Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 56-ՐԴ, 60-ՐԴ Հ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վարչական վերաքննիչ դատարանի որոշում
Վարչական գործ թիվ
ՎԴ/6047/05/15    2017թ.
Վարչական գործ թիվ   ՎԴ/6047/05/15

Նախագահող դատավոր`    Գ. Ղարիբյան
                    Դատավորներ`   Ք. Մկոյան
                                                    Ա. Առաքելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Տ. Պետրոսյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

 

2017 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լիլիթ Մուսեյանի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.11.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Լիլիթ Մուսեյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան)` վարչական ակտերը վերացնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լիլիթ Մուսեյանը պահանջել է վերացնել Քաղաքապետարանի 15.10.2015 թվականի թիվ Վ-0065331 և 16.10.2015 թվականի թիվ Վ-0065803 որոշումները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ.Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 16.02.2016 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճվել է և Երևան համայնքից հօգուտ Լիլիթ Մուսեյանի բռնագանձվել է 10.000 ՀՀ դրամ` որպես ներկայացուցչի վճարի հատուցման գումար:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.11.2016 թվականի որոշմամբ Լիլիթ Մուսեյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 16.02.2016 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լիլիթ Մուսեյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ, 13-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Քաղաքապետարանի 15.10.2015 թվականի թիվ Վ-0065331 և 16.10.2015 թվականի թիվ Վ-0065803 որոշումներով Լիլիթ Մուսեյանի նկատմամբ նշանակվել է տուգանք` 5.000-ական ՀՀ դրամի չափով, վերջինս այդ վարչական ակտերի դեմ դիմել է դատական պաշտպանության` որպես ներկայացուցչի վճար ծախսելով 100.000 ՀՀ դրամ, իսկ Դատարանը որոշել է այդ դատական ծախսից փոխհատուցել ընդամենը 10.000 ՀՀ դրամ: Փաստորեն, սույն գործով Լիլիթ Մուսեյանի խախտված իրավունքների դատական պաշտպանությունն արդյունավետ չէ, քանի որ վերջինս, կատարելով որոշակի ծախսեր դատական պաշտպանության իրականացման համար, արդյունքում չի կարողացել հասնել այդ ծախսերի փոխհատուցմանը: Ընդ որում, տվյալ դեպքում Լիլիթ Մուսեյանը վերջնական դատական ակտով կրել է ավելի մեծ ծախսեր, քան այն հնարավոր կորուստը, որը կարող էր առաջանալ վիճարկվող վարչական ակտերը դատական կարգով չվիճարկելու պարագայում, և որի կանխման համար անձը դիմել է դատարան:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.11.2016 թվականի որոշումը և փոփոխել այն` Երևան համայնքից հօգուտ Լիլիթ Մուսեյանի բռնագանձել 100.000 ՀՀ դրամ` որպես ներկայացուցչի վճար:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության (այսուհետ` Ծառայություն) պետի տեղակալի 15.10.2015 թվականի թիվ Վ-0065331 և 16.10.2015 թվականի թիվ Վ-0065803 որոշումներով Լիլիթ Մուսեյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 5.000-ական ՀՀ դրամի չափով (գ.թ. 7-8).

2) ըստ Լիլիթ Մուսեյանի (Վստահորդ) և անհատ ձեռնարկատեր Դավիթ Ասատրյանի (Կատարող) միջև 13.08.2015 թվականին կնքված իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագրի և 26.10.2015 թվականին կնքված համաձայնագրի` Կատարողը պարտավորվել է Քաղաքապետարանի թիվ Վ-0065331 և թիվ Վ-0065803 վարչական ակտերի մասով Վստահորդի իրավունքների պաշտպանության շրջանակներում մատուցել իրավաբանական ծառայություններ (իրավաբանական խորհրդատվություն, վստահորդի շահերի ներկայացում պետական և ոչ պետական մարմիններում, անհրաժեշտ դատավարական գործողությունների իրականացում, հայցադիմումների, բողոքների, միջնորդությունների կազմում և այլն), որոնց արժեքը կազմում է 100.000 ՀՀ դրամ (գ.թ. 36-38):

3) Դավիթ Ասատրյանը` որպես Լիլիթ Մուսեյանի ներկայացուցիչ, սույն վարչական գործի շրջանակներում կատարել է հետևյալ դատավարական գործողությունները.

- 29.10.2015 թվականին փոստային կապի ծառայության միջոցով ներկայացրել է հայցադիմում, որը Դատարանի 09.11.2015 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (գ.թ. 3-5, 15),

- 29.10.2015 թվականին և 23.11.2015 թվականին փոստային կապի ծառայության միջոցով Դատարան է ներկայացրել գրավոր դիմումներ (գ.թ. 2, 25-29),

- մասնակցել է 16.02.2016 թվականի դատական նիստին և այդ նիստի ընթացքում ներկայացրել է գրավոր միջնորդություն (գ.թ. 73-75).

4) Ծառայության պետի տեղակալի 10.11.2015 թվականի թիվ Վ-42/63 որոշմամբ սույն գործով վիճարկվող վարչական ակտերը` Ծառայության պետի տեղակալի 15.10.2015 թվականի թիվ Վ-0065331 և 16.10.2015 թվականի թիվ Վ-0065803 որոշումները, ճանաչվել են անվավեր (գ.թ. 31).

5) Դատարանը 16.02.2016 թվականի որոշմամբ կարճել է սույն վարչական գործի վարույթը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված վեճն ըստ էության սպառվելու հիմքով և դատական ծախսերի բաշխման հարցը լուծել է հետևյալ կերպ. Երևան համայնքից հօգուտ Լիլիթ Մուսեյանի բռնագանձել է 10.000 ՀՀ դրամ` որպես ներկայացուցչի վճարի հատուցման գումար (գ.թ. 40-41):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` վեճն ըստ էության սպառվելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի բաշխման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի վարույթը վեճն ըստ էության սպառվելու հիմքով կարճվելու դեպքում հայցվորի կրած դատական ծախսերի, մասնավորապես` ներկայացուցչին վճարված գումարի, հատուցման պարտականությունը պատասխանողի վրա դնելիս ի՞նչ չափանիշներով պետք է որոշվի այդ դատական ծախսի հատուցման ողջամիտ չափը:

2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ, եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործի քննության հետ կապված այլ ծախսերն են` դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` ներկայացուցիչների ծախսերը վճարում է նրանց ներգրաված դատավարության մասնակիցը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է (...) մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, եթե գործի վարույթը կարճվում է, բացառությամբ նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 10-րդ կետերում նշված դեպքերի: Նշված դեպքերում դատարանը կարող է դատական ծախսերի հատուցման պարտականությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն դնել պատասխանողի վրա (...):

Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն` ներկայացուցիչների վճարների գծով դատական ծախսի հատուցումը դրվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կամ համայնքի վրա, եթե գործը լուծվել է ի վնաս իրենց: Հատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ըստ էության սպառվել է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորվում են յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքները, որոնց բաղկացուցիչ տարրերից մեկն իրավաբանական օգնություն ստանալու իրավունքն է. այդ իրավունքը երաշխիք է հանդիսանում իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ իրացման համար:

ՀՀ սահմանադրական դատարանը 08.10.2008 թվականի թիվ ՍԴՈ-765 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ներառում է նախ` որակյալ իրավաբանական ծառայություն ստանալու հնարավորությունը, երկրորդ` պետության պարտավորությունը որակյալ իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն ապահովելու բոլոր նրանց համար, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն ստանալ այդպիսի օգնություն:

