Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԶԱՆԳՎԱԾԻ ՄԵՋ ՄՏՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԶԱՆԳՎԱԾԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ԳՈՒՅՔԻ ՆԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                        Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                 ԵՄԴ/0225/02/09

    Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0225/02/09             2016 թ.

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Ա. Խառատյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Մ. Դրմեյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2016 թվականի դեկտեմբերի 02-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լևոն Սարգսյանի ներկայացուցիչ Գայանե Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ստեփան և Կարինե Սարգսյանների (այսուհետ` Համահայցվորներ) ընդդեմ Լևոն Սարգսյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, ու ըստ Լևոն Սարգսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Համահայցվորների և երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Երևանի տարածքային ստորաբաժանման` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, սեփականության իրավունքը ճանաչելու, սեփականության իրավունքի պետական գրանցումը, պայմանագիրը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են տիրազուրկ ճանաչել Երևանի Դուրյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող գույքը և ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց սեփականության իրավունքն այդ գույքի նկատմամբ:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր Ի. Վարդանյան) 30.06.2009 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ Ս. Միքայելյան, Ն. Տավարացյան, Դ. Խաչատրյան) 01.11.2012 թվականի որոշմամբ որպես գործին մասնակից չդարձված անձ Լևոն Սարգսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 30.06.2009 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.01.2013 թվականի որոշմամբ Համահայցվորների ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Գործի նոր քննության ընթացքում ներկայացված հայցապահանջի հստակեցմամբ Համահայցվորները պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց սեփականության իրավունքը Երևանի Դուրյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող 419,6 քմ մակերեսով հողամասի (որից 49,1 քմ մակերեսով հողամասը Երևանի Դուրյան փողոց թիվ 29 և թիվ 27 հասցեներում գտնվող ընդհանուր համատեղ օգտագործման (սպասարկման) անցումային գոտի է) և 35 քմ մակերեսով շենք-շինությունների նկատմամբ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Լևոն Սարգսյանը պահանջել է իրեն ճանաչել Երևանի Դուրյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող` իր և Համահայցվորների կողմից փաստացի օգտագործվող հողամասի և օրինական շինության 1/2 մասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ` ճանաչելով իր սեփականության իրավունքը ժառանգական գույքի 1/2 մասի նկատմամբ, անվավեր ճանաչել Համահայցվորների անվամբ նշված հասցեում 21.08.2009 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը, 06.08.2011 թվականի թիվ 3288 բաժանման պայմանագիրը և դրա հիման վրա Համահայցվորների անվամբ 23.08.2011 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումները (Դուրյան թիվ 29 և 29/1 հասցեներով):

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Կատվալյան) (այսուհետ` Դատարան) 03.03.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.10.2015 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Երևան համայնքի վերաքննիչ բողոքի մասով վերաքննիչ վարույթը կարճվել է, իսկ Լևոն Սարգսյանի վերաքննիչ բողոքը` մերժվել, և Դատարանի 03.03.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լևոն Սարգսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Համահայցվորների ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 8-րդ, 18-րդ, 19-րդ և 31-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ կետը, 14-րդ հոդվածը, 172-րդ, 187-րդ, 188-րդ, 280-րդ, 1184-1188-րդ, 1216-րդ և 1225-րդ հոդվածները, 1226-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը և 1227-րդ հոդվածը, ՀՀ հողային օրենսգրքի 118-րդ հոդվածը, 29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 47-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ և 56-րդ հոդվածները, 220-րդ հոդվածի 5-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, որի արդյունքում անտեսել է, որ սույն գործում բացակայում են Համահայցվորների կողմից վեճի առարկա գույքը բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ որպես սեփականը տիրապետելու փաստը հաստատող բավարար ապացույցներ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ չնայած Լևոն Սարգսյանի հորը` Սուրեն Սարգսյանին, վերը նշված հասցեում հատկացված հողամասի վրա վերջինիս կողմից կառուցված շինությունը 1958 թվականին պետականացվել է, սակայն Սուրեն Սարգսյանը 29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի հիմքով այդ հողամասի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք: Ընդ որում, վարկի պարտքը Հակոբ Սարգսյանի կողմից հետագայում մարվելու կապակցությամբ այդ հասցեում գտնվող տան նկատմամբ հենց Սուրեն Սարգսյանի սեփականության իրավունքն է վերականգնվել:

Վեճի առարկա հողամասը չէր կարող ձեռքբերման վաղեմության հիմքով անցնել Համահայցվորների սեփականությանը, քանի որ ինչպես Սուրեն Սարգսյանը, այնպես էլ վերջիններս այն տիրապետել են որպես ժառանգական գույք, օրենքի ուժով դարձել փաստացի տիրապետմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ, ուստի վիճելի գույքի տիրապետումը հիմնված չի եղել այնպիսի փաստերի վրա, որը Համահայցվորներին կարող էր տալ բավարար հիմքեր` ենթադրելու, որ այդ գույքը տիրապետում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված հիմքերով, քանի որ հողամասը հանդիսացել է ժառանգական գույք:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.10.2015 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանն իրականացրել է բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն, քանի որ 1958 թվականի վճռով Սուրեն Սարգսյանը զրկվել է Երևանի Դուրյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իր «սեփականատիրական իրավունքներից» վարկի պարտք ունենալու պատճառով: Նշված գույքը հատկացվել է տվյալ շրջանի բնակարանային ֆոնդին, իսկ հետագայում վարձակալությամբ տրվել է Հակոբ Սարգսյանին: 22.04.1993 թվականին Հակոբ Սարգսյանին թույլատրվել է մարել վարկի պարտքը և վերականգնել իր «սեփականատիրական իրավունքները» այդ անշարժ գույքի նկատմամբ:

Ինչպես մինչև Հակոբ Սարգսյանի մահը, այնպես էլ նրա մահվանից հետո Համահայցվորները բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ, տասը տարուց ավելի ժամանակով շարունակել են տիրապետել անշարժ գույքը` ունենալով համոզմունք այն մասին, որ անշարժ գույքը ձեռք է բերվել օրինական հիմքերով, քանի որ 1993 թվականին այն սեփականության իրավունքով տրամադրվել է իրենց հորը, իսկ իրենք` որպես իրավահաջորդներ, տիրապետում են գույքը` մասնակցելով գույքի կառավարմանը և հոգ տանելով դրա պահպանման համար: Լևոն Սարգսյանը չի ներկայացրել որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց, որ նա ոչ միայն փաստացի տիրապետել կամ կառավարել է վերը նշված գույքը, այլ նաև ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ժամկետում միջոցներ է ձեռնարկել այդ գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից պաշտպանելու համար կամ իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր և այլն:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Լևոն Սարգսյանը Սուրեն Սարգսյանի որդին է, իսկ Ստեփան և Կարինե Սարգսյանները Սուրեն Սարգսյանի մյուս որդու` Հակոբ Սարգսյանի երեխաները (հատոր 1-ին, գ.թ. 8, 14, 81).

2) Հայաստանի ազգային արխիվի Երևանի քաղաքային մասնաճյուղի կողմից 14.04.2009 թվականին տրված արխիվային քաղվածքի համաձայն` Հայկական ԽՍՀ Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 13.08.1953 թվականի որոշմամբ Սուրեն Սարգսյանին հատկացվել է հողամաս (հատոր 1-ին, գ.թ. 50).

3) Երևանի Շահումյանի շրջանի ժողդատարանի 11.11.1958 թվականի վճռով «8.294 ռուբլու չափով վարկի գանձումը դարձվել է Սուրեն Սարգսյանի բնակարանի վրա, վերջինս զրկվել է սեփականատիրական իրավունքից, բնակարանը հանձնվել է շրջանային սովետի բնակարանային ֆոնդին` Սուրեն Սարգսյանին թողնելով բնակվել որպես վարձակալ» (հատոր 4-րդ, գ.թ. 93).

4) Սուրեն Սարգսյանի և նրա նախկին կնոջ` Վարդուշ Սարգսյանի միջև 17.02.1960 թվականին կնքված պայմանագրի համաձայն` ընտանեկան անախորժությունների պատճառով 1959 թվականին նրանք բաժանվել են միմյանցից, Շահումյանի շրջանի ժողովրդական դատարանի 29.10.1959 թվականի վճռով Շահումյան ավանի 3-րդ մասի Պռոշյան փողոցի (ներկայումս` Դուրյան փողոց) թիվ 29 հասցեում վերջիններիս ունեցած սեփական բնակարանը բաժանվել է նրանց միջև, և ալիմենտ է սահմանվել նրանց անչափահաս երեխաների` Լևոն և Թամարա Սարգսյանների համար: Դրա հիման վրա Սուրեն և Վարդուշ Սարգսյանները համաձայնության են եկել, որ վերը նշված բնակարանում Սուրեն Սարգսյանն իրեն հասանելիք մասը թողնում է Վարդուշ Սարգսյանին նշված վճռով որոշված ալիմենտի դիմաց և այլևս այդ բնակարանից որևէ բաժին չի պահանջելու, իսկ Վարդուշ Սարգսյանը տվել է իր համաձայնությունը, որպեսզի վերը նշված վճռով որոշված ալիմենտի դիմաց իրեն հատկացվի նույն վճռով Սուրեն Սարգսյանին հատկացված բնակարանը, որից հետո ինքն այլևս Սուրեն Սարգսյանի նկատմամբ ալիմենտի պահանջ չի ներկայացնի մինչև երեխաների չափահաս դառնալը: Նույն պայմանագրի 3-րդ կետով Վարդուշ Սարգսյանը պարտավորություն է ստանձնել բնակարանն իրեն հանձնելուց և հեռանալուց հետո վճարելու վարկի մնացած պարտքի գումարը` 8.000 ռուբլի, և իր անվամբ տալու «վարկի պարտավորագիր» (հատոր 1-ին, գ.թ. 135).

5) Երևանի Շահումյանի շրջանի գործադիր կոմիտեի տնային կառավարչության և Հակոբ Սարգսյանի միջև 01.09.1961 թվականին կնքված պայմանագրի համաձայն` նշված կառավարչությունն իրեն պատկանող Շահումյանի շրջանի 3-րդ մասի Պռոշյան փողոցի (ներկայումս` Դուրյան փողոց) թիվ 29 շենքը տասը տարի ժամկետով հանձնել է Հակոբ Սարգսյանին` նրանից տասը տարի բնակարանային վարձ չգանձելու պայմանով (հատոր 4-րդ, գ.թ. 93).

6) Երևանի Շահումյանի շրջսովետի գործադիր կոմիտեի տնային կառավարչության և Սուրեն ու Հակոբ Սարգսյանների միջև 16.09.1966 թվականին կնքված պայմանագրի համաձայն` նշված կառավարչությունն իրեն պատկանող շենքը, որը բաղկացած է 2 սենյակից, 35 քմ մակերեսով տարածությամբ, տասը տարի ժամկետով «անվճար օգտագործելու» պայմանով հանձնել է «Սարգսյանին»: Պայմանագրի վերին հատվածում որպես հասցե նշված է Դուրյան թիվ 29 (հատոր 4-րդ, գ.թ. 93).

7) ՀՀ Երևանի ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 22.04.1993 թվականի թիվ 8/60 որոշման համաձայն` Դուրյան փողոցի թիվ 29 տունը պատկանել է Սուրեն Սարգսյանին և պետականացվել ժողդատարանի վճռով 1.899 ռուբլի վարկը ժամանակին չմուծելու պատճառով: Սուրեն Սարգսյանը 1956 թվականին դուրս է գրվել այդ տան գրանցումից և բնակվել է Նաիրիի շրջանում: Սուրեն Սարգսյանի որդին` Հակոբ Սարգսյանը, որը մշտապես գրանցված բնակվել է այդ տանը, ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր և խնդրել իրեն թույլատրել մարել 1.899 ռուբլու չափով վարկի պարտքն ու վերականգնել նշված տան սեփականատիրական իրավունքը, որի կապակցությամբ որոշում է կայացվել նրա խնդրանքը հարգելու և վարկի գումարը մարել թույլատրելու մասին: Սույն որոշմամբ գործադիր կոմիտեն որոշել է «վերականգնել վերոհիշյալ տան սեփականատիրական իրավունքը, Դուրյան փողոցի 29 տունը համարել որպես սեփականություն»: 20.10.1993 թվականին Հակոբ Սարգսյանը վարկի գումարը մարել է (հատոր 4-րդ, գ.թ. 93).

