i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
ԵԿԴ/3908/02/14 2017թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3908/02/14 |
|
Նախագահող դատավոր` Գ. Կարախանյան Տ. Նազարյան Ա. Խառատյան |
|
ՈՐՈՇՈւՄ ՀԱՆՈւՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. Պետրոսյանի |
|
Ս. Անտոնյանի |
|
Վ. Ավանեսյանի |
|
Ա. Բարսեղյանի |
|
Մ. Դրմեյանի |
|
Գ. Հակոբյանի |
|
Ռ. Հակոբյանի |
|
Ե. Սողոմոնյանի |
|
Ն. Տավարացյանի |
2017 թվականի ապրիլի 07-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արսեն Թավադյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.01.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռազմիկ Ուզունյանի ընդդեմ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), երրորդ անձ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն)` գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ռազմիկ Ուզունյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 940.085 ՀՀ դրամ, որից 179.585 ՀՀ դրամը` որպես 29.08.2013 թվականից մինչև 16.10.2013 թվականն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսագումար, 760.500 ՀՀ դրամը` որպես 29.08.2013 թվականից մինչև 06.07.2014 թվականն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսագումար, ինչպես նաև 200.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 30.09.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Ընկերությունից հօգուտ Ռազմիկ Ուզունյանի բռնագանձել 760.500 ՀՀ դրամ, ինչպես նաև 80.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար. հայցը` մնացած մասով, մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.01.2016 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30.09.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը և 417-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը, 48-րդ հոդվածի 1-ին կետը, 49-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 09.01.2014 թվականին Ծառայությունը որոշում է կայացրել 8.775.000 ՀՀ դրամի չափով Ընկերության դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին: Դրանից հետո «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն Ընկերության հաշվից 8.581.823 ՀՀ դրամ է փոխանցել Երևանի թիվ 1 գանձապետական բաժին` հարկադիր կատարման նպատակով, որը հաստատվում է այդ բանկի կողմից 24.01.2014 թվականին տրված թիվ 000090 վճարման հանձնարարագրի անդորրագրով: Այսպիսով, Ընկերության դրամական միջոցները դուրս են գրվել նրա հաշվից, որի կապակցությամբ դադարել է դրանց նկատմամբ Ընկերության սեփականության իրավունքը, որպիսի պայմաններում վերջինս որևէ կերպ չէր կարող դրանք ապօրինի պահել, վերադարձնելուց խուսափել կամ օգտագործել: Ուստի տվյալ դեպքում կողմերի միջև ծագած իրավահարաբերության նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետը կիրառելի չէ:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տվյալ դեպքում Ընկերության մեղքը բացակայում է, քանի որ նա չի խուսափել, ինչպես նաև անհիմն չի պահել Ռազմիկ Ուզունյանին հասանելիք գումարները: Ավելին` Ընկերությունը պատասխանատու չէ պետական մարմնի կողմից իր պարտավորությունները ոչ պատշաճ իրականացնելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.01.2016 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Թիվ ԵԿԴ/0973/02/11 քաղաքացիական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 11.12.2012 թվականին կայացված վճռով Ռազմիկ Ուզունյանի հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է անվավեր ճանաչել Ռազմիկ Ուզունյանին կարգապահական տույժերի ենթարկելու վերաբերյալ Ընկերության գլխավոր տնօրենի 14.04.2011 թվականի թիվ 29-Ա և 15.04.2011 թվականի թիվ 30-Ա հրամանները, վերականգնել նախկին աշխատանքում և Ընկերությանը պարտավորեցնել վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար. 01.01.2011 թվականից մինչև 07.01.2011 թվականի տոնական օրերի և 2011 թվականի հունվար ամսից մինչև ապրիլ ամսվա հանգստյան օրերին կատարած աշխատանքի համար 1.104.331 ՀՀ դրամի չափով վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասով հայցը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 19-21).
2) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.06.2013 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.12.2012 թվականի վճիռը` Ընկերության գլխավոր տնօրենի 14.04.2011 թվականի թիվ 29-Ա հրամանն անվավեր ճանաչելու մասով, բեկանվել և փոփոխվել է` հայցն այդ մասով մերժվել է. մնացած պահանջների մասով վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 6-18).
3) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» 28.08.2013 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հատոր 1-ին, գ.թ. 19-21).
4) Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի տեղակալ Ս. Սիմոնյանը, հիմք ընդունելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 27.11.2013 թվականին տրված կատարողական թերթը, 09.12.2013 թվականին նաև որոշում է կայացրել Ընկերությանը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարելուն պարտավորեցնելու վերաբերյալ կատարողական վարույթ հարուցելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 24).
5) նույն հարկադիր կատարողը 09.01.2014 թվականին որոշում է կայացրել 8.775.000 ՀՀ դրամի չափով Ընկերության դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 53).
6) 16.01.2014 թվականի մեմորիալ օրդերի համաձայն` Ընկերության հաշվից, ի կատարումն վերը նշված դատական ակտի, դուրս է գրվել 188.318,3 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 51).
7) «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ավանդային հաշվի քաղվածքի համաձայն` Ընկերության հաշվից, ի կատարումն վերը նշված դատական ակտի, 17.01.2014 թվականին փոխանցվել է 4.753,96 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 52).
8) 24.01.2014 թվականի թիվ 000090 վճարման հանձնարարագրի անդորրագրի համաձայն` Ընկերությունը Երևանի թիվ 1 գանձապետական հաշվին փոխանցել է 8.581.823 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 56).
9) 07.07.2014 թվականի թիվ 646001 վճարման հանձնարարագրի համաձայն` Ծառայությունը Ռազմիկ Ուզունյանին փոխանցել է 8.775.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 23).
10) Ռազմիկ Ուզունյանը հայցադիմումով պահանջել է 179.585 ՀՀ դրամը բռնագանձել որպես 29.08.2013 թվականից մինչև 16.10.2013 թվականն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսագումար, 760.500 ՀՀ դրամը` 29.08.2013 թվականից մինչև 06.07.2014 թվականն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսագումար (հատոր 1-ին, գ.թ. 3-5, 95-110).
11) Ընկերությունը 01.12.2014 թվականի հայցադիմումի պատասխանով նշել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» 28.08.2013 թվականի որոշումն ստացել է 10.09.2013 թվականին և դատարանի դատական ակտը կատարել է ողջամիտ ժամկետում, այն է` 16.10.2013 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 43-48):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ գործով չվճարված աշխատավարձի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվարկման հարցի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,
2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ և 417-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
- ի՞նչ պատասխանատվություն է ծագում սահմանված ժամկետում աշխատավարձը չվճարելու դեպքում,
- արդյո՞ք աշխատավարձը չվճարելու դեպքում կետանցված աշխատավարձի նկատմամբ կարող են հաշվարկվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները,
- այն դեպքերում, երբ առկա է չվճարված աշխատավարձը բռնագանձելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած և չկատարված դատական ակտ, արդյո՞ք դատական ակտով բռնագանձման ենթակա գումարի նկատմամբ կարող են հաշվարկվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:
ա. դրամական պարտավորությունը չկատարելու համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության ընդհանուր կանոնը.
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` նույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Եթե օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, ապա նույն կետով նախատեսված կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությանը: ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է, որ դրամական պարտավորությունը չկատարելու համար գումարին տոկոսներ վճարելու պարտավորության ծագման հիմքն ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելն է (տե՛ս, օրինակ, Արամ Հայրապետյանն ընդդեմ Նորիկ Գզիրյանի և մյուսների թիվ 3-502/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2008 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը վրա է հասնում հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
- ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում, և
- եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով կամ օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար:
Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման, եթե առկա է դրամային պարտավորություն, որի կատարումը խախտվել է, կամ այն չի կատարվել (տե՛ս, «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվն ընդդեմ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԵԿԴ/0735/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգավորումը դրամական պարտավորությունը խախտելու համար նախատեսված պատասխանատվության ընդհանուր կանոն է: Այսինքն` նշված կարգավորումը գործում է դրամական պարտավորությունների խախտման բոլոր այն դեպքերում, երբ այլ կարգավորում նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Ընդ որում, եթե այլ կարգավորում նախատեսված է կոնկրետ ժամանակահատվածի համար, ապա այդ ժամանակահատվածի ավարտից հետո նույնպես գործում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության ընդհանուր կանոնը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգավորումը` որպես ընդհանուր կանոն, չի գործում այն դեպքերում, երբ պատասխանատվության հստակ չափ և կարգավորում նախատեսվում է օրենքով կամ պայմանագրով` որպես հատուկ կանոն:
բ. աշխատավարձի վճարումը խախտելու համար նախատեսված պատասխանատվությունը.
