Սեղմել Esc փակելու համար:
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վարչական վերաքննիչ դատարանի որոշում
ՎԴ/3342/05/13
2016թ.
Վարչական գործ թիվ   ՎԴ/3342/05/13

Նախագահող դատավոր`  Ա. Աբովյան

                   Դատավորներ`   Ա. Բաբայան

                                                   Ա. Սարգսյան   

    

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ռ. Հակոբյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
  Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

                                          

2016 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ջուլիետա Գյունաշյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 05.06.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ջուլիետա Գյունաշյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձ Գևորգ Վարդանյանի` 30.04.2013 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ջուլիետա Գյունաշյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 30.04.2013 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա.Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 11.12.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.06.2015 թվականի որոշմամբ Ջուլիետա Գյունաշյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.12.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ջուլիետա Գյունաշյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ծառայությունը:

 

i

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը և 41-րդ հոդվածի 3-րդ մասը, չի կիրառել նույն օրենքի 31-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի կողմից «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառումն անհիմն է և չպատճառաբանված, քանի որ սույն գործով չի հիմնավորվել պարտապանի գույքի բացակայության կամ անբավարարության փաստը, որպիսի պարագայում նշված նորմի կիրառումը հանգեցրել է գործի սխալ լուծման:

Պահանջատեր Գևորգ Վարդանյանը երկու տարի ուշացումով` 07.12.2011 թվականին, Ծառայություն է ներկայացրել 10.11.2009 թվականին տրված կատարողական թերթի բնօրինակը, որի հիման վրա էլ հարկադիր կատարողը 09.12.2011 թվականի որոշմամբ վերսկսել է 17.02.2010 թվականին ավարտված կատարողական վարույթը և իրականացրել է հարկադիր էլեկտրոնային աճուրդ այն դեպքում, երբ հարկադիր կատարողը պարտավոր էր կատարողական թերթը վերադարձնել պահանջատիրոջը, ինչը նշանակում է, որ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին 30.04.2013 թվականի որոշումն ընդունվել է օրենքի պահանջների խախտմամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.06.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Թիվ ԵՔԴ/1107/02/08 վճիռն օրինական ուժի մեջ է մտել 21.05.2009 թվականին, նշված վճռի հիման վրա կատարողական թերթը պահանջատիրոջը տրվել է 10.11.2009 թվականին, իսկ կատարողական թերթը պահանջատիրոջ կողմից առաջին անգամ կատարման է ներկայացվել 18.11.2009 թվականին, այսինքն` վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո:

Նման պայմաններում դատարաններն իրավաչափորեն են հանգել այն եզրակացության, որ առկա չեն «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու հիմքեր:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ըստ հայցի Գևորգ Վարդանյանի ընդդեմ Ջուլիետա Գյունաշյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ Ջուլիետա Գյունաշյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Գևորգ Վարդանյանի` իր կողմից գնված` Երևան քաղաքի Տիգրան Մեծի նրբանցքի 13-րդ շենքի թիվ 5 բնակարանի գինը համաչափորեն պակասեցնելու պահանջի մասին թիվ ԵՔԴ/1107/02/08 քաղաքացիական գործով Երևանի քաղաքացիական դատարանը 07.11.2008 թվականի որոշմամբ բավարարել է հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին Գևորգ Վարդանյանի միջնորդությունը և որոշել է 10.800.000 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանող Ջուլիետա Գյունաշյանի գույքի և դրամական միջոցների վրա (կատարողական վարույթի հատոր 1-ին, գ.թ. 2).

2) Երևանի քաղաքացիական դատարանի վերը նշված որոշման հիման վրա պահանջատեր Գևորգ Վարդանյանին 07.11.2008 թվականին տրվել է կատարողական թերթ (հատոր 1-ին, գ.թ. 27, կատարողական վարույթի հատոր 1-ին, գ.թ. 3).

3) Ծառայության 18.11.2008 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու մասին» որոշման համաձայն` վերը նշված կատարողական թերթի հիման վրա Ծառայության Էրեբունի և Նուբարաշեն բաժնի ավագ հարկադիր կատարող Ա. Պողոսյանի կողմից հարուցվել է թիվ 01/01-1898/08 կատարողական վարույթը` Ջուլիետա Գյունաշյանի գույքի վրա արգելանք դնելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 28, կատարողական վարույթի հատոր 1-ին, գ.թ. 4).

4) Ծառայության 10.02.2009 թվականի «Կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշման համաձայն` Ծառայության Էրեբունի և Նուբարաշեն բաժնի ավագ հարկադիր կատարող Ա. Պողոսյանը, ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով, 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, նույն հոդվածի 2-րդ մասով, որոշել է ավարտել 18.11.2008 թվականին հարուցված թիվ 01/01-1898/08 կատարողական վարույթը (հատոր 1-ին, գ.թ. 29, կատարողական վարույթի հատոր 1-ին, գ.թ. 71).

5) ըստ հայցի Գևորգ Վարդանյանի ընդդեմ Ջուլիետա Գյունաշյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ Ջուլիետա Գյունաշյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Գևորգ Վարդանյանի` իր կողմից գնված Երևան քաղաքի Տիգրան Մեծի նրբանցքի 13-րդ շենքի թիվ 5 բնակարանի գինը համաչափորեն պակասեցնելու պահանջի մասին թիվ ԵՔԴ/1107/02/08 քաղաքացիական գործով Երևանի քաղաքացիական դատարանի 20.02.2009 թվականի վճռով Գևորգ Վարդանյանի հայցը բավարարվել է` Ջուլիետա Գյունաշյանից հօգուտ Գևորգ Վարդանյանի բռնագանձվել է 10.800.000 ՀՀ դրամ, իսկ Ջուլիետա Գյունաշյանի հակընդդեմ հայցը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 72-75).

6) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից պահանջատեր Գևորգ Վարդանյանին 10.11.2009 թվականին տրվել է թիվ ԵԿԴ/1107/02/08 կատարողական թերթը, որում առկա գրառման համաձայն` թիվ ԵՔԴ/1107/02/08 քաղաքացիական գործով Երևանի քաղաքացիական դատարանի 20.02.2009 թվականի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 21.05.2009 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 31, կատարողական վարույթի հատոր 1-ին, գ.թ. 75).

7) նշված կատարողական թերթը պահանջատիրոջ կողմից Ծառայությանն է ներկայացվել 18.11.2009 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 30-րդ, կատարողական վարույթի հատոր 1-ին, գ.թ. 74).

8) Ծառայության 18.11.2009 թվականի «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» որոշման համաձայն` Ծառայության Էրեբունի և Նուբարաշեն բաժնի ավագ հարկադիր կատարող Ա. Պողոսյանը, հիմք ընդունելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության 10.11.2009 թվականի թիվ ԵԿԴ/1107/02/08 կատարողական թերթը և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ, 67-րդ հոդվածներով և 39-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, որոշել է վերսկսել 10.02.2009 թվականին ավարտված թիվ 01/01-1989/08 կատարողական վարույթը` որպես թիվ 01/01-2090/09 կատարողական վարույթ` Ջուլիետա Գյունաշյանից գումար բռնագանձելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 32, կատարողական վարույթի հատոր 1-ին, գ.թ. 76).

9) Ծառայության 17.02.2010 թվականի «Կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշման համաձայն` Ծառայության Էրեբունի և Նուբարաշեն բաժնի ավագ հարկադիր կատարող Ա. Պողոսյանը, նկատի ունենալով, որ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ԵԷԴ/0467/02/09 կատարողական թերթի հիման վրա հարուցված թիվ 01/01-691/09 կատարողական վարույթով արգելանք է դրվել Երևան քաղաքի Տիգրան Մեծի նրբանցքի 13-րդ շենքի թիվ 5 բնակարանի վրա, և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով, 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և նույն հոդվածի 2-րդ մասով, որոշել է ավարտել 18.11.2008 թվականին հարուցված թիվ 01/01-1898/08 կատարողական վարույթը (հատոր 1-ին, գ.թ. 35, կատարողական վարույթի հատոր 1-ին, գ.թ. 119).

10) Գևորգ Վարդանյանը 07.12.2011 թվականին Ծառայություն կատարման է ներկայացրել 10.11.2009 թվականին տրված թիվ ԵԿԴ/1107/02/08 կատարողական թերթը (կատարողական վարույթի հատոր 2-րդ, գ.թ. 8, 9).

11) Ծառայության 09.12.2011 թվականի «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» որոշման համաձայն` Ծառայության Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Տ.Մաճկալյանը, ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ, 39-րդ և 67-րդ հոդվածներով, որոշել է վերսկսել 17.02.2010 թվականին ավարտված թիվ 01/01-2090/09 կատարողական վարույթը` որպես թիվ 01/02-6465/11 կատարողական վարույթ (կատարողական վարույթի հատոր 2-րդ, գ.թ. 11).

12) Ծառայության 30.04.2013 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշման համաձայն` Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Ա.Մակյանը, ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ և 43-րդ հոդվածներով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.1-35.4-րդ հոդվածներով, որոշել է Ջուլիետա Գյունաշյանին պատկանող Երևան քաղաքի Տիգրան Մեծի նրբանցքի 13-րդ շենքի թիվ 5 հասցեի անշարժ գույքը ներկայացնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի` աճուրդի սկիզբ նշանակելով 17.05.2013 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 48-49, կատարողական վարույթի հատոր 2-րդ, գ.թ. 119-120):

 

i

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելու ժամկետների, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով ավարտված կատարողական վարույթը վերսկսելու իրավական հնարավորության վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ և 41-րդ հոդվածների սխալ մեկնաբանման ու կիրառման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետային սահմանափակման իրավակարգավորումների առանձնահատկություններին, ինչպես նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով ավարտված կատարողական վարույթը վերսկսելու իրավական հնարավորության հարցին:

Մինչև 02.05.2011 թվականը գործող խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կատարողական թերթը կարող է կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացու գույքի բացակայության կամ անբավարարության հետևանքով պահանջատերերի չբավարարված պահանջներով կատարողական թերթերը պահպանում են իրենց ուժը մինչև դրանց կատարումը:

Մինչև 02.05.2011 թվականը գործող խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` եթե ստացված կատարողական թերթը չի համապատասխանում նույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված պահանջներին, կամ եթե լրացել է այն կատարման ներկայացնելու ժամկետը, և բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը, հարկադիր կատարողը կատարողական թերթը վերադարձնում է պահանջատիրոջը:

Մինչև 02.05.2011 թվականը գործող խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` կատարողական վարույթն ավարտելը և կատարողական թերթը պահանջատիրոջը (նրա ժառանգին) վերադարձնելն արգելք չէ կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելու համար:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերը նշված իրավական նորմերի կարգավորումներին, արձանագրել է, որ կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար սահմանված ժամկետը մեկ տարի է, որի հաշվարկը սկսվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից: Նշված ընդհանուր ժամկետից բացի որևէ այլ ժամկետի բացակայության պայմաններում կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելու համար նույնպես պետք է հիմք ընդունվի վերոհիշյալ մեկ տարվա ժամկետը, քանի որ կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելը, ըստ էության, կատարողական թերթը կատարման ներկայացնելն է` առանց որևէ էական առանձնահատկության: Հետևաբար տվյալ դեպքում նույնպես կատարողական թերթը պետք է կատարման ներկայացվի մեկ տարվա ընթացքում: Ուստի նշված մեկամյա ժամկետը լրանալուց հետո ներկայացված կատարողական թերթը հարկադիր կատարողը պարտավոր է վերադարձնել պահանջատիրոջը, իսկ այդ պահանջի անտեսմամբ ընդունված կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը համարվում է օրենքի խախտմամբ ընդունված (տե՛ս, ՀՀ Արմավիրի մարզի Արաքս գյուղի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունքի թիվ ՎԴ4/0104/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 24.03.2011 թվականի թիվ ՀՕ-71-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 02.05.2011 թվականին), ի թիվս այլնի, փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ, 31-րդ և 41-րդ հոդվածներում:

Մասնավորապես, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածում 1-ին մասը «Կատարողական թերթը» բառակապակցությունից հետո լրացվել է «առաջին անգամ» արտահայտությամբ:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով. «3. Սույն օրենքի 41 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով պահանջատիրոջը վերադարձված կատարողական թերթը չի կարող կրկին կատարման ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո:»:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածում ևս կատարվել են փոփոխություններ, ինչի արդյունքում նշված հոդվածի 3-րդ մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ` «Կատարողական վարույթն ավարտելու դեպքում կատարողական թերթը վերադարձվում է պահանջատիրոջը, բացառությամբ սույն հոդվածի առաջին մասի 2-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերի: Եթե կատարողական վարույթն ավարտվում է պահանջատեր քաղաքացու մահվան պատճառով, ապա կատարողական թերթը վերադարձվում է մահացածի ժառանգներին` նրանց գրավոր պահանջի դեպքում:

Կատարողական վարույթն ավարտելը և կատարողական թերթը պահանջատիրոջը (նրա ժառանգին) վերադարձնելն արգելք չէ կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելու համար:

Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված արգելքի վերացման դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում ավարտված կատարողական վարույթը վերսկսելու մասին»:

Վերը նշված օրենսդրական փոփոխություններից առաջ և դրանցից հետո գործող խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ և 41-րդ հոդվածների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Մինչև 02.05.2011 թվականը գործող կարգավորումներով կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար սահմանված է եղել ընդհանուր ժամկետ` մեկ տարի, որի հաշվարկը սկսվում էր դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից: Ընդ որում, կատարողական թերթն առաջին անգամ կատարման ներկայացնելու կամ կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելու համար որևէ տարբերակում նշված ժամանակահատվածում գործող իրավական կարգավորումներով նախատեսված չի եղել, որպիսի պայմաններում կատարողական թերթը կատարման ներկայացնելու մինչև մեկ տարվա ժամկետային սահմանափակումը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած դիրքորոշումների համաձայն, տարածվում էր ինչպես կատարողական թերթն առաջին անգամ կատարման ներկայացնելու, այնպես էլ կատարողական թերթն առաջին անգամ կատարման ներկայացնելուց հետո նոր կատարման ներկայացնելու բոլոր դեպքերի վրա:

Մինչդեռ ի տարբերություն մինչև 02.05.2011 թվականը գործող իրավակարգավորումների` 02.05.2011 թվականից հետո գործող իրավակարգավորումներով օրենսդիրը որդեգրել է այն մոտեցումը, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մեկ տարվա ժամկետային սահմանափակումը նախատեսված է միայն հետևյալ դեպքերի համար.

- երբ կատարողական թերթն առաջին անգամ է ներկայացվում կատարման,

- երբ կատարողական թերթը նոր կատարման է ներկայացվում կատարողական թերթը վերադարձնելու մասին պահանջատիրոջ կողմից դիմում ներկայացնելու հիմքով կատարողական վարույթն ավարտելուց և կատարողական թերթը վերադարձնելուց հետո:

Այլ կերպ ասած` ի տարբերություն մինչև 02.05.2011 թվականը գործող կարգավորումների, երբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված` կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետային սահմանափակումն ընդհանուր էր և տարածվում էր կատարողական թերթը կատարման ներկայացնելու բոլոր դեպքերի վրա, 02.05.2011 թվականից հետո գործող իրավակարգավորումներով նշված սահմանափակումը կրում է մասնավոր բնույթ և տարածվում է բացառապես օրենքով նախատեսված` վերը նշված դեպքերի վրա:

Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 02.05.2011 թվականից հետո գործող խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելու համար ընդհանուր ժամկետներ այլևս սահմանված չեն, իսկ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված մեկամյա ժամկետային սահմանափակումը 02.05.2011 թվականից հետո կիրառելի է բացառապես վերը նշված դեպքերի նկատմամբ:

Վերոգրյալի հիման վրա անդրադառնալով կատարողական թերթը կատարման ներկայացնելու հարաբերությունների նկատմամբ կիրառելի օրենսդրության խնդրին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.

- այն դեպքերում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից հաշվարկվող մեկ տարվա ժամկետը լրացել է մինչև ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 24.03.2011 թվականի թիվ ՀՕ-71-Ն օրենքի ուժի մեջ մտնելը, այն է` մինչև 02.05.2011 թվականը, ապա կատարողական թերթը կատարման ներկայացնելու բոլոր դեպքերի համար կիրառման ենթակա է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը` մինչև 02.05.2011 թվականը գործող խմբագրությամբ, և ըստ այդմ, ցանկացած դեպքում դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից հաշվարկված մեկամյա ժամկետը լրանալուց հետո ներկայացված կատարողական թերթը հարկադիր կատարողը պարտավոր է վերադարձնել պահանջատիրոջը, եթե առկա չէ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը:

- այն դեպքերում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից հաշվարկվող մեկ տարվա ժամկետը լրացել կամ լրանում է ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 24.03.2011 թվականի թիվ ՀՕ-71-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, ապա կիրառման ենթակա է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը` 02.05.2011 թվականից գործող խմբագրությամբ, և ըստ այդմ, կատարողական թերթը կատարման ներկայացնելու մեկ տարվա ժամկետային սահմանափակումը տարածվում է միայն այն դեպքերի վրա, երբ կատարողական թերթը կատարման է ներկայացվում առաջին անգամ, կամ նոր կատարման է ներկայացվում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով պահանջատիրոջը վերադարձված կատարողական թերթը: Պահանջատիրոջը վերադարձված կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելու մյուս դեպքերի վրա օրենքով սահմանված մեկամյա ժամկետային սահմանափակումը չի տարածվում:

Վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԵՔԴ/1107/02/08 քաղաքացիական գործով Երևանի քաղաքացիական դատարանը 07.11.2008 թվականին որոշում է կայացրել «Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին», որի հիման վրա նույն օրը պահանջատեր Գևորգ Վարդանյանին տրվել է կատարողական թերթ:

Վերը նշված կատարողական թերթի հիման վրա հայցի ապահովման միջոցի կիրառումն ապահովելու նպատակով Ծառայության կողմից 18.11.2008 թվականին հարուցվել է թիվ 01/01-1898/08 կատարողական վարույթը:

Հայցի ապահովմանն ուղղված կատարողական գործողություններն ավարտելով` Ծառայությունը 10.02.2009 թվականի որոշմամբ ավարտել է 18.11.2008 թվականին հարուցված թիվ 01/01-1898/08 կատարողական վարույթը` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով:

Թիվ ԵՔԴ/1107/02/08 քաղաքացիական գործով 20.02.2009 թվականին կայացված վճռի հիման վրա 10.11.2009 թվականին Գևորգ Վարդանյանին տրվել է կատարողական թերթ, համաձայն որի` նշված վճիռն օրինական ուժի մեջ է մտել 21.05.2009 թվականին:

Նշված կատարողական թերթը Գևորգ Վարդանյանի կողմից կատարման է ներկայացվել 18.11.2009 թվականին և նույն օրվա որոշմամբ Ծառայությունը վերսկսել է 10.02.2009 թվականին ավարտված թիվ 01/01-1989/08 կատարողական վարույթը որպես թիվ 01/01-2090/09 կատարողական վարույթ:

Ծառայությունը, 17.02.2010 թվականի որոշմամբ, ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, կրկին ավարտել է 18.11.2008 թվականին հարուցված թիվ 01/01-1898/08 կատարողական վարույթն այն դեպքում, երբ հայցի ապահովման միջոցների կիրառմանն ուղղված կատարողական վարույթն արդեն մեկ անգամ նույն հիմքով ավարտվել էր:

Գևորգ Վարդանյանը 07.12.2011 թվականին Ծառայությանն ուղղված դիմումով նոր կատարման է ներկայացրել թիվ ԵՔԴ/1107/02/08 քաղաքացիական գործով 10.11.2009 թվականին տրված կատարողական թերթը:

Ծառայության 09.12.2011 թվականի որոշմամբ վերստին վերսկսվել է 17.02.2010 թվականին ավարտված կատարողական վարույթը, որի շրջանակներում ընդունվել է սույն գործով վիճարկվող` «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» 30.04.2013 թվականի որոշումը:

Դատարանը, Ջուլիետա Գյունաշյանի հայցը մերժելով, պատճառաբանել է, որ «...Կատարողական թերթը ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն է մուտքագրվել 18.11.2009 թվականին, իսկ վճիռն ըստ կատարողական թերթում առկա գրառումների` օրինական ուժի մեջ է մտած եղել 2009 թվականի մայիսի 21-ին:

Կատարողական թերթի հիման վրա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Ծառայության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն բաժնում վերսկսվել է նույն գործի շրջանակներում նախկինում հայցի ապահովման հիմքով ավարտված կատարողական վարույթը (...):

(...) թիվ ԵԿԴ/1107/02/08 կատարողական թերթը կատարման է ներկայացվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված ժամկետում, հետևաբար ՀՀ վարչական դատարանը հիմնավոր չի համարում Հայցվորի այն դատողությունները, որ կատարողական թերթը կատարման է ներկայացվել ժամկետի խախտմամբ»:

Վերաքննիչ դատարանը, Ջուլիետա Գյունաշյանի վերաքննիչ բողոքը մերժելով, պատճառաբանել է, որ «...07.12.2011 թվականին պահանջատեր Գևորգ Վարդանյանը Ծառայություն է ներկայացրել 10.11.2009 թվականին իրեն տրված կատարողական թերթի բնօրինակը, որի հիման վրա հարկադիր կատարողի 09.12.2011 թվականի որոշմամբ վերսկսվել է 17.02.2010 թվականին ավարտված կատարողական վարույթը, որը և կատարողական վարույթի հետագա ընթացքի հիմք է հանդիսանում: Ընդ որում, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի ու, մասնավորապես, դրա 2-րդ մասի ուժով, այդ կատարողական թերթն իր ուժը պահպանում է մինչև դրա կատարումը, իսկ նույն օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կատարողական վարույթն ավարտելը և կատարողական թերթը պահանջատիրոջը վերադարձնելն արգելք չէ կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելու համար»:

Մինչդեռ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով կատարողական վարույթն ավարտելու և վերսկսելու իրավակարգավորումներին, նշել է, որ օրենսդիրը կատարողական վարույթն ավարտելու հետ կապված իրավահարաբերությունները կարգավորել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով, իսկ կատարողական վարույթը կասեցնելու հետ կապված իրավահարաբերությունները` նույն օրենքի 37-րդ, 38-րդ, 39-րդ հոդվածներով` սահմանելով կատարողական վարույթն ավարտելու և կասեցնելու հիմքերը և դրանց իրավական հետևանքները: Վկայակոչված հոդվածներում ամրագրված իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ կատարողական վարույթն ավարտելը և կատարողական վարույթը կասեցնելը` որպես ընթացակարգային ինստիտուտներ, առաջացնում են տարբեր իրավական հետևանքներ. կատարողական վարույթը կասեցնելուց հետո կասեցման հիմք հանդիսացած հանգամանքների վերանալու դեպքում կատարողական վարույթը կարող է կրկին վերսկսվել, իսկ կատարողական վարույթն ավարտելու դեպքում, որպես ընդհանուր կանոն, այն չի կարող կրկին վերսկսվել: Նշված ընդհանուր կանոնից բացառությունը նախատեսված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին պարբերությամբ, որի բովանդակությունը հանգում է հետևյալին. ավարտված կատարողական վարույթը կարող է կրկին վերսկսվել, եթե այն ավարտվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է` անհնարին է պարզել պարտապանի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն:

i

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ընդհանուր կանոնի համաձայն` կատարողական վարույթն ավարտելու և կատարողական թերթը պահանջատիրոջը (նրա ժառանգին) վերադարձնելու դեպքում կատարողական թերթը կարող է ներկայացվել նոր կատարման. այդ դեպքում ավարտված կատարողական վարույթը չի կարող կրկին վերսկսվել, քանի որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը կատարողական վարույթը ավարտելուց և կատարողական թերթը պահանջատիրոջը (նրա ժառանգին) վերադարձնելուց հետո այն կրկին (նոր) կատարման ներկայացնելու դեպքում կատարողական վարույթը վերսկսելու վերաբերյալ որևէ իրավակարգավորում չի պարունակում: Կատարողական վարույթն ավարտելուց և կատարողական թերթը պահանջատիրոջը (նրա ժառանգին) վերադարձնելուց հետո այն նոր կատարման ներկայացվելու արդյունքում կարող է հարուցվել նոր կատարողական վարույթ` օրենքով նախատեսված որոշակի պայմանների պահպանված լինելու դեպքում (տե՛ս, Անահիտ Սարգսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/0794/05/14 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 07.12.2011 թվականին Գևորգ Վարդանյանի կողմից կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելու պայմաններում 17.10.2010 թվականին ավարտված կատարողական վարույթը ենթակա չէր վերսկսման, քանի որ այն չէր ավարտվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ 17.10.2010 թվականին ավարտված կատարողական վարույթը վերսկսման ենթակա չլինելու պայմաններում դատարանի վճռի հիման վրա նոր կատարման ներկայացված կատարողական թերթի հիման վրա կատարողական վարույթ հարուցելու հարցը ենթակա էր քննարկման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում ամրագրված իրավակարգավորումների, այդ թվում` կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների հաշվառմամբ:

Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԵՔԴ/1107/02/08 քաղաքացիական գործով Երևանի քաղաքացիական դատարանի 20.02.2009 թվականի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 21.05.2009 թվականին, ինչը նշանակում է, որ նշված վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից հաշվարկվող մեկ տարվա ժամկետը լրացել է 24.05.2010 թվականին, այսինքն` մինչև ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 24.03.2011 թվականի թիվ ՀՕ-71-Ն օրենքի ուժի մեջ մտնելը, այն է` մինչև 02.05.2011 թվականը, հետևաբար տվյալ դեպքում կիրառման ենթակա է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը` մինչև 02.05.2011 թվականը գործող խմբագրությամբ, որպիսի պայմաններում Գևորգ Վարդանյանի կողմից 07.12.2011 թվականին նոր կատարման ներկայացրած կատարողական թերթը Ծառայության կողմից ենթակա էր վերադարձման վերջինիս, քանի որ այն նոր կատարման էր ներկայացվել դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկամյա ժամկետը լրանալուց հետո և բացակայել է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թիվ ԵՔԴ/1107/02/08 քաղաքացիական գործով Երևանի քաղաքացիական դատարանի 20.02.2009 թվականի վճիռը 21.05.2009 թվականին օրինական ուժի մեջ մտնելու պայմաններում Գևորգ Վարդանյանի կողմից 07.12.2011 թվականին կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելու հիմքով Ծառայությունն իրավասու չէր ո՛չ վերսկսելու 17.10.2010 թվականին ավարտված կատարողական վարույթը, ո՛չ հարուցելու նոր կատարողական վարույթ: Հետևաբար կատարողական վարույթը վերսկսելու, ինչպես նաև նոր կատարողական վարույթ հարուցելու` Ծառայության իրավասության բացակայության պայմաններում, և որպես դրա հետևանք` կատարողական վարույթի բացակայության պայմաններում Ծառայությունը չէր կարող նաև ընդունել սույն գործով վիճարկվող` «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» 30.04.2013 թվականի որոշումը, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոք բերած անձի փաստարկներն առ այն, որ Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել մինչև 02.05.2011 թվականը գործող խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ և 41-րդ հոդվածները, և գտնում է, որ նյութական իրավունքի նորմերի սխալ կիրառումը հանգեցրել է գործի սխալ լուծման:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա հարուցված կատարողական վարույթը վճռի հիման վրա տրված կատարողական թերթի հիման վրա վերսկսելու իրավական հնարավորությանը:

i

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

i

«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն ապահովում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դատական ակտերի հարկադիր կատարումը:

i

Հայաստանի Հանրապետության դատարանների դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը սահմանված են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով, որի 4-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է (...):

i

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` կատարողական թերթը, ի թիվս այլնի, տրվում է նաև դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների և դատարանի արձակած վճարման կարգադրությունների հիման վրա:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ հայցի ապահովման վերաբերյալ տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթն ուղղված է հայցի ապահովման միջոցներ կիրառելուն, որոնց ի կատար ածումը սպառում է կատարողական թերթով սահմանված պահանջը, հետևաբար կատարողական վարույթի խնդիրը իրականացված է, որպիսի պարագայում այն չի կարող նորոգվել վճռի կատարման համար: Հետևաբար հայցի ապահովման միջոց կիրառելուն ուղղված կատարողական վարույթի շրջանակներում չեն կարող իրականացվել գործն ըստ էության լուծող դատական ակտի կատարմանն ուղղված գործողություններ:

Ինչ վերաբերում է գործն ըստ էության լուծող դատական ակտի կատարմանը, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը կատարողական թերթ տալու առանձին հիմք է, և հաշվի առնելով, որ կատարողական վարույթի հարուցման հիմքը կատարողական թերթն է, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա տրված կատարողական թերթի հիման վրա պետք է հարուցվի նոր կատարողական վարույթ:

Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` թիվ ԵՔԴ/1107/02/08 քաղաքացիական գործով 20.02.2009 թվականին կայացված վճռի հիման վրա տրված կատարողական թերթի հիմքով Ծառայության կողմից ոչ թե հարուցվել է նոր կատարողական վարույթ, այլ վերսկսվել է դեռևս 10.02.2009 թվականին ավարտված թիվ 01/01-1989/08 կատարողական վարույթը, որն ուղղված է եղել հայցի ապահովման միջոց կիրառելուն, ինչը ստորադաս դատարանների կողմից ևս անտեսվել է:

Վերը նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունները հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին: Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` եթե պատասխանող է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա դատական ծախսերը դրվում են Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան համայնքի վրա, եթե պատասխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ֆիզիկական անձինք` հարկադիր կատարողների գործողությունները գանգատարկելու վերաբերյալ դիմումներով:

Հաշվի առնելով, որ հայցվորն ազատված է պետական տուրքի վճարումից, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հայցադիմումի, վերաքննիչ բողոքի և վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի վճարման պարտականությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի ուժով պետք է կրի Ծառայությունը, հետևաբար վերջինից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 4.000 ՀՀ դրամ` որպես հայց ներկայացնելու, 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված պետական տուրքի գումար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 05.06.2015 թվականի որոշումը և այն փոփոխել. հայցը բավարարել` անվավեր ճանաչել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող արդարադատության կապիտան Ա. Մակյանի 30.04.2013 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը:

2. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմում ներկայացնելու համար վճարման ենթակա պետական տուրքի գումար, 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարման ենթակա պետական տուրքի գումար, 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարման ենթակա պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ռ. Հակոբյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2016
N ՎԴ/3342/05/13
Որոշում