i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 հունվարի 1996 թվականի թիվ 7
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերությունների կարգավորման մասին անցումային դրույթներ» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պատգամավորների Գյումրի քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների լուծարման աշխատանքների իրականացման նպատակով`
Պատգամավորների Գյումրիի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին`
ա) ստեղծել պատգամավորների Գյումրի քաղաքի Մոսկովյան և Շիրակի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների լուծարային հանձնաժողովներ` պատգամավորների Գյումրիի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալների գլխավորությամբ.
բ) կազմակերպել գույքագրման անցկացում` ներառելով պատգամավորների Մոսկովյան և Շիրակի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների տնօրինության տակ գտնվող ամբողջ գույքը (հիմնական և շրջանառու միջոցները` վարչական շենքեր, ֆինանսական միջոցներ և այլն), և մինչև վերաբաշխման մասին համապատասխան որոշումների ընդունումն ապահովել այդ գույքի պատշաճ պահպանությունը.
գ) ձեռնարկել համապատասխան միջոցներ`
լուծարման հետևանքով աշխատանքից արձակման ենթակա աշխատողների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատանքային իրավունքների ու երաշխիքների ապահովման համար.
քաղաքի կենսաապահովման օբյեկտների անխափան աշխատանքի ապահովման և բնակչության պահանջների բավարարման համար.
դ) երկամսյա ժամկետում ավարտել պատգամավորների Գյումրի քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների լուծարման աշխատանքները և արդյունքների մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը: