Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 226-ՐԴ, 233...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 226-ՐԴ, 233-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
ԵԿԴ/0169/02/15
2016թ.
Քաղաքացիական գործ թիվ   ԵԿԴ/0169/02/15

Նախագահող դատավոր`   Ա. Սմբատյան

                   Դատավորներ`    Ա. Հունանյան

                                                    Լ. Գրիգորյան

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ  Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ն. Տավարացյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
   Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
 Ե. Սողոմոնյանի

 

2016 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Սեյվր» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2015 թվականի որոշման դեմ` ըստ Ընկերության հայցի ընդդեմ Նշան Ալեքսանյանի` գույքն արգելանքից հանելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է իր գրավատանը գրավադրված «Maserati Quattroporte 4.2 V8» մակնիշի «51RM111» պետհամարանիշի ավտոմեքենայի վրա դրված կալանքը վերացնել և նշված գույքը հանել արգելանքից:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ.Ափինյան) (այսուհետ` Դատարան) 05.06.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.12.2015 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 05.06.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 3-րդ կետը, 233-րդ հոդվածը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 43-րդ, 44-րդ և 45-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերության նկատմամբ Նշան Ալեքսանյանի ունեցած պարտավորությունն ապահովված է գրավով, որի առարկան «Maserati Quattroporte 4.2 V8» մակնիշի «51RM111» պետհամարանիշի ավտոմեքենան է: Նշան Ալեքսանյանը չի կատարել Ընկերության նկատմամբ իր ստանձնած և գրավով ապահովված պարտավորությունը, իսկ նշված ավտոմեքենայի վրա դրված արգելանքի պատճառով Ընկերությունը` որպես գրավառու, զրկվել է այդ գույքի արժեքից բավարարում ստանալու իր իրավունքից: Հետևաբար տվյալ դեպքում վերը նշված գույքը պետք է հանվի արգելանքից, ինչը գրավ դրված գույքի արժեքից Նշան Ալեքսանյանի հանդեպ իր պահանջի բավարարում ստանալու հնարավորություն կտա Ընկերությանը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Maserati Quattroporte 4.2 V8» մակնիշի «51RM111» պետհամարանիշի ավտոմեքենայի վրա դրված արգելանքը ենթակա է վերացման` անկախ թիվ ԱՎԴ2/0050/01/12 քրեական գործով 31.05.2013 թվականին կայացված դատավճռով բավարարված քաղաքացիական հայցի լրիվ կատարման և նույն դատավճռով առանց քննության թողնված քաղաքացիական հայցերով վեճերի վերաբերյալ վերջնական դատական ակտերի կայացման հանգամանքից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.12.2015 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

i

1. Ընկերության («Վարկատու») և Նշան Ալեքսանյանի («Վարկառու») միջև 18.06.2012 թվականին կնքված թիվ Պ-916 վարկային պայմանագրի համաձայն` Ընկերությունը Նշան Ալեքսանյանին տրամադրել է սպառողական վարկ` 14.000.000 ՀՀ դրամի չափով, որի մարման վերջնաժամկետը 18.07.2012 թվականն է, իսկ Վարկառուի նշված պարտավորության կատարման ապահովման համար գրավ է դրվել թիվ Գ-916 գրավատոմսում նշված շարժական գույքը: Նույն պայմանագրի 5-րդ կետի համաձայն` Վարկառուի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Վարկատուն իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և 2 ամիս անց իրացնելու այն «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով (հատոր 1-ին, գ.թ. 11):

2. 18.06.2012 թվականին տրամադրված թիվ Գ-916 գրավատոմսի համաձայն` Նշան Ալեքսանյանի կողմից որպես թիվ Պ-916 վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման միջոց գրավադրվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող «Maserati Quattroporte 4.2 V8» մակնիշի «51RM111» պետհամարանիշի ավտոմեքենան, որը գնահատվել է 32.000.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 11):

3. ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի պետի կողմից 18.02.2015 թվականին տրված թիվ 17/31767 գրության համաձայն` «Maserati Quattroporte 4.2 V8» մակնիշի «51RM111» պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ 25.06.2012 թվականին գրանցվել է Ընկերության գրավի իրավունքը, ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչի 23.07.2012 թվականի թիվ 7/1-3885 գրությամբ 25.07.2012 թվականին սահմանվել է կալանք, իսկ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 30.07.2011 թվականի թիվ 17/78094 գրությամբ 31.07.2012 թվականին կիրառվել է արգելանք (հատոր 1-ին, գ.թ. 64-67):

4. Թիվ ԱՎԴ2/0050/01/12 քրեական գործով ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2013 թվականի դատավճռի համաձայն` Նշան Ալեքսանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և դատապարտվել է ազատազրկման 10 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Դատավճռով Նշան Ալեքսանյանի դեմ ներկայացված քաղաքացիական հայցերից մեկը բավարարվել է, իսկ մյուս երկուսը թողնվել են առանց քննության: Միևնույն ժամանակ դատավճռով սահմանվել է, որ Նշան Ալեքսանյանի անվամբ գրանցված և իրեղեն ապացույց ճանաչված գույքի` «Maserati Quattroporte 4.2 V8» մակնիշի «51RM111» պետհամարանիշի ավտոմեքենայի վրա դրված կալանքը պետք է թողնել անփոփոխ` մինչև դատավճռով որոշված քաղաքացիական հայցի լրիվ բռնագանձումը կատարելը և առանց քննության թողնված հայցերով քաղաքացիական դատավարության կարգով վեճերի վերաբերյալ վերջնական դատական ակտերի կայացումը: Նշված դատավճիռը 24.01.2014 թվականին մտել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 19-56):

5. Ընկերության տնօրենի կողմից տրված տեղեկանքի համաձայն` «Maserati Quattroporte 4.2 V8» մակնիշի «51RM111» պետհամարանիշի ավտոմեքենան 14.01.2015 թվականի դրությամբ գտնվել է գրավատանը (հատոր 1-ին, գ.թ. 13):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` գրավի առարկա հանդիսացող և արգելանքի տակ գտնվող գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցի հիման վրա հարուցված գործերի առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1) արդյո՞ք գրավառուն իրավունք ունի դիմելու դատարան գրավի առարկա հանդիսացող և արգելանքի տակ գտնվող գույքն արգելանքից հանելու վերաբերյալ պահանջով,

2) ինչպիսի՞ նյութաիրավական պայմանների առկայության դեպքում է արգելանքի տակ գտնվող գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը ենթակա բավարարման:

i

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը (...):

i

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը (...):

i

Համանման բովանդակությամբ իրավադրույթներ են նախատեսված նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասով, 60-րդ հոդվածի 1-ին մասով:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք (...):

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գույքի վրա կալանք դնելը կիրառվում է քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերն ապահովելու համար:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գույքի վրա կալանք դնելը կիրառվում է քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավի իրավունքը (...) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավ դրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում է իր ուժը (...):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականատերեր չհամարվող անձինք կարող են ունենալ հետևյալ գույքային իրավունքները`(...) (4) գրավի (...) իրավունք:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անցումն այլ անձի հիմք չէ այդ գույքի նկատմամբ սեփականատեր չհամարվող անձանց գույքային իրավունքների դադարման համար, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

i

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելիության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմել գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացնել ինչպես այդ գույքի սեփականատերը, այնպես էլ դրա օրինական տիրապետողը, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը ներկայացվում է ընդդեմ պարտապանի և (կամ) պահանջատիրոջ (...):

ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վկայակոչված նորմերից հետևում է, որ սեփականության իրավունքի պաշտպանությունն իրականացվում է ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ միջազգային-իրավական նորմերի ուժով: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածում և 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածում գործածվող «սեփականություն» եզրույթը մեկնաբանելիս պետք է ելակետ ընդունել և հաշվի առնել սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) իրավակիրառ պրակտիկան:

i

Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հիշատակել, որ ՄԻԵԴ-ի կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված «գույք» հասկացությունն ունի ինքնավար նշանակություն, որը չի սահմանափակվում նյութական իրերի նկատմամբ սեփականության իրավունքով և կապված չէ ներպետական օրենսդրության ձևական դասակարգման հետ: Ինչպես նյութական իրերը, գույքային հանդիսացող որոշակի այլ իրավունքներն ու շահերը նույնպես կարող են համարվել «գույքային իրավունքներ» և հետևաբար նաև «գույք» նույն դրույթի իմաստով: Յուրաքանչյուր գործով պարզաբանման ենթակա հարցն այն է, թե արդյոք, գործի բոլոր հանգամանքներից ելնելով, դիմումատուն ունեցել է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող նյութական շահ (տե՛ս, օրինակ, Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ 23.06.2009 թվականի վճիռը, 55-րդ կետ):

Միաժամանակ ՄԻԵԴ-ը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «սեփականություն» հասկացությունը բնորոշել է ընդլայնված կերպով` օգտագործելով «օրինական սպասելիք» հասկացությունը: Մասնավորապես, ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ պահանջի իրավունքն ստանում է «սեփականություն» որակումն այն պահից, երբ անձն ունենում է «օրինական սպասելիք» իր իրավունքներն իրականացնելու համար (տե՛ս, Pressos Compania Naviera S.A. and others v. Belgium գործով ՄԻԵԴ 20.11.1995 թվականի վճիռը): Ըստ ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշման` պահանջի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կարող է ընկալվել որպես գույքային իրավունք, եթե բավարար չափով հիմնավորված է, որ այն կարող է իրավաբանորեն իրացվել (տե՛ս, Burdov v. Russia գործով ՄԻԵԴ 07.05.2002 թվականի վճիռը, 40-րդ կետ):

Մեկ այլ գործի շրջանակներում ՄԻԵԴ-ն արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածում կիրառվող «գույք» եզրույթը սահմանափակված չէ միայն ֆիզիկական իրերի նկատմամբ սեփականության իրավունքով. այն իր մեջ ընդգրկում է նաև ակտիվներ հանդիսացող որոշ այլ իրավունքներ ու շահեր, որոնցից է, օրինակ, պարտավորության գույքային ապահովման իրավունքը (տե՛ս, Gasus Dosier - Und FՓrdertechnik Gmbh v. The Netherlands գործով ՄԻԵԴ 23.02.1995 թվականի վճիռը, 53-րդ կետ):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի և 226-րդ հոդվածի վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից հետևում է, որ գրավի իրավունքը կամ գրավը պարտավորությունների` իրային-իրավական ապահովման միջոց է, որը գրավառուին իրավունք է վերապահում հիմնական պարտավորության չկատարման դեպքում գրավատուի այլ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունքով բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից: Վերոգրյալ բնորոշումից բխում է, որ գրավով ապահովված պարտավորության պարտատերը գրավի առարկայի արժեքից իր պահանջի բավարարման նախապատվության իրավունք ունի մյուս պարտատերերի նկատմամբ, այսինքն` գրավով ապահովված պարտավորության պարտապանի մյուս պարտատերերի համեմատությամբ գրավով ապահովված պարտավորության պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման նախապատվության իրավունքով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գրավի իրավունքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իրային իրավունքների շարքում: Ի տարբերություն այլ իրային իրավունքների` գրավն առաջանում և իրավական արժևորում է ստանում այնքանով, որքանով այն անհրաժեշտ է օգտագործել հիմնական պարտավորության կատարումն ապահովելու համար: Այդ իսկ պատճառով գրավը, որպես այդպիսին, ունի երկակի բնույթ. այն բնութագրվում է որպես պարտավորաիրավական բնույթի իրային-իրավական ապահովման միջոց: Գրավի իրավունքին բնորոշ են իրային իրավունքներին ներհատուկ հետևյալ առանձնահատկությունները.

- «բացարձակ իրավունքը». գրավի իրավունքին համապատասխանում է բոլորի և յուրաքանչյուրի պարտականությունը` ձեռնպահ մնալու այդ իրավունքի իրականացումը խախտող կամ խոչընդոտող արարքներից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 241-րդ հոդված),

- «հետևելու իրավունքը». գրավի իրավունքի կրողը պահպանում է իր իրավունքն անգամ այն դեպքում, երբ գրավի առարկան անցնում է այլ անձի սեփականության ներքո (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետ):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գրավի իրավունքը պետք է դիտարկել որպես «գույք»` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրության համաձայն` (1) գրավի իրավունքը հանդիսանում է գրավառուի սահմանափակ իրային իրավունքը, (2) գրավառուն ունի հիմնական պարտավորության չկատարման դեպքում նախապատվության իրավունքով գրավադրված գույքի արժեքից իր պահանջների բավարարում ստանալու «օրինական սպասելիք»: Հետևաբար սեփականության իրավունքի պաշտպանության թե՛ սահմանադրաիրավական, թե՛ կոնվենցիոն ընթացակարգերը հավասարապես կիրառելի են նաև գրավի իրավունքի պաշտպանության նկատմամբ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով քրեական գործի շրջանակներում քաղաքացիական հայցի ապահովման նպատակով գույքի վրա կալանք դնելու` որպես կանխարգելիչ բնույթ կրող քրեադատավարական հարկադրանքի միջոցի կիրառման առանձնահատկություններին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ քաղաքացիական հայցն առանց քննության թողնելու դեպքում, որպես կանոն, դատարանը պետք է վերացնի գույքի վրա դրված կալանքը: ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ քաղաքացիական հայցը դատարանի կողմից առանց քննության թողնվելու դեպքում գույքի վրա դրված կալանքը կարող է պահպանվել քրեական գործով վարույթի ավարտից հետո` մեկ ամսվա ընթացքում, միայն այն դեպքում, երբ դրա վերաբերյալ առկա է քաղաքացիական հայցվորի կամ այլ շահագրգիռ անձանց կողմից դատարան ներկայացված միջնորդություն: Այլ կերպ` այդպիսի միջնորդության բացակայության դեպքում դատարանն իրավունք չունի սեփական նախաձեռնությամբ պահպանելու գույքի վրա դրված կալանքը (տե՛ս, Արթուր Վասիլի Անդրեասյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0200/01/13 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.06.2016 թվականի որոշումը, 20.2-րդ կետ):

i

Անդրադառնալով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով սահմանված իրավադրույթների վերլուծությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ նշված իրավական նորմով օրենսդիրն արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելիության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձանց համար սահմանել է իրավունք` գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմել գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան: Ընդ որում, նշված հոդվածով ամրագրված իրավակարգավորումները նպատակաուղղված են երաշխավորելու թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերի շրջանակներում արգելադրված գույքի սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի իրավունքների պաշտպանությունը տվյալ գործով վարույթի ավարտից հետո: Բացի այդ, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ շահագրգիռ անձը պետք է արգելանքի տակ գտնվող գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմի գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան, և նշված հայցապահանջը պետք է քննվի քաղաքացիական դատավարության կարգով (տե՛ս, Տիգրան Ենոքյանն ընդդեմ պարտապան Սամվել Ստեփանյանի և պահանջատեր Լիլիա Ստեփանյանի թիվ ԿԴ1/0289/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով օրենսդիրը սահմանել է արգելանքի տակ գտնվող գույքը դատական կարգով արգելանքից հանելու իրավական կառուցակարգը, որը հանգում է հետևյալին.

1) անձը կարող է արգելանքի տակ գտնվող գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմել դատարան,

2) արգելանքի տակ գտնվող գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայց կարող է ներկայացնել ինչպես այդ գույքի սեփականատերը կամ դրա օրինական տիրապետողը, այնպես էլ արգելանքի տակ գտնվող գույքն արգելանքից հանելու կապակցությամբ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով իրավական շահագրգռվածություն ունեցող ցանկացած անձ,

3) գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացվել ընդդեմ պարտապանի և (կամ) պահանջատիրոջ և ընդդատյա է գույքի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ արգելանքի տակ գտնվող գույքը դատական կարգով արգելանքից հանելու վերոգրյալ կառուցակարգը նպատակաուղղված է անձի գույքային իրավունքների և, հատկապես, սեփականության իրավունքի պաշտպանության ապահովմանը: Թեև գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը բավարարելու իրավական հիմքերն օրենսդրորեն սահմանված չեն, սակայն Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այդ հայցը ենթակա է բավարարման այն դեպքերում, երբ այս կամ այն գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցի հիման վրա հարուցված գործի քննությամբ հիմնավորվում է, որ գույքն արգելանքի վերցնելը խախտում է այդ գույքից անարգել օգտվելու` կոնվենցիոն իմաստով սեփականատիրոջ իրավունքը:

Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում մեջբերել Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված` գույքից անարգել օգտվելու իրավունքի նկատմամբ միջամտության թույլատրելի սահմանների վերաբերյալ ՄԻԵԴ-ի կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքը, որի համաձայն` գույքից անարգել օգտվելու միջամտությունը կարող է թույլատրելի համարվել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1) միջամտությունը նախատեսված է օրենքով,

2) միջամտությունը բխում է հանրային շահից,

3) միջամտությունը բավարարում է համաչափության պահանջներին:

Այսպես, ըստ ՄԻԵԴ-ի` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի առաջին և կարևորագույն պահանջն այն է, որ գույքից անարգել օգտվելու իրավունքի նկատմամբ հանրային իշխանության միջամտությունը պետք է հիմնված լինի օրենքի վրա. այս պահանջը բխում է ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկի` իրավունքի գերակայության էությունից (տե՛ս, The Former King of Greece and others v. Greece գործով ՄԻԵԴ 23.11.2000 թվականի վճիռը, 79-րդ կետ): Հետևաբար առաջին պայմանը ենթադրում է ոչ միայն ներպետական օրենսդրության շրջանակներում սեփականության իրավունքի տվյալ սահմանափակումը նախատեսող օրենքի առկայությունը, այլ նաև այդ օրենքի համապատասխանությունը իրավունքի գերակայության սկզբունքից բխող որոշակի որակական հատկանիշների (տե՛ս, James and Others v. The United Kingdom գործով ՄԻԵԴ-ի 21.02.1986 թվականի վճիռը, 67-րդ կետ):

Սեփականության իրավունքի իրականացման միջամտության իրավաչափության երկրորդ պայմանի համաձայն` այդ միջամտությունը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ` ելնելով ընդհանուր, հանրային շահից, որի գնահատման հարցում հանրային իշխանության մարմիններն օժտված են որոշակի հայեցողությամբ (տե՛ս, James and Others v. The United Kingdom գործով ՄԻԵԴ-ի 21.02.1986 թվականի վճիռը, 46-րդ կետ):

Սեփականության իրավունքի նկատմամբ միջամտության իրավաչափության երրորդ պայմանը նախատեսում է, որ միջամտությունը պետք է ապահովի արդարացի հավասարակշռություն հանրության ընդհանուր շահի և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև (տե՛ս, Sporrong and LՓnnroth v. Sweden գործով ՄԻԵԴ-ի 23.09.1982 թվականի վճիռը, 69-րդ կետ): Մասնավորապես, գույքից անարգել օգտվելու իրավունքի ցանկացած միջամտության դեպքում կիրառվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև պետք է գոյություն ունենա համաչափության որոշակի ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, Scollo v. Italy գործով ՄԻԵԴ-ի 28.09.1995 թվականի վճիռը, 32-րդ կետ): ՄԻԵԴ-ի գնահատմամբ նման բարենպաստ հավասարակշռության հնարավոր չէ հասնել այն դեպքերում, երբ սեփականության իրավունքի միջամտության պատճառով սեփականատերն ստիպված է կրել անհամաչափ, ավելորդ և չափազանց մեծ ծանրություն (տե՛ս, The Former King of Greece and others v. Greece գործով ՄԻԵԴ-ի 23.11.2000 թվականի վճիռը, 89-րդ կետ):

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գրավի իրավունքից` որպես Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով անձի` իր «գույքից» անարգել օգտվելու իրավունքի իրականացման նկատմամբ հանրային իշխանության միջամտությունը կարող է թույլատրելի համարվել վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում: Ըստ այդմ, արգելանքի տակ գտնվող և գրավի առարկա հանդիսացող գույքն արգելանքից հանելու վերաբերյալ գրավառուի հայցը ենթակա է բավարարման, եթե այդ գույքն արգելանքի վերցնելը կամ արգելանքի տակ պահելը չի համապատասխանում սեփականության իրավունքի իրականացման նկատմամբ միջամտության թույլատրելի սահմաններին և չափանիշներին:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Նշան Ալեքսանյանի կողմից Ընկերության մոտ գրավադրվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող` «Maserati Quattroporte 4.2 V8» մակնիշի «51RM111» պետհամարանիշի ավտոմեքենան` որպես Ընկերության հետ 18.06.2012 թվականին կնքված վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման միջոց, և այդ ավտոմեքենայի նկատմամբ 25.06.2012 թվականին գրանցվել է Ընկերության գրավի իրավունքը: Նշված տրանսպորտային միջոցի նկատմամբ քրեական գործի շրջանակներում 25.07.2012 թվականին սահմանվել է կալանք` քննիչի համապատասխան որոշման հիման վրա, և 31.07.2012 թվականին կիրառվել է արգելանք:

Թիվ ԱՎԴ2/0050/01/12 քրեական գործով ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 31.05.2013 թվականին կայացված և 24.01.2014 թվականին օրինական ուժի մեջ մտած դատավճռով Նշան Ալեքսանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և դատապարտվել է ազատազրկման 10 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Դատավճռով Նշան Ալեքսանյանի դեմ ներկայացված քաղաքացիական հայցերից մեկը բավարարվել է, իսկ մյուս երկուսը թողնվել են առանց քննության: Միևնույն ժամանակ դատավճռով սահմանվել է, որ Նշան Ալեքսանյանի անվամբ գրանցված և իրեղեն ապացույց ճանաչված գույքի`»Maserati Quattroporte 4.2 V8» մակնիշի «51RM111» պետհամարանիշի ավտոմեքենայի վրա դրված կալանքը պետք է թողնել անփոփոխ` մինչև դատավճռով բավարարված քաղաքացիական հայցի լրիվ բռնագանձումը կատարելը և առանց քննության թողնված հայցերով քաղաքացիական դատավարության կարգով վեճերի վերաբերյալ վերջնական դատական ակտերի կայացումը:

Սույն գործով Դատարանը մերժել է «Maserati Quattroporte 4.2 V8» մակնիշի «51RM111» պետհամարանիշի ավտոմեքենան արգելանքից հանելու վերաբերյալ Ընկերության հայցը: Դատարանն իր վճռի հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ սույն գործով չի ապացուցվել, որ թիվ ԱՎԴ2/0050/01/12 քրեական գործով ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2013 թվականի դատավճռով բավարարված քաղաքացիական հայցով պահանջը կատարվել է, կամ առանց քննության թողնված քաղաքացիական հայցերով վեճերի վերաբերյալ կայացվել են վերջնական դատական ակտեր:

Վերաքննիչ դատարանը մերժել է Ընկերության վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է օրինական ուժի մեջ` ըստ էության հիմնավոր համարելով Դատարանի վերոգրյալ պատճառաբանությունը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, ելնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից, արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի ուսումնասիրությունը վկայում է, որ Ընկերության նկատմամբ Նշան Ալեքսանյանի ստանձնած վարկային պարտավորությունն ապահովված է գրավով, որի առարկան «Maserati Quattroporte 4.2 V8» մակնիշի «51RM111» պետհամարանիշի ավտոմեքենան է: Նշված գույքի նկատմամբ Ընկերության գրավի իրավունքը պետք է դիտարկել որպես «գույք»` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով, և այդ գույքից անարգել օգտվելու Ընկերության իրավունքի իրականացման նկատմամբ հանրային իշխանության միջամտությունը կարող է իրավաչափ համարվել միայն սույն որոշմամբ նկարագրված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ընկերության մոտ գրավադրված «Maserati Quattroporte 4.2 V8» մակնիշի «51RM111» պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ Նշան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում քննիչի կողմից սահմանվել է կալանք` որպես կանխարգելիչ բնույթ կրող քրեադատավարական հարկադրանքի միջոց, և դրա հիման վրա այդ գույքի նկատմամբ կիրառվել է արգելանք: Նշված քրեական գործի շրջանակներում կայացված դատավճռով ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը պահպանել է «Maserati Quattroporte 4.2 V8» մակնիշի «51RM111» պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ արգելանքը` դրա վերացումը կապելով այդ դատավճռով բավարարված քաղաքացիական հայցի կատարման, ինչպես նաև առանց քննության թողնված քաղաքացիական հայցերի վերաբերյալ դատական ակտերի կայացման հետ:

Սույն քաղաքացիական գործի շրջանակներում Ընկերությունը պահանջում է վերացնել նշված ավտոմեքենայի նկատմամբ կիրառված արգելանքը, ինչը հնարավորություն կտա Ընկերությանն իրացնելու Նշան Ալեքսանյանի նկատմամբ ունեցած պահանջի` գրավի առարկայի արժեքից բավարարում ստանալու գրավառուի իր իրավունքը: Մինչդեռ ստորադաս դատարանները մերժել են Ընկերության հայցը` հաշվի առնելով ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2013 թվականի դատավճռի` որպես օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Ընկերության կողմից իր «գույքից» («Maserati Quattroporte 4.2 V8» մակնիշի «51RM111» պետհամարանիշի ավտոմեքենայի գրավի իրավունք) անարգել օգտվելու իրավունքի նկատմամբ հանրային իշխանության միջամտությունը դրսևորվել է քրեական վարույթի շրջանակներում այդ ավտոմեքենայի նկատմամբ արգելանք կիրառելու և քրեական վարույթը եզրափակող վերջնական դատական ակտով այն անորոշ ժամկետով պահպանելու եղանակով: Հետևաբար Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քննարկել Ընկերության` իր «գույքից» անարգել օգտվելու իրավունքի նկատմամբ վերոգրյալ միջամտության իրավաչափության հարցը` հիմք ընդունելով այս խնդրի շուրջ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքում ձևավորված սկզբունքային դրույթները:

Այսպես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության մոտ գրավադրված գույքի նկատմամբ քրեական վարույթի շրջանակներում կալանք կիրառելը և դրա հետևանքով այդ գույքի վրա արգելանք դնելը նախատեսված է օրենքով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-238-րդ հոդվածներ): Բացի այդ, «գույքից» անարգել օգտվելու իրավունքի նկատմամբ կիրառվող նման միջամտությունը բխում է հանրային շահից և հետապնդում է իրավաչափ նպատակ, քանի որ քրեադատավարական հարկադրանքի այս միջոցը կոչված է սեփականության կամ այլ գույքային իրավունքների սահմանափակման միջոցով ապահովելու քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերը: Այսինքն` Ընկերության կողմից իր «գույքից» («Maserati Quattroporte 4.2 V8» մակնիշի «51RM111» պետհամարանիշի ավտոմեքենայի գրավի իրավունք) անարգել օգտվելու իրավունքի նկատմամբ քննարկվող միջամտությունը բավարարում է սեփականության իրավունքի իրականացման նկատմամբ միջամտության թույլատրելիության առաջին երկու պայմաններին:

Վճռաբեկ դատարանը, սակայն, գտնում է, որ Ընկերության մոտ գրավադրված գույքի նկատմամբ քրեական վարույթի շրջանակներում կիրառված կալանքի հետևանքով այդ գույքի վրա դրված արգելանքը պահպանելը չի ապահովում արդարացի հավասարակշռություն հանրության ընդհանուր շահի և հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև, քանի որ սեփականության իրավունքի նման միջամտության պատճառով Ընկերությունը կրում է անհամաչափ, ավելորդ և չափազանց մեծ ծանրություն: Այսպես, «Maserati Quattroporte 4.2 V8» մակնիշի «51RM111» պետհամարանիշի ավտոմեքենայի վրա դրված արգելանքի պատճառով Ընկերությունը զրկված է այդ գույքի արժեքից Նշան Ալեքսանյանի նկատմամբ ունեցած պահանջի բավարարում ստանալու գրավառուի իր իրավունքն իրացնելու հնարավորությունից: Մինչդեռ գրավի իրավունքի առանձնահատկությունն այն է, որ գրավով ապահովված պարտավորության պարտատերը գրավի առարկայի արժեքից իր պահանջի բավարարման նախապատվության իրավունք ունի մյուս պարտատերերի հանդեպ, այսինքն` գրավով ապահովված պարտավորության պարտապանի մյուս պարտատերերի համեմատությամբ գրավով ապահովված պարտավորության պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման նախապատվության իրավունքով: Հետևաբար անկախ թիվ ԱՎԴ2/0050/01/12 քրեական գործով ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2013 թվականի դատավճռով բավարարված քաղաքացիական հայցի կատարման, ինչպես նաև առանց քննության թողնված քաղաքացիական հայցերի վերաբերյալ դատական ակտերի կայացման հանգամանքից` 18.06.2012 թվականի թիվ Պ-916 վարկային պայմանագրից բխող Ընկերության պահանջի իրավունքը բոլոր դեպքերում ենթակա է բավարարման գրավադրված գույքի արժեքից` Նշան Ալեքսանյանի մյուս պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունքով: Այսինքն` թիվ ԱՎԴ2/0050/01/12 քրեական գործով ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2013 թվականի դատավճռով բավարարված քաղաքացիական հայցի կատարման, ինչպես նաև առանց քննության թողնված քաղաքացիական հայցերի վերաբերյալ դատական ակտերի կայացման փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը չի կարող էական նշանակություն ունենալ սույն գործի քննության և լուծման համար, և այդ փաստերի ապացուցված լինելը կամ չլինելը որևէ կերպ չի կարող ազդել սույն գործի ելքի վրա: Այլ կերպ ասած` Դատարանը չէր կարող մերժել Ընկերության հայցը վերոգրյալ հանգամանքների ապացուցված չլինելու հիմքով, քանի որ Նշան Ալեքսանյանի մյուս պարտատերերի` թիվ ԱՎԴ2/0050/01/12 քրեական գործով քաղաքացիական հայցվորների համեմատությամբ գրավով ապահովված պարտավորության պարտատիրոջ` Ընկերության պահանջը բոլոր դեպքերում ենթակա է բավարարման նախապատվության իրավունքով` գրավի առարկայի արժեքի հաշվին:

Վերոգրյալը վկայում է այն մասին, որ տվյալ դեպքում «Maserati Quattroporte 4.2 V8» մակնիշի «51RM111» պետհամարանիշի ավտոմեքենայի վրա դրված արգելանքը պահպանելը հանդիսանում է ոչ իրավաչափ միջամտություն Ընկերության` որպես գրավառուի, իր գույքից անարգել օգտվելու իրավունքի իրականացման նկատմամբ:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար` սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի փաստերը գնահատելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման, հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը, այդ թվում նաև` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 02.05.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի, այդ թվում նաև` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 02.05.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ն. Տավարացյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2016
N ԵԿԴ/0169/02/15
Որոշում