i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
ԵԱՔԴ/2190/02/15 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2190/02/15 |
|
Նախագահող դատավոր` Ս. Թորոսյան Դատավորներ` Ա. Խառատյան Գ. Կարախանյան |
|
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
Նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Դրմեյանի |
|
Ս. Անտոնյանի |
|
Վ. Ավանեսյանի |
|
Ա. Բարսեղյանի |
|
Գ. Հակոբյանի |
|
Ռ. Հակոբյանի |
|
Տ. Պետրոսյանի |
|
Ե. Սողոմոնյանի |
|
Ն. Տավարացյանի |
2017 թվականի ապրիլի 07-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Յունիբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.05.2016 թվականի որոշման դեմ` ըստ Բանկի հայցի ընդդեմ Անիկ Ստեփանյանի իրավահաջորդ Սիմոն Արզումանյանի` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, պարտավորությունները վաղաժամկետ կատարելու և գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Սիմոն Արզումանյանին ճանաչել Անիկ Ստեփանյանի իրավահաջորդ` ժառանգությունը փաստացի ընդունած լինելու հիմքով, Սիմոն Արզումանյանից հօգուտ Բանկի բռնագանձել 15.790.201,4 ՀՀ դրամ` որպես 12.06.2012 թվականին կնքված վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարում` բռնագանձումը տարածելով Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի 14 շենքի թիվ 18 հասցեում գտնվող` գրավի առարկա անշարժ գույքի վրա, ինչպես նաև բռնագանձել 12.800.770,9 ՀՀ դրամ վարկի գումարի մնացորդի նկատմամբ տարեկան 17 տոկոս դրույքաչափով հաշվարկվող տոկոսները` սկսած 05.05.2015 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Զ. Նախշքարյան) (այսուհետ` Դատարան) 12.02.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.05.2016 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.02.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ, 1225-րդ, 1226-րդ հոդվածները, 1243-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 53-րդ հոդվածները, 219-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու հայցապահանջով կատարել է սխալ եզրահանգում, քանի որ դիտարկել և քննության առարկա է դարձրել մի այնպիսի պահանջ (ժառանգությունն ընդունելը պարտադրելու պահանջ), որը չի ներկայացվել Բանկի կողմից հայցադիմումում, Դատարանում չի հանդիսացել քննության առարկա և չի ներկայացվել վերաքննիչ բողոքի հիմքերում և հիմնավորումներում: Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ իբր «հայցվորը ներկայացրել է ժառանգությունն ընդունելուն պարտադրելու մասին պահանջ, մինչդեռ նման պահանջ չի կարող ներկայացվել, քանի որ ժառանգության ընդունումը կամավոր է»: Մինչդեռ Բանկի կողմից ներկայացված պահանջը վերաբերում է կատարված փաստին` պատասխանողին արդեն իսկ որպես ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելուն: Այսինքն` Բանկը ոչ թե պահանջել է պարտադրել պատասխանողին ընդունել ժառանգությունը, այլ Դատարանին խնդրել է պատասխանողին ճանաչել արդեն իսկ ժառանգությունն ընդունած ժառանգ: Հետևաբար այս մասով Վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր լիազորություններից` հաշվի չառնելով, որ Բանկն ունի ժառանգությունն ընդունած ժառանգին, այդ թվում նաև` ժառանգությունը փաստացի ընդունած ժառանգին պահանջ ներկայացնելու իրավունք:
Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է պահանջատիրոջ իրավունքը` իր պահանջը ներկայացնելու ժառանգությանն ընդունած ժառանգին մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ հայցվորը ժառանգ չէ, հետևաբար չի կարող ներկայացնել ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջ, անհիմն է:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «ամբողջությամբ բավարարել վճռաբեկ բողոքը` ամբողջությամբ բեկանելով դատական ակտը և բեկանված մասով գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալ»:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 27.01.1987 թվականին տրված թիվ II-ՍԼ 348666 ամուսնության վկայականի համաձայն` Սիմոն Արզումանյանը և Անիկ Ստեփանյանն ամուսնացել են 27.01.1987 թվականին (գ.թ. 13).
2) 09.07.2013 թվականին տրված թիվ ԱԲ 130277 մահվան վկայականի համաձայն` Անիկ Ստեփանյանը մահացել է 08.07.2013 թվականին (գ.թ. 14).
3) Բանկի և Անիկ Ստեփանյանի միջև 17.07.2008 թվականին կնքվել է թիվ 244-05 վարկային պայմանագիրը, որի համաձայն` Բանկն Անիկ Ստեփանյանին տրամադրել է 18.500.000 ՀՀ դրամի չափով վարկ` տարեկան 17 տոկոս դրույքաչափով և մինչև 17.07.2023 թվականը մարման ժամկետով (գ.թ. 16-18).