Մարդու իրավունքների և ազատությունների ամենահուսալի և արդյունավետ պաշտպանության մեխանիզմը դատական պաշտպանությունն է: Պաշտպանության այս միջոցը պետք է արդյունավետ լինի գործնականում, այսինքն` այն պետք է կարողանա կանխել ենթադրյալ խախտման շարունակումը և երաշխավորել, որ դատական պաշտպանության դիմելով` անձը չի հայտնվի առավել անբարենպաստ վիճակում, քան մինչ այդ էր: Հետևաբար դատական պաշտպանության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է անձին իրավաբանական օգնություն ցուցաբերող ներկայացուցչին վճարված գումարի` որպես դատական ծախսի համարժեք փոխհատուցման հնարավորություն: Պատշաճ փոխհատուցում տրամադրելը դատական պաշտպանության արդյունավետության անհրաժեշտ տարր է, որը լրացուցիչ երաշխիք է հանդիսանում անձանց իրավունքների խախտումները վերացնելու, ընդհուպ մինչև խախտումը եղած դրությունը վերականգնելու համար:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ անձի դատական պաշտպանությունը չի կարող արդյունավետ լինել, երբ վերջինս վերջնական բարենպաստ դատական ակտին հասնելու համար կրում է ավելի շատ ծախսեր, քան այն գույքի հնարավոր կորուստն էր, որի կանխման համար նա դիմել էր դատական պաշտպանության: ՈՒստի հատկապես վարչական մարմինների ոչ իրավաչափ վարչական ակտերի, գործողությունների կամ անգործության դատական բողոքարկման հայցերով կայացված դատական ակտերով դատական ծախսերի բաշխումը պետք է կատարվի այն հաշվառմամբ, որ անձինք չզրկվեն որակյալ իրավաբանական ծառայություն ստանալու, մինչև խախտումը եղած իրադրությունը վերականգնելու իրական հնարավորությունից:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված «դատարանի իրավունքը» բացարձակ չէ և իր բնույթով պահանջում է ներպետական կարգավորումների առկայություն, որոնք կարող են որոշակի սահմանափակումների ենթարկել այդ իրավունքը (տե՛ս, Z and Others v. the United Kingdom գործով Եվրոպական դատարանի 10.05.2001 թվականի վճիռը, 91-93-րդ կետեր): Այս առումով դատական ծախսերի վճարման պարտականությունն ինքնին չի կարող դիտարկվել որպես դատարանի մատչելիության իրավունքի` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ անհամատեղելի սահմանափակում (տե՛ս, Kreuz v. Poland գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 60-րդ կետ): Եվրոպական դատարանի տեսանկյունից որոշ դեպքերում դատական ծախսերի բաշխման հետ կապված հարցերը կարող են նշանակություն ունենալ այն հանգամանքի գնահատման համար, թե դատավարությունն ընդհանուր առմամբ համապատասխանում է արդյոք Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին, թե` ոչ (տե՛ս, Stankiewicz v. Poland գործով Եվրոպական դատարանի 06.04.2006 թվականի վճիռը, 60-րդ կետ): Կոնվենցիան երաշխավորում է ոչ թե տեսական կամ վերացական, այլ գործնական և արդյունավետ իրավունքներ (տե՛ս, Aտt-Mouhoub v. France գործով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, 52-րդ կետ): Հետևաբար, դատական այն ծախսերը, որոնց վճարման պարտականությունն անձը կրում է ոչ թե դատարան դիմելիս, այլ դատական քննության ավարտից հետո, գործնականում նույնպես կարող են դիտարկվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համատեքստում` որպես «դատարանի իրավունքի» սահմանափակում (տե՛ս, Stankov v. Bulgaria գործով Եվրոպական դատարանի 12.07.2007 թվականի վճիռը, 54-րդ կետ): Ընդ որում, «դատարանի իրավունքի» այդ սահմանափակման համապատասխանությունը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին ենթակա է գնահատման այն տեսանկյունից, թե արդյոք այն հետապնդում է իրավաչափ նպատակ, և առկա է արդյոք ողջամիտ հավասարակշռություն կիրառվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե՛ս, Apostol v. Georgia գործով Եվրոպական դատարանի 28.11.2006 թվականի վճիռը, 57-րդ կետ):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ, 58-րդ և 60-րդ հոդվածների վկայակոչված իրավադրույթների համակարգային վերլուծությունից հետևում է, որ դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները դատական ծախսերի մաս են կազմում և ենթակա են հատուցման օրենքով սահմանված կարգով: Դատական ծախսերի, այդ թվում նաև` ներկայացուցիչներին վճարված գումարների հատուցման ընդհանուր կանոնն այն է, որ փոխհատուցման ենթակա է դատավարության մասնակցի կրած ծախսերի այն ծավալը, որն անհրաժեշտ է եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

