ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ
դատարանի որոշում ԵԿԴ/0368/02/13
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0368/02/13 2016 թ.
Նախագահող դատավոր` Հ. Ենոքյան
Դատավորներ` Գ. Կարախանյան
Ն. Բարսեղյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Ավանեսյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի
2016 թվականի դեկտեմբերի 02-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Հակոբ Բաշմակյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.05.2015 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Հակոբ Բաշմակյանի` փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Հակոբ Բաշմակյանը պահանջել է իրեն ճանաչել Երևանի Գյուլբենկյան 36-րդ շենքի թիվ 31 բնակարանի նկատմամբ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 07.05.2013 թվականի վճռով Հակոբ Բաշմակյանի դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.05.2015 թվականի որոշմամբ որպես գործին մասնակից չդարձված անձ Ռաֆֆի Նախշքերյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Դատարանի 07.05.2013 թվականի վճիռը, և Հակոբ Բաշմակյանի դիմումը թողնվել է առանց քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հակոբ Բաշմակյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածը, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 35-րդ, 103-րդ, 131-րդ, 205-րդ, 207-րդ, 220-րդ և 220.1-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ դիմումի քննության ընթացքում իրավունքի մասին որևէ վեճ ծագած չի եղել, բացի այդ, առերևույթ առկա չի եղել փոխադարձ կապ քննարկվող փաստի և Ռաֆֆի Նախշքերյանի իրավունքների միջև, իսկ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու փաստի հաստատումը չէր կարող որևէ կերպ ազդել Ռաֆֆի Նախշքերյանի իրավունքների ծավալի վրա:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Հակոբ Բաշմակյանի անունից դատարան դիմում ներկայացնելու պահին Ռաֆֆի Նախշքերյանը խնդրո առարկա անշարժ գույքի մասով չի ունեցել որևէ իրավունք և պարտականություն, հետևաբար վերջինիս իրավունքների և պարտականությունների մասով դատական ակտ չի կայացվել: Այսինքն` դիմումի քննության ժամանակ բացառվում էր վերջինիս դատավարական կարգավիճակ շնորհելու հնարավորությունը, հետևաբար` որպես երրորդ անձ ներգրավվելու հնարավորությունը:
Վերաքննիչ դատարանը չի գնահատել վերաքննիչ բողոքի պատասխանում նշված այն փաստարկը, որ Ռաֆֆի Նախշքերյանը տեղեկացվել է սույն քաղաքացիական գործի մասին թիվ ԵԿԴ/1986/02/13 քաղաքացիական գործի շրջանակներում, դեռ ավելին` նույն գործով մասնակցելով 29.07.2014 թվականի դատական նիստին` դիրքորոշում է հայտնել սույն գործով 07.05.2013 թվականին կայացված վճռի մասին և ծանոթացել գործի նյութերին: Հետևաբար վերջինս 07.05.2013 թվականի վճռի մասին տեղեկացված է եղել այդ պահին, սակայն վերաքննիչ բողոք բերել է եռամսյա ժամկետի խախտմամբ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել նշված բողոքը` կողմի` «www.datalex.am» կայքից տեղեկացված լինելու փաստը հիմք ընդունելով` անտեսելով բողոքի պատասխանում այդ կապակցությամբ արտահայտված փաստարկները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.05.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 07.05.2013 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Ռաֆֆի Նախշքերյանը, որպես գործին մասնակից չդարձված անձ, 10.02.2015 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որին կցել է նաև միջնորդություն` հայտնելով, որ բաց է թողել վճիռը մեկամսյա ժամկետում բողոքարկելու հնարավորությունը և խնդրել է հարգելի համարել բաց թողնված ժամկետը` վճռի բողոքարկման եռամսյա ժամկետի սկիզբը հաշվարկելով 19.12.2014 թվականից (հատոր 2-րդ, գ.թ. 5-11):
2. Վերաքննիչ դատարանը 17.02.2015 թվականի որոշմամբ բավարարել է վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ Ռաֆֆի Նախշքերյանի միջնորդությունը և վարույթ է ընդունել վերջինիս` որպես գործին մասնակից չդարձված անձի վերաքննիչ բողոքը (հատոր 2-րդ, գ.թ. 22):
3. Հակոբ Բաշմակյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանի կողմից 24.03.2015 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոքի պատասխան, որում մասնավորապես նշվել է, որ Ռաֆֆի Նախշքերյանը սույն գործով 07.05.2013 թվականին կայացված վճռի մասին տեղեկացված է եղել թիվ ԵԿԴ/1986/02/13 քաղաքացիական գործի շրջանակներում և անգամ 29.07.2014 թվականի դատական նիստին դրա վերաբերյալ դիրքորոշում է հայտնել (հատոր 2-րդ, գ.թ. 35-39):
4. Թիվ ԵԿԴ/1986/02/13 քաղաքացիական գործով հայցադիմումի, հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրաստելու մասին որոշման, դատական նիստի արձանագրման համառոտագրման համաձայն` Լուսինե Ազոյանի կողմից հայցադիմում է ներկայացվել ընդդեմ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի, Ռաֆֆի Զոհրապ Գարեգին Խաչիկ Նակշքերյանի և Սոնիա Նակշքերյանի` ժառանգության իրավունքի և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջների մասին, և 29.07.2014 թվականին նշանակված դատական նիստին մասնակցել է նաև Ռաֆֆի Նակշքերյանը (հատոր 2-րդ, գ.թ. 40, 42, 48-49):
5. Վերաքննիչ դատարանը որոշման «Վերաքննիչ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները և պահանջը» մասում ներկայացրել է Հակոբ Բաշմակյանի` վերաքննիչ բողոքի վերաբերյալ դիրքորոշումը և հիմնավորումները, այդ թվում` Ռաֆֆի Նախշքերյանի կողմից սույն գործով վճռի մասին տեղեկացված լինելու հանգամանքը, սակայն որոշման պատճառաբանական մասում դրանց անդրադարձ չի կատարել (հատոր 2-րդ, գ.թ. 78-81):
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերի, 220-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի միատեսակ կիրառության համար,
2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի, 220-րդ հոդվածի 5-րդ կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
1) արդյո՞ք գործին մասնակից չդարձված անձի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու եռամսյա ժամկետը պահպանած լինելու հարցը կարող է գնահատման արժանանալ նաև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո բողոքի քննության փուլում,
2) արդյո՞ք վերաքննիչ դատարանը պարտավոր է վերաքննիչ բողոքի պատասխանում ներկայացված դիրքորոշմանը և հիմնավորումներին անդրադառնալ նաև որոշման պատճառաբանական մասում:
1) 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
Համանման դրույթ է բովանդակում նաև 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, ինչպես նաև 63-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ կետի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից սկսած` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 5-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և այն բավարարվել է դատարանի կողմից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով և գնահատման առարկա դարձնելով այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, հիմք ընդունելով 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է իրավահավասարության ու մրցակցության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս, օրինակ, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի թիվ 3-2343(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետևաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա (տե՛ս, «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելելու, որ գործին մասնակից չդարձված անձանց համար երաշխավորված դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքը դրսևորվում է, մասնավորապես` դատական ակտը բողոքարկելու իրավունքով և դրա իրացման ընթացակարգով, որը կոչված է վերացնելու ստորադաս դատարանում թույլ տրված և բողոք բերող անձի իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական սխալը: Նշված իրավունքի իրացման համար օրենսդրի կողմից սահմանվել են պայմաններ, որոնց պահպանման դեպքում միայն կարող է ապահովվել այն: Մասնավորապես` որպեսզի գործին մասնակից չդարձված անձը հնարավորություն ունենա իրացնելու դատական պաշտպանության իր իրավունքը, պետք է ներկայացնի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջներին բավարարող բողոք այն օրվանից սկսած` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել կամ կարող էր իմանալ նման դատական ակտի կայացման մասին, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո չի անցել քսան տարի: Նման ժամկետի սահմանումը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված` դատավարական գործողությունները նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված ժամկետներում կատարելու անհրաժեշտությունից` հստակեցնելով անձի կողմից իր իրավունքների պաշտպանությանը ձեռնամուխ լինելու ընթացակարգը:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածով սահմանվել է ոչ միայն վերաքննիչ բողոքարկման իրավունքի իրականացման ժամկետ, այլ նաև վերաքննության կարգով դատական ակտի վերանայման քսանամյա վաղեմություն, որն ուղղակիորեն գործին մասնակից չդարձված անձին զրկում է վերաքննիչ բողոքարկման հնարավորությունից: Ընդ որում, ի տարբերություն հայցային վաղեմության ժամկետի, որը դատարանը կիրառում է միայն կողմի միջնորդությամբ, նշված եռամսյա ժամկետն ուղղակիորեն վերաքննությունը բացառող հանգամանք է և դատարանին պարտավորեցնում է սեփական նախաձեռնությամբ կիրառել այս նորմը` վերադարձնելով վերաքննիչ բողոքը: Վճռաբեկ դատարանը նաև հարկ է համարում ընդգծելու, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի համաձայն` վերաքննությունն ընդհանրապես բացառող հանգամանք է դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո քսան տարի անցնելը, որպիսի ժամկետը ենթակա չէ վերականգնման, փոխարենը` գործին մասնակից չդարձված անձի կողմից բողոք բերելու եռամսյա ժամկետի բացթողումը համապատասխան միջնորդության դեպքում կարող է հարգելի ճանաչվել և վերականգնվել: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ «վերաքննիչ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետի վերականգնում» եզրույթը նշանակում է ոչ թե վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետի հոսքի վերսկսում, այլ դատական ակտի բողոքարկման եղանակով անձի խախտված իրավունքների պաշտպանության տրամադրում: Այլ կերպ ասած, որպես կանոն, գործին մասնակից չդարձված անձը վերաքննիչ բողոք կարող է ներկայացնել դատական ակտի մասին տեղեկանալուց հետո եռամսյա ժամկետում, եթե դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո չի անցել քսան տարի: Այն դեպքերում, երբ քսան տարվա ժամկետը պահպանված է, սակայն եռամսյա ժամկետը խախտվել է օբյեկտիվ հիմքերով, օրենսդիրը հնարավորություն է տվել ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` դրանով իսկ ապահովելով դատական ակտի բողոքարկման եղանակով դատական պաշտպանության իրավունքի իրացումը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանը յուրաքանչյուր դեպքում գործին մասնակից չդարձված անձի կողմից ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս, ի թիվս այլնի, պետք է պարզի, թե արդյոք բողոքը ներկայացվել է սահմանված եռամսյա ժամկետի ընթացքում: Ընդ որում, պայմանավորված վարույթ ընդունելու փուլի առանձնահատկություններով` վերաքննիչ դատարանն այդ հանգամանքը պարզում է` առերևույթ գնահատելով ժամկետը պահպանված լինելու հանգամանքը: Այլ կերպ ասած` եթե առերևույթ պահպանված է ժամկետը, վերաքննիչ դատարանը բողոքը պետք է վարույթ ընդունի, քանի որ դա է բխում անձի դատական պաշտպանության, դատարանի մատչելիության իրավունքի էությունից: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ արդեն իսկ վերաքննիչ բողոքի քննության փուլում վերաքննիչ բողոքարկման ժամկետները պահպանված լինելու հարցի վերաբերյալ կասկածներ ծագելու դեպքում վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հանգամանքով և պարտավոր է անդրադառնալ ու գնահատման արժանացնել ժամկետը պահպանած լինելու փաստը: Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` վերաքննիչ դատարանը բողոքի քննության փուլում նույնպես կարող է գնահատման արժանացնել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու պայմանների պահպանված լինելը և եթե պարզի, որ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելիս պահպանված չեն եղել վերաքննիչ բողոք բերելու ժամկետները, ապա ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածով սահմանված լիազորություններով` վերաքննիչ բողոքը պետք է մերժի` հաշվի առնելով, որ ի սկզբանե առկա են եղել վերաքննությունը բացառող հանգամանքներ:
Վճռաբեկ դատարանը վերոնշյալ իրավական դիրքորոշման լույսի ներքո գտնում է, որ նման կարգավորումը կիրառելի է նաև բողոք բերելու համար սահմանված բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելիս: Այսինքն` եթե վերաքննիչ դատարանը բողոքը վարույթ ընդունելիս գնահատել է միջնորդությունը և այն հարգելի համարելով` վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ, սակայն բողոքի քննության փուլում ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք վկայում են միջնորդության ոչ հիմնավոր լինելու վերաբերյալ, ապա վերաքննիչ դատարանն այս դեպքում ևս պետք է մերժի վերաքննիչ բողոքը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործին մասնակից չդարձված անձի կողմից վերաքննիչ բողոք բերելու համար նախատեսված եռամսյա ժամկետը պահպանված լինելը վերաքննիչ դատարանը բողոքը վարույթ ընդունելու փուլում պարզում է` առերևույթ գնահատելով ներկայացված ապացույցները, ինչը չի զրկում վերաքննիչ բողոքի քննության փուլում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը բացառող հանգամանքներն ի հայտ գալու դեպքում մերժել վերաքննիչ բողոքը` արձանագրելով վերաքննիչ բողոքարկումը բացառող հանգամանքի առկայությունը:
2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձը, վերաքննիչ բողոքի պատճենն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, իրավունք ունի պատասխան ուղարկելու վերաքննիչ դատարան և գործին մասնակցող այլ անձանց: Նույն հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքի պատասխանում պետք է նշվեն վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ դիրքորոշումը և դրա հիմնավորումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բողոք բերած անձն իրավունք ունի ներկա գտնվելու վերաքննիչ դատարանի նիստին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վերաքննիչ դատարանի նիստին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպես նաև գործին մասնակցող անձինք, որոնք պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի նույն օրենսգրքի 130.1-րդ հոդվածով սահմանված պահանջները: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` որոշման նկարագրական մասը, ի թիվս այլնի, պետք է պարունակի վերաքննիչ բողոքի պատասխանի առկայության դեպքում` պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները: Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` որոշման պատճառաբանական մասը, ի թիվս այլնի, պետք է պարունակի եզրահանգում` բողոքի յուրաքանչյուր հիմքի հիմնավոր լինելու վերաբերյալ: Նույն կետը նաև մասնավորեցնում է պարզաբանման ենթակա հարցերի շրջանակը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130.1-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռը պատճառաբանված է, եթե դրանում երևում են փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:
Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում, մասնավորապես` Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով, արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որ յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 38):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պայմանավորված վերաքննության վարույթի և վերաքննիչ դատարանում գործի քննության առանձնահատկություններով` վերաքննիչ դատարանում անձն իր դատավարական իրավունքները, որպես կանոն, իրացնում է վերաքննիչ բողոքի կամ դրա պատասխանի ներկայացմամբ` հաշվի առնելով, որ բացատրություն տալու անհրաժեշտությունը որոշում է դատարանը: Ամեն դեպքում անձը չպետք է զրկվի իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, որն էլ հիմնականում արվում է գրավոր եղանակով` վերաքննիչ բողոքում և դրա պատասխանում: Ընդ որում, վերաքննիչ բողոքի պատասխան չներկայացնելը, ի տարբերություն հայցադիմումի պատասխան չներկայացնելու, չի կարող մեկնաբանվել ի վնաս այդ անձի: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե ներկայացվել է վերաքննիչ բողոքի պատասխան, ապա այն պատշաճ գնահատման պետք է արժանանա` հաշվի առնելով, որ դատավարական նման իրավունքի սահմանումն ինքնանպատակ չէ: Վերաքննիչ բողոքի պատասխանը ոչ թե պետք է պարզապես շարադրվի վերաքննիչ դատարանի որոշման նկարագրական մասում, այլ նաև պատճառաբանական մասում վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնա բողոքի պատասխանի փաստարկներին` պարզելու համար վերաքննիչ բողոքի հիմքերի հիմնավորվածությունը վերաքննիչ բողոքի պատասխանի փաստարկների համատեքստում: Այլ կերպ ասած` վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները պետք է հնարավորություն տան եզրակացություն անելու ոչ միայն վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների, այլ նաև բողոքի պատասխանում դրանց կապակցությամբ ներկայացված դիրքորոշումների և հիմնավորումների վերաբերյալ: Նման եզրահանգման համար հիմք է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130.1-րդ հոդվածով ամրագրված` դատական ակտի պատճառաբանվածության պահանջը, որը հնարավոր չէ լիարժեք ապահովել, եթե վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չարժանացնի վերաքննիչ բողոքի պատասխանի փաստարկները, որոնք կարող են վերաբերել ինչպես բողոքի հիմքերին և հիմնավորումներին, այնպես էլ վերաքննությունը բացառող հանգամանքներին:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանը 17.02.2015 թվականի որոշմամբ բավարարել է վերաքննիչ բողոք բերելու մեկամսյա ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ Ռաֆֆի Նախշքերյանի միջնորդությունը և վարույթ է ընդունել վերջինիս` որպես գործին մասնակից չդարձված անձի վերաքննիչ բողոքը: 24.03.2015 թվականին Հակոբ Բաշմակյանի ներկայացուցիչը ներկայացրել է վերաքննիչ բողոքի պատասխան, որում, ի թիվս այլնի, նշել է, որ Ռաֆֆի Նախշքերյանը բաց է թողել վերաքննիչ բողոք ներկայացնելու եռամսյա ժամկետը:
Վերաքննիչ դատարանը որոշման «Վերաքննիչ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները և պահանջը» մասում ներկայացրել է պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները, այդ թվում նաև` սույն քաղաքացիական գործով 07.05.2013 թվականի վճռի մասին թիվ ԵԿԴ/1986/02/13 քաղաքացիական գործի շրջանակներում Ռաֆֆի Նախշքերյանի տեղեկանալու և 29.07.2014 թվականի դատական նիստին դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնելու մասին փաստարկները, սակայն որոշման պատճառաբանական մասում դրանք ընդհանրապես չի գնահատել:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած այն հանգամանքին, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով հարգելի է համարել բողոքարկման ժամկետի բացթողումը և վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ, սակայն բուն վերաքննության փուլում կասկածներ են առաջացել վերաքննիչ բողոքարկման ժամկետները պահպանված լինելու և մասնավորապես` բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու հիմքերի վերաբերյալ:
Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու կամ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու հանգամանքներով և բուն վերաքննության փուլում վերոգրյալի կապակցությամբ կասկածներ առաջանալու դեպքում պարտավոր է անդրադառնալ դրանց հիմնավորվածությանը: Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանը բավարարվել է միայն որոշման նկարագրական մասում վերաքննիչ բողոքի պատասխանի փաստարկները շարադրելով` որոշման պատճառաբանական մասում որևէ կերպ գնահատման չարժանացնելով վերաքննիչ բողոքի պատասխանում բարձրացված` սույն գործով վերաքննությունը բացառող հանգամանքների առկայությունը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանը, որոշման նկարագրական մասում ուղղակիորեն մեջբերելով բողոքի պատասխանի փաստարկները և չգնահատելով դրանք, չի փարատել բողոքի քննության ընթացքում ի հայտ եկած և վերաքննությունը բացառող հանգամանքների առկայության վերաբերյալ կասկածները, որի արդյունքում էլ սահմանափակել է Հակոբ Բաշմակյանի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:
Վերաքննիչ դատարանի կողմից վերը նշված հիմքով դատավարական իրավունքի խախտում թույլ տալու պայմաններում Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում անդրադառնալ վճռաբեկ բողոքի մյուս հիմնավորումներին:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը, այդ թվում նաև` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.10.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցը, ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.05.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի, այդ թվում նաև` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.10.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյանի
Դատավորներ` Վ. Ավանեսյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի