Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 343-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 343-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
ՇԴ/0041/01/15
Գործ թիվ   ՇԴ/0041/01/15
Նախագահող դատավոր` Կ. Ղազարյան
                  Դատավորներ` Ս. Չիչոյան
                                               Ա. Դանիելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ս. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Պողոսյանի
Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
Ս. Օհանյանի
 
քարտուղարությամբ Մ. Ավագյանի
մասնակցությամբ`
դատախազ Գ. Գևորգյանի

 

2016 թվականի դեկտեմբերի 23-ին ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Ցոլակ Եղիշի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 4-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2014 թվականի հունիսի 13-ին Լյովա Գրեթելի Ղազարյանը ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի բաժնում հաղորդում է ներկայացրել, որի հիման վրա 2014 թվականի հունիսի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 18111814 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2014 թվականի օգոստոսի 15-ի որոշմամբ Ցոլակ Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով:

2015 թվականի մայիսի 22-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի սեպտեմբերի 16-ի դատավճռով Ց.Հովհաննիսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում արդարացվել է` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

3. Վերոնշյալ դատական ակտի դեմ մեղադրողի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի դեկտեմբերի 4-ի որոշմամբ մերժել է, իսկ բողոքարկված դատական ակտը` թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 4-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել արդարացված Ցոլակ Հովհաննիսյանի պաշտպան Մամիկոն Մուրադյանը` փաստարկելով, որ դատական նիստի ժամանակ Ցոլակ Հովհաննիսյանի կողմից վիրավորական արտահայտությունն արվել է այն բանից հետո, երբ Լյովա Ղազարյանը ցուցմունք տալիս ասել է, որ «Ց.Հովհաննիսյանը ֆանտաստիկ կերպով քիթ մռթի» ընկել է ներքև: Պաշտպանը նշել է, որ ոչ միայն իր պաշտպանյալ Ց.Հովհաննիսյանի պնդմամբ, այլ նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ ոչ թե վայր ընկնելու, այլ Լ.Ղազարյանի հարվածների պատճառով է Ց.Հովհաննիսյանը մարմնական վնասվածք ստացել: Պաշտպանն ընդգծել է, որ ըստ Հայոց լեզվի բարբառային բառարանի` «մռութ» բառը նշանակում է կենդանու բերան: Այսինքն` Լ.Ղազարյանը վիրավորանք է հասցրել Ց.Հովհաննիսյանին` նրան համեմատելով կենդանու հետ, որից հետո դատարանի դահլիճից հնչել է պատասխան վիրավորական արտահայտություն: Վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձը խնդրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը մերժել, իսկ բողոքարկված դատական ակտը` թողնել անփոփոխ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. 2014 թվականի հունիսի 13-ին Լ.Ղազարյանը ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նիստերի դահլիճում` դատաքննության ժամանակ, գործով տուժող Ց.Հովհաննիսյանը բարձրաձայն վիրավորել է իրեն ստորացուցիչ արտահայտությամբ (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 3):

5.1. 2014 թվականի հուլիսի 8-ին քննիչի կողմից կազմված` «Լազերային ձայնասկավառակի պարունակությունը զննելու մասին» արձանագրության համաձայն` «(...) Ձայնագրությունը գրառված է լազերային սկավառակի վրա, բաղկացած էր թվով 40 ֆայլերից: 7-րդ` «05 2014-01-16 17-00-05» համարի ֆայլի տևողությունը 15 րոպե էր: Այնտեղ լսվում են դատավարության մասնակիցների` դատավոր Մ.Սարոյանի, ամբաստանյալ Լյովա Ղազարյանի, վերջինիս պաշտպան Ռ.Մովսիսյանի, պետական մեղադրող Ա.Հովհաննիսյանի, տուժող Ցոլակ Հովհաննիսյանի ձայները: Ֆայլի ձայնագրության լսման ընթացքում, 14:47 րոպեին ամբաստանյալ Լյովա Ղազարյանի ցուցմունք տալու ժամանակ Ցոլակ Հովհաննիսյանը դատավարության մասնակիցների ներկայությամբ, բարձրաձայն ստորացուցիչ արտահայտությամբ վիրավորում է Լյովա Ղազարյանին (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 38):

Ըստ ձայնագրառման փորձաքննության թիվ 14-2041 եզրակացության 1-ին Հավելվածի, որում վերծանվել է մասնավորապես «05 2014-01-16 17-00-05» ֆայլը` լսվել է տղամարդու ձայն «5»` «օձիքի մասից դոշերից հավաքեցի, սենց քաշելով` տո դե, ըսի, ռադտ քաշե գնա էլի, շառդ առ գնա, ես շադ լավ գիդեմ դու ով ես: ՈՒ էդ մոմենտին ինչխոր էս մարդուն վերցնես, ոտքերը հանես օդ ու բաց թողնես: Շադ ընբես, ինչ ըսաձ, ֆանտաստիկ կերբով քիթ մռթի ընգավ ներքև: Էդ ընգնելուց նույնիսկ ես վախեցա, մդաձելով, օր հարուր տոգոս ինչ-որ տռավմա ստացավ»: Դրանից հետո լսվել է տղամարդու ձայն «3»` «ՈՒ գնացիր միլիցա զանգ տվիր, ղախպի տղա» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 138-139):

6. Ց.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Նա (...) 2014 թվականի հունվարի 16-ին, ժամը 12:00-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում, թիվ 22101213 քրեական գործով տեղի ունեցած դատաքննության ժամանակ (...) որպես տուժող մասնակցելով դատաքննությանը, ամբաստանյալ Լյովա Գրեթելի Ղազարյանի կողմից ցուցմունք տալու ընթացքում վերջինիս վիրավորելու միջոցով անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 53-54):

7. Ցոլակ Հովհաննիսյանը 2014 թվականի օգոստոսի 15-ին որպես մեղադրյալ տված իր ցուցմունքում նշել է, որ չի հիշում, որ 2014 թվականի հունվարի 16-ին կայացած դատական նիստի ժամանակ Լյովա Ղազարյանին վիրավորած լինի «ղախպի տղա» արտահայտությամբ, սակայն եթե ասել էլ է, ապա միայն Լյովա Ղազարյանի հասցեին, քանի որ նա է իրեն զայրացնելով հասցրել այդ վիճակին (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 59-60):

8. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է. «Դատավարության մասնակցին վիրավորելը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով միայն այն դեպքում, երբ գործով ձեռք բերված ապացույցներով կհիմնավորվի այդ վիրավորելու հետ միաժամանակ` դիտավորությամբ, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումը:

(...)

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը կարող է կատարվել միայն դիտավորությամբ: Դա նշանակում է, որ մեղավոր անձը ոչ միայն գիտակցում է, որ իր գործողություններով խախտում է դատական նիստի կարգն ու անհարգալից վերաբերմունք դրսևորում դատարանի հանդեպ, այլև ցանկանում է կատարել այդ գործողությունները:

Դատարանն արձանագրում է, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը կատարվում է հենց դատարանի նկատմամբ հանցավորի անհարգալից վերաբերմունքը ցուցադրելու նպատակով:

(...)

Վերոգրյալի հիման վրա դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակցին վիրավորելն ինքնին չի կարող գնահատվել որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, եթե ուղղված է կոնկրետ անձին և չի հետապնդում դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու նպատակ (...):

(...)

Սույն գործով դատարանին չներկայացվեց այնպիսի ապացույցներ, որոնք ուղղակիորեն կհիմնավորեին, որ Ցոլակ Հովհաննիսյանը Լևոն Ղազարյանի հասցեին վիրավորական արտահայտություն կատարելով` ցանկացել է անհարգալից վերաբերմունք դրսևորել դատարանի նկատմամբ, հետևաբար ամբաստանյալի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանցակազմը:

(...)

Եթե դատական նիստի ժամանակ դատավարության մասնակիցը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորում, ապա միակ մարմինը, ով կարող է դրանում առերևույթ հանցագործության տարրեր պարունակող գործողություն կամ անգործություն դիտել, դա վարույթն իրականացնող մարմին` տվյալ գործը քննող դատարանն է, որն էլ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմում է դատախազին: Միևնույն ժամանակ դատարանի պարտավորությունը` քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դատախազին դիմելու վերաբերյալ, միակ հիմքն է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ կետի կարգով` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու հատկանիշներով քրեական գործ հարուցելու համար: Այլ անձինք կամ մարմինները ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանցագործության հատկանիշներով քրեական գործ հարուցելու հաղորդում ներկայացնելու սուբյեկտ չեն հանդիսանում:

(...)

Սույն քրեական գործով, ի թիվս այլոց, բացակայում է նաև Ցոլակ Հովհաննիսյանի արարքում առերևույթ հանցագործության հատկանիշներ դիտարկելու լիազորությամբ օժտված մարմնի` տվյալ գործը քննած դատարանի համապատասխան միջնորդությունը, քանի որ գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ տվյալ քրեական գործի հարուցման հիմք է հանդիսացել ոչ թե դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու փաստով դատարանի միջնորդությունը, այլ պատիվը և արժանապատվությունը վիրավորված ֆիզիկական անձի հաղորդումը: Վերոնշյալ հանգամանքների առկայության պարագայում արարքը, որը թեև առաջին հայացքից կարող է դիտվել որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, սակայն իր մեջ չի պարունակում վերոնշյալ հանցակազմի հատկանիշները, պետք է լուծվի քաղաքացիադատավարական ընթացակարգի շրջանակներում (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 183-190):

9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Դատարանի եզրահանգումները ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 2-րդ մասով մեղսագրվող արարքում ամբաստանյալ Ցոլակ Հովհաննիսյանի անմեղության վերաբերյալ, պատճառաբանված ու հիմնված են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա և արդյունք են իրենց համակցության մեջ` ձեռք բերված ապացույցների մանրազննին ու խորը վերլուծության ու ճիշտ գնահատման:

(...)

Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ սույն գործով արդարացման դատական ակտ կայացնելիս Դատարանի կողմից նյութական և դատավարական նորմերի այնպիսի խախտումներ թույլ չեն տրվել, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, կոնկրետ դեպքում Դատարանն ըստ էության հանգել է վերջնական ճիշտ հետևության, հետևաբար վիճարկվող դատական ակտը պետք է թողնել օրինական ուժի մեջ, իսկ մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժել (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 79-90):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

10. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոքաբերի կարծիքով Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի սեպտեմբերի 16-ի արդարացման դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 4-ի որոշումը օրինական, հիմնավորված և պատճառաբանված չեն, առերևույթ հակասում են Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Ց.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելով, իսկ Վերաքննիչ դատարանը, արդարացման դատավճիռն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ, այն է` քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, քանի որ գործով հետազոտված ապացույցները չեն արտացոլում դատարանների կողմից ամբաստանյալի արարքին տրված քրեաիրավական գնահատականը:

10.1. Բողոքի հեղինակը նշել է, որ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել Ց.Հովհաննիսյանի արարքի ճիշտ որակման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները, հաշվի չի առել վերջինիս դիտավորության ուղղվածությունը: Այսպես` ամբաստանյալ Ց.Հովհաննիսյանի կողմից դատավարությանը մասնակցող անձին վիրավորելու եղանակով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելը հիմնավորվել է տուժող Լ.Ղազարյանի, վկաներ` Մանուկ Հարությունյանի, Անահիտ Ղազարյանի, Հասմիկ Մանուկյանի ցուցմունքներով, դատական նիստի ձայնագրության սկավառակով, ձայնագրառման փորձաքննության թիվ 14-2041 եզրակացությամբ: Ց.Հովհաննիսյանը դատական նիստի ժամանակ Լ.Ղազարյանին վիրավորելուց հետո ոտքի է կանգնել, դատարանի օրինական կարգադրություններին չի ենթարկվել, այնուհետև դատական նիստի դահլիճը լքելու փորձ է կատարել, նիստի ժամանակ դահլիճում քայլել է, և նրա գործողությունները կանխվել են դատական կարգադրիչի միջամտությամբ:

10.2. Բողոք բերած անձն իր անհամաձայնությունն է արտահայտել նաև Առաջին ատյանի դատարանի դատավճռում տեղ գտած այն փաստարկի կապակցությամբ, որ դատական նիստի ժամանակ դատավարության մասնակցի կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում միակ մարմինը, ով կարող է դրանում առերևույթ հանցագործության տարրեր պարունակող արարք դիտել, տվյալ գործը քննող դատարանն է, որն էլ կարող է քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին: Այլ անձինք կամ մարմինները ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանցագործության հատկանիշներով քրեական գործ հարուցելու հաղորդում ներկայացնելու սուբյեկտ չեն հանդիսանում:

Վերոնշյալի կապակցությամբ բողոքաբերն ընդգծել է, որ Առաջին ատյանի դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվող գործերը դասելով մասնավոր հետապնդման քրեական գործերի շարքին և ձևավորելով նշված հոդվածով քրեական գործ հարուցելու համար օրենքով չնախատեսված իմպերատիվ պահանջ, վերապահել է իրեն օրենսդիր մարմնի լիազորություններ և փոփոխություն կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածում:

11. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի սեպտեմբերի 15-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 4-ի որոշումը, ամբաստանյալ Ց.Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ նշանակել համաչափ պատիժ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հանցակազմի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր, ուստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյոք Ց.Հովհաննիսյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշների բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը:

i

14. ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` «Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է դատավարությանը մասնակցող անձանց վիրավորելով`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով»:

15. ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածն ընդգրկված է ՀՀ քրեական օրենսգրքի` «Արդարադատության դեմ ուղղված հանցագործությունները» վերտառությամբ 31-րդ գլխում: ՀՀ քրեական օրենսգրքում հիշյալ գլխի առանձնացումը պայմանավորված է իրավական պետությունում դատարանի և դատական իշխանության հիմնաքարային նշանակությամբ:

Այսպես, դատարանը` որպես արդարադատության երաշխավոր, ում դերը հիմնարար է օրենքի գերակայության վրա հիմնված պետությունում, պետք է վայելի հասարակության վստահությունը (տե՛ս De Haes and Gijsels v. Belgium գործով Եվրոպական դատարանի 1997 թվականի փետրվարի 24-ի վճիռ, գանգատ թիվ 19983/92, կետ 37): «Դատական իշխանության հեղինակություն» հասկացությունն ընդգրկում է, մասնավորապես, այն գաղափարը, որ դատարանները իրավական վեճերի լուծման և անձի մեղավորության ու անմեղության որոշման պատշաճ մարմիններ են և որպես այդպիսին պետք է ընկալվեն հասարակության լայն շրջանակների կողմից, բացի այդ հասարակությունը պետք է հարգանք և վստահություն ունենա նշված գործառույթն իրականացնելու` դատարանի կարողության վրա (տե՛ս Worm v. Austria գործով Եվրոպական դատարանի 1997 թվականի օգոստոսի 29-ի վճիռ, գանգատ թիվ 22714/93, կետ 40):

Ավելին` դատական իշխանության հեղինակությունը սերտորեն կապված է դատարանի անաչառության հետ: Մասնավորապես, դատարանի անաչառության ապահովման էական հանգամանք է այն վստահությունը, որը ժողովրդավարական հասարակությունում պետք է ձևավորվի մեղադրյալների մոտ` քրեական դատավարության շրջանակներում, ինչպես նաև հասարակության մոտ ընդհանրապես (տե՛ս Worm v. Austria գործով վկայակոչված վճիռը, կետ 40, mutatis mutandis, Fey v. Austria գործով Եվրոպական դատարանի 1993 թվականի փետրվարի 24-ի վճիռը, գանգատ թիվ 14396/88 կետ 30):

16. Քննարկվող հանցակազմի հիմնական անմիջական օբյեկտն արդարադատություն իրականացնող մարմնի (այսինքն` դատարանի) նորմալ, բնականոն գործունեությունը, արդարադատության հեղինակությունն ապահովող հասարակական հարաբերություններն են: Որպես հանցագործության լրացուցիչ օբյեկտ հանդես են գալիս դատավարությանը մասնակցող անձանց պատվի և արժանապատվության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունները: Օբյեկտիվ կողմն արտահայտվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքով, որը դրսևորվել է դատավարությանը մասնակցող անձանց վիրավորելով:

i

16.1. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված չէ «վիրավորանք» հասկացության սահմանումը: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Սույն օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է»:

Հիշյալ նորմի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելիս ՀՀ սահմանադրական դատարանը իրավական դիրքորոշումներ է արտահայտել այն մասին, որ. «Միջազգային իրավական պրակտիկայում (...) վիրավորանքը ենթադրում է անձի` դիտավորությամբ, կանխամտածված նվաստացում: (...)

Քննադատությունը, որն ուղղված է անձի գործունեությանը քաղաքականության, բիզնեսի, գիտության, արվեստի կամ այլ հանրային բնագավառներում, ինչպես նաև հանրային պաշտոնի, հասարակական դիրքի առնչությամբ և ակնհայտորեն չի գերազանցում իրավաչափության սահմանները, չի կարող համարվել վիրավորանք վեճի առարկա հոդվածի իմաստով:

Արտահայտությունը չի կարող որպես վիրավորանք որակվել, եթե այն ունի որոշակի փաստական հիմք: Այսինքն, ոչ թե պետք է վիրավորանք համարել գնահատողական դատողությունը, այլ անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունը: Այստեղ կարևոր է նաև «արատավորելու նպատակով» արտահայտության իրավական իմաստի ճիշտ ընկալումը: Տվյալ համատեքստում այն ենթադրում է դիտավորություն, կանխամտածված գործողություն, ոտնձգություն անձի արժանապատվության նկատմամբ: (...)» (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերին և 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով թիվ ՍԴՈ-997 որոշման 7-րդ կետը):

Քննարկվող նորմի մեկնաբանման շրջանակներում անդրադառնալով կոնկրետ արտահայտության` վիրավորանք գնահատելու չափանիշներին` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ.

«(...) 1. արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը (...),

2. արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա: Մասնավորապես` նման նպատակի առկայության մասին կարող է վկայել այնպիսի իրավիճակը, երբ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու մասին: (...)

3. արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձևով (...): Հրապարակային կարող են համարվել առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները և ներկայացված փաստերը: (...)» (տե՛ս Վճռաբեկ դատարանի 2012 թվականի ապրիլի 27-ի` ըստ հայցի Վանո Եղիազարյանի ընդդեմ Բորիս Աշրաֆյանի, երրորդ անձ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի, թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով որոշումը):

Վերը մեջբերված իրավական նորմի և իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի իմաստով վիրավորանքը ենթադրում է դատավարության մասնակցի պատվի, արժանապատվության, գործարար համբավի կանխամտածված նվաստացում, ստորացում, որը կարող է դրսևորվել ամենատարբեր միջոցներով (խոսքով, ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր, պատկերների (նկարներ, տարածական պատկերներ), ձայնի (ինչպես բանավոր խոսքը, այնպես էլ տարբեր հնչերանգների կիրառումը), նշանների միջոցով (ժեստիկուլյացիաներ, սիմվոլներ) և այլն):

i

17. Սուբյեկտիվ կողմից արարքը կատարվում է ուղղակի դիտավորությամբ, մասնավորապես հանցավորը գիտակցում է, որ դատավարությանը մասնակցող անձանց վիրավորելով` անհարգալից վերաբերմունք է դրսևորում դատարանի նկատմամբ և ցանկանում է դա (մեղքի դիտավորյալ ձևի վերաբերյալ մանրամասն տե՛ս Գևորգ Թոսունյանի և մյուսների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի մարտի 30-ի թիվ ՍԴ/0319/01/10 որոշման 14-րդ կետը): Քննարկվող հանցագործության սուբյեկտն ընդհանուր է, այսինքն` 16 տարին լրացած յուրաքանչյուր մեղսունակ ֆիզիկական անձ:

18. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկվող նորմը հանդիսանում է անձի արտահայտվելու ազատության սահմանափակման միջոց, հետևաբար դրա հատկանիշները մեկնաբանելիս անհրաժեշտ է ուղղորդվել հիշյալ սահմանափակման իրավաչափության պայմաններով:

Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն.

«1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: (...)

(...)

3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Կոնվենցիա) 10-րդ հոդվածի համաձայն.

 

«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: (...)

2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»:

Արտահայտվելու ազատության և դրա սահմանափակման իրավաչափության մեկնաբանման վերաբերյալ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն.

ա) արտահայտվելու ազատությունը ժողովրդավարական հասարակության էական հիմքերից և դրա զարգացման ու յուրաքանչյուր անհատի ինքնահաստատման հիմնական պայմաններից է: 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն կիրառելի է ոչ միայն այն «տեղեկատվության» կամ «գաղափարների» նկատմամբ, որոնք ընդունվում են բարեհաճությամբ կամ համարվում են չվիրավորող կամ չեզոք, այլ նաև նրանց, որոնք վիրավորում են, ցնցում կամ անհանգստություն պատճառում: Արտահայտվելու ազատությունը ենթակա է որոշակի սահմանափակումների, որոնք, սակայն, պետք է նեղ մեկնաբանություն ստանան, և ցանկացած սահմանափակման անհրաժեշտություն պետք է համոզիչ կերպով հիմնավորվի,

բ) «անհրաժեշտ» ածականը 10-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով վերաբերում է «անհետաձգելի հասարակական պահանջմունքի» առկայությանը,

գ) իր հսկողական լիազորություններն իրականացնելիս Եվրոպական դատարանը վիճարկվող միջամտությունը պետք է գնահատի ամբողջ գործի, ներառյալ դիմումատուին վերագրվող արտահայտությունների բովանդակության և դրանց համատեքստի հաշվառմամբ: Մասնավորապես, դատարանը պետք է որոշի արդյոք քննարկվող միջամտությունը «համաչափ է հետապնդվող նպատակին» և արդյոք ներպետական մարմինների կողմից ներկայացված և այն արդարացնելուն ուղղված պատճառաբանությունները «վերաբերելի և բավարար» են (տե՛ս Janowski v. Poland գործով Մեծ պալատի 1991 թվականի հունվարի 21-ի վճիռ, գանգատ թիվ 25716/94, կետ 30):

Եվրոպական դատարանն արձանագրել է նաև, որ 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավաչափ նպատակներին համապատասխան քրեական պատասխանատվության սահմանումն ինքնին չի կարող հանգեցնել քննարկվող իրավունքի խախտման, մասնավորապես որոշակի ծանր գործերով, որոնք կարող են գնահատվել որպես համաչափ նպատակ: Միևնույն ժամանակ սահմանափակման համաչափության գնահատումը շատ դեպքերում կախված է այն հանգամանքից, թե արդյոք ներպետական մարմինները կարող էին քրեականից բացի սահմանափակման այլ, օրինակ քաղաքացիական կամ կարգապահական միջոցներ կիրառել (տե՛ս Lehideux and Isorni v. France գործով 1998 թվականի սեպտեմբերի 23-ի վճիռ, գանգատ թիվ 24662/94, կետ 51 և 57, mutatis mutandis, Cumpana and Mazare v. Romania գործով Մեծ պալատի 2004 թվականի դեկտեմբերի 17-ի վճիռ, գանգատ թիվ 33348/96, կետ 115): Այսպիսով, միջամտության համաչափությունը գնահատելիս կիրառված պատիժների բնույթը և խստությունը նույնպես պետք է հաշվի առնվեն (տե՛ս Ceylan v. Turkey գործով Մեծ պալատի 1999 թվականի հուլիսի 8-ի վճիռ, գանգատ թիվ 23556/94, կետ 49):

i

19. Վերջինիս համատեքստում Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված է դատական սանկցիաներ կիրառելու հնարավորություն: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-ին հոդվածի համաձայն`

«1. Դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու կամ դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականություններն անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու, դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում դատարանն իրավունք ունի քրեական դատավարությանը մասնակցող անձանց և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները.

1) նախազգուշացում.

2) նիստերի դահլիճից հեռացնելը.

3) դատական տուգանք.

4) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը:

2. Սանկցիան պետք է համաչափ լինի արարքի ծանրությանը և նպատակ հետապնդի ապահովելու դատարանի գործունեության բնականոն ընթացքը:

(...)

9. Եթե դատարանը գտնում է, որ քրեական դատավարությանը մասնակցող կամ դատական նիստին ներկա գտնվող այլ անձը դատարանի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ապա դատավորը կարող է սույն հոդվածով սահմանված կարգով կարգազանց անձի նկատմամբ կիրառել դատական սանկցիա և պարտավոր է քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին»:

ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նորմի և մեջբերված դատավարական նորմի վերլուծությունից երևում է, որ դրանցով նախատեսված, համապատասխանաբար, քրեական և քրեադատավարական պատասխանատվության նպատակը դատարանի բնականոն գործունեության ապահովումն է, իսկ հիմքը` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումը: Քրեադատավարական պատասխանատվության իմաստով վերջինս կարող է դրսևորվել, ի թիվս այլնի, նիստի կարգը խախտող և համապատասխան հոդվածում չթվարկված գործողություններ կատարելու միջոցով, որպիսին կարող է գնահատվել նաև դատավարության մասնակցին վիրավորելը:

20. Վերոշարադրյալից բխում է, որ դատավարության մասնակցին վիրավորելը, հանդիսանալով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, կարող է առաջացնել ինչպես քրեադատավարական, այնպես էլ քրեական պատասխանատվություն: Սակայն որպեսզի քննարկվող արարքը հանգեցնի քրեական պատասխանատվության, այն պետք է օժտված լինի հանցագործությանը բնորոշ հանրային վտանգավորության աստիճանով: Հակառակ դեպքում, թեև այն ձևականորեն կարող է պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնի, հետևաբար չի կարող համարվել հանցագործություն (ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մաս):

Եվրոպական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակցին վիրավորելը որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում կարող է համապատասխանել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներին այն դեպքում, երբ արարքը կատարվի ուղղակի դիտավորությամբ և հասցված վիրավորանքը համապատասխանի անպարկեշտության հարաբերականորեն բարձր աստիճանի: Վերջինս գնահատելիս` վարույթն իրականացնող մարմինը պետք է հաշվի առնի դատավարության մասնակցին ուղղված վիրավորանքի բովանդակությունը, դրա արտահայտման եղանակը, վիրավորելու դրդապատճառները, անձը բնութագրող տվյալները և հոգեֆիզիոլոգիական վիճակը, դատավարության մասնակցի վարքագիծը, վիրավորանքի հետ մեկտեղ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին վկայող այլ գործողությունների իրականացումը, ինչպես նաև վիրավորանքը հասցնելու իրադրությունը բնութագրող և հարցի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արարքի կատարման իրադրությունը բնութագրող հանգամանքների համակցության պատշաճ գնահատման արդյունքում է հնարավոր որոշել` արդյոք կատարված արարքը համապատասխանում է հանցավոր արարքին բնութագրական հանրային վտանգավորության աստիճանին, արդյունքում` «վերաբերելի և բավարար» հիմնավորումներ ներկայացնել անձի արտահայտվելու ազատության սահմանափակման ամենախիստ միջոցը կիրառելու համար:

21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Լ.Ղազարյանը ոստիկանությունում 2014 թվականի հունիսի 13-ին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նիստերի դահլիճում` դատաքննության ժամանակ, գործով տուժող Ց.Հովհաննիսյանը բարձրաձայն վիրավորել է իրեն ստորացուցիչ արտահայտությամբ (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Ցոլակ Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2014 թվականի հունվարի 16-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դահլիճում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ, որպես տուժող մասնակցելով դատաքննությանը, ամբաստանյալ Լ.Ղազարյանի կողմից ցուցմունք տալու ընթացքում վերջինիս վիրավորելու միջոցով անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Որպես մեղադրյալ տված ցուցմունքում Ց.Հովհաննիսյանը նշել է, որ չի հիշում, որ 2014 թվականի հունվարի 16-ին կայացած դատական նիստի ժամանակ Լյովա Ղազարյանին վիրավորած լինի «ղախպի տղա» արտահայտությամբ, սակայն եթե ասել էլ է, ապա միայն Լյովա Ղազարյանի հասցեին, քանի որ նա է իրեն զայրացնելով հասցրել այդ վիճակին (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Ձայնագրառման փորձաքննության թիվ 14-2041 եզրակացության 1-ին Հավելվածի բովանդակությունից հետևում է, որ Ց.Հովհաննիսյանի կողմից Լ.Ղազարյանի հասցեին վիրավորական արտահայտություն կատարելը նախորդել է վերջինիս կողմից տրված ցուցմունքին առ այն, թե Ց.Հովհաննիսյանը «Շադ ընբես, ինչ ըսաձ, ֆանտաստիկ կերբով քիթ մռթի ընգավ ներքև: Էդ ընգնելուց նույնիսկ ես վախեցա, մդաձելով, օր հարուր տոգոս ինչ-որ տռավմա ստացավ» և եղել է դրան ի պատասխան (տե՛ս սույն որոշման 5.1-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում նշել է, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը կարող է կատարվել միայն դիտավորությամբ, այսինքն` անձը պետք է գիտակցի, որ իր գործողություններով խախտում է դատական նիստի կարգն ու անհարգալից վերաբերմունք դրսևորում դատարանի հանդեպ, և ցանկանա կատարել այդ գործողությունները, ընդ որում, դրանք իրականացնի հենց դատարանի նկատմամբ հանցավորի անհարգալից վերաբերմունքը ցուցադրելու նպատակով: Դատարանն ընդգծել է նաև, որ դատավարության մասնակցին վիրավորելն ինքնին չի կարող գնահատվել որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, եթե ուղղված է կոնկրետ անձին և չի հետապնդում դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու նպատակ: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ սույն գործով դատարանին չեն ներկայացվել այնպիսի ապացույցներ, որոնք ուղղակիորեն կհիմնավորեին, որ Ց.Հովհաննիսյանը, Լ.Ղազարյանի հասցեին վիրավորական արտահայտություն կատարելով, ցանկացել է անհարգալից վերաբերմունք դրսևորել դատարանի նկատմամբ, և Ց.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում արդարացրել է` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 2-րդ և 8-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ Ց.Հովհաննիսյանի անմեղության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները պատճառաբանված ու հիմնավորված են, արդյունքում ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել է, իսկ բողոքարկված դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

22. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները վերլուծելով 14-20-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ց.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը չի պարունակում ամբաստանյալին մեղսագրված այնպիսի փաստեր, որոնք վերաբերում են նրա կողմից կատարված արտահայտության բովանդակությանը, դրա արտահայտման համատեքստին և բնութագրում Ց.Հովհաննիսյանի կողմից կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը, վկայում դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու` անձի մոտ ուղղակի դիտավորության առկայության մասին: Ավելին` գործում առկա և արարքի իրադրությունը բնութագրող փաստական տվյալներով հերքվում են Ց.Հովհաննիսյանի կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու ուղղակի դիտավորության առկայությունը, ինչպես նաև նրան վերագրված արարքի` հանցագործությանը բնորոշ հանրային վտանգավորության աստիճան ունենալու հանգամանքը:

Վերոհիշյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ց.Հովհաննիսյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշների բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը հիմնավոր է:

i

23. Բողոքի` սույն որոշման 10.1-րդ կետում շարադրված այն պնդումների կապակցությամբ, որ Ց.Հովհաննիսյանը ոտքի է կանգնել, դատարանի օրինական կարգադրություններին չի ենթարկվել, այնուհետև դատական նիստի դահլիճը լքելու փորձ է կատարել, նիստի ժամանակ դահլիճում քայլել է` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ գործողությունների կատարում Ց.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի ծավալում ընդգրկված չի եղել, այսինքն` վերջինիս չի մեղսագրվել: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավադրույթը, ինչպես նաև դրա վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորած իրավական դիրքորոշումները (տե՛ս, մասնավորապես, Արկադի Պապյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ՏԴ/0115/01/09 որոշումը), արձանագրում է, որ ինչպես ստորադաս դատարանները, այնպես էլ Վճռաբեկ դատարանն իրավասու չեն դրանք գնահատման ենթարկել:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը համաձայնում է բողոքաբերի այն փաստարկին, որ Առաջին ատյանի դատարանը դատավճռում սխալ հետևության է հանգել առ այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով միայն դատարանը կարող է քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու առիթի նման մեկնաբանությունը հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի պահանջներին, այն պայմաններում, երբ նույն օրենսգրքով, քննարկվող հանցակազմի մասով որևէ հատուկ կարգավորում նախատեսված չէ: Մասնավորապես, նշված հոդվածը սպառիչ կերպով թվարկում է քրեական գործ հարուցելու առիթները, իսկ նույն օրենսգրքի 175-րդ հոդվածը քրեական գործ հարուցելու հիմքերի և առիթների առկայության դեպքում պարտավորեցնում է դատախազին, քննիչին, հետաքննության մարմնին իրենց իրավասության շրջանակներում հարուցել քրեական գործ:

24. Ամփոփելով վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև ստորադաս դատարանները թույլ են տվել քրեադատավարական օրենքի խախտում, մասնավորապես սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածը, սակայն այն չի ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: Այսպիսով` ստորադաս դատարանները կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր, ուստի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 4-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Արդարացված Ցոլակ Եղիշի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 4-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան
Դատավորներ` Ա. Պողոսյան
Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ս. Օհանյան

 

pin
Վճռաբեկ դատարան
23.12.2016
N ՇԴ/0041/01/15
Որոշում