i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
ԼԴ/0647/02/13 2017թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0647/02/13 |
|
Նախագահող դատավոր` Ա. Խառատյան
Դատավորներ` Գ. Կարախանյան
Ս. Թորոսյան |
|
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի |
|
Ս. Անտոնյանի |
|
Վ. Ավանեսյանի |
|
Ա. Բարսեղյանի |
|
Մ. Դրմեյանի |
|
Գ. Հակոբյանի |
|
Ռ. Հակոբյանի |
|
Տ. Պետրոսյանի |
|
Ն. Տավարացյանի |
2017 թվականի ապրիլի 07-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.05.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Մարինե Ալավերդյանի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Վահրամ Բարսեղյանի, Կամո Աֆիցերյանի` պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և գումարի բռնագանձման պահանջների մասին, և ըստ Մարինե Ալավերդյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Բանկի` վարկային և գրավի պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
i
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է վաղաժամկետ լուծել 05.11.2012 թվականին Բանկի և Մարինե Ալավերդյանի միջև կնքված թիվ GA12/39357 և թիվ GA12/39361 վարկային պայմանագրերը, Մարինե Ալավերդյանից բռնագանձել 2.583.095,2 ՀՀ դրամ, ինչպես նաև 2.111.000 ՀՀ դրամի վրա` սկսած 25.06.2013 թվականից մինչև գումարը բռնագանձելու օրը հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսները:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Մարինե Ալավերդյանը պահանջել է անվավեր ճանաչել Բանկի Վանաձոր մասնաճյուղի և իր միջև 05.11.2012 թվականին կնքված թիվ GA12/39357 և թիվ GA12/39361 վարկային, ինչպես նաև թիվ G12/078334 և թիվ G12/078331 գրավի պայմանագրերը:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Վ.Հովնանյան) (այսուհետ` Դատարան) 17.02.2016 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է` հակընդդեմ հայցից հրաժարվելու հիմքով:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.05.2016 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.02.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ, 17-րդ, 347-րդ, 369-րդ, 408-րդ, 409-րդ, 411-րդ, 437-րդ, 881-րդ և 887-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ և 130-132-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները և գործում ապահովագրական պայմանագրի բացակայության պայմաններում եզրահանգում է կատարել ապահովագրական պայմանագրի պայմանների և պահանջի իրավունքի փոխանցված կամ չփոխանցված լինելու վերաբերյալ` անտեսելով այն հանգամանքը, որ վարկերի վերադարձելիությունը չի հանդիսացել ապահովագրության օբյեկտ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը որևէ կերպ չի պատճառաբանել և հիմնավորել այն եզրահանգումը, որ Բանկն ապահովագրողից ստացել է պատասխանողին տրամադրված վարկի գումարի մասի հատուցում: Ավելին, Բանկին վնասը պատճառվել է ոչ թե վարկառուների կողմից, այլ Բանկի աշխատակցի կողմից, և որպես ապահովագրական դեպք է դիտվել ոչ թե վարկերի վերադարձելիությունը, այլ Բանկի աշխատակցի գործողությունները (անազնվությունը), հետևաբար ապահովագրական ընկերության մոտ ռեգրեսի իրավունքը ծագել է ոչ թե Բանկի վարկառուների, այլ Բանկի աշխատակցի հանդեպ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ո՛չ իրավաբանորեն, ո՛չ էլ հաշվապահորեն առկա չեն հիմքեր ապահովագրության արդյունքում ստացված գումարները վարկերի մարմանն ուղղելու համար, քանի որ կողմերի միջև ձևավորվել են վարկային իրավահարաբերություններ, որոնք անկախ են ու ինքնուրույն ապահովագրական իրավահարաբերություններից, և ապահովագրության արդյունքում վճարված գումարը որևէ կապ չունի վարկային իրավահարաբերությունների հետ և հիմք չի