i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաաքացիական դատարանի որոշում |
ԵԱՔԴ/0598/02/15 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0598/02/15 |
|
Նախագահող դատավոր` Մ. Հարթենյան Դատավորներ` Ն. Բարսեղյան Լ. Գրիգորյան |
|
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
Նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի |
|
Ս. Անտոնյանի |
|
Վ. Ավանեսյանի |
|
Ա. Բարսեղյանի |
|
Մ. Դրմեյանի |
|
Գ. Հակոբյանի |
|
Ռ. Հակոբյանի |
|
Տ. Պետրոսյանի |
|
Ն. Տավարացյանի |
2017 թվականի ապրիլի 07-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արման Վարդազարյանի ներկայացուցիչ Դավիթ Ազիզյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.04.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արման Վարդազարյանի ընդդեմ Կարինե Վարդազարյանի` ամուսնությունը լուծելու, երեխաներին վերադարձնելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Կարինե Վարդազարյանի ընդդեմ Արման Վարդազարյանի, երրորդ անձ Երևանի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հարցերով հանձնաժողովի` ալիմենտի բռնագանձման, փաստաթղթերը վերադարձնելու, երեխաների բնակության վայրը որոշելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արման Վարդազարյանը պահանջել է լուծել իր և Կարինե Վարդազարյանի ամուսնությունը, Կարինե Վարդազարյանին պարտավորեցնել Միքայել և Նիկոլաս Վարդազարյաններին վերադարձնել իրենց մշտական բնակության վայր և նրանց բնակության վայր որոշել ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտա նահանգի Ֆարգո քաղաքի 2651 36 Ave S, APT 302, Fargo, ND 58104 USA հասցեն:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Կարինե Վարդազարյանը պահանջել է Միքայել և Նիկոլաս Վարդազարյանների բնակության վայրը որոշել իր բնակության վայրը, Արման Վարդազարյանին պարտավորեցնել վերադարձնելու Կարինե, Միքայել և Նիկոլաս Վարդազարյանների փաստաթղթերը (Կարինե Վարդազարյանի ԱՄՆ և ՌԴ անձնագրերը, սոցիալական քարտը, դիպլոմները, բանկային (կրեդիտ) քարտերը, Միքայել և Նիկոլաս Վարդազարյանների անձնագրերը, ծննդյան վկայականները, սոցիալական քարտերը, Գալինա Խաչատուրովայի գրին քարտը), ինչպես նաև Արման Վարդազարյանից հօգուտ Միքայել և Նիկոլաս Վարդազարյանների 19.05.2015 թվականից (դատարան դիմելու պահից) բռնագանձել ալիմենտ` յուրաքանչյուր երեխայի համար ամսական 450.000 ՀՀ դրամի չափով` մինչև երեխաների չափահաս դառնալը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Ս. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 09.11.2015 թվականին վճռել է գործի վարույթը` Արման Վարդազարյանի և Կարինե Վարդազարյանի ամուսնությունը լուծելու պահանջի մասով, կարճել, հայցը` մնացած մասով, մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել մասնակիորեն` անչափահասներ Միքայել Արմանի Վարդազարյանի` ծնված 12.12.2008 թվականին, և Նիկոլաս Արմանի Վարդազարյանի` ծնված 14.09.2013 թվականին, բնակության վայրը սահմանել Կարինե Վարդազարյանի բնակության վայրը, Արման Վարդազարյանից բռնագանձել ալիմենտ` յուրաքանչյուր