Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1226-ՐԴ, 12...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1226-ՐԴ, 1244-ՐԴ ՀՈԴՎԱԾՆ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
ԵԷԴ/0985/02/14
2017թ.
Գործ թիվ    թիվ ԵԷԴ/0985/02/14

Նախագահող դատավոր`   Մ. Հարթենյան

                   Դատավորներ`    Ն. Բարսեղյան

                                                    Հ. Ենոքյան

    

 

ՈՐՈՇՈՒՄ
 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                  

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
 Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
  Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

                  

2017 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արա Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.04.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արա Բաղդասարյանի ընդդեմ Նարինե Հակոբյանի, Հռիփսիմե, Տաթևիկ և Արմենուհի Թամրազյանների, երրորդ անձինք «ՎԻ ԱՐ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի` հասանելիք ժառանգական զանգվածից փոխառության և տոկոսների գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

i

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արա Բաղդասարյանը պահանջել է Նարինե Հակոբյանին, Արմենուհի, Հռիփսիմե և Տաթևիկ Թամրազյաններին հասանելիք ժառանգության զանգվածից բռնագանձել 36.000.000 ՀՀ դրամ փոխառության գումար և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հաշվարկվելիք տոկոսները` հաշվարկը կատարելով 26.04.2011 թվականից մինչև պարտավորության կատարման օրը, ինչպես նաև որպես անհիմն խնայված գույք` Ընկերությունից բռնագանձել ամսական 1.000.000 ՀՀ դրամ` հաշվարկը կատարելով 07.02.2012 թվականից, և Ընկերությունից բռնագանձված գումարն ընդգրկել Սպարտակ Թամրազյանի ժառանգության զանգվածի մեջ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ.Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 27.11.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Դատարանը վճռել է Նարինե Հակոբյանին, Հռիփսիմե, Տաթևիկ և Արմենուհի Թամրազյաններին հասանելիք ժառանգության զանգվածից հօգուտ Արա Բաղդասարյանի բռնագանձել 36.000.000 ՀՀ դրամ փոխառության գումար, 36.000.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` 26.04.2011 թվականից մինչև պարտավորության կատարման օրը, Սպարտակ Թամրազյանի և Ընկերության միջև 07.02.2012 թվականին կնքված վարձակալության պայմանագրով նախատեսված վարձավճարներն ընդգրկել Սպարտակ Թամրազյանի ժառանգական զանգվածի մեջ: Հայցը` 07.02.2012 թվականից ամսական 1.000.000 ՀՀ դրամ` որպես անհիմն խնայված գույք Ընկերությունից բռնագանձելու պահանջի մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.04.2016 թվականի որոշմամբ Տաթևիկ Թամրազյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 27.11.2015 թվականի վճիռը` հայցը բավարարելու, պետական տուրքի բաշխման, հայցի ապահովման միջոցները պահպանելու մասերով, բեկանվել է և գործն այդ մասերով ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արա Բաղդասարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

i

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ, 6-րդ և 11-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 119-րդ և 220-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Սույն գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել միայն Տաթևիկ Թամրազյանը, իսկ Նարինե Հակոբյանը, Արմենուհի և Հռիփսիմե Թամրազյանները, ինչպես նաև Ընկերությունը վերաքննիչ բողոք չեն ներկայացրել, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, Դատարանի 27.11.2015 թվականի վճիռը բեկանելով նաև նրանց մասով, հաշվի չի առել այն հանգամանքը, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոքում ներկայացված հիմքերի և հիմնավորումների սահմաններում և բողոք բերած անձին վերաբերող մասով, և չի կարող քննության առարկա դարձնել և որոշում կայացնել վճռի այն մասի վերաբերյալ, որը չի բողոքարկվել այն անձանց կողմից, որոնց վերաբերում է վճռի այդ մասը: Հետևաբար Նարինե Հակոբյանի, Արմենուհի և Հռիփսիմե Թամրազյանների, Ընկերության կողմից դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք չներկայացնելու պայմաններում Վերաքննիչ դատարանն իրավասու չէր վերանայել վճռի` նրանց վերաբերող մասը:

i

2) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին կետը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 53-րդ և 220-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ 22.04.2015 թվականի թիվ 13143315 քրեական գործը հարուցելու մասին, 29.07.2015 թվականի թիվ 13143315 քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումներով հաստատվել է, որ Նարինե Հակոբյանը, Արմենուհի, Հռիփսիմե և Տաթևիկ Թամրազյանները հանդիսանում են Սպարտակ Թամրազյանի ժառանգները: Մասնավորապես` Նարինե Հակոբյանը հաղորդում է տվել այն մասին, որ Արա Բաղդասարյանն ամուսնու` Սպարտակ Թամրազյանի վստահությունը չարաշահելով և խաբեությամբ վերջինիս հետ կնքել է 36.000.000 ՀՀ դրամի կեղծ փոխառության պայմանագիր: Բացի այդ, Նարինե Հակոբյանը ցուցմունք է տվել, որ Արա Բաղդասարյանն իրենից և Սպարտակ Թամրազյանի երեխաներից փորձել է հափշտակել 36.000.000 ՀՀ դրամ և այդ կապակցությամբ հայցադիմում է ներկայացրել դատարան:

Պատասխանողները ոչ միայն չեն առարկել ժառանգությունն ընդունելու փաստի դեմ, այլև իրենք են ապացուցել, որ ընդունել են ժառանգությունը, քանի որ Դատարանին հայտնել են, որ կանոնավոր կերպով ստանում են ժառանգության զանգվածի մեջ մտնող Երևանի Արցախի փողոցի թիվ 143/1 հասցեում գտնվող գույքի վարձավճարները` սկսած ժառանգատուի մահվան ամսից: Պատասխանողները Դատարան են ներկայացրել 07.02.2012 թվականին Սպարտակ Թամրազյանի և Ընկերության միջև կնքված վարձակալության պայմանագրի պատճենը, Ընկերության կանոնադրության պատճենը, որոնց համաձայն` Ընկերության գտնվելու և իրավաբանական հասցե է համարվում ժառանգատուին պատկանող անշարժ գույքը` Երևանի Արցախի փողոցի թիվ 143/1 հասցեն: Այսինքն` գործին մասնակցող անձանց ցուցմունքներով և ներկայացված փաստաթղթերով հաստատվել է, որ ժառանգները ժառանգությունն ընդունելու ժամանակահատվածի սկզբից` ժառանգատուի մահվան օրվանից սկսած փաստացի տիրապետում են ժառանգական գույքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.04.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 27.11.2015 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Արա Բաղդասարյանի (Փոխատու) և Սպարտակ Թամրազյանի (Փոխառու) միջև 26.01.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրի համաձայն` Փոխատուն Փոխառուին փոխառության կարգով առանց տոկոսների տվել է 36.000.000 ՀՀ դրամ` պայմանագրի կնքման օրվանից մինչև 26.04.2011 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 13):

2) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 19.05.2014 թվականի տեղեկանքի համաձայն` Երևանի Արցախի փողոցի թիվ 143/1 հասցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով գրանցված է Սպարտակ Թամրազյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 84):

3) Սպարտակ Թամրազյանի (Վարձատու) և Ընկերության (Վարձակալ) միջև 07.02.2012 թվականին հասարակ գրավոր ձևով կնքված վարձակալության պայմանագրի համաձայն` Վարձատուն պարտավորվել է ժամանակավոր օգտագործման համար Վարձակալին հանձնել սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևանի Արցախի փողոցի թիվ 143/1 հասցեում գտնվող շինությունը: 23.11.2011 թվականի Ընկերության կանոնադրության համաձայն` Ընկերության գտնվելու վայրը և իրավաբանական հասցեն է` Երևանի Արցախի փողոցի թիվ 143/1 (հատոր 2-րդ, գ.թ. 30-33, 35-36):

4) Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժնի կողմից 14.08.2014 թվականին տրված մահվան ակտի գրանցման վերաբերյալ թիվ 01 տեղեկանքի` Սպարտակ Թամրազյանը մահացել է 01.04.2013 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 99):

5) Էրեբունու նոտարական տարածքի նոտարին հասցեագրված 28.09.2013 թվականի դիմումի համաձայն` Արա Բաղդասարյանը հայտնել է, որ Սպարտակ Թամրազյանը 01.04.2013 թվականին մահացել է, ուստի խնդրել է իր` որպես պարտատիրոջ պահանջները գրանցել ժառանգական գործերի հաշվառման գրքում (հատոր 1-ին, գ.թ. 83):

6) Տաթևիկ Թամրազյանի ներկայացուցիչների կողմից Դատարան ներկայացված Տաթևիկ Թամրազյանի անձնագրի պատճենի համաձայն` վերջինիս հայրանունը Սպարտակ է (հատոր 1-ին, գ.թ. 58):

7) 24.10.2014 թվականին Դատարանին հասցեագրված դիմումի համաձայն` Տաթևիկ Թամրազյանի ներկայացուցիչները նշել են, որ 07.02.2012 թվականից Երևանի Արցախի փողոցի թիվ 143/1 հասցեում Ընկերությունն իրականացնում է խոզաբուծություն (հատոր 2-րդ, գ.թ. 28-29):

8) Տաթևիկ Թամրազյանը 29.12.2015 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որտեղ նշել է, որ Ընկերությունը կանոնավոր կերպով կատարում է և նախկինում էլ կատարել է վարձակալության վճարումները, ինչպես նաև որ Տաթևիկ Թամրազյանը Սպարտակ Թամրազյանի դուստրն է (հատոր 4-րդ, գ.թ. 4-13):

9) Սույն գործով պատասխանողներ Նարինե Հակոբյանը, Հռիփսիմե և Արմենուհի Թամրազյանները Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք չեն ներկայացրել:

 

i

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

i

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին կետի միատեսակ կիրառության համար.

2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին կետի սխալ մեկնաբանության և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1) արդյո՞ք ժառանգները կրում են ժառանգության հետ կապված ծախսերը հատուցելու պարտականություն այն դեպքում, երբ նրանք ժառանգական գույքի փաստացի տիրապետմամբ ընդունել են ժառանգությունը, սակայն ժառանգության իրավունքի վկայագիր չեն ստացել.

2) արդյո՞ք գործին մասնակցող անձը կրում է այն փաստերն ապացուցելու պարտականությունը, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են դատարան ներկայացված դատավարական փաստաթղթերով, այլ ապացույցներով և իրենց դիրքորոշմամբ.

3) արդյո՞ք վերաքննիչ դատարանն իրավասու է բեկանել վճիռն այն անձանց մասով, որոնք վերաքննիչ բողոք չեն ներկայացրել:

 

i

1) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն` առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները: Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում: Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր, իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում` ներառյալ այն դեպքում, երբ նա արդեն ընդունել է ժառանգությունը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է վկայակոչված հոդվածների վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը նախատեսել է ժառանգության ընդունման երկու եղանակ` ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելը և ժառանգի կողմից ժառանգված գույքը փաստացի տիրապետելը կամ կառավարելը: Ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել այդ գույքը, ինչը հանդիսանում է ժառանգական գույքի նկատմամբ ժառանգի սեփականության իրավունքի ծագման նախապայման (տե՛ս, Արմինե Հակոբյանը և Սամվել Հակոբյանն ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի և մյուսների թիվ 3-1621(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2007 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ եթե գործի քննության ընթացքում կողմերից մեկը բարձրացնում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ձևերից մեկով ժառանգությունն իր կողմից ընդունելու հարցը, ապա նմանատիպ գործեր քննելիս միշտ կարևոր է այն իրավական հարցի պարզաբանումը, թե արդյոք անձը փաստացի տիրապետման հիմքով ընդունել է ժառանգությունը (տե՛ս, օրինակ, Վլադիմիր Բալասանյանն ընդդեմ Կարինե Սերոպյանի և մյուսների թիվ 3-183(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը): Ուստի դատարանում գործի քննության ժամանակ պետք է հիմնավորվի փաստացի տիրապետման հիմքով ժառանգական գույքն ընդունելու փաստը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ժառանգական գույքի փաստացի տիրապետելու հանգամանքը կարող է ապացուցվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով նախատեսված ապացույցների տեսակներով, ընդ որում, գույքի տիրապետման կամ կառավարման ապացույց կարող է հանդիսանալ նաև բնակարանային շահագործման մարմինների, համատիրությունների, բնակարանային-շինարարական կոոպերատիվների, տեղական ինքնակառավարման մարմինների և օրենսդրությամբ համապատասխան փաստաթուղթ տալու իրավունք ունեցող այլ մարմինների կողմից տրված տեղեկանքը կամ այլ ապացույցներ, որոնք ուղղակիորեն հաստատում են այն, որ ժառանգատուի մահից հետո ժառանգը փաստացի տիրապետել և կառավարել է ժառանգական գույքը (տե՛ս, Միշա Վարդանյանն ընդդեմ Վարդան Վարդանյանի և մյուսների թիվ 3-938(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշումը):

Եթե օրենսդիրը դիմում տալու եղանակով ժառանգության ընդունման հատուկ ընթացակարգ է նախատեսել (ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին վեցամսյա ժամկետում հանձնելը), ապա փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ժառանգության ընդունումը կարող է տեղի ունենալ ժառանգի կողմից ամենատարբեր բնույթի ակտիվ գործողություններ սկսելու հիմքով, որպիսիք ուղղված են ժառանգատուի գույքի փաստացի տիրապետման և կառավարման հնարավորությունների ապահովմանը (տե՛ս, Կիմա Սարգսյանն ընդդեմ Հարություն Սարգսյանի և մյուսների թիվ 3-1224(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշումը):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1242-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության հետ կապված ծախսերը հատուցվում են հետևյալ հերթականությամբ`

առաջին հերթին հատուցվում են մինչև ժառանգատուի մահը նրա հիվանդության հետևանքով առաջացած և ժառանգատուի պատշաճ հուղարկավորության համար անհրաժեշտ ծախսերը.

երկրորդ հերթին հատուցվում են ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը պահպանելու և կառավարելու, ինչպես նաև կտակը կատարելու հետ կապված ծախսերը.

երրորդ հերթին բավարարվում են ժառանգատուի պարտքերով պարտատերերի պահանջները.

չորրորդ հերթին բավարարվում են պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգների պահանջները.

հինգերորդ հերթին հատուցվում են կտակային հանձնարարությունը կատարելու հետ կապված ծախսերը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պահանջները, մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը, կարող են ներկայացվել ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգները, ժառանգության իրավունքի վկայագիրը ստանալուց հետո, իրենց անցած գույքի արժեքի սահմաններում հատուցում են նույն օրենսգրքի 1242-րդ հոդվածում նշված ծախսերը: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` իրենց անցած ժառանգության արժեքի սահմաններում ժառանգները կրում են համապարտ պատասխանատվություն:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ժառանգության հետ կապված ծախսերի, մասնավորապես` ժառանգատուի պարտքերով պարտատերերի պահանջները բավարարելու ժառանգների պարտականությանը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին կետի այն կարգավորման լույսի ներքո, համաձայն որի` ժառանգները հատուցում են այդ ծախսերը ժառանգության իրավունքի վկայագիրը ստանալուց հետո: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տվյալ դեպքում «ժառանգության իրավունքի վկայագիրը ստանալուց հետո» արտահայտությամբ օրենսդիրը ցանկացել է ընդգծել, որ քննարկվող ծախսերը հատուցվում են ժառանգության ընդունման համար օրենքով սահմանված վեցամսյա ժամկետն անցնելուց և ժառանգների կազմը հայտնի դառնալուց հետո, և չի կարող պահանջ ներկայացվել դրանք նշված ժամկետից ավելի վաղ հատուցելու մասին, քանի որ մինչ այդ պարզված չի լինում ժառանգությունն ընդունած ժառանգների կազմը: Բանն այն է, որ թե՛ ժառանգությունն ընդունելու, թե՛ դրանից հրաժարվելու համար օրենսդիրը սահմանել է վեցամսյա ժամկետ, և միայն այդ ժամկետն անցնելուց հետո է պարզ դառնում, թե ժառանգներից ով կամ ովքեր են ընդունել ժառանգությունը, ով կամ ովքեր են հրաժարվել դրանից և ում պետք է տրվի ժառանգության իրավունքի վկայագիր: Բացառությամբ այն պարտավորությունների, որոնք չեն կարող կատարվել առանց ժառանգատուի անձնական մասնակցության, ժառանգատուի մյուս բոլոր պարտավորությունները նրա մահվամբ չեն դադարում, և դրանք, օրենքով սահմանված ժամկետում և կարգով պահանջ ներկայացված լինելու դեպքում, պարտավոր են կատարել ժառանգությունն ընդունած ժառանգները` իրենց անցած գույքի արժեքի սահմաններում: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի այլ մեկնաբանությունը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, որ իրականում ընդունելով ժառանգությունը` ժառանգները կարող են խուսափել ժառանգատուի պարտքերով պարտատերերի առջև պատասխանատվությունից` պարզապես չստանալով ժառանգության իրավունքի վկայագիր, այսինքն` չձևակերպելով ժառանգության ընդունումը: Նման մոտեցումն ամբողջությամբ կհակասի ժառանգված գույքը փաստացի տիրապետմամբ կամ կառավարմամբ ընդունելու հնարավորության վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված իրավակարգավորմանը, կստեղծի ժառանգության ընդունումն անհամաչափ ձևականություններով պայմանավորելու իրական վտանգ, ինչն իր հերթին կխախտի ժառանգության ընդունման իրավահարաբերությունների կայունությունը: Մյուս կողմից նման մեկնաբանությունը կիմաստազրկի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի այն ընդհանուր իրավակարգավորումը, համաձայն որի` ժառանգներն իրենց անցած գույքի արժեքի սահմաններում հատուցում են նույն օրենսգրքի 1242-րդ հոդվածում նշված ծախսերը, և այդ հարցում նրանք կրում են համապարտ պատասխանատվություն: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ժառանգությունն ընդունած ժառանգներն օրենքով սահմանված կարգով և չափով պատասխանատու են ժառանգի` իրավահաջորդություն թույլ տվող պարտավորությունների համար` անկախ այն հանգամանքից, թե ժառանգության ընդունումը ժառանգության իրավունքի վկայագրով ձևակերպվել է, թե` ոչ: Այս դիրքորոշումը հիմնավորվում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ կետի իրավակարգավորմամբ, համաձայն որի` ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:

2) Սույն գործով Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ապացուցելուց ազատվելու հիմքերի վերաբերյալ նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառնալ անվիճելի փաստերի ապացուցման անհրաժեշտությանը` այդպիսով նպաստելով այդ հարցով իրավունքի զարգացմանը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հանրահայտ հանգամանքներն ապացուցման կարիք չունեն: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:

Քաղաքացիական գործի քննության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքանով է պարզ և հստակ ապացուցման գործընթացը: Այդ գործընթացը հնարավորինս պարզեցնելու, գործին մասնակցող անձանց և դատարանին անհարկի չծանրաբեռնելու նպատակով օրենսդիրը սահմանել է դեպքեր, երբ գործի քննության ընթացքում որոշակի փաստեր որոշակի հանգամանքներում անհրաժեշտ չէ ապացուցել: Դատական պրակտիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ թեև օրենսդրի կողմից իբրև ապացուցելուց ազատվելու հիմքեր սահմանված են հանրահայտ, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով և դատավճռով հաստատված փաստերը, սակայն դատարաններն իրավացիորեն ապացուցման կարիք չունեցող փաստերի շարքին են դասում նաև այսպես կոչված «անվիճելի փաստերը»: Դրանք գործին մասնակցող անձանց կողմից վկայակոչված, գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերն են, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են դատարան ներկայացված դատավարական փաստաթղթերով, դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ, դիրքորոշում հայտնելու կամ ցուցմունք տալու ընթացքում: Գործին մասնակցող անձանց կողմից գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ընդունումը կրճատում է ապացուցման ենթակա փաստերի շրջանակը և դատարանին հնարավորություն է տալիս կենտրոնանալու վիճելի փաստերի ապացուցման գործընթացի վրա:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված են որոշակի կանոններ, որոնց պահպանմամբ միայն դատարանները կարող են անվիճելի փաստերը համարել հաստատված և գործին մասնակցող անձանց ազատել ապացուցման պարտականությունից: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձի կողմից այն փաստն ընդունելը, որի միջոցով մյուս անձը հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները, պարտադիր չէ դատարանի համար: Դատարանը կարող է ընդունված փաստը համարել հաստատված, եթե կասկածներ չկան, որ դա համապատասխանում է գործի հանգամանքներին, և կողմն այն չի ընդունել խաբեության, բռնության, սպառնալիքի, մոլորության ազդեցության տակ, մեկ կողմի ներկայացուցչի հետ մյուս կողմի չարամիտ համաձայնության հետևանքով կամ ճշմարտությունը թաքցնելու նպատակով: Վճռաբեկ դատարանի կարծիքով գործին մասնակցող անձինք չեն կարող ազատվել անվիճելի փաստերն ապացուցելու պարտականությունից նաև այն դեպքերում, երբ այդ փաստերը կարող են հաստատվել միայն ապացույցի որոշակի տեսակներով և նման ապացույցներ գործում առկա չեն, ինչպես նաև այն դեպքերում, երբ այդ փաստերի հաստատումը, բացի անվիճելի փաստերը վկայակոչած և դրանք ընդունած գործին մասնակցող անձանցից, կարող է ազդել նաև այլ անձանց իրավունքների և պարտականությունների վրա: Հարկ է նշել, որ բոլոր դեպքերում գործի փաստերն անվիճելիների շարքին դասելու, դրանք ապացուցման առարկայից հանելու և ի վերջո` հաստատված համարելու և գնահատելու գործառույթները բացառապես վերապահված են դատարանին, որը դրանք պետք է իրականացնի սահմանված դատավարական իրավակարգավորումներին համապատասխան: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոշարադրյալ դատավարական կանոնների պահպանմամբ դատարանը գործին մասնակցող անձանց կարող է ազատել գործին մասնակցող մյուս անձանց կողմից չվիճարկվող փաստերն ապացուցելու պարտականությունից և այդ փաստերը համարել ապացուցված:

3) ՀՀ քաղաքացիական դատավարությունում գործում է տնօրինչականության սկզբունքը, համաձայն որի` գործին մասնակցող անձն օրենքով սահմանված կարգով սեփական հայեցողությամբ է տնօրինում իր նյութական և դատավարական իրավունքները և որոշում իր իրավունքների պաշտպանության միջոցներն ու եղանակները: Դրան համապատասխան էլ դատարաններն իրականացնում են արդարադատություն` հարուցում են քաղաքացիական գործ, քննում և լուծում այն, ինչպես նաև քննում և լուծում են դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ և վճռաբեկ բողոքները: Ընդ որում, ինչպես գործին մասնակցող անձինք, այնպես էլ դատարանները պարտավոր են պահպանել օրենքով սահմանված կարգը: Ըստ այդմ` գործին մասնակցող անձանց համար օրենքով սահմանված են բողոքարկման, իսկ վերադաս դատական ատյանների համար` բողոքների քննության որոշակի սահմաններ: Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերաքննիչ բողոք բերելու սահմանափակումներին և վերաքննության սահմաններին` նպատակ ունենալով նպաստել այդ բնագավառում իրավունքի զարգացմանը:

«Վճռաբեկ բողոք բերելու սահմանափակումները» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի` միայն իր համար անբարենպաստ մասի դեմ: Թեև «վարույթը վերաքննիչ դատարանում» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի չորրորդ բաժինը նույնաբովանդակ իրավակարգավորում չի նախատեսում վերաքննիչ վարույթի համար, սակայն դատական պրակտիկայում վճռաբեկ բողոք բերելու նման սահմանափակումը կիրառվում է նաև վերաքննիչ բողոքների համար, քանի որ դա բխում է տնօրինչականության սկզբունքից: Ընդ որում, դատական ակտի` միայն իր համար անբարենպաստ մասի դեմ բողոք բերելու սահմանափակումն ունի կրկնակի բովանդակային նշանակություն`

1) անձը չի կարող բողոք բերել դատական ակտի` իր համար բարենպաստ մասի դեմ,

2) անձը չի կարող բողոք բերել դատական ակտի` այլ անձանց համար անբարենպաստ մասի դեմ:

Եթե անձի կողմից դատական ակտի` իր համար բարենպաստ մասի դեմ բողոք բերելը տրամաբանական չէ, ապա անձի կողմից այլ անձանց շահերի պաշտպանության համար բողոք ներկայացնելը այն պայմաններում, երբ այդ անձինք դատական ակտը չեն բողոքարկել (բացառությամբ օրենքով թույլատրված դեպքերի), կհակասի տնօրինչականության սկզբունքին: Դրան համապատասխան էլ վերաքննիչ դատարանը չի կարող քննել և լուծել ինչպես դատական ակտի` անձի համար բարենպաստ մասի դեմ բերված բողոքը, այնպես էլ անձի կողմից այլ անձանց իրավունքներին ու պարտականություններին առնչվող մասով բերված վերաքննիչ բողոքը: Եթե անձը, ի խախտումն տնօրինչականության սկզբունքի, ներկայացրել է վերաքննիչ բողոք, որով վիճարկում է դատական ակտի ոչ միայն իր, այլև այլ անձանց համար անբարենպաստ մասը, ապա վերաքննիչ դատարանն իրավասու է քննելու և լուծելու միայն բողոք բերած անձի իրավունքներին ու պարտականություններին վերաբերող մասով բերված բողոքը և ըստ այդմ էլ քննության ընթացքում համապատասխան հետևության գալով` իրավասու է բեկանել միայն դատական ակտի` բողոք բերած անձի համար անբարենպաստ մասը:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Արա Բաղդասարյանի (Փոխատու) և Սպարտակ Թամրազյանի (Փոխառու) միջև 26.01.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրով Փոխատուն Փոխառուին փոխառության կարգով առանց տոկոսների տվել է 36.000.000 ՀՀ դրամ` պայմանագրի կնքման օրվանից մինչև 26.04.2011 թվականը: Գումարի վերադարձման մասին ապացույցներ գործում չկան: Սպարտակ Թամրազյանը մահացել է 01.04.2013 թվականին: Էրեբունու նոտարական տարածքի նոտարին հասցեագրված դիմումով Արա Բաղդասարյանը խնդրել է իր` որպես պարտատիրոջ պահանջները գրանցել ժառանգական գործերի հաշվառման գրքում: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 15.05.2014 թվականի տեղեկանքի համաձայն` Երևանի Արցախի փողոցի թիվ 143/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցված է Սպարտակ Թամրազյանի սեփականության իրավունքը: Նշված հասցեի անշարժ գույքը Սպարտակ Թամրազյանի և Ընկերության միջև 07.02.2012 թվականին հասարակ գրավոր ձևով կնքված վարձակալության պայմանագրով Սպարտակ Թամրազյանի կողմից հանձնվել է Ընկերության ժամանակավոր օգտագործմանը: 24.10.2014 թվականին Դատարանին հասցեագրված դիմումի համաձայն` Տաթևիկ Թամրազյանի ներկայացուցիչները նշել են, որ 07.02.2012 թվականից Երևանի Արցախի փողոցի թիվ 143/1 հասցեում Ընկերությունն իրականացնում է խոզաբուծություն:

Սույն գործով Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացրել է միայն պատասխանող Տաթևիկ Թամրազյանը` վերաքննիչ բողոքում հայտնելով, որ Ընկերությունը կանոնավոր կերպով կատարում է և նախկինում էլ կատարել է վարձակալության վճարումները, ինչպես նաև որ Տաթևիկ Թամրազյանը Սպարտակ Թամրազյանի դուստրն է: Բացի այդ, Տաթևիկ Թամրազյանի ներկայացուցիչների կողմից Դատարան ներկայացված Տաթևիկ Թամրազյանի անձնագրի պատճենի համաձայն` վերջինիս հայրանունը Սպարտակ է: Պատասխանողներ Նարինե Հակոբյանը, Հռիփսիմե և Արմենուհի Թամրազյանները Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք չեն ներկայացրել:

Սույն գործով Դատարանը հայցը մասնակիորեն բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքները, որ ժառանգատու Սպարտակ Թամրազյանն Արա Բաղդասարյանի նկատմամբ ունեցել է 36.000.000 ՀՀ դրամի փոխառության գումարը պայմանագրով սահմանված ժամկետում վճարելու չկատարված պարտավորություն. վերջինս օրենքով սահմանված ժամկետում և կարգով գրանցել է ժառանգների նկատմամբ պահանջի իր իրավունքը: Դատարանը հաստատված է համարել, որ Նարինե Հակոբյանը Սպարտակ Թամրազյանի կինն է, Հռիփսիմե, Արմենուհի և Տաթևիկ Թամրազյանները` դուստրերը: Նշված փաստերի հիման վրա Դատարանը գտել է, որ ժառանգները պատասխանատվություն են կրում ժառանգատուի պարտատիրոջ առջև և իրենց անցած ժառանգական գույքի արժեքի սահմաններում պարտավոր են բավարարել վերջինիս պահանջները:

Վերաքննիչ դատարանը, Տաթևիկ Թամրազյանի վերաքննիչ բողոքը բավարարելով, պատճառաբանել է, որ գործում առկա ապացույցների համակցությունը բավարար չէ հաստատված համարելու ապացուցման առարկան կազմող այնպիսի հանգամանքի առկայությունը, որ պատասխանողներ Տաթևիկ, Արմենուհի և Հռիփսիմե Թամրազյանները, Նարինե Հակոբյանը ժառանգատու Սպարտակ Թամրազյանի ժառանգությունն ընդունած ժառանգներ են: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը գտել է, որ պատասխանողների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստացած լինելու փաստը, որն ապացուցելու պարտականությունը կրում է հայցվորը, չի հիմնավորվել, ինչը բավարար հիմք է հետևություն անելու այն մասին, որ վերջիններս չեն կարող պատասխանատվություն կրել ժառանգատու Սպարտակ Թամրազյանի պարտավորությունների համար: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ Դատարանը, ժառանգատուի պարտավորությունների համար Տաթևիկ, Արմենուհի և Հռիփսիմե Թամրազյաններին, Նարինե Հակոբյանին պատասխանատու որակելով և «վարձակալության պայմանագիր» վերտառությամբ փաստաթղթով նախատեսված վարձավճարները Սպարտակ Թամրազյանի ժառանգական զանգվածի մեջ ընդգրկելով, չի կատարել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գործում առկա ապացույցները դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից գնահատելու և դրա արդյունքում հիմնավորված ու պատճառաբանված դատական ակտ կայացնելու օրենսդրական պահանջը: Շարադրված պատճառաբանություններով Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բավարարել է Տաթևիկ Թամրազյանի վերաքննիչ բողոքը, և Դատարանի վճիռը հայցը բավարարելու, պետական տուրքի բաշխման և հայցի ապահովման միջոցները պահպանելու մասերով բեկանել և գործն այդ մասերով ուղարկել է Դատարան` նոր քննության:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, սույն գործի փաստերի հիման վրա և վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի հետևությունները, արձանագրում է հետևյալը.

Նախ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ հաշվի առնելով, որ վերաքննիչ բողոք ներկայացրել է միայն Տաթևիկ Թամրազյանը, Վերաքննիչ դատարանը պարտավոր էր դատական ակտը վերանայել միայն Տաթևիկ Թամրազյանի իրավունքներին և պարտականություններին առնչվող ծավալով: Նման պայմաններում հայցը բավարարելու մասով ամբողջությամբ բեկանելով Դատարանի վճիռը, այդ թվում` Արմենուհի և Հռիփսիմե Թամրազյանների և Նարինե Հակոբյանի դեմ պահանջների մասով` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել տնօրինչականության սկզբունքի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:

Նկատի ունենալով, որ վերաքննիչ բողոք ներկայացրել է միայն Տաթևիկ Թամրազյանը, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին անդրադառնում է միայն Տաթևիկ Թամրազյանի մասով:

Այսպես` Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ ժառանգության իրավունքի վկայագիր ստացած լինելու փաստը հայցվորի կողմից ապացուցված չլինելու պայմաններում պատասխանողները չեն կարող պատասխանատվություն կրել Սպարտակ Թամրազյանի պարտավորությունների համար, Վճռաբեկ դատարանը համարում է անհիմն և վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո հարկ է համարում արձանագրել, որ սույն գործով էական նշանակություն ունի ոչ միայն ժառանգության իրավունքի վկայագիր ստացած լինելու հանգամանքի բացահայտումը, այլ նաև պատասխանողների կողմից Սպարտակ Թամրազյանի ժառանգությունն ընդունած լինելու փաստի բացահայտումը: Հետևաբար նման պայմաններում Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Տաթևիկ Թամրազյանի բողոքն այն հիմքով բավարարելու Վերաքննիչ դատարանի եզրահանգումը, ըստ որի` ժառանգների վրա պարտատերերի պահանջների հատուցման պարտականություն կարող է դրվել միայն այն դեպքում, երբ առկա է ժառանգության իրավունքի վկայագիր: Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով պարզաբանման է ենթակա այն հարցը, թե արդյոք Տաթևիկ Թամրազյանն ընդունել է Սպարտակ Թամրազյանի ժառանգությունը:

Նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի հիման վրա ժառանգությունն ընդունած ժառանգ համարվելու համար պարզաբանման է ենթակա նախ ժառանգ լինելու հանգամանքը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ սույն գործով Տաթևիկ Թամրազյանի` Սպարտակ Թամրազյանի դուստր լինելու փաստը հաստատված լինելուն: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ, որպես կանոն, ազգակցական կապը, մասնավորապես, ծնող և զավակ լինելու հանգամանքը, կարող է հաստատվել օրենքով սահմանված թույլատրելի ապացույցներով` ծննդյան վկայականով կամ ծննդյան գրառման վերաբերյալ ապացույցով` նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` ծնունդը պետական գրանցման ենթակա քաղաքացիական կացության ակտ է, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիական կացության ակտերը գրանցում են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյաններում (ակտերի գրքեր) համապատասխան գրառումներ կատարելու և այդ գրառումների հիման վրա քաղաքացիներին վկայականներ տալու միջոցով: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նման քաղաքացիական կացության ակտերի կապակցությամբ վեճ առաջանալու դեպքում կիրառելի է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ապացույցների թույլատրելիության կանոնն այն մասին, որ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վեճ առկա չէ Տաթևիկ Թամրազյանի` Սպարտակ Թամրազյանի դուստրը լինելու հանգամանքի վերաբերյալ, քանի որ Տաթևիկ Թամրազյանը Դատարանում գործի քննության ընթացքում երբևէ չի վիճարկել Սպարտակ Թամրազյանի դուստրը լինելու հանգամանքը, որպիսի պայմաններում նշված փաստը դարձել է անվիճելի: Բացի այդ, Տաթևիկ Թամրազյանի անձնագրի պատճենում ևս վերջինիս հայրանունը նշված է Սպարտակ: Ավելին, Տաթևիկ Թամրազյանն իր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի «Գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը» բաժնում նշել է, որ ինքը Սպարտակ Թամրազյանի դուստրն է: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով ոչ միայն վեճ չկա Տաթևիկ Թամրազյանի` Սպարտակ Թամրազյանի դուստր լինելու հանգամանքի վերաբերյալ, այլ նաև այլ ապացույցներով ևս հաստատվել է այդ հանգամանքը: Հետևաբար ապացույցների թույլատրելիության վերը նշված կանոնի խախտում սույն գործով տեղի չի ունեցել: Ուստի սույն գործով հիմնավորվել է Տաթևիկ Թամրազյանի` Սպարտակ Թամրազյանի ժառանգը լինելու հանգամանքը:

Ինչ վերաբերում է Տաթևիկ Թամրազյանի կողմից ժառանգությունն ընդունած լինելուն, մասնավորապես, փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն հանգամանքը, որ Տաթևիկ Թամրազյանը գործի քննության ընթացքում ընդունել է, որ հոր սեփականությունը հանդիսացող տարածքում խոզաբուծություն իրականացնող Ընկերությունը վճարում է «վարձակալության պայմանագրով սահմանված վարձավճարները», վկայում է այն մասին, որ Տաթևիկ Թամրազյանը մասնակցում է իր հոր ժառանգական գույքի` մասնավորապես` Երևանի Արցախի փողոցի թիվ 143/1 հասցեի անշարժ գույքի կառավարմանը: ՈՒստի նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տաթևիկ Թամրազյանը փաստացի կառավարման եղանակով ընդունել է Սպարտակ Թամրազյանի ժառանգությունը:

i

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ վարձակալության պայմանագրով նախատեսված վարձավճարները Սպարտակ Թամրազյանի ժառանգական զանգվածի մեջ ընդգրկելով` Դատարանը չի իրականացրել գործում առկա ապացույցների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտություն, Վճռաբեկ դատարանը, հիմնավոր համարելով նշված հետևությունը, հարկ է համարում հավելել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը, ներառյալ` դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ժառանգության զանգվածի մեջ կարող են մտնել միայն օրինական հիմքերով ժառանգատուին պատկանող գույքային իրավունքները: Հետևաբար վարձակալության պայմանագրից ծագող վարձավճարներ ստանալու իրավունքը ժառանգատուի ժառանգական զանգվածի մեջ կարող էր մտնել միայն այն դեպքում, եթե գործի քննության ընթացքում հաստատվեր վարձավճարներ ստանալու իրավունքի օրինական հիմքը: Այլ կերպ ասած` Դատարանը գործի քննության ընթացքում պետք է պարզեր, թե արդյոք վարձակալության հարաբերությունները ծագել են օրենքով սահմանված կարգով կնքված վարձակալության պայմանագրի հիման վրա` նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 610-րդ և 611-րդ հոդվածների համաձայն` անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ նշված պայմանագրից ծագող իրավունքները` պետական գրանցման: Մինչդեռ սույն գործով Դատարանը 27.11.2015 թվականի վճռի «Գործի փաստեր» բաժնում հաստատված է համարել, որ Սպարտակ Թամրազյանի և Ընկերության միջև 07.02.2012 թվականին կնքված վարձակալության պայմանագիրը վավերացված չէ նոտարական կարգով, իսկ պայմանագրից ծագող իրավունքները պետական գրանցման չեն ենթարկվել, սակայն այդուհանդերձ բավարարել է հայցը` նշված պայմանագրից ծագող վարձավճարներն ընդգրկելով Սպարտակ Թամրազյանի ժառանգական զանգվածի մեջ: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ և 302-րդ հոդվածների ուժով վերոնշյալ պայմանագիրն առոչինչ է, գտնում է, որ առոչինչ գործարքից ծագող ենթադրյալ գույքային իրավունքը չի կարող ներառվել ժառանգական զանգվածում: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սպարտակ Թամրազյանի և Ընկերության միջև 07.02.2012 թվականին կնքված վարձակալության պայմանագրից ծագող վարձավճարները Տաթևիկ Թամրազյանի մասով Սպարտակ Թամրազյանի ժառանգական զանգվածի մեջ ներառելու պահանջը ենթակա է մերժման:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հաստատված է Տաթևիկ Թամրազյանի` Սպարտակ Թամրազյանի ժառանգությունն ընդունած ժառանգ լինելու հանգամանքը, ուստի Տաթևիկ Թամրազյանից 36.000.000 ՀՀ դրամ փոխառության գումարը, այդ գումարի նկատմամբ 26.04.2011 թվականից մինչև պարտավորության կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների գումարը բռնագանձելու պահանջների և դրա հետ կապված դատական ծախսերի բաշխման մասով Դատարանի եզրահանգումը հիմնավորված է` սույն որոշմամբ շարադրված պատճառաբանություններով:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սպարտակ Թամրազյանի և Ընկերության միջև 07.02.2012 թվականին կնքված վարձակալության պայմանագրով նախատեսված վարձավճարները Տաթևիկ Թամրազյանի մասով Սպարտակ Թամրազյանի ժառանգական զանգվածի մեջ ընդգրկելու պահանջը բավարարելու մասով Դատարանը թույլ է տվել դատական սխալ` նկատի ունենալով, որ նման պահանջը ենթակա էր մերժման:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նարինե Հակոբյանից, Արմենուհի և Հռիփսիմե Թամրազյաններից 36.000.000 ՀՀ դրամ փոխառության գումարը, այդ գումարի նկատմամբ 26.04.2011 թվականից մինչև պարտավորության կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների գումարը բռնագանձելու, Սպարտակ Թամրազյանի և Ընկերության միջև 07.02.2012 թվականին կնքված վարձակալության պայմանագրով նախատեսված վարձավճարները Նարինե Հակոբյանի, Արմենուհի և Հռիփսիմե Թամրազյանների մասով Սպարտակ Թամրազյանի ժառանգական զանգվածի մեջ ընդգրկելու պահանջների և դրա հետ կապված դատական ծախսերի բաշխման, ինչպես նաև Տաթևիկ Թամրազյանից 36.000.000 ՀՀ դրամ փոխառության գումարը, այդ գումարի նկատմամբ 26.04.2011 թվականից մինչև պարտավորության կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների գումարը բռնագանձելու և դրա հետ կապված դատական ծախսերի բաշխման մասով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

Ինչ վերաբերում է Սպարտակ Թամրազյանի և Ընկերության միջև 07.02.2012 թվականին կնքված վարձակալության պայմանագրով նախատեսված վարձավճարները Տաթևիկ Թամրազյանի մասով Սպարտակ Թամրազյանի ժառանգական զանգվածի մեջ ընդգրկելու պահանջին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված պահանջի մասով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը` հետևյալ հիմնավորմամբ.

i

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Պահանջների մի մասով Դատարանի վճռին օրինական ուժ տալիս, իսկ մյուս մասով Վերաքննիչ դատարանի որոշումը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Դատարանի վճիռը վերաքննության կարգով Նարինե Հակոբյանի, Արմենուհի և Հռիփսիմե Թամրազյանների կողմից չի բողոքարկվել, հետևաբար Վճռաբեկ դատարանը վերջիններիս դեմ ներկայացված պահանջի մասով Դատարանի վճռին օրինական ուժ տալիս հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը` առանց անդրադառնալու Դատարանի վճռի նյութաիրավական իրավաչափությանը և հիմնավորվածությանը` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված դատավարական պատճառաբանությունները:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի «ա» կետի համաձայն` դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով` հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` պետական տուրքի վճարումից ազատում, պետական տուրքի նվազեցում, պետական տուրքի դրույքաչափի նվազեցում, պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում, պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:

Սույն գործով վճռաբեկ բողոք բերած Արա Բաղդասարյանը ներկայացված վճռաբեկ բողոքի համար վճարել է 50.000 ՀՀ դրամ պետական տուրք, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.08.2016 թվականի որոշմամբ բավարարվել է բողոք բերած անձի միջնորդությունը` չվճարված մասով վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ: Բացի այդ, սույն գործով վերաքննիչ բողոք ներկայացրած Տաթևիկ Թամրազյանը վերաքննիչ բողոքի համար վճարել է 40.000 ՀՀ դրամ, իսկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2016 թվականի որոշմամբ բավարարվել է բողոք բերած անձի միջնորդությունը` չվճարված մասով վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ:

Նկատի ունենալով, որ 36.000.000 ՀՀ դրամ փոխառության գումարը, այդ գումարի նկատմամբ 26.04.2011 թվականից մինչև պարտավորության կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների գումարը բռնագանձելու պահանջի մասով օրինական ուժ է տրվում Դատարանի վճռին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 1.040.000 ՀՀ դրամ (36.000.000 *3%-40.000), ինչպես նաև 26.04.2011 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը 36.000.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների գումարի 3%-ը պետք է բռնագանձել Տաթևիկ Թամրազյանից ՀՀ պետական բյուջե` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի մասի գումար: Բացի այդ, Տաթևիկ Թամրազյանից ՀՀ պետական բյուջե պետք է բռնագանձել 950.000 ՀՀ դրամ (1.000.000-50.000)` որպես գույքային պահանջի գործերով վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.08.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի մասի գումար` նկատի ունենալով, որ Արա Բաղդասարյանի կողմից վճռաբեկ բողոքի համար վճարվել է 50.000 ՀՀ դրամ, իսկ գույքային պահանջի գործերով վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի գումարը չի կարող գերազանցել 1.000.000 ՀՀ դրամը:

Արա Բաղդասարյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ` որպես վարձակալության պայմանագրով նախատեսված վարձավճարները Տաթևիկ Թամրազյանի մասով ժառանգական զանգվածի մեջ ընդգրկելու պահանջի համար վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի մասի գումար, ինչպես նաև 20.000 ՀՀ դրամ` որպես նույն պահանջի համար վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.08.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի մասի գումար:

Տաթևիկ Թամրազյանից հօգուտ Արա Բաղդասարյանի ենթակա է բռնագանձման 50.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի մասի հատուցման գումար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.04.2016 թվականի որոշումը.

1) Նարինե Հակոբյանից, Արմենուհի և Հռիփսիմե Թամրազյաններից 36.000.000 ՀՀ դրամ փոխառության գումարը, այդ գումարի նկատմամբ 26.04.2011 թվականից մինչև պարտավորության կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների գումարը բռնագանձելու, ինչպես նաև Սպարտակ Թամրազյանի և «ՎԻ ԱՐ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի միջև 07.02.2012 թվականին կնքված վարձակալության պայմանագրով նախատեսված վարձավճարները Նարինե Հակոբյանի, Արմենուհի և Հռիփսիմե Թամրազյանների մասով Սպարտակ Թամրազյանի ժառանգական զանգվածի մեջ ընդգրկելու պահանջների և դրա հետ կապված դատական ծախսերի բաշխման մասով օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.11.2015 թվականի վճռին,

2) Տաթևիկ Թամրազյանից 36.000.000 ՀՀ դրամ փոխառության գումարը, այդ գումարի նկատմամբ 26.04.2011 թվականից մինչև պարտավորության կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների գումարը բռնագանձելու և դրա հետ կապված դատական ծախսերի բաշխման մասով օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.11.2015 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով,

3) Սպարտակ Թամրազյանի և «ՎԻ ԱՐ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի միջև 07.02.2012 թվականին կնքված վարձակալության պայմանագրով նախատեսված վարձավճարները Տաթևիկ Թամրազյանի մասով Սպարտակ Թամրազյանի ժառանգական զանգվածի մեջ ընդգրկելու պահանջների և դրա հետ կապված դատական ծախսերի բաշխման մասով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.04.2016 թվականի որոշումը փոփոխել և այս մասով հայցը մերժել:

Տաթևիկ Թամրազյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 1.040.000 ՀՀ դրամ, ինչպես նաև 26.04.2011 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը 36.000.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների գումարի 3%-ը` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի մասի գումար:

Տաթևիկ Թամրազյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 950.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.08.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի մասի գումար:

Արա Բաղդասարյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի մասի գումար:

Արա Բաղդասարյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.08.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի մասի գումար:

Տաթևիկ Թամրազյանից հօգուտ Արա Բաղդասարյանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի մասի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2017
N ԵԷԴ/0985/02/14
Որոշում