեմ` ըստ Գեղամ Սիմոնյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան)` 16.05.2014 թվականի թիվ Վ-20/1561 որոշումը վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Գեղամ Սիմոնյանը պահանջել է վերացնել Քաղաքապետարանի 16.05.2014 թվականի թիվ Վ-20/1561 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 06.05.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.10.2015 թվականի որոշմամբ Գեղամ Սիմոնյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.05.2015 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գեղամ Սիմոնյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Քաղաքապետարանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ, 16-րդ, հոդվածները, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 27-րդ հոդվածը, 42-րդ հոդվածի 7-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործում բացակայում է վարչական իրավախախտման դեպքի առկայությունը հաստատող թույլատրելի և վերաբերելի որևէ ապացույց և բողոքը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ իրավախախտման փաստը հաստատվում է գործում առկա «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի 31.03.2014 թվականի թիվ ԵԼ-ՓՍ/00141603 գրությամբ, որը, բացի իրավախախտման դեպքի շարադրանքից, բովանդակում է նաև կից լուսանկարներ, որոնք պարունակում են տեսանկարահանող սարքի միջոցով ֆիքսված իրավախախտման տարեթիվը և ժամը, մինչդեռ դրանով չի կարելի հաստատված համարել 28.03.2014 թվականի 14:42:14-ից մինչև 15:23:56-ը տրանսպորտային միջոցի անընդմեջ կայանված լինելու փաստը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 01.10.2015 թվականի որոշումը` հայցը բավարարել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Բողոքաբերին ուղարկված արձանագրությանը կից իրավախախտման լուսանկարներով ապացուցվում է, որ վերջինիս պատկանող տրանսպորտային միջոցը 28.03.2014 թվականին ժամը 14:42-ին և ժամը 15:23-ին 2 անգամ կայանված է եղել ՀՀ օրենսդրությամբ սահմանված վճարովի ավտոկայանատեղերին բնորոշ կարմիր գետնանշումներով գետնանշված և օրենսդրությամբ նախատեսված ճանապարհային նշաններով կահավորված հատվածում, իսկ համապատասխան տեսագրության միջոցով հաստատվում է այն փաստը, որ նշված տրանսպորտային միջոցը 28.03.2014 թվականին ժամը 14:42:13-ից մինչև ժամը 14:48:14-ը, այսինքն` 6 րոպե անընդմեջ կայանված է եղել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության վարչության պետին հասցեագրված «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի 31.03.2014 թվականի թիվ ԵԼ-ՓՍ/00141603 գրության համաձայն` «VAZ 21099» մակնիշի «11LL099» համարանիշի տրանսպորտային միջոցը 28.03.2014 թվականին ժամը 14:42-ից մինչև 28.03.2014 թվականին ժամը 15:23-ը կայանվել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի հատված 8-ում գտնվող ավտոկայանման տեղում և չի վճարել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով, ինչպես նաև Երևան քաղաքի ավագանու 25.12.2012 թվականի թիվ 557-Ն որոշմամբ նախատեսված տրանսպորտային միջոցների կայանատեղերի համար սահմանված տեղական տուրքը: Նույն գրությամբ հայտնվել է, որ ուղարկվում է «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից տեսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված իրավախախտման մասին ապացույցներ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկելու համար (գ.թ. 12).
2) Երևանի քաղաքապետարանի 04.04.2014 թվականի թիվ 0025433 արձանագրության համաձայն` «VAZ 21099» մակնիշի «11 LL 099» համարանիշի տրանսպորտային միջոցը 28.03.2014 թվականին ժամը 14:42-ից մինչև 28.03.2014 թվականին ժամը 15:23-ը կայանել է Երևանի Մաշտոցի պողոտայի հատված 8-ում գտնվող վճարովի ավտոկայանատեղում և չի վճարել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով, ինչպես նաև Երևան քաղաքի ավագանու 25.12.2012 թվականի թիվ 557-Ն որոշմամբ նախատեսված տրանսպորտային միջոցների կայանատեղերի համար սահմանված տեղական տուրքը (գ.թ. 8).
