Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 109-ՐԴ ԵՎ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
ԵԿԴ/5382/02/15
2017թ.
 Քաղաքացիական գործ թիվ  ԵԿԴ/5382/02/15 
Նախագահող դատավոր` Ս. Թորոսյան
                   Դատավորներ` Ա. Խառատյան
                                                 Գ. Կարախանյան  

    

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ն. Տավարացյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի

                   

2017 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սուսաննա Եֆրեմովայի ներկայացուցիչ Անահիտ Պետրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.07.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սուսաննա Եֆրեմովայի ընդդեմ «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն), երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարանը)` անհիմն հարստացման արդյունքում ձեռք բերված գումարը վերադարձնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սուսաննա Եֆրեմովան պահանջել է Ընկերությունից բռնագանձել անհիմն հարստացում համարվող, բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված Երևանի Փ. Բուզանդի 26-րդ շենքի թիվ 3` 27,1քմ մակերեսով բնակարանի փոխհատուցման գումարը, որը տվյալ ժամանակաշրջանի հաշվարկով կազմում է 32.520 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, այդ գումարին հաշվարկված ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային դրույքաչափերով տոկոսները` սկսած Փ. Բուզանդի 26-րդ շենքի թիվ 3 բնակարանը պատասխանողի անվամբ սեփականության իրավունքով գրանցման օրվանից` 06.02.2010 թվականից մինչև փոխհատուցման գումարի վերադարձման օրը, ինչպես նաև փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը` 200.000 ՀՀ դրամ:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 30.03.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.07.2016 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Դատարանի 30.03.2016 թվականի վճիռը, և քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սուսաննա Եֆրեմովայի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Ընկերությունը և Քաղաքապետարանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետը և 110-րդ հոդվածի 3-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թիվ ԵԿԴ/1466/02/15 քաղաքացիական գործով Սուսաննա Եֆրեմովան հայցից հրաժարվել է գործը դատաքննության նախապատրաստելու փուլում: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո իրականացրել է գործը դատաքննության նախապատրաստելուն ուղղված գործողություններ, իսկ հայցվորը հայցից հրաժարվելու մասին դիմումը ներկայացրել է մինչև գործի դատաքննությունը սկսվելը: Հետևաբար տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառելի չէր:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը և այն փոփոխել` օրինական ուժ տալ Դատարանի 30.03.2016 թվականի վճռին:

 

2.1. Ընկերության վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է պատճառաբանված և օրինական որոշում, քանի որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.04.2015 թվականի որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության, ուստի չի կարելի հետևություն անել առ այն, որ Սուսաննա Եֆրեմովան հայցից հրաժարվել է նախապատրաստական փուլում:

 

2.2. Քաղաքապետարանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է պատճառաբանված և օրինական որոշում, քանի որ Սուսաննա Եֆրեմովան հայցից հրաժարվել է դատաքննության փուլում և պետք է գիտակցեր, որ հետագայում զրկվելու է միևնույն կողմերի, առարկայի և հիմքերի առկայության պայմաններում կրկին դատարան հայցադիմում ներկայացնելու հնարավորությունից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 09.04.2015 թվականին Սուսաննա Եֆրեմովան հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Ընկերության, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի` անհիմն հարստացման արդյունքում ձեռք բերված գումարը, այն է` բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված Երևանի Փ. Բուզանդի 26-րդ շենքի թիվ 3` 27,1քմ մակերեսով բնակարանի փոխհատուցման գումարը, այդ գումարին հաշվարկված ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային դրույքաչափերով տոկոսները` սկսած Փ. Բուզանդի 26-րդ շենքի թիվ 3 բնակարանը պատասխանողի անվամբ սեփականության իրավունքով գրանցման օրվանից` 06.02.2010 թվականից մինչև փոխհատուցման գումարի վերադարձման օրը, ինչպես նաև փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը` 200.000 ՀՀ դրամ վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին (քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1466/02/15) (հատոր 1-ին, գ.թ. 43):

2. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԿԴ/1466/02/15 քաղաքացիական գործով 20.04.2015 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ և գործի քննությունը նշանակել է 04.08.2015 թվականին ժամը 12:10-ին (հատոր 2-րդ, գ.թ. 14-15):

3. Թիվ ԵԿԴ/1466/02/15 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 04.08.2015 թվականին ժամը 12:10-ին նշանակված դատական նիստը չի կայացել, իսկ հաջորդ դատական նիստը նշանակվել է 29.09.2015 թվականին ժամը 17:10-ին:

4. Ըստ Սուսաննա Եֆրեմովայի հայցի ընդդեմ Ընկերության, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի` անհիմն հարստացման գումարները վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին թիվ ԵԿԴ/1466/02/15 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.10.2015 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է: Նշված վճռով, մասնավորապես, արձանագրվել է, որ հայցվորը 28.09.2015 թվականին դատարան ներկայացված գրությամբ հայտնել է, որ օգտվելով իր դատավարական իրավունքից, նախապատրաստական փուլում հրաժարվում է հայցից (հատոր 1-ին, գ.թ. 43):

5. Դատարանի 30.03.2016 թվականի վճռի դեմ Ընկերության կողմից վերաքննիչ բողոքը բերվել է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում, այն է`

ա) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատասխանող կողմին պատշաճ չծանուցելով,

բ) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետը` անտեսելով, որ նույն անձանց միջև նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ (հատոր 2-րդ, գ.թ. 41-45):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նույն անձանց միջև նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած վճռի պարագայում դատարան դիմելու իրավունքի սահմանափակման հարցին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցվորը հայցից կարող է հրաժարվել առաջին ատյանի դատարանում մինչև դատաքննության ավարտը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե հայցվորը հրաժարվել է հայցից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, բացառությամբ նույն օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել դատարան, բացառությամբ այն դեպքի, երբ հայցվորը հայցից հրաժարվել է դատաքննության նախապատրաստական փուլում:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության հիմքով գործի վարույթը կարճելու հիմքին, արձանագրել է, որ գործի վարույթը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, կարող է կարճվել միայն այն դեպքում, երբ նույնն են օրինական ուժի մեջ մտած վճռով լուծված և տվյալ քաղաքացիական գործերի

1. կողմերը, այսինքն` քաղաքացիական վարույթում հակադիր շահերով օժտված անձինք,

2. հայցի առարկան, այսինքն` հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը,

3. հայցի հիմքը, այսինքն` այն հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները` բացառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի:

