i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2333/02/15 2017թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2333/02/15 |
|
Նախագահող դատավոր` Ս.Միքայելյան Դատավորներ` Գ.Խանդանյան Հ.Ենոքյան |
|
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե.Խունդկարյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Տ.Պետրոսյանի |
|
Ս.Անտոնյանի |
|
Վ.Ավանեսյանի |
|
Ա.Բարսեղյանի |
|
Մ.Դրմեյանի |
|
Գ.Հակոբյանի |
|
Ռ.Հակոբյանի |
|
Ե.Սողոմոնյանի |
|
Ն.Տավարացյանի |
2017 թվականի ապրիլի 07-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գևորգ Ասատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.07.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գևորգ Ասատրյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Գևորգ Ասատրյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը «Պորշ CAYENNE V-8-4.5L» մակնիշի WP1ZZZ9PZ3LA80627 նույնացման համարով ավտոմեքենայի նկատմամբ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 31.03.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.07.2016 թվականի որոշմամբ Գևորգ Ասատրյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 31.03.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գևորգ Ասատրյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ և 507-րդ հոդվածները, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, որի հետևանքով անտեսել է, որ «Պորշ CAYENNE V-8-4.5L» մակնիշի WP1ZZZ9PZ3LA80627 նույնացման համարով ավտոմեքենան Գևորգ Ասատրյանը գնել է 2004 թվականին և 18.10.2004 թվականին այդ ավտոմեքենայի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ստացել է տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիր, որը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 15-րդ մասի իմաստով սեփականության իրավունքը հավաստող ապացույց է:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ՀՀ ոստիկանության կողմից 29.07.2008 թվականին կազմված տեղեկանքով հաստատվում է այն փաստը, որ վիճելի ավտոմեքենան 2004 թվականի օգոստոսին 50.000 ԱՄՆ դոլարով Գևորգ Ասատրյանը գնել է Վաչագան Գաբրիելյանից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.07.2016 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Գևորգ Ասատրյանը 2004 թվականի օգոստոսին Վաչագան Գաբրիելյանից 50.000 ԱՄՆ դոլարով գնել է «Պորշ CAYENNE V-8-4.5L» մակնիշի WP1ZZZ9PZ3LA80627 նույնացման համարով ավտոմեքենան (գ.թ. 8).
2) 18.10.2004 թվականին Գևորգ Ասատրյանին «Պորշ CAYENNE V-8-4.5L» մակնիշի 77 OO 010 հաշվառման համարանիշի WP1ZZZ9PZ3LA80627 նույնացման համարով 2003 թվականի արտադրության ավտոմեքենայի նկատմամբ տրվել է տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ SC024458 վկայագիրը (գ.թ. 6).
3) 28.03.2007 թվականին ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից տեղեկություն է ստացվել ՀՀ ոստիկանություն այն մասին, որ նշված ավտոմեքենան 20.12.2004 թվականին առևանգվել է Գերմանիայում և 19.12.2006 թվականից գտնվում է միջազգային հետախուզման մեջ (գ.թ. 8).
4) ՀՀ ոստիկանության 08.05.2012 թվականի «Տրանսպորտային միջոցի պետական գրանցման գործողության կատարումը մերժելու մասին» որոշմամբ մերժվել է այդ տրանսպորտային միջոցը հաշվառելու մասին Գևորգ Ասատրյանի դիմումը` ավտոմեքենան Գերմանիայում առևանգված լինելու պատճառաբանությամբ (գ.թ. 9):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ և 507-րդ հոդվածները, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ պետական լիազոր մարմնի կողմից մինչև 16.10.2010 թվականը տրամադրած տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի հիման վրա տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման խնդրին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրով գույքը ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է գույքը հանձնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե օրենքին համապատասխան, պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է նաև հանձնել գույք, պայմանագիրը կնքված է համարվում համապատասխան գույքը հանձնելու պահից (հոդված 177):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գնորդը դառնում է ապրանքի սեփականատեր ապրանքի համար վճարելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը պայմանագրի հիման վրա սեփականության իրավունքի ծագումը պայմանավորել է գույքը հանձնելու պահով, բացառությամբ այն դեպքերի, երբ այլ բան է նախատեսված օրենքով կամ պայմանագրով, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման: Նման բացառություն օրենսդիրը նախատեսել է առուվաճառքի իրավահարաբերություններում` ամրագրելով, որ գնորդն իրեն հանձնված ապրանքի սեփականատեր է դառնում դրա համար վճարելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Այդպիսի բացառություն են նաև գույքի առանձին տեսակների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման դեպքերը:
Սույն գործով Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ վիճելի իրավահարաբերության օբյեկտը տրանսպորտային միջոց է, հարկ է համարում անդրադառնալ տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրով դրա նկատմամբ սեփականության ծագման հարցին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը Գրիգոր Խաչատրյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ 2 հաշվառման քննական ստորաբաժանման և մյուսների թիվ ԵԷԴ/0231/02/11 քաղաքացիական գործով 27.12.2011 թվականի որոշմամբ արձանագրել է, որ մինչ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 07.04.2010 թվականի թիվ ՀՕ-36-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը տրանսպորտային միջոցների հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքի գրանցման պարտադիր պայման նախատեսված չի եղել: Այդ պահանջը և այն չպահպանելու հետևանքները նախատեսվել են միայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 07.04.2010 թվականի թիվ ՀՕ-36-Ն ՀՀ օրենքով, որն ուժի մեջ է մտել 01.07.2010 թվականին: Մասնավորապես, նշված օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի ներքոհիշյալ մասերը շարադրվել են հետևյալ խմբագրությամբ.
1. Տրանսպորտային միջոցների սեփականության, գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքները ենթակա են պետական գրանցման: Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը ծագում է (պետությունը ճանաչում է) պետական գրանցման պահից:
5. Տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության, գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության (նման գործարքն առոչինչ է), բացառությամբ այլ երկրներում տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով ծագած սեփականության իրավունքի, որի գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված` կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին):
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե պայմանագիրը կնքելուց հետո ընդունվել է օրենք, որը սահմանում է կողմերի համար պարտադիր այլ կանոններ, քան պայմանագիրը կնքելիս գործող կանոնները, ապա կնքված պայմանագրի պայմանները պահպանում են իրենց ուժը, բացի այն դեպքերից, երբ օրենքում սահմանված է, որ դրա գործողությունը տարածվում է նախկինում կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա:
Տվյալ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ պայմանագիրը կնքելուց հետո նոր օրենք ընդունվելու դեպքում կնքված պայմանագրի պայմանները պահպանում են իրենց ուժը, եթե ընդունված օրենքում ամրագրված չէ կողմերի համար սահմանված պարտադիր այլ կանոնների անմիջական կիրառումը նախկինում կնքված պայմանագրերի նկատմամբ:
Այսպիսով, օրենսդրի կողմից ըստ էության ամրագրվել է այն մոտեցումը, որ նախկինում կնքված պայմանագիրն իր պայմաններով գերակա է նոր ընդունված այն օրենքի նկատմամբ, որը սահմանում է կողմերի համար պարտադիր այլ կանոններ: Դա իր հերթին որոշակի երաշխիք է ստեղծում պայմանագրի կողմերի համար և բացառում նրանց կամքից անկախ` նոր ընդունված օրենքով պայմանագրի պայմանների փոփոխումը, որոնք գործել են պայմանագիրը կնքելու պահին, և որոնց պահպանումը պարտադիր էր պայմանագիրը կնքող կողմերի համար:
i
Միաժամանակ ընդհանուր կանոնից օրենսդիրը բացառություն է սահմանել այն դեպքը, երբ օրենքում ուղղակիորեն սահմանված է դրա գործողության տարածումը նախկինում կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա (տե՛ս, Մարիետա Ղուկասյանն ընդդեմ Նորայր Վարդանյանի թիվ ԵՔԴ/0318/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
Տվյալ դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 07.04.2010 թվականի թիվ ՀՕ-36-Ն ՀՀ օրենքում սահմանված չէ, որ դրա գործողությունը տարածվում է նախկինում կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա:
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ վեճեր քննելիս դատարանները պետք է պարզեն`
1. տրանսպորտային միջոցի օտարման գործարքը կնքվել է մինչ վկայակոչված օրենսդրական փոփոխությունը, թե դրանից հետո, ըստ այդմ`
2. եթե գործարքը կնքվել է մինչ օրենսդրական փոփոխությունը, ապա պայմանագրի գինը վճարված է, թե` ոչ,
3. եթե գործարքը կնքվել է օրենսդրական փոփոխությունից հետո, գործարքից ծագող իրավունքը պետական գրանցման ենթարկվել է, թե` ոչ:
i
Միայն նշված փաստերը պարզելուց հետո դատարանները կարող են հետևություն անել տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ (տե՛ս,»Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» իրավաբանական անձանց միության ընդդեմ Դավիթ Նազլուխանյանի և Հակոբ Ոսկերչյանի թիվ ԼԴ/0657/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.11.2013 թվականի որոշումը):
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ոստիկանությունը պարտավոր է` ճանապարհային երթևեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների շահագործման աշխատանքները վերահսկելու նպատակով իրականացնել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցների և դրանց կցորդների պետական գրանցում և հաշվառում:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 07.04.2010 թվականին ընդունված և 01.07.2010 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-36-Ն ՀՀ օրենքով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը լրացվել է նաև 15-րդ մասով, համաձայն որի` մինչև 2010 թվականի հոկտեմբերի 16-ը պետական լիազոր մարմնի տրամադրած տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը համարվում է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ, սակայն այդ վկայագրով գործարք իրականացնելն արգելվում է: Տրանսպորտային միջոցի սեփականատերն իրավունք ունի դիմելու և այդ հաշվառման վկայագրի հիման վրա անվճար ստանալու տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ մինչև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում վկայակոչված փոփոխության իրականացումը տրանսպորտային միջոցի հաշվառման գործընթացը նպատակաուղղված է եղել միայն ճանապարհային երթևեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների շահագործման աշխատանքները վերահսկելուն, իսկ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը քաղաքացիական շրջանառությունում սեփականության իրավունք հաստատող փաստաթուղթ չի հանդիսացել: Մինչդեռ նշված օրենսդրական փոփոխությամբ օրենսդիրը, սահմանելով տրանսպորտային միջոցների նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահանջ, անդրադարձել է նաև մինչև 16.10.2010 թվականը պետական լիազոր մարմնի տրամադրած տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրերին` դրանց օժտելով տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթի կարգավիճակով` միաժամանակ դրա տիրապետողին իրավունք վերապահելով դիմելու և այդ հաշվառման վկայագրի հիման վրա անվճար ստանալու տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Սույն գործի փաստերի համաձայն` Գևորգ Ասատրյանը 2004 թվականի օգոստոս ամսին Վաչագան Գաբրիելյանից 50.000 ԱՄՆ դոլարով գնել է «Պորշ CAYENNE V-8-4.5L» մակնիշի WP1ZZZ9PZ3LA80627 նույնացման համարով ավտոմեքենան, այն հանձնվել է Գևորգ Ասատրյանին, իսկ 18.10.2004 թվականին այդ ավտոմեքենայի նկատմամբ նրան տրվել է տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ SC024458 վկայագիրը:
Դատարանը, պատճառաբանելով, որ Գևորգ Ասատրյանի կողմից որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց չի ներկայացվել վերը նշված ավտոմեքենան 2004 թվականին գնված լինելու վերաբերյալ, գտել է, որ հայցն անհիմն է և ենթակա է մերժման:
Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, պատճառաբանել է, որ տրանսպորտային միջոց հանդիսացող շարժական գույքի առուվաճառքի պայմանագիրը, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի իմաստով, կնքված համարելու համար բավարար չէ կողմերի ստորագրությամբ դրա բոլոր էական պայմաններին համաձայնվելը և նոտարական վավերացման ենթարկելը: Պայմանագիրը համարվում է կնքված դրանից ծագող իրավունքները, տվյալ դեպքում` ավտոտրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը, պետական գրանցման ենթարկելու պահից: Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ քանի դեռ վիճելի շարժական գույքի նկատմամբ Գևորգ Ասատրյանի սեփականության իրավունքը չի ենթարկվել պետական գրանցման, այդ գույքը չի կարող հանդիսանալ վերջինիս սեփականությունը:
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գևորգ Ասատրյանը «Պորշ CAYENNE V-8-4.5L» մակնիշի 77 OO 010 հաշվառման համարանիշի WP1ZZZ9PZ3LA80627 նույնացման համարով ավտոմեքենան ձեռք է բերել 2004 թվականին, այսինքն` այն ժամանակ, երբ վիճելի իրավահարաբերությունը կարգավորող օրենսդրությամբ տրանսպորտային միջոցների հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքի գրանցման պարտադիր պայման նախատեսված չի եղել: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 2004 թվականին գործող օրենսդրությամբ տրանսպորտային միջոցի նկատմամբ իրավունքի պետական գրանցման պարտադիր պահանջ և դրա նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահի վերաբերյալ որևէ դրույթ նախատեսված չլինելու պայմաններում վիճելի ավտոմեքենայի դիմաց վճարում կատարելու պահից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին կետի և 507-րդ հոդվածի 1-ին կետի ուժով դրա նկատմամբ ծագել է Գևորգ Ասատրյանի սեփականության իրավունքը: Ավելին` Գևորգ Ասատրյանին վերը նշված ավտոմեքենայի նկատմամբ 18.10.2004 թվականին տրվել է տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ SC024458 վկայագիրը, որն էլ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 07.04.2010 թվականին ընդունված և 01.07.2010 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-36-Ն ՀՀ օրենքի ուժով որակվել է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ քանի դեռ վիճելի շարժական գույքի նկատմամբ Գևորգ Ասատրյանի սեփականության իրավունքը չի ենթարկվել պետական գրանցման, այդ գույքը չի կարող հանդիսանալ վերջինիս սեփականությունը:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գևորգ Ասատրյանի հայցը հիմնավոր է և ենթակա էր բավարարման, մինչդեռ ստորադաս դատարանները նյութական նորմերի սխալ կիրառության, արդյունքում նաև` դատավարական նորմի խախտման հետևանքով սխալ եզրահանգման են եկել գործի ելքի վերաբերյալ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Սույն գործով նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վերաքննիչ դատարանի որոշումը` բեկանման և փոփոխման, իսկ հայցը` բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ ոստիկանությունից հօգուտ Գևորգ Ասատրյանի ենթակա է բռնագանձման 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար, 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք բերելու համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար: Միաժամանակ ՀՀ ոստիկանությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված և Վերաքննիչ դատարանի 19.05.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.07.2016 թվականի որոշումը և այն փոփոխել` Գևորգ Ասատրյանի հայցը բավարարել. ճանաչել Գևորգ Ասատրյանի սեփականության իրավունքը «Պորշ CAYENNE V-8-4.5L» մակնիշի WP1ZZZ9PZ3LA80627 նույնացման համարով 2003 թվականի արտադրության ավտոմեքենայի նկատմամբ:
2. ՀՀ ոստիկանությունից հօգուտ Գևորգ Ասատրյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
ՀՀ ոստիկանությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.05.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
ՀՀ ոստիկանությունից հօգուտ Գևորգ Ասատրյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք բերելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Տ. Պետրոսյան |
|
Ս. Անտոնյան |
|
Վ. Ավանեսյան |
|
Ա. Բարսեղյան |
|
Մ. Դրմեյան |
|
Գ. Հակոբյան |
|
Ռ. Հակոբյան |
|
Ե. Սողոմոնյան |
|
Ն. Տավարացյան |