երեխայի համար 200.000 ՀՀ դրամի չափով` մինչև երեխաների չափահաս դառնալը, ալիմենտի բռնագանձումը սկսել 20.02.2015 թվականից, Արման Վարդազարյանին պարտավորեցնել վերադարձնել Կարինե Վարդազարյանի ԱՄՆ և ՌԴ անձնագրերը, սոցիալական քարտը, դիպլոմները, բանկային (կրեդիտ) քարտերը, Միքայել և Նիկոլաս Վարդազարյանների անձնագրերը, ծննդյան վկայականները, Գալինա Խաչատուրովայի գրին քարտը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.04.2016 թվականի որոշմամբ Արման Վարդազարյանի և Կարինե Վարդազարյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 09.11.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Արման Վարդազարյանից հօգուտ Կարինե Վարդազարյանի բռնագանձվել է 100.000 ՀՀ դրամ` որպես Վերաքննիչ դատարանում փաստաբանի վարձատրության գումար:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արման Վարդազարյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ, 130-րդ, 130.1-րդ և 132-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն գործով Դատարանը նախ և առաջ պետք է քննարկման առարկա դարձներ և պարզեր Արման Վարդազարյանի վաստակի և (կամ) այլ եկամտի առկայությունը ու դրա չափը և միայն այդ հանգամանքը պարզելուց հետո ալիմենտի չափը որոշելու համար կարող էր կիրառել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ կամ 71-րդ հոդվածների դրույթները: Ապացույցների բացակայության պարագայում Դատարանը չի հիմնավորել ալիմենտի գումարն այդ չափով Արման Վարդազարյանի կողմից վճարելու պարտականությունը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանը հիմք է ընդունել միայն այն հանգամանքը, որ երեխաները նախկինում բնակվել են ԱՄՆ-ում, և ՀՀ-ում բնակվելու կենսաապահովման մակարդակը չպետք է պակաս լինի ԱՄՆ-ում ունեցած կենսաապահովման մակարդակից, սակայն որևէ ապացույցով չի հիմնավորել, թե երեխաներն ԱՄՆ-ում ինչպիսի կենսաապահովման մակարդակ են ունեցել, որը պետք է պահպանվի ՀՀ-ում բնակվելու ժամանակ:
2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածը, որպես հակընդդեմ հայց քննել է նաև ԱՄՆ և ՌԴ անձնագրերը, ԱՄՆ գրին-քարտերը, բանկի քարտերը, դիպլոմները վերադարձնելու մասին Կարինե Վարդազարյանի պահանջը` անտեսելով, որ դրանք սկզբնական պահանջի հաշվանցմանն ուղղված չեն, սկզբնական պահանջի բավարարման վրա չեն ազդում, և դրանց միջև առհասարակ որևէ կապ չկա:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.04.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. 01.03.2008 թվականի թիվ ԱԱ 073191 վկայականի համաձայն` Արման Վարդազարյանը և Կարինե Խաչատուրովան ամուսնացել են 01.03.2008 թվականին. ամուսնությունից հետո ամուսինները կրում են «Վարդազարյան» ազգանունը (հատոր 2-րդ, գ.թ 3):
2. 22.06.2001 թվականի թիվ I-ՄՅՈՒ 705581 ծննդյան վկայականի հայերեն թարգմանության համաձայն` 28.04.2001 թվականին ծնված Գալինա Խաչատուրովայի հայրն Արտեմ Խաչատուրովն է, մայրը` Կարինե Սարգսյանը (մինչամուսնական ազգանունը) (հատոր 2-րդ, գ.թ. 11):
3. 15.12.2008 թվականի թիվ ԱԱ 278536 ծննդյան վկայականի համաձայն` 12.12.2008 թվականին ծնված Միքայել Վարդազարյանի հայրն Արման Վարդազարյանն է, մայրը` Կարինե Վարդազարյանը (հատոր 1-ին, գ.թ. 19):
4. Հյուսիսային Դակոտայի առողջապահական բաժնի 10.01.2014 թվականի թիվ 133-13-008380 ծննդյան վկայականի հայերեն թարգմանության համաձայն` 14.09.2013 թվականին ծնված Նիկոլաս Վարդազարյանի հայրն Արման Վարդազարյանն է, մայրը` Կարինե Սարգսյանը (մինչամուսնական ազգանունը) (հատոր 1-ին, գ.թ. 20):
5. «www.amitytech.com» էլեկտրոնային կայքից ներբեռնված տվյալների հայերեն թարգմանության համաձայն` Արման Վարդազարյանն Ամիթի Թեքնոլոջի կազմակերպությունում աշխատում է լոգիստիկայի մասնագետ (հատոր 2-րդ, գ.թ. 9):
6. «Արեգ» համատիրության նախագահի կողմից 22.04.2015 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Կարինե Վարդազարյանը բնակվում է Երևանի Վրացական 4-րդ նրբանցքի թիվ 5/1 շենքի 50-րդ բնակարանում, և նրա խնամքին են գտնվում Գալինա Խաչատուրովան` դուստրը` ծնված 2001 թվականին, Միքայել Վարդազարյանը` որդին` ծնված 2008 թվականին, Նիկոլոս (Նիկոլաս) Վարդազարյանը` որդին` ծնված 2013 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 56):
7. Սույն գործում բացակայում են Արման Վարդազարյանի վաստակի և (կամ) այլ եկամտի չափի վերաբերյալ ապացույցներ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանների կողմից ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 130.1-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին. արդյո՞ք դատարանը կարող է ալիմենտ վճարողի վաստակի և (կամ) այլ եկամտի չափի վերաբերյալ ապացույցի բացակայության պայմաններում սահմանել կայուն դրամական գումարով բռնագանձվող ալիմենտի ամենամսյա չափ` թվարկելով միայն ալիմենտի չափի որոշման համար օրենքով սահմանված չափանիշները:
1. Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ նրա ծնողների միջև համաձայնության բացակայության դեպքում ծնողներից ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով` հետևյալ չափերով ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով`
ա) մեկ երեխայի համար ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ քառորդը.
բ) երկու երեխաների համար` մեկ երրորդը.
գ) երեք և ավելի երեխաների համար` կեսը:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության համաձայն` ծնողների միջև երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում դատարանն իրավունք ունի բռնագանձվող ալիմենտի ամենամսյա չափը սահմանելու կայուն դրամական գումարով կամ միաժամանակ և՛ դրամական կայուն գումարով, և՛ բաժիններով:
Նույն մասի առաջին պարբերության նորմերը կիրառվում են, եթե այդ ծնողների վաստակից և (կամ) այլ եկամտից բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի բռնագանձումն անհնար կամ դժվար է կամ էլ էականորեն վնասում է ստացողներից որևէ մեկի շահերին, ինչպես նաև այն դեպքերում, երբ երեխաների համար ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողը`
ա) ստանում է ոչ կանոնավոր կամ փոփոխվող վաստակ և (կամ) այլ եկամուտ.
բ) վաստակ և (կամ) այլ եկամուտ է ստանում բնամթերքի տեսքով կամ արտարժույթով.
գ) վաստակ և (կամ) այլ եկամուտ չի ստանում կամ չունի:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կայուն դրամական գումարի չափը որոշում է դատարանը` ելնելով երեխայի նախկին կենսաապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից` հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը:
i
Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը երեխայի ծնողից ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ գործեր քննելիս բռնագանձման ենթակա ալիմենտի չափը որոշելու համար նախ և առաջ պետք է պարզի և գնահատման առարկա դարձնի ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի առկայությունը և դրա չափը: Այսինքն` ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ալիմենտի չափի որոշման կանոնը կիրառվում է այն բոլոր դեպքերում, երբ դատարանի կողմից հաստատվում է ծնողի վաստակի և (կամ) այլ եկամտի կամ դրանցից որևէ մեկի առկայությունը, իսկ կայուն դրամական գումարով ալիմենտի բռնագանձման հնարավորությունը նախատեսվում է բացառիկ դեպքերում, այն է` եթե այդ ծնողների վաստակից և (կամ) այլ եկամտից բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի բռնագանձումն անհնար կամ դժվար է կամ էլ էականորեն վնասում է ստացողներից որևէ մեկի շահերին, ինչպես նաև, երբ երեխաների համար ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողը`
- ստանում է ոչ կանոնավոր կամ փոփոխվող վաստակ և (կամ) այլ եկամուտ,
- վաստակ և (կամ) այլ եկամուտ ստանում է բնամթերքի տեսքով կամ արտարժույթով,
- վաստակ և (կամ) այլ եկամուտ չի ստանում կամ չունի (տե՛ս, Գոհար Կիրակոսյանն ընդդեմ Լևոն Զազյանի թիվ ԵԱՆԴ/2775/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ ծնողների վաստակից և (կամ) այլ եկամտից բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի չափը որոշելը հանդիսանում է երեխայի ապրուստի միջոցի սահմանման հիմնական և առավել տարածված եղանակն այն դեպքերում, երբ ծնողներն ունեն կայուն վաստակ (եկամուտ): Ի տարբերություն բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի չափը սահմանելուն` կայուն դրամական գումարի չափը դատարանը որոշում է` ելնելով երեխայի նախկին կենսաապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից: Կայուն դրամական գումարով ալիմենտի բռնագանձման չափը սահմանելիս դատարանների կողմից պետք է հաշվի առնվեն ալիմենտ վճարող ծնողի իրական գույքային հնարավորությունները, ինչպես նաև ուշադրության արժանի այլ հանգամանքներ կամ շահեր (օրինակ` ընտանիքի անդամի անաշխատունակությունը, որին ալիմենտ վճարող կողմը պարտավոր է տրամադրել ապրուստի միջոց, հաշմանդամության ձեռքբերումը կամ երեխայի կողմից աշխատանքի անցնելը կամ ձեռնարկատիրությամբ զբաղվելը), որոնք նաև անհրաժեշտ են ալիմենտ վճարող ծնողի և նրա ընտանիքի մյուս անդամների գոյության նվազագույն պայմաններն ապահովելու համար: Ընդ որում, նման գործերով կողմերի գույքային դրությունը պարզելու համար դատարանները պետք է միաժամանակ հաշվի առնեն բոլոր աղբյուրները, որոնցից գոյանում է անձի ընդհանուր եկամուտը:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ:
Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները:
i
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս, նաև, Երանոս Հարությունյանն ընդդեմ Էլաննա Հարությունյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ԵԱՔԴ/1911/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Արման Վարդազարյանը և Կարինե Խաչատուրովան ամուսնացել են 01.03.2008 թվականին. ամուսնությունից հետո ամուսինները կրում են Վարդազարյան ազգանունը: 15.12.2008 թվականի թիվ ԱԱ 278536 ծննդյան վկայականի համաձայն` 12.12.2008 թվականին ծնված Միքայել Վարդազարյանի հայրն Արման Վարդազարյանն է, մայրը` Կարինե Վարդազարյանը: Հյուսիսային Դակոտայի առողջապահական բաժնի 10.01.2014 թվականի թիվ 133-13-008380 ծննդյան վկայականի հայերեն թարգմանության համաձայն` 14.09.2013 թվականին ծնված Նիկոլաս Վարդազարյանի հայրն Արման