3) Երևանի քաղաքապետարանի 16.05.2014 թվականի թիվ Վ-20/1561 որոշմամբ Գեղամ Սիմոնյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի կիրառմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության` 5.000 ՀՀ դրամ տուգանքի (գ.թ. 9):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման փաստի ապացուցման վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը միաժամանակ պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի, 27-րդ հոդվածի պահանջները խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների շրջանակներում նույն տարածքում կայանված ավտոմեքենայի` երկու տարբեր ժամերին կատարված լուսանկարները բավարար են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման փաստը հաստատված համարելու և նույն հոդվածի սանկցիայի կիրառմամբ վարչական պատասխանատվություն կիրառելու համար:
2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում տուրքերի տեսակները, չափը, վճարման կարգը:
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` ավտոկայանատեղի համար գանձվող տուրքը ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու համար նույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու կողմից հաստատված չափով և նույն օրենքով սահմանված կարգով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է:
i
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ավտոկայանատեղի տուրքի վճարման ձևերը սահմանում է համայնքի ավագանին:
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` ավտոկայանատեղի տուրքի վճարման պարտավորությունը ծագում է տրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու պահից:
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` ավտոկայանատեղի տուրք չվճարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի համաձայն` ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Վերը նշված իրավակարգավորումներից հետևում է, որ ավտոկայանատեղի համար գանձվող տուրքը համայնքի ավագանու կողմից հաստատված չափով համայնքի բյուջե գանձվող տեղական տուրք է, որի վճարման պարտավորությունը ծագում է ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու պահից, իսկ այդ պարտականությունը չկատարելու իրավական հետևանքը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության կիրառումն է: Ընդ որում, օրենսդիրն ավտոկայանատեղի տուրքի վճարման ձևերը սահմանելու լիազորությունը վերապահել է համայնքի ավագանուն:
«Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի տուրքի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու թիվ 563-Ն որոշման` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 6-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` ընթացիկ տարվա մեկ ժամվա տուրքը վճարվում է հետևյալ կերպ` ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 5 րոպե տեղական տուրք չի վճարվում, իսկ 5 րոպեից ավելի կայանելու համար վճարվում է Երևան քաղաքի ավագանու որոշմամբ մեկ ժամվա համար սահմանված տուրքի դրույքաչափը` յուրաքանչյուր մեկ ժամի համար:
Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի կարգավորումներին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճելի իրավահարաբերության ծագման պահին Երևան քաղաքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումը կարող էր համարվել տեղի ունեցած հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքերում.
1. ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը 5 րոպեից ավելի ժամանակով կայանվել է Երևան քաղաքի համայնքային վճարովի ավտոկայանատեղում,
2. չի վճարվել համայնքի ավագանու կողմից հաստատված չափով տեղական տուրք:
Այլ կերպ ասած` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման դեպքի (զանցանքի) առկայության համար այն դեպքում, երբ համայնքի ավագանու որոշմամբ նախատեսված է համայնքային վճարովի ավտոկայանատեղում որոշակի ժամանակահատված անվճար կայանելու հնարավորություն, անհրաժեշտ է ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը սահմանված անվճար ժամանակահատվածից ավելի ժամանակով համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու և համայնքի ավագանու կողմից հաստատված չափով տեղական տուրք չվճարելու փաստերի միաժամանակյա առկայությունը:
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն` ավտոկայանատեղի տուրքի վճարման նկատմամբ հսկողությունը կարող է իրականացվել անմիջականորեն կամ էլեկտրոնային համակարգերի միջոցով (նկարահանող, ձայնաազդանշանային համակարգեր և այլն):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում և դրա ընդունման պահի դրությամբ գործող օրենքների հիման վրա (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վկայակոչված իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը պետք է որոշի այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում, և նշված ապացույցներից յուրաքանչյուրը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործով բարձրացրած իրավական հարցադրմանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պայմաններում, երբ համայնքի ավագանու որոշմամբ նախատեսված է համայնքային վճարովի ավտոկայանատեղում որոշակի ժամանակահատված անվճար կայանելու հնարավորություն, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման դեպքի առկայության համար անհրաժեշտ` ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը սահմանված անվճար ժամանակահատվածից ավելի ժամանակով համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու փաստը կարող է հաստատվել այնպիսի ապացույցով, որը հնարավորություն կտա պարզելու (ստուգելու) կայանման տևողությունը:
Միաժամանակ նկատի ունենալով այն հանգամանքը, որ իրավակիրառ պրակտիկայում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման դեպքն առավելապես հիմնավորվում է լուսանկարով, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ապացուցման այս միջոցի կիրառման առանձնահատկություններին: Այսպես` Վճռաբեկ դատարանի դիտարկմամբ լուսանկարը տեխնիկական միջոցներով ստացված և նյութական կրիչի վրա պահպանված` օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեցող առարկաների և օպտիկական ազդանշանների` ժամանակի տվյալ պահին ունեցած ստատիկ` անշարժ պատկերի վերարտադրումն է: Այսինքն` լուսանկարը կարող է արձանագրել միայն օբյեկտիվ իրականության` լուսանկարահանման պահին ունեցած տեսքը, ինչը նշանակում է, որ այն չի կարող հիմք հանդիսանալ որևէ գործընթացի տևողությունը հաշվարկելու համար: Հետևաբար ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու տևողությունը լուսանկարներով կարող է հաշվարկվել միայն այն դեպքում, երբ լուսանկարների քանակությունը և դրանց լուսանկարահանման հաճախականությունը հնարավորություն կտան աներկբայորեն փաստելու, որ ավտոմեքենան նշված ժամանակահատվածում անընդմեջ կայանված է եղել վճարովի ավտոկայանատեղում:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միայն ավտոմեքենայի` վճարովի ավտոկայանատեղում կայանված լինելու վերաբերյալ լուսանկարը բավարար չէ ավտոտրանսպորտային միջոցը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու իրավախախտման փաստը հաստատված համարելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու տևողությունը չի կարող հաշվարկվել նաև այնպիսի լուսանկարներով, որոնք կատարվել են այնպիսի ժամանակային միջակայքում, որը չի բացառում տրանսպորտային միջոցը ավտոկայանատեղից հեռանալու և կրկին վերադառնալու հանգամանքը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման դեպքի առկայությունը կարող է հիմնավորվել նաև տեսանյութով: Տեսանյութը տեխնիկական միջոցներով ստացված և նյութական կրիչի վրա պահպանված` օբյեկտիվ իրականության տեսողական ընկալման դինամիկ` շարժուն պատկերի վերարտադրումն է, որը հնարավորություն է տալիս արձանագրելու օբյեկտիվ իրականության (դրա տեսանկարահանվող հատվածի) փոփոխությունը` ժամանակի (տեսանկարահանման տևողության) ընթացքում: Այսինքն, ի տարբերություն լուսանկարի` տեսանյութը հնարավորություն է տալիս հաշվարկելու դրանում վերարտադրված գործընթացի տևողությունը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պայմաններում, երբ համայնքի ավագանու որոշմամբ նախատեսված է համայնքային վճարովի ավտոկայանատեղում որոշակի ժամանակահատված անվճար կայանելու հնարավորություն, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման դեպքի առկայության համար անհրաժեշտ` ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը սահմանված անվճար ժամանակահատվածից ավելի ժամանակով համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու փաստը կարող է հաստատվել տեսանյութով կամ այնպիսի լուսանկարներով, որոնց քանակությունը և դրանց լուսանկարահանման հաճախականությունը հնարավորություն կտան հաշվարկելու անընդմեջ կայանման տևողությունը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տեսանյութն ու լուսանկարները միակ ապացույցները չեն, որոնք կարող են հաստատել տրանսպորտային միջոցի կայանման տևողությունը: Վճռաբեկ դատարանը չի բացառում վճարովի ավտոկայանատեղերն այնպիսի տեխնիկական միջոցներով համալրելու կամ ավտոկայանատեղերն այնպես կազմակերպելու հնարավորությունը, որը թույլ կտա այլ կերպ հաշվառել յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի կայանման տևողությունը:
Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության վարչության պետին հասցեագրված` «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի 31.03.2014 թվականի թիվ ԵԼ-ՓՍ/00141603 գրության համաձայն` «VAZ 21099» մակնիշի «11LL099» համարանիշի տրանսպորտային միջոցը 28.03.2014 թվականին ժամը 14:42-ից մինչև 28.03.2014 թվականի ժամը 15:23-ը կայանվել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի հատված 8-ում գտնվող ավտոկայանման տեղում և չի վճարել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով, ինչպես նաև Երևան քաղաքի ավագանու 25.12.2012 թվականի թիվ 557-Ն որոշմամբ նախատեսված տրանսպորտային միջոցների կայանատեղերի համար սահմանված տեղական տուրքը: Նույն գրությամբ հայտնվել է, որ ուղարկվում են «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից տեսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված իրավախախտման մասին ապացույցներ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկելու համար:
«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի վերը նշված գրության մեջ նկարագրված արարքի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության բնակիչների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետի կողմից 04.04.2014 թվականին կազմվել է թիվ 0025433 արձանագրությունը, որի հիման վրա էլ 16.05.2014 թվականին կայացվել է սույն գործով վիճարկվող թիվ Վ-20/1561 որոշումը:
Դատարան ներկայացված վիճարկման հայցով Գեղամ Սիմոնյանը, ի թիվս այլ փաստարկների, հայտնել է, որ բացակայում է իրավախախտման համար հիմք հանդիսացող այն ապացույցը, որով հնարավոր կլինի պնդել, որ իրեն պատկանող տրանսպորտային միջոցը վեց րոպե տևողությամբ անընդմեջ կայանվել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 8-րդ հատվածում, իսկ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի 31.03.2014 թվականի թիվ ԵԼ-ՓՍ/00141603 գրությամբ և լուսանկարներով այն չի հաստատվում:
Դատարանը, հայցը մերժելով, որևէ կերպ չի անդրադարձել վերը նշված փաստարկին:
Վերաքննիչ դատարանը որպես Գեղամ Սիմոնյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժելու հիմնավորում նշել է. «...իրավախախտման փաստը հաստատվում է գործում առկա «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի 31.03.2014 թվականի թիվ ԵԼ-ՓՍ/00141603 գրությամբ, որը, բացի իրավախախտման դեպքի շարադրանքից, բովանդակում է նաև լուսանկարներ, որոնք պարունակում են տեսանկարահանող սարքի միջոցով ֆիքսված իրավախախտման տարեթիվը և ժամը, այն է` «2014-03-28 14:42:14» և «2014-03-28 15:23:56»»: Նշվածը Վերաքննիչ դատարանը համարել է բավարար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված և սույն վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող իրավախախտումը բողոքաբերի կողմից կատարված լինելու փաստը հաստատված համարելու համար:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը (...) պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավանորմի վերլուծությանը, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչական դատավարությունում առանցքային նշանակություն ունի գործի փաստերն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքը, որը նպատակաուղղված է վարչական արդարադատության առջև դրված առանձնահատուկ խնդիրների լուծմանը և հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության և լուծման միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի կենսագործունեության ապահովմանը: Վարչադատավարական գործընթացում գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրավական ամրագրումը հետապնդում է դատավարությունում ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները վերացնելու նպատակ: Քննարկվող իրավական սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս բացահայտելու գործով օբյեկտիվ ճշմարտությունը և արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը (տե՛ս, Ալվարդ Եղիազարյանն և Տելեմակ Եղիազարյանն ընդդեմ ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների հատկացման հարցերով հանձնաժողովի թիվ ՎԴ/3654/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել նաև գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու դատարանի լիազորության իրացման առանձնահատկությունների վերաբերյալ` ընդգծելով, որ վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացման դատարանի իրավունքը սահմանափակված է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչությունն ընդդեմ «Ջորջ ընդ Բրանդն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/5525/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գործի փաստերն ի պաշտոնե պարզելու գործընթացում դատարանի կողմից ողջամիտ միջոցների ձեռնարկումը չի կարող կրել ձևական բնույթ, այլ նման միջոցների ձեռնարկման դեպքում դատարանը պարտավոր է դրանց կատարման նկատմամբ լինել հետևողական: Իսկ այդպիսի հետևողականության ցուցաբերման անարդյունավետության դեպքում դատարանը պարտավոր է վիճելի մնացած փաստի չապացուցման բացասական հետևանքները դնել այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմի վրա` հաշվի առնելով նաև, որ վարչական դատավարությունում վարչական ակտի համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը կրում է այդ ակտն ընդունած վարչական մարմինը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ «Միքանդ» ՍՊԸ-ի թիվ ՎԴ3/0043/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս`
1) գնահատում է ապացույցները.