Ընդ որում, դատական ներկայացուցիչների վճարների հատուցման հետ կապված օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 10-րդ մասում կատարել է հատուկ վերապահում այն մասին, որ ներկայացուցիչների վճարների գծով դատական ծախսի հատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափերը: Այսինքն` ամեն դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել փաստաբանի վարձատրության ողջամտությունը, որպեսզի հնարավորինս բացառվի դատական ծախսի հատուցման պարտականություն կրող սուբյեկտին չարդարացված, ակնհայտ ոչ համաչափ պարտավորություններով ծանրաբեռնելը: Անձինք ազատ են կնքելու իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր իրենց նախընտրած փաստաբանի կամ ներկայացուցչություն իրականացնելու իրավասություն ունեցող ցանկացած անձի հետ` վճարելով փոխադարձ համաձայնությամբ որոշված ցանկացած գումար: Այդուհանդերձ, այդ գումարների փոխհատուցման ակնկալիք նրանք կարող են ունենալ միայն ծախսերի այն ծավալով, որն իրապես անհրաժեշտ է եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է հաշվի առնվի նաև դատական ծախսերի փոխհատուցման համաչափությունը, որպեսզի դատական պաշտպանության դիմելը չդառնա ոչ արդյունավետ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում անդրադարձել է փաստաբանի վարձատրության խելամտության հարցին` նշելով, որ օրենսդիրը դատական ծախսերի մեջ ընդգրկել է նաև փաստաբանի խելամիտ վարձատրությունը: Ուստի փաստաբանի խելամիտ վարձատրությունը նախ և առաջ պետք է դիտել որպես դատական ծախս, և թե՛ հայցվորը, և թե՛ պատասխանողը դատական քննության ընթացքում կարող են ներկայացնել փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հավաստող ապացույց: Ընդ որում, անկախ վճարված գումարի բռնագանձման մասին պահանջի առկայությունից, վճարումը հավաստող ապացույց ներկայացնելը բավարար է փաստաբանի վարձատրությանը, որպես դատական ծախսի, վճռով անդրադառնալու համար (տե՛ս, անհատ ձեռնարկատեր Նարինե Ռոստոմյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1401/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ներկայացուցչի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ չափանիշները.

1) փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը),

2) գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը),

3) նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը,

i

4) դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը (տե՛ս, Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով նշված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի վկայակոչված որոշմամբ թվարկվածներից բացի, վարչական դատավարությունում ներկայացուցիչների վճարների չափի ողջամտության գնահատման կարևոր չափորոշիչներ են նաև դատական պաշտպանության արդյունավետ իրականացման համար կատարված ծախսերի անհրաժեշտությունը, փոխհատուցման համարժեքությունն ու արդյունավետությունը: Դատական ծախսերի, այդ թվում նաև փաստաբանի վճարների փոխհատուցման այս չափորոշիչներն անտեսելու պարագայում խոսք չի կարող լինել արդյունավետ դատական պաշտպանության մասին, քանի որ որոշ դեպքերում դատական պաշտպանության դիմած անձինք կհայտնվեն առավել անբարենպաստ վիճակում, քան մինչ այդ էր:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վեճը սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքի համար օրենսդիրը սահմանել է դատական ծախսերի հատուցման որոշ առանձնահատկություններ: Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում և 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում սահմանված իրավադրույթների բովանդակությունից հետևում է, որ վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի հատուցման պարտականությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն կարող է դրվել պատասխանողի վրա:

Թեև օրենսդիրը սահմանել է դատարանի հայեցողական լիազորությունը` լուծելու վեճը սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի, այդ թվում նաև փաստաբանին վճարված գումարների հատուցման պարտականությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն պատասխանողի վրա դնելու հարցը, այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այդ լիազորությունը դատարանները պետք է իրացնեն մարդու` դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների հաշվառմամբ` այնպես, որ չխաթարվի այդ իրավունքների բուն էությունը: Մասնավորապես, եթե վեճը սպառվել է վարչական մարմնի ակտիվ գործողությունների հետևանքով, օրինակ` վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի քննության ժամանակ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ վերացրել է վիճարկվող վարչական ակտը, ապա այդ պարագայում հայցվորի կրած դատական ծախսերի, այդ թվում նաև` ներկայացուցչին վճարված գումարների հատուցման պարտականությունը պետք է կրի պատասխանող կողմը, ինչն ապահովում է անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների արդյունավետ իրացումը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն բոլոր դեպքերում, երբ գործի վարույթը կարճվում է այն հիմքով, որ վեճն ըստ էության սպառվել է վարչական մարմնի ակտիվ գործողությունների հետևանքով, ապա հայցվորի կրած դատական ծախսերի, այդ թվում նաև` ներկայացուցչին վճարված գումարների հատուցման պարտականությունը պետք է դրվի պատասխանողի վրա:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ վեճն ըստ էության սպառվելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում վիճարկվող վարչական ակտով դրա հասցեատիրոջ վրա դրված գումարային պարտավորության չափը դատական ծախսերի բաշխման հարցի լուծման համար չպետք է դիտարկվի որպես միակ որոշիչ հանգամանք: Այլ կերպ` եթե վիճարկվող վարչական ակտով դրա հասցեատիրոջ վրա դրված գումարային պարտավորության չափն ավելի փոքր է, քան այդ վարչական ակտը դատական կարգով վիճարկելու համար իրավաբանական օգնություն ստանալու նպատակով անձի կատարած ծախսերը, ապա դատարանը դատական ծախսերի բաշխման հարցը պետք է լուծի իրավունքների արդյունավետ պաշտպանության սկզբունքի լույսի ներքո` հաշվի առնելով խախտված իրավունքները վերականգնելուն ուղղված անձի կողմից փաստացի կատարված ծախսերի և դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ծախսերի ողջամիտ հարաբերակցությունը: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վեճն ըստ էության սպառվելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի հարցի լուծումը չպետք է պայմանավորել միայն վիճարկվող վարչական ակտով դրա հասցեատիրոջ վրա դրված գումարային պարտավորության չափով:

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի հատուցման հարցի լուծման համար դատարանը պետք է հաշվի առնի հետևյալ չափորոշիչները.

1) փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը),

2) գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը),

3) նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը,

4) ներկայացուցչին վճարված գումարի և վիճարկվող վարչական ակտով առաջադրված գումարի չափի հարաբերակցությունը,

5) անձի կողմից փաստացի կատարված ծախսերի այն ծավալը, որն անհրաժեշտ է եղել դատական պաշտպանության արդյունավետ իրականացման համար,

6) վեճն ըստ էության սպառվելու իրադրության առաջացման հարցում վարչական մարմնի գործողությունների ազդեցությունը:

Ընդ որում վերջին չափորոշիչը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում նշված հիմքով գործի վարույթը կարճելու պարագայում ստանում է առաջնային նշանակություն, քանի որ վեճն ըստ էության սպառելուն ուղղված վարչական մարմնի ակտիվ գործողությունները վկայում են այն իրողության մասին, որ անձի դատական պաշտպանության դիմելը եղել է արդարացված, ուստի դատական ծախսերի հատուցման մյուս չափորոշիչները ենթակա են գնահատման անձի կատարած ծախսերի արդյունավետության և համարժեքության հաշվառմամբ:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Լիլիթ Մուսեյանի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս խնդրել է վերացնել Ծառայության պետի տեղակալի 15.10.2015 թվականի թիվ Վ-0065331 և 16.10.2015 թվականի թիվ Վ-0065803 որոշումները: Նշված վարչական ակտերով Լիլիթ Մուսեյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` յուրաքանչյուր որոշմամբ 5.000-ական ՀՀ դրամի չափով: Լիլիթ Մուսեյանը նշված վարչական ակտերը դատական կարգով վիճարկելու համար իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել Դավիթ Ասատրյանի հետ, իսկ պայմանագրով մատուցվելիք ծառայությունների գինը կազմել է 100.000 ՀՀ դրամ: Սույն վարչական գործի քննության ընթացքում վարչական մարմինն իր նախաձեռնությամբ անվավեր է ճանաչել վերոգրյալ վարչական ակտերը, և սույն գործի հարուցման համար հիմք հանդիսացած պահանջի հիմքում ընկած հանրային-իրավական վեճն ըստ էության սպառվել է:

Դատարանը 16.02.2016 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վեճն ըստ էության սպառվելու հիմքով և դատական ծախսերի բաշխման հարցը լուծել է հետևյալ կերպ. Երևան համայնքից հօգուտ Լիլիթ Մուսեյանի բռնագանձել է 10.000 ՀՀ դրամ` որպես ներկայացուցչի վճարի հատուցման գումար: Դատարանը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, գտել է, որ տվյալ դեպքում ներկայացուցչի վճարի հատուցման գումարը պետք է կազմի 10.000 ՀՀ դրամ:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Լիլիթ Մուսեյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը և Դատարանի որոշումը թողնելով անփոփոխ, ըստ էության համաձայնել է Դատարանի վերոգրյալ դիրքորոշման հետ` հիմք ընդունելով սույն գործի բարդությունը, քննության ժամկետները, դատական նիստերի քանակը, տևողությունը, ներկայացուցչի կատարած գործողությունները, նմանատիպ գործերով ներկայացուցչի վճարի` պրակտիկայում ընդունված չափը:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ներկայացուցչին վճարված գումարների փոխհատուցման չափի վերաբերյալ ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով վեճն ըստ էության սպառվել է վարչական մարմնի ակտիվ գործողությունների հետևանքով: Մինչդեռ ստորադաս դատարաններն անտեսել են դատական պաշտպանության արդյունավետության սահմանադրական հիմնարար սկզբունքը և քննարկման առարկա չեն դարձրել այն հարցը, թե տվյալ դեպքում հայցվորի դատական պաշտպանության իրականացման համար իրավաբանական օգնություն ստանալու նպատակով 100.000 ՀՀ դրամ կատարվելիք ծախսը որքանով է եղել արդարացված, և արդյոք տրված փոխհատուցման չափը սույն գործի փաստերի հաշվառմամբ կարող է դիտվել ողջամիտ և բավարար մինչև խախտումը եղած իրադրությունը վերականգնելու համար:

Այդ առումով ստորադաս դատարանները պետք է պատշաճ գնահատական տան հետևյալ հարցերին.

- վերջնական բարենպաստ դատական ակտին հասնելու համար անձի կատարած կամ կատարելիք ծախսերը չեն գերազանցում արդյո՞ք այն գումարների չափը, որոնց կորուստը կանխելու համար վերջինս դիմել է դատական պաշտպանության,

- արդյո՞ք անձի կողմից փաստացի կատարված կամ կատարվելիք ծախսն անհրաժեշտ է եղել իրավունքների պաշտպանության համար,

- արդյո՞ք անձի կողմից փաստացի կատարված կամ կատարվելիք ծախսի և դրա կատարման անհրաժեշտության միջև առկա է ողջամիտ հարաբերակցություն,

- ներկայացուցչի վճարի փոխհատուցման ի՞նչ չափը կարող է վերականգնել մինչև Լիլիթ Մուսեյանի կողմից դատարան դիմելն առկա դրությունը:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանների կողմից դատական ծախսերի (վնասների) հատուցման հետ կապված փաստաբանի վարձատրության ողջամիտ չափը որոշելու նպատակով փաստաբանների պալատի խորհուրդը կարող է սահմանել փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակ: Նշված գնացուցակը չի կարող օգտագործվել այլ նպատակով:

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 26.12.2013 թվականի թիվ 33/3-Լ որոշմամբ հաստատված «Դատարանների կողմից դատական ծախսերի հատուցման հետ կապված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակի» (այսուհետ` Գնացուցակ) համաձայն` հայցային վարույթի գործերով միջամտող վարչական ակտը, բացառությամբ ճանապարհային ոստիկանության կողմից կայացված տուգանքի վարչական ակտը, վերացնելու (անվավեր ճանաչելու) կամ փոփոխելու գործերով որպես փաստաբանի հոնորարի չափ սահմանված է վարչական ակտով նախատեսված գումարի (տուգանքի, տույժի և այլն) 5 տոկոսը, բայց ոչ պակաս բազային տուրքի 100-ապատիկի չափից և ոչ ավել բազային տուրքի 2000-ապատիկի չափից, իսկ եթե միջամտող վարչական ակտով տուգանք նախատեսված չէ` բազային տուրքի 200-ապատիկի չափով: Գնացուցակով բացառություն է նախատեսվել ճանապարհային ոստիկանության կողմից կայացված տուգանքի նշանակման վերաբերյալ վարչական ակտը վերացնելու (անվավեր ճանաչելու) կամ փոփոխելու գործերով փաստաբանի հոնորարի չափի սահմանման պարագայում. այդ վարչական ակտը վերացնելու (անվավեր ճանաչելու) կամ փոփոխելու գործերով որպես փաստաբանի հոնորարի չափ սահմանված է վարչական ակտով նախատեսված գումարի (տուգանքի, տույժի և այլն) 5 տոկոսը, բայց ոչ պակաս բազային տուրքի 50-ապատիկի չափից: Ընդ որում, Գնացուցակում օգտագործված բազային տուրքը սահմանվում է 1.000 ՀՀ դրամ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման (ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու) համար վարչական տույժ նշանակելու մասին Քաղաքապետարանի կողմից կայացված վարչական ակտերն իրենց բնույթով, այդ թվում` սանկցիայի չափերով, առավել նմանատիպ են ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական ակտերին: Հետևաբար Վճռաբեկ դատարանը հնարավոր է համարում ճանապարհային ոստիկանության կողմից կայացված տուգանքի նշանակման վերաբերյալ վարչական ակտը վերացնելու (անվավեր ճանաչելու) գործերով փաստաբանի հոնորարի չափի կիրառելիությունը նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման համար Քաղաքապետարանի կողմից կայացված վարչական ակտերի վիճարկման գործերով:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկելով հայցվորի կողմից իր իրավունքների դատական պաշտպանության համար փաստաբանին վճարված գումարների հատուցման հարցը և որպես ողջամիտ փոխհատուցման չափ սահմանելով 10.000 ՀՀ դրամ` ստորադաս դատարաններն անտեսել են այն կարևոր հանգամանքը, որ սույն գործի վարույթը կարճվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վեճն ըստ էության սպառվելու հիմքով, որպիսի իրադրությունն առաջացել է Քաղաքապետարանի ակտիվ գործողությունների հետևանքով: Հետևաբար Լիլիթ Մուսեյանի ներկայացուցչին վճարված գումարների փոխհատուցման չափը սույն որոշմամբ արտահայտած դիրքորոշումների լույսի ներքո դատական պաշտպանության արդյունավետության տեսանկյունից պարզելու և գնահատելու համար սույն գործը` դատական ծախսերի հատուցման մասով, անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը` դատական ծախսերի բաշխման, մասնավորապես` ներկայացուցչի վճարի հատուցման մասով, նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը բողոքարկվել է միայն դատական ծախսերի մասով, բողոք բերող անձը վերոգրյալ պատճառաբանությունների հիմքով պետական տուրքի վճարման պարտականություն չի կրում: Ընդ որում, դատական պրակտիկան զարգացել է հենց նշված ուղղությամբ, որպիսի հանգամանքն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ դատարանների նախագահների խորհրդի «ՀՀ-ում դատարանների կողմից պետական տուրքի գանձման դատական պրակտիկայի մասին» մասին 29.01.2013 թվականի թիվ 129 որոշման մեջ: Համաձայն նշված որոշման 10-րդ կետի` եթե բողոքարկվում է դատական ակտը միայն դատական ծախսերի մասով, ապա ներկայացված բողոքի համար պետական տուրք չի վճարվում (տե՛ս, «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):

Թեև նշված իրավական դիրքորոշումներն արտահայտվել են քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործի շրջանակներում, սակայն Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք հավասարապես կիրառելի են նաև վարչական դատավարության կարգով քննվող գործերի նկատմամբ, քանի որ թե՛ քաղաքացիական, թե՛ վարչական գործով կայացված վերջնական դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելիս անձը հայցում է այնպիսի դատավարական հետևանքների առաջացում, որոնք անմիջականորեն պայմանավորված չեն ներկայացված գույքային կամ ոչ գույքային պահանջի լուծման հետ և ուղղված են վարույթի կանոնավոր ընթացքի ապահովմանը: Այս պարագայում անձի բողոքարկման իրավունքի իրացումն ուղղված է ոչ թե գործի ըստ էության լուծման իրավաչափության, այլ դրա արդյունքում դատական ծախսերի բաշխման իրավաչափության հարցի պարզմանը: Հետևաբար վերջնական դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում, անկախ այն հանգամանքից, թե տվյալ դատական ակտը կայացվել է քաղաքացիական, թե վարչական գործի շրջանակներում, պետական տուրքի գանձման օբյեկտը և հաշվարկման հիմքը, ըստ էության, բացակայում են, հետևաբար բացակայում է նաև պետական տուրքի վճարման պարտականությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանի 16.02.2016 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը վերաքննության կարգով, իսկ Վերաքննիչ դատարանի 08.11.2016 թվականի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկվել են միայն դատական ծախսերի մասով, իսկ Լիլիթ Մուսեյանը ՀՀ վճռաբեկ դատարանի վերոգրյալ որոշման ուժով ազատված է այդ բողոքների համար պետական տուրքի վճարման պարտականությունից: Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Լիլիթ Մուսեյանը տվյալ դեպքում վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրք չի վճարել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար սահմանված պետական տուրքի բաշխման հարցը պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.11.2016 թվականի որոշումը և գործը` դատական ծախսերի բաշխման, այն է` ներկայացուցչի վճարի հատուցման մասով, ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2017
N ՎԴ/6047/05/15
Որոշում