i
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատավարձը օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է:
i
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը: Գործատուն կարող է ամսական աշխատավարձ վճարել մեկ անգամից ավելի պարբերականությամբ:
i
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է նույն օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:
i
«Աշխատավարձի պաշտպանության մասին» կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտել է 17.12.2005 թվականին) 1-ին հոդվածի համաձայն` նույն կոնվենցիայում «աշխատավարձ» եզրույթը, անկախ անվանումից և հաշվարկման մեթոդից, նշանակում է` փողով հաշվարկվող և փոխադարձ համաձայնագրով, ազգային օրենսդրությամբ սահմանված ցանկացած վարձատրություն կամ վաստակ, որը գրավոր կամ բանավոր պայմանագրի հիման վրա գործատուն վճարում է աշխատողին կատարած կամ կատարելիք աշխատանքի կամ մատուցած կամ մատուցելիք ծառայությունների համար:
i
«Աշխատավարձի պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` գործատուներին արգելվում է որևէ ձևով սահմանափակել աշխատողների` աշխատավարձի տնօրինման ազատությունը:
i
«Աշխատավարձի պաշտպանության մասին» կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` աշխատավարձը վճարվում է կանոնավոր կերպով: Բացառությամբ այն դեպքերի, երբ գոյություն ունեն այլ համապատասխան կարգավորումներ, որոնք ապահովում են աշխատավարձի պարբերական վճարումը, աշխատավարձի վճարման պարբերականությունը սահմանվում է ազգային օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրերով կամ միջնորդ դատարանի որոշումներով, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` աշխատանքային պայմանագրի դադարելուց հետո հասանելիք աշխատավարձերի վերջնահաշվարկն իրականացվում է ազգային օրենսդրությանը համապատասխան, կոլեկտիվ պայմանագրով կամ միջնորդ դատարանի որոշմամբ կամ, այդպիսի օրենսդրության, պայմանագրի կամ որոշման բացակայության դեպքում, իրականացվում է ողջամիտ ժամկետում` հաշվի առնելով պայմանագրի պայմանները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է աշխատավարձի հիմնական հատկանիշներին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այդ հատկանիշներն են`
1) այն վարձատրություն է կատարված կամ կատարվելիք աշխատանքի դիմաց,
2) աշխատավարձի վճարման պայմանները սահմանվում են աշխատանքային պայմանագրով կամ օրենսդրությամբ,
3) աշխատավարձ վճարելու գործատուի պարտականությունը և աշխատավարձ ստանալու աշխատողի իրավունքը ծագում է աշխատանքային հարաբերությունների ծագման պահից հետո (տե՛ս, Վահե Դավթյանն ընդդեմ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի թիվ ԵԷԴ/3838/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աշխատավարձի` որպես կատարված աշխատանքի դիմաց հատուցման վճարման և չվճարելու համար պատասխանատվության կարգը սահմանված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի վերոնշյալ հոդվածներով: Այսպես` ընդհանուր կանոնի համաձայն` աշխատավարձը վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը: Նշված պարտականությունը չկատարելու համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն` օրական 0,15 տոկոսի չափով տուժանքի չափով: Ընդ որում, օրենսդրի կողմից սահմանափակվել է այդ պատասխանատվության` տուժանքի չափը. այն չի կարող գերազանցել վճարման ենթակա գումարի չափը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավակարգավորումը, ըստ էության, գործատուի պատասխանատվության ինքնուրույն տեսակ է, որը երաշխավորում է աշխատողների` օրենքով սահմանված ժամկետում իրենց հասանելիք աշխատավարձն ստանալու իրավունքի իրականացումը:
i
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ աշխատավարձը չվճարելու համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանվել է պատասխանատվության հատուկ կանոն: Նման պայմաններում, հաշվի առնելով ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի իրավակարգավորումը, այնպես էլ այն հանգամանքը, որ նույն օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետի համաձայն` աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ աշխատանքային օրենսդրությամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աշխատավարձը չվճարելու համար ենթակա է կիրառման ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվությունը: Այսինքն` չվճարված աշխատավարձը բռնագանձելիս որպես պատասխանատվություն կիրառվում է օրական 0,15 տոկոսի չափով տուժանք, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա աշխատավարձի չափը:
գ. դատական ակտի հիման վրա բռնագանձման ենթակա չվճարված աշխատավարձի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառման հնարավորությունը.
Նկատի ունենալով սույն գործով վճռաբեկ բողոքի հիմքերն ու հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ պատասխանատվության այն դեպքերին, երբ չվճարված աշխատավարձը բռնագանձելու վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որը չի կատարվել:
i
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և այդ սկզբունքի շրջանակներում` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արդար դատաքննության իրավունքը կդառնա վերացական, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ դատարանի` ի վնաս կողմերից մեկի կայացրած վերջնական, պարտադիր դատական ակտը մնա անկատար: Ավելին, եթե Կոնվենցիայի 6-րդ հոդվածն առանց պաշտպանության թողնի դատական ակտերի ի կատար ածումը, ապա դա հավանաբար կհանգեցնի այնպիսի իրողության, որն անհամատեղելի կլինի իրավունքի գերակայության սկզբունքների հետ, որը Պայմանավորվող պետությունները պարտավորվել են պահպանել Կոնվենցիան վավերացնելիս (տե՛ս, Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռը, կետ 34, Հորնսբին ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանի 19.03.1997 թվականի վճիռը, կետ 40, «Գլուր» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպության և մյուսների թիվ ԳԴ/0171/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ աշխատավարձ ստանալն աշխատողի իրավունքն է, և եթե գործատուն սահմանված ժամկետում աշխատավարձ չի վճարում, աշխատողն իրավունք ունի դատական կարգով պահանջելու բռնագանձել չվճարված աշխատավարձը, ինչպես նաև դրա նկատմամբ հաշվարկված` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանքը: Նման գործերի քննության ժամանակ հայցի փաստական և իրավական հիմքերը վերաբերում են աշխատանքային հարաբերություններից ծագող փաստական հանգամանքներին և աշխատանքային օրենսդրությանը:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում առանձնացնել այն դեպքերը, երբ աշխատողի ներկայացրած հայցի հիման վրա առկա է աշխատավարձի բռնագանձման վճիռ, որը չի կատարվել: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքերում, երբ արդեն իսկ առկա է նման վճիռ, այդ գումարը դադարում է պարզապես չվճարված աշխատավարձ դիտարկվելուց, այն դառնում է աշխատողի օգտին բռնագանձման ենթակա գումար, որը չվճարելու դեպքում գործատուն արդեն խախտում է վճռի պարտադիրության և կատարելիության հատկանիշները: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը, այն է` դրամական պարտավորությունը խախտելու համար պատասխանատվությունը, քանի որ նման պայմաններում գործատուն ոչ թե պարզապես աշխատավարձը չի վճարում, այլ խախտում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով իր վրա դրված դրամական պարտավորությունը: Նշված մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրամական պարտավորությունը խախտելու համար նախատեսված տոկոսների բռնագանձման հայց ներկայացնելիս այլևս չի քննարկվում տվյալ գումարի` որպես չկատարված դրամական պարտավորության ծագման հիմքը, այլ քննարկվում է միայն դատական ակտով հաստատված հստակ դրամական պարտավորությունը, որը չի կատարվել:
Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ դատական ակտով բռնագանձման ենթակա, չվճարված աշխատավարձի գումարի նկատմամբ կետանցի պահից մինչև պարտավորության փաստացի կատարումը ենթակա են վճարման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:
Ինչ վերաբերում է տվյալ դեպքում կետանցի պահը որոշելուն, ապա Վճռաբեկ դատարանը տվյալ հարցն անհրաժեշտ է համարում քննարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին կետի կարգավորման շրջանակներում:
i
Այսպես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտապանը պարտավորությունը չկատարելու և (կամ) անպատշաճ կատարելու համար պատասխանատու է մեղքի առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Պարտապանը ճանաչվում է անմեղ, եթե ապացուցում է, որ ինքը պարտավորությունը պատշաճ կատարելու համար ձեռնարկել է իրենից կախված բոլոր միջոցները:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վկայակոչված հոդվածի իրավական վերլուծությանը, նշել է, որ օրենսդիրը որպես պարտավորությունը խախտելու համար պատասխանատվության պարտադիր պայման սահմանել է պարտավորությունը խախտած անձի մեղքի առկայությունը (տե՛ս, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Լանդրաս» ՍՊԸ-ի թիվ ԵՔԴ/0595/04/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
Տվյալ դեպքում օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված դրամական պարտավորությունը չկատարելու դեպքում անհրաժեշտ է, որ աշխատավարձի չվճարման հանգամանքը և աշխատավարձի չափը հաստատվի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, քանի որ միայն այդ դեպքում կքննարկվի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու հանգամանքը: Նկատի ունենալով, որ տվյալ պարագայում քննարկման է ենթակա դրամական պարտավորությունը չկատարելու համար պատասխանատվությունը, իսկ պատասխանատվության պարտադիր պայման է պարտավորությունը խախտած անձի մեղքը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում պարզել մեղքի ծագման պահը, այսինքն` որ պահից անձը մեղավոր կհամարվի նշված պարտավորությունը չկատարելու մեջ:
Հաշվի առնելով, որ մեղքն անձի հոգեբանական վերաբերմունքն է իր կողմից կատարվող իրավախախտման և դրա հետևանքների նկատմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ իրավախախտման համար մեղքը կարող է առկա լինել միայն այն պահից սկսած, երբ անձին հայտնի է դարձել իր ունեցած դրամական պարտավորության մասին: Հետևաբար չնայած այն հանգամանքին, որ դրամական պարտավորությունը հաստատվում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, օրինական ուժի մեջ մտնելու պահը կարող է չհամընկնել մեղքի ծագման պահի հետ: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու արդյունքում որպես պատասխանատվության միջոց տոկոսներ հաշվարկելիս դատարանները պետք է հաշվի առնեն, թե որ պահից է փաստացի սկսել իրավախախտումը, այսինքն` որ պահից է անձը մեղավոր իրավախախտման համար: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այդ պահը համընկնում է վերջնական դատական ակտը պարտապանին հասու լինելու պահի հետ, այսինքն` թե որ պահից է պարտապանն իմացել կամ իրական հնարավորություն ունեցել իմանալու, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ունի դրամական պարտավորություն:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` թիվ ԵԿԴ/0973/02/11 քաղաքացիական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 11.12.2012 թվականին կայացված վճռով Ռազմիկ Ուզունյանի հայցը բավարարվել է մասնակիորեն` նաև վճռվել է Ընկերությանը պարտավորեցնել վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.06.2013 թվականի որոշմամբ դատարանի վճիռն այդ մասով թողնվել է օրինական ուժի մեջ, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.08.2013 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի տեղակալ Ս.Սիմոնյանը, հիմք ընդունելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 27.11.2013 թվականին տրված կատարողական թերթը, 09.12.2013 թվականին նաև որոշում է կայացրել Ընկերությանը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարելուն պարտավորեցնելու վերաբերյալ կատարողական վարույթ հարուցելու մասին, իսկ 09.01.2014 թվականին որոշում է կայացրել 8.775.000 ՀՀ դրամի չափով Ընկերության դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին: 16.01.2014 թվականին և 17.01.2014 թվականին Ընկերության հաշվից, ի կատարումն վերը նշված դատական ակտի, մի դեպքում դուրս է գրվել 188.318,3 ՀՀ դրամ, իսկ մյուս դեպքում փոխանցվել է 4.753,96 ՀՀ դրամ, ինչպես նաև 24.01.2014 թվականին Երևանի թիվ 1 գանձապետական հաշվին փոխանցել է 8.581.823 ՀՀ դրամ, իսկ Ծառայությունն իր հերթին Ռազմիկ Ուզունյանին փոխանցել է 8.775.000 ՀՀ դրամ միայն 07.07.2014 թվականին:
Ռազմիկ Ուզունյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Ընկերության` 940.085 ՀՀ դրամի չափով տոկոսագումար բռնագանձելու պահանջի մասին, որից 179.585 ՀՀ դրամը` որպես 29.08.2013 թվականից մինչև 16.10.2013 թվականը, այսինքն` մինչև 2.220.828 ՀՀ դրամն իրեն վճարելու օրը, ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկված տոկոսագումար, 760.500 ՀՀ դրամը` որպես 29.08.2013 թվականից մինչև 06.07.2014 թվականը, այսինքն` մինչև Ծառայության կողմից 8.775.000 ՀՀ դրամն իրեն փոխանցելու նախորդ օրը, ընկած ժամանակահատվածի համար նույն հոդվածով հաշվարկված տոկոսագումար:
Սույն գործով Դատարանը, պատճառաբանելով, որ «Ռազմիկ Ուզունյանին վճարվելիք գումարը կազմում է 10.995.000 ՀՀ դրամ, այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները ենթակա չեն վճարման, քանի որ Ընկերությունը, 16.10.2013 թվականին տեղեկանալով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի մասին, վճարել է 2.220.000 ՀՀ դրամ, որի պայմաններում նրա գործողություններում բացակայում են ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու կամ օգտագործելու փաստերը, իսկ 8.775.000 ՀՀ դրամը վճարվել է 07.07.2014 թվականին», հիմնավոր է համարել, որ 8.775.000 ՀՀ դրամն Ընկերության կողմից պահվել է ապօրինի, և այդ գումարի նկատմամբ առաջացել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված` տոկոսներ վճարելու պարտավորություն:
Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի վերը նշված եզրահանգումները, Ընկերության վերաքննիչ բողոքը մերժել է:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Թիվ ԵԿԴ/0973/02/11 քաղաքացիական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 11.12.2012 թվականին կայացված վճռով Ընկերությունից հօգուտ Ռազմիկ Ուզունյանի պետք է բռնագանձվեր հարկադիր պարապուրդի գումար: Հետևաբար նշված վճռով հաստատված գումարի նկատմամբ, հիմք ընդունելով վերը նշված իրավական դիրքորոշումները, հաշվարկման են ենթակա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` մինչև պարտավորությունների փաստացի կատարումը:
Թիվ ԵԿԴ/0973/02/11 քաղաքացիական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 11.12.2012 թվականին կայացված վճռի հիման վրա տրված կատարողական թերթի պահանջը կատարելու նպատակով հարուցված կատարողական վարույթի շրջանակներում 16.01.2014 թվականին և 17.01.2014 թվականին Ընկերության հաշվից դուրս է գրվել համապատասխանաբար 188.318,3 ՀՀ դրամ և 4.753,96 ՀՀ դրամ, այնուհետև Ընկերությունը 24.01.2014 թվականին Երևանի թիվ 1 գանձապետական հաշվին փոխանցել է 8.581.823 ՀՀ դրամ, իսկ Ծառայությունն իր հերթին Ռազմիկ Ուզունյանին 8.775.000 ՀՀ դրամը փոխանցել է միայն 07.07.2014 թվականին, այսինքն` շուրջ հինգ ու կես ամիս հետո:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունը չի կարող 188.318,3 ՀՀ դրամը 16.01.2014 թվականից, 4.753,96 ՀՀ դրամը 17.01.2014 թվականից և 8.581.823 ՀՀ դրամը 24.01.2014 թվականից մինչև 07.07.2014 թվականն ընկած ժամանակահատվածների համար համարվել Ռազմիկ Ուզունյանին հասանելիք համապատասխան գումարներն ապօրինի պահած, քանի որ տվյալ դեպքում վերը նշված գումարները տարբեր ժամանակահատվածներում դուրս են եկել նրա հաշվից, դրա հետևանքով` նաև տնօրինումից և տիրապետումից: Այսինքն` սույն գործով ապացուցված չէ 188.318,3 ՀՀ դրամը 16.01.2014 թվականից, 4.753,96 ՀՀ դրամը 17.01.2014 թվականից և 8.581.823 ՀՀ դրամը 24.01.2014 թվականից մինչև 07.07.2014 թվականն ընկած ժամանակահատվածում Ընկերության կողմից ապօրինի պահվելու փաստը, որպիսի պայմաններում բացակայում է Ընկերության մեղքը դեռևս 16.01.2014 թվականին, 17.01.2014 թվականին և 24.01.2014 թվականին փոխանցված վերը նշված գումարները Ծառայության կողմից միայն 07.07.2014 թվականին Ռազմիկ Ուզունյանին փոխանցելու հարցում:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանած (ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 09.11.2010 թվականի թիվ 283-Ն որոշում) բանկային տոկոսի հաշվարկային դրույքը տվյալ ժամանակահատվածի համար եղել է տարեկան 12 տոկոս, գտնում է, որ 188.318,3 ՀՀ դրամի նկատմամբ 16.01.2014 թվականից մինչև 07.07.2014 թվականը հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումարի, այն է` 10.649 ՀՀ դրամի (188.318,3*12%/365* 172 (օր)), 4.753,96 ՀՀ դրամի նկատմամբ 17.01.2014 թվականից մինչև 07.07.2014 թվականը հաշվարկված տոկոսների գումարի, այն է` 267 ՀՀ դրամի (4.753,96 *12%/365 *171 (օր)), ինչպես նաև 8.581.823 ՀՀ դրամի նկատմամբ 24.01.2014 թվականից մինչև 07.07.2014 թվականը հաշվարկված տոկոսների գումարի, այն է` 462.713 ՀՀ դրամի (8.581.823 *12%/365 *164 (օր)) բռնագանձման մասով (ընդհանուր առմամբ` 473.629 ՀՀ դրամ) Ռազմիկ Ուզունյանի պահանջը ենթակա էր մերժման:
Մինչդեռ Դատարանը վերը թվարկված փաստերի անտեսմամբ, արդյունքում նաև` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ և 417-րդ հոդվածների խախտմամբ սխալ եզրահանգման է եկել նշված ժամանակահատվածի համար Ընկերության պատասխանատվության վերաբերյալ, ինչն անտեսվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից, ուստի այս մասով վճռաբեկ բողոքի փաստարկները հիմնավոր են և իրավաչափ:
Ինչ վերաբերում է 29.08.2013 թվականից մինչև 15.01.2014 թվականն ընկած ժամանակահատվածի համար 8.775.000 ՀՀ դրամի նկատմամբ, 16.01.2014 թվականին 8.586.681,7 ՀՀ դրամի նկատմամբ, 17.01.2014 թվականից մինչև 23.01.2014 թվականն ընկած ժամանակահատվածի համար 8.581.927,74 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան վճարման ենթակա տոկոսագումարները բռնագանձելու մասով պահանջին, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Թիվ ԵԿԴ/0973/02/11 քաղաքացիական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 11.12.2012 թվականին կայացված վճռով Ընկերությունը պարտավորվել է Ռազմիկ Ուզունյանին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: Նշված վճիռն օրինական ուժի մեջ է մտել 28.08.2013 թվականին: Ընկերությունը 01.12.2014 թվականի հայցադիմումի պատասխանով նշել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» 28.08.2013 թվականի որոշումն ստացել է 10.09.2013 թվականին և դատական ակտը կատարել է ողջամիտ ժամկետում, այն է` 16.10.2013 թվականին:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստերը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանների կողմից չի պարզվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.08.2013 թվականի որոշումն Ընկերությանը հասու լինելու օրը, որպիսի պայմաններում միայն կարող էր պարզ դառնալ Ընկերության կողմից այդ դրամական միջոցներն ապօրինի պահելու (օգտագործելու) ժամանակահատվածը, հետևաբար` Ընկերության մեղքի ծագման պահը, և միայն այդ դեպքում հնարավոր կլիներ հաշվարկել այդ դրամական միջոցների վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հաշվեգրվող տոկոսները:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունից 29.08.2013 թվականից մինչև 15.01.2014 թվականն ընկած ժամանակահատվածի համար 8.775.000 ՀՀ դրամի նկատմամբ, 16.01.2014 թվականին 8.586.681,7 ՀՀ դրամի նկատմամբ, 17.01.2014 թվականից մինչև 23.01.2014 թվականն ընկած ժամանակահատվածի համար 8.581.927,74 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան վճարման ենթակա տոկոսագումարները բռնագանձելու պահանջների մասով գործը ենթակա է ուղարկման նոր քննության` սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի վերոնշյալ հանգամանքները պարզելու համար:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը դատական ակտը փոփոխելիս հիմք է ընդունում նաև այն հանգամանքը, որ Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկվել և համապատասխանաբար վերանայվել է միայն 760.500 ՀՀ դրամ բավարարված հայցապահանջի մասով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
i
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի «ա» կետի համաձայն` դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով` հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:
i
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` պետական տուրքի վճարումից ազատում, պետական տուրքի նվազեցում, պետական տուրքի դրույքաչափի նվազեցում, պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում, պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, ինչպես նաև հաշվի առնելով, որ Ռազմիկ Ուզունյանի հայցը` 473.629 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով, ենթակա է մերժման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ Ռազմիկ Ուզունյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 9.472 ՀՀ դրամ (473.629 *2%)` որպես հայցադիմումի համար սահմանված և Դատարանի 16.09.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի մասի գումար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ռազմիկ Ուզունյանից հօգուտ Ընկերության ենթակա է բռնագանձման 14.208 ՀՀ դրամ (473.629 *3%)` որպես վերաքննիչ բողոքի համար Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի մասի հատուցման գումար, և 14.208 ՀՀ դրամ (473.629 *3%)` որպես վճռաբեկ բողոքի համար Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի մասի հատուցման գումար:
Միաժամանակ նկատի ունենալով, որ գործը` Ընկերությունից 29.08.2013 թվականից մինչև 15.01.2014 թվականն ընկած ժամանակահատվածի համար 8.775.000 ՀՀ դրամի նկատմամբ, 16.01.2014 թվականին 8.586.681,7 ՀՀ դրամի նկատմամբ, 17.01.2014 թվականից մինչև 23.01.2014 թվականն ընկած ժամանակահատվածի համար 8.581.927,74 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան վճարման ենթակա տոկոսագումարները բռնագանձելու պահանջի մասով, ուղարկվում է նոր քննության` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի, այդ թվում` փաստաբանի վարձատրության գումարի բաշխման հարցին այդ մասով պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.01.2016 թվականի որոշումը և
- Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.09.2015 թվականի վճիռը` հայցը` 473.629 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով բավարարելու մասով օրինական ուժի մեջ թողնելու, և դրա հետ կապված դատական ծախսերի բաշխման մասերով այն փոփոխել` Ռազմիկ Ուզունյանի հայցը` 473.629 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով, մերժել,
- գործը` «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ից 29.08.2013 թվականից մինչև 15.01.2014 թվականն ընկած ժամանակահատվածի համար 8.775.000 ՀՀ դրամի նկատմամբ, 16.01.2014 թվականին 8.586.681,7 ՀՀ դրամի նկատմամբ, 17.01.2014 թվականից մինչև 23.01.2014 թվականն ընկած ժամանակահատվածի համար 8.581.927,74 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան վճարման ենթակա տոկոսագումարները բռնագանձելու պահանջի և այդ մասով դատական ծախսերի բաշխման մասով, ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Ռազմիկ Ուզունյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 9.472 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար սահմանված և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 16.09.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի մասի գումար:
Ռազմիկ Ուզունյանից հօգուտ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի բռնագանձել 14.208 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի մասի հատուցման գումար:
Ռազմիկ Ուզունյանից հօգուտ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի բռնագանձել 14.208 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի մասի հատուցման գումար:
Բեկանված մասով դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Տ. Պետրոսյան |
|
Ս. Անտոնյան |
|
Վ. Ավանեսյան |
|
Ա. Բարսեղյան |
|
Մ. Դրմեյան |
|
Գ. Հակոբյան |
|
Ռ. Հակոբյան |
|
Ե. Սողոմոնյան |
|
Ն. Տավարացյան |