Սեղմել Esc փակելու համար:
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վարչական վերաքննիչ դատարանի որոշում
Վարչական գործ թիվ
ՎԴ/8975/05/13  2017թ. 
Վարչական գործ թիվ   ՎԴ/8975/05/13

Նախագահող դատավոր`  Ք. Մկոյան
                   Դատավորներ`   Ա. Առաքելյան
                                                   Գ. Ղարիբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ռ. Հակոբյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Գ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

 

2017 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հասմիկ Մելքոնյանի ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.05.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հասմիկ Մելքոնյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր), երրորդ անձինք Զիտտա Հովհաննիսյանի, Աննա Բաբայանի` Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 14/2 շենքի 22-րդ բնակարանին հարակից ինքնակամ շինության նկատմամբ 17.07.2013 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հասմիկ Մելքոնյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 14/2 շենքի 22-րդ բնակարանին հարակից ինքնակամ շինության նկատմամբ 17.07.2013 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 18.02.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.05.2015 թվականի որոշմամբ Զիտտա Հովհաննիսյանի ու Աննա Բաբայանի ներկայացուցչի և Կադաստրի վերաքննիչ բողոքները բավարարվել են և Դատարանի 18.02.2015 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հասմիկ Մելքոնյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ և 124-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն` անհիմն կերպով մերժելով Հասմիկ Մելքոնյանի հայցը: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործի շրջանակներում վիճարկվում է ոչ թե Երևանի քաղաքապետի 05.11.2007 թվականի թիվ 4628-Ա որոշման իրավաչափությունը, այլ այդ որոշման վերաբերելիությունը Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 14/2 շենքի 22-րդ բնակարանին հարակից ինքնակամ կառույցին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կադաստրը չէր կարող Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 14/2 շենքի 22-րդ բնակարանին հարակից ինքնակամ կառույցի մասով պետական գրանցում կատարել Երևանի քաղաքապետի 05.11.2007 թվականի թիվ 4628-Ա որոշման հիման վրա, քանի որ պետական գրանցման վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվում այդ կցակառույցի` Երևանի քաղաքապետի 05.11.2007 թվականի թիվ 4628-Ա որոշման կայացումից առաջ կառուցված լինելու հանգամանքը: Հետևաբար սույն գործով վիճարկվող պետական գրանցումը` Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 14/2 շենքի 22-րդ բնակարանին հարակից ինքնակամ շինության մասով, կատարվել է առանց իրավահաստատող փաստաթղթերի և ենթակա է անվավեր ճանաչման:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.05.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 18.02.2015 թվականի վճռին կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի քաղաքապետի 05.11.2007 թվականի «Բազմաբնակարան շենքերին կից (շենքերի ծավալից դուրս) ինքնակամ իրականացված կառույցներն օրինական ճանաչելու և շենքերի զբաղեցրած հողամասերը դրանց բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին անհատույց բաժնային սեփականության իրավունքով փոխանցելու մասին» թիվ 4628-Ա որոշմամբ նույն որոշման հավելվածի ցանկում նշված հասցեների թվով 84 բազմաբնակարան շենքերին կից (շենքերի ծավալից դուրս) ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման 25-րդ կետով նախատեսված ինքնակամ իրականացված կառույցները ճանաչվել են օրինական: Այդ որոշման հավելվածի 59-րդ տողում նշված է նաև Վարդանանց փողոց թիվ 14/2 շենքը, որի զբաղեցրած հողամասի մակերեսը 827,80 քմ է (հատոր 1-ին, գ.թ. 15-16).

2) Երևանի քաղաքապետի 18.05.2011 թվականի թիվ 1937-Ա որոշման 9-րդ կետով Երևանի քաղաքապետի 05.11.2007 թվականի թիվ 4628-Ա որոշման հավելվածի 59-րդ տողի 4-րդ սյունակում նշված «827,80» թիվը փոխարինվել է «757,77» թվով (հատոր 1-ին, գ.թ. 17-18).

3) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն` 17.07.2013 թվականին Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 14/2 շենքի 22-րդ բնակարանի նկատմամբ գրանցվել է Զիտտա Հովհաննիսյանի և Աննա Բաբայանի սեփականության իրավունքը: Սեփականության իրավունքի գրանցման համար հիմք են հանդիսացել Երևան քաղաքի Սպանդարյանի շրջգործկոմի 15.06.1995 թվականի թիվ 21/49 որոշումը, Երևանի քաղաքապետի 05.11.2007 թվականի թիվ 4628-Ա և 18.05.2011 թվականի թիվ 1937-Ա որոշումները (հատոր 1-ին, գ.թ. 57).

4) Կադաստրի նախագահի տեղակալի 02.09.2013 թվականի գրության համաձայն` Վարդանանց փողոցի թիվ 14/2 շենքի 22-րդ բնակարանի նկատմամբ իրավունքներն առաջին անգամ գրանցվել են 2002 թվականին` առանց ինքնակամ կառույցի վերաբերյալ որևէ նշագրման: Նշված բնակարանի նկատմամբ 17.07.2013 թվականին կրկին կատարվել է իրավունքի պետական գրանցում և գրանցումն իրականացնելիս բնակարանին կից իրականացրած ինքնակամ կառույցը դիտվել է որպես օրինական կառույց, որի համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետի 05.11.2007 թվականի թիվ 4628-Ա որոշումը (հատոր 1-ին, գ.թ. 20-21):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի քննության շրջանակներում այդ վարչական ակտի իրավաչափության գնահատման սահմանների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական ու կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման` որպես վարչական ակտի, վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի քննության շրջանակներում անդրադառնալով այդ պետական գրանցման համար հիմք հանդիսացող վարչական ակտի` տվյալ գույքի նկատմամբ կիրառելիության հարցին` վարչական դատարանը խախտում է արդյո՞ք վիճարկվող պետական գրանցման իրավաչափության գնահատման սահմանները, թե` ոչ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցադիմումը ներկայացնելու պահին գործել է 28.11.2007 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, որն ուժը կորցրել է 07.01.2014 թվականին, իսկ գործի քննությունն իրականացվել է 05.12.2013 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, որն ուժի մեջ է մտել 07.01.2014 թվականին:

28.11.2007 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող էր պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը:

07.01.2014 թվականից ուժի մեջ մտած և ներկայումս գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

07.01.2014 թվականից ուժի մեջ մտած և ներկայումս գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում (...):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`

ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.

բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքով սահմանվում են գույքի նկատմամբ իրավունքների, իրավունքների սահմանափակումների պետական գրանցման, գույքի, դրա նկատմամբ իրավունքների, սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, գրանցում իրականացնող մարմնի իրավունքների և պարտականությունների իրավական հիմքերը, գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման վարույթի առանձնահատկությունները:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված են նույն օրենքում օգտագործված հիմնական հասկացությունները. այդ հոդվածի համաձայն` իրավահաստատող փաստաթղթերն իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերը և գույքագրման փաստաթղթերն են, իսկ իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերն օրենքով սահմանված հիմքերով պետական գրանցման ենթակա իրավունքների ձեռքբերման համար օրենսդրությամբ սահմանված ընթացակարգի ավարտի իրավական ձևակերպման համար անհրաժեշտ և բավարար գրավոր փաստաթղթերն են, այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրեր, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների անհատական ակտեր, դատական ակտեր, իսկ օրենքի ուժով ճանաչված իրավունքի համար` այդ օրենքով նման իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ և բավարար նախապայման հանդիսացող իրավաբանական փաստերը հաստատող գրավոր փաստաթղթեր:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքով սահմանված կարգով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք են հանդիսանում իրավահաստատող փաստաթղթերը (...):

i

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը 28.11.2007 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում, որպես առանձին հայցի տեսակ, նախատեսել էր վիճարկման հայցը` որպես ոչ իրավաչափ վարչական ակտերից անձանց իրավական պաշտպանության միջոց: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված հոդվածում ամրագրված վիճարկման հայցին` նշելով, որ վիճարկման հայցի առարկան միջամտող վարչական ակտն ամբողջությամբ կամ մասամբ վերացնելու պահանջն է: Հայցի առարկայի բաղկացուցիչ մասն է կազմում, կամ որ նույնն է` հայցի առարկայի նյութական հիմքն է հայցի նյութական օբյեկտը: Վիճարկման հայցի դեպքում հայցի նյութական օբյեկտը վիճարկվող վարչական ակտն է: Վերջինս վարչական դատավարությունում հանդիսանում է դատական քննության հիմնական օբյեկտը (տե՛ս, Սամվել Մելքումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/1346/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Վարչական ակտերի դատական վերանայման մասին» 15.12.2004 թվականի թիվ Rec2004(20) հանձնարարականի համաձայն` բոլոր վարչական ակտերը կարող են դատական վերանայման առարկա հանդիսանալ, որպիսի վերանայումը պետք է անմիջական լինի: Դատարանը պետք է հնարավորություն ունենա գնահատելու օրենքի ցանկացած խախտում, ներառյալ` իրավասության բացակայությունը, ընթացակարգային խախտումները և լիազորությունների չարաշահումը:

Անդրադառնալով դատական կարգով վարչական ակտի իրավաչափության վիճարկման հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վարչական ակտը դատական կարգով կարող է ճանաչվել անվավեր, եթե հաստատվի հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայությունը.

1. վարչական ակտն ընդունվել է օրենքի խախտմամբ կամ կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում,

i

2. վիճարկվող վարչական ակտով խախտվել են հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները (տե՛ս, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Այսպիսով, թե՛ 28.11.2007 թվականի, և թե՛ ներկայումս գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերով օրենսդիրը սահմանել է, որ վիճարկման հայցով հայցվորն իրավունք ունի պահանջելու վերացնել իր իրավունքները և ազատությունները խախտող վարչական ակտը, որը վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի քննության ընթացքում դառնում է դատական վերահսկողության առարկա: Վիճարկման հայցը` որպես ոչ իրավաչափ վարչական ակտերից անձանց իրավական պաշտպանության միջոց, օրենսդրի կողմից սահմանված հայցի տեսակ է, որն ուղղված է դատական կարգով վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակի վերացնելուն: Վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում դատարանը ձեռնամուխ է լինում վարչական ակտի իրավաչափության գնահատմանը` ստուգելով վիճարկվող վարչական ակտի համապատասխանությունն օրենսդրության պահանջներին:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրենսդիրը հստակորեն կանխորոշել է վիճարկվող վարչական ակտի իրավաչափության դատական վերահսկողության սահմանները` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրելով, որ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանի կողմից վարչական ակտի իրավաչափության գնահատումը պետք է կատարվի տվյալ վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի իրավական նորմերով սահմանված պահանջների պահպանման հարցը պարզելու միջոցով: Ընդ որում, այն պարագայում, երբ վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել մեկ այլ վարչական ակտ, ապա դատարանը չի կարող այդ վարչական ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում իր նախաձեռնությամբ անդրադառնալ վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած վարչական ակտի իրավաչափության հարցին. եթե վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած վարչական ակտի վիճարկման պահանջը չի հանդիսանում տվյալ գործով հայցի առարկա, ապա դատարանն իրավասու չէ ստուգելու այդ գործով չվիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը` ելնելով չվիճարկվող և ոչ իրավաչափ չճանաչված վարչական ակտերի իրավաչափության կանխավարկածից:

i

Այսպես, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված օրինականության հիմնարար սկզբունքը` ՀՀ վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներում ձևավորել է իրավական դիրքորոշում վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի մասին: Այսպես` ՀՀ վճռաբեկ դատարանի մեկնաբանմամբ վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքը նշանակում է, որ բոլոր դեպքերում վարչական ակտը համարվում է իրավաչափ, եթե այն օրենքով սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել: Հետևաբար քննվող գործի շրջանակներում որևէ վարչական ակտի իրավաչափության վիճարկման պահանջի բացակայության պայմաններում դատարանն իրավասու չէ անդրադառնալ այդ հարցին, գնահատական տալ չվիճարկվող վարչական ակտի իրավաչափությանը, ինչպես նաև դրա` իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությանը: Այլ կերպ` դատարանը պարտավոր է ձեռնպահ մնալ քննվող գործի շրջանակներում չվիճարկվող վարչական ակտի իրավաչափության կամ դրա` իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորության վերաբերյալ գնահատականներ տալուց (տե՛ս, Լյուբով Փիլոյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և այլոց թիվ ՎԴ/2085/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճարկվող վարչական ակտի իրավաչափության գնահատման սահմանների մեջ չի կարող ներառվել մեկ այլ, այդ թվում` այդ վարչական ակտի ընդունման հիմք հանդիսացած վարչական ակտի իրավաչափության գնահատումը, մինչդեռ վիճարկվող վարչական ակտի հիմքում ընկած վարչական ակտի կիրառելիության ստուգումը ներառվում է այդ սահմանների մեջ: Այլ կերպ ասած` այն դեպքում, երբ վիճարկվող վարչական ակտի ընդունման հիմքում ընկած է մեկ այլ վարչական ակտ, ապա դատարանը վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշելիս կարող է անդրադառնալ դրա հիմքում ընկած վարչական ակտի` վիճարկվող վարչական ակտի ընդունման համար կիրառելի լինելու կամ չլինելու հարցի պարզմանը: Այսինքն` դատարանի կողմից վարչական ակտի իրավաչափության գնահատումը ներառում է նաև վիճարկվող վարչական ակտի հիմքում այլ վարչական ակտի դրված լինելու իրավաչափության պարզումը. դատարանը կարող է որոշել վարչական ակտի իրավաչափությունը` պարզելով, թե վիճարկվող վարչական ակտը կարող էր ընդունվել արդյոք դրա հիմքում դրված վարչական ակտի հիման վրա, թե` ոչ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման իրավական հիմքերը սահմանվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով, որի 8-րդ հոդվածի համաձայն` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք են հանդիսանում իրավահաստատող փաստաթղթերը: Նշված օրենքի իմաստով իրավահաստատող փաստաթղթեր են համարվում իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերը և գույքագրման փաստաթղթերը, իսկ իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերն օրենքով սահմանված հիմքերով պետական գրանցման ենթակա իրավունքների ձեռքբերման համար օրենսդրությամբ սահմանված ընթացակարգի ավարտի իրավական ձևակերպման համար անհրաժեշտ և բավարար գրավոր փաստաթղթերն են, այդ թվում նաև` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անհատական ակտերը:

i

Անդրադառնալով Կադաստրի կողմից պետական գրանցման համար հիմք հանդիսացող վարչական ակտի կատարման հարցին` ՀՀ սահմանադրական դատարանը 04.02.2014 թվականի թիվ ՍԴՈ-1137 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պետական գրանցման ենթակա իրավունք կամ սահմանափակում կիրառող վարչական ակտի` դրա ընդունման համար հիմք հանդիսացած օրենքի կամ նորմատիվ իրավական ակտի պահանջներին չհամապատասխանելու հիմքով իրավունքի պետական գրանցման մերժումը կարող է համարվել իրավաչափ միայն այն դեպքում, երբ սահմանված դատական կամ արտադատական կարգով վերացվել է պետական գրանցման իրավունք կամ սահմանափակում կիրառող անհատական իրավական ակտը, այսինքն` երբ դադարեցվել է վարչական ակտի իրավաբանական ուժը:

Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ինչպես վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի վերաբերյալ սեփական մոտեցումները, այնպես էլ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից արտահայտված վերոգրյալ իրավական դիրքորոշումները, գտնում է, որ այն դեպքում, երբ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում այդ պետական գրանցման հիմքում դրված վարչական ակտը չի վիճարկվում և ոչ իրավաչափ չի ճանաչվել, ապա դատարանը վիճարկվող պետական գրանցման իրավաչափությունը որոշելիս կարող է անդրադառնալ ոչ թե պետական գրանցման հիմքում ընկած վարչական ակտի իրավաչափության ստուգմանը, այլ պետական գրանցման հիմքում տվյալ վարչական ակտի դրված լինելու իրավաչափության ստուգմանը` պարզելով, թե վիճարկվող պետական գրանցումը կարող էր արդյոք կատարվել դրա հիմքում դրված և իրավաբանական ուժի մեջ գտնվող վարչական ակտի հիման վրա, թե` ոչ: Այլ կերպ ասած, գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթի շրջանակներում իրավասու վարչական մարմինը պետք է պարզի, թե գրանցման համար որպես իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթուղթ ներկայացված վարչական ակտով տվյալ գույքի նկատմամբ անձին տրամադրվել է արդյոք որևէ իրավունք, թե` ոչ: Ընդ որում, իրավունքի պետական գրանցումը դատական կարգով վիճարկելու դեպքում դրա իրավաչափությունը դատարանը ստուգում է պետական գրանցման վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում: Մասնավորապես, դատարանը տվյալ դեպքում պետք է պարզի, թե պետական գրանցման վարչական վարույթի ընթացքում հաստատվել է արդյո՞ք այն հանգամանքը, որ որպես իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթուղթ ներկայացված վարչական ակտով իրավունքի գրանցում հայցող անձին կոնկրետ գույքի նկատմամբ տրամադրվել է այն իրավունքը, որը գրանցելու պահանջով վերջինս դիմել է իրավասու վարչական մարմնին:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Հասմիկ Մելքոնյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Վարդանանց փողոցի թիվ 14/2 շենքի 22-րդ բնակարանին հարակից ինքնակամ շինության նկատմամբ 17.07.2013 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Դատարանը բավարարել է Հասմիկ Մելքոնյանի հայցը` պատճառաբանելով, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 14/2 շենքի 22-րդ բնակարանին հարակից ինքնակամ կառույցի նկատմամբ 17.07.2013 թվականին կատարված պետական գրանցման վարույթի ընթացքում չի հիմնավորվել կցակառույցի` Երևանի քաղաքապետի 05.11.2007 թվականի թիվ 4628-Ա որոշման կայացումից առաջ կառուցված լինելու հանգամանքը: Ըստ Դատարանի` Կադաստրի կողմից ներկայացված ապացույցներով չի հաստատվել սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի նշված որոշումը վերաբերում է խնդրո առարկա կցակառույցին, հետևաբար նշված վարչական ակտի հիման վրա սեփականության իրավունքը տվյալ ինքնակամ կառույցի նկատմամբ չէր կարող գրանցվել:

Վերաքննիչ դատարանը բավարարել է Զիտտա Հովհաննիսյանի ու Աննա Բաբայանի ներկայացուցչի և Կադաստրի վերաքննիչ բողոքները և բեկանելով ու փոփոխելով Դատարանի վճիռը` մերժել է Հասմիկ Մելքոնյանի հայցը: Վերաքննիչ դատարանը նշել է, որ սույն վարչական գործով գնահատման է ենթակա ոչ թե վիճարկվող պետական գրանցման հիմքում դրված վարչական ակտի, այլ բուն պետական գրանցման իրավաչափությունը: Ըստ Վերաքննիչ դատարանի` վիճարկվող պետական գրանցումը Կադաստրի կողմից կատարվել է օրենքի պահանջների պահպանմամբ և ենթակա չէ անվավեր ճանաչման, քանի որ վարչական մարմինը չէր կարող չկատարել դեռևս չվերացված, իրավաբանական ուժ ունեցող վարչական ակտի պահանջը:

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 14/2 շենքի 22-րդ բնակարանին հարակից ինքնակամ շինության նկատմամբ 17.07.2013 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման համար հիմք են հանդիսացել Երևանի քաղաքապետի 05.11.2007 թվականի թիվ 4628-Ա և 18.05.2011 թվականի թիվ 1937-Ա որոշումները: Նկատի ունենալով, որ Երևանի քաղաքապետի 18.05.2011 թվականի թիվ 1937-Ա որոշումն ընդամենը փոփոխության է ենթարկել Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 14/2 շենքի զբաղեցրած հողամասի մակերեսի վերաբերյալ Երևանի քաղաքապետի 05.11.2007 թվականի թիվ 4628-Ա որոշման հավելվածում նշված տվյալը, ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող պետական գրանցման հիմքում, որպես իրավահաստատող փաստաթուղթ, դրված է Երևանի քաղաքապետի 05.11.2007 թվականի «Բազմաբնակարան շենքերին կից (շենքերի ծավալից դուրս) ինքնակամ իրականացված կառույցներն օրինական ճանաչելու և շենքերի զբաղեցրած հողամասերը դրանց բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին անհատույց բաժնային սեփականության իրավունքով փոխանցելու մասին» թիվ 4628-Ա որոշումը. այդ որոշմամբ Վարդանանց փողոցի թիվ 14/2 շենքին կից (շենքի ծավալից դուրս) իրականացված ինքնակամ կառույցները ճանաչվել են օրինական: Ընդ որում, նշված վարչական ակտը սույն գործով չի վիճարկվել և երբևէ ոչ իրավաչափ չի ճանաչվել:

Սույն գործի փաստերի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ տվյալ դեպքում վիճարկվող պետական գրանցման իրավաչափության հարցի լուծումը պայմանավորված է այն հանգամանքով, թե Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 14/2 շենքի 22-րդ բնակարանին հարակից ինքնակամ շինության նկատմամբ Զիտտա Հովհաննիսյանի և Աննա Բաբայանի սեփականության իրավունքը կարող էր արդյոք գրանցվել Երևանի քաղաքապետի 05.11.2007 թվականի թիվ 4628-Ա որոշման հիման վրա, թե` ոչ: Նշված հարցադրմանը պատասխանելու համար պետք է պարզել, թե Երևանի քաղաքապետի 05.11.2007 թվականի թիվ 4628-Ա որոշումը վերաբերում է արդյոք Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 14/2 շենքի 22-րդ բնակարանին հարակից ինքնակամ շինությանը. այլ կերպ` արդյո՞ք նշված ինքնակամ կառույցը գոյություն ունեցել է Երևանի քաղաքապետի 05.11.2007 թվականի թիվ 4628-Ա որոշման ընդունման պահին:

Այսպես, ըստ Վճռաբեկ դատարանի` Երևանի քաղաքապետի 05.11.2007 թվականի թիվ 4628-Ա որոշմամբ օրինական են ճանաչվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 14/2 շենքին կից (շենքի ծավալից դուրս) ինքնակամ իրականացված այն կառույցները, որոնք նշված որոշման կայացման պահին առկա են եղել: Հետևաբար Երևանի քաղաքապետի 05.11.2007 թվականի թիվ 4628-Ա որոշման հիմքով կցակառույցների նկատմամբ իրավունքի պետական գրանցումն իրականացնելիս Կադաստրը պարտավոր էր նախ և առաջ ստուգել, թե արդյոք գրանցման ներկայացված կցակառույցը տվյալ որոշումը կայացնելու պահին առկա եղել է, թե` ոչ: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված հարցի պարզումը սույն գործով վիճարկվող պետական գրանցման վարույթի ընթացքում ունեցել է առանցքային նշանակություն, քանի որ կցակառույցի` Երևանի քաղաքապետի 05.11.2007 թվականի թիվ 4628-Ա որոշման կայացումից հետո կառուցված լինելու պարագայում նշված որոշումը դրա նկատմամբ կիրառելի չէր լինի: Այդ դեպքում Երևանի քաղաքապետի 05.11.2007 թվականի թիվ 4628-Ա որոշումը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի իմաստով չէր կարող դիտվել որպես Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 14/2 շենքի 22-րդ բնակարանին հարակից ինքնակամ շինության նկատմամբ իրավահաստատող փաստաթուղթ (իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթուղթ) ու դրա հիմքով չէր կարող կատարվել Զիտտա Հովհաննիսյանի և Աննա Բաբայանի սեփականության իրավունքի պետական գրանցում այդ անշարժ գույքի նկատմամբ: Այլ կերպ ասած, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 14/2 շենքի 22-րդ բնակարանին հարակից ինքնակամ շինության նկատմամբ Զիտտա Հովհաննիսյանի և Աննա Բաբայանի սեփականության իրավունքի պետական գրանցման վարույթի շրջանակներում Կադաստրը պետք է պարզեր, թե գրանցման համար որպես իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթուղթ ներկայացված վարչական ակտով` Երևանի քաղաքապետի 05.11.2007 թվականի թիվ 4628-Ա որոշմամբ, տվյալ գույքի նկատմամբ Զիտտա Հովհաննիսյանին և Աննա Բաբայանին տրամադրվել է արդյոք որևէ իրավունք, թե` ոչ:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ինքնակամ կառույցի նկատմամբ կատարված և սույն գործով վիճարկվող պետական գրանցման իրավաչափությունը ստուգելիս այդ պետական գրանցման համար որպես իրավահաստատող փաստաթուղթ հանդիսացող վարչական ակտի` տվյալ ինքնակամ կառույցի նկատմամբ կիրառելիության հարցին անդրադառնալը չի կարող մեկնաբանվել որպես սույն գործով վիճարկվող վարչական ակտի իրավաչափության գնահատման սահմանների անցում: Տվյալ դեպքում վիճարկվող պետական գրանցման իրավաչափությունը որոշելիս Դատարանն անդրադարձել է ոչ թե պետական գրանցման հիմքում ընկած վարչական ակտի իրավաչափության ստուգմանը, այլ պետական գրանցման հիմքում տվյալ վարչական ակտի դրված լինելու իրավաչափության ստուգմանը: Հետևաբար սույն գործով Դատարանը չի խախտել Երևանի քաղաքապետի 05.11.2007 թվականի թիվ 4628-Ա որոշման իրավաչափության կանխավարկածի սկզբունքը:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Դատարանը դուրս է եկել վարչական ակտի իրավաչափության գնահատման սահմաններից և անդրադարձել է այն վարչական ակտերի իրավաչափությանը, որոնք չեն վիճարկվել, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում, քանի որ տվյալ դեպքում Դատարանը ոչ թե ստուգել է վիճարկվող պետական գրանցման հիմքում ընկած վարչական ակտի` Երևանի քաղաքապետի 05.11.2007 թվականի թիվ 4628-Ա որոշման իրավաչափությունը, այլ դրա կիրառելիությունը Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 14/2 շենքի 22-րդ բնակարանին հարակից ինքնակամ կառույցի նկատմամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի քննություն ընթացքում Դատարանը, անդրադարձ կատարելով վիճարկվող պետական գրանցման համար հիմք հանդիսացած վարչական ակտի` Երևանի քաղաքապետի 05.11.2007 թվականի թիվ 4628-Ա որոշման կիրառության իրավաչափության հարցին, իրավաչափ կերպով հանգել է այն եզրակացության, որ Կադաստրը չէր կարող ինքնակամ կառույցի մասով պետական գրանցում կատարել այնպիսի պայմաններում, երբ պետական գրանցման վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվել այդ կցակառույցի` Երևանի քաղաքապետի 05.11.2007 թվականի թիվ 4628-Ա որոշման կայացումից առաջ կառուցված լինելու հանգամանքը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, սույն գործում առկա բոլոր ապացույցների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ուսումնասիրության արդյունքում իրավացիորեն հանգել է այն եզրակացության, որ Երևանի քաղաքապետի 05.11.2007 թվականի թիվ 4628-Ա որոշումը կիրառելի չէ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 14/2 շենքի 22-րդ բնակարանին հարակից ինքնակամ կառույցի նկատմամբ, քանի որ Կադաստրը չի ապացուցել այն հանգամանքը, որ վարչական վարույթի ընթացքում առկա են եղել բավարար տվյալներ առ այն, որ այդ ինքնակամ կառույցը կառուցվել է Երևանի քաղաքապետի 05.11.2007 թվականի թիվ 4628-Ա որոշումը կայացնելուց առաջ: Փաստորեն, սույն գործով վիճարկվող պետական գրանցման վարչական վարույթի ընթացքում չի հաստատվել այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի 05.11.2007 թվականի թիվ 4628-Ա որոշումը կարող է հիմք հանդիսանալ նշված ինքնակամ կառույցի նկատմամբ Զիտտա Հովհաննիսյանի և Աննա Բաբայանի սեփականության իրավունքի պետական գրանցման համար, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 14/2 շենքի 22-րդ բնակարանին հարակից ինքնակամ շինության նկատմամբ 17.07.2013 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի խախտմամբ և ենթակա է անվավեր ճանաչման:

Ելնելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծություններից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 14/2 շենքի 22-րդ բնակարանին հարակից ինքնակամ շինության մասով անվավեր ճանաչելով 17.07.2013 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվոր Հասմիկ Մելքոնյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերող անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հասմիկ Մելքոնյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Կադաստրի կողմից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.05.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 18.02.2015 թվականի վճռին:

2. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից հօգուտ Հասմիկ Մելքոնյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ռ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
  Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2017
N ՎԴ/8975/05/13
Որոշում