Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 78-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
ԵԱՔԴ/1618/02/10
Քաղաքացիական գործ թիվ   ԵԱՔԴ/1618/02/10

Նախագահող դատավոր`   Գ. Խանդանյան
                    Դատավորներ`   Ս. Միքայելյան
                                                    Հ. Ենոքյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Գ. Հակոբյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

 

2016 թվականի դեկտեմբերի 02-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով Տիմոֆեյ Իլյինի ներկայացուցիչ Ռոբերտ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.04.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Տիմոֆեյ Իլյինի ընդդեմ Թաթուլ Հակոբյանի` պատասխանողին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու և վնասի հատուցման պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տիմոֆեյ Իլյինը պահանջել է պարտադրել Թաթուլ Հակոբյանին քանդել և տեղափոխել վերջինիս հողամասում գտնվող ջրավազանը կամ վերակառուցել այն, իր տանը կից կառուցված լոգարանը ջրամեկուսացնել և իր տան պատից առանձնացնել լրացուցիչ պատով, ապահովել ջրահեռացումը պատշաճ մակարդակով, ինչպես նաև պատասխանողից բռնագանձել իր բնակելի տան հիմքերի ամրացման և պատճառված վնասների վերականգնման ծախսերը` 2.042.137 ՀՀ դրամի չափով, «Էքսպերտ Լաբորատորիա» ՍՊԸ-ին վճարված 75.000 ՀՀ դրամը, փաստաբանի ծառայության համար վճարված 100.000 ՀՀ դրամը և նախապես վճարված պետական տուրքի գումարը` 9.950 ՀՀ դրամի չափով:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա.Դանիելյան) 14.06.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ա.Պետրոսյան, Ա.Թումանյան, Կ. Չիլինգարյան) 20.10.2011 թվականի որոշմամբ Տիմոֆեյ Իլյինի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.06.2011 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Զ. Նախշքարյան) (այսուհետ` Դատարան) 16.12.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.04.2016 թվականի որոշմամբ Թաթուլ Հակոբյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 16.12.2015 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիմոֆեյ Իլյինի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը, ինչը հանգեցրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ, 13-րդ հոդվածների խախտմանը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բողոքի քննության օր նշանակել էր 19.02.2016 թվականին, որի վերաբերյալ ծանուցագիրը բողոք բերած անձը ստացել է 04.02.2016 թվականին:

Կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ բողոքի քննության ավարտից հետո Վերաքննիչ դատարանը դատական ակտի հրապարակման օր նշանակել էր 04.03.2016 թվականին:

04.03.2016 թվականին կայացած դատական նիստի ընթացքում բողոքի քննությունը վերսկսվել է, քանի որ Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարել լսել կողմերի բացատրությունները` միաժամանակ հայտարարելով, որ վերաքննիչ բողոքի քննության օրվա և ժամանակի մասին կողմերին կուղարկվի դատական ծանուցագրեր:

Բողոք բերած անձը 12.03.2016 թվականին ստացել է Վերաքննիչ դատարանի 04.03.2016 թվականի գործի վարույթը վերսկսելու մասին որոշումը, որի եզրափակիչ մասի 2-րդ կետի համաձայն` Դատարանի 16.12.2015 թվականի վճռի դեմ Թաթուլ Հակոբյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության օրվա և ժամանակի մասին կողմերը լրացուցիչ կծանուցվեն:

19.04.2016 թվականին բողոք բերած անձը ստացել է Վերաքննիչ դատարանի 15.04.2016 թվականի որոշումը, որով բեկանվել է Դատարանի վճիռը, և գործն ուղարկվել է նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:

Գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Վերաքննիչ դատարանը բողոքի քննությունն իրականացրել է 01.04.2016 թվականին, որի մասին Տիմոֆեյ Իլյինը չի ծանուցվել և ներկա չի եղել դատական նիստին` իրենից անկախ պատճառներով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.04.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Վերաքննիչ դատարանի` 29.01.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին» որոշմամբ Դատարանի 16.12.2015 թվականի վճռի դեմ Թաթուլ Հակոբյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, և բողոքի քննությունը նշանակվել է 19.02.2016 թվականին ժամը 11:30-ին (հատոր 4-րդ, գ.թ. 49-50):

2) Վերաքննիչ դատարանի` 19.02.2016 թվականին` ժամը 11:33-ին սկսված դատական նիստի արձանագրման համառոտագրման համաձայն` դատական նիստին ներկայացել են հայցվորի ներկայացուցիչ Ռոբերտ Գրիգորյանը և պատասխանողի ներկայացուցիչ Հարություն Հովհաննիսյանը: Բողոքի քննությունը հայտարարվել է ավարտված, և նախագահող դատավորը հայտնել է, որ սույն գործով դատական ակտը կհրապարակվի 04.03.2016 թվականին` ժամը 11:36-ին (հատոր 4-րդ, գ.թ. 60-61):

3) Վերաքննիչ դատարանի` 04.03.2016 թվականին` ժամը 12:01-ին սկսված դատական նիստի արձանագրման համառոտագրման համաձայն` բողոքի քննությունը վերսկսվել է, հաջորդ դատական նիստը նշանակվել է մեկ այլ հերթի, իսկ նախագահող դատավորը հայտնել է, որի հաջորդ դատական նիստի ժամանակի և վայրի մասին կողմերը լրացուցիչ կծանուցվեն (հատոր 4-րդ, գ.թ. 62-63):

4) Վերաքննիչ դատարանի` 04.03.2016 թվականի «Գործի վարույթը վերսկսելու մասին» որոշման համաձայն` Դատարանի` 16.12.2015 թվականի վճռի դեմ Թաթուլ Հակոբյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության օրվա և ժամանակի մասին կողմերը լրացուցիչ կծանուցվեն (հատոր 4-րդ, գ.թ. 64-65):

5) Վերաքննիչ դատարանի` 01.04.2016 թվականին ժամը 11:20-ին սկսված դատական նիստի արձանագրման համառոտագրման համաձայն` դատական նիստին կողմերը չեն ներկայացել` չնայած պատշաճ ծանուցման: Գործի քննությունը հայտարարվել է ավարտված, և նախագահող դատավորը հայտնել է, որ սույն գործով դատական ակտը կհրապարակվի 15.04.2016 թվականին` ժամը 11:37-ին (հատոր 4-րդ, գ.թ. 75-76):

6) Սույն գործում առկա չէ որևէ ապացույց` Տիմոֆեյ Իլյինին 01.04.2016 թվականին ժամը 11:20-ին կայացած դատական նիստի մասին ծանուցելու վերաբերյալ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նմանատիպ գործերով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ վերաքննիչ դատարանում դատական նիստերի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման հարցին:

2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատական ծանուցագրերի միջոցով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարության մասնակիցներին դատական ծանուցագիրը` ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, հանձնվում է առձեռն, կամ ուղարկվում է էլեկտրոնային եղանակով` նույն հոդվածի 4-րդ, 9-րդ և 10-րդ մասերով սահմանված դեպքերում և կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բողոք բերած անձն իրավունք ունի ներկա գտնվելու վերաքննիչ դատարանի նիստին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վերաքննիչ դատարանի նիստին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպես նաև գործին մասնակցող անձինք, որոնք պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում, մասնավորապես` Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով, արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, կետ 38):

ՀՀ վճռաբեկ դատարանը Եվրոպական դատարանի վերը նշված իրավական դիրքորոշման համատեքստում նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման վերաբերյալ օրենսդրական համապատասխան իրավակարգավորումներին և դրանց կիրառման հետ կապված հիմնախնդիրներին: Այսպես, դիտարկելով դեռևս մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի կիրառման հարցը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները պատշաճ ծանուցված են համարվում այն դեպքում, երբ դատարանում հավաստի տեղեկություն է ստացվում դատական ծանուցագիրը հասցեատիրոջը հանձնվելու մասին: Գործին մասնակցող անձանց` դատական նիստի ժամանակի և վայրի, դատավարական այլ գործողությունների իրականացման մասին պատշաճ ծանուցումը կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանն է: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով պաշտպանվող մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկացնելը դատարանի պարտականությունն է, որի չպահպանելը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է դատավարական իրավունքի էական խախտում: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված ծանուցման պահանջի չպահպանումը հանգեցնում է նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտման: Թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում ուղղակիորեն նշված չէ, սակայն Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում (Կոլոցցան ընդդեմ Իտալիայի գործով 12.02.1985 թվականի վճռի 28-րդ կետ) արտահայտել է այն դիրքորոշումը, որ Պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը (տե՛ս, օրինակ, «Հայկապ» բանկ ՓԲԸ-ի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարն ընդդեմ Շահեն Բաբայանի թիվ 2-2128(Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի, Շենգավիթի թաղապետարանն ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոների և մյուսների թիվ 3-2236(Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի որոշումները):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը 03.07.2014 թվականից արդեն իսկ գործում է այլ խմբագրությամբ` ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել անդրադառնալ նոր կարգավորումներով նախատեսված փոփոխությունների և լրացումների բովանդակությանն ու առանձնահատկություններին, ինչպես նաև դրանց նկատմամբ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների կիրառելիության հարցին: Այսպես` 03.07.2014 թվականից հետո գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասում կատարված փոփոխությունները կրում են զուտ խմբագրական բնույթ և, ըստ երևույթին, որևէ նոր կանոնակարգում չեն նախատեսում: Ինչ վերաբերում է նույն հոդվածի 2-րդ մասին, ապա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ այդ իրավանորմում կատարված փոփոխությունների արդյունքում ընդլայնվել է դատական ծանուցման եղանակների շրջանակը, առավել մանրակրկիտ և հստակ ամրագրում են ստացել դատական ծանուցագրերը դատավարության մասնակիցներին հանձնելու միջոցները: Ներկայումս գործող կանոնակարգումների համաձայն` այդ եղանակներն են.

1) ծանուցագիրը պատվիրված նամակով ուղարկելը, ընդ որում` հանձնման մասին ծանուցմամբ,

2) ծանուցագիրը դատավարության մասնակցին առձեռն հանձնելը,

3) էլեկտրոնային եղանակով ուղարկելը, որը, ընդ որում, իրագործելի է միայն նույն հոդվածի համապատասխան կետերով նախատեսված դեպքերում և կարգով:

Ըստ այդմ` ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: Նոր իրավակարգավորումների պարագայում ևս, անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը:

Հետևաբար վերահաստատելով դատական ծանուցումների դատավարական ինստիտուտի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դրանք կիրառելի են նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի` 03.07.2014 թվականից ուժի մեջ մտած և ներկայումս գործող խմբագրությամբ նախատեսված իրավակարգավորումների նկատմամբ:

Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածը: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված հոդվածի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը վերաքննիչ դատարանում դատական նիստին ներկա գտնվելու իրավունքն անվերապահորեն ճանաչել է միայն բողոք բերող անձի առնչությամբ, չնայած, միաժամանակ, թե՛ բողոք բերող անձին, թե՛ գործին մասնակցող անձանց դատական նիստին կանչելը (հրավիրելը, ծանուցելը) սահմանվել է որպես վերաքննիչ դատարանի «հայեցողական լիազորություն», քանի որ վերջինս այդ գործողությունները կատարում է միայն համապատասխան «անհրաժեշտության դեպքում»:

i

Այս կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել փաստել, որ դատական նիստերին ներկա գտնվելու, իր իրավունքների պաշտպանության դատավարական միջոցներն օգտագործելու իրավունքը (օրինակ` դատական կազմի մեջ ընդգրկված դատավորին ինքնաբացարկի միջնորդության ներկայացում և այլն) չի կարող համարվել միայն վերաքննիչ բողոք բերած անձին պատկանող իրավունք, այն իրավաչափորեն և արդարացիորեն պետք է վերապահվի նաև գործին մասնակից հանդիսացող մյուս բոլոր անձանց: Հետևաբար բոլոր դեպքերում վերաքննիչ դատարանը կրում է գործին մասնակցող անձանց դատական նիստերի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցելու պարտականություն (տե՛ս, Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` 04.03.2016 թվականին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ վերսկսվել է վերաքննիչ բողոքի քննությունը, և հաջորդ դատական նիստը նշանակվել է մեկ այլ հերթի: Վերաքննիչ դատարանի` 04.03.2016 թվականի «Գործի վարույթը վերսկսելու մասին» որոշումն ուղարկվել է կողմերին, որտեղ նշվել է, որ վերաքննիչ բողոքի քննության օրվա և ժամի մասին կողմերը լրացուցիչ կծանուցվեն: Հաջորդ դատական նիստը կայացել է 01.04.2016 թվականին` ժամը 11:20-ին:

Սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Տիմոֆեյ Իլյինը ծանուցվել է 01.04.2016 թվականին` ժամը 11:20-ին կայանալիք դատական նիստի մասին: Այսինքն` Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան բողոք բերած անձին պատշաճ ձևով չի ծանուցել 01.04.2016 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին ու գործը քննել է նրա բացակայությամբ:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, չապահովելով Տիմոֆեյ Իլյինի` վերաքննիչ բողոքի քննության վերաբերյալ տեղեկացված լինելու իրավունքը, սահմանափակել է վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը, այդ թվում նաև` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 26.08.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցը, ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.04.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի, այդ թվում նաև` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 26.08.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Գ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
  Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

pin
Վճռաբեկ դատարան
02.12.2016
N ԵԱՔԴ/1618/02/10
Որոշում