հանդիսանում վարկային պարտավորությունների դադարեցման կամ նվազեցման համար:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ Դատարանը, չունենալով ապահովագրական պայմանագիրը, եզրահանգել է, որ ապահովագրական հատուցումը վճարվել է սույն քաղաքացիական գործով քննարկման առարկա հանդիսացող թիվ GA12/39357, GA12/39361 վարկային պայմանագրերի կնքման արդյունքում աշխատակցի անբարեխիղճ աշխատանքի հետևանքով, մինչդեռ նշված փաստը կարող էր հաստատվել բացառապես ապահովագրական պայմանագրի ուսումնասիրության արդյունքում, որն էլ գործում բացակայել է:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թվով 50 վարկային պայմանագրերով տրամադրված վարկերի մայր գումարները (առանց տոկոսների, տույժերի և սպասարկման վճարների) կազմել են 45.586.000 ՀՀ դրամ, սակայն ապահովագրական ընկերությունը մայր գումարից նվազեցրել է վարկային պայմանագրերով կատարված 4.958.049 ՀՀ դրամ սպասարկման վճարների, տոկոսների և տույժերի վճարված գումարները և ապահովագրական դեպքով հատուցման բազային գումար է համարել 40.627.951 ՀՀ դրամը և այդ գումարն էլ հիմք ընդունելով` հատուցել է 32.489.351 ՀՀ դրամ` մասհանելով (նվազեցնելով) 8.138.600 ՀՀ դրամ պայմանական չհատուցվող գումարը (ֆրանչիզա):
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.05.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
Բանկի «Վանաձոր» մասնաճյուղի («Վարկատու») և Մարինե Ալավերդյանի (»Վարկառու») միջև 05.11.2012 թվականին կնքված թիվ GA12/39357 վարկային պայմանագրի 1.1., 1.1.1., 1.1.2. և 1.1.3. կետերի համաձայն` վերջինիս կանխիկ եղանակով տրամադրվել է 1.033.000 ՀՀ դրամ սպառողական վարկ` մինչև 05.11.2013 թվականը մարման ժամկետով, տարեկան 24 տոկոս անվանական տոկոսադրույքով: Վարկառուն վարկային պայմանագրի 2.1.2. և 2.1.3. կետերով պարտավորվել է վերադարձնել ստացված վարկի գումարը և տոկոսներ վճարել դրանից, ինչպես նաև վճարել հաշվի սպասարկման միանվագ և ամսական վճարներ (հատոր 1-ին, գ.թ. 8-9):
Բանկի «Վանաձոր» մասնաճյուղի («Գրավառու») և Մարինե Ալավերդյանի (»Գրավատու») միջև 05.11.2012 թվականին կնքված թիվ G12/078331 գրավի պայմանագրի 1-ին կետի համաձայն` Մարինե Ալավերդյանը գրավ է դրել իրեն սեփականության իրավունքով պատկանող ոսկյա զարդերը, գրավով ապահովել է Բանկի և Մարինե Ալավերդյանի միջև 05.11.2012 թվականին կնքված թիվ GA12/39357 վարկային պայմանագրով գրավատուի ստանձնած պարտավորությունների ամբողջական և պատշաճ կատարումը (հատոր 1-ին, գ.թ. 12):
Բանկի «Վանաձոր» մասնաճյուղի («Վարկատու») և Մարինե Ալավերդյանի («Վարկառու») միջև 05.11.2012 թվականին կնքված թիվ GA12/39361 վարկային պայմանագրի 1.1, 1.1.1., 1.1.2. և 1.1.3. կետերի համաձայն` վերջինիս կանխիկ եղանակով տրամադրվել է 1.078.000 ՀՀ դրամ վարկ` մինչև 05.11.2013 թվականը մարման ժամկետով, տարեկան 24 տոկոս անվանական տոկոսադրույքով: Վարկառուն վարկային պայմանագրի 2.1.2. և 2.1.3. կետերով պարտավորվել է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից, ինչպես նաև վճարել հաշվի սպասարկման միանվագ և ամսական վճարներ (հատոր 1-ին, գ.թ. 10-11):
Բանկի «Վանաձոր» մասնաճյուղի («Գրավառու») և Մարինե Ալավերդյանի «Գրավատու» միջև 05.11.2012 թվականին կնքված թիվ G12/078334 գրավի պայմանագրի 1-ին կետի համաձայն` Մարինե Ալավերդյանը գրավ է դրել իրեն սեփականության իրավունքով պատկանող ոսկյա զարդերը, գրավով ապահովվել է Բանկի և Մարինե Ալավերդյանի միջև 05.11.2012 թվականին կնքված թիվ GA12/39361 վարկային պայմանագրով գրավատուի ստանձնած պարտավորությունների ամբողջական և պատշաճ կատարումը (հատոր 1-ին, գ.թ. 13):
Բանկի և Կամո Աֆիցերյանի միջև 19.12.2002 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն` Կամո Աֆիցերյանը նշանակվել է Բանկի Վանաձորի մասնաճյուղում ոսկերիչ-փորձագետի պաշտոնում: Պայմանագրի 4.2 կետով սահմանվել է, որ աշխատողը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ծավալով նյութական պատասխանատվություն է կրում իր վրա դրված աշխատանքային պարտավորությունների խախտման կամ ոչ բարեխիղճ կատարման հետևանքով Բանկին պատճառած վնասի համար (հատոր 1-ին, գ.թ. 105-106):
Բանկի գործադիր տնօրենի 2007 թվականի թիվ 35 կարգադրության համաձայն` վարկերի տրամադրման գործընթացն իրականացվում է հետևյալ փուլերով` ոսկերիչ-փորձագետն ընդունում է հաճախորդին իր աշխատանքային տեղում, տեղեկանում է որպես գրավ առաջարկվող իրերի ծագման ու պատկանելիության մասին և իրականացնում է գրավի գնահատումը (հատոր 1-ին, գ.թ. 109-112):
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Ռ. Մինասյանի 10.10.2013 թվականի քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման համաձայն` ի թիվս այլոց, Մարինե Ալավերդյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 82-88):
i
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ/0184/01/13 քրեական գործով 19.01.2015 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճռով Կամո Աֆիցերյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման համար: Դատարանը հաստատված է համարել, որ Կամո Աֆիցերյանը, 19.12.2002 թվականից հանդիսանալով Բանկի Վանաձորի մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետ և ունենալով Բանկում ոսկյա իրեր ստուգելու, գրավ ընդունելու և գնահատելու լիազորություն, համաձայնության է եկել Վահրամ Բարսեղյանի հետ, օժանդակել է վերջինիս Բանկից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար` կազմելով ոսկու գրավի գնահատման կեղծ ակտեր, վերացրել է խոչընդոտները: Կամո Աֆիցերյանը չարաշահել է Բանկի վստահությունը, և օգտագործելով որպես փորձագետ ներկայացված զարդերը գնահատելու և համապատասխան ակտ կազմելու իրեն վերապահված լիազորությունները, 2011 թվականից մինչև 07.02.2013 թվականն ընկած ժամանակահատվածում շարունակաբար քաղաքացիների անվամբ որպես ոսկի գրավադրել է Վահրամ Բարսեղյանի կողմից նախապես ձեռք բերված ոչ ոսկյա զարդերը` կազմելով իրավունք վերապահող 50 հատ կեղծ փաստաթուղթ` թանկարժեք մետաղների գնահատման ակտ` 2.035.200 ՀՀ դրամ արժողության զարդերը գնահատել է 50.732.880 ՀՀ դրամ: Դրանց հիման վրա ձևակերպվել են լոմբարդային վարկի 50 պայմանագիր, որի արդյունքում քաղաքացիները ստացել են 44.796.130 ՀՀ դրամ վարկի կանխիկ գումար, որոնք վերջիններս փոխանցել են Վահրամ Բարսեղյանին, իսկ նա էլ խաբեությամբ Բանկից ստացած առանձնապես խոշոր չափերի` 42.760.930 ՀՀ դրամը Կամո Աֆիցերյանի օժանդակությամբ հափշտակել և տնօրինել է իր հայեցողությամբ: Քրեական գործով դատարանն ապացույց է ճանաչել «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի և ապահովադիր Բանկի բանկային ռիսկերի համալիր ապահովագրության թիվ DI000036 պայմանագիրը, համաձայն որի` ապահովագրվել են վերջինիս բանկային ռիսկերը: Վերը նշված դեպքը համարելով ապահովագրական պատահար` «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի կողմից 20.01.2014 թվականին կայացվել է որոշում` ապահովագրական հատուցում վճարելու մասին, որի հիման վրա Բանկին` որպես ապահովագրական հատուցում, վճարվել է 32.489.351 դրամ (հատոր 3, գ.թ. 11-26):
Սույն գործում առկա չէ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի և Բանկի միջև կնքված բանկային ռիսկերի համալիր ապահովագրության թիվ DI000036 պայմանագիրը:
i
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում վարկային հարաբերություններից ծագող ռիսկերի ապահովագրության դեպքում վարկատուի ունեցած պահանջն ապահովագրական ընկերությանն անցնելու պայմանների վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,
i
2) ստորադաս դատարանների կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը` վարկային հարաբերություններից ծագող ռիսկերի ապահովագրության դեպքում վարկատուի ունեցած պահանջն ի՞նչ պայմանների առկայության դեպքում կարող է անցնել ապահովագրական ընկերությանը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից:
i
Վկայակոչված հոդվածի վերլուծությունից բխում է, որ վարկային պայմանագրով վարկատուն ստանձնում է վարկառուին դրամական միջոցներ տրամադրելու պարտականություն, ինչպես նաև ձեռք է բերում իրավունք` պահանջելու հետ վերադարձնել այդ դրամական միջոցները և տոկոսներ վճարել դրանցից, իսկ վարկառուն, իր հերթին, ձեռք է բերում այդ միջոցները ստանալու իրավունք և ստանձնում վարկատուին տոկոսներ վճարելու ու ստացված միջոցները վերադարձնելու պարտականություն (տե՛ս, «ՓԼԵՅ ԳՈՈՒԴ» ՍՊԸ-ն ընդդեմ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/4072/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
i
Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարկային պայմանագրից բխող պահանջների դեպքում ապացուցման առարկայի մեջ է մտնում վարկային հարաբերությունների (վարկային պայմանագրի) առկայությունը, վարկատուի կողմից վարկի գումարը փոխառուին տրամադրած լինելը, փոխառուի կողմից պարտավորության կետանց թույլ տալը, ինչպես նաև փոխառուի մեղքի առկայությունը, որը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի ուժով ենթադրվում է, եթե փոխառուն չապացուցի իր մեղքի բացակայությունը:
i
Նկատի ունենալով, որ վարկային պայմանագրով որպես վարկատու հանդես են գալիս բանկերը և այլ վարկային կազմակերպությունները, որոնք ռիսկային ֆինանսական գործունեություն իրականացնող սուբյեկտներ են, վերջիններս հնարավորություն ունեն ապահովագրելու վարկային հարաբերություններից ծագող որոշակի ռիսկեր: Ընդ որում, որոշ դեպքերում ապահովագրման պահանջը սահմանվում է օրենքով: Այսպես, օրինակ, այն դեպքում, երբ վարկային պայմանագրի կատարումն ապահովված է գրավով, ապա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` գրավատուն կամ գրավառուն, կախված այն բանից, թե նրանցից ում մոտ է գտնվում գրավ դրված գույքը, պարտավոր է գրավ դրված գույքն ապահովագրել կորստյան և վնասվածքի ռիսկերից: Այսինքն` վարկային հարաբերությունների շրջանակում հնարավոր է ապահովագրության հարաբերությունների ծագում:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովագրության պայմանագրով մի կողմը` ապահովագրողը, որոշակի միանվագ կամ պարբերական վճարի (ապահովագրավճարի) դիմաց պարտավորվում է մյուս կողմին` ապահովադրին կամ նրա մատնանշած անձին (շահառուին), որոշակի ապահովագրական գումարի շրջանակներում հատուցել որոշակի իրադարձության (իրադարձությունների) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը կամ դրա մի մասը կամ տրամադրել որոշակի գումար (ապահովագրական հատուցում), եթե այդ իրադարձությունների տեղի ունենալը կրում է հավանական և (կամ) պատահական բնույթ և կախված չէ կողմերի կամ ապահովագրված անձի կամ շահառուի կամքից (բացառությամբ կյանքի ապահովագրության այն դեպքերի, երբ հատուցվում է որոշակի հավաստի և ակնկալվող իրադարձության տեղի ունենալը):
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ապահովագրության պայմանագիրը կնքվում է գրավոր: Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է ապահովագրության պայմանագրի անվավերությանը: Այդպիսի պայմանագիրն առոչինչ է: Օրենքով կարող են նախատեսվել ապահովագրության պայմանագրի կնքման նկատմամբ այլ պահանջներ:
i
