Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 718-ՐԴ ԵՎ 7...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 718-ՐԴ ԵՎ 751-ՐԴ ՀՈԴՎԱԾՆ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

   

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
ԵԿԴ/2150/02/12
2016թ.
Քաղաքացիական գործ թիվ   ԵԿԴ/2150/02/12

Նախագահող դատավոր`   Ս. Միքայելյան

                   Դատավորներ`    Ն. Բարսեղյան

                                                    Հ. Ենոքյան

    

 

ՈՐՈՇՈՒՄ
 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

             

նախագահությամբ Ե.Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ  Ա. Բարսեղյանի
 Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
  Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

               

2016 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ԱՎԱԼՈՆ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.06.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ԱՎԱԼՈՆ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ «ՌԱՄԷՕ-ՕՏԵԼ» ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ Կազմակերպության հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

i

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 5.591.700 ՀՀ դրամ, որից 4.977.000 ՀՀ դրամը` որպես պարտավորության գումար, իսկ 617.700 ՀՀ դրամը` որպես հաշվարկված տոկոս, ինչպես նաև պահանջել է 4.977.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվեգրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսներ` 01.10.2012 թվականից մինչև պարտավորության կատարումը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 4.597.000 ՀՀ դրամ` որպես չկատարված աշխատանքների դիմաց վճարված գումար, ինչպես նաև այդ գումարին հաշվեգրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսներ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ռ.Ներսիսյան) 31.10.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ա.Խառատյան, Ա.Պետրոսյան, Կ.Չիլինգարյան) 06.02.2014 թվականի որոշմամբ Կազմակերպության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.10.2013 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ.Ափինյան) (այսուհետ` Դատարան) 10.02.2015 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն` Ընկերությունից բռնագանձվել է 4.597.000 ՀՀ դրամ, իսկ մնացած մասով հակընդդեմ հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.06.2015 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.02.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպության ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 718-րդ և 751-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ընկերությունը շինարարական կապալի պայմանագրի հիման վրա Կազմակերպության համար կատարել է բնահողի քանդման, էքսկավատորով բարձման և տեղափոխման աշխատանքներ, որպիսի փաստը հաստատվում է Ընկերության կողմից ներկայացրած ապացույցով, այն է` թիվ 1 ակտով: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն անթույլատրելի ապացույցների հիման վրա հաստատել է իրականությանը չհամապատասխանող փաստ այն մասին, որ Ընկերության կողմից կատարվել են միայն բնահողի քանդման աշխատանքներ, իսկ բնահողի տեղափոխում Ընկերությունը չի իրականացրել: Վերաքննիչ դատարանը նման վերլուծությունը պայմանավորել է նաև այն հանգամանքով, որ Ընկերությունը դատական նիստերին չի մասնակցել և չի առարկել Կազմակերպության վկայակոչած այս փաստի դեմ, մինչդեռ Ընկերության պահանջը` Կազմակերպությունից գումար բռնագանձելու վերաբերյալ, հիմնված է եղել հենց այդ փաստի վրա, որի վերաբերյալ ապացույցը ներկայացվել է Դատարանին:

Բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 26.06.2015 թվականի որոշումը»:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով սույն գործի փաստական հանգամանքները և գործում առկա ապացույցները գնահատելով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, կայացրել է հիմնավոր դատական ակտ, իսկ սույն վճռաբեկ բողոքը նպատակ է հետապնդում ձգձգելու գործի վարույթը: Ակտով կողմերը ստանձնել են փոխադարձ պարտավորություններ, այսինքն` ակտի հիման վրա ընդամենը սահմանվել են կատարվելիք աշխատանքները և դրանց դիմաց վճարման ենթակա գումարները:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերության` «Կապալառու», և Կազմակերպության` «Պատվիրատու», միջև 01.11.2011 թվականին կնքված կապիտալ շինարարության իրականացման թիվ 10 պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 1.1 կետի համաձայն` Կապալառուն պարտավորվել է Պատվիրատուի հանձնարարությամբ կատարել հյուրանոցային համալիրի կապիտալ շինարարություն Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի և «Նոյ» թաղամասի միջանկյալ հատվածում: Պայմանագրի 1.2 կետի համաձայն` շինարարությունը ներառել է հետևյալ աշխատանքները` հողային աշխատանքներ, երկաթ-բետոնե կարկասի կառուցում: Պայմանագրի 3.2.1 կետի համաձայն` Պատվիրատուն պարտավորվել է աշխատանքների ծավալների վերաբերյալ ներկայացված միջանկյալ ակտերով կատարել վճարումներ: Պայմանագրի 3.2.2 կետի համաձայն` Պատվիրատուն պարտավորվել է Կապալառուի մասնակցությամբ զննել և ընդունել կատարված աշխատանքը, իսկ պայմանագրից աշխատանքի արդյունքը վատթարացնող շեղումներ կամ աշխատանքում այլ թերություններ հայտնաբերելու դեպքերում` այդ մասին անհապաղ հայտնել Կապալառուին: Պայմանագրի 3.2.3 կետի համաձայն` կատարված աշխատանքների վերաբերյալ ակտերը ներկայացվում են ամսվա վերջում: Այն հաստատվելուց հետո վճարումը կատարվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում (հատոր 1-ին, գ.թ. 10):

2) 2012 թվականի փետրվարին Ընկերության և Կազմակերպության միջև կազմված ու ստորագրված թիվ 1 ակտի համաձայն` բնահողի քանդում` էքսկավատորով բարձմամբ և տեղափոխմամբ կատարված աշխատանքների արժեքը կազմել է 18.450.000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ-ն: Նույն ակտով չափման միավորը նշվել է խորանարդ մետր, ծավալը` 4.100, իսկ արժեքը` 3.750 (հատոր 1-ին, գ.թ. 11):

3) Սույն գործով չի վիճարկվել փաստն առ այն, որ Կազմակերպությունն Ընկերությանը վճարել է 13.453.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 5, 69):

4) 27.02.2012 թվականին Կազմակերպության տնօրենն Ընկերությանը խնդրել է տեղեկացնել հողային աշխատանքների դադարեցման պատճառների մասին (հատոր 2-րդ, գ.թ. 79):

5) 27.02.2012 թվականին Ընկերության տնօրենը Կազմակերպությանը տեղեկացրել է, որ 30.01.2012 թվականին երկու քաղաքացիներ, ներկայանալով որպես քաղաքաշինության վարչության և հողերի վերահսկման տեսչության ներկայացուցիչներ, դադարեցրել են շինարարական աշխատանքները` հողի նախկին վարձակալների հետ առաջացած տարաձայնությունների պատճառով: Փետրվար ամսվա առաջին տասնօրյակում հողային աշխատանքների վերսկսման փորձերը նույնպես դադարեցվել են նույն անձանց կողմից` տարաձայնությունները վերացված չլինելու պատճառաբանությամբ (հատոր 2-րդ, գ.թ. 80):

 

i

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 751-րդ հոդվածի 4-րդ կետը չկիրառելու և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ շինարարական կապալի պայմանագիր կնքված լինելու պայմաններում կապալառուի կողմից աշխատանքի արդյունքի հանձնման և պատվիրատուի կողմից դրա ընդունումը ձևակերպելու խնդրին:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 738-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կապալառուն, շինարարական կապալի պայմանագրով, պարտավորվում է պայմանագրում սահմանված ժամկետում պատվիրատուի առաջադրանքով կառուցել որոշակի օբյեկտ կամ կատարել շինարարական այլ աշխատանքներ, իսկ պատվիրատուն պարտավորվում է կապալառուի համար ստեղծել աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ պայմաններ, ընդունել դրա արդյունքը և վճարել պայմանավորված գինը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` շինարարական կապալի պայմանագիրը կնքվում է շենքի (ներառյալ` բնակելի տան), շինության կամ այլ օբյեկտի շինարարության, ինչպես նաև կառուցվող օբյեկտի հետ անխզելիորեն կապված մոնտաժման, գործարկման, կարգավորիչ և այլ աշխատանքներ կատարելու համար:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 751-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` շինարարական կապալի պայմանագրով կատարված աշխատանքի արդյունքը կամ կատարված աշխատանքի փուլը հանձնելու համար պատրաստ լինելու մասին կապալառուից հաղորդում ստացած պատվիրատուն պարտավոր է անհապաղ սկսել դրա ընդունումը, եթե այն նախատեսված է պայմանագրով: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` կապալառուի կողմից աշխատանքի արդյունքի հանձնումը և պատվիրատուի կողմից դրա ընդունումը ձևակերպվում է երկու կողմերի ստորագրած ակտով: Ակտն ստորագրելուց կողմերից մեկի հրաժարվելու դեպքում ակտում նշվում է այդ մասին, և ակտն ստորագրում է մյուս կողմը: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` պատվիրատուն իրավունք ունի հրաժարվելու աշխատանքի արդյունքն ընդունելուց, եթե հայտնաբերվել են թերություններ, որոնք բացառում են դրա օգտագործումը շինարարական կապալի պայմանագրով նախատեսված նպատակով, և կապալառուն կամ պատվիրատուն չեն կարող դրանք վերացնել:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 744-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կապալառուի կատարած աշխատանքը պատվիրատուն վարձատրում է նախահաշվով նախատեսված չափով` շինարարական կապալի պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով: Պայմանագրում համապատասխան ցուցումների բացակայության դեպքում աշխատանքի վարձատրությունը կատարվում է նույն օրենսգրքի 709-րդ հոդվածին համապատասխան:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 700-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կապալի պայմանագրով մի կողմը (կապալառուն) պարտավորվում է մյուս կողմի (պատվիրատուի) առաջադրանքով կատարել որոշակի աշխատանք և դրա արդյունքը սահմանված ժամկետում հանձնել պատվիրատուին, իսկ պատվիրատուն պարտավորվում է ընդունել աշխատանքի արդյունքը և վարձատրել դրա համար: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` կապալի պայմանագրի առանձին տեսակների (կենցաղային կապալ, շինարարական կապալ, նախագծային և հետազոտական աշխատանքների կապալ, պետական կարիքների համար կապալային աշխատանքներ) նկատմամբ կիրառվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 37-րդ գլխի 1-ին պարագրաֆի դրույթները, եթե այլ բան սահմանված չէ նույն օրենսգրքի` կապալի պայմանագրի համապատասխան տեսակների մասին կանոններով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 709-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պատվիրատուն պարտավոր է պայմանավորված գինը կապալառուին վճարել աշխատանքի արդյունքները վերջնական հանձնելուց հետո, պայմանով, եթե աշխատանքը կատարված է պատշաճ և պայմանավորված ժամկետում կամ ժամկետից շուտ` պատվիրատուի համաձայնությամբ, եթե կատարվող աշխատանքի կամ դրա առանձին փուլերի նախնական վարձատրություն նախատեսված չէ կապալի պայմանագրով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 706-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կապալի պայմանագրում նշվում են աշխատանքը կատարելու սկզբնական և վերջնական ժամկետները: Կողմերի համաձայնությամբ` պայմանագրում կարող են նախատեսվել աշխատանքի առանձին փուլերի ավարտի (միջանկյալ) ժամկետներ:

Կապալառուն պատասխանատվություն է կրում աշխատանքը կատարելու ինչպես սկզբնական և վերջնական, այնպես էլ միջանկյալ ժամկետները խախտելու համար, եթե այլ բան սահմանված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ նախատեսված չէ պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 706-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` կապալի պայմանագրում նշված աշխատանքը կատարելու սկզբնական, միջանկյալ և վերջնական ժամկետները կարող են փոփոխվել պայմանագրում նախատեսված դեպքերում ու կարգով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 707-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կապալի պայմանագրում նշվում են կատարման ենթակա աշխատանքի գինը կամ այն որոշելու եղանակները: Պայմանագրում նման ցուցումների բացակայության դեպքում գինը որոշվում է նույն օրենսգրքի 440-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` աշխատանքի գինը կարող է որոշվել նախահաշիվ կազմելու միջոցով: Այն դեպքում, երբ աշխատանքը կատարվում է կապալառուի կազմած նախահաշվին համապատասխան, նախահաշիվն ուժի մեջ մտնում և պայմանագրի մաս է դառնում պատվիրատուի կողմից հաստատվելու պահից:

Վճռաբեկ դատարանը, համակարգային վերլուծության ենթարկելով վերոգրյալ իրավանորմերը, արձանագրում է, որ քաղաքացիական իրավահարաբերությունների սուբյեկտներն իրենց տնտեսական և կենցաղային կարիքները կարող են ապահովել շինարարական կապալի պայմանագիր կնքելու միջոցով, որն ունի առանձնահատուկ դեր ու նշանակություն քաղաքացիական շրջանառությունում: Շինարարական կապալի առանձնահատկությունը նախևառաջ պայմանավորված է սուբյեկտային կազմով: Պայմանագրի կողմերն են կապալառուն և պատվիրատուն: Կապալառուն այն անձն է, որը մյուս կողմի համար նրա պատվերով կատարում է որոշակի աշխատանք, իսկ պատվիրատուն կապալառուին որոշակի աշխատանքի կատարում հանձնարարողն է: Ընդ որում, եթե պատվիրատու կարող է լինել ցանկացած անձ, ում մոտ անհրաժեշտություն է առաջացել կառուցելու որևէ օբյեկտ կամ կատարելու շինարարական այլ աշխատանք, ապա կապալառու կարող են լինել շինարարության բնագավառում գործող և շինարարական համապատասխան գործողություն իրականացնելու լիցենզիա ունեցող շինարարական, շինմոնտաժային, նախագծաշինարարական և այլ շինարարական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք, ինչպես նաև անհատ ձեռներեցները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շինարարական կապալի պայմանագրի էական պայմաններն են առարկան, ժամկետները և գինը: Պայմանագրի առարկան կապալառուի աշխատանքի արդյունքն է, որն արտահայտվում է նոր գույքի ստեղծման, փոփոխման կամ այլ աշխատանքների կատարման եղանակով: Ընդ որում, ինչպիսին էլ լինեն կապալառուի գործողությունները, նրա աշխատանքը բոլոր դեպքերում ստանում է առարկայացված ձև, իսկ պայմանագրի առարկան անհատականացվում է:

Շինարարական կապալի պայմանագրի հաջորդ կարևոր պայմանը ժամկետն է, որը որոշվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 706-րդ հոդվածի կանոններով: Մասնավորապես, կապալի պայմանագրում նշվում են աշխատանքը կատարելու սկզբնական և վերջնական ժամկետները, սակայն կողմերի համաձայնությամբ պայմանագրում կարող են նախատեսվել աշխատանքի առանձին փուլերի ավարտի (միջանկյալ) ժամկետներ: Ընդ որում, կապալի պայմանագրում նշված աշխատանքը կատարելու սկզբնական, միջանկյալ և վերջնական ժամկետները կարող են փոփոխվել պայմանագրում նախատեսված դեպքերում ու կարգով:

Շինարարական կապալի պայմանագրի էական պայման է նաև գինը: Մասնավորապես, շինարարական կապալի պայմանագրում պետք է նշվեն կատարման ենթակա աշխատանքի գինը կամ այն որոշելու եղանակները: Ընդ որում, կապալառուի կատարած աշխատանքը պատվիրատուն վարձատրում է նախահաշվով նախատեսված չափով` շինարարական կապալի պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով, իսկ պայմանագրում համապատասխան ցուցումների բացակայության դեպքում աշխատանքի վարձատրությունը կատարվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 709-րդ հոդվածին համապատասխան:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ շինարարական կապալի պայմանագրի կողմերը, պարտադիր կերպով նշելով օրենսդրի կողմից սահմանված պայմանագրի էական պայմանները և ելնելով պայմանագրի ազատության, այն է` պայմանագրում իրենց համար օրենքին չհակասող վարքագծի կանոններ սահմանելու համընդհանուր սկզբունքից, պայմանագրի գործողության ողջ ընթացքի համար որոշում են յուրաքանչյուրի ընդհանուր պարտավորությունների կատարման կարգը` մասնավորեցնելով ստանձնած ընդհանուր պարտավորությունները` դրանց առանձնահատկությունների հաշվառմամբ: Այսպես, յուրաքանչյուր կողմ պայմանագրով ստանձնում է ընդհանուր պարտավորություն, այն է` կապալառուն պարտավորվում է պայմանագրում սահմանված ժամկետում պատվիրատուի առաջադրանքով կառուցել որոշակի օբյեկտ կամ կատարել շինարարական այլ աշխատանքներ, այդ թվում` կառուցվող օբյեկտի հետ անխզելիորեն կապված մոնտաժման, գործարկման, կարգավորիչ և այլ աշխատանքներ, ընդ որում, կապալառուն պարտավոր է այդ աշխատանքներն իրականացնել աշխատանքի ծավալը, բովանդակությունը ու դրան ներկայացվող այլ պահանջները սահմանող ճարտարապետաշինարարական-նախագծային ու նախահաշվային փաստաթղթերին, ինչպես նաև գործող օրենսդրությանը և նորմատիվային պահանջներ սահմանող իրավական ակտերին լիովին համապատասխան, իսկ պատվիրատուն պարտավորվում է կապալառուի համար ստեղծել աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ պայմաններ, շինարարության համար ժամանակին հատկացնել հողամաս (շինարարական հրապարակ), որի մակերեսը և վիճակը պետք է համապատասխանեն պայմանագրում նշված պայմաններին, իսկ նման պայմանների բացակայության դեպքում` ապահովեն աշխատանքները ժամանակին սկսելը, դրանց բնականոն ընթացքն ու նշված ժամկետում ավարտը, ընդունել դրա արդյունքը և վճարել պայմանավորված գինը:

i

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ինչպես նախահաշիվը, այնպես էլ կապալառուի կողմից աշխատանքի արդյունքի հանձնումը և պատվիրատուի կողմից դրա ընդունումը կարող է կազմել այն կողմը, որի վրա այդ պարտականությունը դրված է պայմանագրով: Այդպիսին կարող է լինել ինչպես կապալառուն, այնպես էլ պատվիրատուն: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ կապալային աշխատանքների կատարումը, որպես կանոն, կապալառուի մասնագիտացված գործունեությունն է, ինչով էլ պայմանավորված` սովորաբար հենց նրան է հանձնարարվում նախահաշվի և որոշակի խումբ աշխատանքների ավարտուն արդյունքի հանձնման մշակումն ու պատրաստումը, որը մի դեպքում ձևակերպվում է նախահաշվի տեսքով, իսկ երկրորդ դեպքում` երկու կողմերի ստորագրած ակտով: Հետևաբար այն դեպքերում, երբ աշխատանքը կատարվում և արդյունքը հանձնվում է կապալառուի կազմած նախահաշվին և ակտին համապատասխան, ապա նախահաշիվն ու ակտն ուժի մեջ են մտնում և պայմանագրի մաս են դառնում պատվիրատուի կողմից հաստատվելու պահից, իսկ այն դեպքում, երբ պատվիրատուն չհիմնավորված կերպով հրաժարվում է կատարված աշխատանքները ընդունելուց և համապատասխան կատարողական ակտը ստորագրելուց, ապա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 751-րդ հոդվածի 4-րդ կետն իրավական երաշխիքներ է սահմանում կապալառուի շահերի համար, մասնավորապես` ակտում նշվում է այդ մասին, և ակտն ստորագրում է միայն մեկ կողմը (կապալառուն):

Վճռաբեկ դատարանը միաժամանակ կարևորում է հավելել, որ պատվիրատուն իրավունք ունի հրաժարվելու աշխատանքի արդյունքն ընդունելուց և ընդունման ակտը ստորագրելուց, եթե հայտնաբերվել են թերություններ, որոնք բացառում են դրա օգտագործումը շինարարական կապալի պայմանագրով նախատեսված նպատակով, և կապալառուն կամ պատվիրատուն չեն կարող վերացնել դրանք:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շինարարական կապալի պայմանագրի հիման վրա պայմանագրի կողմերի ստորագրությամբ հաստատված ակտն ազդարարում է շինարարական կապալի պայմանագրով նախատեսված և ակտում նշված աշխատանքները կապալառուի կողմից կատարված և պատվիրատուի կողմից ընդունված լինելու հանգամանքը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության («Կապալառու») և Կազմակերպության (»Պատվիրատու») միջև 01.11.2011 թվականին կնքված կապիտալ շինարարության իրականացման թիվ 10 պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 1.1 կետի համաձայն` Կապալառուն պարտավորվել է Պատվիրատուի հանձնարարությամբ կատարել հյուրանոցային համալիրի կապիտալ շինարարություն Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի և «Նոյ» թաղամասի միջանկյալ հատվածում: Պայմանագրի 1.2 կետի համաձայն` շինարարությունը ներառել է հետևյալ աշխատանքները` հողային աշխատանքներ, երկաթ-բետոնե կարկասի կառուցում: Պայմանագրի 3.2.1. կետի համաձայն` Պատվիրատուն պարտավորվել է աշխատանքների ծավալների վերաբերյալ ներկայացված միջանկյալ ակտերով կատարել վճարումներ, իսկ 3.2.2 կետի համաձայն` Պատվիրատուն պարտավորվել է Կապալառուի մասնակցությամբ զննել և ընդունել կատարված աշխատանքը, իսկ պայմանագրից աշխատանքի արդյունքը վատթարացնող շեղումներ կամ աշխատանքում այլ թերություններ հայտնաբերելու դեպքերում` այդ մասին անհապաղ հայտնել Կապալառուին: Պայմանագրի 3.2.3 կետի համաձայն` կատարված աշխատանքների վերաբերյալ ակտերը ներկայացվում են ամսվա վերջում: Այն հաստատվելուց հետո վճարումը կատարվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում: 2012 թվականի փետրվարին Ընկերության և Կազմակերպության միջև կազմված և ստորագրված թիվ 1 ակտի համաձայն` բնահողի քանդում էքսկավատորով բարձմամբ և տեղափոխմամբ կատարված աշխատանքների արժեքը կազմել է 18.450.000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ-ն: Նույն ակտով չափման միավորը նշվել է խորանարդ մետր, ծավալը` 4.100, իսկ արժեքը` 3.750: Սույն գործով չի վիճարկվել փաստն առ այն, որ Կազմակերպությունն Ընկերությանը վճարել է 13.453.000 ՀՀ դրամ: 27.02.2012 թվականին Կազմակերպության տնօրենն Ընկերությանը խնդրել է տեղեկացնել հողային աշխատանքների դադարեցման պատճառների մասին: 27.02.2012 թվականին Ընկերության տնօրենը Կազմակերպությանը տեղեկացրել է, որ 30.01.2012 թվականին երկու քաղաքացիներ, ներկայանալով որպես քաղաքաշինության վարչության և հողերի վերահսկման տեսչության ներկայացուցիչներ, դադարեցրել են շինարարական աշխատանքները` հողի նախկին վարձակալների հետ առաջացած տարաձայնությունների պատճառով: Փետրվար ամսվա առաջին տասնօրյակում հողային աշխատանքների վերսկսման փորձերը նույնպես դադարեցվել են նույն անձանց կողմից` տարաձայնությունները վերացված չլինելու պատճառաբանությամբ:

Դատարանը հայցը մերժելու և հակընդդեմ հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ընկերության և Կազմակերպության գրություններով ըստ էության Ընկերությունն ընդունել է Կազմակերպության վկայակոչած և հակընդդեմ պահանջի հիմքում ընկած այն փաստը, որ Ընկերության կողմից ամբողջությամբ չի կատարվել 2012 թվականի փետրվարին կողմերի միջև կազմված թիվ 1 ակտով սահմանված աշխատանքները և հաստատված է համարել Ընկերության կողմից թիվ 1 ակտում նշված աշխատանքներից միայն հողի քանդման աշխատանք կատարված լինելու փաստը, իսկ քանդված հողի բարձման և տեղափոխման աշխատանքները կատարված չլինելու փաստը հաստատված է համարել նաև նրանով, որ Ընկերությունը չի առարկել Կազմակերպության կողմից վկայակոչած այդ փաստի դեմ և չի ներկայացել դատական նիստերին:

Վերաքննիչ դատարանը մերժել է Ընկերության վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է օրինական ուժի մեջ` վերահաստատելով Դատարանի պատճառաբանությունները:

Վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թե՛ Դատարանը և թե՛ Վերաքննիչ դատարանը չեն իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, սխալ են գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես` կողմերի միջև 2012 թվականի փետրվարին կազմված թիվ 1 ակտը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 2012 թվականի փետրվարին կողմերի միջև կազմված թիվ 1 ակտով հիմնավորվում է այն փաստը, որ Ընկերության կողմից կատարվել է 4.100 խմ բնահողի քանդման` էքսկավատորով բարձմամբ և տեղափոխմամբ աշխատանքները, որպիսի կատարված աշխատանքի արժեքը կազմել է 18.450.000 ՀՀ դրամ: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Կազմակերպությունը չի հրաժարվել աշխատանքի արդյունքն ընդունելուց և ընդունման ակտը ստորագրելուց, ինչով էլ հավաստել է ակտում նշված աշխատանքները կապալառուի կողմից ամբողջությամբ կատարված լինելու հանգամանքը: Հետևաբար Կազմակերպության կողմից Ընկերությանն ենթակա է վճարման թիվ 1 ակտի արժեքն ամբողջությամբ: Միաժամանակ հաշվի առնելով, որ սույն գործով չի վիճարկվել փաստն առ այն, որ Կազմակերպությունն Ընկերությանը վճարել է վճարման ենթակա գումարի մի մասը` 13.453.000 ՀՀ դրամ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության հայցը ենթակա է բավարարման և Կազմակերպությունից հօգուտ Ընկերության ենթակա է բռնագանձման 4.977.000 ՀՀ դրամ` որպես 18.450.000 ՀՀ դրամից չկատարված պարտավորության գումար:

Ինչ վերաբերում է գործում առկա Կազմակերպության տնօրենի 27.02.2012 թվականի գրությանը, որով վերջինս Ընկերությանը խնդրել է տեղեկացնել հողային աշխատանքների դադարեցման պատճառների մասին, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ինչպես այդ գրությունից, այնպես էլ 27.02.2012 թվականին Կազմակերպությանն ուղղված Ընկերության տնօրենի պատասխանից միանշանակ չի կարելի եզրակացնել, որ Ընկերությունն ընդունել է Կազմակերպության վկայակոչած և հակընդդեմ պահանջի հիմքում ընկած այն փաստը, որ Ընկերության կողմից ամբողջությամբ չի կատարվել 2012 թվականի փետրվարին կողմերի միջև կազմված թիվ 1 ակտով սահմանված աշխատանքները: Ավելին` նշված գրություններով չի հաստատվում, որ հողային աշխատանքների դադարեցումը վերաբերում է 2012 թվականի փետրվարին Ընկերության և Կազմակերպության միջև կազմված ու ստորագրված թիվ 1 ակտով նշված 4.100 խմ «բնահողի քանդում` էքսկավատորով բարձմամբ և տեղափոխմամբ» աշխատանքներին:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով արդեն իսկ հաստատված է, որ Կազմակերպության պարտավորությունն Ընկերության հանդեպ կազմում է 4.977.000 ՀՀ դրամ, որը Պայմանագրի 3.2.3 կետի հիմքով ենթակա էր վճարման կատարված աշխատանքների վերաբերյալ ակտերը հաստատվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, հետևաբար Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ընկերության և Կազմակերպության միջև թիվ 1 ակտը կազմվել և ստորագրվել է 2012 թվականի փետրվարին, իրավաչափ է համարում նշված գումարի նկատմամբ 16.03.2012 թվականից մինչև 01.10.2012 թվականն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիմքով հաշվարկված 617.700 ՀՀ դրամ տոկոսների գանձումը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվարկը 4.977.000 ՀՀ դրամի նկատմամբ պետք է շարունակվի 02.10.2012 թվականից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` գույքային պահանջի գործերով առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից, նույն պահանջի գործերով դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով, նույն պահանջի գործերով դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը` բեկանման և փոփոխման, որի արդյունքում հայցը ենթակա է բավարարման, իսկ հակընդդեմ հայցը` մերժման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

- Կազմակերպությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 91.940 ՀՀ դրամ` որպես հակընդդեմ հայցադիմումը դատարան ներկայացնելու համար սահմանված և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.07.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, ինչպես նաև 4.597.000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 01.07.2013 թվականից մինչև 10.02.2015 թվականը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվելիք տոկոսագումարի 2%-ը` որպես նույն որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

- Կազմակերպությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 305.661 ՀՀ դրամ (5.591.700 *3%+4.597.000 *3%), ինչպես նաև 4.977.000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 02.10.2012 թվականից մինչև պարտավորության դադարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվելիք տոկոսագումարի 3%-ը և 4.597.000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 01.07.2013 թվականից մինչև 10.02.2015 թվականը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվելիք տոկոսագումարի 3%-ը` որպես Կազմակերպության կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.12.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

- Կազմակերպությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 305.661 ՀՀ դրամ (5.591.700 *3%+4.597.000 *3%), ինչպես նաև 4.977.000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 02.10.2012 թվականից մինչև պարտավորության դադարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվելիք տոկոսագումարի 3%-ը` որպես Ընկերության կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.04.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

- Կազմակերպությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 305.661 ՀՀ դրամ (5.591.700 *3%+4.597.000 *3%), ինչպես նաև 4.977.000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 02.10.2012 թվականից մինչև պարտավորության դադարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվելիք տոկոսագումարի 3%-ը` որպես Ընկերության կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.11.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, որպիսի պետական տուրքի գումարն էլ գույքային պահանջի մասով չպետք է գերազանցի բազային տուրքի հազարապատիկը:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.06.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել` «ՌԱՄԷՕ-ՕՏԵԼ» ՓԲԸ-ից հօգուտ «ԱՎԱԼՈՆ» ՍՊԸ-ի բռնագանձել 4.977.000 ՀՀ դրամ` որպես պարտքի գումար, և 617.700 ՀՀ դրամ` որպես 16.03.2012 թվականից մինչև 01.10.2012 թվականը ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիմքով հաշվարկված տոկոսներ, ինչպես նաև 4.977.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվեգրել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 02.10.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, իսկ հակընդդեմ հայցը` մերժել:

2. «ՌԱՄԷՕ-ՕՏԵԼ» ՓԲԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 91.940 ՀՀ դրամ` որպես հակընդդեմ հայցադիմումը դատարան ներկայացնելու համար սահմանված և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.07.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, ինչպես նաև բռնագանձել 4.597.000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 01.07.2013 թվականից մինչև 10.02.2015 թվականը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվելիք տոկոսագումարի 2%-ը` որպես նույն որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

«ՌԱՄԷՕ-ՕՏԵԼ» ՓԲԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 305.661 ՀՀ դրամ, ինչպես նաև 4.977.000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 02.10.2012 թվականից մինչև պարտավորության դադարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվելիք տոկոսագումարի 3%-ը և 4.597.000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 01.07.2013 թվականից մինչև 10.02.2015 թվականը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվելիք տոկոսագումարի 3%-ը` որպես «ՌԱՄԷՕ-ՕՏԵԼ» ՓԲԸ-ի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.12.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

«ՌԱՄԷՕ-ՕՏԵԼ» ՓԲԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 305.661 ՀՀ դրամ, ինչպես նաև 4.977.000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 02.10.2012 թվականից մինչև պարտավորության դադարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվելիք տոկոսագումարի 3%-ը` որպես «ԱՎԱԼՈՆ» ՍՊԸ-ի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.04.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

«ՌԱՄԷՕ-ՕՏԵԼ» ՓԲԸ-ից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձել 305.661 ՀՀ դրամ, ինչպես նաև 4.977.000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 02.10.2012 թվականից մինչև պարտավորության դադարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվելիք տոկոսագումարի 3%-ը` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.11.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, բայց ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ա. Բարսեղյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2016
N ԵԿԴ/2150/02/12
Որոշում