i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
ԵԿԴ/0556/02/14 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0556/02/14 |
|
Նախագահող դատավոր` Տ. Նազարյան
Ա. Պետրոսյան
Կ. Չիլինգարյան |
|
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
Նախագահող` |
Ե. Խունդկարյանի |
Դատավորներ` |
Ռ. Հակոբյանի |
|
Ս. Անտոնյանի |
|
Ա. Բարսեղյանի |
|
Մ. Դրմեյանի |
|
Գ. Հակոբյանի |
|
Տ. Պետրոսյանի |
|
Ե. Սողոմոնյանի |
|
Ն. Տավարացյանի |
2017 թվականի ապրիլի 07-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Զարուհի Հայրապետյանի ներկայացուցիչ Արտակ Ավանեսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.04.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Զարուհի Հայրապետյանի և Գայանե Ղազարյանի ընդդեմ «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն), երրորդ անձ ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի (այսուհետ` Գրասենյակ)` գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Զարուհի Հայրապետյանը և Գայանե Ղազարյանը պահանջել են Ընկերությունից բռնագանձել 25.02.2013 թվականին կնքված թիվ 5/13 պայմանագրով սահմանված և չվճարված 1.680.000 ՀՀ դրամը, ինչպես նաև հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները մինչև գումարը վերադարձնելու օրը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա.Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 03.11.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.04.2016 թվականի որոշմամբ Զարուհի Հայրապետյանի և Գայանե Ղազարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 03.11.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Զարուհի Հայրապետյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի ուսումնասիրել 25.02.2013 թվականին կնքված թիվ 5/13 ծառայությունների մատուցման պայմանագիրը, այլապես կպարզեր, որ տվյալ պայմանագրի «Գ» հավելվածն ուժը կորցրած է ճանաչվել այն ժամանակ, երբ արդեն աշխատանքները կատարված են եղել և հանձնվել են Ընկերությանը, և որի դիմաց Գրասենյակի կողմից վարձատրությունը ստացված է եղել:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունը մինչև պայմանագիր կնքելը Գրասենյակին ներկայացրել է առաջարկ` սահմանելով տվյալ հետազոտությունն իրականացնելու իր մեթոդները և այդ աշխատանքներն իրականացնելու իր աշխատակազմը (երկու սոցիոլոգ), որոնց միջոցով պետք է մատուցեր այդ ծառայությունը: Ընդ որում, Զարուհի Հայրապետյանը և Գայանե Ղազարյանը, ներգրավված լինելով որպես սոցիոլոգներ և չհանդիսանալով Ընկերության աշխատակիցներ, նախքան թիվ 5/13 ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումը ստացել են այդ պայմանագիրը և արտահայտել իրենց համաձայնությունը նշված պայմանագիրը կնքելու համար:
Հետևաբար 25.02.2013 թվականին կնքված թիվ 5/13 ծառայությունների մատուցման պայմանագիրը պարտավորական հարաբերություններ է առաջացրել ինչպես Ընկերության և Գրասենյակի, այնպես էլ Ընկերության և Զարուհի Հայրապետյանի, Գայանե Ղազարյանի միջև:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վճռաբեկ բողոքն ընդունել քննության և ամբողջությամբ բավարարել այն` բեկանելով կայացված դատական ակտը»:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. «Կրթության որակ և համապատասխանություն» 2-րդ վարկային ծրագրի շրջանակում Ընկերության կողմից ներկայացված ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրի ազդեցության գնահատման նպատակով հետազոտության իրականացման տեխնիկական և ֆինանսական առաջարկի «Աշխատակազմ» բաժնի համաձայն` Ընկերության հիմնական աշխատակազմում Գայանե Ղազարյանը և Զարուհի Հայրապետյանը ներգրավվել են որպես սոցիոլոգներ, որոնց պարտականությունները, ի թիվս այլնի, ներառել են` վերաձևակերպել տեխնիկական առաջարկի դրույթներ և առաջարկել փոփոխություններ, կազմել մեթոդաբանության մի մասը, կազմել հաշվետվություններ ըստ փուլերի (հատոր 1-ին, գ.թ. 24-34):
2. Գրասենյակի ՊՀ-ի (այսուհետ` Պատվիրատու) և Ընկերության (Խորհրդատու) միջև 25.02.2013 թվականին կնքված թիվ 5/13 պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 1-ին կետի համաձայն` Խորհրդատուն Պատվիրատուին մատուցում է Պայմանագրի անբաժանելի մաս կազմող «Ա» հավելվածում նշված ծառայությունները, իսկ հաշվետվությունը կտրամադրվի Պայմանագրի «Բ» հավելվածում սահմանված կարգով (հատոր 3-րդ, գ.թ. 21-27):
3. Պատվիրատուի և Ընկերության միջև 25.02.2013 թվականին կնքված թիվ 5/13 պայմանագրի անբաժանելի մասը կազմող «Ա» հավելվածի համաձայն` «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային 2-րդ ծրագրի շրջանակներում հետազոտության առաջին փուլը ընդգրկում է 2013 թվականի փետրվար ամսից մինչև մարտ ամիսները, երկրորդ փուլն ընդգրկում է 2013 թվականի ապրիլ ամսից մինչև հուլիս ամիսները, երրորդ փուլն ընդգրկում է 2013 թվականի սեպտեմբեր ամսից մինչև դեկտեմբեր ամիսները, չորրորդ փուլն ընդգրկում է 2014 թվականի հունվար ամսից մինչև փետրվար ամիսները, իսկ նույն Պայմանագրի անբաժանելի մասը կազմող «Գ» հավելվածով սահմանվել է Զարուհի Հայրապետյանի և Գայանե Ղազարյանի պաշտոնները, չափման միավորները, միավորների քանակը, օրերի քանակը և միավորների արժեքները (հատոր 3-րդ, գ.թ. 28-34):
4. Պայմանագրի անբաժանելի մասը կազմող «Բ» հավելվածի համաձայն` «Խորհրդատուի հաշվետվային պարտականություններն» են.
. Սկզբնական հաշվետվություն. Հաշվետվությունը պետք է ներկայացվի աշխատանքների առաջին փուլն ավարտելուց հետո: Հաշվետվությունը պետք է ընդգրկի հետազոտության մեթոդաբանության նկարագրությունը` ներառելով ընտրության մեթոդները, հատուկ հարցերի հետազոտության շրջանակները, հետազոտության գործիքները: Հաշվետվությունը պետք է ներկայացվի մինչև 30.03.2013 թվականը:
. Առաջին միջանկյալ հաշվետվություն. Հաշվետվությունը պետք է ներկայացվի աշխատանքների երկրորդ փուլն ավարտելուց հետո: Հաշվետվությունը պետք է ներառի 2011 և 2012 թվականների վերապատրաստումների ազդեցության գնահատման նպատակով դաշտային աշխատանքների իրականացման և հավաքագրած տվյալների վերլուծության արդյունքներ: Հաշվետվությունը պետք է ներկայացվի մինչև 15.07.2013 թվականը:
. Երկրորդ միջանկյալ հաշվետվություն. Հաշվետվությունը պետք է ներկայացվի աշխատանքների երրորդ փուլը ավարտելուց հետո: (...) Հաշվետվությունը պետք է ներկայացվի մինչև 15.12.2013 թվականը:
. Վերջնական հաշվետվություն. Հաշվետվությունը պետք է ներկայացվի աշխատանքների չորրորդ փուլը ավարտելուց հետո: (...) Հաշվետվությունը պետք է ներկայացվի մինչև 15.02.2014 թվականը:
5. Ընկերության և Զարուհի Հայրապետյանի միջև կնքված ծառայություններ մատուցելու 03.06.2013 թվականի թիվ 06/03-1 պայմանագրի համաձայն` Զարուհի Հայրապետյանը պարտավորվել է Ընկերության հանձնարարությամբ մշակել Կրթական Ծրագրերի Կենտրոնի (ԿԾԿ) «Կրթության որակ և պատասխանատվություն» 2-րդ վարկային ծրագրի «Կրթության որակի հետագա բարելավում` ուսուցիչների վերապատրաստման և մասնագիտական զարգացման միջոցով» ենթածրագրի ազդեցության գնահատման մեթոդաբանությունը և «Որակական հետազոտության» գործիքները: Պայմանագրի գինը սահմանվել է 800.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 21-22):
6. Թիվ 08/06-01 կատարողական ակտի համաձայն` Զարուհի Հայրապետյանը պատշաճ կատարել է Կրթական ծրագրերի կենտրոնի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային 2-րդ ծրագրի շրջանակներում պայմանագրային պարտավորությունները և պատշաճ որակով ներկայացրել է կատարված աշխատանքները (հատոր 2-րդ, գ.թ. 23):
7. 10.07.2013 թվականի թիվ 151 դրամարկղային ելքի օրդերի համաձայն` թիվ 08/06-01 կատարողական ակտի հիման վրա Զարուհի Հայրապետյանին վճարվել է 800.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 24):
8. Ընկերության ներկայացուցիչների և Գրասենյակի աշխատողների համատեղ խորհրդակցության 12.08.2013 թվականի արձանագրության համաձայն` Խորհրդակցությանը մասնակցել են Ընկերության կորպորատիվ ֆինանսների և բիզնես խորհրդատվության բաժնի ղեկավար Սամվել Հովհաննիսյանը, խորհրդատու-վերլուծաբան Լուսինե Հովհաննիսյանը և փորձագետ Զարուհի Հայրապետյանը, ինչպես նաև Գրասենյակի տնօրեն Հասմիկ Ղազարյանը, բաղադրիչի ղեկավար Կարեն Մելքոնյանը և համակարգող Լիլիթ Շավարշյանը: Ըստ նշված արձանագրության` օրակարգում ընդգրկվել է «Կրթության որակ և պատասխանատվություն» 2-րդ վարկային ծրագրի «Կրթության որակի հետագա բարելավում` ուսուցիչների վերապատրաստման և մասնագիտական զարգացման միջոցով» ենթածրագրի ազդեցության գնահատողական հետազոտության երկրորդ փուլի հաշվետվությունն ընդունելու հարցը: «Կրթության որակի հետագա բարելավում` ուսուցիչների վերապատրաստման և մասնագիտական զարգացման միջոցով» բաղադրիչի ղեկավար Կարեն Մելքոնյանը ներկայացրել է Ընկերության առաջին միջանկյալ հաշվետվությունը: Նշելով կատարված աշխատանքների արդյունավետության մասին և անդրադառնալով հաշվետվության վերլուծական մասին` առաջարկել է վերանայել այն և հաշվետվությունը վերանայելու վերջնաժամկետ է սահմանել մինչև 30.08.2013 թվականը (հատոր 3-րդ, գ.թ. 36-37):
9. Ընկերության կողմից Գրասենյակի տնօրեն Հ.Ղազարյանին ուղղված 30.08.2013 թվականի գրության համաձայն` Ընկերության կողմից Գրասենյակին է ներկայացվել «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային 2-րդ ծրագրի «Կրթության որակի հետագա բարելավում` ուսուցիչների վերապատրաստման և մասնագիտական զարգացման միջոցով» ենթածրագրի ազդեցության երկրորդ փուլի վերանայված հաշվետվությունը` Ընկերության և Գրասենյակի աշխատողների համատեղ խորհրդակցության 12.08.2013 թվականի արձանագրության համաձայն, որն էլ ընդունվել է Գրասենյակի կողմից, մասնավորապես, նշված գրության վրա առկա է «Կրթության որակի հետագա բարելավում` ուսուցիչների վերապատրաստման և մասնագիտական զարգացման միջոցով» բաղադրիչի ղեկավար Կարեն Մելքոնյանը գրառում` «Կից ներկայացված հաշվետվությունը համապատասխանում է պայմանագրին և աշխատանքի նկարագրի պահանջներին: Նկատի ունենալով վերոնշյալը` հաշվետվությունն ընդունում եմ» (հատոր 4-րդ, գ.թ. 72-135):
Գրասենյակի և Ընկերության միջև 16.10.2013 թվականին կնքվել է թիվ 1 համաձայնագիրը, որով փոփոխության է ենթարկվել նույն կողմերի միջև 25.02.2013 թվականին կնքված թիվ 5/13 պայմանագիրը: Մասնավորապես` նշված Պայմանագրի «Գ» հավելվածը չեղյալ է համարվել (հատոր 2-րդ, գ.թ. 64-65):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում գործարքի գրավոր ձևը չպահպանելու հետևանքների վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,
2) ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք գործարքի գրավոր ձևը պահպանված չլինելու դեպքում այդ գործարքից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են իրականացման, եթե առկա են այլ ապացույցներ, որոնք վկայում են տվյալ գործարքի կնքման մասին:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքները կնքվում են բանավոր կամ գրավոր (հասարակ կամ նոտարական) ձևով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործարքը, որը կարող է կնքվել բանավոր, համարվում է կնքված նաև այն դեպքում, եթե անձի վարքից ակնհայտ է գործարք կնքելու նրա կամքը:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքը, որի համար օրենքով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված չէ գրավոր (հասարակ կամ նոտարական) ձև, կարող է կնքվել բանավոր: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` բանավոր կարող են կնքվել կնքման պահին կատարվող բոլոր գործարքները, բացառությամբ այն գործարքների, որոնց համար սահմանված է նոտարական ձև, և այն գործարքների, որոնց հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրանց անվավերության, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից: Երկկողմ (բազմակողմ) գործարքները կարող են կնքվել նույն օրենսգրքի 450-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված եղանակներով:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` օրենքում կամ կողմերի համաձայնությունում ուղղակի նշված դեպքերում գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պայմանագրերի նկատմամբ կիրառվում են նույն օրենսգրքի 18-րդ գլխում նախատեսված երկկողմ և բազմակողմ գործարքների մասին կանոնները:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 777-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով` կատարողը պարտավորվում է պատվիրատուի առաջադրանքով ծառայություններ մատուցել (կատարել որոշակի գործողություններ կամ իրականացնել որոշակի գործունեություն), իսկ պատվիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կնքվում է գրավոր:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախ և առաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» և «կամահայտնություն» հասկացությունները: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել բացահայտել նշված հասկացությունների բովանդակությունը: «Կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը: «Կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձևն է, միջոցը, եղանակը: Այլ կերպ ասած` գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունն է (տե՛ս, Նելլի Հակոբյանը և մյուսներն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ պայմանագիրը` որպես գործարք, կարող է կնքվել բանավոր կամ գրավոր ձևով: Պայմանագրի ձևի վերաբերյալ օրենսդրական կարգավորման նպատակը պայմանագրի հիման վրա ծագող հարաբերություններն ավելի հստակ դարձնելն է, քաղաքացիական շրջանառության կայունությունն ապահովելը, պայմանավորված պայմանագրի տվյալ տեսակի բնույթով` ապագայում հնարավոր վեճերի կանխումը: Մասնավորապես` պայմանագրի կնքման բանավոր ձև նախատեսելու միջոցով քաղաքացիական շրջանառությունը չի ծանրաբեռնվում (օրինակ` կնքման պահին կատարվող գործարքները, որոնց համար հատուկ կարգավորում նախատեսված չէ, կարող են կնքվել բանավոր ձևով): Ինչ վերաբերում է գրավոր ձևով կնքվող գործարքներին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործարքների որոշ տեսակների համար հստակ նախատեսելով գրավոր ձև` օրենսդիրը կարևորել է այդ պայմանագրերը կնքված համարվելու համար որոշակի պահանջների պահպանումը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին կետ, 450-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետեր): Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ սահմանելով գործարքի կնքման գրավոր ձև` օրենսդիրը նախատեսել է այդ ձևը չպահպանելու երկու հնարավոր հետևանք.
1) գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու իրավունքից` չզրկելով գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից,
2) օրենքում կամ կողմերի համաձայնությունում ուղղակի նշված դեպքերում գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:
Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ օրենսդրի կողմից պայմանագրի տվյալ ձևի համար սահմանված է գրավոր ձև` առանց ձևը չպահպանելու հետևանքները նշելու (օրինակ` կապալի պայմանագիր, հանձնարարության պայմանագիր, կոմիսիայի պայմանագիր և այլն), ապա գործում է վերը նշված 1-ին կանոնը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վերը նշված իրավական հետևանքը կիրառվում է բացառապես վեճի առկայության դեպքում: Այսինքն` այն դեպքերում, երբ տվյալ գործարքը կնքված լինելու փաստը կողմերի կողմից չի վիճարկվում, ապա գործարքի հասարակ գրավոր ձևը պահպանված չլինելու հանգամանքն ինքնին որևէ իրավական հետևանքներ չի առաջացնում: Հետևաբար նշված հետևանքը դատավարական բնույթի է: Այն դեպքերում, երբ օրենքով կամ պայմանագրով հստակ նախատեսված է, ապա պայմանագրի գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է անվավերության (օրինակ` փոխառության պայմանագիր, վարկային պայմանագիր, բանկային ավանդի պայմանագիր և այլն):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը` որպես այն կնքող անձանց համաձայնեցված կամքի արտահայտություն, ուղղված է որոշակի գործողություններ կատարելու կամ որոշակի գործունեություն իրականացնելու արդյունքում քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն: Նկատի ունենալով, որ օրենսդիրն այս պայմանագրի համար սահմանել է գրավոր ձևով կնքելու պահանջ, ծառայությունների վճարովի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր գործարքին ներկայացվող պահանջներին համապատասխան: Այն դեպքերում, երբ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի գրավոր ձևը չի պահպանվում, ապա կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված կանոնը, այն է` կողմերը զրկվում են ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու իրավունքից` այդուհանդերձ պահպանելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով սահմանված այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքը, որոնք ենթակա են գնահատման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կանոններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը «Կրթության որակ և համապատասխանություն» 2-րդ վարկային ծրագրի շրջանակում, ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրի ազդեցության գնահատման հետազոտության իրականացման նպատակով, ներկայացրել է տեխնիկական և ֆինանսական առաջարկ, որի «Աշխատակազմ» բաժնում` որպես Ընկերության աշխատակազմի անդամ ներգրավվել է նաև սոցիոլոգ Զարուհի Հայրապետյանը: Տվյալ առաջարկով վերջինիս պարտականությունները, ի թիվս այլնի, ներառել են` կազմել հաշվետվություններ` ըստ փուլերի: 25.02.2013 թվականին Գրասենյակի (Պատվիրատու) և Ընկերության (Խորհրդատու) միջև կնքվել է թիվ 5/13 պայմանագիրը, ըստ որի` Ընկերությունը պարտավորվել է Գրասենյակին մատուցել Պայմանագրի անբաժանելի մաս կազմող «Ա» հավելվածում նշված ծառայությունները: Ընդ որում, ըստ նշված պայմանագրի անբաժանելի մասը կազմող «Ա» հավելվածի` «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային 2-րդ ծրագրի շրջանակներում հետազոտության երկրորդ փուլն ընդգրկել է 2013 թվականի ապրիլ ամսից մինչև հուլիս ամիսները, իսկ նույն Պայմանագրի անբաժանելի մասը կազմող «Բ» հավելվածի` «Խորհրդատուի հաշվետվային պարտականություններն», ի թիվս այլնի, ներառել է առաջին միջանկյալ հաշվետվության կազմումը, որը պետք է ներկայացվեր աշխատանքների երկրորդ փուլն ավարտելուց հետո: Հաշվետվությունը պետք է ներկայացվեր մինչև 15.07.2013 թվականը: 03.06.2013 թվականին Ընկերության և Զարուհի Հայրապետյանի միջև կնքվել է թիվ 06/03-1 ծառայություններ մատուցելու պայմանագիրը, որով Զարուհի Հայրապետյանը պարտավորվել է Ընկերության հանձնարարությամբ մատուցել «Կրթության որակ և համապատասխանություն» 2-րդ վարկային ծրագրի շրջանակում համապատասխան ծառայությունը, իսկ Ընկերությունը պարտավորվել է դրա համար վճարել 800.000 ՀՀ դրամ: Զարուհի Հայրապետյանը պատշաճ կատարել է 2-րդ վարկային ծրագրի շրջանակներում պայմանագրային պարտավորությունները և պատշաճ որակով ներկայացրել է կատարված աշխատանքները, որի համար կազմվել է թիվ 08/06-01 կատարողական ակտը և 10.07.2013 թվականի թիվ 151 դրամարկղային ելքի օրդերով Զարուհի Հայրապետյանին վճարվել է 800.000 ՀՀ դրամ:
12.08.2013 թվականին կայացել է խորհրդակցություն, որին, ի թիվս այլ անձանց, մասնակցել են խորհրդատու-վերլուծաբան Լուսինե Հովհաննիսյանը, փորձագետ Զարուհի Հայրապետյանը, ինչպես նաև Գրասենյակի տնօրեն Հասմիկ Ղազարյանը, բաղադրիչի ղեկավար Կարեն Մելքոնյանը: Օրակարգում ընդգրկվել է «Կրթության որակ և պատասխանատվություն» 2-րդ վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող գնահատողական հետազոտության երկրորդ փուլի հաշվետվությունն ընդունելու հարցը: Նշված հարցի քննարկման ժամանակ Կարեն Մելքոնյանը, անդրադառնալով հաշվետվության վերլուծական մասին, առաջարկել է վերանայել այն, և հաշվետվությունը վերանայելու վերջնաժամկետ է սահմանվել մինչև 30.08.2013 թվականը: 30.08.2013 թվականին Ընկերությունն երկրորդ փուլի վերանայված հաշվետվությունը ներկայացրել է Գրասենյակ, որն ընդունվել է Գրասենյակի կողմից` համապատասխան նշում կատարելով գրության վրա:
Պայմանագրի «Գ» հավելվածը չեղյալ է համարվել 16.10.2013 թվականին:
Սույն գործով Դատարանը, Զարուհի Հայրապետյանի հայցը մերժելով, պատճառաբանել է, որ Զարուհի Հայրապետյանը չի ներկայացրել բավարար, վերաբերելի և թույլատրելի ապացույցներ իր պահանջը հիմնավորելու համար, մասնավորապես` չի ներկայացրել պայմանագիր, որը կողմերի միջև պարտավորություններ սահմանող իրավահարաբերությունների ծագման հիմքը կհանդիսանար, չի պարզաբանել, թե ինչ հաշվարկով և ինչ ելակետային տվյալներից է ստացել հայցով պահանջվող գումարի չափը, հաշվի առնելով, որ Ընկերությունում գործարար շրջանառության սովորույթի համաձայն պայմանագիրը կնքվում է աշխատանքները կատարելուց հետո, չի ներկայացրել նույնիսկ կատարողական ակտը, որով կհաստատվեր, որ չնայած պայմանագրի բացակայության պարագայում, հայցվորները կատարել են աշխատանքը, իսկ պատասխանողն այն ընդունել է: Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ Պայմանագրի «Գ» հավելվածով սահմանվել է աշխատակազմը, որում ընդգրկված է եղել նաև Զարուհի Հայրապետյանը, որը հետագայում չեղյալ է համարվել:
Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, հիմնավոր է համարել Դատարանի վերը նշված պատճառաբանությունները:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանության հիմնավորվածությանը, հարկ է համարում նշել հետևյալը.
Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ ծառայությունների մատուցման պայմանագրի հասարակ գրավոր ձևը չպահպանելը չի հանգեցնում տվյալ գործարքի անվավերության (եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ կողմերի համաձայնությամբ), այլ զրկում է գործարքի կողմերին, ի հավաստումն գործարքի և դրա պայմանների, վկաների ցուցմունքները վկայակոչելու հնարավորությունից:
Սույն գործով Զարուհի Հայրապետյանի և Ընկերության միջև «Կրթության որակ և պատասխանատվություն» 2-րդ վարկային ծրագրի շրջանակում գնահատողական հետազոտության երկրորդ փուլի վերաբերյալ ծառայությունների վճարովի մատուցման գրավոր պայմանագիր չի կնքվել, որպիսի պայմաններում ստորադաս դատարանները բացառել են կողմերի միջև պարտավորական հարաբերությունների առաջացման հնարավորությունը` այն պայմանավորելով միայն գրավոր պայմանագրի առկայությամբ:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը վերը շարադրված իրավական դիրքորոշումների համատեքստում գտնում է, որ ստորադաս դատարանները գրավոր պայմանագրի բացակայության պայմաններում պետք է գնահատման առարկա դարձնեին կողմերի դրսևորած վարքագիծը` պարզելու համար վերջիններիս կամահայտնության ուղղվածությունը, մասնավորապես` արդյո՞ք այն ուղղված է եղել կողմերի համար իրավունքներ և պարտականություններ առաջացնելուն, և արդյո՞ք դրանք իրականացվել են: Այսպես, հաշվի առնելով ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի բնույթը, մասնավորապես` այն, որ մի կողմը կրում է որոշակի աշխատանքներ իրականացնելու պարտականություն և դրա դիմաց վարձատրություն ստանալու իրավունք, իսկ մյուս կողմը պարտավորվում է ընդունել կատարած աշխատանքը և վճարել դրա դիմաց, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճելի իրավահարաբերության մասնակիցների վարքագիծը ենթակա էր գնահատման վերը նշվածի հաշվառմամբ:
Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները չեն իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի և լրիվ գնահատում` անտեսելով այն հանգամանքը, որ Զարուհի Հայրապետյանը «Կրթության որակ և համապատասխանություն» 2-րդ վարկային ծրագրի շրջանակում Ընկերության կողմից ներկայացված ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրի ազդեցության գնահատման նպատակով հետազոտության իրականացման տեխնիկական և ֆինանսական առաջարկում ներգրավված է եղել որպես սոցիոլոգ, վերջինիս հետ աշխատանքների իրականացման առաջին փուլի վերաբերյալ կնքված է եղել ծառայությունների մատուցման պայմանագիր, Զարուհի Հայրապետյանը պատշաճ կերպով իրականացրել է առաջին փուլի աշխատանքները, մասնակցել է երկրորդ փուլի աշխատանքների կատարման հաշվետվության քննարկմանը: Նշված հանգամանքները, ապացույցների համակցության մեջ գնահատման արդյունքում, կարող էին վկայել կողմերի որոշակի փոխհամաձայնեցված վարքագծի մասին, որն իրավական առումով կաշկանդել է վերջիններիս, և ըստ այդմ` վերջիններիս համար կարող է առաջացնել իրավական հետևանքներ:
Ավելին, ստորադաս դատարաններն անտեսել են, որ Պայմանագրի «Գ» հավելվածը, որը սահմանել է աշխատողների, այդ թվում նաև` Զարուհի Հայրապետյանի պաշտոնը, աշխատանքի չափման միավորները, միավորների քանակը, օրերի քանակը և միավորների արժեքները, չեղյալ համարվել է միայն 16.10.2013 թվականին, երբ երկրորդ փուլի վերանայված հաշվետվությունը ներկայացված է եղել Գրասենյակ և ընդունվել է Գրասենյակի կողմից:
Միաժամանակ ստորադաս դատարանները պատշաճ կարգով չեն հետազոտել գործում առկա` Լուսինե Հովհաննիսյանի, Զարուհի Հայրապետյանի և Գայանե Ղազարյանի էլեկտրոնային նամակագրությունը, որոնց միջոցով վերջիններս ենթադրաբար հաղորդակցվել են սույն գործով վեճի առարկա հանդիսացող աշխատանքների 2-րդ փուլի վերաբերյալ:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները չեն իրականացրել ապացույցների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտություն` խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որպիսի պայմաններում առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու և գործը` Զարուհի Հայրապետյանի պահանջի մասով, նոր քննության ուղարկելու համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանվում է միայն Զարուհի Հայրապետյանի վերաքննիչ բողոքը մերժելու մասով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ նշված ակտի դեմ վճռաբեկ բողոք բերվել է միայն վերջինիս կողմից:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործը` Զարուհի Հայրապետյանի պահանջի մասով, ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ դատական ծախսերի, այդ թվում նաև` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.10.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցը, ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.04.2016 թվականի որոշման` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.11.2015 թվականի վճիռը` Զարուհի Հայրապետյանի հայցն ընդդեմ «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասով, մերժելու մասով օրինական ուժի մեջ թողնելու մասը և այդ մասով գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում նաև` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.10.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Անտոնյան |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան |
|
Մ. Դրմեյան |
|
Գ. Հակոբյան |
|
Տ. Պետրոսյան |
|
Ե. Սողոմոնյան |
|
Ն. Տավարացյան |