i

Հետևաբար վերը նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում քաղաքացիական գործի վարույթը կարճվել չի կարող (տե՛ս, ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքն ընդդեմ «Գ. Արշակյան» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0407/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2012 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ օրենսդրի կողմից նույն անձանց միջև նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած վճռի պարագայում դատարան դիմելու իրավունքի սահմանափակումն ինքնանպատակ չէ, այլ նպատակաուղղված է դատավարական իրավունքների չարաշահման կանխարգելմանը, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի, իրավական որոշակիության, դատական խնայողության սկզբունքների ապահովմանը: Շահագրգիռ անձը, դատարան դիմելով, իրացնում է դատական պաշտպանության, արդար դատաքննության իր իրավունքը, որը միաժամանակ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունք է նաև դատավարության մյուս կողմի համար: Հետևաբար չնայած հայցվորի տնօրինչական իրավունքն է հայց հարուցելը և հայցից հրաժարվելը, սակայն այս իրավունքն ուղղակիորեն առնչվում է նաև պատասխանողի դատավարական իրավունքների հետ, ուստի օրենսդիրը նախատեսել է որոշակի երաշխիքներ նաև պատասխանողի համար` դատական պաշտպանության իր իրավունքն իրացնելու հարցում: Մասնավորապես` դատական պաշտպանության իրավունքը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ենթադրում է նաև իրավականորեն որոշակի, կանխատեսելի դատական ակտի առկայություն:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և այդ սկզբունքի շրջանակներում` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշին: Մասնավորապես` արձանագրվել է, որ արդար դատաքննության իրավունքը պահպանված է այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, ու կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի: Իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության մեջ, ի թիվս այլնի, ներառվում է նաև դրույթն այն մասին, որ կողմերից ոչ մեկը չի կարող պահանջել վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայում` միայն կրկնակի քննության իրականացման և նոր ակտի կայացման նպատակով (տե՛ս, օրինակ, Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան ու Միշա Վարդանյանների և մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Հետևաբար նաև այս սկզբունքի հաշվառմամբ է, որ օրենսդիրն արգելում է նույն հայցով կրկին դատարան դիմելն օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում` բացառությամբ այն դեպքի, երբ հայցվորը հայցից հրաժարվել է գործը դատաքննության նախապատրաստելու փուլում: Նման բացառություն նախատեսելը պայմանավորված է գործը դատաքննության նախապատրաստելու փուլի առանձնահատկություններով: Այս փուլում դեռևս իրականացվում են նախապատրաստական բնույթի գործողություններ, գործի ըստ էության քննություն չի իրականացվում, և հայցից հրաժարվելու պարագայում, ըստ էության, դատավարության որևէ սկզբունք, դատավարության մյուս կողմի որևէ իրավունք չի ստորադասվում: ՈՒստի յուրաքանչյուր նման դեպքում կարևորվում է այն հարցը, թե անձը դատավարության որ փուլում է հրաժարվել հայցից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատավորը, նույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում հայցադիմումի ընդունումը չմերժելու կամ դիմումը չվերադարձնելու դեպքում կայացնում է դա ընդունելու մասին որոշում, որում նշվում են նաև գործի քննության ժամանակը և վայրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 111.1-րդ հոդվածի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանը հայցադիմումը վարույթն ընդունելուց հետո գործը դատաքննության նախապատրաստելիս կիրառում է նույն օրենսգրքի 22.2-րդ գլխի կանոնները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Գործը դատաքննության նախապատրաստելը» վերտառությամբ 22.2-րդ գլխում ներառված 149.5-րդ հոդվածի համաձայն` հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով դատարանը ձեռնամուխ է լինում գործը դատաքննության նախապատրաստելուն:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով գործը դատաքննության նախապատրաստելու փուլի բովանդակությանը և այն վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 95-րդ հոդվածի 1-ին կետի, 149.8-րդ հոդվածի 1-ին կետի, 2-րդ կետի 7-րդ ենթակետի լույսի ներքո, արձանագրել է, որ գործը դատաքննության նախապատրաստելու փուլի առանցքային տարրը նախնական դատական նիստն է. այն գործը դատաքննության նախապատրաստելու այնպիսի իրավական կառուցակարգ է, որն ապահովում է դատավարության քննարկվող փուլի հիմնական խնդիրների լուծումը, գործը դատաքննության նախապատրաստելուն ուղղված գործողությունների զգալի մասի իրականացումը: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գործը դատաքննության նախապատրաստելու և նախնական դատական նիստի վերաբերյալ առկա իրավակարգավորումների համաձայն` նախնական դատական նիստը թեև ապահովում է դատավարության մասնակիցների անմիջական ներգրավվածությամբ գործը դատաքննության նախապատրաստելու փուլի հիմնական խնդիրների լուծումը և գործը դատաքննության նախապատրաստելուն ուղղված գործողությունների զգալի մասի իրականացումը, սակայն չի բացառում նաև նախնական դատական նիստից դուրս գործը դատաքննության նախապատրաստելուն ուղղված գործողությունների իրականացման հնարավորությունը: Նախնական դատական նիստ չհրավիրելու հանգամանքն ինքնին չի բացառում գործը դատաքննության նախապատրաստելու փուլի առկայության հնարավորությունը, հետևաբար յուրաքանչյուր գործով գործը դատաքննության նախապատրաստելու փուլի առկայությունը և այն ընդգրկող ժամանակահատվածը պարզելու համար անհրաժեշտ է գնահատել դատարանի և գործին մասնակցող անձանց կողմից իրականացվող դատավարական գործողությունների (դրանց համակցության) բնույթը և նպատակը: Վերը շարադրվածի հաշվառմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործը դատաքննության նախապատրաստելու փուլը կարող է ընդգրկել ինչպես նախնական դատական նիստից դուրս (մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ, 95-րդ հոդվածներ), այնպես էլ նախնական դատական նիստում (մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդված) դատարանի և գործին մասնակցող անձանց կողմից իրականացվող նախապատրաստական բնույթի գործողություններ (տե՛ս, Գագիկ Խաչատրյանն ընդդեմ Իսակ Դիլանչյանի և մյուսների թիվ ԵԿԴ/4715/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` 09.04.2015 թվականին Սուսաննա Եֆրեմովան հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Ընկերության, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի` անհիմն հարստացման արդյունքում ձեռք բերված գումարը, այն է` բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված` Երևանի Փ. Բուզանդի 26-րդ շենքի թիվ 3` 27,1քմ մակերեսով բնակարանի փոխհատուցման գումարը, այդ գումարին հաշվարկված ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային դրույքաչափերով տոկոսները` սկսած Փ. Բուզանդի 26-րդ շենքի թիվ 3 բնակարանը պատասխանողի անվամբ սեփականության իրավունքով գրանցման օրվանից` 06.02.2010 թվականից մինչև փոխհատուցման գումարի վերադարձման օրը, ինչպես նաև փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը` 200.000 ՀՀ դրամ վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին (քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1466/02/15): Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԿԴ/1466/02/15 քաղաքացիական գործով 20.04.2015 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ և գործի քննությունը նշանակել է 04.08.2015 թվականին ժամը 12:10-ին: Նշված օրը նշանակված դատական նիստը չի կայացել, իսկ հաջորդ դատական նիստը նշանակվել է 29.09.2015 թվականին ժամը 17:10-ին: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 09.10.2015 թվականի վճռով թիվ ԵԿԴ/1466/02/15 քաղաքացիական գործի վարույթը կարճել է հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով: Միաժամանակ նշված վճռով արձանագրվել է, որ հայցվորը 28.09.2015 թվականին դատարան ներկայացված գրությամբ հայտնել է, որ օգտվելով իր դատավարական իրավունքից` նախապատրաստական փուլում հրաժարվում է հայցից:

Սույն գործով Դատարանը, հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ Ընկերությունը չի կատարել օրենքով սահմանված պարտավորությունները Սուսաննա Եֆրեմովային սեփականության իրավունքով պատկանող 27,1քմ անշարժ գույքի մասով, ինչի արդյունքում տվյալ տարածքն իր սեփական հաշվեկշիռ անցնելու պահից Սուսաննա Եֆրեմովայի հաշվին անհիմն հարստացել է:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը բեկանելով և քաղաքացիական գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով կարճելով, պատճառաբանել է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.10.2015 թվականի վճռով կարճվել է թիվ ԵԿԴ/1466/02/15 քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Սուսանա Եֆրեմովայի ընդդեմ Ընկերության, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի` անհիմն հարստացման արդյունքում ձեռք բերված գումարը վերադարձնելու պահանջի մասին, այն հիմքով, որ հայցվորը հրաժարվել է հայցից: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածով սահմանված կարգով նախնական դատական նիստ չի հրավիրվել, գտել է, որ գործի քննությունն իրականացվել է առանց նախապատրաստական փուլի, իսկ հայցվորը հայցից հրաժարվել է գործի դատաքննության փուլում: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ սույն քաղաքացիական գործի և թիվ ԵԿԴ/1466/02/15 քաղաքացիական գործի կողմերը, հայցի առարկան ու հիմքերը նույնն են, հետևաբար Դատարանն անտեսել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի իրավակարգավորումը: Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի խախտման վերաբերյալ փաստարկին, Վերաքննիչ դատարանն այն անհիմն է որակել` արձանագրելով, որ Ընկերությունը պատշաճ կերպով ծանուցվել է դատական նիստերի վայրի և ժամանակի մասին:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ նախնական դատական նիստը գործը դատաքննության նախապատրաստելու փուլի առանցքային տարրն է, որը, սակայն, չի կարող նույնացվել դատավարության այս փուլի հետ: Հետևաբար գործով նախնական դատական նիստ հրավիրված չլինելու հանգամանքը դեռևս չի նշանակում, որ գործի քննությունը չի իրականացվել գործը դատաքննության նախապատրաստելու փուլի կանոններով` նկատի ունենալով նաև այն, որ նախապատրաստական բնույթի գործողությունները կարող են իրականացվել նաև նախնական դատական նիստից դուրս: Հետևաբար անհիմն է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ թիվ ԵԿԴ/1466/02/15 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ չի հրավիրվել, հետևաբար գործի քննությունն իրականացվել է առանց նախապատրաստական փուլի:

Բացի այդ, Սուսաննա Եֆրեմովայի կողմից հայցից հրաժարվելու գրությունը ներկայացվել է 28.09.2015 թվականին` մինչև թիվ ԵԿԴ/1466/02/15 քաղաքացիական գործով 29.09.2015 թվականի նշանակված դատական նիստը սկսելը: Ավելին` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, 09.10.2015 թվականի վճռով թիվ ԵԿԴ/1466/02/15 քաղաքացիական գործի վարույթը կարճելով, արձանագրել է, որ հայցվորը 28.09.2015 թվականին Դատարան ներկայացված գրությամբ հայտնել է, որ օգտվելով իր դատավարական իրավունքից, նախապատրաստական փուլում հրաժարվում է հայցից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը, որ Դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ թիվ ԵԿԴ/1466/02/15 քաղաքացիական գործով Սուսաննա Եֆրեմովան հայցից հրաժարվել է ոչ թե գործի նախապատրաստական փուլում, այլ` դատաքննության փուլում:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հաստատված փաստական հանգամանքները բավարար են արձանագրելու, որ Սուսաննա Եֆրեմովան թիվ ԵԿԴ/1466/02/16 քաղաքացիական գործով հայցից հրաժարվել է դատաքննության նախապատրաստական փուլում, որպիսի պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով սույն գործի վարույթը ենթակա չէր կարճման, ինչը, սակայն, սխալ է գնահատվել Վերաքննիչ դատարանի կողմից:

Վճռաբեկ բողոքի պատասխաններում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Դատարանի վճիռը վերաքննության կարգով, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը` վճռաբեկության կարգով, բողոքարկվել են միայն դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով, հետևաբար Վճռաբեկ դատարանը Դատարանի վճռին օրինական ուժ տալիս հիմք է ընդունում սույն որոշման` դատավարական նորմի սխալ կիրառության վերաբերյալ պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը` առանց անդրադառնալու նյութական իրավունքի նորմերի կիրառման իրավաչափությանը և հիմնավորվածությանը` նյութական իրավունքի նորմերի խախտման հիմքով բողոքարկում իրականացված չլինելու պատճառաբանությամբ:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` գույքային պահանջի գործերով առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից, նույն պահանջի գործերով դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով, նույն պահանջի գործերով դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Ընկերությունը, Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելով, կատարել է պետական տուրքի մասնակի վճարում` վճարելով 10.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 7) և վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է պետական տուրքի չվճարված մասի վճարման ժամկետը հետաձգելու մասին միջնորդություն (հատոր 2-րդ, գ.թ. 13, 35), որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Պետական տուրքի մնացյալ մասի վճարումը հետաձգելու և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» 31.05.2016 թվականի որոշմամբ բավարարվել է (հատոր 2-րդ, գ.թ. 48):

Սուսաննա Եֆրեմովայի ներկայացուցիչը, Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելով, վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է «Պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ» միջնորդություն, որը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին» 25.11.2016 թվականի որոշմամբ բավարարվել է:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և օրինական ուժ է տրվում Դատարանի վճռին, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետը, գտնում է, որ Ընկերությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման` 975,6 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (32.520 * 3%), ինչպես նաև 06.02.2010 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 32.520 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսագումարի 3%-ը` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, որից ենթակա է հաշվանցման Ընկերության կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված 10.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը: Միաժամանակ Ընկերությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 975,6 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (32.520 * 3%), ինչպես նաև 06.02.2010 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 32.520 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվելիք տոկոսագումարի 3%-ը` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.11.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրք, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.07.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.03.2016 թվականի վճռին:

2. «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 975,6 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 06.02.2010 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 32.520 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսագումարի 3%-ը` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար` հաշվանցելով «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված 10.000 ՀՀ դրամ պետական տուրքը:

«Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 975,6 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 06.02.2010 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսագումարի 3%-ը` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.11.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2017
N ԵԿԴ/5382/02/15
Որոշում