Սեղմել Esc փակելու համար:
«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 10-ՐԴ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 10-ՐԴ ԵՎ 14-ՐԴ ՀՈԴՎԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
ԵԿԴ/0090/04/15
2017թ.
Քաղաքացիական գործ թիվ   ԵԿԴ/0090/04/15

Նախագահող դատավոր`   Ա. Պետրոսյան

                   Դատավորներ`    Կ. Չիլինգարյան

                                                    Տ. Նազարյան

 

  ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Սողոմոնյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ն. Տավարացյանի

 

2017 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.04.2016 թվականի որոշման դեմ` ըստ Քաղաքապետարանի դիմումի ընդդեմ «Չերչիլլս» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1.Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 08.12.2015 թվականի վճռով դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.04.2016 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.12.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ և 14-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ և 14-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ գույքահարկ հաշվառող մարմինը` տվյալ դեպքում Երևանի քաղաքապետարանը, համապատասխան հաշվառումն իրականացնում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա: Տվյալ դեպքում Կադաստրի կողմից Երևանի քաղաքապետարանին տրամադրված էլեկտրոնային տեղեկատվության համաձայն` Երևանի Շիրակի թիվ 89/1 հասցեի անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Ընկերությանը, ուստի և նշված գույքի նկատմամբ հաշվարկված գույքահարկի վճարման պարտավորությունը «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթների ուժով կրում է Ընկերությունը:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կադաստրի կողմից 11.02.2016 թվականին տրված տեղեկանքի (ըստ նշված տեղեկանքի` Երևանի Շիրակի թիվ 89/1 հասցեի անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Ընկերությանը)` որպես լրացուցիչ ապացույց ձեռք բերելու և ներկայացնելու անհրաժեշտությունն առաջացել է Դատարանի կողմից Քաղաքապետարանի դիմումը մերժելուց հետո, ուստի և այն չէր կարող տրամադրվել Դատարանին: Հետևաբար Կադաստրի կողմից տրված տեղեկանքը նախկինում ներկայացված չի եղել Քաղաքապետարանի կամքից անկախ պատճառներով, իսկ ներկայումս տվյալ ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար, քանի որ այն ըստ էության հաստատում է գույքահարկով հարկման օբյեկտն Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանելու փաստը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.04.2016 թվականի որոշումը և փոփոխել այն` դիմումը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. 06.05.2015 թվականին դատարան ներկայացված դիմումով Քաղաքապետարանը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ: Դիմումի հիմքում դրվել են գույքահարկի գծով 1.120.199 ՀՀ դրամի չափով և հողի հարկի գծով 148.160 ՀՀ դրամի չափով Ընկերության պարտավորությունները (գ.թ. 4-6):

2. Դիմումին կից Քաղաքապետարանի կողմից ներկայացվել է տեղեկանք, ըստ որի` Ընկերության պարտքը Երևան համայնքի նկատմամբ 02.04.2015 թվականի դրությամբ կազմում է 1.268.359 ՀՀ դրամ, որից գույքահարկ` 1.120.199 ՀՀ դրամ, հողի հարկ` 148.160 ՀՀ դրամ (գ.թ. 7):

3. Դատարանի «Դիմումը վարույթ ընդունելու, սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակելու» 06.05.2015 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի դիմումն ընդունվել է վարույթ (գ.թ. 1):

4. Դատարանի 06.05.2015 թվականի գրությամբ պարտապան Ընկերությանն ուղարկվել է դիմումը վարույթ ընդունելու և սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումը, սակայն նշված փաստաթղթերով ուղարկված ծրարը հետ է վերադարձվել «հասցեում նման կազմակերպություն չկա» նշումով (գ.թ. 32, 37-38):

5. Դատարանի «Պատասխանողի և նրա գույքի հետախուզում հայտարարելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 13.08.2015 թվականի որոշմամբ Ընկերության, նրա գույքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և գործի վարույթը կասեցվել է (գ.թ. 50):

6. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի (այսուհետ` Ծառայություն) հարկադիր կատարողի` «Կատարողական վարույթն ավարտելու մասին» 03.11.2015 թվականի որոշման համաձայն` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 13.08.2015 թվականին տրված թիվ ԵԿԴ/0090/04/15 կատարողական թերթի համաձայն` պետք է հայտարարել հետախուզում Ընկերության, նրա գույքի և դրամական միջոցների նկատմամբ: Կատարողական գործողությունների ընթացքում պարտապանը, նրան պատկանող գույք և դրամական միջոցներ չեն հայտնաբերվել, որպիսի հիմքով կատարողական վարույթը ենթակա է ավարտման (գ.թ. 54):

7. Դատարանի 11.11.2015 թվականի որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է (գ.թ. 55):

8. Դատարանի 20.11.2015 թվականի գրությամբ պարտապան Ընկերությանն ուղարկվել է «Քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու մասին» 11.11.2015 թվականի որոշումը, սակայն նշված փաստաթղթով ուղարկված ծրարը հետ է վերադարձվել «հասցեում նման կազմակերպություն չկա» նշումով (գ.թ. 59, 64-65):

9. Ընկերությունը «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում գրավոր չի վիճարկել իր սնանկությունը:

10. Քաղաքապետարանի 03.02.2016 թվականի վերաքննիչ բողոքը բերվել է նյութական իրավունքի նորմերի, այն է` «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ և 14-րդ հոդվածների խախտման հիմքով: Միաժամանակ Քաղաքապետարանը Վերաքննիչ դատարան է ներկայացրել Կադաստրի կողմից 11.02.2016 թվականին տրված տեղեկանք, ըստ որի` Երևանի Շիրակի թիվ 89/1 հասցեի անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Ընկերությանը: Վերաքննիչ բողոքում տվյալ տեղեկանքը, որպես նոր ապացույց ներկայացնելու և այն Քաղաքապետարանի կամքից անկախ պատճառներով Դատարանում ներկայացված չլինելու վերաբերյալ որևէ փաստարկ, ինչպես նաև դրա վերաբերյալ որևէ այլ փաստաթուղթ սույն գործում առկա չեն (գ.թ. 84-86, 92):

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ և 14-րդ հոդվածների, դրա արդյունքում նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սնանկ ճանաչելու պայման հանդիսացող վճարային պարտավորության անվիճելիության հատկանիշի մեկնաբանմանը` վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը:

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել` հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն): Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`

ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու հաջորդ օրը դատարանը պարտապանին է ուղարկում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը` կցելով դիմումի պատճենը: Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 16-րդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ֆիզիկական անձ պարտապանը, փաստացի իր գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատեր պարտապանը կամ իրավաբանական անձ պարտապանի ղեկավարը բացակայում են, և նրանց գտնվելու (բնակության) վայրը բացահայտել հնարավոր չէ (այսուհետ` բացակայող պարտապան), ապա դատարանն իր նախաձեռնությամբ հետախուզում է հայտարարում պարտապանի (պարտապանի ղեկավարի) և նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` բացակայող պարտապանի նկատմամբ հայտարարված հետախուզման վարույթի ավարտից հետո, եթե չի հայտնաբերվում պարտապանի որևէ ներկայացուցիչ, ապա դատարանը ծանուցում է բացակայող պարտապանին նրա վերջին հայտնի` գտնվելու կամ բնակության վայրի հասցեով: Նշված հասցեով ծանուցումը բավարար է գործի վարույթը շարունակելու համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 10-րդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` նույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է հարկադրված սնանկության դեպքում վճարային պարտավորության անվիճելիության հարցին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հարկադրված սնանկության դեպքում վճարային պարտավորության անվիճելիությունը, այդպիսի պարտավորության առնվազն 60-օրյա ժամկետով կետանցը և վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելն այն երեք պայմաններն են, որոնցից յուրաքանչյուրի առկայությունն անհրաժեշտ է, իսկ բոլորինը միասին` բավարար անձին սնանկ ճանաչելու համար: Վճարային պարտավորության անվիճելիությունն առկա է այն դեպքում, երբ պարտապանը չի առարկում սնանկ ճանաչելու պահանջի դեմ (տե՛ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Գևորգ Հարոյանի թիվ ԵՇԴ/0009/04/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ելնելով անձին սնանկ ճանաչելու տարբեր հիմքերի առանձնահատկություններից` օրենսդիրն անձին սնանկ ճանաչելու յուրաքանչյուր հիմքի համար սահմանել է տարբեր կարգավորումներ: Այսինքն` կախված այն հանգամանքից, թե սնանկության դիմումի հիմքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված որ հիմքն է ընկած, կիրառվում է տվյալ հիմքին բնորոշ օրենսդրական կարգավորումը: Ըստ այդմ` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բոլոր այն դեպքերում, երբ սնանկության դիմումի հիմքում ընկած է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետը, այն է` պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունենալու հանգամանքը (ներառյալ` պահանջի հաշվանցը), ապա համապատասխան իրավասու պետական մարմինը պարտավոր է պարտապանին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնել, եթե հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ պարտադիր վճարումների կամ վարչարարությունից ծագած տուգանքների գծով վճարումն ուշացվում է (տե՛ս, ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչությունն ընդդեմ Ա/Ձ Մկրտիչ Հարությունյանի թիվ ԿԴ2/0078/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