Վարդազարյանն է, մայրը` Կարինե Սարգսյանը (մինչամուսնական ազգանունը): «Արեգ» համատիրության նախագահի կողմից 22.04.2015 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Կարինե Վարդազարյանը բնակվում է Երևանի Վրացական 4-րդ նրբանցքի թիվ 5/1 շենքի 50-րդ բնակարանում, և նրա խնամքի տակ են գտնվում Գալինա Խաչատուրովան` դուստրը` ծնված 2001 թվականին, Միքայել Վարդազարյանը` որդին` ծնված 2008 թվականին, Նիկոլոս (Նիկոլաս) Վարդազարյանը` որդին` ծնված 2013 թվականին: «www.amitytech.com» էլեկտրոնային կայքից ներբեռնված տվյալների հայերեն թարգմանության համաձայն` Արման Վարդազարյանն Ամիթի թեքնոլոգի կազմակերպությունում աշխատում է լոգիստիկայի մասնագետ:
Դատարանն ալիմենտի բռնագանձման պահանջի մասով հայցը մասնակիորեն բավարարելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ գործի քննությամբ հիմնավորվել է, որ Արման Վարդազարյանը բնակվում և աշխատում է ԱՄՆ-ում, որպիսի փաստը հաստատվել է նաև «www.amitytech.com» կայքի քաղվածքից, որում նշված է կազմակերպության անունը` Ամիթի Թեքնոլոջի, որտեղ որպես լոգիստիկայի մասնագետ է աշխատում Արման Վարդազարյանը, սակայն նկատի ունենալով, որ վերջինս չի ներկայացրել, իսկ Կարինե Վարդազարյանն էլ հնարավորություն չունի ներկայացնելու ապացույց Արման Վարդազարյանի աշխատելու և աշխատավարձի չափի վերաբերյալ, գտել է, որ ալիմենտ պետք է բռնագանձվի կայուն դրամական գումարով: Ալիմենտի ամենամսյա վճարումների չափը սահմանելիս Դատարանը նշել է, որ հաշվի է առնում երեխաների նախկին կենսապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունը, Արման Վարդազարյանի և Կարինե Վարդազարյանի գույքային և ընտանեկան դրությունը, ուշադրության արժանի շահերը, ուստի Արման Վարդազարյանից հօգուտ Կարինե Վարդազարյանի խնամքին գտնվող երեխաների բռնագանձել է ալիմենտ կայուն դրամական գումարով` յուրաքանչյուր երեխայի համար ամսական 200.000 ՀՀ դրամի չափով` մինչև երեխաների չափահաս դառնալը:
Վերաքննիչ դատարանն Արման Վարդազարյանի բողոքի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Դատարանը պատճառաբանել է որպես ալիմենտ ամեն ամիս բռնագանձման ենթակա կայուն գումարի չափի վերաբերյալ իր դիրքորոշումը, իսկ բողոք ներկայացրած անձը, պնդելով, որ Դատարանը խախտել է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասը, որևէ կերպ չի հիմնավորել և չի մատնանշել, թե նշված նորմով սահմանված որ պահանջն է անտեսվել Դատարանի կողմից, ավելին` չի մատնանշել իր գույքային ու ընտանեկան դրության և ուշադրության արժանի որևէ շահ, ինչը պետք է հաշվի առնվեր, սակայն անտեսվել է Դատարանի կողմից և հանգեցրել է գործի սխալ լուծման: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ բողոք ներկայացրած անձի փաստարկները հիմք չեն հետևություն անելու այն մասին, որ առկա է ալիմենտի բռնագանձման պահանջի մասով գործի սխալ լուծմանը հանգեցնող նյութական իրավունքի նորմի խախտում:
Մինչդեռ վերը նշված վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի նույն օրենսգրքի 130.1-րդ հոդվածով սահմանված պահանջները:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռն օրինական է, եթե այն կայացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, նույն օրենսգրքի, այլ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառելի են տվյալ գործը քննելիս:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130.1-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռը հիմնավորված է, եթե վճռում շարադրված եզրահանգումները և հաստատված փաստերը համապատասխանում են առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցներին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130.1-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռը պատճառաբանված է, եթե դրանում երևում են փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին` արձանագրելով, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը: Որոշման իրավական հիմնավորումը հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ է, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին: Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների և մյուսների թիվ ԿԴ03/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):
Վերոգրյալի հիման վրա անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանություններին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ալիմենտի բռնագանձման պահանջի մասով վերջիններս չեն իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն` մասնավորապես` հիմնվելով միայն այն հանգամանքի վրա, որ Արման Վարդազարյանը բնակվում է ԱՄՆ-ում և «www.amitytech.com» էլեկտրոնային կայքից ներբեռնված տվյալների հայերեն թարգմանության համաձայն` աշխատում է Ամիթի Թեքնոլոջի կազմակերպությունում որպես լոգիստիկայի մասնագետ, անտեսել են, որ սույն գործում բացակայում է Արման Վարդազարյանի և նշված կազմակերպության միջև կնքված աշխատանքային պայմանագիր, աշխատավարձի չափի վերաբերյալ տեղեկանք կամ Արման Վարդազարյանի վաստակի և (կամ) այլ եկամտի չափի վերաբերյալ որևէ այլ ապացույց: Այսինքն` առանց պարզելու Արման Վարդազարյանի իրական գույքային դրությունը` Դատարանը յուրաքանչյուր երեխայի համար սահմանել է ամսական 200.000 ՀՀ դրամի չափով ալիմենտի կայուն գումար, իսկ Վերաքննիչ դատարանն էլ ալիմենտի չափի վերաբերյալ Դատարանի հետևությունը համարել է պատճառաբանված:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով ալիմենտի վճարման պարտականություն ունեցող ծնողի վաստակի և (կամ) այլ եկամտի չափի վերաբերյալ ապացույցի բացակայության պայմաններում, պարզապես թվարկելով ալիմենտի չափի որոշման համար օրենքով սահմանված չափանիշները, յուրաքանչյուր երեխայի համար ամսական 200.000 ՀՀ դրամի չափով ալիմենտի գումար բռնագանձելու հիմնավորումը բացակայում է ինչպես Դատարանի վճռում, այնպես էլ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ` այդպիսով նշված դատական ակտերը դարձնելով չպատճառաբանված և իրավական հիմնավորումից զուրկ:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ալիմենտ բռնագանձելու պահանջի մասով ստորադաս դատարանները, չպարզելով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները և գործում առկա ապացույցները չգնահատելով գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, թույլ են տվել դատավարական իրավունքի խախտում, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա:
2. Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պատասխանողն իրավունք ունի մինչև գործով վճիռ կայացնելը հակընդդեմ հայց հարուցել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` հակընդդեմ հայցը հարուցվում է հայց հարուցելու ընդհանուր կանոններով, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` հակընդդեմ հայցն ընդունվում է, եթե`
1) հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը.
2) հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը.
3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցվորն իրավունք ունի մեկ հայցադիմումում միացնել միմյանց հետ կապված մի քանի պահանջներ:
Վերոգրյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ հակընդդեմ հայցը պատասխանողի դատական պաշտպանության իրավունքի իրացման միջոց է` ի հակակշիռ ներկայացված հայցային պահանջի: Հակընդդեմ հայց պատասխանողը կարող է ներկայացնել մինչև գործով վճիռ կայացնելն ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար: Ընդ որում, հակընդդեմ հայցի հարուցումը կարգավորվում է հայց հարուցելու ընդհանուր կանոններով, այլ կերպ ասած` պատասխանողը, հակընդդեմ հայց հարուցելով, հավասարապես օգտվում է հայցվորի դատավարական իրավունքներից և կրում է նրա համար սահմանված պարտականությունները, ուստի հակընդդեմ հայցով հայցվորը նույնպես իրավունք ունի մեկ հայցադիմումում միացնել միմյանց հետ կապված մի քանի պահանջներ: Միաժամանակ հակընդդեմ հայցն ընդունելու համար օրենսդրի կողմից սպառիչ կերպով առանձնացվել են հետևյալ դեպքերը.
- հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը, կամ
- հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը, կամ
- հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը:
Սույն գործով սկզբնական հայցով Արման Վարդազարյանը պահանջել է լուծել իր և Կարինե Վարդազարյանի ամուսնությունը, Կարինե Վարդազարյանին պարտավորեցնել Միքայել և Նիկոլաս Վարդազարյաններին վերադարձնել իրենց մշտական բնակության վայր և նրանց բնակության վայր որոշել ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտա նահանգի Ֆարգո քաղաքի 2651 36 Ave S, APT 302, Fargo, ND 58104 USA հասցեն:
Հակընդդեմ հայցով Կարինե Վարդազարյանը պահանջել է Միքայել և Նիկոլաս Վարդազարյանների բնակության վայրը որոշել իր բնակության վայրը, Արման Վարդազարյանին պարտավորեցնել վերադարձնելու Կարինե, Միքայել և Նիկոլաս Վարդազարյանների փաստաթղթերը (Կարինե Վարդազարյանի ԱՄՆ և ՌԴ անձնագրերը, սոցիալական քարտը, դիպլոմները, բանկային (կրեդիտ) քարտերը, Միքայել և Նիկոլաս Վարդազարյանների անձնագրերը, ծննդյան վկայականները, սոցիալական քարտերը, Գալինա Խաչատուրովայի գրին քարտը):
Հակընդդեմ հայցի լրացմամբ Կարինե Վարդազարյանը պահանջել է նաև Արման Վարդազարյանից հօգուտ Միքայել և Նիկոլաս Վարդազարյանների 19.05.2015 թվականից (դատարան դիմելու պահից) բռնագանձել ալիմենտ` յուրաքանչյուր երեխայի համար ամսական 450.000 ՀՀ դրամի չափով` մինչև երեխաների չափահաս դառնալը:
Դատարանը 30.04.2015 թվականի որոշմամբ Կարինե Վարդազարյանի հակընդդեմ հայցն ընդունել է վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 36) և Կարինե, Միքայել և Նիկոլաս Վարդազարյանների փաստաթղթերը (Կարինե Վարդազարյանի ԱՄՆ և ՌԴ անձնագրերը, սոցիալական քարտը, դիպլոմները, բանկային (կրեդիտ) քարտերը, Միքայել և Նիկոլաս Վարդազարյանների անձնագրերը, ծննդյան վկայականները, սոցիալական քարտերը, Գալինա Խաչատուրովայի գրին քարտը) տրամադրելուն պարտավորեցնելու պահանջը քննության առնելով ու բավարարելով, պատճառաբանել է, որ այն փաստը, որ նշված փաստաթղթերը գտնվում են հակընդդեմ հայցով պատասխանողի մոտ, հիմնավորվում է ինչպես 2014 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում Արման Վարդազարյանի կողմից տրված բացատրությամբ, այնպես էլ հակընդդեմ հայցով պատասխանողի ներկայացուցչի` դատարանում տրված բացատրությամբ:
Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռն այդ մասով թողնելով օրինական ուժի մեջ, եզրահանգել է, որ ինչպես Կարինե Վարդազարյանի, այնպես էլ նրա խնամքին գտնվող երեխաներ Միքայել Վարդազարյանի, Նիկոլաս Վարդազարյանի և Գալինա Խաչատուրովայի իրավունքների և օրինական շահերի լիարժեք ապահովումը հնարավոր է միայն օրենքով սահմանված կարգով նրանց տրված փաստաթղթերի առկայության դեպքում, և համապատասխան փաստաթղթերն Արման Վարդազարյանի մոտ գտնվելու պայմաններում դրանք ենթակա են վերադարձման, հետևաբար փաստաթղթերը հետ վերադարձնելու պահանջի քննության վերաբերյալ բողոք ներկայացրած անձի փաստարկները Վերաքննիչ դատարանը գնահատել է անհիմն: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը, վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 89-րդ, 96-րդ, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 43-րդ, 52-րդ հոդվածները, արձանագրել է, որ Արման Վարդազարյանը Դատարան է դիմել ընդդեմ Կարինե Վարդազարյանի` ամուսնալուծության, երեխաներին վերադարձնելու պահանջով, Կարինե Վարդազարյանը հակընդդեմ հայց է ներկայացրել ընդդեմ Արման Վարդազարյանի` փաստաթղթերը վերադարձնելու, երեխաների բնակության վայրը որոշելու, ալիմենտի բռնագանձման պահանջներով, որոնք իրենց բնույթով միատեսակ են, քանի որ ուղղված են հակընդդեմ հայցով հայցվորի և նրա հետ բնակվող երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությանը, որպիսի պայմաններում հայցի և հակընդդեմ հայցի համատեղ քննությունը բխում է անչափահաս երեխաների շահերից, առկա է հայցի և հակընդդեմ հայցի միջև փոխադարձ կապը, դրանց համատեղ քննությունն ուղղված է վեճի առավել արագ և ճիշտ լուծմանը, հետևաբար հիմնավոր է Դատարանի կողմից հակընդդեմ հայցը վարույթ ընդունելու և հայցի հետ համատեղ քննելու վերաբերյալ որոշումը:
Վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սկզբնական հայցի ու հակընդդեմ հայցի առարկա են հանդիսանում հետևյալ պահանջները.
- Արման և Կարինե Վարդազարյանների ամուսնալուծությունը,
- անչափահաս երեխաներ Միքայել և Նիկոլաս Վարդազարյանների բնակության վայրը որոշելը,
- Կարինե, Միքայել և Նիկոլաս Վարդազարյանների և Գալինա Խաչատուրովայի փաստաթղթերը վերադարձնելուն պարտավորեցնելը,
- Արման Վարդազարյանից հօգուտ Միքայել և Նիկոլաս Վարդազարյանների ամսական կայուն դրամական չափով ալիմենտ գանձելը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի և հակընդդեմ հայցի առարկան կազմող պահանջները (բացառությամբ` ամուսնալուծության պահանջի) ուղղված են երեխաների լավագույն շահերն ապահովելուն, իսկ դրանց օբյեկտը հանդիսանում են անչափահաս երեխաների իրավունքները, ուստի Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը, որ սույն գործով հայցի ու հակընդդեմ հայցի քննությունը բխում է անչափահաս երեխաների շահերից, հայցի ու հակընդդեմ հայցի միջև առկա է փոխադարձ կապ և դրանց համատեղ քննությունն ուղղված է վեճի արագ և ճիշտ լուծմանը, հիմնավոր է և իրավաչափ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը` յուրաքանչյուր երեխայի համար ամսական 200.000 ՀՀ դրամի չափով ալիմենտ բռնագանձելու պահանջի վերաբերյալ Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասով, բեկանելու և գործն այդ մասով նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, իսկ գործը` ալիմենտի բռնագանձման պահանջի մասով, ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում այդ պահանջի մասով դատական ծախսերի բաշխման, այդ թվում նաև` փաստաբանի վարձատրության գումարի հատուցման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.04.2016 թվականի որոշման` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.11.2015 թվականի վճիռը հակընդդեմ հայցը մասնակիորեն բավարարելու` Արման Վարդազարյանից հօգուտ Կարինե Վարդազարյանի անչափահասներ Միքայել Արմանի Վարդազարյանի (ծնված 12.12.2008 թվականին) և Նիկոլաս Արմանի Վարդազարյանի(ծնված 14.09.2013 թվականին)` յուրաքանչյուր երեխայի համար ամսական 200.000 ՀՀ դրամի չափով` մինչև երեխաների չափահաս դառնալն ալիմենտի բռնագանձման մասով օրինական ուժի մեջ թողնելու և Արման Վարդազարյանից հօգուտ Կարինե Վարդազարյանի 100.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար բռնագանձելու մասերը, և գործն այդ մասերով ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
Մնացած մասով որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Բեկանված մասով դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Ե. Սողոմոնյան |
|
Ս. Անտոնյան |
|
Վ. Ավանեսյան |
|
Ա. Բարսեղյան |
|
Մ. Դրմեյան |
|
Գ. Հակոբյան |
|
Ռ. Հակոբյան |
|
Տ. Պետրոսյան |
|
Ն. Տավարացյան |