Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 78-ՐԴ, 149 ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
ԵԿԴ/4415/02/14
2017թ.
Գործ թիվ   ԵԿԴ/4415/02/14
Նախագահող դատավոր`  Ա. Սմբատյան 
                    Դատավորներ`  Կ. Հակոբյան
                                                   Ա. Հունանյան

  

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Գ. Հակոբյանի
  Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

 

2017 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ռուզաննա Բասմաջյանի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.04.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Օռլեանա Նուրիջանովայի, Լիանա և Մարինե Սիմոնյանների ընդդեմ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի, Ռուզաննա Բասմաջյանի` Աիդա Սիմոնյանի կողմից 13.03.2014 թվականին արված «կտակը վերացնելու մասին» հայտարարությունը (ս/մ 1176) և նույն օրը կազմված կտակը (ս/մ 1177) անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Օռլեանա Նուրիջանովան, Լիանա և Մարինե Սիմոնյանները պահանջել են անվավեր ճանաչել Աիդա Սիմոնյանի (մահացած 17.04.2014 թվականին) կողմից 13.03.2014 թվականին կազմված «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից վավերացված, սեղանամատյանում 1177 համարով գրանցված կտակը և 1176 համարով գրանցված հայտարարությունը` 05.11.2012 թվականին սեղանամատյանի 7633 համարով գրանցված կտակը վերացնելու մասին:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 15.12.2015 թվականի վճռով Օռլեանա Նուրիջանովայի, Լիանա և Մարինե Սիմոնյանների հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.04.2016 թվականի որոշմամբ Օռլեանա Նուրիջանովայի, Լիանա և Մարինե Սիմոնյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 15.12.2015 թվականի վճիռը բեկանվել, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուզաննա Բասմաջյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը, 149.8-րդ հոդվածի 1-ին կետը և 219-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս դատական ակտի բեկանման հիմքում դրել է այն հանգամանքը, որ նախնական դատական նիստից դատաքննության անցման մասին կողմը չի իրազեկվել, ինչը հանգեցրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջների խախտման:

Մինչդեռ սույն գործով Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելիս միանգամից նշանակել է դատաքննություն, որը դատարանի հայեցողական լիազորությունն է: Այսինքն` սույն գործի քննության ընթացքում նախնական դատական նիստ չի հրավիրվել, որպիսի պայմաններում Դատարանը հետագայում դատաքննություն նշանակելու մասին որոշում կայացնելու և այն կողմին ուղարկելու պարտականություն չուներ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.04.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 15.12.2015 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Օռլեանա Նուրիջանովան, Լիանա և Մարինե Սիմոնյանները, դիմելով դատարան, պահանջել են անվավեր ճանաչել Աիդա Սիմոնյանի (մահացած 17.04.2014 թվականին) կողմից 13.03.2014 թվականին կազմված, «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից վավերացված, սեղանամատյանում 1177 համարով գրանցված կտակը և 1176 համարով գրանցված հայտարարությունը` 05.11.2012 թվականին սեղանամատյանի 7633 համարով գրանցված կտակը վերացնելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 4-8).

2) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 16.10.2014 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նշանակելու մասին» վերտառությամբ որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, և գործը նշանակվել է դատաքննության (հատոր 1-ին, գ.թ. 1).

3) Դատարանի 10.09.2015 թվականի որոշմամբ Օռլեանա Նուրիջանովայի, Լիանա և Մարինե Սիմոնյանների ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է` սույն քաղաքացիական գործով նշանակվել է դատաձեռագրաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություն, իսկ գործի վարույթը կասեցվել է մինչև փորձաքննության ավարտը: Դատարանի 15.10.2015 թվականի որոշմամբ կասեցված գործի վարույթը վերսկսվել է, և գործը նշանակվել է դատաքննության (հատոր 2-րդ, գ.թ. 33-35, 46-47).

4) Օռլեանա Նուրիջանովայի, Լիանա և Մարինե Սիմոնյանների ներկայացուցչի կողմից 03.11.2015 թվականին Դատարան է մուտքագրվել գործի նյութերին ծանոթանալու և փորձագետի եզրակացության պատճենը ստանալու վերաբերյալ գրավոր միջնորդություն: Նույն օրը վերջինս ստացել է փորձագետի եզրակացությունը և միաժամանակ նշել, որ նյութերին ծանոթանալու անհրաժեշտություն չկա (հատոր 2-րդ, գ.թ. 61).

5) Օռլեանա Նուրիջանովայի, Լիանա և Մարինե Սիմոնյանների ներկայացուցիչը 2015 թվականի դեկտեմբերի 10-ի ժամը 16:40-ի դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցվել է (հատոր 2-րդ, գ.թ. 63).

6) Օռլեանա Նուրիջանովայի, Լիանա և Մարինե Սիմոնյանների ներկայացուցչի կողմից 10.12.2015 թվականին Դատարան է մուտքագրվել նույն օրը նշանակված դատական նիստը հետաձգելու և այն մեկ այլ հերթի նշանակելու մասին գրավոր միջնորդություն` նույն օրը տարբեր մարզերում ևս երեք դատական նիստերի մասնակցելու, ինչպես նաև Մարդու իրավունքների օրվա առթիվ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցելու պատճառաբանությամբ: Միջնորդությանը կից որևէ ապացույց չի ներկայացվել (հատոր 2-րդ, գ.թ. 67).

7) Օռլեանա Նուրիջանովայի, Լիանա և Մարինե Սիմոնյանների անունից 18.01.2016 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքում Դատարանի վճիռը բողոքարկվել է հետևյալ հիմքերի սահմաններում.

ա) Դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածների խախտում, այն է` Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է ընդամենը մեկ ապացույց` փորձագետի եզրակացությունը` ընդհանրապես չանդրադառնալով դրա արժանահավատությանը և գործում առկա բազմաթիվ այլ ապացույցների.

բ) Դատարանի կողմից չի կիրառվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ, 305-րդ, 1192-րդ, 1202-րդ, 1203-րդ, 1205-րդ, 1211-րդ, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 39-րդ, 46-րդ հոդվածները, այն է` վիճելի գործարքներից բացակայում են դրանց կազմման և նոտարական գործողությունների կատարման վայրի նշումները, բացի այդ, կտակարարը հայերենին բավականաչափ չի տիրապետել.

գ) Դատարանի կողմից թույլ է տրվել նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 28-րդ, 78-րդ հոդվածների խախտում, մասնավորապես` 10.11.2015 թվականին նշանակված դատական նիստը նախագահող դատավորի կողմից չներկայանալու պատճառով չի կայացել: Հաջորդ դատական նիստը նշանակվել է 10.12.2015 թվականին` ժամը 16:40-ին, որը հետաձգելու մասին գրավոր միջնորդություն է ներկայացվել, սակայն այն Դատարանի կողմից մերժվել է: Նույն դատական նիստին դատարանը հապճեպորեն` առանց դատավարություն իրականացնելու նշանակել է վճռի հրապարակման օր` ընդամենը 5 օր անց, որի մասին հայցվոր կողմը չի ծանուցվել: Բացի այդ, գործի քննությունը, ըստ էության, գտնվել է դատաքննությանը նախապատրաստելու փուլում (հատոր 2-րդ, գ.թ. 101-105):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ գործով նշանակված դատաքննության վերաբերյալ կողմերին իրազեկելու խնդրին այն դեպքում, երբ նախնական դատական նիստ չի հրավիրվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատավորը, նույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում հայցադիմումի ընդունումը չմերժելու կամ դիմումը չվերադարձնելու դեպքում կայացնում է դա ընդունելու մասին որոշում, որում նշվում են նաև գործի քննության ժամանակը և վայրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 111.1-րդ հոդվածի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո գործը դատաքննության նախապատրաստելիս կիրառում է նույն օրենսգրքի 22.2-րդ գլխի կանոնները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործը դատաքննության նախապատրաստելիս դատավորը պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ստանալուց հետո, իսկ այդպիսին չստանալու դեպքում պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտից հետո դատական քննությունը արդյունավետ իրականացնելու համար կարող է հրավիրել նախնական դատական նիստ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.9-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատավորը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն`գործը դատաքննության նշանակելու մասին որոշումն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, որում նշվում է գործի դատաքննության ժամանակի և վայրի մասին:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշման շրջանակներում անդրադառնալով վկայակոչված իրավակարգավորումներին, արձանագրել է, որ գործը դատաքննության նախապատրաստելու փուլի առանցքային տարրը նախնական դատական նիստն է. այն գործը դատաքննության նախապատրաստելու այնպիսի իրավական կառուցակարգ է, որն ապահովում է դատավարության քննարկվող փուլի հիմնական խնդիրների լուծումը, գործը դատաքննության նախապատրաստելուն ուղղված գործողությունների զգալի մասի իրականացումը: (...) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ գործը դատաքննության նախապատրաստելու փուլում իրականացվող նախապատրաստական գործողությունների գերակշիռ մասն իրականացվում է բացառապես նախնական դատական նիստի ընթացքում` այդպիսի նիստ հրավիրելու հնարավորությունը թողնելով դատարանի հայեցողությանը: Փաստորեն, դատարանը նախնական դատական նիստ հրավիրելու հարցի լուծման կապակցությամբ օժտված է հայեցողական լիազորությամբ, քանի որ նույն օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ դատական քննությունն արդյունավետ իրականացնելու համար դատարանը կարող է հրավիրել նախնական դատական նիստ (տե'ս, ըստ դիմումի Արեգնազ Կարապետյանի` իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին, թիվ ԳԴ4/0504/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ գործով կայացված որոշման շրջանակներում անդրադարձել է նաև նախնական դատական նիստ նշանակված լինելու դեպքում գործով դատաքննություն նշանակելու հարցին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, ամրագրելով քաղաքացիական դատավարության փուլերը (հայցի հարուցման, գործը դատաքննության նախապատրաստելու, դատաքննության և այլն), պարտավորեցնում է դատարանին դատավարության մի փուլից անցումը մյուսին ձևակերպել առանձին դատավարական փաստաթղթով: Նշված իրավակարգավորումն ինքնանպատակ չէ և կոչված է երաշխավորելու գործին մասնակցող անձանց իրավունքների լիարժեք իրականացումը: Մասնավորապես` քաղաքացիական դատավարության յուրաքանչյուր փուլ ունի քաղաքացիական դատավարության ընդհանուր նպատակից բխող իր նպատակը, խնդիրները, դրանց լուծմանն ուղղված գործողությունների շրջանակը: Վերը նշվածով պայմանավորված` յուրաքանչյուր փուլում գործին մասնակցող անձանց իրավունքների և պարտականությունների շրջանակը ևս տարբեր է, հետևաբար վերջիններիս կողմից դատավարության համապատասխան փուլին անցնելու վերաբերյալ իրազեկումն ուղղակի անհրաժեշտություն է:

Կայացնելով գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը` դատարանը մի կողմից արձանագրում է գործը դատաքննության նախապատրաստելու փուլի ավարտը, մյուս կողմից` անցումը դատաքննության փուլին, որի շրջանակներում էլ իրականացվում է գործի ըստ էության քննությունը և լուծումը: Մասնավորապես` դատավարության այս փուլում դատարանը պարզում է հայցվորի պահանջները, պատասխանողի առարկությունները, անմիջականորեն հետազոտում է ապացույցները, պարզում է գործի փաստական հանգամանքները, կոնկրետ իրավահարաբերության սահմաններում կողմերի իրական իրավունքները և պարտականությունները: Վերը շարադրվածով պայմանավորված` դատավարության այս փուլում գործին մասնակցող անձանց հիմնական իրավունքները հանգում են իրենց դիրքորոշումը ներկայացնելուն և ապացույցների հետազոտմանը մասնակցելուն: Հետևաբար օրենսդրի պահանջը` դատաքննության նշանակելու մասին որոշումն առանձին ակտի ձևով կայացնելու և այն գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ, կոչված է ապահովելու վերջիններիս կողմից դատավարության այս փուլին նախապատրաստվելու և դատարան ներկայանալու իրական հնարավորությունը:

Հետևաբար այն դեպքում, երբ անձը չի տեղեկացվում դատաքննության փուլին անցնելու վերաբերյալ, որպես հետևանք զրկվում է դատավարության այդ փուլում օրենսդրորեն իրեն վերապահված դատավարական իրավունքներն իրացնելու հնարավորությունից` հայտնվելով դատավարության մյուս կողմի հետ համեմատ էականորեն նվազ բարենպաստ վիճակում, ինչն իրավահավասարության սկզբունքի խախտում է:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, միաժամանակ ելնելով գործի արդյունավետ քննության սկզբունքի ապահովման անհրաժեշտությունից, հավելել է, որ դատարանը նախնական դատական նիստի ավարտից անմիջապես հետո կարող է որոշում կայացնել դատաքննությունը սկսելու մասին բացառապես այն դեպքում, երբ նախնական դատական նիստին ներկայացել են գործին մասնակցող բոլոր անձինք, և նրանց հնարավոր է իրազեկել գործը դատաքննության նշանակելու մասին որոշման վերաբերյալ (տե՛ս, «Արտադրա-Տպագրական» ՓԲԸ-ն ընդդեմ Սուսաննա Հարությունյանի թիվ ԵՄԴ/0826/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական դատավարության համակարգ ներմուծելով նախնական դատական նիստի ինստիտուտը, այն բոլոր գործերով պարտադիր չի համարել` այդպիսի դատական նիստ հրավիրելու հարցը թողնելով դատավորի հայեցողությանը, որը վերջինս պետք է իրականացնի` ելնելով գործի քննության արդյունավետությունն ապահովելու անհրաժեշտությունից: Հետևաբար այն դեպքում, երբ դատավորը գործով նախնական դատական նիստ չի հրավիրել, այլ գործը միանգամից նշանակել է դատաքննության, նախնական դատական նիստից դատաքննության անցնելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵՄԴ/0826/02/12 քաղաքացիական գործով 18.07.2014 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելի չեն:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը բավարարելով, Դատարանի վճիռը բեկանելով և գործը նոր քննության ուղարկելով, վկայակոչել է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵՄԴ/0826/02/12 քաղաքացիական գործով 18.07.2014 թվականի որոշումը և պատճառաբանել է, որ Դատարանը նախնական դատական նիստում դատաքննության փուլին անցնելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո պարտավոր էր պատշաճ ծանուցել հայցվորներին կամ նրանց ներկայացուցչին` նշելով գործը դատաքննության նշանակելու ժամանակի և վայրի մասին, ինչը չի արել: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտել է, որ հայցվորները պատշաճ ձևով չեն տեղեկացվել 10.12.2015 թվականին նշանակված դատաքննության ժամանակի և վայրի մասին, ինչի արդյունքում խախտվել է նրանց` ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

i

ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի` վերը նշած իրավադրույթին, գտել է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, և ՀՀ վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտով տրված իրավական մեկնաբանության` համապատասխան գործով կիրառելիության հարցը լուծելիս դատարանները պետք է համադրեն նախադեպային գործի և քննության առարկա գործի էական նշանակություն ունեցող փաստերը: Այսինքն` դատարանը նախադեպային որոշմամբ տրված օրենքի մեկնաբանության` քննվող գործով կիրառելիության հարցը լուծելիս պետք է նախ առանձնացնի այն փաստական հանգամանքները, որոնք էական նշանակություն են ունեցել նախադեպային որոշման կայացման համար, և այնուհետև դրանք համադրի քննվող քաղաքացիական գործի փաստական հանգամանքների հետ` որոշելով դրանց նույնական լինել կամ չլինելու հարցը (տե'ս, «Արաբկիր Ալկո Լիկյոր-Օղու գործարան» ՍՊԸ-ն ընդդեմ Սոս Բաղդասարյանի թիվ 3-480 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.07.2008 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի թիվ ԵՄԴ/0826/02/12 գործի փաստական հանգամանքների համաձայն` դատարանը նախնական դատական նիստում, որին ներկա է գտնվել միայն հայցվորի ներկայացուցիչը, արձանագրային որոշում է կայացրել դատաքննության անցնելու մասին և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի հիմքով գործի քննությունը հայտարարել է ավարտված` նշանակելով դատական ակտի հրապարակման օրն ու ժամը: Գործում առկա չեն եղել առանձին դատական ակտի ձևով կայացված գործը դատաքննության նշանակելու մասին որոշում և այն պատասխանողին ուղարկելու վերաբերյալ ապացույց: Նշված գործով ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նախնական դատական նիստի ավարտից անմիջապես հետո գործի դատաքննությանն անցնելու հարցին, երբ կողմերից մեկը ներկա չէ և չի իրազեկվել գործը դատաքննության նշանակելու մասին որոշման մասին, արձանագրել է, որ երբ անձը չի տեղեկացվում դատաքննության փուլին անցնելու վերաբերյալ, որպես հետևանք զրկվում է դատավարության այդ փուլում օրենսդրորեն իրեն վերապահված դատավարական իրավունքներն իրացնելու հնարավորությունից` հայտնվելով դատավարության մյուս կողմի հետ համեմատ էականորեն նվազ բարենպաստ վիճակում, ինչն իրավահավասարության սկզբունքի խախտում է: Արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.9-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը, սահմանափակել է կողմի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, որպիսի դատավարական խախտումն ազդել է գործի ելքի վրա:

Այսինքն` ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի թիվ ԵՄԴ/0826/02/12 գործով դատարանն ի սկզբանե նախնական դատական նիստ է նշանակած եղել, որին ներկա է գտնվել միայն հայցվորի ներկայացուցիչը, և այդ նույն նիստով արձանագրային որոշմամբ դատարանն անցում է կատարել դատաքննության:

Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` Օռլեանա Նուրիջանովան, Լիանա և Մարինե Սիմոնյանները, դիմելով դատարան, պահանջել են անվավեր ճանաչել Աիդա Սիմոնյանի (մահացած 17.04.2014 թվականին) կողմից 13.03.2014 թվականին կազմված, «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից վավերացված, սեղանամատյանում 1177 համարով գրանցված կտակը և 1176 համարով գրանցված հայտարարությունը` 05.11.2012 թվականին սեղանամատյանի 7633 համարով գրանցված կտակը վերացնելու մասին: Դատարանի 16.10.2014 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նշանակելու մասին» վերտառությամբ որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, և գործը նշանակվել է դատաքննության: Դատարանի 10.09.2015 թվականի որոշմամբ Օռլեանա Նուրիջանովայի, Լիանա և Մարինե Սիմոնյանների ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է` սույն քաղաքացիական գործով նշանակվել է դատաձեռագրաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություն, իսկ գործի վարույթը կասեցվել է մինչև փորձաքննության ավարտը: Դատարանի 15.10.2015 թվականի որոշմամբ կասեցված գործի վարույթը վերսկսվել է, և գործը նշանակվել է դատաքննության: Օռլեանա Նուրիջանովայի, Լիանա և Մարինե Սիմոնյանների ներկայացուցչի կողմից 03.11.2015 թվականին Դատարան է մուտքագրվել գործի նյութերին ծանոթանալու և փորձագետի եզրակացության պատճենը ստանալու վերաբերյալ գրավոր միջնորդություն: Նույն օրը վերջինս ստացել է փորձագետի եզրակացությունը և միաժամանակ նշել, որ նյութերին ծանոթանալու անհրաժեշտություն չկա: Օռլեանա Նուրիջանովայի, Լիանա և Մարինե Սիմոնյանների ներկայացուցչի կողմից 10.12.2015 թվականին Դատարան է մուտքագրվել 10.12.2015 թվականին նշանակված դատական նիստը հետաձգելու և այն մեկ այլ հերթի նշանակելու մասին գրավոր միջնորդություն` նույն օրը տարբեր մարզերում ևս երեք դատական նիստերի մասնակցելու, ինչպես նաև Մարդու իրավունքների օրվա առթիվ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցելու պատճառաբանությամբ: Միջնորդությանը կից որևէ ապացույց չի ներկայացվել: Օռլեանա Նուրիջանովայի, Լիանա և Մարինե Սիմոնյանների ներկայացուցիչը 2015 թվականի դեկտեմբերի 10-ի ժամը 16:40-ին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացված է եղել:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի և ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի թիվ ԵՄԴ/0826/02/12 քաղաքացիական գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները նույնական չեն, մասնավորապես` ինչպես Դատարանի 16.10.2014 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նշանակելու մասին», այնպես էլ 15.10.2015 թվականի «Գործի կասեցված վարույթը վերսկսելու և գործը դատաքննության նշանակելու մասին» վերտառությամբ որոշումների և՛ ներածական, և՛ եզրափակիչ մասերում նշվել է «դատաքննություն» եզրույթը, այլ կերպ ասած` որոշումները ձևակերպված են բավարար ճշգրտությամբ, և թույլ են տալիս արձանագրել, որ Դատարանը սույն գործով չի հրավիրել նախնական դատական նիստ, այլ այն միանգամից նշանակել է դատաքննության, որի վերաբերյալ հայցվոր կողմը պատշաճ կերպով տեղեկացված է եղել, հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի թիվ ԵՄԴ/0826/02/12 որոշման իրավական դիրքորոշումները սույն գործով կիրառելի չէին:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափորեն արձանագրել է դատավարական նորմի խախտում, որը չի բխում սույն գործի փաստական հանգամանքներից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված Վճռաբեկ դատարանի լիազորությունը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` վերաքննիչ բողոքի մյուս հիմքերը քննության առնելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ դատական ծախսերի հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.04.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Մ. Դրմեյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2017
N ԵԿԴ/4415/02/14
Որոշում