4) Բանկի, Խաչիկ Կիրակոսյանի և Անիկ Ստեփանյանի միջև 17.07.2008 թվականին կնքվել է թիվ 244-05/ԱՀ անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիրը, որի համաձայն` Բանկն Անիկ Ստեփանյանին վերոնշյալ վարկը տրամադրել է Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի 14-րդ շենքի թիվ 18 հասցեում գտնվող բնակարանը ձեռք բերելու նպատակով (գ.թ. 19-25).
5) 22.01.2015 թվականի դիմումով Սիմոն Արզումանյանը Բանկին տեղեկացրել է, որ Անիկ Ստեփանյանը մահացել է 08.07.2013 թվականին, մահից հետո վճարումները կատարվել են իր կողմից, ընդունել է Անիկ Ստեփանյանի պարտավորություններն ամբողջությամբ և պարտավորվել դրանք կատարել: Միաժամանակ նշել է, որ դիմել է նոտարական գրասենյակ` ժառանգություն ձևակերպելու համար, և Բանկից խնդրել է ժամկետանց պարտավորությունները կատարելու համար ժամկետ տրամադրել մինչև 01.04.2015 թվականը (գ.թ. 35-36).
6) Բանկի կողմից 05.05.2015 թվականին տրված տեղեկանքի համաձայն` 05.05.2015 թվականի դրությամբ վարկառու Անիկ Ստեփանյանի պարտավորությունը կազմում է 15.790.201,4 ՀՀ դրամ (գ.թ. 15).
7) Արաբկիր նոտարական տարածքի նոտարական գրասենյակի նոտարներ Կ. Ադամյանի, Վ. Աբաջյանի և Դ. Բեգլարյանի` համապատասխանաբար 06.11.2015 թվականի թիվ 107, 09.11.2015 թվականի թիվ 131/2015 և 11.11.2015 թվականի թիվ 240 գրությունների համաձայն` Անիկ Ստեփանյանի (մահացած` 08.07.2013 թվականին) անվամբ ժառանգական գործ առկա չէ (գ.թ. 68-70).
9) 13.07.2013 թվականի, 30.09.2013 թվականի, 31.01.2014 թվականի, 29.04.2014 թվականի և 27.06.2014 թվականի թվագրությամբ վճարման անդորրագրերի համաձայն` Սիմոն Արզումանյանի կողմից Անիկ Ստեփանյանի վարկի մարման համար գումարներ են վճարվել Բանկին (գ.թ. 38-41):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ, 1226-րդ և 1243-րդ հոդվածների միատեսակ կիրառության համար.
2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ, 1226-րդ, 1243-րդ հոդվածների սխալ մեկնաբանության, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
- արդյո՞ք կարելի է պահանջ ներկայացնել ժառանգին` ժառանգությունն ընդունելու վերաբերյալ,
- ինչպե՞ս է իրացվում անձի` ժառանգելու սահմանադրական իրավունքը,
- արդյո՞ք ժառանգները կրում են ժառանգության հետ կապված ծախսերը հատուցելու պարտականություն այն դեպքում, երբ նրանք ժառանգական գույքի փաստացի տիրապետմամբ ընդունել են ժառանգությունը, և արդյո՞ք պարտատերը ցանկացած ժամանակ կարող է պարտքը մարելու պահանջ ներկայացնել ժառանգներին:
ա. ժառանգելու իրավունքը` որպես անձի սահմանադրական իրավունք
i
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ժառանգելու իրավունքը երաշխավորվում է:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիների և իրավաբանական անձանց հրաժարվելն իրենց իրավունքներն իրականացնելուց չի հանգեցնում այդ իրավունքների դադարման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքի կանոններով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում: Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` ժառանգի կողմից ժառանգությունը չընդունելը հանգեցնում է նույն հետևանքներին, ինչը ժառանգությունից հրաժարվելն առանց այն անձին նշելու, հօգուտ որի նա հրաժարվել է ժառանգությունից, եթե այլ բան սահմանված չէ նույն օրենսգրքով, իսկ 7-րդ կետի համաձայն` եթե ժառանգն օրենքով սահմանված կարգով սնանկ է ճանաչվել, ապա նրա կողմից ժառանգությունը չընդունելը չի համարվում ժառանգությունից հրաժարում:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում` ներառյալ այն դեպքում, երբ նա արդեն ընդունել է ժառանգությունը:
Վերոնշյալ իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հիմնվում է, մասնավորապես, իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության սկզբունքների վրա: Նշված սկզբունքներից կամքի ինքնավարության սկզբունքը ենթադրում է քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցների իրավունքը` իրենց հայեցողությամբ և իրենց շահերին համապատասխան ընտրելու համապատասխան վարքագծի թույլատրելի տարբերակներից մեկը: Մասնակիցներն առավելապես իրենք են որոշում` մտնել որևէ քաղաքացիաիրավական հարաբերության մեջ, թե` ոչ, օգտվել իրենց իրավունքից, թե` ոչ, պահանջել իրենց օգտին պարտավորության կատարում, թե` ոչ և այլն: Ընդ որում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, իրավունքից չօգտվելը չի հանգեցնում այդ իրավունքի դադարման: ՈՒստի, վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական իրավահարաբերության մասնակիցները գործում են ինքնուրույն, սեփական կամքով:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ սեփականության սահմանադրական իրավունքի տարր հանդիսացող ժառանգման իրավունքի հետ կապված հարցերն առավելապես կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, հետևաբար նշված հարաբերություններին նույնպես բնորոշ են վերը նշված առանձնահատկությունները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժառանգությունը ժառանգը ձեռք է բերում միայն այն ընդունելու դեպքում: Որպես կամքի ինքնավարության սկզբունքի դրսևորում` ժառանգն ինքն է որոշում` ընդունել ժառանգությունը, թե` ոչ: Ընդ որում, ժառանգությունը ձեռք բերելու իրավունքից օգտվելու դեպքում գործում է, մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված իմպերատիվ այն նորմը, որ ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, որը ներառում է նաև ժառանգատուի պարտականությունները: Այլ կերպ ասած, եթե ժառանգը որոշում է ընդունել ժառանգությունը, ապա չի կարող հրաժարվել դրա արդյունքում վրա հասնող պարտադիր համարվող վարքագծից` ժառանգատուի պարտականությունն ընդունելուց: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ ժառանգը, որպես կամքի ինքնավարության դրսևորում, կարող է չընդունել ժառանգությունը կամ հրաժարվել արդեն ընդունած ժառանգությունից` իր համար չառաջացնելով որևէ իրավունք կամ պարտականություն: Այդուհանդերձ, նշված կանոնից օրենսդրի կողմից սահմանվել է բացառություն, որի համաձայն` սնանկ ճանաչված ժառանգը, փաստորեն, չի կարող հրաժարվել ժառանգությունից:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ անձն ինքն է որոշում ընդունել ժառանգությունը, թե` ոչ: Ընդ որում, ժառանգությունն ընդունվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կանոնների պահպանմամբ, որոնք մասնավորապես վերաբերում են ժառանգությունն ընդունելու եղանակներին, ժամկետներին և կարգին: Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձին չի կարելի պարտադրել ընդունել ժառանգությունը, այդ թվում` ժառանգին չի կարող ներկայացվել ժառանգությունն ընդունելու պահանջ:
բ. ժառանգությունն ընդունելու եղանակները
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն` առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները: Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`
1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.
2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.
3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է վկայակոչված հոդվածների վերլուծությանը: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը նախատեսել է ժառանգության ընդունման երկու եղանակ` ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելը և ժառանգի կողմից ժառանգված գույքը փաստացի տիրապետելը կամ կառավարելը: Ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել այդ գույքը, ինչը հանդիսանում է ժառանգական գույքի նկատմամբ ժառանգի սեփականության իրավունքի ծագման նախապայման (տե՛ս, Արմինե Հակոբյանը և Սամվել Հակոբյանն ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի և մյուսների թիվ 3-1621 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2007 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ եթե գործի քննության ընթացքում կողմերից մեկը բարձրացնում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ձևերից մեկով ժառանգությունն իր կողմից ընդունելու հարցը, ապա նմանատիպ գործեր քննելիս միշտ կարևոր է այն իրավական հարցի պարզաբանումը, թե արդյոք անձը փաստացի տիրապետման հիմքով ընդունել է ժառանգությունը (տե՛ս, օրինակ, Վլադիմիր Բալասանյանն ընդդեմ Կարինե Սերոպյանի և մյուսների թիվ 3-183(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը): ՈՒստի, դատարանում գործի քննության ժամանակ պետք է հիմնավորվի փաստացի տիրապետման հիմքով ժառանգական գույքն ընդունելու փաստը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ժառանգական գույքի փաստացի տիրապետելու հանգամանքը կարող է ապացուցվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով նախատեսված ապացույցների տեսակներով, ընդ որում, գույքի տիրապետման կամ կառավարման ապացույց կարող է հանդիսանալ նաև բնակարանային շահագործման մարմինների, համատիրությունների, բնակարանային-շինարարական կոոպերատիվների, տեղական ինքնակառավարման մարմինների և օրենսդրությամբ համապատասխան փաստաթուղթ տալու իրավունք ունեցող այլ մարմինների կողմից տրված տեղեկանքը կամ այլ ապացույցներ, որոնք ուղղակիորեն հաստատում են այն, որ ժառանգատուի մահից հետո ժառանգը փաստացի տիրապետել և կառավարել է ժառանգական գույքը (տե՛ս, Միշա Վարդանյանն ընդդեմ Վարդան Վարդանյանի և մյուսների թիվ 3-938 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշումը):
