Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ, 369-Ր...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ, 369-ՐԴ, 372-ՐԴ, 43 ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ
քաղաքացիական դադատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ
ԵԿԴ/2680/02/15             2017թ.
Քաղաքացիական գործ թիվ   ԵԿԴ/2680/02/15

Նախագահող դատավոր`  Ա.Հունանյան
                    Դատավորներ`  Կ.Հակոբյան
                                                   Լ.Գրիգորյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Ավանեսյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
  Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

 

2017 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Մարիամ Ղուլյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.07.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության ընդդեմ Արայիկ, Արմեն և Սուրեն Մելքումյանների (այսուհետ` Համապատասխանողներ)` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Համապատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել 9.165.322,9 ՀՀ դրամ` որպես վարկի մնացորդ, 336.716,7 ՀՀ դրամ` որպես տրամադրված վարկի մնացորդի նկատմամբ հաշվարկված տոկոս, սկսած 19.11.2015 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը հաշվեգրել և բռնագանձել վարկային պայմանագրի 2.3 կետով սահմանված տոկոսները, 469.499,5 ՀՀ դրամ` որպես տրամադրված վարկի ժամկետանց գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսագումար, սկսած 17.11.2015 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման` ժամկետանց վարկի գումարի փաստացի վճարման օրը, հաշվեգրել և բռնագանձել վարկային պայմանագրի 2.4 կետով սահմանված տոկոսները, 1.072.248,4 ՀՀ դրամ` որպես տրամադրված վարկի ժամկետանց մասի նկատմամբ հաշվարկված տույժ, սկսած 13.06.2015 թվականից մինչև ժամկետանց վարկի փաստացի վճարման օրը հաշվեգրել և բռնագանձել վարկային պայմանագրի 5.3 կետով հաշվեգրվող տույժը, 1.193.781,5 ՀՀ դրամ` որպես ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ հաշվարկված տույժ, ինչպես նաև սկսած 13.06.2015 թվականից մինչև ժամկետանց տոկոսների փաստացի վճարման օրը հաշվեգրել և բռնագանձել վարկային պայմանագրի 5.3 կետով հաշվեգրվող տույժը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Վարդազարյան) (այսուհետ` Դատարան) 08.02.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Համապատասխանողներից համապարտության կարգով հօգուտ Ընկերության բռնագանձել 9.165.322,9 ՀՀ դրամ` որպես վարկի մնացորդ, 336.716,70 ՀՀ դրամ` որպես հաշվարկված տոկոսագումար, 469.499,5 ՀՀ դրամ` որպես հաշվարկված ժամկետանց գումարի տոկոսագումար, 1.072.248,4 ՀՀ դրամ` որպես ժամկետանց գումարի տույժ, 1.193.781,5 ՀՀ դրամ` որպես ժամկետանց տոկոսի տույժ, 19.11.2015 թվականից սկսած մինչև պարտավորության փաստացի կատարման օրը հաշվեգրել և Համապատասխանողներից համապարտության կարգով հօգուտ Ընկերության բռնագանձել վարկային պայմանագրի 2.3 կետով սահմանված տոկոսները, 17.11.2015 թվականից սկսած մինչև պարտավորության փաստացի կատարման` ժամկետանց վարկի գումարի փաստացի վճարման օրը հաշվեգրել և բռնագանձել վարկային պայմանագրի 2.4 կետով սահմանված տոկոսները, 13.06.2015 թվականից սկսած մինչև ժամկետանց վարկի փաստացի վճարման օրը հաշվեգրել և բռնագանձել վարկային պայմանագրի 5.3 կետով հաշվեգրվող տույժը, 13.06.2015 թվականից սկսած մինչև ժամկետանց տոկոսների փաստացի վճարման օրը հաշվեգրել և բռնագանձել վարկային պայմանագրի 5.3 կետով հաշվեգրվող տույժը, ինչպես նաև բռնագանձել 200.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար. մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.07.2016 թվականի որոշմամբ Արմեն Մելքումյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 08.02.2016 թվականի վճիռը` «ժամկետանց տոկոսագումարի` 469.499,5 ՀՀ դրամի դիմաց հաշվարկված տուժանքի գումարը` 1.193.781,5 ՀՀ դրամը, բռնագանձելու պահանջը բավարարելու մասով», բեկանվել է, և գործն այդ մասով ուղարկվել է նույն դատարան` նոր քննության. վճիռը` մնացած մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ, 369-րդ, 372-րդ, 437-րդ, 447-րդ և 887-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 208-րդ և 220-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Արմեն Մելքումյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը ենթակա չէր քննության, քանի որ վերջինս Դատարանում երբևիցե չի ներկայացել նշանակված դատական նիստերին, չի ներկայացրել հայցադիմումի պատասխան, ինչպես նաև որևէ հարցի, այդ թվում` տուժանքի գումարն ակնհայտորեն անհամաչափ լինելու կապակցությամբ գրավոր կամ բանավոր դիրքորոշում չի հայտնել, իսկ վերաքննիչ բողոքում էլ չի հիմնավորել, որ զրկված է եղել Դատարանում իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները:

Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ պայմանագրով նախատեսված և Ընկերության կողմից պահանջվող գումարի չափն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին, չի նշել այդ հետևությունը հիմնավորող որևէ հանգամանք, ինչպես նաև չի անդրադարձել տուժանքի անհամաչափության ակնհայտության վավերապայմանին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.07.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 08.02.2016 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերության և Արայիկ Մելքումյանի միջև 30.10.2013 թվականին կնքված վարկային պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 2.4 կետի համաձայն` Պայմանագրով սահմանված ժամկետում վարկը չմարելու դեպքում ժամկետանց վարկի օգտագործման համար Արայիկ Մելքումյանը պարտավորվել է վարկի մնացորդի նկատմամբ վճարել տոկոսներ` տարեկան 24 տոկոս դրույքաչափով (հատոր 1-ին, գ.թ. 16-18).

2) Պայմանագրի 5.3 կետի համաձայն` վարկը կամ դրա մասը, ինչպես նաև տոկոսները սահմանված ժամկետում չմարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար Արայիկ Մելքումյանը պարտավորվել է վճարել տույժ` ժամկետանց գումարի 1/300 մասի չափով (հատոր 1-ին, գ.թ. 16-18).

3) Ընկերության (պարտատեր), Արայիկ Մելքումյանի (պարտապան) և Արմեն Մելքումյանի (երաշխավոր) միջև կնքված 31.10.2013 թվականի թիվ 19813բԱԳՍ երաշխավորության պայմանագրի համաձայն` երաշխավոր Արմեն Մելքումյանը, ի ապահովումն 31.10.2013 թվականի վարկային պայմանագրի, պարտավորվել է պատասխանատվություն կրել պարտատիրոջ առջև նույն ծավալով, ինչ պարտապանը (հատոր 1-ին, գ.թ. 20-21).

4) Արմեն Մելքումյանը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել, հրավիրված նախնական դատական նիստին և նշանակված դատաքննություններին չի ներկայացել, սակայն դիմում է ներկայացրել Դատարան գործի քննությունը հետաձգելու մասին` հնարավորություն տալով ամբողջությամբ կատարելու ստանձնած պարտավորությունները (հատոր 1-ին, գ.թ. 55-59, 72-75, 77, 97-100, 106-109).

5) Արմեն Մելքումյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 08.02.2016 թվականի վճռի դեմ` բողոքում որպես Դատարանի կողմից թույլ տրված նյութական իրավունքի խախտում նշելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածը, իսկ որպես հիմնավորում նշել է, որ Դատարանը գնահատման առարկա չի դարձրել այն հարցը, թե որքանով է պայմանագրով նախատեսված տուժանքը համաչափ պարտավորության խախտման հետևանքներին: Վերաքննիչ բողոքը որևէ փաստարկ չի պարունակում այդ հիմքի վերաբերյալ Դատարանում դիրքորոշում հայտնելու հնարավորությունից զրկված լինելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 8-12):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածը կիրառելու վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին`

1) արդյո՞ք դատարանն իրավասու է իր նախաձեռնությամբ պակասեցնել տուժանքը,

2) արդյո՞ք վերաքննիչ դատարանն իրավասու է անդրադառնալ և քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքի այն փաստարկը, որն առաջին ատյանի դատարանում քննության առարկա չի դարձվել:

1) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` տուժանք (տուգանք, տույժ) է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը` պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում` ներառյալ կատարման կետանցի դեպքում: Տուժանք վճարելու պահանջով պարտատերը պարտավոր չէ ապացուցել, որ իրեն վնաս է պատճառվել:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի համաձայն` եթե վճարման ենթակա տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին, դատարանն իրավունք ունի պակասեցնել այն:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վկայակոչված նորմերի իրավական վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ տուժանքը պարտավորությունների կատարումն ապահովող երաշխիք է: Այն նպատակաուղղված է ապահովելու պարտապանի կողմից պարտավորության կատարումը, իսկ դրա չկատարման կամ անպատշաճ կատարման դեպքում նրա համար նախատեսել գույքային անբարենպաստ հետևանքներ` դրամական պատասխանատվություն, իսկ դատարանը կոչված է ապահովելու սահմանված տուժանքի չափի և պարտավորության խախտման հետևանքների ողջամիտ հարաբերակցությունը: Տուժանքը պակասեցնելու դատարանի իրավունքը կոչված է կանխելու անձի կողմից իր քաղաքացիական իրավունքների իրականացման չարաշահումը (տե՛ս, «Թամամ» արտադրական կոոպերատիվն ընդդեմ «ԱՍ-ԿԱ» ՍՊԸ-ի թիվ 3-27(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ չսահմանափակելով պայմանագրերով նախատեսվող տուժանքի գումարի չափը` օրենսդիրը միևնույն ժամանակ իրավունք է վերապահել դատարաններին որոշելու հիմնական պարտավորությանը համաչափ տուժանքի սահմանները` ապահովելով սահմանված տուժանքի չափի և պարտավորության խախտման հետևանքների ողջամիտ հարաբերակցությունը: Դատարաններին վերապահված նման իրավունքն իրավական այն միջոցներից մեկն է, որոնք ուղղված են անձի կողմից իր քաղաքացիական իրավունքների իրականացման չարաշահումը կանխելուն, ինչն իր հերթին համահունչ է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածով նախատեսված` իրավունքի որևէ ձևով չարաշահելու արգելքին: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է նաև, որ տուժանքի չափի նվազեցումը չի կարող նշանակել տուժանքի վճարումից ընդհանրապես ազատում կամ այնպիսի չափով նվազեցում, որը կիմաստազրկի տուժանքի ինստիտուտը և չի ծառայի իր նպատակին (պարտավորությունների կատարման երաշխիք) (տե՛ս, Երևանի քաղաքապետարանի «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն ընդդեմ «ԱՐՄԻՆԿՈ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0930/02/13 քաղաքացիական գործով 18.07.2014 թվականի որոշումը):

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սահմանված տուժանքի չափի և պարտավորության խախտման հետևանքների միջև հավասարակշռության կամ ողջամիտ հարաբերակցության ապահովման նպատակով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածով սահմանված դրույթը կիրառելու դատարանի լիազորությունն անմիջականորեն պայմանավորված է բացառապես առաջին ատյանի դատարանում պատասխանողի (պարտապանի) կողմից վճարման ենթակա տուժանքը պարտավորության խախտման հետևանքներին ակնհայտորեն անհամաչափ լինելու վերաբերյալ դիրքորոշում հայտնելու կամ համապատասխան միջնորդություն կամ դիմում ներկայացնելու հետ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը կամ արբիտրաժային տրիբունալը (այսուհետ` դատարան):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերին համապատասխան` քաղաքացիական դատավարության հիմնարար սկզբունքների կիրառմամբ: Ընդ որում` գործին մասնակցող անձինք իրենք են ընտրում իրենց իրավունքների պաշտպանության եղանակները, որոշում դրանց իրականացման ձևերը և միջոցները:

Կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներով պայմանավորված` դատարանը հանդես է գալիս միայն որպես վեճը լուծող մարմին և կաշկանդված է որոշակի դատավարական գործողություններ սեփական հայեցողությամբ իրականացնելու արգելքով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում նշել է, որ այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավունքը բացարձակ բնույթ չի կրում, և դրա իրականացման նպատակահարմարության հարցն անհրաժեշտ է որոշել` ելնելով դատավարության մրցակցության և կողմերի իրավահավասարության դատավարական սկզբունքների էությունից (տե՛ս, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ «Չապ» ՍՊԸ-ի թիվ 0351/02/08-(ՇԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, վերը նշված դիրքորոշումների համատեքստում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածը նաև մեկնաբանելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ, գտնում է, որ եթե պատասխանողը (պարտապանը) որպես իր իրավունքների պաշտպանության եղանակ չի ընտրել տուժանքը պակասեցնելու մասին դիրքորոշմամբ հանդես գալը, ապա դատարանը` որպես վեճը լուծող մարմին, ելնելով դատավարության մրցակցության և կողմերի իրավահավասարության դատավարական սկզբունքների էությունից, կաշկանդված է պաշտպանության այդ եղանակով և սեփական հայեցողությամբ տուժանքը պակասեցնելու իր իրավունքը չի կարող իրականացնել: Այսինքն` նման պայմաններում դատարանի այդ հայեցողությունը բացարձակ չէ: Հակառակ դեպքում, եթե դատարանը, առանց պատասխանողի (պարտապանի) միջնորդության, իր հայեցողությամբ է պակասեցնում տուժանքի չափը, ապա, ըստ էության, իրացնում է դատավարության մասնակցի` իր հայեցողությամբ իր իրավունքների պաշտպանության եղանակներն ընտրելու, դրանց իրականացման ձևերն ու միջոցները որոշելու սուբյեկտիվ իրավունքը, որի արդյունքում կարող է առաջանալ կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների խախտման վտանգ: Ավելին, եթե դատարանը, առանց պատասխանողի (պարտապանի) միջնորդության, իր հայեցողությամբ է պակասեցնում տուժանքի չափը, ըստ էության, զրկում է հայցվոր կողմին` սահմանված տուժանքի չափի և պարտավորության խախտման հետևանքների միջև հավասարակշռության կամ ողջամիտ հարաբերակցության վերաբերյալ փաստարկներ և դրանք հիմնավորող ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից, որի արդյունքում ևս կարող է առաջանալ կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների խախտման վտանգ: Վճռաբեկ դատարանի վերը նշված եզրահանգումը բխում է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (այսուհետ` Կոնվենցիա) երաշխավորված յուրաքանչյուրի` արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) իրավական դիրքորոշումներից: Մասնավորապես Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որ յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 38):

Ամփոփելով վերը շարադրված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածով սահմանված լիազորության կիրառման հարցին պետք է անդրադառնա միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձն է հայցադիմումի պատասխանով, դիմումով, իր առարկություններով կամ միջնորդությամբ հայցում տուժանքի չափի պակասեցում (տե՛ս, նաև թիվ ԵԿԴ/0930/02/13 և թիվ ԵՄԴ/0492/02/14 քաղաքացիական գործերի փաստական հանգամանքներն ու նշված գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխանաբար 18.07.2014 թվականի և 27.11.2015 թվականի որոշումների իրավական հիմնավորումները):

2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշում պարունակի նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտման մասին, որը ազդել է գործի ելքի վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքը (կամ դրա մասը) ենթակա է քննության, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերած անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով նշված հոդվածները, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը, գործին մասնակցող անձանց վերապահելով առաջին ատյանի դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունք, միաժամանակ սահմանել է, որ վերաքննիչ բողոքը ենթակա չէ քննության, եթե բողոք բերած անձը բողոքում արտահայտած իր դիրքորոշման մասին չի հայտնել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Ընդ որում, բացառություն է դիտել այն դեպքը, երբ բողոք բերած անձի համար անհնարին է եղել հայտնել վերաքննիչ բողոքում բերած դիրքորոշումը (տե՛ս, Նիկոլա Աբրահամյանն ընդդեմ Վարդուհի Մինասյանի թիվ ԱՐԱԴ/0313/02/09 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում առաջին ատյանի դատական ակտը վերանայելիս հայտնաբերվում է, որ կողմը վերաքննիչ բողոքում նշված փաստարկի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում որևէ դիրքորոշում չի հայտնել և չի փաստարկել դրա չհայտնելու անհնարինությունը, ապա վերաքննիչ դատարանն իրավասու չէ քննության առնելու նշված փաստարկի վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքը և հիմնավորումը:

Նման սահմանափակումը պայմանավորված է ոչ լրիվ վերաքննության ինստիտուտի առաձնահատկություններով: Մասնավորապես` ոչ լրիվ վերաքննության պարագայում վերաքննիչ դատարանը վերանայում է առաջին ատյանի դատական ակտը, այլ ոչ թե` գործն ընդհանրապես: Ըստ այդմ էլ, եթե ստորադաս դատարանը որևէ պահանջով վերջնական եզրահանգում չի կատարել, կամ կողմը վերաքննիչ բողոքում նշված փաստարկի վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել առաջին ատյանի դատարանում, ապա վերաքննության օբյեկտը բացակայում է:

Վերը նշված դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն` վերաքննիչ բողոք ներկայացրած անձ Արմեն Մելքումյանը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել, հրավիրված նախնական դատական նիստին և նշանակված դատաքննություններին չի ներկայացել: Վերջինիս կողմից Դատարանին դիմում է ներկայացվել գործի քննությունը հետաձգելու մասին` հնարավորություն տալով ամբողջությամբ կատարելու ստանձնած պարտավորությունները:

Հետագայում Արմեն Մելքումյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 08.02.2016 թվականի վճռի դեմ` բողոքում որպես Դատարանի կողմից թույլ տրված նյութական իրավունքի խախտում նշելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածը, իսկ որպես հիմնավորում նշել է, որ Դատարանը գնահատման առարկա չի դարձրել այն հարցը, թե որքանով է պայմանագրով նախատեսված տուժանքը համաչափ պարտավորության խախտման հետևանքներին: Վերաքննիչ բողոքը չի պարունակում այդ հիմքի վերաբերյալ Դատարանում դիրքորոշում հայտնելու հնարավորությունից զրկված լինելու մասին որևէ փաստարկ:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը քննելով այդ հիմքով, և պատճառաբանելով, որ «եթե սույն գործով վճարման ենթակա տուժանքը ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին, ապա Դատարանը պարտավոր էր գնահատման առարկա դարձնել այդ հանգամանքը` անկախ նրանից, թե կողմը մասնակցել է դատական նիստին, գործի քննության ընթացքում հայտնել է իր դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ, թե ոչ», «սույն քաղաքացիական գործով կիրառման ենթակա իրավական նորմը Դատարանի կողմից չկիրառելը դիտվում է որպես նյութական իրավունքի նորմի խախտում, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետը չի կարող խոչընդոտ հանդիսանալ Վերաքննիչ դատարանի համար թույլ տրված դատական սխալը արձանագրելու և օրենքով սահմանված կարգով համապատասխան եզրակացության հանգելու համար», Արմեն Մելքումյանի վերաքննիչ բողոքը բավարարել է` Դատարանի 08.02.2016 թվականի վճիռը` «ժամկետանց տոկոսագումարի` 469.499,5 ՀՀ դրամի դիմաց հաշվարկված տուժանքի գումարը` 1.193.781,5 ՀՀ դրամը, բռնագանձելու պահանջը բավարարելու մասով», բեկանել է և գործն այդ մասով ուղարկել է նույն դատարան` նոր քննության:

Վերը նշվածը հաշվի առնելով և դրանք համադրելով սույն որոշման իրավական դիրքորոշումների հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արմեն Մելքումյանը տուժանքը պարտավորության խախտման հետևանքներին ակնհայտորեն անհամաչափ լինելու վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում, որպիսի պայմաններում Դատարանը որևէ պարտականություն չուներ իր նախաձեռնությամբ, առանց պարտապանի կողմից այդ մասին որևէ դիրքորոշում հայտնելու կամ միջնորդություն կամ դիմում ներկայացնելու, կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածով իրեն վերապահված լիազորությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ «եթե սույն գործով վճարման ենթակա տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին, ապա Դատարանը պարտավոր էր գնահատման առարկա դարձնել այդ հանգամանքը` անկախ նրանից, թե կողմը մասնակցել է դատական նիստին, գործի քննության ընթացքում հայտնել է իր դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ, թե ոչ»:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բողոք բերած անձ Արմեն Մելքումյանը վերաքննիչ բողոքում իր արտահայտած վերը նշված դիրքորոշման մասին չի հայտնել ինչպես Դատարանում գործի քննության ժամանակ, այնպես էլ վերաքննիչ բողոքում չի նշել դրա վերաբերյալ Դատարանում դիրքորոշում հայտնելու հնարավորությունից զրկված լինելու մասին, որպիսի պայմաններում բացակայել են վերաքննիչ բողոքն այդ հիմքով քննելու համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված միաժամանակյա անհրաժեշտ երկու պայմանները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, և օրինական ուժ է տրվում Դատարանի վճռին, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետը, գտնում է, որ Արմեն Մելքումյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 35.813 ՀՀ դրամ (1.193.781 *3%)` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.05.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար: Միաժամանակ Արմեն Մելքումյանից հօգուտ Ընկերության ենթակա է բռնագանձման 35.813 ՀՀ դրամ (1.193.781 *3%)` որպես Ընկերության կողմից վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.07.2016 թվականի որոշման` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.02.2016 թվականի վճիռը ժամկետանց տոկոսագումարի` 469.499,5 ՀՀ դրամի դիմաց հաշվարկած տուժանքի գումարը` 1.193.781,5 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջը բավարարելու և այդ մասով գործը նոր քննության ուղարկելու մասը և այդ մասով օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.02.2016 թվականի վճռին:

2. Արմեն Մելքումյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 35.813 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.05.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Արմեն Մելքումյանից հօգուտ «Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի բռնագանձել 35.813 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Վ. Ավանեսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
  Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2017
N ԵԿԴ/2680/02/15
Որոշում