2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել.
3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն.
4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է ձեռնարկել համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար, պահանջել, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները, անմիջականորեն գնահատել գործում եղած բոլոր ապացույցները, ապա դրանց հետազոտման և գնահատման միջոցով պարզել նաև գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և այդ պահանջների պահպանման արդյունքում միայն որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցերը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է` դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով: Իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ վիճարկման հայցով գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով վարչական դատարանը պարտավոր է կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար իր նախաձեռնությամբ ձեռնարկել համարժեք միջոցներ, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, պահանջել, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները, ապա դրանց հետազոտման և գնահատման միջոցով պարզել վիճարկվող վարչական ակտի հիմքում ընկած հանգամանքներն ու դրանց ազդեցությունն այդ ակտի իրավաչափության վրա:
Վերոգրյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածներով սահմանված պարտականությունների ոչ պատշաճ կատարումը կարող է հանգեցնել ոչ արդյունավետ դատաքննության իրականացմանը, ինչը գործնականում կբացառի վեճի պատշաճ քննության և ճիշտ լուծման հնարավորությունը, հետևաբար, եթե դատարանը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում վկայակոչված իրավանորմերի պահանջները և իր նախաձեռնությամբ չի ձեռնարկում համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար, չի պահանջում, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները, ապա դրա հետևանքով չի ապահովվում վարչական արդարադատության խնդիրների լուծումը, մասնավորապես` հանրային-իրավական վեճերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ու լուծումը, օրինականության վերականգնումն ու ամրապնդումը:
Սույն գործով վիճարկվող վարչական ակտը կայացնելու համար, ըստ դրանում առկա գրառման, հիմք է ընդունվել տեխնիկական միջոցի օգտագործմամբ ստացված տեսանյութը և 04.04.2014 թվականին կազմված թիվ 0025433 արձանագրությունը, հետևաբար նշված վարչական ակտի իրավաչափությունը որոշելու համար Դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի և 124-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով պարտավոր էր ձեռնարկել համարժեք միջոցներ` գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար, մասնավորապես, պահանջել, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ ապացույց հանդիսացող տեխնիկական միջոցի օգտագործմամբ ստացված տեսանյութը: Մինչդեռ Դատարանը չի կատարել գործի պատշաճ քննությանն ու լուծմանն ուղղված անհրաժեշտ դատավարական գործողությունները, չի պահանջել վարչական ակտը կայացնելու համար հիմք հանդիսացած տեխնիկական միջոցի օգտագործմամբ ստացված տեսանյութը, ինչի արդյունքում հայցվորին վերագրված իրավախախտման փաստը հաստատված է համարել առանց բավարար ապացույցների, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը չի ձեռնարկել որևէ միջոց սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացույցը, այն է` տեխնիկական միջոցի օգտագործմամբ ստացված տեսանյութը ձեռք բերելու ուղղությամբ և Գեղամ Սիմոնյանին վերագրվող խախտումը հաստատված է համարել նշված ապացույցի բացակայության պայմաններում` հիմք ընդունելով միայն գործում առկա երկու լուսանկարները, որոնցով չի հիմնավորվում ավտոմեքենայի` 5 րոպեից ավելի անընդմեջ կայանման փաստը, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.10.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան