Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 33-ՐԴ ՀՈԴ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վարչական վերաքննիչ դատարանի որոշում
ՎԴ/4109/05/14
2016թ.
Վարչական գործ թիվ   ՎԴ/4109/05/14

Նախագահող դատավոր`  Ք. Մկոյան

                    Դատավորներ` Ա. Առաքելյան

                                                  Գ. Ղարիբյան

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
  Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

                                                 

2016 թվականի դեկտեմբերի 02-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) և ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) վճռաբեկ բողոքները ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 24.09.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սամսոն Խարազյանի ընդդեմ Ծառայության, երրորդ անձ Նախարարության` 17.12.2012 թվականից մինչև 2013 թվականի մարտ ամիսը կենսաթոշակ նշանակելուն և 08.01.1998 թվականից 05.01.2002 թվականն ընկած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում ներառելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սամսոն Խարազյանը պահանջել է պարտավորեցնել Ծառայությանը կատարելու վերահաշվարկ և վճարելու 17.12.2012 թվականից մինչև 2013 թվականի մարտ ամիսը չորս ամիսների չվճարած կենսաթոշակը` 134.400 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև կենսաթոշակում ներառել չորս տարվա աշխատանքային ստաժի և տասը տարվա ընթացքում կատարած սոցիալական վճարների դիմաց հասանելիք գումարը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ.Զարիկյան) (այսուհետ` Դատարան) 14.04.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Ծառայությանը պարտավորեցվել է 08.01.1998 թվականից 05.01.2002 թվականն ընկած ժամանակահատվածը ներառել Սամսոն Խարազյանի աշխատանքային ստաժում: Հայցը` մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.09.2015 թվականի որոշմամբ Սամսոն Խարազյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 14.04.2015 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել. հայցը` 17.12.2012 թվականից մինչև 2013 թվականի մարտ ամիսը կենսաթոշակ նշանակելուն պարտավորեցնելու պահանջների մասին, բավարարվել է. Ծառայությանը պարտավորեցվել է 17.12.2012 թվականից մինչև 2013 թվականի մարտ ամիսը Սամսոն Խարազյանին նշանակելու կենսաթոշակ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ծառայությունը և Նախարարությունը:

Վճռաբեկ բողոքների պատասխան է ներկայացրել Սամսոն Խարազյանը:

 

i

2. Ծառայության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Սամսոն Խարազյանը 17.12.2012 թվականին դիմել է Ծառայության աշխատակազմի Արտաշատի սոցիալական ապահովության տարածքային բաժին` տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ կենսաթոշակ նշանակելու համար: Ներկայացված անձնագրի համաձայն` դիմողի անունը նշված է եղել «Սամսոն», իսկ աշխատանքային գրքույկի, բարձրագույն կրթության դիպլոմի համաձայն` նշված փաստաթղթերի իրավատիրոջ անունը նշված է եղել «Սամվել», այդ պատճառով աշխատանքային գրքույկը` որպես ստաժը հաստատող փաստաթուղթ, հիմք չի ընդունվել և 24.12.2012 թվականին մերժվել է կենսաթոշակ նշանակելու դիմումը: Սամսոն Խարազյանը 29.03.2013 թվականին կրկին դիմել է Ծառայության աշխատակազմի Արտաշատի սոցիալական ապահովության տարածքային բաժին` կենսաթոշակ նշանակելու համար, և պահանջվող փաստաթղթերի հետ ներկայացրել է նաև ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 28.02.2013 թվականի վճիռը, որն օրինական ուժի մեջ է մտել 29.03.2013 թվականին: Նշված վճռով հաստատվել է, որ աշխատանքային գրքույկը և բարձրագույն կրթության դիպլոմը պատկանում են Սամսոն Խարազյանին: Այսպիսով, Սամսոն Խարազյանը կենսաթոշակ ստանալու իրավունքը ձեռք է բերել 29.03.2013 թվականից` կենսաթոշակ նշանակելու համար ներկայացված իրավաչափ փաստաթղթերի հիման վրա: Հետևաբար Ծառայության կողմից կենսաթոշակը 17.12.2012 թվականից հաշվարկելու և վճարելու վերաբերյալ մերժումներն իրավաչափ են և բխում են առկա իրավակարգավորումներից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.09.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 14.04.2015 թվականի վճռին:

 

i

2.1 Նախարարության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, կիրառել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ արդեն իսկ գոյություն ունեն երկու վարչական ակտեր` 24.12.2012 թվականին կենսաթոշակ նշանակելու մասին դիմումը մերժելու մասին և 29.03.2013 թվականին Սամսոն Խարազյանին կենսաթոշակ նշանակելու մասին: Վերաքննիչ դատարանի դատական ակտի արդյունքում վարչական մարմնի համար ստեղծվել է իրավական անորոշություն, այն է` առկա վարչական ակտերի գոյության պայմաններում նույն անձին վերաբերող և նույն հարցը կարգավորող մեկ այլ վարչական ակտ ընդունելու պարտավորություն, որի հիմքերը բացակայում են ՀՀ օրենսդրությամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.09.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 14.04.2015 թվականի վճռին:

 

2.2 Վճռաբեկ բողոքների պատասխանի հիմնավորումները

Ծառայության և Նախարարության վճռաբեկ բողոքների իրավական հիմքերում և փաստարկներում բացակայում է օրենքի այն դրույթը, որը թույլ է տալիս կենսաթոշակի նշանակման ժամկետները փոխել, ուստի Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշումը կայացնելիս իրավացիորեն առաջնորդվել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով:

 

3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 17.12.2012 թվականին դիմելով Ծառայությանը` Սամսոն Խարազյանը պահանջել է նշանակել տարիքային աշխատանքային կենսաթոշակ (հատոր 1-ին, գ.թ. 86):

2) Ծառայության 16.05.2013 թվականի թիվ Ա251/337 և 06.05.2014 թվականի թիվ ԱՊ/ԱգԱ-1/3359/14 գրությունների համաձայն` Ծառայությունը 24.12.2012 թվականին մերժել է Սամսոն Խարազյանի 17.12.2012 թվականի դիմումը` պատճառաբանելով, որ աշխատանքային գրքույկում և բարձրագույն կրթության դիպլոմում Սամսոն Խարազյանի անունը նշված է «Սամվել» (հատոր 1-ին, գ.թ. 37-38, հատոր 2-րդ, գ.թ. 72):

3) ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 28.02.2013 թվականի վճռով հաստատվել է, որ 20.11.1976 թվականին Սամվել Սուրենի Խարազյանի անվամբ տրված թիվ APM 0074877 աշխատանքային գրքույկը, նրանում ներառված 1976-2008 թվականների աշխատանքային ստաժի վերաբերյալ գրառումները և 24.12.2012 թվականին ՀՀ ազգային արխիվի Արարատի մարզային մասնաճյուղի կողմից տրված թիվ 1184 արխիվային տեղեկանքը, ինչպես նաև Սամվել Սուրենի Խարազյանի անվամբ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կողմից 30.06.1977 թվականին տրված թիվ Գ-I 000051 բարձրագույն կրթության դիպլոմը պատկանում և վերաբերում են Սամսոն Սուրենի Խարազյանին (հատոր 1-ին, գ.թ. 87-89):

4) Ծառայության 16.05.2013 թվականի թիվ Ա251/337 և 06.05.2014 թվականի թիվ ԱՊ/ԱգԱ-1/3359/14 գրությունների համաձայն` 29.03.2013 թվականին Սամսոն Խարազյանը կրկին դիմում է ներկայացրել Ծառայությանը` կենսաթոշակ նշանակելու մասին, և Ծառայությունը 29.03.2013 թվականից Սամսոն Խարազյանին նշանակել է տարիքային աշխատանքային կենսաթոշակ (հատոր 1-ին, գ.թ. 37-38, հատոր 2-րդ, գ.թ. 72):

 

i

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքների քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ անձի դիմումը մերժելու մասին որոշումը չվիճարկելու պայմաններում անձի կողմից կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ կրկին դիմում ներկայացնելու դեպքում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի իմաստով ո՞ր օրը պետք է համարվի կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օր:

i

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքով սահմանված պայմանները բավարարելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին, օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, եթե նույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ ստանալու իրավունք ունի, եթե օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի համապատասխան ստորաբաժանում, և նրան նշանակվել է կենսաթոշակ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ գույքային կամ անձնական ոչ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը կապված է որոշակի հանգամանքների հետ, որոնց օրենքը տալիս է իրավական նշանակություն (իրավաբանական փաստեր): Մասնավորապես, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը տարանջատել է «կենսաթոշակի իրավունք» և «կենսաթոշակ ստանալու իրավունք» հասկացությունները: Ընդ որում, դրանցից յուրաքանչյուրի ծագման համար նախատեսվել են տարբեր իրավաբանական փաստեր: Մասնավորապես` կենսաթոշակի իրավունքը ծագում է օրենքով նախատեսված որոշակի պայմանների առկայության դեպքում, իսկ կենսաթոշակ ստանալու իրավունքը` կենսաթոշակի իրավունքի առկայությամբ պայմանավորված` համապատասխան մարմին սահմանված կարգով դիմելու պարագայում (տե՛ս, Արարատ Ափոյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության թիվ ՎԴ/6690/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

i

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օր է համարվում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում դիմում ներկայացնելու օրը: Դիմումին կցվում են օրենսդրությամբ սահմանված` կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դիմումն ընդունելուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) նշանակել կենսաթոշակ.

2) նշանակել կենսաթոշակ և տեղեկացնել կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին.

3) մերժել կենսաթոշակ նշանակելը:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` կենսաթոշակ նշանակելը մերժելու մասին որոշում կայացվում է, եթե`

1) անձը չունի կենսաթոշակի իրավունք.

2) կենսաթոշակի իրավունք ունեցող անձը, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում.

3) ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն անձին կենսաթոշակ նշանակելու համար.

4) անձն ունի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող` նույն օրենքով կամ այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք:

Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու և լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները և որոշումը բողոքարկելու կարգը, իսկ նույն հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետում նշված դեպքում` նաև կենսաթոշակի տեսակը փոխելու նրա իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:

Վերը նշված իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ վարույթն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք կարգավորվում են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով: Մասնավորապես, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանվել է վարչական վարույթի ավելի կարճ` տասն աշխատանքային օրվա ժամկետ, սահմանվել է վարույթը եզրափակող վարչական ակտի` որոշման կայացման համար հիմք հանդիսացող հանգամանքների շրջանակը, այն է` ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները:

Բացի այդ, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանվել է նաև, թե կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձի կողմից ներկայացված փաստաթղթերի և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալների հիման վրա կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմինն ինչպիսի որոշում կարող է ընդունել: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված որոշումներից մեկի ընդունմամբ ավարտվում է կենսաթոշակ նշանակելու դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասով սպառիչ կերպով սահմանված են դիմումը մերժելու հիմքերը, իսկ նույն հոդվածի 8-րդ մասով սահմանվել է կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի` կենսաթոշակ նշանակելու դիմումը մերժելու դեպքում հնգօրյա ժամկետում կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին պատշաճ կարգով ծանուցելու պարտականությունը: Ընդ որում, նշված ծանուցումը պետք է պարունակի մերժման պատճառները և բողոքարկման կարգը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված կարգավորումն ինքնանպատակ չէ, այն հնարավորություն է տալիս կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին, ով համաձայն չէ մերժման հետ, վարչական բողոք կամ դատարան հայց ներկայացնելով` գործնականում իրացնելու իր արդյունավետ իրավական պաշտպանության և դատարան դիմելու հիմնարար իրավունքները:

i

Վճռաբեկ դատարանը նաև հարկ է համարում նշել որ նախկինում կայացրած որոշումներով անդրադարձել է վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի հարցին` նշելով, որ ՀՀ Սահմանադրության ուժով վարչական ակտի չվիճարկման պայմաններում յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ վարչական ակտն ընդունվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված վարչական մարմնի լիազորությունների շրջանակում, և այն ենթակա է կատարման: Դրա հետևանքով պետք է եզրակացնել, որ չվիճարկված վարչական ակտն իրավաչափ է, և որևէ անձ, այդ թվում` պետական մարմինը չի կարող կասկածի տակ դնել դրա իրավաչափությունը (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Հրաչյա Քարամյանի թիվ ՎԴ/2068/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի որոշումը):

Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի` կենսաթոշակի նշանակումը մերժելու մասին որոշումը վարչական կամ դատական կարգով չի վիճարկվել, որևէ անձ, այդ թվում` դատարանը չի կարող կասկածի տակ դնել դրա իրավաչափությունը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ անձի դիմումը մերժելու մասին որոշումը չվիճարկելու պայմաններում անձի կողմից կրկին ներկայացված դիմումով հարուցվում է նոր վարույթ, իսկ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով այդ դեպքում կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օր պետք է համարվի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կրկին դիմում ներկայացնելու օրը:

Սույն գործի փաստերի համաձայն` Սամսոն Խարազյանը 17.12.2012 թվականին դիմում է ներկայացրել Ծառայության Արտաշատի սոցիալական ապահովության տարածքային բաժին` տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ կենսաթոշակ նշանակելու համար: 24.12.2012 թվականին Ծառայությունը Սամսոն Խարազյանի դիմումը մերժել է` պատճառաբանելով, որ ներկայացված աշխատանքային գրքույկում և բարձրագույն կրթության դիպլոմում Սամսոն Խարազյանի անուն նշված է «Սամվել Խարազյան»: Սամսոն Խարազյանը 29.03.2013 թվականին կրկին դիմել է Ծառայության Արտաշատի սոցիալական ապահովության տարածքային բաժին և պահանջվող փաստաթղթերի հետ միասին ներկայացրել է նաև ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 28.02.2013 թվականի վճիռը, որով հաստատվել է, որ 20.11.1976 թվականին Սամվել Սուրենի Խազարյանի անվամբ տրված թիվ APM 0074877 աշխատանքային գրքույկը, նրանում ներառված 1976-2008 թվականների աշխատանքային ստաժի վերաբերյալ գրառումները և 24.12.2012 թվականին ՀՀ ազգային արխիվի Արարատի մարզային մասնաճյուղի կողմից տրված թիվ 1184 արխիվային տեղեկանքը, ինչպես նաև Սամվել Սուրենի Խարազյանի անվամբ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կողմից 30.06.1977 թվականին տրված թիվ Գ-I 000051 բարձրագույն կրթության դիպլոմը պատկանում և վերաբերում են Սամսոն Սուրենի Խարազյանին: Ծառայությունը 29.03.2013 թվականին Սամսոն Խարազյանին նշանակել է կենսաթոշակ:

Սույն գործով Դատարանը հայցը 17.12.2012 թվականից կենսաթոշակ նշանակելուն պարտավորեցնելու պահանջի մասով մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ տվյալ դեպքում Սամսոն Խարազյանի կողմից 17.12.2012 թվականին Ծառայությանը ներկայացրած դիմումի քննության ընթացքում առկա է եղել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով սահմանված` դիմումի մերժման հիմքը, այն է` ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն եղել կենսաթոշակ նշանակելու համար, ուստի Սամսոն Խարազյանի 17.12.2012 թվականի դիմումն իրավաչափորեն է մերժվել, որպիսի պայմաններում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դիմելու օր է համարվել 29.03.2013 թվականը:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը բավարարելու և Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ տվյալ դեպքում սահմանափակվել է անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը ոչ իր մեղքով, այլ փաստաթղթերում առկա թերությունների պատճառով, մինչդեռ օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է այն փաստը, որ աշխատանքային գրքույկը և բարձրագույն կրթության դիպլոմը պատկանում են Սամսոն Խարազյանին, ուստի դիմում ներկայացնելու օր պետք է դիտարկել 17.12.2012 թվականը, այլ ոչ թե կրկին 29.03.2013 թվականին Ծառայության պահանջը կատարելուց հետո ներկայացված դիմումի օրը:

Մինչդեռ վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են, քանի որ Սամսոն Խարազյանի 17.12.2012 թվականի դիմումը Ծառայության կողմից 24.12.2012 թվականին մերժելու, և 17.12.2012 թվականին հարուցված, 24.12.2012 թվականին արդեն իսկ ավարտված վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտը չվիճարկելու պայմաններում Սամսոն Խարազյանի կողմից կենսաթոշակ նշանակելու համար Ծառայություն դիմելու օր պետք է համարվի Սամսոն Խազարյանի կողմից կրկին դիմում ներկայացնելու օրը, այն է` 29.03.2013 թվականը, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայությունը Սամսոն Խարազյանին իրավաչափորեն կենսաթոշակ է նշանակել 29.03.2013 թվականից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր են վճռաբեկ բողոքների փաստարկները` Վերաքննիչ դատարանի կողմից «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի սխալ մեկնաբանման վերաբերյալ, և արձանագրում է, որ սույն գործով ներկայացված պահանջների և դրանք հիմնավորող ապացույցների շրջանակում Դատարանի կողմից կայացվել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքների պատասխանում բերված փաստարկները:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքների հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ և 19-րդ հոդվածների համակարգային վերլուծության արդյունքում հանգել է այն եզրահանգման, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված կանոնները կիրառելի են նաև երրորդ անձանց պարագայում (տե՛ս, Տիգրան Սանասարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք Ստելլա Սողոմոնյանի, ««Ագրոսպասարկում» ԱՄ ՇՄ» ԲԲԸ-ի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):

Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքները ենթակա են բավարարման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը, գտնում է, որ Սամսոն Խարազյանից հօգուտ Ծառայության և Նախարարության ենթակա է բռնագանձման 20.000-ական ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 24.09.2015 թվականի որոշումը և 17.12.2012 թվականից մինչև 2013 թվականի մարտ ամիսը կենսաթոշակ նշանակելուն պարտավորեցնելու պահանջը մերժելու մասով օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 14.04.2015 թվականի վճռին:

2. Սամսոն Խարազյանից հօգուտ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք:

Սամսոն Խարազյանից հօգուտ ՀՀ ֆինանսների նախարարության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.12.2016
N ՎԴ/4109/05/14
Որոշում