i
Եթե օրենսդիրը դիմում տալու եղանակով ժառանգության ընդունման հատուկ ընթացակարգ է նախատեսել (ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին վեցամսյա ժամկետում հանձնելը), ապա փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ժառանգության ընդունումը կարող է տեղի ունենալ ժառանգի կողմից ամենատարբեր բնույթի ակտիվ գործողություններ սկսելու հիմքով, որպիսիք ուղղված են ժառանգատուի գույքի փաստացի տիրապետման և կառավարման հնարավորությունների ապահովմանը (տե՛ս, Կիմա Սարգսյանն ընդդեմ Հարություն Սարգսյանի և մյուսների թիվ 3-1224 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշումը):
i
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ըստ օրենքի ժառանգման դեպքում ժառանգատուի մահվանից հետո վեցամսյա ժամկետում ժառանգի կողմից ժառանգված գույքի փաստացի տիրապետումն ու կառավարումն արդեն իսկ գիտակցված, ակտիվ գործողություններ են, որոնք նպատակաուղղված են ժառանգության ընդունմանը: Եթե ժառանգը, գիտակցելով, որ գույքը պատկանել է ժառանգատուին, վերջինիս մահվանից հետո տիրապետում և կառավարում է այդ գույքը, ըստ էության գիտակցաբար կատարում է ակտիվ գործողություններ, իսկ նման գործողությունների կատարումն օրենսդիրը համարում է ժառանգության ընդունման եղանակներից մեկը: Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ գործով հիմնավորված է ժառանգատուի մահվանից հետո ժառանգված գույքի փաստացի տիրապետման և կառավարման հանգամանքը, ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու համար այլևս անհրաժեշտություն չկա ապացուցելու այլ ակտիվ, գիտակցված գործողությունների կատարման վերաբերյալ փաստեր (...) (տե՛ս, Սամվել Հովհաննիսյանն ընդդեմ Լիդա Հովհաննիսյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ2/0420/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նաև հավելել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով ժառանգությունն ընդունելու համար բավարար է նաև ժառանգի կողմից ժառանգատուի պարտքերն իր հաշվին վճարելը կամ երրորդ անձանցից ժառանգատուին հասանելիք գումարներն ստանալը (տե՛ս, Գագիկ Արշակյանը և ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Արթուր Արշակյանն ընդդեմ Վահան Քոչարյանի և մյուսների թիվ ԵԱՆԴ/0137/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ այն դեպքերում, երբ ժառանգը որոշում է օգտվել իր իրավունքից և ընդունել ժառանգությունը, ապա այդ իրավունքն իրացվում է վերը նշված եղանակներից որևէ մեկով` կա՛մ ժառանգությունն ընդունելու, կա՛մ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով, կա՛մ ժառանգի կողմից ժառանգված գույքը փաստացի տիրապետելով կամ կառավարելով: Հետևաբար, եթե ժառանգը սահմանված ժամկետում դիմում է ներկայացնում նոտարին կամ սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը` իրականացնելով, մասնավորապես, վերը թվարկված գործողություններից որևէ մեկը, ապա համարվում է, որ ժառանգն օգտվել է իր իրավունքից, որը հանգեցնում է դրանից անմիջականորեն բխող պարտադիր վարքագծի դրսևորման անհրաժեշտության` կապված հատկապես ժառանգատուի պարտատերերի առջև պատասխանատվության հետ:
գ. ժառանգատուի պարտատերերի պահանջների բավարարումը
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը բացվում է քաղաքացու մահից հետո:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1242-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության հետ կապված ծախսերը հատուցվում են հետևյալ հերթականությամբ`
առաջին հերթին հատուցվում են մինչև ժառանգատուի մահը նրա հիվանդության հետևանքով առաջացած և ժառանգատուի պատշաճ հուղարկավորության համար անհրաժեշտ ծախսերը.
երկրորդ հերթին հատուցվում են ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը պահպանելու և կառավարելու, ինչպես նաև կտակը կատարելու հետ կապված ծախսերը.
երրորդ հերթին բավարարվում են ժառանգատուի պարտքերով պարտատերերի պահանջները.
չորրորդ հերթին բավարարվում են պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգների պահանջները.
հինգերորդ հերթին հատուցվում են կտակային հանձնարարությունը կատարելու հետ կապված ծախսերը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պահանջները, մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը, կարող են ներկայացվել ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգները, ժառանգության իրավունքի վկայագիրը ստանալուց հետո, իրենց անցած գույքի արժեքի սահմաններում հատուցում են նույն օրենսգրքի 1242-րդ հոդվածում նշված ծախսերը: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` իրենց անցած ժառանգության արժեքի սահմաններում ժառանգները կրում են համապարտ պատասխանատվություն:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ համակարգային վերլուծության ենթարկելով վերը նշված հոդվածներով նախատեսված կարգավորումները, արձանագրել է, որ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալուց հետո ժառանգը ժառանգատուի պարտքերով պարտատերերի առջև իրեն անցած գույքի սահմաններում կարող է կրել պարտավորություններ, եթե ժառանգության բացումից վեցամսյա ժամկետում պարտատերերի կողմից իրեն պահանջ է ներկայացվել: Պահանջների ներկայացման համար սահմանված վեցամսյա ժամկետի ավարտից հետո ներկայացված պահանջները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով, ենթակա չեն բավարարման, քանի որ մինչև ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը պահանջի ներկայացման դեպքում միայն ժառանգը կարող էր որոշել ժառանգությունն ընդունելու նպատակահարմարությունը (տե՛ս, Սեդա Սոնյանն ընդդեմ Իդա Էբզիմյանի թիվ 3-1778 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, մեկ այլ որոշման շրջանակներում կրկին անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածին, արձանագրել է, որ օրենսդիրը հնարավորություն է ընձեռել ժառանգատուի պարտատերերին ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալն իրենց պահանջները ներկայացնել նախ հետևյալ անձանց` ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, ապա միայն նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին (տե՛ս, Սերգեյ Թաիրյանն ընդդեմ Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտարի թիվ ԵՔԴ/0279/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2010 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, զարգացնելով վերը շարադրված իրավական դիրքորոշումները, արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին կետով օրենսդրի կողմից ժառանգատուի պարտատերերի համար պահանջներ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանելն ինքնանպատակ չէ. այն կոչված է ապահովելու քաղաքացիաիրավական հարաբերությունների կայունությունը և որոշակիությունը` պայմանավորված ժառանգման իրավահարաբերությունների առանձնահատկություններով:
Ընդունելով ժառանգությունը` ժառանգը ոչ միայն ձեռք է բերում համապատասխան իրավունքներ, այլ նաև պարտավորություն է ստանձնում իրեն անցած գույքի արժեքի սահմաններում պատասխանատվություն կրելու ժառանգատուի պարտավորությունների համար: Հետևաբար յուրաքանչյուր դեպքում իր ժառանգման իրավունքն իրացնելիս ժառանգը պետք է հստակ պատկերացում ունենա ինչպես ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի կազմի, այնպես էլ ժառանգատուի պարտավորությունների վերաբերյալ: Եթե ժառանգության զանգվածի կազմը, որպես կանոն, պարզ է լինում ժառանգի համար, այլ է իրավիճակը ժառանգատուի պարտավորությունների պարագայում: Վերջիններիս վերաբերյալ որոշակի պատկերացում ժառանգը կարող է ունենալ միայն այն դեպքում, երբ օրենքով սահմանված ժամկետում պարտատերերի կողմից ներկայացվեն համապատասխան պահանջներ: Նման պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդիրը, ժառանգատուի պարտատերերի համար սահմանելով պահանջների ներկայացման վերջնաժամկետ, ըստ էության, նախադրյալներ է ապահովել ժառանգի համար ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի և ժառանգատուի պարտավորությունների հաշվառմամբ որոշելու իր` ժառանգման իրավունքի իրացման հարցը:
Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածով սահմանված ժամկետը դասվում է իրավադադարեցնող ժամկետների շարքին, ինչը նշանակում է, որ այդ ժամկետի բացթողումը հանգեցնում է պարտատիրոջ իրավունքի կորստի: Այսպես` գործնականում չի բացառվում, որ ժառանգությունը բացվելուց հետո ժառանգատուի պարտատերը կարող է որոշակի տևական ժամանակ օբյեկտիվորեն չիմանալ պարտապանի մահվան մասին: Մինչդեռ ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածը, այնպես էլ ժառանգության հետ կապված ծախսերը հատուցելուն վերաբերող մյուս իրավանորմերն այդ կապակցությամբ որևէ բացառություն չեն նախատեսում: Ավելին, ՀՀ օրենսդրությունը, ի տարբերություն ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կարգավորվող որոշակի իրավահարաբերությունների, մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Հայցային վաղեմության ժամկետը վերականգնելը) և 1228-րդ հոդվածի 2-րդ կետի (Ժառանգությունն ընդունելը սահմանված ժամկետի ավարտից հետո) կարգավորումների, չի նախատեսում նաև համապատասխան անձի մահվան մասին տեղյակ չլինելու հիմքով պահանջատիրոջ կողմից ժառանգներին պահանջ ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և (կամ) այդ ժամկետը վերականգնելու հնարավորություն:
Ելնելով վերոգրյալից` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում պարտատերերի կողմից պահանջները չներկայացնելու դեպքում նրանք զրկվում են հետագայում պարտապանի ժառանգների դեմ իրենց պահանջները ներկայացնելու իրավունքի իրացման հնարավորությունից:
Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածով օրենսդիրը սահմանափակել է նաև այն սուբյեկտների շրջանակը, որոնց ժառանգատուի պարտատերերը կարող են ներկայացնել իրենց պահանջները, մասնավորապես` պարտատերն իրավունք ունի իր պահանջը բացառապես ներկայացնելու ժառանգությունն ընդունած ժառանգներին, կտակակատարին կամ ժառանգության բացման վայրի նոտարին: Օրենսդիրը, ամրագրելով նշված սուբյեկտների շրջանակը և նրանց պահանջ ներկայացնելու ժամանակահատվածը, այդուհանդերձ, չի կարգավորել այդ պահանջների ներկայացման կարգը: Նման պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր դեպքում պարտատերն իր իրավունքը պետք է իրացնի այնպիսի եղանակով, որով հնարավոր է ապացուցել վերը թվարկված սուբյեկտներին ժառանգատուի պարտավորությունների վերաբերյալ տեղեկացնելու փաստը:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ և 1244-րդ հոդվածների փոխկապակցված վերլուծությամբ անդրադառնալով ժառանգությունն ընդունած ժառանգին պահանջ ներկայացնելու կարգին` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նման պահանջ կարող է ներկայացվել ժառանգման իրավունք ունեցող այն անձանց, որոնց վարքագիծը վկայում է ժառանգության հնարավոր ընդունման փաստի մասին: Ընդ որում, նման պահանջը կարող է ինչպես անմիջականորեն հասցեագրվել ժառանգին, այնպես էլ վերջինիս ներկայացվել դատարան հայց հարուցելու միջոցով: ՀՀ վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է հայցի ինստիտուտի էությունից, մասնավորապես` հայցը նյութաիրավական և դատավարական հասկացություն է, որի նյութաիրավական կողմն արտահայտվում է հայցվորի կողմից պատասխանողին ներկայացվող իրավական պահանջի մեջ, իսկ դատավարական կողմը դատարանին հասցեագրված պահանջն է` քննել և լուծել կողմերի միջև ծագած վեճը: Հետևաբար ժառանգատուի պարտատերը, վերջինիս հետ ունեցած պարտավորությունից բխող պահանջ ներկայացնելով դատարան ընդդեմ ժառանգման իրավունք ունեցող անձի, հայցի նյութաիրավական կողմի տեսանկյունից իրացնում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածով իրենց վերապահված իրավունքը (տե՛ս, Գյուլփերի Ստեփանյանն ընդդեմ Անահիտ Սմբատյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0416/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտատերերի կողմից պահանջների ներկայացման ժամկետի սահմանափակում դնելը նպատակաուղղված է ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելու իր իրավունքի իրացման համար բավարար հստակություն և որոշակիություն մտցնելուն, որպեսզի սահմանված ժամկետի ընթացքում ժառանգը հնարավորություն ունենա որոշել ընդունել ժառանգությունը, թե` ոչ, կամ օրինակ` պարտատերերի կողմից նշված ժամկետում պահանջ ներկայացվելու դեպքում հրաժարվել ժառանգությունից, թե` ոչ: Ընդ որում, նման կարգավորումը կիրառելի է ինչպես նոտարին դիմում ներկայացնելու, այնպես էլ փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ժառանգությունն ընդունելու պարագայում: Երկու դեպքում էլ ժառանգը պետք է իրական պատկերացում ունենա ժառանգության զանգվածի վերաբերյալ:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև ժառանգության հետ կապված ծախսերի, մասնավորապես` ժառանգատուի պարտքերով պարտատերերի պահանջները բավարարելու ժառանգների պարտականությանը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին կետի այն կարգավորման լույսի ներքո, համաձայն որի` ժառանգները հատուցում են այդ ծախսերը ժառանգության իրավունքի վկայագիրը ստանալուց հետո: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տվյալ դեպքում «ժառանգության իրավունքի վկայագիրը ստանալուց հետո» արտահայտությամբ օրենսդիրը նպատակ է ունեցել ընդգծելու, որ քննարկվող ծախսերը հատուցվում են ժառանգության ընդունման համար օրենքով սահմանված վեցամսյա ժամկետն անցնելուց և ժառանգների կազմը հայտնի դառնալուց հետո: ՈՒստի, նախքան նշված ժամկետի ավարտը (բացառությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1246-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքի) չի կարող պահանջ ներկայացվել ծախսերը նշված ժամկետից ավելի վաղ հատուցելու մասին` նկատի ունենալով այն, որ մինչ այդ պարզված չի լինում ժառանգությունն ընդունած ժառանգների կազմը: Բանն այն է, որ թե՛ ժառանգությունն ընդունելու, թե՛ դրանից հրաժարվելու համար օրենսդիրը սահմանել է վեցամսյա ժամկետ, և միայն այդ ժամկետն անցնելուց հետո է պարզ դառնում, թե ժառանգներից ով կամ ովքեր են ընդունել ժառանգությունը, ով կամ ովքեր են հրաժարվել դրանից և ում պետք է տրվի ժառանգության իրավունքի վկայագիր: Բացառությամբ այն պարտավորությունների, որոնք չեն կարող կատարվել առանց ժառանգատուի անձնական մասնակցության, ժառանգատուի