Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 424-ՐԴ, 877...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 424-ՐԴ, 877-ՐԴ, 878-ՐԴ Հ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

   

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
     ԵԷԴ/1871/02/11
 2017թ
Քաղաքացիական գործ թիվ   ԵԷԴ/1871/02/11       

Նախագահող դատավոր`    Մ. Հարթենյան

                    Դատավորներ`    Կ. Չիլինգարյան

                                                     Հ. Ենոքյան  

    

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Սողոմոնյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Գ. Հակոբյանի
  Ռ. Հակոբյանի
  Տ. Պետրոսյանի

 

2017 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գոռ Նիկողոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.08.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Խաչիկ, Համբարձում Աշուղյանների և Էլիդա Սարգսյանի ընդդեմ Գոռ Նիկողոսյանի` բնակարանի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Գոռ Նիկողոսյանի ընդդեմ Խաչիկ, Համբարձում Աշուղյանների և Էլիդա Սարգսյանի` բնակարանից վտարելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Խաչիկ, Համբարձում Աշուղյանները և Էլիդա Սարգսյանը պահանջել են անվավեր ճանաչել էական մոլորության ազդեցության տակ 12.08.2008 թվականին և 29.08.2008 թվականին կնքված Երևանի Գլինկայի փողոցի 19-րդ շենքի թիվ 2, 3 բնակարանի շինծու առուվաճառքի պայմանագրերը և կիրառել գործարքի անվավերության հետևանքներ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Գոռ Նիկողոսյանը պահանջել է Խաչիկ, Համբարձում Աշուղյաններին և Էլիդա Սարգսյանին վտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևանի Գլինկայի փողոցի 19-րդ շենքի թիվ 2, 3 բնակարանից և այն հանձնել իր տիրապետմանը:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ.Գրիգորյան) 17.06.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. վճռվել է` կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ` անվավեր ճանաչել 12.08.2008 թվականի և 29.08.2008 թվականի առուվաճառքի պայմանագրերի հիման վրա Երևանի Գլինկայի փողոցի 19-րդ շենքի թիվ 2, 3 բնակարանի նկատմամբ Գոռ Նիկողոսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, վերականգնել Խաչիկ, Համբարձում Աշուղյանների և Էլիդա Սարգսյանի սեփականության իրավունքը Երևանի Գլինկայի փողոցի 19-րդ շենքի թիվ 2, 3 բնակարանի նկատմամբ, պարտավորեցնել Համբարձում Աշուղյանին Գոռ Նիկողոսյանին վերադարձնել 18.916.000 ՀՀ դրամ և կողմերի միջև 12.08.2008 թվականին և 29.08.2008 թվականին կնքված առուվաճառքի գործարքը դիտել որպես գրավի պայմանագիր, իսկ Երևանի Գլինկայի փողոցի 19-րդ շենքի թիվ 2, 3 բնակարանը` որպես պայմանագրի ապահովման միջոց` գրավի առարկա: Հակընդդեմ հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Կ.Հակոբյան, Ն.Տավարացյան, Տ.Նազարյան) 03.10.2014 թվականի որոշմամբ Խաչիկ, Համբարձում Աշուղյանների և Էլիդա Սարգսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.06.2014 թվականի վճիռը մասնակիորեն` 18.916.000 ՀՀ դրամը Համբարձում Աշուղյանի կողմից Գոռ Նիկողոսյանին վերադարձնելուն պարտավորեցնելու մասով, բեկանվել է, և գործն այդ մասով ուղարկվել է նոր քննության: Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.06.2014 թվականի վճիռը` մնացած մասերով, թողնվել է օրինական ուժի մեջ:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Տ.Ստեփանյան) (այսուհետ` Դատարան) 10.06.2015 թվականին վճռել է պարտավորեցնել Համբարձում Աշուղյանին Գոռ Նիկողոսյանին վերադարձնել 12.266.800 ՀՀ դրամ` որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.08.2016 թվականի որոշմամբ Գոռ Նիկողոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Խաչիկ, Համբարձում Աշուղյանների և Էլիդա Սարգսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 10.06.2015 վճիռը բեկանվել է և փոփոխվել` որոշվել է որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք` Համբարձում Աշուղյանի կողմից Գոռ Նիկողոսյանին փոխառության գումար վճարելու պարտավորությունը համարել դադարած:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գոռ Նիկողոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Խաչիկ, Համբարձում Աշուղյանների և Էլիդա Սարգսյանի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ, 877-րդ, 878-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը, 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ Խաչիկ Աշուղյանի և Գոռ Նիկողոսյանի միջև 21.07.2009 թվականին կնքված «Միցուբիշի» մակնիշի «17 ՏՕ 025» պետհամարանիշի ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիրը չի վիճարկվել, այն դիտարկել է որպես կողմերի միջև կնքված փոխառության պայմանագրի կատարման առնչությամբ կնքված գործարք և միայն Խաչիկ Աշուղյանի պնդումների հիման վրա, անտեսելով, որ գործում առկա չէ 7.174 եվրոյի մասով Գոռ Նիկողոսյանի հանդեպ պարտավորությունը կատարելու փաստը հիմնավորող ապացույց, գտել է, որ Համբարձում Աշուղյանի կողմից կատարվել է Գոռ Նիկողոսյանի նկատմամբ ունեցած 7.174 եվրոյի չափով պարտավորությունը:

Վերաքննիչ դատարանը նախադատելի է համարել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.10.2014 թվականի որոշմամբ հաստատված փաստական հանգամանքները` որպես նախադատելիության իրավական հիմք վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետը, որը, սակայն, տվյալ դեպքում կիրառելի չէր:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.08.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 10.06.2015 թվականի վճռին կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանն իրավացիորեն շինծու է որակել ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիրը` այն դիտելով որպես պարտավորության մարում` գումարի փոխարեն գույք հանձնելով: Նման եղանակով պարտքի մարման դեմ Գոռ Նիկողոսյանը երբևէ չի առարկել, ավելին, նույն տրամաբանությամբ Գոռ Նիկողոսյանը դրամական պարտավորության դիմաց չպետք է ընդուներ 1.200 ԱՄՆ դոլար արժողությամբ հեռուստացույցը: Նշված պայմանագրում ավտոմեքենայի արժեքը սահմանվել է 3.500.000 ՀՀ դրամ, մինչդեռ իրականում Գոռ Նիկողոսյանն ավտոմեքենայի դիմաց գումար չի վճարել:

Վերաքննիչ դատարանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.10.2014 թվականի որոշմամբ հաստատված փաստական հանգամանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով իրավացիորեն դիտել է որպես նախադատելի նշանակություն ունեցող փաստեր:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 12.08.2008 թվականի բնակարանի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Խաչիկ Աշուղյանը վաճառել է, իսկ Գոռ Նիկողոսյանը գնել է Երևանի Գլինկայի փողոցի 19-րդ շենքի թիվ 3 բնակարանը, իսկ 29.08.2008 թվականի բնակարանի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Խաչիկ, Համբարձում Աշուղյանները, Էլիդա Սարգսյանը վաճառել են, իսկ Գոռ Նիկողոսյանը գնել է Երևանի Գլինկայի փողոցի 19-րդ շենքի թիվ 2 բնակարանը (հատոր 1-ին, գ.թ. 12-13):

2) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի թիվ 2 հաշվառման քննական բաժանմունքի 06.05.2011 թվականի թիվ 17/22-A1501 տեղեկանքի համաձայն` Խաչիկ Աշուղյանի անվամբ 25.10.2008 թվականին հաշվառված «Միցուբիշի» մակնիշի «17 ՏՕ 025» պետհամարանիշի ավտոմեքենան հաշվառումից հանվել է 21.07.2009 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 20):

i

3) Թիվ ԵԷԴ/0084/01/12 քրեական գործով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի «Քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին» 17.10.2012 թվականի որոշման համաձայն` նախաքննական մարմնի կողմից Գոռ Նիկողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականի օգոստոս ամսից մինչև 2009 թվականի հուլիս ամիսը ներառյալ, ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով, այն է` ամսական 5 տոկոս տոկոսադրույքով, գործով տուժող Համբարձում Աշուղյանին տվել է 30.000 եվրո: 2008 թվականի օգոստոսին ամբաստանյալ Գոռ Նիկողոսյանը բնակարանների առուվաճառքով զբաղվող, գործով վկա Տիգրան Մալխասյանի հետ այցելել է տուժող Համբարձում Աշուղյանի` Երևանի Գլինկայի փողոցի 19-րդ շենքի թիվ 2, 3 բնակարանը, զննել դրանք և համաձայնել բնակարանների առուվաճառքի ձևական պայմանագրերով տրամադրել 30.000 եվրո: Այդ կապակցությամբ 2008 թվականի օգոստոսի 12-ին և 29-ին կնքվել են Երևանի Գլինկայի փողոցի 19-րդ շենքի թիվ 2 և 3 բնակարանների շինծու առուվաճառքի պայմանագրեր: Առուվաճառքի պայմանագրերը կնքելու օրերին ամբաստանյալ Գոռ Նիկողոսյանը մաս-մաս տուժող Համբարձում Աշուղյանին է տվել 13.399.500 ՀՀ դրամին համարժեք 30.000 եվրո` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով, այն է` ամսական 5 տոկոս տոկոսադրույքով: Բնակարանի առուվաճառքի երկրորդ շինծու պայմանագիրը կնքելու օրն ամբաստանյալ Գոռ Նիկողոսյանը որպես միջնորդավճար տուժող Համբարձում Աշուղյանից վերցրել է 893.300 ՀՀ դրամին համարժեք 2.000 եվրո, 267.990 ՀՀ դրամին համարժեք 600 եվրո` որպես բանկում վճարման գումար, ինչպես նաև որպես առաջին ամսվա տոկոսագումար` ստացել է 893.300 ՀՀ դրամին համարժեք 2.000 եվրո: Այնուհետև, 2008 թվականի սեպտեմբերից մինչև 2009 թվականի հուլիսը ներառյալ, տրամադրված գումարի դիմաց ամբաստանյալ Գոռ Նիկողոսյանն անձամբ տուժող Համբարձում Աշուղյանից ստացել է ընդամենը 8.886.845 ՀՀ դրամին համարժեք 18.500 եվրո, այսինքն` ամսական 720.555 ՀՀ դրամին համարժեք 1.500 եվրո (հատոր 2-րդ, գ.թ. 3-9):

4) Սույն քաղաքացիական գործով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 17.06.2014 թվականի վճռով հաստատված է համարել փոխառության քողարկման նպատակով կողմերի միջև 12.08.2008 թվականին և 29.08.2008 թվականին բնակարանների առուվաճառքի պայմանագրերի կնքումը` վճռելով կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ` անվավեր ճանաչել 12.08.2008 թվականի և 29.08.2008 թվականի առուվաճառքի պայմանագրերի հիման վրա Երևանի Գլինկայի փողոցի 19-րդ շենքի թիվ 2, 3 բնակարանի նկատմամբ Գոռ Նիկողոսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, վերականգնել Խաչիկ, Համբարձում Աշուղյանների և Էլիդա Սարգսյանի սեփականության իրավունքը Երևանի Գլինկայի փողոցի 19-րդ շենքի թիվ 2, 3 բնակարանի նկատմամբ, կողմերի միջև 12.08.2008 թվականին և 29.08.2008 թվականին կնքված առուվաճառքի գործարքը դիտել որպես գրավի պայմանագիր, իսկ Երևանի Գլինկայի փողոցի 19-րդ շենքի թիվ 2, 3 բնակարանը` որպես պայմանագրի ապահովման միջոց` գրավի առարկա: Նշված մասով վճիռը մտել է օրինական ուժի մեջ (հատոր 4-րդ, գ.թ. 33-55):

5) Սույն քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 03.10.2014 թվականի որոշմամբ արձանագրել է, որ գործում առկա բոլոր ապացույցների, այդ թվում` Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի «Քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին» 17.10.2012 թվականի որոշմամբ որպես ապացույց ճանաչված բացատրությունների` համակցության մեջ վերլուծության արդյունքում սույն գործով հաստատված է Գոռ Նիկողոսյանի կողմից Համբարձում Աշուղյանից 893.300 ՀՀ դրամին համարժեք 2.000 եվրո, 267.990 ՀՀ դրամին համարժեք 600 եվրո, 893.300 ՀՀ դրամին համարժեք 2.000 եվրո, 8.886.845 ՀՀ դրամին համարժեք 18.500 եվրո, ինչպես նաև 1.200 ԱՄՆ դոլար արժողությամբ հեռուստացույց ստանալու փաստը: Նշված որոշումը մտել է օրինական ուժի մեջ (հատոր 4-րդ, գ.թ. 108-115):

 

i

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում դատական ակտերի նախադատելիության հարցի վերաբերյալ առկա է իրավունքի զարգացման խնդիր,

i

2) ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի և 53-րդ հոդվածի 1-ին կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք նույն գործով վերաքննիչ դատարանի կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով (որով բեկանվել է առաջին ատյանի դատարանի վճիռը, և գործն ուղարկվել է նոր քննության) հաստատված փաստերը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով ունեն նախադատելի նշանակություն տվյալ գործի նոր քննության ժամանակ ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշելիս:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերոնշյալ իրավական նորմի վերլուծությանը, նշել է, որ օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նույն անձանց միջև այլ գործի քննության արդյունքում նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված հանգամանքներին:

Գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք: Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն` ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում: Որպես կանոն, դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով` թե՛ գործին մասնակցող անձանց, թե՛ դատարանի վրա (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետ): Հետևաբար նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն: Դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով, որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ նախադատելիության օբյեկտիվ սահմանների որոշման համար էական նշանակություն ունի հետևյալ երկու դատավարական կանոնների պահպանումը`

1) վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը դատարանը պարզում է միայն օրենքով նախատեսված կարգով ձեռք բերված և հետազոտված ապացույցների միջոցով (բացառություն են կազմում միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերը).

i

2) դատարանը պարզում է միայն գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը (վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ): Այս կանոնը կիրառելիս դատարանը պարտավոր է առաջնորդվել հայցվորի կողմից կանխորոշված հայցի առարկայի և հիմքի սահմաններով, որի փոփոխման բացառիկ իրավունքը պատկանում է հայցվորին (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդված):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը հատկապես կարևորել է ապացուցման առարկայի` վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների ճիշտ որոշման հարցը, քանի որ դատարանի կողմից ապացուցման առարկայի սահմանների կամայական (առանց դատավարական նախադրյալի` հայցվորի կամահայտնության) ընդլայնումը բերում է այդ գործով կայացված դատական ակտով հաստատված որոշակի հանգամանքների նախադատելիության բացառման (տե՛ս, «Սաթնէ» ՍՊԸ-ն ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների թիվ 3-93(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ զարգացնելով վերը նշված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ համաձայն ընդհանուր կանոնի` նախադատելիությունն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ սահմաններ: Նախադատելիության օբյեկտիվ սահմանները կազմում են այն փաստական հանգամանքները, որոնք հաստատվել են ավելի վաղ քննված գործով օրինական ուժի մեջ մտած վճռով:

Նախադատելիության սուբյեկտիվ սահմաններն այն անձինք են, որոնց համար դատական ակտով հաստատված հանգամանքներն ունեն նախադատելի նշանակություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի իրավակարգավորումից հետևում է, որ փաստերը կարող են նախադատելի նշանակություն ունենալ այն անձանց համար, որոնք մասնակցել են գործի քննությանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ ընդգծել է, որ նախադատելիության ինստիտուտը կարևոր նշանակություն ունի դատական խնայողության սկզբունքի ապահովման և դատական ակտերի միջև անհաղթահարելի հակասությունների կանխարգելման առումով: Մասնավորապես` այն մի կողմից կոչված է պարզեցնելու խախտված իրավունքները վերականգնելու դատավարական կարգը` ազատելով կողմերին նույն փաստը կրկին ապացուցելու պարտականությունից, մյուս կողմից կոչված է բացառելու միևնույն փաստերի տարբեր, հակասական գնահատումը, որը կարող է հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտման:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված նորմի նպատակն է պարզեցնել ապացուցման գործընթացը, այն է` միևնույն փաստը մեկ անգամ մեկ այլ դատարանի կողմից հաստատված լինելու դեպքում կողմերին և դատարանին ազատել այդ փաստերը հաստատելու գործընթացը կրկին կատարելու բեռից, ընդ որում, նախադատելիության կիրառման համար օրենսդիրը կարևորել է այն հանգամանքը, որ նոր քննվող գործը վերաբերի միևնույն անձանց միջև վեճին (տե՛ս, Մանյա Մանուկյանն ընդդեմ Աշտարակի քաղաքապետարանի թիվ ԱՐԱԴ/0209/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ նշել է, որ դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության սուբյեկտիվ սահմանները որոշվում են գործին մասնակցող անձանց շրջանակով, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված հանգամանքները նոր կայացվող դատական ակտ կարող են ներմուծվել միայն, եթե օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և նոր կայացվող դատական ակտով գործին մասնակցող անձինք նույնն են: Նախադատելիության ինստիտուտի կիրառումն անթույլատրելի է այն դեպքերում, երբ սկզբնական և հաջորդող գործերում գործին մասնակցող անձանց շրջանակը համընկնում է մասնակիորեն (տե՛ս, Վահագն Ղազարյանն ընդդեմ Լուսինե և Սոնա Մխիթարյանների և մյուսների թիվ ԿԴ 1/0063/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Զարգացնելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ նախադատելիությունը, բացի օբյեկտիվ ու սուբյեկտիվ սահմաններից, ունի նաև ժամանակային գործողության և առարկայական կիրառելիության սահմաններ:

Այսպես, դատական ակտի նախադատելիությունը սահմանափակված է օրինական ուժ ստացած դատական ակտի գործողության ժամկետով, այսինքն` նախադատելի են միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը: Բացի այդ, այն դեպքերում, երբ օրինական ուժ ստացած դատական ակտը վերանայվում է նոր կամ նոր երևան եկած հանգամանքների ուժով, այն կորցնում է իր նախադատելիությունը: Ուստի նախադատելիության ժամանակային գործողության սահմանը դատական ակտի օրինական ուժի մեջ գտնվելու ժամանակահատվածն է:

Նախադատելիության մյուս սահմանը վերաբերում է առարկայական կիրառելիությանը: Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի վերլուծությունից հետևում է, որ նախադատելիությունը վերաբերում է տարբեր քաղաքացիական գործերի` նկատի ունենալով, որ օրենսդրի կողմից օգտագործվում են «նախկինում քննված քաղաքացիական գործ» և «այլ գործ» արտահայտությունները: Հետևաբար երկու դատական ակտերի միջև նախադատելիության կապն առաջանում է այն դեպքում, երբ նախադատելի դատական ակտը կայացվել է մի գործի քննության արդյունքում, իսկ մեկ այլ դատական ակտը, որի համար առաջինը նախադատելի է, կայացվում է այլ գործի քննության արդյունքում: Ուստի նախադատելիության ընդհանուր կանոնի համաձայն` երկու տարբեր դատական ակտերի միջև նախադատելիությունն առաջանում է այն դեպքում, երբ այդ դատական ակտերը կայացվել են տարբեր գործերի քննության արդյունքներում: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ «նախկինում քննված քաղաքացիական գործ» արտահայտությունը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ քննվող քաղաքացիական գործի շրջանակներում վերադաս դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի վճիռը մի մասով թողնվել է օրինական ուժի մեջ կամ փոփոխվել է, իսկ մյուս մասով բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության: Նման դեպքերում օրինական ուժի մեջ թողնված կամ փոփոխված վճռի մասով քաղաքացիական գործը նոր քննության ուղարկված մասով քաղաքացիական գործի նկատմամբ պետք է գնահատվի որպես նախկինում քննված այլ գործ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքերում, երբ վերադաս դատարանն օրինական ուժի մեջ է թողնում առաջին ատյանի դատարանի վճիռը` անհրաժեշտության դեպքում պատճառաբանելով այն, վերադաս դատարանի որոշմամբ արտահայտված դիրքորոշումները դառնում են վճռի բաղկացուցիչ մաս: Հետևաբար տվյալ գործի մյուս մասով նոր քննության ընթացքում օրինական ուժի մեջ թողնված վճիռը` այդ թվում վերադաս դատարանի պատճառաբանություններով, դառնում է նախադատելի: Նույն կարգավորումը գործում է նաև այն դեպքերում, երբ վերադաս դատարանը փոփոխում է դատարանի վճիռը` հաշվի առնելով, որ տվյալ դեպքում վճիռը գոյություն է ունենում վերադաս դատարանի կողմից փոփոխված տեսքով: Հետևաբար այս դեպքում նույնպես առաջին ատյանի դատարանի վճիռը վերադաս դատարանի կողմից փոփոխված տեսքով դառնում է նախադատելի: Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է նաև նրանով, որ եթե նույն անձանց միջև մեկ այլ քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճիռը նախադատելի է, ապա անտրամաբանական է նույն քաղաքացիական գործի որևէ մասով վերադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ փոփոխված կամ օրինական ուժի մեջ թողնված վճիռը նախադատելի չհամարելը` նկատի ունենալով նախադատելիության ինստիտուտի նշանակությունը դատական խնայողության սկզբունքի ապահովման և դատական ակտերի միջև անհաղթահարելի հակասությունների կանխարգելման առումով:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ այն դեպքերում, երբ վերադաս դատարանը գործն ուղարկում է նոր քննության` բեկանելով առաջին ատյանի դատարանի վճիռը, ապա այս դեպքում վճիռն իրավական առումով այլևս գոյություն չունի: Նման դեպքերում նախադատելիության մասին խոսք գնալ չի կարող` հաշվի առնելով վճռի` իրավական առումով բացակայությունը:

Այսպիսով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ նախադատելիությունը բացարձակ չէ, այն ունի օբյեկտիվ, սուբյեկտիվ, ժամանակային գործողության և առարկայական կիրառելիության սահմաններ:

Սույն գործի փաստերի համաձայն` 12.08.2008 թվականի բնակարանի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Խաչիկ Աշուղյանը վաճառել է, իսկ Գոռ Նիկողոսյանը գնել է Երևանի Գլինկայի փողոցի 19-րդ շենքի թիվ 3 բնակարանը, իսկ 29.08.2008 թվականի բնակարանի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Խաչիկ, Համբարձում Աշուղյանները, Էլիդա Սարգսյանը վաճառել են, իսկ Գոռ Նիկողոսյանը գնել է Երևանի Գլինկայի փողոցի 19-րդ շենքի թիվ 2 բնակարանը: Սույն քաղաքացիական գործով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 17.06.2014 թվականի վճռով հաստատված է համարել փոխառության քողարկման նպատակով կողմերի միջև 12.08.2008 թվականին և 29.08.2008 թվականին բնակարանների առուվաճառքի պայմանագրերի կնքումը` վճռելով կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ` անվավեր ճանաչել 12.08.2008 թվականի և 29.08.2008 թվականի առուվաճառքի պայմանագրերի հիման վրա Երևանի Գլինկայի փողոցի 19-րդ շենքի թիվ 2, 3 բնակարանի նկատմամբ Գոռ Նիկողոսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, վերականգնել Խաչիկ, Համբարձում Աշուղյանների և Էլիդա Սարգսյանի սեփականության իրավունքը Երևանի Գլինկայի փողոցի 19-րդ շենքի թիվ 2, 3 բնակարանի նկատմամբ, կողմերի միջև 12.08.2008 թվականին և 29.08.2008 թվականին կնքված առուվաճառքի գործարքը դիտել որպես գրավի պայմանագիր, իսկ Երևանի Գլինկայի փողոցի 19-րդ շենքի թիվ 2, 3 բնակարանը` որպես պայմանագրի ապահովման միջոց` գրավի առարկա: Նշված մասով վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի թիվ 2 հաշվառման քննական բաժանմունքի 06.05.2011 թվականի թիվ 17/22-A1501 տեղեկանքի համաձայն` Խաչիկ Աշուղյանի անվամբ 25.10.2008 թվականին հաշվառված «Միցուբիշի» մակնիշի «17 ՏՕ 025» պետհամարանիշի ավտոմեքենան հաշվառումից հանվել է 21.07.2009 թվականին:

i

Թիվ ԵԷԴ/0084/01/12 քրեական գործով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի «Քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին» 17.10.2012 թվականի որոշման համաձայն` նախաքննական մարմնի կողմից Գոռ Նիկողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականի օգոստոս ամսից մինչև 2009 թվականի հուլիս ամիսը ներառյալ, ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով, այն է` ամսական 5 տոկոս տոկոսադրույքով, գործով տուժող Համբարձում Աշուղյանին տվել է 30.000 եվրո: 2008 թվականի օգոստոսին ամբաստանյալ Գոռ Նիկողոսյանը բնակարանների առուվաճառքով զբաղվող, գործով վկա Տիգրան Մալխասյանի հետ այցելել է տուժող Համբարձում Աշուղյանի` Երևանի Գլինկայի փողոցի 19-րդ շենքի թիվ 2 և 3 բնակարանները, զննել դրանք և համաձայնել բնակարանների առուվաճառքի ձևական պայմանագրերով տրամադրել 30.000 եվրո: Այդ կապակցությամբ 2008 թվականի օգոստոսի 12-ին և 29-ին կնքվել են Երևանի Գլինկայի փողոցի 19-րդ շենքի թիվ 2 և 3 բնակարանների շինծու առուվաճառքի պայմանագրեր: Առուվաճառքի պայմանագրերը կնքելու օրերին ամբաստանյալ Գոռ Նիկողոսյանը մաս-մաս տուժող Համբարձում Աշուղյանին է տվել 13.399.500 ՀՀ դրամին համարժեք 30.000 եվրո` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով, այն է` ամսական 5 տոկոս տոկոսադրույքով: Բնակարանի առուվաճառքի երկրորդ շինծու պայմանագիրը կնքելու օրը ամբաստանյալ Գոռ Նիկողոսյանը որպես միջնորդավճար տուժող Համբարձում Աշուղյանից վերցրել է 893.300 ՀՀ դրամին համարժեք 2.000 եվրո, 267.990 ՀՀ դրամին համարժեք 600 եվրո` որպես բանկում վճարման գումար, ինչպես նաև որպես առաջին ամսվա տոկոսագումար` ստացել 893.300 ՀՀ դրամին համարժեք 2.000 եվրո: Այնուհետև, 2008 թվականի սեպտեմբերից մինչև 2009 թվականի հուլիսը ներառյալ, տրամադրված գումարի դիմաց ամբաստանյալ Գոռ Նիկողոսյանն անձամբ տուժող Համբարձում Աշուղյանից ստացել է ընդամենը 8.886.845 ՀՀ դրամին համարժեք 18.500 եվրո, այսինքն` ամսական 720.555 ՀՀ դրամին համարժեք 1.500 եվրո:

Սույն քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 03.10.2014 թվականի որոշմամբ արձանագրել է, որ գործում առկա բոլոր ապացույցների, այդ թվում` Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի «Քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին» 17.10.2012 թվականի որոշմամբ որպես ապացույց ճանաչված բացատրությունների` համակցության մեջ վերլուծության արդյունքում սույն գործով հաստատված է Գոռ Նիկողոսյանի կողմից Համբարձում Աշուղյանից 893.300 ՀՀ դրամին համարժեք 2.000 եվրո, 267.990 ՀՀ դրամին համարժեք 600 եվրո, 893.300 ՀՀ դրամին համարժեք 2.000 եվրո, 8.886.845 ՀՀ դրամին համարժեք 18.500 եվրո, ինչպես նաև 1.200 ԱՄՆ դոլար արժողությամբ հեռուստացույց ստանալու փաստը: Նշված որոշումը մտել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով Դատարանը, գնահատելով գործում առկա ապացույցները, գտել է, որ Համբարձում Աշուղյանի կողմից որպես փոխառություն 30.000 եվրո ստանալու պայմաններում արժանահավատ է քրեական գործի շրջանակներում Գոռ Նիկողոսյանի տված բացատրությունն այն մասին, որ Համբարձում Աշուղյանն իրեն տվել է 2 անգամ 370.000 ՀՀ դրամ (1.000 ԱՄՆ դոլարին համարժեք) և մեկ հեռուստացույց, որի գինը կազմել է 1.200 ԱՄՆ դոլար: Միաժամանակ վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածը` Դատարանը գտել է, որ տվյալ դեպքում գործում է պարտապանի կողմից գումարը վերադարձված չլինելու կանխավարկածը, իսկ ինչ վերաբերում է քրեական գործի քննության ընթացքում կողմերի բացատրություններին և ցուցմունքներին, «Քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին» որոշմանը, ապա դրանք վերաբերելի ապացույցներ չեն` փոխառության գումարը վերադարձնելու փաստը հաստատելու համար: Հետևաբար հաստատված համարելով Գոռ Նիկողոսյանի կողմից Համբարձում Աշուղյանին 30.000 եվրո գումար հանձնելու, Համբարձում Աշուղյանի կողմից Գոռ Նիկողոսյանին 2 անգամ 370.000 ՀՀ դրամ (1.000 ԱՄՆ դոլարին համարժեք) և 1.200 ԱՄՆ դոլար արժողությամբ հեռուստացույց վերադարձված լինելու փաստերը` Դատարանը, 30.000 եվրոյից նվազեցնելով վերոնշյալ գումարը, գտել է, որ որպես անվավերության հետևանք` պետք է պարտավորեցնել Համբարձում Աշուղյանին Գոռ Նիկողոսյանին վերադարձնել 12.266.800 ՀՀ դրամ:

Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ սույն գործով օրինական ուժի մեջ մտած 17.06.2014 թվականի վճռով հաստատվել է կնքված առուվաճառքի պայմանագրերի շինծու լինելը, միաժամանակ արձանագրել է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.10.2014 թվականի որոշմամբ հաստատվել է Գոռ Նիկողոսյանի կողմից Համբարձում Աշուղյանից 893.300 ՀՀ դրամին համարժեք 2.000 եվրո, 267.990 ՀՀ դրամին համարժեք 600 եվրո, 893.300 ՀՀ դրամին համարժեք 2.000 եվրո, 8.886.845 ՀՀ դրամին համարժեք 18.500 եվրո, ինչպես նաև 1.200 ԱՄՆ դոլար արժողությամբ հեռուստացույց ստանալու փաստը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ վերոնշյալ որոշման ուժի մեջ մտնելու պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով Համբարձում Աշուղյանի կողմից Գոռ Նիկողոսյանին 23.100 եվրո և 1.200 ԱՄՆ դոլար արժողությամբ հեռուստացույց վերադարձված լինելու հանգամանքը կրկին ապացուցման անհրաժեշտություն չունի, քանի որ Գոռ Նիկողոսյանի կողմից Համբարձում Աշուղյանից ընդհանուր առմամբ 23.100 եվրո և 1.200 ԱՄՆ դոլար ստանալու հանգամանքն ունի նախադատելի նշանակություն, ինչը հաշվի չի առել Դատարանը: Ինչ վերաբերում է պարտքի մնացած մասին, ապա Վերաքննիչ դատարանը նշել է, որ թեև Գոռ Նիկողոսյանը նշել է, որ հայցվորներից ավտոմեքենան ստացել է առուվաճառքի պայմանագրի հիման վրա, սակայն այդ հանգամանքը հիմնավորող ապացույց չի ներկայացրել: Մինչդեռ գործի փաստերի համադրմամբ (ավտոմեքենայի արժեքը` 10.200 ԱՄՆ դոլար, ավտոմեքենան հաշվառումից հանելու ժամկետը` 21.07.2009 թվական, որը համընկնում է Գոռ Նիկողոսյանի նշած առուվաճառքի պայմանագրի ժամկետի հետ) հիմնավորվում է, որ ավտոմեքենան տրամադրվել է պարտքի դիմաց: Հետևաբար բավարար հիմքեր կան արձանագրելու, որ Համբարձում Աշուղյանի կողմից Գոռ Նիկողոսյանի հանդեպ առկա պարտավորությունը կատարված լինելու հիմքով դադարել է:

Մինչդեռ վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Վերաքննիչ դատարանը սույն գործով նախադատելի է համարել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.10.2014 թվականի որոշմամբ հաստատված այն փաստերը, որ Գոռ Նիկողոսյանը ստացել է 893.300 ՀՀ դրամին համարժեք 2.000 եվրո, 267.990 ՀՀ դրամին համարժեք 600 եվրո, 893.300 ՀՀ դրամին համարժեք 2.000 եվրո, 8.886.845 ՀՀ դրամին համարժեք 18.500 եվրո, ինչպես նաև 1.200 ԱՄՆ դոլար արժողությամբ հեռուստացույց: Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ տվյալ փաստական հանգամանքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հաստատել է` հիմնավորելու համար վճռի մասը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտությունը` գտնելով, որ նշված փաստական հանգամանքների մասով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը պատշաճ քննություն չի իրականացրել: Այլ կերպ ասած, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործը բողոքարկված մասով ամբողջությամբ նոր քննության ուղարկելու պարագայում այլևս գոյություն չունի տվյալ հարցի կապակցությամբ առաջին ատյանի դատարանի վճիռը, որով հաստատված փաստերն ապացուցման կարիք չէին ունենա: Հետևաբար վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.10.2014 թվականի որոշումը չէր կարող որակվել նախադատելի: Այսինքն` Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետը` իր պատճառաբանությունների հիմքում դնելով մի դատական ակտ, որը չի կարող համարվել նախադատելի` նախադատելիության սահմանների վերաբերյալ վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Համբարձում Աշուղյանի կողմից Գոռ Նիկողոսյանի հանդեպ փոխառության պարտավորության մնացած մասը կատարվել է, քանի որ Համբարձում Աշուղյանը, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան պարտատիրոջը հանձնելով, կատարել է նաև պարտավորության մնացած մասը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը պարտավորության կատարման փաստը հաստատելիս չի հիմնվել գործում առկա ապացույցների այնպիսի համակցության վրա, որը հնարավորություն կտար միանշանակ հետևություն անելու այն մասին, որ վերոնշյալ ավտոմեքենան Համբարձում Աշուղյանի կողմից հանձնվել է Գոռ Նիկողոսյանին` որպես պարտավորության մնացած մասի մարում: Ինչ վերաբերում է սույն գործում առկա` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի թիվ 2 հաշվառման քննական բաժանմունքի տեղեկանքին, ապա տեղեկանքում նշված ժամանակահատվածում ավտոմեքենան հաշվառումից հանված լինելու հանգամանքն ինքնին բավարար չէ հետևություն անելու այն մասին, որ Համբարձում Աշուղյանի կողմից Գոռ Նիկողոսյանի հանդեպ փոխառության մնացած մասը կատարված է: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը հիմնավորվում է նաև նրանով, որ վերոնշյալ տեղեկանքը որևէ նշում չի պարունակում այն մասին, թե ինչն է հանդիսացել հաշվառումից հանելու հիմք, և թե Խաչիկ Աշուղյանի անվամբ հաշվառումից հանելուց հետո արդյոք ավտոմեքենան փոխանցվել է Գոռ Նիկողոսյանին: Հետևաբար Վերաքննիչ դատարանը նման եզրահանգման կարող էր գալ միայն այն դեպքում, երբ ապացույցների համակցության մեջ պարզեր, մասնավորապես, ավտոմեքենայի իրական արժեքը և այն հարցը, թե արդյոք մեքենայի հանձնումը բավարար էր պարտավորությունը մնացած մասով կատարված համարելու համար:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի և 53-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:

Միաժամանակ նկատի ունենալով, որ Դատարանը սույն գործով նույնպես պատշաճ քննություն չի իրականացրել` մասնավորապես` նույն ապացույցները մի դեպքում բավարար համարելով որոշակի փաստեր հաստատված համարելու համար, իսկ մեկ այլ դեպքում` դրանք դիտելով ոչ վերաբերելի, այն դեպքում, երբ դրանք անհրաժեշտ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար, հետևաբար` վերաբերելի են, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.08.2016 թվականի որոշումը և գործը` որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք վերադարձման ենթակա գումարի մասով, ուղարկել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ե. Սողոմոնյան
Ս. Անտոնյան
Վ.Ավանեսյան
Ա.Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ.Հակոբյան
Ռ.Հակոբյան
Տ.Պետրոսյան

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2017
N ԵԷԴ/1871/02/11
Որոշում