Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 298-ՐԴ, 782...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 298-ՐԴ, 782-ՐԴ, 1226-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                        Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                 ԵԱՆԴ/0137/02/13

    Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0137/02/13            2016 թ.

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

    Դատավորներ`        Ն. Բարսեղյան

                       Մ. Հարթենյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Բարսեղյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2016 թվականի դեկտեմբերի 02-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Արթուր Արշակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.02.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գագիկ Արշակյանի, ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Արթուր Արշակյանի ընդդեմ Վահան Քոչարյանի և Գուրգեն Քոչարյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Մանվել Զոհրաբյանի, «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Օսան Հակոբյանի, «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի իրավահաջորդ ՀՀ նոտարական պալատի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր)` Գագիկ Արշակյանին Հայկազ Արշակյանին պատկանող գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և Գագիկ Արշակյանի սեփականությունը Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացու թաղամասի թիվ 42 շենքի թիվ 6 բնակարանի, Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի թիվ 16 շենքի թիվ 26 բնակարանի և նշված բնակարաններում գտնվող, ժառանգական զանգվածի մեջ մտնող շարժական գույքի նկատմամբ ճանաչելու, 18.09.2012 թվականին «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից Քանաքարա Թադևոսյանի անվամբ թիվ 9003 գրանցամատյանում կատարված ըստ օրենքի ժառանգության իրավունքի գրանցումը, 18.09.2012 թվականին «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից Քանաքարա Թադևոսյանի անվամբ թիվ 9002 գրանցամատյանում կատարված սեփականության իրավունքի գրանցումը և որպես հետևանք` «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի կողմից թիվ 9002 և թիվ 9003 գրանցամատյաններում կատարված իրավունքի գրանցման հիման վրա Կադաստրի կողմից Քանաքարա Թադևոսյանի անվամբ Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացու թաղամասի թիվ 42 շենքի թիվ 6 բնակարանի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, Քանաքարա Թադևոսյանի և Գուրգեն Քոչարյանի միջև 18.10.2012 թվականին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը և որպես հետևանք` Կադաստրի կողմից կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, Քանաքարա Թադևոսյանի և Վահան Քոչարյանի միջև 26.09.2012 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը և որպես հետևանք` Կադաստրի կողմից 26.09.2012 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրից ծագած իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, և ըստ հայցի ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Արթուր Արշակյանի ընդդեմ Վահան Քոչարյանի, Գուրգեն Քոչարյանի, երրորդ անձ «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Օսան Հակոբյանի, «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի իրավահաջորդ ՀՀ նոտարական պալատի, Կադաստրի` Քանաքարա Թադևոսյանի և Գուրգեն Քոչարյանի միջև 18.10.2012 թվականին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը և որպես հետևանք` Կադաստրի կողմից կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, Քանաքարա Թադևոսյանի և Վահան Քոչարյանի միջև 26.09.2012 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը և որպես հետևանք` Կադաստրի կողմից 26.09.2012 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրից ծագած իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու, Արթուր Արշակյանին Հայկազ Արշակյանին պատկանած գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացու թաղամասի թիվ 42 շենքի թիվ 6 բնակարանի, Երևանի Նոր Նորք 7-րդ զանգվածի թիվ 16 շենքի թիվ 26 բնակարանի և նշված բնակարաններում գտնվող շարժական գույքի նկատմամբ Արթուր Արշակյանի սեփականության իրավունքը ճանաչելու, 18.09.2012 թվականին «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից Քանաքարա Թադևոսյանի անվամբ թիվ 9003 գրանցամատյանում կատարված ըստ օրենքի ժառանգության իրավունքի գրանցումը, 18.09.2012 թվականին «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից Քանաքարա Թադևոսյանի անվամբ թիվ 9002 գրանցամատյանում կատարված սեփականության իրավունքի գրանցումը և որպես հետևանք` «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի կողմից թիվ 9002 և թիվ 9003 գրանցամատյաններում կատարված իրավունքի գրանցման հիման վրա Կադաստրի կողմից Քանաքարա Թադևոսյանի անվամբ Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացու թաղամասի թիվ 42 շենքի թիվ 6 բնակարանի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1.Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գագիկ Արշակյանը պահանջել է իրեն ճանաչել Հայկազ Արշակյանին պատկանող գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ, ճանաչել իր սեփականությունը Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացու թաղամասի թիվ 42 շենքի թիվ 6 բնակարանի, Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի թիվ 16 շենքի թիվ 26 բնակարանի և նշված բնակարաններում գտնվող ժառանգական զանգվածի մեջ մտնող շարժական գույքի նկատմամբ, անվավեր ճանաչել 18.09.2012 թվականին «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից Քանաքարա Թադևոսյանի անվամբ թիվ 9003 գրանցամատյանում կատարված ըստ օրենքի ժառանգության իրավունքի գրանցումը, 18.09.2012 թվականին «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից Քանաքարա Թադևոսյանի անվամբ թիվ 9002 գրանցամատյանում կատարված սեփականության իրավունքի գրանցումը և որպես հետևանք` «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի կողմից թիվ 9002 և 9003 գրանցամատյաններում կատարված իրավունքի գրանցման հիման վրա Կադաստրի կողմից Քանաքարա Թադևոսյանի անվամբ Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացու թաղամասի թիվ 42 շենքի թիվ 6 բնակարանի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, անվավեր ճանաչել Քանաքարա Թադևոսյանի և Գուրգեն Քոչարյանի միջև 18.10.2012 թվականին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը և որպես հետևանք` Կադաստրի կողմից կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, անվավեր ճանաչել Քանաքարա Թադևոսյանի և Վահան Քոչարյանի միջև 26.09.2012 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը և որպես հետևանք` Կադաստրի կողմից 26.09.2012 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրից ծագած իրավունքների պետական գրանցումը:

Դիմելով դատարան` ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Արթուր Արշակյանը պահանջել է անվավեր ճանաչել Քանաքարա Թադևոսյանի և Գուրգեն Քոչարյանի միջև 18.10.2012 թվականին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը և որպես հետևանք` Կադաստրի կողմից կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Քանաքարա Թադևոսյանի և Վահան Քոչարյանի միջև 26.09.2012 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը և որպես հետևանք` Կադաստրի կողմից 26.09.2012 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրից ծագած իրավունքների պետական գրանցումը, իրեն ճանաչել Հայկազ Արշակյանին պատկանած գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ և ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացու թաղամասի թիվ 42 շենքի թիվ 6 բնակարանի, Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի թիվ 16 շենքի թիվ 26 բնակարանի և նշված բնակարաններում գտնվող շարժական գույքի նկատմամբ, անվավեր ճանաչել 18.09.2012 թվականին «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից Քանաքարա Թադևոսյանի անվամբ թիվ 9003 գրանցամատյանում կատարված ըստ օրենքի ժառանգության իրավունքի գրանցումը, 18.09.2012 թվականին «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից Քանաքարա Թադևոսյանի անվամբ թիվ 9002 գրանցամատյանում կատարված սեփականության իրավունքի գրանցումը և որպես հետևանք` «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի կողմից թիվ 9002 և թիվ 9003 գրանցամատյաններում կատարված իրավունքի գրանցման հիման վրա Կադաստրի կողմից Քանաքարա Թադևոսյանի անվամբ Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացու թաղամասի թիվ 42 շենքի թիվ 6 բնակարանի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Մարգարյան) (այսուհետ` Դատարան) 28.08.2015 թվականի վճռով Գագիկ Արշակյանի և ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Արթուր Արշակյանի հայցերը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.02.2016 թվականի որոշմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Արթուր Արշակյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.08.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Արթուր Արշակյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գուրգեն և Վահան Քոչարյանների ներկայացուցիչ Արևիկ Եղիազարյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ, 782-րդ հոդվածները, 1226-րդ հոդվածի 3-րդ կետը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի կատարել ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, այլապես հիմնավորված կհամարեր Արթուր Արշակյանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով ժառանգությունն ընդունելու հանգամանքը: Մասնավորապես` վկաներ Օֆիկ Պետրոսյանի, Մարիետա Մանդալյանի, Ռուբիկ Մանդալյանի, Էլյա Գրիգորյանի, Մարինե Տոնոյանի, Աննա Ավետիսյանի ցուցմունքները, Գագիկ Ավետիսյանի միջոցով հոր` Հայկազ Արշակյանի թաղման նպաստն ստանալու հանգամանքը, Ալեքսանդր ՈՒսաչյովի ստացականը և հայտարարությունը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի ավիափոխադրումների ստուգաթերթիկը վկայում են այն մասին, որ Արթուր Արշակյանը փաստացի տիրապետման հիմքով ընդունել է հոր ժառանգությունը:

Վերաքննիչ դատարանը, գնահատելով Գագիկ Ավետիսյանի հայտարարությունը, կարևորել է հանձնարարության իրավահարաբերությունների առկայությունն ապացուցելու անհրաժեշտությունը` հաշվի չառնելով, որ Գագիկ Ավետիսյանի կողմից տրված և նոտարական կարգով հաստատված հայտարարությունը բավարար ապացույց է` կողմերի միջև հանձնարարության իրավահարաբերությունների առկայությունը հաստատված համարելու համար:

Ինչ վերաբերում է Ալեքսանդր ՈՒսաչյովի ստացականի և հայտարարության կապակցությամբ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ փոխառությամբ վերցրած գումարի վերաբերյալ ապացույց կարող է հանդիսանալ միայն փոխատուի մոտ գտնվող պարտքի վերաբերյալ փաստաթուղթը, պարտապանի կողմից տրված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար տալը հավաստող այլ փաստաթուղթը, ապա Հայկազ Արշակյանի և Ալեքսանդր ՈՒսաչյովի միջև փոխառության հարաբերությունների առկայության կամ բացակայության փաստը պարտավորության կողմերի միջև երբեք չի վիճարկվել, իսկ ստացականի առկայությունն արդեն իսկ հաստատում է, որ կողմերի միջև առկա են եղել փոխառության հարաբերություններ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.02.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ սույն գործի քննության ընթացքում Արթուր Արշակյանն որևէ ապացույցով չի հիմնավորել, որ հոր` Հայկազ Արշակյանի ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունած ժառանգ է: Մասնավորապես, վերջինս նշել է, որ իր խնդրանքով Գագիկ Ավետիսյանը ստացել է ժառանգատուի թաղման միանվագ գումարը և փոխանցել իրեն, սակայն պետության կողմից տրված թաղման միանվագ գումարը ժառանգության զանգվածի մեջ չի մտնում, որպիսի հանգամանքը բացառում է Արթուր Արշակյանի կողմից ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունելու փաստը: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Արթուր Արշակյանը հոր մահից հետո 6 ամսվա ընթացքում բնակվել է Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացու թաղամասի թիվ 42 շենքի թիվ 6 բնակարանում, ինչը հաստատվում է վկաների ցուցմունքներով, ապա վերոնշյալ ցուցմունքներն իրենց մեջ պարունակում են էական հակասություններ և չեն կարող հիմք հանդիսանալ վկայակոչած փաստը հաստատելու համար: Հատկանշական է, որ Արթուր Արշակյանի կողմից որպես ապացույց ներկայացված «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի ավիափոխադրումների ստուգաթերթիկը ևս չի կարող փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունելու հիմք հանդիսանալ, քանի որ այն ևս պարունակում է էական հակասություններ: Անդրադառնալով բողոքաբերի կողմից ժառանգատուի պարտքերի մարմանը, ինչի հավաստման կապակցությամբ ներկայացվել է Ալեքսանդր ՈՒսաչյովի կողմից 24.09.2001 թվականին տրված ստացականը և 03.04.2014 թվականին նոտարական կարգով հաստատված հայտարարությունը, ապա դրանք պատշաճ ապացույցներ չեն և իրենց բովանդակությամբ չեն հաստատում, որ ժառանգատուն Ալեքսանդր ՈՒսաչյովից փոխառությամբ վերցրել է 75.000 ԱՄՆ դոլար:

 

3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Էրեբունի և Նուբարաշեն տարածքային բաժնի պետի կողմից 02.12.2010 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Հայկազ Արշակյանի և Քանաքարա Թադևոսյանի ամուսնությունը թիվ 626 ակտով գրանցվել է 11.06.1957 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 12):

2) Սույն գործով չեն վիճարկվում փաստերն առ այն, որ Հայկազ Արշակյանի և Քանաքարա Թադևոսյանի երեխաներն են Գագիկ, Արթուր, Անահիտ Արշակյանները, իսկ Վահան և Գուրգեն Քոչարյաններն Անահիտ Արշակյանի երեխաներն են:

3) ՀՀ ժողովրդական պատգամավորների Երևան քաղաքի Խորհրդային շրջխորհրդի գործադիր կոմիտեի 29.08.1994 թվականի թիվ 36/125 որոշման համաձայն` Երևանի Նորքի 7-րդ մ/շ, 16-րդ շենքի թիվ 26 բնակարանը հանձնվել է Քանաքարա Թադևոսյանին` որպես անձնական սեփականություն (հատոր 1-ին, գ.թ. 21):

4) Սեփականության իրավունքի պետական գրանցման 30.06.2003 թվականի թիվ 1770424 վկայականի համաձայն` Երևանի Նոր Նորք համայնքի 7 մ/շ, 16-րդ շենքի թիվ 26 բնակարանի նկատմամբ գրանցված է Քանաքարա Թադևոսյանի սեփականության իրավունքը` Խորհրդային շրջխորհրդի գործկոմի 29.08.1994 թվականի թիվ 36/125 որոշման հիման վրա (հատոր 4-րդ, գ.թ. 76-77):

5) Սեփականության իրավունքի պետական գրանցման 04.11.2002 թվականի թիվ 478692 վկայականի համաձայն` Երևանի Ավան համայնքի Նարեկացու թաղամասի 42-րդ շենքի թիվ 6 բնակարանի նկատմամբ գրանցված է Հայկազ Արշակյանի սեփականության իրավունքը` Երքաղխորհրդի գործկոմի 04.09.1991 թվականի թիվ 16/3 որոշման հիման վրա (հատոր 4-րդ, գ.թ. 80-81):

6) 27.06.2001 թվականին տրված թիվ ԱԱ 160610 մահվան վկայականի համաձայն` Հայկազ Արշակյանը մահացել է 26.06.2001 թվականին ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում: Մահը գրանցվել է 27.06.2001 թվականին ԵՀՍ ՔԿԱԳ տարածքային բաժնում (հատոր 1-ին, գ.թ. 11):

7) 10.07.2007 թվականին տրված թիվ ԱԱ 097128 մահվան վկայականի համաձայն` Անահիտ Արշակյանը մահացել է 02.07.2007 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 132):

8) 21.01.2013 թվականին տրված թիվ Ա` 117999 մահվան վկայականի համաձայն` Քանաքարա Թադևոսյանը մահացել է 18.01.2013 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 109):

9) 18.09.2012 թվականին «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Է. Շաբոյանի կողմից վավերացված սեփականության իրավունքի վկայագրի համաձայն` Քանաքարա Թադևոսյանը, ով Հայկազ Արշակյանի (մահացած 26.06.2001 թվականին) կենդանի մնացած կինն է, սեփականության իրավունք ունի հիշյալ ամուսինների գույքի 1/2 բաժնի նկատմամբ: Ընդհանուր համատեղ գույքը, որի համար տրված է սույն վկայագիրը, բաղկացած է Երևանի Ավան համայնքի Նարեկացու թաղամասի 42-րդ շենքի թիվ 6 բնակարանից, որը ժառանգատուին է պատկանում անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորք տարածքային ստորաբաժանման կողմից 04.11.2002 թվականին տրված 478692 սեփականության իրավունքի վկայականով (հատոր 1-ին, գ.թ. 139):

10) 18.09.2012 թվականին «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Է. Շաբոյանի կողմից վավերացված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Հայկազ Արշակյանի (մահացած 26.06.2001 թվականին) գույքի նկատմամբ ժառանգ է կինը` Քանաքարա Թադևոսյանը: Ժառանգական գույքը, որի համար տրված է սույն վկայագիրը, բաղկացած է Երևանի Ավան համայնքի Նարեկացու թաղամասի 42-րդ շենքի թիվ 6 բնակարանի 1/6 բաժնից, որը ժառանգատուին է պատկանում անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորք տարածքային ստորաբաժանման կողմից 04.11.2002 թվականին տրված 478692 սեփականության իրավունքի վկայականով: Նշված անշարժ գույքի 1/3 բաժնի նկատմամբ դեռևս ժառանգության իրավունքի վկայագիր չի տրվել (հատոր 1-ին, գ.թ. 139):

11) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 24.09.2012 թվականի թիվ 24092012-01-1344 վկայականի համաձայն` Երևան, Ավան, Նարեկացու թաղամասի 42-րդ շենքի թիվ 6 բնակարանի 2/3 բաժնի նկատմամբ գրանցվել է Քանաքարա Թադևոսյանի սեփականության իրավունքը (հիմք` 18.09.2012 թվականի թիվ 9002, 9003 սեփականության և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր): Նշված անշարժ գույքի 1/3 բաժնեմասի նկատմամբ դեռևս ժառանգության իրավունքի վկայագիր չի տրվել (հատոր 1-ին, գ.թ. 138):

12) «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Օ. Հակոբյանի կողմից 26.09.2012 թվականին վավերացված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի համաձայն` Քանաքարա Թադևոսյանը Երևանի Նոր Նորքի 7-րդ մ/շ., 16-րդ շենքի թիվ 26 հասցեում գտնվող բնակարանը նվիրել է Վահան Քոչարյանին (հատոր 1-ին, գ.թ. 136):

13) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 01.10.2012 թվականի թիվ 01102012-01-0959 վկայականի համաձայն` Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ միկրոշրջանի 16-րդ շենքի թիվ 26 բնակարանի նկատմամբ գրանցվել է Վահան Քոչարյանի սեփականության իրավունքը (հիմք` 26.09.2012 թվականի նվիրատվության պայմանագիր` հ.6238) (հատոր 1-ին, գ.թ. 134):

14) 18.10.2012 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Քանաքարա Թադևոսյանը Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացու թաղամասի 42-րդ շենքի թիվ 6 բնակարանը 16.000.000 ՀՀ դրամով վաճառել է Գուրգեն Քոչարյանին (հատոր 1-ին, գ.թ. 129-130):

15) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 19.10.2012 թվականի վկայականի համաձայն` Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացու թաղամասի 42-րդ շենքի թիվ 6 բնակարանի նկատմամբ գրանցվել է Գուրգեն Քոչարյանի սեփականության իրավունքը (հիմք` 18.10.2012 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիր) (հատոր 4-րդ, գ.թ. 90):

16) 27.12.2012 թվականին «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Է. Մակարյանի կողմից վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Գուրգեն Քոչարյանը և Ֆենյա Քոչարյանը (որոնց անունից «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Գայանե Ենգիբարյանի կողմից 18.10.2012 թվականին վավերացված թիվ 3542 լիազորագրով հանդես է գալիս Վահան Քոչարյանը) Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացու թաղամասի 42-րդ շենքի թիվ 6 բնակարանը վաճառել են Մանվել Զոհրաբյանին, ում սեփականության իրավունքը 08.01.2013 թվականին գրանցվել է, և վերջինիս տրվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական (հատոր 4-րդ, գ.թ. 91-92):

17) 04.02.2013 թվականին «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Է. Մակարյանի կողմից վավերացված համաձայնագրով` Գուրգեն Քոչարյանը, Ֆենյա Քոչարյանը` մի կողմից, և Մանվել Զոհրաբյանը` մյուս կողմից, կնքել են համաձայնագիր` «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Է. Մակարյանի կողմից 27.12.2012 թվականին վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը լուծելու մասին (հատոր 4-րդ, գ.թ. 93):

18) Վահան Քոչարյանի` 04/03/2013-1-0341 դիմումին ի պատասխան Կադաստրի 06.03.2013 թվականի թիվ ԱՏ-04/03/2013-1-0341 տեղեկանքի համաձայն` ըստ Երևանի Նարեկացու թաղամասի 42-րդ շենքի թիվ 6 հասցեի կադաստրային գործի տվյալների` 04.02.2013 թվականի պայմանագիրը լուծելու մասին համաձայնագրից ծագող իրավունքների նկատմամբ պետական գրանցում չի կատարվել, քանի որ վերը նշված հասցեի անշարժ գույքի նկատմամբ ԴԱՀԿ ծառայության կողմից 04.02.2013 թվականի Ո00212-88674/13 (հաղորդագրություն Ե12000083289), 04.02.2013 թվականի Ո00116-88885/13 (հաղորդագրություն 12000083290) որոշումներով կիրառվել է սահմանափակում, որը բացառում է իրավունքի պետական գրանցումը (հատոր 4-րդ, գ.թ. 94):

19) 11.10.2013 թվականին տրված «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի ավիափոխադրումների ստուգաթերթիկի հայերեն թարգմանության համաձայն` կարգավար Ավանեսովի հերթափոխի ժամանակ (03.07.2001 թ. 08:30-04.07.2001 թ. 08:30) տեղի է ունեցել բեռների ընդունում (ներմուծում), ըստ որի` Ռոստով քաղաքից տեղափոխվել է աճյուն, որի ուղարկողն ու ստացողը հանդիսացել է Արթուր Արշակյանը (հատոր 4-րդ, գ.թ. 68-69):

20) Ալեքսանդր ՈՒսաչյովի կողմից 24.09.2001 թվականին տրված ռուսերեն ստացականի հայերեն թարգմանության համաձայն` վերջինս Արթուր Արշակյանից ստացել է 75.000 ԱՄՆ դոլարին համարժեք 2.205.000 ռուբլի, որն իր կողմից նախապես` 15.01.2001 թվականի փոխառության պայմանագրով տրվել է Հայկազ Արշակյանին (Արթուր Արշակյանի հորը) (հատոր 4-րդ, գ.թ. 125-126):

21) Ալեքսանդր ՈՒսաչյովի կողմից 03.04.2014 թվականին նոտարական կարգով հաստատված հայտարարության հայերեն թարգմանության համաձայն` 15.01.2001 թվականին իր և Հայկազ Արշակյանի միջև կնքվել է 2.125.000 ռուբլի գումարի չափով փոխառության պայմանագիր, որը համարժեք է 75.000 ԱՄՆ դոլարին: 26.06.2001 թվականին մահացել է Հայկազ Արշակյանը, իսկ նրա որդին` Արթուր Արշակյանը, 24.09.2001 թվականին Ալեքսանդր ՈՒսաչյովին է փոխանցել տվյալ գումարը: Վերջինս նաև հայտարարել է, որ Հայկազ Արշակյանի, ինչպես նաև վերոնշյալ փոխառության պայմանագրով նրա ժառանգների նկատմամբ ֆինանսական պահանջներ չունի (հատոր 4-րդ, գ.թ. 127-128):

22) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սոցիալական ապահովության պետական ծառայության» 01.09.2014 թվականի թիվ ԱՊ/ԱԱր-2/6941-14 գրության համաձայն` 26.06.2001 թվականին մահացած Հայկազ Արշակյանի` 52.320 ՀՀ դրամ թաղման միանվագ գումարը և 30.520 ՀՀ դրամ ժառանգվող գումարը վճարվել են Գագիկ Ավետիսյանին: Միաժամանակ հայտնվել է, որ փաստաթղթային հիմքերը հանձնվել են «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ին (հատոր 6-րդ, գ.թ. 88):

23) Գագիկ Ավետիսյանի` նոտարական կարգով հաստատված 13.12.2014 թվականի հայտարարության հայերեն թարգմանության համաձայն` վերջինս Հայկազ Արշակյանի հարսնեղբայրն է և հաստատում է, որ մահացածի որդու` Արթուր Արշակյանի խնդրանքով 26.06.2001 թվականին պետությունից ստացել է գումար և 18.07.2001 թվականին այն փոխանցել է Արթուր Արշակյանին (հատոր 8-րդ, գ.թ. 3-5):

24) Վկաներ Օֆիկ Պետրոսյանը, Ռուբիկ Մանդալյանը, Մարիետա Մանդալյանը, Էլյա Գրիգորյանը, Մարինե Տոնոյանը, Աննա Ավետիսյանը, ըստ էության, նույնաբովանդակ ցուցմունքներով հայտնել են, որ Արթուր Արշակյանը հոր` Հայկազ Արշակյանի աճյունը տեղափոխել է Հայաստան, եղբոր` Գագիկ Արշակյանի հետ միասին կատարել է հուղարկավորության ծախսերը, հոր մահից հետո որոշ ժամանակ բնակվել է Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացու թաղամասի 42-րդ շենքի թիվ 6 բնակարանում (հատոր 8-րդ, գ.թ. 70-71, 103-104, 132, դատական նիստի արձանագրություն):

25) Վկաներ Էմմա Խաչատրյանը, Արթուր Խաչատրյանը, Ռուզաննա Մնացականյանը, Սերյոժա Քոչարյանը, ըստ էության, նույնանման ցուցմունքներ են տվել այն մասին, որ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն` Հայկազ Արշակյանի հուղարկավորությունը կազմակերպել է Գագիկ Ավետիսյանը, իսկ, մասնավորապես, Արթուր Արշակյանը հոր հուղարկավորությանը չի մասնակցել (հատոր 8-րդ, գ.թ. 103-104, 106, 108, 129-130, 132, դատական նիստի արձանագրություն):

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ժառանգի կողմից փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունելու կամքի դրսևորման առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն` առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները: Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1221-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մինչև ժառանգության բացումը մահացած ըստ օրենքի ժառանգի բաժինն անցնում է նրա երեխաներին (ներկայացման իրավունքով ժառանգություն) և նրանց միջև բաշխվում է հավասարապես:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգություն ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում: Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաuտացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը

1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.

2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.

3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է վկայակոչված հոդվածների վերլուծությանը: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը նախատեսել է ժառանգության ընդունման երկու եղանակ` ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելը և ժառանգի կողմից ժառանգված գույքը փաստացի տիրապետելը կամ կառավարելը: Ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել այդ գույքը, ինչը հանդիսանում է ժառանգական գույքի նկատմամբ ժառանգի սեփականության իրավունքի ծագման նախապայման (տե՛ս, օրինակ, Արմինե Հակոբյանը և Սամվել Հակոբյանն ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի և մյուսների թիվ 3-1621(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ժառանգական գույքի փաստացի տիրապետելու հանգամանքը կարող է ապացուցվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով նախատեսված ապացույցների տեսակներով, ընդ որում, գույքի տիրապետման կամ կառավարման ապացույց կարող է հանդիսանալ նաև բնակարանային շահագործման մարմինների, համատիրությունների, բնակարանային-շինարարական կոոպերատիվների, տեղական ինքնակառավարման մարմինների և օրենսդրությամբ համապատասխան փաստաթուղթ տալու իրավունք ունեցող այլ մարմինների կողմից տրված տեղեկանքը կամ այլ ապացույցներ, որոնք ուղղակիորեն հաստատում են այն, որ ժառանգը փաստացի տիրապետմամբ ընդունել է ժառանգությունը (տե՛ս, Միշա Վարդանյանն ընդդեմ Վարդան Վարդանյանի և մյուսների թիվ 3-938(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշումը):

Եթե օրենսդիրը դիմում տալու եղանակով ժառանգության ընդունման հատուկ ընթացակարգ է նախատեսել (ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին վեցամսյա ժամկետում հանձնելը), ապա փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ժառանգության ընդունումը կարող է տեղի ունենալ ժառանգի կողմից ամենատարբեր բնույթի ակտիվ գործողություններ սկսելու հիմքով, որպիսիք ուղղված են ժառանգատուի գույքի փաստացի տիրապետման և կառավարման հնարավորությունների ապահովմանը (տե՛ս, Կիմա Սարգսյանն ընդդեմ Հարություն Սարգսյանի և մյուսների թիվ 3-1224(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ըստ օրենքի ժառանգման դեպքում ժառանգատուի մահվանից հետո վեցամսյա ժամկետում ժառանգի կողմից ժառանգված գույքի փաստացի տիրապետումն ու կառավարումն արդեն իսկ գիտակցված, ակտիվ գործողություններ են, որոնք նպատակաուղղված են ժառանգության ընդունմանը: Եթե ժառանգը, գիտակցելով, որ գույքը պատկանել է ժառանգատուին, վերջինիս մահվանից հետո տիրապետում և կառավարում է այդ գույքը, ըստ էության գիտակցաբար կատարում է ակտիվ գործողություններ, իսկ նման գործողությունների կատարումն օրենսդիրը համարում է ժառանգության ընդունման եղանակներից մեկը: Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ գործով հիմնավորված է ժառանգատուի մահվանից հետո ժառանգված գույքի փաստացի տիրապետման և կառավարման հանգամանքը, ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու համար այլևս անհրաժեշտություն չկա ապացուցելու այլ ակտիվ, գիտակցված գործողությունների կատարման վերաբերյալ փաստեր ... (տե՛ս, Սամվել Հովհաննիսյանն ընդդեմ Լիդա Հովհաննիսյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ2/0420/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):

Զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով ժառանգությունն ընդունելու համար բավարար է նաև ժառանգի կողմից ժառանգատուի պարտքերն իր հաշվին վճարելը կամ երրորդ անձանցից ժառանգատուին հասանելիք գումարներն ստանալը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի և 1186-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումների փոխկապակցված մեկնաբանության արդյունքում գտնում է, որ ժառանգատուին հասանելիք գումարները ևս պետք է կազմեն ժառանգության զանգվածի մաս: Այսինքն` այն դեպքերում, երբ ժառանգի կողմից ժառանգությունն ընդունվում է ժառանգատուին հասանելիք գումարները երրորդ անձանցից ստանալով, ապա պետք է ապացուցվի դրանց նկատմամբ ժառանգատուի` նախքան մահանալը որևէ իրավունք (այդ թվում նաև` պահանջի իրավունք) ունենալը: ՈՒստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժառանգատուի մահվան կապակցությամբ տրամադրվող գումարները, այդ թվում` թաղման նպաստը, ժառանգության զանգվածի մաս կազմել չեն կարող, նախ` քանի որ դրանք ստանալու իրավունքը ծագում է ժառանգատուի մահվան դեպքում, և երկրորդ` դրանք ոչ թե ժառանգատուին հասանելիք գումարներ են, որոնց նկատմամբ ժառանգատուն ունեցել է պահանջի իրավունք, այլ պետության կողմից իր սոցիալական ապահովության ներքո գտնվող անձի մահվան դեպքում հուղարկավորության կազմակերպման համար տրվող գումար:

Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ Արթուր Արշակյանի վկայակոչած ու ներկայացրած ապացույցներով չի հիմնավորվում իր կողմից փաստացի տիրապետման հիմքով հոր ժառանգությունն ընդունելու փաստը: Դատարանը, մասնավորապես, նշել է, որ երրորդ անձի կողմից հրավիրված վկաները հակասական ցուցմունքներ են տվել Արթուր Արշակյանի` Հայաստան գալու և Հայաստանից մեկնելու ժամանակահատվածի, հոր հուղարկավորությունը կազմակերպելու, հոր բնակարանում բնակվելու վերաբերյալ: Անդրադառնալով «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի ավիափոխադրումների ստուգաթերթիկին` Դատարանը, մասնավորապես, գտել է, որ եթե անգամ վերջինս հաստատում է, որ Հայկազ Արշակյանի աճյունը ստացել է Արթուր Արշակյանը, ապա այն դեռևս բավարար չէ հաստատված համարելու Արթուր Արշակյանի` հոր մահից հետո ժառանգությունն ընդունած լինելու հանգամանքը: Դատարանը նաև նշել է, որ Ալեքսանդր ՈՒսաչյովի հայտարարությունը չի կարող հաստատել փոխառության հարաբերությունների առկայությունը, քանի որ նոտարի կողմից հաստատվել է միայն հայտարարությունն Ալեքսանդր ՈՒսաչյովի կողմից իր ներկայությամբ ստորագրված լինելու հանգամանքը: Դատարանը նաև փաստել է, որ գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ պետությունից ստանալով Հայկազ Արշակյանի թաղման գումարը` Գագիկ Ավետիսյանը գործել է Արթուր Արշակյանի հանձնարարությամբ և հօգուտ նրա:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, ըստ էության հիմնավոր է համարել վերը շարադրված եզրահանգումները:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Վերը շարադրվածի համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները սույն գործով չեն իրականացրել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում ու գնահատում` Արթուր Արշակյանի կողմից հոր ժառանգությունն ընդունելու պայմանների առկայությունը պարզելու ուղղությամբ: Այսպես` ստորադաս դատարանները, գնահատելով վկաների ցուցմունքները, առկա հակասությունների պատճառաբանությամբ եզրահանգել են, որ դրանք չեն հաստատում Արթուր Արշակյանի կողմից հոր ժառանգությունն ընդունելու հանգամանքը: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վկաների ցուցմունքներում առկա հակասություններն ինքնին չեն բացառում ցուցմունքների ապացուցողական նշանակությունը: Հետևաբար սույն գործով ստորադաս դատարանները, բացահայտելով վկաների ցուցմունքների միջև առկա հակասությունների` սույն գործի լուծման համար էական լինելու կամ չլինելու հանգամանքը, դրանք պետք է գնահատեին մնացած բոլոր ապացույցների համակցության մեջ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի ավիափոխադրումների ստուգաթերթիկը, վկաներ Օֆիկ Պետրոսյանի, Մարիետա Մանդալյանի, Ռուբիկ Մանդալյանի, Էլյա Գրիգորյանի, Մարինե Տոնոյանի, Աննա Ավետիսյանի ցուցմունքները վկայում են այն մասին, որ Հայկազ Արշակյանի մահից հետո որոշակի ժամանակ Արթուր Արշակյանը գտնվել է Հայաստանի Հանրապետությունում: Նման պարագայում, չնայած հոր աճյունը Հայաստան տեղափոխելն ինքնին չի կարող վկայել ժառանգությունն ընդունելու մասին, սակայն կարող է նախապայման լինել` հաստատված համարելու հոր մահվանից հետո Արթուր Արշակյանի` Հայաստանում գտնվելու փաստը:

Անդրադառնալով Ալեքսանդր ՈՒսաչյովի կողմից տրված ստացականի և հայտարարության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ստորադաս դատարանները նշված ապացույցները ևս գործում առկա մյուս ապացույցների համակցության մեջ չեն գնահատել և հաշվի չեն առել, որ սույն գործով վիճարկվում է ոչ թե փոխառության հարաբերությունների առկայությունը, այլ ժառանգի կողմից իր հաշվին ժառանգատուի պարտքերը մարելու հանգամանքը: Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են, որ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ օրենսդիրը պարտատիրոջ վրա պարտականություն է դրել պարտքի կատարումն ընդունելիս պարտապանի պահանջով կատարումը լրիվ կամ համապատասխան մասով ստանալու մասին նրան ստացական տալ (...) (տե՛ս, Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.06.2012 թվականի որոշումը): Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ վճռաբեկ դատարանը հնարավոր է համարել նաև անուղղակի ապացույցներով պարտապանի կողմից պարտավորության կատարումը հիմնավորելը` մանրամասնեցնելով նմանատիպ դեպքերը (տե՛ս, Ղասեմ Աբդոլահ Նեժադն ընդդեմ Աշոտ Հարությունյանի և մյուսների թիվ ԵԱՔԴ/0704/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը): Նման պարագայում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարաններն Ալեքսանդր ՈՒսաչյովի կողմից տրված ստացականը և հայտարարությունը պետք է գնահատեին նաև վերոնշյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո` պարզելու համար ինչպես ենթադրյալ պարտավորության կատարված լինելը, այնպես էլ մինչև այդ` պարտավորության առկայությունը հավաստող ապացույց լինելու հանգամանքը:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ անհիմն է համարում ստորադաս դատարանների եզրահանգումը` Գագիկ Ավետիսյանի` Արթուր Արշակյանի հանձնարարությամբ գործելու վերաբերյալ: Նախ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 782-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` հանձնարարության պայմանագիրը կնքվում է գրավոր, սակայն հաշվի առնելով, որ նույն հոդվածը գործարքի ձևը չպահպանելը չի դիտարկում որպես գործարքի անվավերության հիմք, գտնում է, որ սույն գործով կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումն այն մասին, որ գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից: Հետևաբար հանձնարարության հարաբերությունների առկայությունը սույն գործով կարող էր հաստատված համարել գործում առկա գրավոր ապացույցների համակցության մեջ` հատկապես նկատի ունենալով, որ հանձնարարության հարաբերությունների ենթադրյալ կողմերի միջև այդ կապակցությամբ որևէ վեճ առկա չէ: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո պետությունից ստացած թաղման գումարը չի կարող ընդգրկվել ժառանգության զանգվածի մեջ, ուստի այս կապակցությամբ վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները հիմնավոր են: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները չեն գնահատել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սոցիալական ապահովության պետական ծառայության» կողմից տրված գրությունը` բացահայտելու համար, թե «30.520 ՀՀ դրամ ժառանգվող գումար» արտահայտությունն ինչ գումարի է վերաբերում, և արդյոք նշված գումարը մտել է ժառանգության զանգվածի մեջ: ՈՒստի սույն ապացույցը գնահատելիս նույնպես ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով չի իրականացվել գործում առկա ապացույցների լրիվ և բազմակողմանի հետազոտում ու գնահատում, որպիսի պարագայում առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն:

 

Վերը նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում նշված մյուս փաստարկները:

 

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ գործը նոր քննության է ուղարկվում միայն Արթուր Արշակյանի պահանջների մասով, քանի որ Դատարանի վճիռը վերաքննության կարգով, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկվել են միայն այդ մասով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ դատական ծախսերի, այդ թվում` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.08.2016 թվականի որոշմամբ հետաձգված, ինչպես նաև վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.02.2016 թվականի որոշումը և գործը` ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Արթուր Արշակյանի պահանջների մասով ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի, այդ թվում` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.08.2016 թվականի որոշմամբ հետաձգված, ինչպես նաև վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` . Խունդկարյանի

Դատավորներ` Ա. Բարսեղյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.12.2016
N ԵԱՆԴ/0137/02/13
Որոշում