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` ապահովագրության իրականացման դեպքում ապահովագրության պայմանագրի առկայությունը պարտադիր է: Ապահովագրության վկայագիրը կարող է փոխարինել ապահովագրության պայմանագրին, եթե այն պարունակում է ապահովագրության պայմանագրի` [ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 54-րդ գլխով] և օրենքով սահմանված էական պահանջները:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983.1-ին հոդվածի 9-րդ կետի համաձայն` ապահովագրական պատահարն ապահովագրական պայմանագրով նախատեսված դեպքն է կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու ուժով ապահովագրողը պարտավորվում է ապահովադրին կամ շահառուին վճարել ապահովագրական հատուցում:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը (պահանջը) կարող է նրա կողմից այլ անձի փոխանցվել գործարքով (պահանջի զիջում) կամ անցնել այլ անձի` օրենքի հիման վրա:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 402-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` օրենքի հիման վրա և դրանում նշված հանգամանքների ի հայտ գալով, պարտատիրոջ իրավունքներն այլ անձի են անցնում ապահովագրական դեպքը վրա հասնելիս պատասխանատու պարտապանի նկատմամբ պարտատիրոջ իրավունքներն ապահովագրական հատուցում վճարած ապահովագրողին անցնելիս:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե այլ բան նախատեսված չէ ապահովագրության պայմանագրով, ապա ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովադրին (ապահովագրված անձին) պատճառված վնասից բխող նրա (կամ շահառուի) պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է ապահովագրողին` նրա կողմից հատուցված գումարի մասով: Դիտավորյալ վնաս պատճառած անձի նկատմամբ պահանջի իրավունքն ապահովագրողին անցնելը բացառող պայմանագրի պայմանն առոչինչ է:
Վերոնշյալ հոդվածների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարկային հարաբերություններից ծագող որոշակի ռիսկեր ապահովագրելիս ապահովագրական հատուցում վճարելուց հետո վարկային հարաբերություններից բխող պահանջն օրենքի ուժով անցնում է ապահովագրական ընկերությանը: Ընդ որում, պահանջի զիջման համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը (եթե այլ բան նախատեսված չլինի ապահովագրության պայմանագրով).
i
1. ապահովագրության հարաբերությունների առկայությունը, ընդ որում, նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի պահանջը` տվյալ փաստն ապացուցող միակ թույլատրելի ապացույցն ապահովագրության պայմանագիրն է կամ ապահովագրական վկայագիրը, եթե վերջինս պարունակում է ապահովագրության պայմանագրի` օրենքով սահմանված բոլոր էական պայմանները,
2. ապահովագրական պատահարի առկայությունը. ապահովագրական պատահարը պետք է ծագի ապահովագրական պայմանագրով նախատեսված իրավաբանական փաստերի ուժով, որպիսի պարագայում ապահովագրողը պարտավոր է ապահովադրին կամ շահառուին վճարել ապահովագրական հատուցում,
3. ապահովագրական հատուցում վճարած լինելն ապահովադրին կամ շահառուին:
Սույն գործի փաստերի համաձայն` Բանկի «Վանաձոր» մասնաճյուղի («Վարկատու») և Մարինե Ալավերդյանի (»Վարկառու») միջև 05.11.2012 թվականին կնքված թիվ GA12/39357 և թիվ GA12/39361 վարկային պայմանագրերով վերջինիս մինչև 05.11.2013 թվականը մարման ժամկետով, տարեկան 24 տոկոս անվանական տոկոսադրույքով տրամադրվել է սպառողական վարկ` համապատասխանաբար 1.033.000 ՀՀ դրամ և 1.078.000 ՀՀ դրամ գումարների չափով: Ի ապահովումն նշված վարկային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման` 05.11.2012 թվականին կնքված թիվ G12/078331 և թիվ G12/078334 գրավի պայմանագրերով Մարինե Ալավերդյանը գրավ է դրել իրեն սեփականության իրավունքով պատկանող ոսկյա զարդերը:
Բանկի և Կամո Աֆիցերյանի միջև 19.12.2002 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն` Կամո Աֆիցերյանը նշանակվել է Բանկի Վանաձորի մասնաճյուղում ոսկերիչ-փորձագետի պաշտոնում: Պայմանագրի 4.2 կետով սահմանվել է, որ աշխատողը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ծավալով նյութական պատասխանատվություն է կրում իր վրա դրված աշխատանքային պարտավորությունների խախտման կամ ոչ բարեխիղճ կատարման հետևանքով Բանկին պատճառած վնասի համար:
Բանկի գործադիր տնօրենի 2007 թվականի թիվ 35 կարգադրության համաձայն` վարկերի տրամադրման գործընթացն իրականացվում է հետևյալ փուլերով` ոսկերիչ-փորձագետն ընդունում է հաճախորդին իր աշխատանքային տեղում, տեղեկանում է որպես գրավ առաջարկվող իրերի ծագման ու պատկանելիության մասին և իրականացնում է գրավի գնահատումը:
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Ռ. Մինասյանի 10.10.2013 թվականի քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման համաձայն` ի թիվս այլնի, Մարինե Ալավերդյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
i
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ/0184/01/13 քրեական գործով 19.01.2015 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճռով Կամո Գուրգենի Աֆիցերյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման համար: Դատարանը հաստատված է համարել, որ Կամո Աֆիցերյանը, 19.12.2002 թվականից հանդիսանալով Բանկի Վանաձորի մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետ և ունենալով Բանկում ոսկյա իրեր ստուգելու, գրավ ընդունելու և գնահատելու լիազորություն, համաձայնության է եկել Վահրամ Բարսեղյանի հետ, օժանդակել է վերջինիս Բանկից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար` կազմելով ոսկու գրավի գնահատման կեղծ ակտեր, վերացրել է խոչընդոտները: Կամո Աֆիցերյանը չարաշահել է Բանկի վստահությունը և, օգտագործելով որպես փորձագետ ներկայացված զարդերը գնահատելու և համապատասխան ակտ կազմելու իրեն վերապահված լիազորությունները, 2011 թվականից մինչև 07.02.2013 թվականն ընկած ժամանակահատվածում շարունակաբար քաղաքացիների անվամբ որպես ոսկի գրավադրել է Վահրամ Բարսեղյանի կողմից նախապես ձեռք բերված ոչ ոսկյա զարդերը` կազմելով իրավունք վերապահող 50 հատ կեղծ փաստաթուղթ` թանկարժեք մետաղների գնահատման ակտ` 2.035.200 ՀՀ դրամ արժողության զարդերը գնահատել է 50.732.880 ՀՀ դրամ: Դրանց հիման վրա ձևակերպվել են լոմբարդային վարկի 50 պայմանագիր, որի արդյունքում քաղաքացիները ստացել են 44.796.130 ՀՀ դրամ վարկի կանխիկ գումար, որոնք վերջիններս փոխանցել են Վահրամ Բարսեղյանին, իսկ նա էլ խաբեությամբ Բանկից ստացած առանձնապես խոշոր չափերի` 42.760.930 ՀՀ դրամը Կամո Աֆիցերյանի օժանդակությամբ հափշտակել և տնօրինել է իր հայեցողությամբ: Քրեական գործով դատարանն ապացույց է ճանաչել «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի և ապահովադիր Բանկի բանկային ռիսկերի համալիր ապահովագրության թիվ DI000036 պայմանագիրը, համաձայն որի` ապահովագրվել են վերջինիս բանկային ռիսկերը: Վերը նշված դեպքը համարելով ապահովագրական պատահար` «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի կողմից 20.01.2014 թվականին կայացվել է որոշում ապահովագրական հատուցում վճարելու մասին, որի հիման վրա Բանկին` որպես ապահովագրական հատուցում, վճարվել է 32.489.351 ՀՀ դրամ:
Սույն գործում առկա չէ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի և Բանկի միջև կնքված բանկային ռիսկերի համալիր ապահովագրության թիվ DI000036 պայմանագիրը:
Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, հաստատված է համարել, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ/0184/01/13 քրեական գործով 19.01.2015 թվականի դատավճռով ապացույց է ճանաչվել «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի և ապահովադիր Բանկի միջև կնքված բանկային ռիսկերի համալիր ապահովագրության թիվ DI000036 պայմանագիրը, համաձայն որի` ապահովագրվել են վերջինիս բանկային ռիսկերը: «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի կողմից Բանկին` որպես ապահովագրական հատուցում, վճարվել է 32.489.351 ՀՀ դրամ: Դատարանը գտել է, որ ապահովագրական հատուցումը տրամադրելու պահից սկսած այդ գումարի շրջանակներում վնաս պատճառած անձից պահանջի իրավունքն անմիջականորեն փոխանցվել է ապահովագրողին: Դատարանը միաժամանակ նշել է, որ Բանկը «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ից ստացել է ապահովագրական հատուցում սույն քաղաքացիական գործով քննարկման առարկա հանդիսացող թիվ GA12/39357 և թիվ GA12/39361 վարկային պայմանագրերի կնքման արդյունքում Բանկին աշխատակից Կամո Աֆիցերյանի անբարեխիղճ աշխատանքի հետևանքով պատճառված վնասի դիմաց: Դատարանը պատճառաբանել է, որ Բանկը, ապահովագրողից ստանալով Մարինե Ալավերդյանին տրամադրված վարկի գումարի մի մասի հատուցում, կորցրել է այդ գումարը վերջինից պահանջելու իրավունքը: Բացի այդ, Բանկը Դատարանին չի ներկայացրել որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց, որով կհիմնավորվեր, թե որքան է կազմում Բանկի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ստացված գումարի և սույն քաղաքացիական գործով չստացված գումարի չափը:
Վերաքննիչ դատարանը, Բանկի վերաքննիչ բողոքը մերժելով, ըստ էության, հիմնավոր է համարել Դատարանի վերը նշված պատճառաբանությունները:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը շարադրված մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն` Բանկի և Մարինե Ալավերդյանի միջև կնքվել են վարկային պայմանագրեր: Բանկի աշխատակից Կամո Աֆիցերյանը մեղավոր է ճանաչվել խարդախության միջոցով Բանկից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեջ: Սույն գործով ստորադաս դատարանները Կամո Աֆիցերյանի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա հաստատված են համարել այն հանգամանքը, որ Բանկը «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ից ստացել է փոխհատուցում Կամո Աֆիցերյանի գործողությունների արդյունքում իրեն պատճառված վնասի, այդ թվում` Մարինե Ալավերդյանին տրամադրված վարկի կապակցությամբ: Մինչդեռ ստորադաս դատարանները նախ` պարտավոր էին գնահատել վարկային հարաբերությունների առկայությունը, որից հետո միայն անդրադառնային ապահովագրական հարաբերությունների առկայությանը և ապահովագրական հատուցում վճարված լինելու հիմքով պահանջի զիջում իրականացված լինելուն: Ընդ որում, ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ սույն գործում առկա չէ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի և Բանկի միջև կնքված բանկային ռիսկերի համալիր ապահովագրության թիվ DI000036 պայմանագիրը, որին հղում է կատարված վերոնշյալ դատավճռում:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
Անդրադառնալով ապացույցների թույլատրելիության կանոնին` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ, մասնավորապես, ամրագրել է, որ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված թույլատրելիության վերոնշյալ կանոնի բովանդակությունից հետևում է, որ այն դեպքերում, երբ օրենքում կամ իրավական ակտում ուղղակիորեն նշված չէ այն ապացույցը, որով թույլատրվում է հաստատել այս կամ այն փաստը, ապա վերջինս կարող է հաստատվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ցանկացած ապացույցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված թույլատրելիության վերոնշյալ կանոնը մեկնաբանվում է հետևյալ կերպ.
- գործի հանգամանքները կարող են հաստատվել բացառապես օրենքով նախատեսված ապացույցներով, այլ ապացույցների կիրառումը բացառվում է, կամ.
- գործի հանգամանքները կարող են հաստատվել օրենքով նախատեսված ապացույցներով (անհրաժեշտ ապացույց), սակայն այլ ապացույցների վարույթ ներգրավելու հնարավորությունը սահմանափակված չէ:
i
Ապացույցների թույլատրելիության նշված կանոնի մասնավոր դրսևորումներից է նաև այս կամ այն ապացույցի օգտագործման արգելքը, որը նշանակում է, որ ի հավաստումն գործի լուծման համար նշանակություն ունեցող որևէ հանգամանքի չի կարող ներկայացվել որևէ կոնկրետ ապացույց, եթե նյութական օրենսդրությունն արգելում է դրա օգտագործումը (տե՛ս, «ՋԻ ԷՅՋ ՍԹՈՐԻՋ ԷՆԹԵՐՓՐԱՅԶՍ» ՍՊԸ-ն ընդդեմ Սևակ Արզարունու, Արտյոմ Մարտիրոսյանի թիվ ԵԿԴ/2593/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանները ոչ միայն պատշաճ գնահատման չեն արժանացրել վարկային հարաբերությունների ապացուցման առարկայի մեջ մտնող փաստերը, այլ նաև առանց նյութական օրենսդրությամբ նախատեսված թույլատրելի ապացույցի (ապահովագրության պայմանագրի կամ վկայագրի) առկայության` հաստատված են համարել ապահովագրության հարաբերությունների առկայությունը: Ավելին, սույն գործով ստորադաս դատարաններն իրենց եզրահանգումների հիմքում դրել են թիվ ԼԴ/0184/01/13 քրեական գործով 19.01.2015 թվականի դատավճռով հաստատված հանգամանքները` հաշվի չառնելով, որ թիվ 3-1091(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշման համաձայն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը նախադատելի (պրեյուդիցիալ) նշանակություն ունի միայն հանցագործության քաղաքացիաիրավական հետևանքներին վերաբերող քաղաքացիական գործ քննող դատարանի համար հետևյալ շրջանակներում.
1. արդյո՞ք կատարվել են որոշակի գործողություններ (հանցագործության օբյեկտիվ կողմը),
i
2. արդյո՞ք այդ գործողությունները կատարվել են տվյալ անձի կողմից (հանցագործության սուբյեկտ) (տե՛ս, Կարապետ Գրաչյանն ընդդեմ Ատոմ Ղազազյանի թիվ 3-1091(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշումը):
Հետևաբար Վճռաբեկ դատարանն գտնում է, որ անգամ դատավճռով նման հանգամանքների առկայությունը հաստատված լինելու պարագայում դատարանները պարտավոր էին հաշվի առնել, որ դատավճռով հաստատված նման փաստը ոչ միայն չէր կարող ունենալ նախադատելի նշանակություն, այլ նաև ապահովագրական հարաբերությունների առկայությունը կարող էր հաստատվել միայն ապահովագրության պայմանագրով կամ վկայագրով:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները սույն քաղաքացիական գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատում չեն իրականացրել, ինչն ազդել է գործի ելքի վրա, հետևաբար առկա է գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտություն:
i
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը` գումարի բռնագանձման պահանջի մասով, նոր քննության ուղարկելու համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գործը նոր քննության է ուղարկում միայն այդ պահանջի մասով, քանի որ գործով ներկայացված մյուս պահանջներով վերաքննության և վճռաբեկության կարգով դատական ակտերի բողոքարկում չի իրականացվել:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը, այդ թվում նաև` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.10.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցը, ենթակա են լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.05.2016 թվականի որոշումը և գործը` գումարի բռնագանձման պահանջի մասով, ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
Դատական ծախսերի, այդ թվում նաև` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.10.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Ե. Սողոմոնյան |
|
Ս. Անտոնյան |
|
Վ. Ավանեսյան |
|
Ա. Բարսեղյան |
|
Մ. Դրմեյան |
|
Գ. Հակոբյան |
|
Ռ. Հակոբյան |
|
Տ. Պետրոսյան |
|
Ն. Տավարացյան |