Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ, 47-Ր ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    

Հայաստանի Հանրապետության 
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
                               ԵԿԴ/2524/02/10
2017թ.
Քաղաքացիական գործ թիվ   ԵԿԴ/2524/02/10

Նախագահող դատավոր`   Մ. Հարթենյան

                    Դատավորներ`   Կ. Չիլինգարյան

                                                    Հ. Ենոքյան

    

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Բարսեղյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
 Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

                   

2017 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սվետլանա Նալբանդյանի ներկայացուցիչ Գեղամ Այվազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.02.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սուսաննա Յազիչյանի ընդդեմ Սվետլանա Նալբանդյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սուսաննա Յազիչյանը պահանջել է Սվետլանա Նալբանդյանից բռնագանձել 3.600.000 ՀՀ դրամ` որպես վնասի հատուցում և 14.417.400 ՀՀ դրամ` որպես վճռով նախատեսված պարիսպը տեղափոխելու և իրավունքի խախտումը վերացնելու համար անհրաժեշտ ծախսերի գումար:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) 15.07.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Տ.Սահակյան, Կ.Հակոբյան, Տ.Նազարյան) 23.12.2011 թվականի որոշմամբ Սվետլանա Նալբանդյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.07.2011 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա.Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 20.05.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.02.2016 թվականի որոշմամբ Սվետլանա Նալբանդյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.05.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սվետլանա Նալբանդյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սուսաննա Յազիչյանի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 47-րդ, 48-րդ, 60-րդ, 68-րդ, 73-րդ, 124-րդ, 149.8-րդ և 149.9-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ դատաքննության ընթացքում ինչպես կողմը, այնպես էլ Դատարանը չեն կարող քննարկել փորձաքննություն նշանակելու վերաբերյալ որևէ հարց, եթե նախնական դատական նիստում դրա համար եղել է բավարար ժամանակ: Մինչդեռ սույն գործով Դատարանը դա հնարավոր է համարել և իր նախաձեռնությամբ` առանց պատասխանողի մասնակցության, ապացույցները հետազոտելուց հետո գործի քննության ավարտի մասին հայտարարելու փոխարեն, որոշել է նշանակել փորձաքննություն: Դրա հետևանքով խախտվել են կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքները, Սվետլանա Նալբանդյանը Սուսաննա Յազիչյանի համեմատ հայտնվել է էականորեն նվազ բարենպաստ վիճակում:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ թիվ ԵԿԴ/2803/02/08 քաղաքացիական գործով դատական ծախսերի հարցը վճռով համարվել է լուծված, քանի որ այդ գործի քննության ընթացքում փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի բռնագանձման պահանջ չի ներկայացվել: Ավելին` ներկայացված 3.600.000 ՀՀ դրամը սույն գործով դատարանները դիտարկել են ոչ միայն խելամիտ, այլև` որպես վնաս, սակայն այն չի կարող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի իմաստով դիտարկվել որպես վնաս:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.02.2016 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Ստորադաս դատարանները ճիշտ հետևություն են կատարել այն մասին, որ Սուսաննա Յազիչյանի իրավունքների խախտումները վերացնելը բխում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածից: Բացի այդ, նախկինում քննված թիվ ԵԿԴ/2803/02/08 քաղաքացիական գործի քննությունը բազմիցս հետաձգվել է Սվետլանա Նալբանդյանի կողմից դատական նիստերին չներկայանալու և փորձաքննություններին խոչընդոտելու պատճառով, ուստի վերջինս պետք է կրի իր գործողությունների հետ կապված վնասակար հետևանքները:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) թիվ ԵԿԴ/2803/02/08 քաղաքացիական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 26.06.2009 թվականին կայացված վճռով Սվետլանա Նալբանդյանը պարտավորեցվել է Սուսաննա Յազիչյանին հանձնել վերջինիս սեփականության իրավունքով պատկանող, սակայն Սվետլանա Նալբանդյանի կողմից օգտագործվող 309,8 քմ մակերեսով հողամասը և քանդել հողամասերը բաժանող պարիսպն ու այն կառուցել հողամասի իրական սահմանազատման գոտում. նշված վճիռն օրինական ուժի մեջ է մտել 12.11.2009 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 24-28, 31).

2) Դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, 18.07.2012 թվականին որոշում է կայացրել 28.08.2012 թվականին ժամը 12:15-ին գործը դատաքննության նշանակելու մասին (հատոր 4-րդ, գ.թ. 105).

3) Դատարանը, պատճառաբանելով, որ որոշակի հարցեր պարզաբանելու համար անհրաժեշտ է նշանակել փորձաքննություն, 09.11.2012 թվականին իր նախաձեռնությամբ որոշում է կայացրել դատատեխնիկական և դատահաշվապահական համալիր փորձաքննություն նշանակելու ու գործի վարույթը կասեցնելու մասին (հատոր 5-րդ, գ. թ. 1-2).

4) ՀՀ «Փորձաքննությունների Ազգային Բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների կողմից 28.10.2014 թվականին տրված թիվ 13-0099 եզրակացության համաձայն` պարսպի վերակառուցման ամբողջ արժեքը, ներառյալ` վերադիր ծախսերը, շահույթը, ԱԱՀ-ն և այլ չնախատեսված ծախսերը, կազմում է 14.417.430 ՀՀ դրամ (հատոր 5-րդ, գ.թ. 45-53).

5) Սուսաննա Յազիչյանի և փաստաբան Սեդա Սաֆարյանի միջև 01.01.2005 թվականին կնքված իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն` վերջինս պարտավորվել է Սուսաննա Յազիչյանի համար իրականացնել ներկայացուցչություն և նրա շահերի պաշտպանությունն ըստ Սուսաննա Յազիչյանի հայցի ընդդեմ Սվետլանա Նալբանդյանի` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու պահանջով հարուցվելիք քաղաքացիական գործի շրջանակներում, որի դիմաց Սուսաննա Յազիչյանը պարտավորվել է, հիմք ընդունելով վերը նշված գործի տևողությունը, յուրաքանչյուր ամսվա համար վճարել 60.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 32-35):

 

i

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 68-րդ, 73-րդ և 149.8-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին`

ա) արդյո՞ք դատարանն իրավասու է գործի քննությունը դատաքննության նախապատրաստական փուլով իրականացնելու պայմաններում դատաքննության փուլում որոշում կայացնել իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու մասին,

բ) արդյո՞ք դատարանը կարող է նախկինում քննված գործով փաստաբանի ծառայությունների համար կատարված վճարումներն առանձին հայցով բռնագանձելու պահանջը բավարարել` առանց պարզելու փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հավաստող ապացույցն այդ գործի քննության ընթացքում ներկայացված լինելու փաստը:

ա) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանին առաջադրել հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում, ինչպես նաև նշել այն մասնագիտացված փորձագիտական հաստատությունը կամ այն փորձագետին, որոնց դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.5-րդ հոդվածի համաձայն` հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով դատարանը ձեռնամուխ է լինում գործը դատաքննության նախապատրաստելուն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն` դատարանը նախնական դատական նիստում մասնավորապես` կողմերի միջնորդությամբ, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն և գրավոր ապացույցներն ուսումնասիրելու հարցերը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերը նշված դատավարական նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակելու փորձաքննություն` իր որոշմամբ սահմանելով հարցերի ցանկը և բովանդակությունը: Փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, իսկ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, որոնք դատարանը պարտավոր է գնահատել գործում եղած մյուս բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսինքն` փորձաքննության նշանակումն ինքնանպատակ չէ և չի կարող կրել ձևական բնույթ (տե՛ս, «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ն ընդդեմ «Վագ քար» ՍՊԸ-ի թիվ ԱՎԴ 1/0074/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի և 149.8-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի համադրված վերլուծությունը վկայում է այն մասին, որ օրենսդրական կարգավորման տեսանկյունից քաղաքացիական դատավարությունում փորձաքննություն կարող է նշանակվել ինչպես գործը դատաքննության նախապատրաստելու, այնպես էլ դատաքննության փուլում:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներից մեկում անդրադառնալով դատարանի կողմից փորձաքննություն նշանակելու հարցին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ փորձաքննություն նշանակելու հարցը պետք է լուծվի նախնական դատական նիստում (տե՛ս, Հրանտ Գրիգորյանն ընդդեմ Ռիմա Գրիգորյանի ու Էրեբունու նոտարական տարածքի նոտարական գրասենյակի թիվ ԵՔԴ/0636/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.10.2009 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով գործը դատաքննության նախապատրաստելու փուլի էությանը, իր որոշումներից մեկում նշել է, որ գործը դատաքննության նախապատրաստելու ինստիտուտը նպատակաուղղված է ապահովելու գործի արդյունավետ քննությունը: Գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ դատարանի գործողություններն ուղղված են ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության համար համապատասխան պայմանների ապահովմանը, գործի համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի որոշմանը և գործը լուծելու համար ճիշտ իրավանորմերի կիրառմանը: Հետևաբար գործը դատաքննության նախապատրաստելու դատավարական ինստիտուտի ամրագրումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, և դատարանն այդ փուլով դատավարությունը պետք է անցկացնի իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար (տե՛ս, Երևանի քաղաքապետարանի «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Մարտիրոսյանի ու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունի անձնագրային բաժնի թիվ ԵԷԴ/1637/02/09 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, ելնելով փորձաքննության ինստիտուտի, ինչպես նաև գործը դատաքննության նախապատրաստելու փուլի էության, նպատակի և խնդիրների վերաբերյալ վերոգրյալ իրավական դիրքորոշումներից, գտնում է, որ փորձաքննություն նշանակելու հարցը, որպես կանոն, պետք է լուծվի գործը դատաքննության նախապատրաստելու փուլում, քանի որ փորձաքննություն նշանակելը գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների վերաբերյալ ապացույցներ ձեռք բերելու դատավարական միջոց է: Հետևաբար փորձաքննությունը գործը դատաքննության նախապատրաստելու փուլում նշանակելու կառուցակարգը համահունչ է քաղաքացիական դատավարության նշված փուլին բնորոշ նպատակին` քաղաքացիական գործի արդյունավետ քննության ապահովմանը և այդ փուլի առջև դրված խնդիրներին, հատկապես` ապացույցների բավարար համակցության ձևավորման (ապացույցների կենտրոնացման) ապահովմանը:

Այսպիսով, ընդհանուր կանոնի համաձայն` փորձաքննությունը պետք է նշանակվի մինչև գործը դատաքննության նշանակելու մասին որոշում կայացնելը: Նման մոտեցումը հետապնդում է նաև գործով դատաքննությունը մեկ դատական նիստով ավարտելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու, գործի քննության հետաձգումը կամ վարույթի կասեցումը հնարավորինս բացառելու, գործը դատաքննության նախապատրաստելիս կողմերի դատավարական պարտականությունների պատշաճ կատարմանը նպաստելու և դատավարական իրավունքների չարաշահումը բացառելու նպատակ: Այլ կերպ ասած, որպես ընդհանուր կանոն, քաղաքացիական դատավարությունում փորձաքննություն նշանակելու նախաձեռնության իրավունք ունեցող սուբյեկտները` կողմերը և դատարանը, պետք է իրենց այդ նախաձեռնությունը ցուցաբերեն ոչ թե դատաքննության, այլ գործը դատաքննության նախապատրաստելու փուլում:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ փորձաքննություն նշանակելու հարցը գործը դատաքննության նախապատրաստելու փուլում լուծելու ընդհանուր կանոնն ունի որոշ բացառություններ: Այսինքն` որոշ դեպքերում օբյեկտիվ անհրաժեշտությունից ելնելով` դատարանը կարող է շեղվել ընդհանուր կանոնից և փորձաքննություն նշանակել դատաքննության ընթացքում: Ասվածը վերաբերում է այն դեպքերին, երբ փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունն օբյեկտիվորեն ծագում է դատաքննության ընթացքում, մասնավորապես` ապացույցները հետազոտելու ժամանակ:

Սույն գործի փաստերի համաձայն` Սուսաննա Յազիչյանը պահանջել է Սվետլանա Նալբանդյանից բռնագանձել նաև 14.417.400 ՀՀ դրամ` որպես օրինական ուժի մեջ մտած վճռով նախատեսված պարիսպը տեղափոխելու և իրավունքի խախտումը վերացնելու համար գումար:

Գործի քննությունն իրականացվել է դատաքննության նախապատրաստական փուլով, և Դատարանը, գործը համարելով դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացրել այն դատաքննության նշանակելու մասին: Այնուհետև Դատարանն իր նախաձեռնությամբ որոշում է կայացրել վերը նշված աշխատանքների կատարման համար հենց այդքան գումար անհրաժեշտ լինելու փաստը հաստատված համարելու կամ հերքելու նպատակով դատատեխնիկական և դատահաշվապահական համալիր փորձաքննություն նշանակելու մասին:

Դատարանը բավարարել է Սվետլանա Նալբանդյանից 14.417.400 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին Սուսաննա Յազիչյանի հայցը` վճռի հիմքում դնելով նաև ՀՀ «Փորձաքննությունների Ազգային Բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների կողմից 28.10.2014 թվականին տրված թիվ 13-0099 եզրակացությունը:

Վերաքննիչ դատարանը մերժել է Սվետլանա Նալբանդյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է օրինական ուժի մեջ` պատճառաբանելով նաև, որ Դատարանի կողմից դատաքննության փուլում փորձաքննություն նշանակելու մասին որոշման կայացմամբ որևէ կերպ չեն խախտվել օրենքի առջև կողմերի հավասարության և դատավարության մրցակցության սկզբունքները:

Համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի վերոգրյալ եզրահանգման հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ Դատարանը Սվետլանա Նալբանդյանից 14.417.400 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին Սուսաննա Յազիչյանի հայցը բավարարելու հիմքում դրել է նաև ՀՀ «Փորձաքննությունների Ազգային Բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների կողմից 28.10.2014 թվականին տրված թիվ 13-0099 եզրակացությունը, որն ստացվել է դատատեխնիկական և դատահաշվապահական համալիր փորձաքննություն նշանակելու մասին որոշման հիման վրա: Փորձաքննություն նշանակելու մասին այդ որոշումը Դատարանը կայացրել է իր նախաձեռնությամբ և ոչ թե գործը դատաքննության նախապատրաստելու, այլ դատաքննության փուլում: Մինչդեռ տվյալ դեպքում փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունը չէր ծագել բացառապես դատաքննության ընթացքում: Մասնավորապես` թե՛ Դատարանը, թե՛ Վերաքննիչ դատարանը չեն պատճառաբանել, թե հատկապես ինչ օբյեկտիվ հանգամանքներ են ի հայտ եկել գործի դատաքննության ընթացքում, որոնց ուժով անհրաժեշտություն է առաջացել նշանակելու դատատեխնիկական և դատահաշվապահական համալիր փորձաքննություն, և որոնք չէին կարող հայտնի լինել գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում: Մինչդեռ Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների համաձայն` քաղաքացիական դատավարությունում, որպես կանոն, փորձաքննություն պետք է նշանակվի գործը դատաքննության նախապատրաստելու փուլում, իսկ դատաքննության փուլում փորձաքննություն կարող է նշանակվել այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունն օբյեկտիվորեն ծագել է դատաքննության ընթացքում:

Ավելին` սույն գործով փորձաքննություն նշանակելիս Դատարանը խախտել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, քանի որ Դատարանը փորձաքննություն նշանակելու հարցը չի քննարկել պատասխանող կողմի հետ, վերջինիս հնարավորություն չի ընձեռել առաջադրելու փորձաքննության ընթացքում պարզաբանման ենթակա հարցեր և նշելու փորձաքննություն կատարող սուբյեկտին:

Այսպիսով, սույն գործով Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը, իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելով ոչ թե գործը դատաքննության նախապատրաստելու, այլ դատաքննության փուլում, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետով և 60-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված` փորձաքննություն նշանակելու դատավարական կարգը: Հետևաբար դատավարական կարգի նշված խախտմամբ ձեռք բերված ապացույցը` ՀՀ «Փորձաքննությունների Ազգային Բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների կողմից 28.10.2014 թվականին տրված թիվ 13-0099 եզրակացությունը, չէր կարող հիմք հանդիսանալ հայցը` 14.417.400 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, բավարարելու համար և դրվել Դատարանի վճռի հիմքում:

Ելնելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծություններից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սուսաննա Յազիչյանի ենթադրյալ իրավունքները վերականգնելու համար անհրաժեշտ գումարի չափը պարզելու ուղղությամբ թույլատրելի և վերաբերելի ապացույցներ ձեռք բերելու ու դրանց հիման վրա Սվետլանա Նալբանդյանից 14.417.400 ՀՀ դրամ բռնագանձելու մասին պահանջը լրիվ կամ մասնակիորեն բավարարելու հարցը լուծելու համար սույն գործը` նշված հայցապահանջի մասով, անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

բ) Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նախկինում քննված քաղաքացիական գործից բխող փաստաբանի վարձատրության հետ կապված 3.600.000 ՀՀ դրամը` որպես փաստաբանի ծառայության դիմաց վնասի հատուցում բռնագանձելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկին, արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` վճռի եզրափակիչ մասում լուծվում է գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման հարցը (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետի համաձայն` վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի եզրահանգումներ` գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ նույն օրենքով կամ պայմանագրով: Վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:

i

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով փաստաբանի խելամիտ վարձատրությունը դատական ծախսերի մեջ ընդգրկելու հարցին, արձանագրել է, որ փաստաբանի խելամիտ վարձատրությունը նախ և առաջ պետք է դիտել որպես դատական ծախս, և հետևաբար այն պետք է բաշխվի կողմերի միջև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով: Որպես դատական ծախս թե՛ հայցվորը և թե՛ պատասխանողը դատական քննության ընթացքում կարող են ներկայացնել փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հավաստող ապացույց: Ընդ որում, անկախ վճարված գումարի բռնագանձման մասին պահանջի առկայությունից, վճարումը հավաստող ապացույց ներկայացնելը բավարար է փաստաբանի վարձատրությանը` որպես դատական ծախս, վճռով անդրադառնալու համար: Եթե դատարանը, համապատասխան ապացույցի առկայության դեպքում վճռով չի անդրադառնում փաստաբանի խելամիտ վարձատրության` կողմերի միջև բաշխման հարցին, ապա գործին մասնակցող անձինք զրկված չեն կատարված ծախսերի բաշխման հարցը լուծելու համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել վճիռը կայացրած դատարան` լրացուցիչ վճիռ կայացնելու պահանջով: ՀՀ վճռաբեկ դատարանը, հնարավոր համարելով նաև այն իրավիճակը, երբ կողմերը չներկայացնեն փաստաբանի վարձատրության վերաբերյալ որևէ ապացույց (և դրա բռնագանձման մասին պահանջ), արձանագրել է նաև, որ նման պայմաններում նրանք զրկված չեն փաստաբանի ծառայությունների համար կատարված վճարումներն առանձին հայցով բռնագանձելու իրավունքից, որպիսի եզրահանգման համար հիմք է ընդունել այն, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով չի արգելվում դատական ծախսերը այլ` առանձին վարույթի շրջանակներում բռնագանձելը (տե՛ս, անհատ ձեռնարկատեր Նարինե Ռոստոմյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1401/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական ծախսերի բռնագանձման հիմքը նույնական չէ վնասի պատճառման հետևանքով առաջացած պարտավորությունների ընդհանուր հիմքերի հետ, քանի որ դատական ծախսերի կազմի և բաշխման հետ կապված իրավակարգավորումների վերլուծությունից հետևում է, որ դատական ծախսերն այն ծախսերն են, որոնք կողմը կատարում է դատական կարգով իր իրավունքները պաշտպանելու համար, իսկ դատական ծախսերի բաշխման ընդհանուր սկզբունքն այն է, որ անձը, ում օգտին կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտը, պետք է դատական ծախսերի հատուցում ստանա մյուս կողմի հաշվին: Մինչդեռ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ վարքագծի միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Այս երկու ինստիտուտների տարբերությունը դրսևորվում է նաև վրա հասնող հետևանքների առումով` դատական ծախսերը հատուցվում են խելամտության սահմաններում, այսինքն` դրանց իրական ծավալը կարող է ավելի մեծ լինել, քան փաստացի հատուցման չափը, սակայն վնասի ինստիտուտի առնչությամբ այս սկզբունքը կիրառելի չէ, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կանոնի համաձայն` վնասները ենթակա են հատուցման ամբողջ ծավալով: Բացի այդ, դատական ծախսերը վնաս չեն կարող դիտարկվել, քանի որ դատավարության սուբյեկտները, իրացնելով իրենց դատական պաշտպանության իրավունքը, չեն դրսևորում հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծ (տե՛ս, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքային համայնքն ընդդեմ Գյուլնարա Սարգսյանի թիվ ԿԴ 2/0189/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

i

Միակ բացառությունն օրենսդիրը կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով, երբ արդար դատաքննության իրավունքից անբարեխիղճ օգտվելը կարող է վնասներ հատուցելու պարտականություն առաջացնել: Նման դեպքերում մեղքի առկայության և վնասների հատուցման հիմք է դատարանի կողմից հայցն ակնհայտ անհիմն ճանաչելը: Այս դեպքում միայն պատասխանողն իրավունք ունի վնասների հատուցման պահանջով դիմելու դատարան: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի հիմքով դատարանի կողմից ակնհայտ անհիմն գնահատված հայց ներկայացրած անձի դեմ վնասների հատուցման պահանջով դատարան դիմելու դեպքից զատ որևէ այլ դեպքում պատասխանողի մոտ հայցվորի նկատմամբ դատարան դիմելու հետևանքով իրեն պատճառված վնասները հատուցելու պահանջի իրավունք չի առաջանում (տե՛ս, Շուշանիկ Գրիգորյանն ընդդեմ Արարատ Մովսիսյանի թիվ 3-2431 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը, պատճառաբանելով, որ «Սուսաննա Յազիչյանի և փաստաբան Սեդա Սաֆարյանի միջև 01.01.2005 թվականին կնքված իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն` ծառայությունը պատվիրատուի կողմից վճարվում է ըստ գործի քննության տևողության` յուրաքանչյուր ամսվա համար 60.000 ՀՀ դրամ», «Սուսաննա Յազիչյանը շուրջ 5 տարիների ընթացքում Ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն` կրել է 3.600.000 ՀՀ դրամ նյութական վնաս` փաստաբանական ծառայության վճարների չափով», «փաստաբանի կողմից ի շահ հայցվորի կատարվել են 01.01.2015 թվականին կնքված իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված դատավարական գործողությունները, ինչպես նաև հաշվի առնելով գործի քննության երկարատևությունը», 3.600.000 ՀՀ դրամը համարել է ողջամիտ և այն բռնագանձել է որպես վնասի փոխհատուցում:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով նաև, որ «թիվ ԵԿԴ/2803/02/08 քաղաքացիական գործով կողմերի միջև վեճով փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը որպես դատական ծախս բռնագանձելու հարցը քննարկման առարկա չի դարձվել, դատարանը լուծել է միայն պետական տուրքի հարցը», գտել է, որ տվյալ դեպքում Սուսաննա Յազիչյանի կողմից 3.600.000 ՀՀ դրամի չափով ներկայացված փաստաբանի վարձատրության գումարը որպես վնաս բռնագանձելու մասին պահանջը հիմնավոր է:

Մինչդեռ անդրադառնալով ստորադաս դատարանների վերոնշյալ դիրքորոշումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Սուսաննա Յազիչյանը պահանջել է Սվետլանա Նալբանդյանից բռնագանձել 3.600.000 ՀՀ դրամ` որպես թիվ ԵԿԴ/2803/02/08 քաղաքացիական գործով կատարված դատական ծախսերի, մասնավորապես` փաստաբանի վարձատրության գումարի վճարման արդյունքում իրեն պատճառված վնասների հատուցում: Մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշումներով ձևավորված իրավական դիրքորոշումների համաձայն` դատական ծախսերի բռնագանձման հիմքը նույնական չէ վնասի պատճառման հետևանքով առաջացած պարտավորությունների ընդհանուր հիմքերի հետ, և որևէ քաղաքացիական գործով կողմի կրած դատական ծախսերը չեն կարող մեկ այլ գործի շրջանակներում բռնագանձվել որպես այդ կողմին պատճառված վնաս (բացառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված դեպքի): Փաստորեն, տվյալ դեպքում թիվ ԵԿԴ/2803/02/08 քաղաքացիական գործով Սուսաննա Յազիչյանի կրած ենթադրյալ դատական ծախսերը, մասնավորապես` փաստաբանին ենթադրաբար վճարված վարձատրության գումարները, սույն գործի շրջանակներում չեն կարող դիտարկվել որպես Սուսաննա Յազիչյանին պատճառված վնաս, քանի որ դատական ծախսերի և վնասի ինստիտուտներն ունեն էական տարբերություններ և որևէ ձևով չեն նույնանում, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Բացի այդ, ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ սույն գործում բացակայում է փաստաբանի ծառայությունների համար կատարված վճարումներն առանձին հայցով բռնագանձելու պահանջ ներկայացնելու իրավունքից օգտվելու համար անհրաժեշտ այն պայմանը, որ Սուսաննա Յազիչյանը նախորդ գործի քննության ընթացքում որպես իր կողմից կատարված դատական ծախս չի ներկայացրել փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հավաստող ապացույցը: Այդ ապացույցը ներկայացված լինելու դեպքում դատարանը պարտավոր էր վճռով անդրադառնալ փաստաբանի խելամիտ վարձատրության` կողմերի միջև բաշխման հարցին, որը չանելու դեպքում Սուսաննա Յազիչյանը զրկված չէր կատարված ծախսերի բաշխման հարցը լուծելու համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել վճիռը կայացրած դատարան` լրացուցիչ վճիռ կայացնելու պահանջով կամ վերաքննության կարգով բողոքարկելու տվյալ դատական ակտը:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի, այդ թվում նաև` վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.07.2015 թվականի որոշմամբ հետաձգված, ինչպես նաև վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.06.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.02.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Դատական ծախսերի, այդ թվում` վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.07.2015 թվականի որոշմամբ հետաձգված, ինչպես նաև վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.06.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյանի
Դատավորներ Ա. Բարսեղյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
 Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2017
N ԵԿԴ/2524/02/10
Որոշում