i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
ԿԴ1/2015/02/14 2016թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/2015/02/14 |
|
Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան
Դատավորներ` Ս. Միքայելյան
Մ. Հարթենյան |
|
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Գ. Հակոբյանի |
|
Ս. Անտոնյանի |
|
Վ. Ավանեսյանի |
|
Ա. Բարսեղյանի |
|
Մ. Դրմեյանի |
|
Ռ. Հակոբյանի |
|
Տ. Պետրոսյանի |
|
Ե. Սողոմոնյանի |
|
Ն. Տավարացյանի |
2016 թվականի դեկտեմբերի 02-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «ՍՄԱՐՏՍՈՎԹ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Աննա Սարդարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.12.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ՌԵՍՈ» ապահովագրական ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ընդդեմ Ընկերության և Սարգիս Գրիգորյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից և Սարգիս Գրիգորյանից համապարտության կարգով հօգուտ իրեն բռնագանձել 8.530.000 ՀՀ դրամ` որպես ապահովագրության պայմանագրով տուժողներին վճարված ապահովագրական հատուցման գումար, ինչպես նաև 170.600 ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս.Թորոսյան) (այսուհետ` Դատարան) 18.09.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Ընկերությունից հօգուտ Կազմակերպության բռնագանձել 8.530.000 ՀՀ դրամ` որպես ապահովագրության պայմանագրով տուժողներին վճարված ապահովագրական հատուցման գումար, ինչպես նաև 170.600 ՀՀ դրամ` որպես վճարված պետական տուրքի գումար: Քաղաքացիական գործի վարույթը` Սարգիս Գրիգորյանի դեմ պահանջի մասով կարճվել է` հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.12.2015 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.09.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
i
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ, 1025-րդ, 1058-րդ, 1072-րդ հոդվածները, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 10-րդ, 27-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության պայմաններում Կազմակերպությունը կարող է իր կողմից հատուցված գումարը հետ պահանջել Ընկերությունից բացառապես «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում, այլ ոչ թե ցանկացած դեպքում, երբ առաջանում է ապահովադրի քաղաքացիական պարտավորությունը, քանի որ հենց դա է ապահովագրության իմաստը:
Վերաքննիչ դատարանը, կիրառելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածը, չի նշել, թե տվյալ նորմի որ կետի հիման վրա է հետադարձ պահանջի իրավունք առաջացել Ընկերության նկատմամբ: Մինչդեռ Կազմակերպությունն իր կողմից հատուցած գումարը սեփականատիրոջից` Ընկերությունից, պահանջելու որևէ իրավական հիմք չունի:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.12.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Ընկերության և Կազմակերպության միջև 28.06.2013 թվականին կնքված թիվ SE 276554 Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) վկայագրի (այսուհետ` Վկայագիր) համաձայն` Ընկերությունն ապահովագրել է «Ֆորդ Տրանզիտ 150Լ» մակնիշի թիվ 381ԼՍ61/1113Լ հաշվառման համարանիշի ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը: Վկայագրի 6-րդ կետով որպես լիազորված տիրապետող նշվել է Սարգիս Գրիգորյանը (գ.թ. 8).
i
2) Թիվ ԿԴ1/0122/01/13 քրեական գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 03.02.2014 թվականի դատավճռով (օրինական ուժի մեջ է մտել 29.04.2014 թվականին) Սարգիս Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել ազատազրկման` 6 տարի 8 ամիս ժամկետով: Նշված դատավճռի համաձայն` Սարգիս Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա, 19.08.2013 թվականին վարելով «Ֆորդ Տրանզիտ 150Լ» մակնիշի թիվ 381ԼՍ61/1113Լ հաշվառման համարանիշի միկրոավտոբուսը, Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում իրականացնելով ավտոմոբիլի ընթացքի ոչ պատշաճ կառավարում, թույլ է տվել ՃԵԿ-ի 55-րդ, 65-րդ և 66-րդ կետերի, ինչպես նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություն, տեխնիկական տեսակետից ստեղծել վթարային իրադրություն և արդյունքում բախվել է կանաչապատ գոտու եզրաքարին, որի հետևանքով միկրոավտոբուսը շրջվել է, և ուղևորներ Լարիսա Հախվերդյանը, Վանուշ Ղազարյանը, Արմինե Մնացականյանը և Լուսաբերտ Բաղդասարյանը մահացել են, ուղևոր Հրանտ Սուքիասյանը ստացել է առողջության միջին ծանրության մարմնական վնասվածքներ, իսկ Հայկանուշ Գորոյանը, Լիաննա Ախոյանը և Վաչագան Ազիզյանը ստացել են առողջությանն ու կյանքին առավել վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ: Դատավճռով արձանագրվել է, որ Սարգիս Գրիգորյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը, քանի որ փորձագետի 26.08.2013 թվականի թիվ 0628 եզրակացության համաձայն` Սարգիս Գրիգորյանի արյան փորձանմուշի մեջ ալկոհոլի պարունակությունը կազմել է 0,085 գր/լ (գ.թ. 9-13).
3) Կազմակերպության` 02.07.2014 թվականի ապահովագրական հատուցման վերաբերյալ (անձնական վնասներ) թվով 12 որոշումների, ինչպես նաև թվով 24 վճարման հանձնարարականների համաձայն` 19.08.2013 թվականին տեղի ունեցած վերոնշյալ պատահարը Կազմակերպությունը ճանաչել է ապահովագրական և պատահարի արդյունքում տուժողներին և նրանց իրավահաջորդներին վճարել է ապահովագրական հատուցում` ընդհանուր 8.530.000 ՀՀ դրամի չափով (գ.թ. 14-37, 68-91):
i
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
i
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ, 1072-րդ, ինչպես նաև «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածների վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,
2) ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ, 1072-րդ, ինչպես նաև «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) նկատմամբ ապահովագրական ընկերությունն ունի հետադարձ պահանջի իրավունք, եթե առկա չեն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված հիմքերը:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Վնասի հատուցման պարտականությունն օրենքով կարող է դրվել վնաս չպատճառած անձի վրա:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնց գործունեությունը կապված է շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ (տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, բարձր լարվածության էներգիայի, ատոմային էներգիայի, պայթուցիկ նյութերի, ուժեղ ներգործող թույների և այլնի օգտագործում, շինարարական և դրա հետ կապված այլ գործունեության իրականացում), պարտավոր են հատուցել առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասը, եթե չեն ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով: (...) Վնաս հատուցելու պարտականությունը դրվում է առավել վտանգի աղբյուրը սեփականության իրավունքով կամ այլ օրինական հիմքով (վարձակալության իրավունք, լիազորագրով տրանսպորտային միջոցները վարելու իրավունք և այլն) տիրապետող իրավաբանական անձի կամ քաղաքացու վրա:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` առավել վտանգի աղբյուրի սեփականատերը պատասխանատվություն չի կրում այդ աղբյուրի պատճառած վնասի համար, եթե ապացուցում է, որ աղբյուրը դուրս է եկել իր տիրապետումից այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով: Նման դեպքերում առավել վտանգի աղբյուրի պատճառած վնասի համար պատասխանատվությունը կրում են աղբյուրն ապօրինի տիրապետած անձինք: Աղբյուրի սեփականատիրոջ տիրապետումից այդ աղբյուրի ապօրինի վերցնելու մեջ նրա մեղքի առկայության դեպքում պատասխանատվությունը կարող է դրվել ինչպես առավել վտանգի աղբյուրի սեփականատիրոջ, այնպես էլ այն ապօրինի ձեռք բերողի վրա:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե այլ բան նախատեսված չէ ապահովագրության պայմանագրով, ապա ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովադրին (ապահովագրված անձին) պատճառված վնասից բխող նրա (կամ շահառուի) պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է ապահովագրողին` նրա կողմից հատուցված գումարի մասով:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1025-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` նույն գլխով սահմանված դրույթները կիրառվում են ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության հետ կապված հարաբերությունների նկատմամբ, եթե այլ կարգավորում նախատեսված չէ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով:
i
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ԱՊՊԱ պայմանագրով նույն օրենքով սահմանված պայմաններով ապահովագրվում է տուժած անձանց պատճառված վնասների հատուցման համար ապահովագրված անձանց պատասխանատվությունը:
i
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք ունի`
1) վնաս պատճառած անձի նկատմամբ, եթե`
ա. նա ապահովագրական պատահարի ժամանակ ավտոտրանսպորտային միջոցը վարել է ալկոհոլի, թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի ազդեցության ներքո.
բ. նա առանց հիմնավոր պատճառի լքել է պատահարի վայրը կամ խուսափել է ալկոհոլի, թմրանյութերի կամ այլ հոգեմետ նյութերի օգտագործման փաստի վերաբերյալ քննություն անցնելուց.
գ. նա ապահովագրական պատահարի պահին չի ունեցել ավտոտրանսպորտային միջոցը վարելու իրավունք կամ օրենքով սահմանված կարգով զրկված է եղել այդպիսի իրավունքից, բացառությամբ նույն մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքի.
դ. ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին.
2) վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) նկատմամբ, եթե`
ա. ավտոտրանսպորտային միջոցը վնասի պատճառման պահի դրությամբ չի անցել տեխնիկական զննություն, և պատահարի առաջացման անմիջական պատճառ է դարձել ավտոտրանսպորտային միջոցի այնպիսի անսարքությունը, որը կարող էր բացահայտվել տեխնիկական զննություն անցնելու դեպքում.
բ. ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին.
գ. ավտոտրանսպորտային միջոցի վարումը վստահել է այն վարելու իրավունք չունեցող անձին և գիտեր կամ կարող էր իմանալ, որ այդ անձը չունի վարելու իրավունք.
դ. ԱՊՊԱ պայմանագիրը կնքելիս ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել ապահովագրական ընկերությանը ապահովագրության ռիսկայնության աստիճանը որոշելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, եթե այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել ապահովագրական ընկերությանը մինչև ապահովագրական պատահարը.
3) ինչպես նաև`
ա. պատահարի տարածքի կամ ճանապարհի սեփականատիրոջ նկատմամբ, եթե պատահարը տեղի է ունեցել տարածքի կամ ճանապարհի անսարքության կամ թերության պատճառով, և դրանում առկա է սեփականատիրոջ մեղքը.
բ. ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական զննություն իրականացրած կազմակերպության նկատմամբ, եթե պատահարի առաջացման անմիջական պատճառ է դարձել ավտոտրանսպորտային միջոցի այնպիսի անսարքությունը, որը չի բացահայտվել տեխնիկական զննության ընթացքում` դրա թերի կամ ոչ պատշաճ իրականացման հետևանքով.
գ. օրենքով սահմանված դեպքերում և կարգով այլ անձանց նկատմամբ, որոնց մեղքով տեղի է ունեցել պատահարը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն հոդվածի համաձայն` ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում մի քանի անձի նկատմամբ, ապա այդ անձինք ապահովագրական ընկերության նկատմամբ հանդես են գալիս որպես համապարտ պարտապաններ:
i
Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածով սահմանված` վնաս չպատճառած անձի վրա վնասի հատուցման պարտականություն դնելու` օրենքով նախատեսված հիմքերից մեկն առավել վտանգի աղբյուր հանդիսացող տրանսպորտային միջոցով պատճառված վնասը սեփականատիրոջ կողմից հատուցելն է:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի վերլուծությանը, արձանագրել է, որ տրանսպորտային միջոցով վնաս պատճառելիս այդ միջոցի սեփականատերը միայն այն դեպքում պատասխանատվություն չի կրում այդ աղբյուրի պատճառած վնասի համար, երբ ապացուցում է, որ
1. առավել վտանգի աղբյուրն օրինական հիմքով (վարձակալության իրավունք, լիազորագրով տրանսպորտային միջոցները վարելու իրավունք և այլն) փոխանցվել է այլ անձի տիրապետմանը, կամ
2. առավել վտանգի աղբյուրը դուրս է եկել իր տիրապետումից այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով, և միայն այդ դեպքում է, որ տրանսպորտային միջոցի պատճառած վնասի համար պատասխանատվությունը կրում են տրանսպորտային միջոցն ապօրինի տիրապետած անձինք (տե՛ս, Տիգրան Քոչարյանն ընդդեմ Աշոտ և Արթուր Քոսյանների թիվ ԵԱՔԴ/0610/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.10.2011 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածն առավել վտանգի աղբյուրի սեփականատիրոջն ազատում է վնասը հատուցելու պարտավորությունից հետևյալ դեպքերում.
(անհաղթահարելի ուժի,
(տուժողի դիտավորության և
(առավել վտանգի աղբյուրի սեփականատիրոջ տիրապետումից աղբյուրն այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով դուրս գալու դեպքերում (տե՛ս, Նարինե Զաքարյանը և Էլեն Դանիելյանի օրինական ներկայացուցիչ Գեննադի Դանիելյանն ընդդեմ «Մրքաձոր» ՍՊԸ-ի և Արշակ Աղաբեկյանի թիվ ՍԴ3/0498/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելելու, որ սեփականատերը, իր ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրելով, փաստացի հնարավորություն է ստանում ապահովագրավճարի դիմաց ապահովագրողին փոխանցելու վնասը (որը կարող է պատճառված լինել ինչպես սեփականատիրոջ, այնպես էլ ավտոմեքենայի լիազորված տիրապետողի կողմից) հատուցելու իր պարտականությունը: Ապահովագրողն էլ օրենքով նախատեսված հիմքերի առկայության պայմաններում հնարավորություն ունի հետադարձ պահանջի միջոցով հետ ստանալու իր կողմից կատարված հատուցումը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի իրավակարգավորումը վերաբերում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և տուժողի իրավահարաբերություններին` մասնավորապես նախատեսելով սեփականատիրոջ պատասխանատվության պայմանները և այն բացառող դեպքերը, ապա «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածը վերաբերում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և ապահովագրական ընկերության միջև ծագած իրավահարաբերություններին` մասնավորապես ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի իրավունքին:
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունքը նախատեսված է վնաս պատճառողի, վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) և (կամ) օրենքով սահմանված այլ անձանց նկատմամբ: Վճռաբեկ դատարանը կարևորում է այն հանգամանքը, որ սեփականատիրոջ (ապահովադրի) պատասխանատվության հիմքերը հստակ և սպառիչ սահմանված են նույն հոդվածով, հետևաբար սեփականատիրոջ (ապահովադրի) նկատմամբ այլ հիմքերով հետադարձ պահանջ չի կարող ներկայացվել: Ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքերում, երբ ավտոմեքենայի սեփականատերն ապահովագրել է իր ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը, ապա ապահովագրական ընկերության կողմից տուժող կողմին հատուցում վճարելու դեպքում ապահովագրական ընկերությունը սեփականատիրոջ դեմ հետադարձ պահանջ կարող է ներկայացնել միայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով թվարկված դեպքերում:
Սույն գործով Դատարանը, հաշվի առնելով, որ Կազմակերպությունը տուժողներին հատուցել է վնասները, գտել է, որ առկա է Կազմակերպության հետադարձ պահանջի իրավունքը պատասխանողների նկատմամբ, ուստի Ընկերության դեմ Կազմակերպության պահանջը ենթակա է բավարարման:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Ընկերության վերաքննիչ բողոքը, հիմնավոր է համարել Դատարանի եզրահանգումները և հավելել, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի իրավունք ունի ինչպես վնաս պատճառած անձի նկատմամբ, երբ վերջինս ավտոտրանսպորտային միջոցը վարել է ալկոհոլի ազդեցության տակ, այնպես էլ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) նկատմամբ:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ:
Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության և Կազմակերպության միջև 28.06.2013 թվականին կնքվել է Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության վկայագիր, որում որպես լիազորված տիրապետող նշվել է Սարգիս Գրիգորյանը: Վերջինիս մեղավորությամբ տեղի ունեցած պատահարի արդյունքում տուժողներին պատճառված վնասը հատուցել է Կազմակերպությունը: Օրինական ուժի մեջ մտած դատավճռի համաձայն` պատահարի ժամանակ Սարգիս Գրիգորյանը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, հիմնավոր համարելով Կազմակերպության հայցն ընդդեմ Ընկերության, անտեսել են, որ սույն գործով Կազմակերպությունն իր հայցադիմումում չի վկայակոչել և չի հիմնավորել, թե «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով սահմանված` Ընկերության դեմ հետադարձ պահանջի իրավունքի ծագման որ հիմքն է առկա սույն գործով, որի բացակայության պայմաններում Ընկերության դեմ հետադարձ պահանջ ներկայացվել չէր կարող: Հետևաբար, հաշվի առնելով, որ սույն գործով առկա չէ սեփականատիրոջ դեմ հետադարձ պահանջ ներկայացնելու` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով սահմանված հիմքերից որևէ մեկը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կազմակերպության հայցն ընդդեմ Ընկերության ենթակա էր մերժման, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
i
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
i
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
i
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Սույն գործով, նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, իսկ հայցը` մերժման, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի իրավակարգավորումը և հաշվի առնելով, որ սույն գործով Ընկերությունը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ, իսկ պետական տուրքի չվճարված մասի վճարումը հետաձգվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.04.2016 թվականի որոշմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կազմակերպությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 235.900 (8.530.000 *3%-20.000) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.04.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի չվճարված մասի գումար: Միաժամանակ նկատի ունենալով, որ Ընկերությունը վերաքննիչ բողոքի համար վճարել է 10.000 ՀՀ դրամ, իսկ պետական տուրքի չվճարված մասի վճարումը հետաձգվել է Վերաքննիչ դատարանի 09.11.2015 թվականի որոշմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կազմակերպությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 245.900 (8.530.000 *3%-10.000) ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և Վերաքննիչ դատարանի 09.11.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի չվճարված մասի գումար: Միաժամանակ Կազմակերպությունից հօգուտ Ընկերության ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի մասի հատուցման գումար, ինչպես նաև 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի մասի հատուցման գումար:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.12.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` «ՌԵՍՈ» ապահովագրական ՓԲԸ-ի հայցն ընդդեմ «ՍՄԱՐՏՍՈՎԹ» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին, մերժել:
2. «ՌԵՍՈ» ապահովագրական ՓԲԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 235.900 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.04.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի չվճարված մասի գումար: «ՌԵՍՈ» ապահովագրական ՓԲԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 245.900 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.11.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի չվճարված մասի գումար:
«ՌԵՍՈ» ապահովագրական ՓԲԸ-ից հօգուտ «ՍՄԱՐՏՍՈՎԹ» ՍՊԸ-ի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի մասի գումար, և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի մասի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Գ. Հակոբյան |
|
Ս. Անտոնյան |
|
Վ. Ավանեսյան |
|
Ա. Բարսեղյան |
|
Մ. Դրմեյան |
|
Ռ. Հակոբյան |
|
Տ. Պետրոսյան |
|
Ե. Սողոմոնյան |
|
Ն. Տավարացյան |