i

Սույն գործի փաստերի համաձայն` 06.05.2015 թվականի դիմումով Քաղաքապետարանը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ: Դիմումին կից Քաղաքապետարանի կողմից ներկայացվել է տեղեկանք, ըստ որի` Ընկերության պարտքը Երևան համայնքի նկատմամբ 02.04.2015 թվականի դրությամբ կազմում է 1.268.359 ՀՀ դրամ, որից գույքահարկ` 1.120.199 ՀՀ դրամ, հողի հարկ` 148.160 ՀՀ դրամ: Դատարանի 06.05.2015 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի դիմումն ընդունվել է վարույթ: Դատարանի 06.05.2015 թվականի գրությամբ պարտապան Ընկերությանն ուղարկվել է դիմումը վարույթ ընդունելու և սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումը, սակայն նշված փաստաթղթերով ուղարկված ծրարը հետ է վերադարձվել «հասցեում նման կազմակերպություն չկա» նշումով: Հետագայում Դատարանի 13.08.2015 թվականի որոշմամբ Ընկերության, նրա գույքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և գործի վարույթը կասեցվել է: Գործում առկա` Ծառայության «Կատարողական վարույթն ավարտելու մասին» 03.11.2015 թվականի որոշմամբ Դատարանի 13.08.2015 թվականին թիվ ԵԿԴ/0090/04/15 կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթը ավարտվել է: Ծառայության նշված որոշման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ կատարողական գործողությունների ընթացքում պարտապանը, նրան պատկանող գույք և դրամական միջոցներ չեն հայտնաբերվել: Դատարանի 11.11.2015 թվականի որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է: Նշված որոշումը Դատարանի 20.11.2015 թվականի գրությամբ ուղարկվել է պարտապան Ընկերությանը, սակայն նշված փաստաթղթով ուղարկված ծրարը հետ է վերադարձվել «հասցեում նման կազմակերպություն չկա» նշումով: Ընկերությունը «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում գրավոր չի վիճարկել իր սնանկությունը:

Սույն գործով Դատարանը, Քաղաքապետարանի դիմումը մերժելով, պատճառաբանել է, որ «չնայած այն հանգամանքին, որ դիմողը դատարանին է ներկայացրել Ընկերության գույքահարկի գծով հարկային պարտավորությունների վերաբերյալ հաշվարկ, տեղեկանք, միևնույն ժամանակ նրա կողմից չի ներկայացվել որևէ հիմնավոր ապացույց այն մասին, որ տվյալ գույքը, որի նկատմամբ առաջացել են գույքահարկի գծով պարտավորությունները, սեփականության իրավունքով պատկանում է Ընկերությանը»:

Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի վերը նշված պատճառաբանությունները, Դատարանի վճիռը թողել է օրինական ուժի մեջ:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Դատարանը, հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի իրավակարգավորումը, իրականացրել է նշված նորմով սահմանված բոլոր գործողությունները (հայտարարել հետախուզում, կասեցրել գործի վարույթը, այնուհետև այն վերսկսել և ծանուցել է պարտապանին սնանկության վարույթի վերսկսման մասին): Մինչդեռ նշված գործողությունների ավարտից հետո` օրենքով սահմանված ժամկետում պարտապան Ընկերությունը գրավոր չի վիճարկել իր սնանկությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից օրենքով սահմանված ժամկետում սնանկության վերաբերյալ չառարկելու և պարտապանի անվճարունակության մասին վկայող` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով սահմանված հիմքի առկայությունն ինքնին բավարար էր պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռ կայացնելու համար:

Միաժամանակ նկատի ունենալով, որ սույն գործով սնանկության դիմումի մերժման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Քաղաքապետարանի կողմից չի ներկայացվել Երևանի Շիրակի թիվ 89/1 հասցեի անշարժ գույքը սեփականության իրավունքով Ընկերությանը պատկանելու փաստը հիմնավորող ապացույցը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

i

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գույքահարկ վճարող են համարվում Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները և դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է նույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույքը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների և հիմնարկների:

i

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գույքահարկի գծով պարտավորությունն առաջանում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Գույքահարկի գծով պարտավորությունը դադարում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շինությունների ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունները գույքի նշված տեսակների պետական գրանցումը (հաշվառումը) իրականացնող լիազոր մարմինները ներկայացնում են հաշվառող մարմին, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները, որպես պարտադիր լիազորություն, իրականացնում են գույքահարկի գանձումը:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ գույքի համապատասխան տեսակների պետական գրանցումը (հաշվառումը) իրականացնող լիազոր մարմինները գույքահարկով հարկվող օբյեկտների մասին տեղեկությունները ներկայացնում են հաշվառող մարմիններին (տվյալ դեպքում` Քաղաքապետարանին), որոնց հիման վրա վերջիններս օրենքով սահմանված կարգով իրականացնում են գույքահարկի գանձումը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից նման իրավակարգավորումը բխում է վարչական մարմինների փոխադարձ օգնության սկզբունքից, ըստ որի` վարչական մարմինները պարտավոր են փոխադարձ օգնություն տրամադրել միմյանց` իրենց լիազորություններն իրականացնելու համար:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Քաղաքապետարանը` որպես գույքահարկ հաշվառող մարմին, Ընկերության գույքահարկի վճարման պարտավորությունը կարող էր հաշվարկել` հիմք ընդունելով Կադաստրի կողմից գույքահարկով հարկվող օբյեկտի վերաբերյալ տրամադրված տեղեկությունը: Հետևաբար Քաղաքապետարանի կողմից նման հաշվարկի ներկայացման պայմաններում գործում է վերջինիս` համապատասխան օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վերաբերյալ տեղեկություն ներկայացված լինելու կանխավարկածը, քանի դեռ հակառակը չի ապացուցվել:

Ավելին` սույն դիմումի քննության հիմքում դրվել է Ընկերության` գույքահարկի վճարման պարտավորության առկայությունը, որի վերաբերյալ Քաղաքապետարանի կողմից ներկայացվել են համապատասխան տեղեկանք և հաշվարկներ, իսկ Ընկերությունն էլ օրենքով սահմանված ժամկետում չի վիճարկել իր սնանկությունն այդ հիմքով: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ ստորադաս դատարանների այն պատճառաբանությունը, որ Քաղաքապետարանի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց այն մասին, որ տվյալ գույքը, որի նկատմամբ առաջացել են գույքահարկի գծով պարտավորությունները, սեփականության իրավունքով պատկանում է Ընկերությանը:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանին: Եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է գործը և այն ուղարկում համապատասխան առաջին ատյանի դատարան` նոր քննության, եթե գտնում է, որ ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերոնշյալ իրավական նորմի վերլուծությանը, նշել է, որ օրենսդիրը, ամրագրելով ոչ լրիվ վերաքննության ինստիտուտը, սահմանափակել է վերանայման այս վարույթում ապացույցներ ներկայացնելու հնարավորությունը` բացառությամբ այն դեպքի, երբ ապացույցն առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով: Այս դեպքում վերաքննիչ դատարանը պարտավոր է բեկանել գործը և այն ուղարկել համապատասխան առաջին ատյանի դատարան` նոր քննության, եթե ներկայացված ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար: Հետևաբար վերաքննության փուլում նոր ապացույց ներկայացված լինելու պայմաններում վերաքննիչ դատարանը պետք է պարզի`

- ապացույցի` առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ներկայացնելու հնարավորությունը, և

- դրա` գործի լուծման համար էական նշանակություն ունենալու հանգամանքը (տե՛ս, Քաթրին Միրզայանսն ընդդեմ Վահե Կարապետյանի և Աննա Նազարյանի թիվ ԵԱՔԴ/2488/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Քաղաքապետարանը, առանց նոր ապացույց ընդունելու վերաբերյալ միջնորդության Վերաքննիչ դատարան է ներկայացրել Կադաստրի կողմից 11.02.2016 թվականին տրված տեղեկանքը, հանգել է այն հետևության, որ «տվյալ դեպքում բողոք բերողի կողմից ներկայացրած տեղեկանքը չի կարող ընդունվել որպես նոր ապացույց նախ և առաջ այն պատճառով, որ բողոք բերողը չի միջնորդել այն դիտելու որպես նոր ապացույց, և երկրորդ` չի ներկայացրել հիմնավորումներ այն մասին, որ զրկված է եղել այն առաջին ատյանի դատարանում ներկայացնելու հնարավորությունից»:

Վճռաբեկ դատարանը, ուսումնասիրելով Քաղաքապետարանի 03.02.2016 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքը, Կադաստրի կողմից 11.02.2016 թվականին տրված տեղեկանքը, արձանագրում է, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է նյութական իրավունքի նորմերի, այն է` «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ և 14-րդ հոդվածների խախտման հիմքով: Միաժամանակ Քաղաքապետարանը Վերաքննիչ դատարան է ներկայացրել Կադաստրի կողմից 11.02.2016 թվականին տրված տեղեկանքը: Վերաքննիչ բողոքում կամ դրանց կից ներկայացված փաստաթղթերում տվյալ տեղեկանքը որպես նոր ապացույց ներկայացնելու վերաբերյալ որևէ միջնորդություն, այն առաջին ատյանի դատարանում իր կամքից անկախ պատճառներով ներկայացված չլինելու վերաբերյալ որևէ փաստարկ առկա չէ:

Վերը նշվածը հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կադաստրի կողմից 11.02.2016 թվականին տրված տեղեկանքը` որպես նոր ապացույց դիտելու և այն վերաքննիչ բողոք բերած անձի կամքից անկախ պատճառներով առաջին ատյանի դատարանում ներկայացված չլինելու վերաբերյալ որևէ փաստարկ չլինելու պայմաններում Վերաքննիչ դատարանն իրավասու չէր անդրադառնալ այդ ապացույցին և որոշել այդ ապացույցի էական նշանակություն ունենալու կամ չունենալու հանգամանքը սույն գործի լուծման համար:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վերը նշված պատճառաբանությունը հիմնավոր է, իսկ վճռաբեկ բողոքի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի խախտման վերաբերյալ փաստարկն, անհիմն է:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.04.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
Դատավորներ Ե. Սողոմոնյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ն. Տավարացյանի

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2017
N ԵԿԴ/0090/04/15
Որոշում