մյուս բոլոր պարտավորությունները նրա մահվամբ չեն դադարում, և դրանք, օրենքով սահմանված ժամկետում և կարգով պահանջ ներկայացված լինելու դեպքում, պարտավոր են կատարել ժառանգությունն ընդունած ժառանգները` իրենց անցած գույքի արժեքի սահմաններում: Վճռաբեկ դատարանի նման մեկնաբանությունը պայմանավորված է ժառանգների (այդ թվում` ժառանգությունը փաստացի տիրապետմամբ կամ կառավարմամբ ընդունած) և ժառանգատուի պարտատերերի շահերի հավասարակշռման անհրաժեշտությամբ` կանխելու համար ժառանգների կողմից իրավունքի չարաշահման դրսևորումները: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի այլ մեկնաբանությունը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, որ իրականում ընդունելով ժառանգությունը` ժառանգները կարող են խուսափել ժառանգատուի պարտքերով պարտատերերի առջև պատասխանատվությունից` պարզապես չստանալով ժառանգության իրավունքի վկայագիր, այսինքն` չձևակերպելով ժառանգության ընդունումը: Նման մոտեցումն ամբողջությամբ կհակասի ժառանգված գույքը փաստացի տիրապետմամբ կամ կառավարմամբ ընդունելու հնարավորության վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված իրավակարգավորմանը, կստեղծի ժառանգության ընդունումն անհամաչափ ձևականություններով պայմանավորելու իրական վտանգ, ինչն իր հերթին կխախտի ժառանգության ընդունման իրավահարաբերությունների կայունությունը: Մյուս կողմից նման մեկնաբանությունը կիմաստազրկի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի այն ընդհանուր իրավակարգավորումը, համաձայն որի` ժառանգներն իրենց անցած գույքի արժեքի սահմաններում հատուցում են նույն օրենսգրքի 1242-րդ հոդվածում նշված ծախսերը, և այդ հարցում նրանք կրում են համապարտ պատասխանատվություն: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ժառանգությունն ընդունած ժառանգներն օրենքով սահմանված կարգով և չափով պատասխանատու են ժառանգի` իրավահաջորդություն թույլ տվող պարտավորությունների համար` անկախ այն հանգամանքից, թե ժառանգության ընդունումը ժառանգության իրավունքի վկայագրով ձևակերպվել է, թե` ոչ: Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է նաև նրանով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածը մեկնաբանելով ժառանգման ինստիտուտը կարգավորող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի այլ նորմերի համակցությունից առանձին և ժառանգների կողմից ժառանգատուի պարտքերի մարումը պայմանավորելով միայն ժառանգության իրավունքի վկայագիր ստանալով` անտեսվում է ժառանգությունը փաստացի տիրապետմամբ կամ կառավարմամբ ընդունելու եղանակը, որի արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ փաստացի ընդունելով ժառանգությունը` ժառանգները խուսափում են ժառանգատուի պարտքերը մարելուց: Նման մոտեցումը չի բխում իրավունքների չարաշահման արգելքից և քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակիցների իրավահավասարության սկզբունքից: Վճռաբեկ դատարանի նշված դիրքորոշումը հիմնավորվում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ կետի իրավակարգավորմամբ, համաձայն որի` ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Բանկի և Անիկ Ստեփանյանի միջև 17.07.2008 թվականին կնքվել է վարկային պայմանագիր, որից բխող պարտավորությունը 05.05.2015 թվականի դրությամբ, համաձայն Բանկի կողմից տրված տեղեկանքի, կազմել է 15.790.201,4 ՀՀ դրամ: Անիկ Ստեփանյանը մահացել է 08.07.2013 թվականին: Վերջինիս ամուսինը` Սիմոն Արզումանյանը, 22.01.2015 թվականի դիմումով Բանկին հայտնել է, որ ընդունել է Անիկ Ստեփանյանի պարտավորություններն ամբողջությամբ և պարտավորվել դրանք կատարել, և Բանկից խնդրել է ժամկետանց պարտավորությունները կատարելու համար ժամկետ տրամադրել: Արաբկիր նոտարական տարածքի նոտարների կողմից տրված գրությունների համաձայն` Անիկ Ստեփանյանի անվամբ ժառանգական գործ առկա չէ: 13.07.2013 թվականի, 30.09.2013 թվականի, 31.01.2014 թվականի, 29.04.2014 թվականի և 27.06.2014 թվականի թվագրությամբ վճարման անդորրագրերի համաձայն` Սիմոն Արզումանյանի կողմից Անիկ Ստեփանյանի վարկի մարման համար գումարներ են վճարվել Բանկին:
Դատարանը, մերժելով Բանկի հայցը, գտել է, որ Բանկը չի ներկայացրել որևէ պատշաճ ապացույց այն մասին, որ Սիմոն Արզումանյանն Անիկ Ստեփանյանի փոխարեն վերջինիս մահից հետո անձամբ կատարել է վճարումներ: Բացի այդ, ապացույցներ չեն ներկայացվել նաև այն մասին, որ Սիմոն Արզումանյանն օրենքով սահմանված կարգով դիմում է ներկայացրել` ժառանգությունն ընդունելու համար, ավելին` այդ փաստը հերքվել է Արաբկիր նոտարական տարածքի նոտարների կողմից սույն գործով տրված գրություններով:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Բանկի վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ Դատարանի եզրահանգումն այն մասին, որ Սիմոն Արզումանյանի կողմից վճարումներ կատարելու վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացվել, անհիմն է, քանի որ գործում առկա են համապատասխան վճարման անդորրագրեր, ինչպես նաև Սիմոն Արզումանյանի կողմից Բանկին ուղղված դիմում, որով Սիմոն Արզումանյանը հայտնել է, որ ընդունել է կնոջ պարտավորությունը: Այդուհանդերձ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ նշված խախտումն ազդեցություն չունի գործի ելքի վրա, քանի որ ժառանգություն ընդունելու համար պետք է առկա լինի ժառանգի կամահայտնությունը, որևէ մեկն իրավունք չունի ժառանգի փոխարեն ժառանգության ընդունման պահանջ ներկայացնելու: Հետևաբար Դատարանն իրավաչափ եզրահանգման է եկել այն մասին, որ Սիմոն Արզումանյանի կողմից ժառանգությունն ընդունելու համար նոտարին դիմում ներկայացրած լինելու վերաբերյալ ապացույցներ առկա չեն, այսինքն` քննարկվող պարագայում Սիմոն Արզումանյանի կողմից ժառանգությունն ընդունելու կամահայտնություն առկա չի եղել: Վերաքննիչ դատարանը նաև գտել է, որ ժառանգությունը փաստացի տիրապետմամբ ընդունելու իրավունքը և այն իրացնելու իրավասությունը տրված է բացառապես ժառանգներին կամ օրենքով սահմանված կարգով նրանց անունից դատարանում հանդես գալու իրավասություն ունեցող անձանց: ՈՒստի ժառանգության ընդունման պահանջի մասով Բանկը չի կարող հանդիսանալ պատշաճ հայցվոր, հետևաբար նաև անհիմն են դրանից բխող մյուս պահանջները:
Մինչդեռ վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի մեկնաբանությանը, նշել է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտը պետք է վերանայի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայելիս պետք է պարտադիր անդրադառնա վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին և հիմնավորումներին (տե՛ս, Տիգրան Կիրակոսյանն ընդդեմ Վիկտոր Խոլոդնիյի թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2010 թվականի որոշումը):
i
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը որոշում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, միաժամանակ արձանագրել է, որ նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ (տե՛ս, Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի, և Վոլոդյա Հակոբյանն ընդդեմ Համայակ Ոսկանյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում արձանագրել, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ ժառանգության ընդունման պարտադրման պահանջի մասով Բանկը չի կարող հանդիսանալ պատշաճ հայցվոր, անտեսել է այն հանգամանքը, որ նման պահանջը Դատարանի կողմից քննության առարկա չի դարձվել, և ըստ էության քննել է նշված հայցապահանջը և իր որոշմամբ եզրահանգել դրա` մերժման ենթակա լինելու մասին:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ պարագայում Վերաքննիչ դատարանը վերը նշված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ իրավասու չէր սեփական նախաձեռնությամբ եզրահանգումներ անելու այնպիսի հայցապահանջի մերժման կամ բավարարման ենթակա լինելու վերաբերյալ, որը Դատարանի կողմից քննության առարկա չէր դարձվել: Հետևաբար Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն առարկայազուրկ են` նկատի ունենալով վերաքննության օբյեկտի բացակայությունը: Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով Բանկը ոչ թե ներկայացրել է ժառանգության ընդունման պարտադրման պահանջ, այլ արդեն ընդունած ժառանգությունից իր պահանջները բավարարելու պահանջ:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանները գնահատման չեն արժանացրել սույն որոշման իրավական դիրքորոշումներով բարձրացված հարցերը` մասնավորապես չպարզելով, թե արդյոք Բանկը սահմանված ժամկետում իր պահանջը ներկայացրել է նոտարին կամ Անիկ Ստեփանյանի ժառանգներին, որից հետո միայն պետք է քննության արժանանար մնացած հանգամանքները, մասնավորապես` Սիմոն Արզումանյանի կողմից ժառանգությունն ընդունած լինելու փաստը` նաև գնահատման արժանացնելով Սիմոն Արզումանյանի կողմից Անիկ Ստեփանյանի պարտքի մարման ուղղված գործողություններ կատարած լինելը, Բանկի` Սիմոն Արզումանյանի դեմ ներկայացված գումարային պահանջի հիմնավորվածությունը և այլն: Հետևաբար նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով չի իրականացվել ապացույցների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտություն, որպիսի պարագայում առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն` պարզելու համար վերոնշյալ հանգամանքները` սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ դատական ծախսերի, այդ թվում` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.10.2016 թվականի որոշմամբ հետաձգված, ինչպես նաև վերաքննիչ բողոքի համար սահմանված և Վերաքննիչ դատարանի 21.04.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի չվճարված մասի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.05.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի, այդ թվում` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.10.2016 թվականի որոշմամբ հետաձգված, ինչպես նաև վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.04.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի չվճարված մասի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի |
Դատավորներ |
Մ. Դրմեյանի |
|
Ս. Անտոնյանի |
|
Վ. Ավանեսյանի |
|
Ա. Բարսեղյանի |
|
Գ. Հակոբյանի |
|
Ռ. Հակոբյանի |
|
Տ. Պետրոսյանի |
|
Ե. Սողոմոնյանի |
|
Ն. Տավարացյանի |