8) Հակոբ Սարգսյանը մահացել է 26.12.1995 թվականին, Վարդուշ Սարգսյանը` 02.08.2002 թվականին, իսկ Սուրեն Սարգսյանը` 25.10.2002 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 17, 18, 20).

9) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 12.03.2009 թվականին և 14.05.2009 թվականին տրված գրությունների համաձայն` Երևանի Դուրյան փողոցի թիվ 29 հասցեով իրավունքի պետական գրանցում չի կատարվել, այդ հասցեի կադաստրային գործում անշարժ գույքի վերաբերյալ իրավունք հաստատող փաստաթղթեր չկան, իսկ Ստեփան Սարգսյանի մատնանշած հողամասի և շենք-շինությունների կարգավիճակները որոշված չեն (հատոր 1-ին, գ.թ. 10, 54).

10) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 13.07.2012 թվականին տրված գույքի առանձին որակական, քանակական բնութագրերի և դրան նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքի համաձայն` Երևանի Դուրյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող անշարժ գույքը, որպես ընդհանուր համատեղ սեփականություն, առաջին անգամ գրանցում է ստացել սույն քաղաքացիական գործով 2009 թվականին կայացված վճռի հիման վրա` Համահայցվորների անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 127):

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ, 1216-րդ հոդվածների և 1226-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին`

- արդյո՞ք անձի կողմից վարկային պարտավորություն ունենալու պարագայում վերջինիս պատկանող գույքը պետականացնելիս հետագայում այլ անձի կողմից վարկի մարման պարագայում կարող է վերականգնվել վարկի պարտքը մարած անձի սեփականության իրավունքը,

- արդյո՞ք ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության հիմքով կարող է ճանաչվել ժառանգի սեփականության իրավունքը:

 

Վճռաբեկ դատարանը նախևառաջ հարկ է համարում անդրադառնալ սույն գործով կիրառման ենթակա օրենսդրության հարցին.

Նկատի ունենալով, որ Երևանի Դուրյան (նախկինում` Պռոշյան) փողոցի թիվ 29 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնվել և նշված տունը համարվել է որպես սեփականություն ՀՀ Երևանի ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 22.04.1993 թվականի թիվ 8/60 որոշմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճելի տան և հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի առկայության փաստը գնահատելու և դրա սուբյեկտային կազմը որոշելու համար կիրառման ենթակա են 04.06.1964 թվականի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (ուժը կորցրել է 01.01.1999 թվականին) և 29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի (ուժը կորցրել է 15.06.2001 թվականին) համապատասխան դրույթները:

04.06.1964 թվականի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների անձնական սեփականության հիմքը աշխատանքային եկամուտներն են: Անձնական սեփականություն կարող են լինել առօրյա գործածության, անձնական սպառման, հարմարության և օժանդակ տնային տնտեսության առարկաները, բնակելի տունը և աշխատանքային խնայողությունները: Քաղաքացիների անձնական սեփականությունը և նրա ժառանգման իրավունքը պահպանվում են պետության կողմից:

04.06.1964 թվականի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 106-րդ հոդվածի համաձայն` որպես անձնական սեփականություն քաղաքացին կարող է ունենալ մեկ բնակելի տուն (կամ դրա մի մասը): Համատեղ բնակվող ամուսինները և նրանց անչափահաս երեխաները կարող են ունենալ միայն մեկ բնակելի տուն, որը անձնական սեփականության իրավունքով կարող է պատկանել նրանցից մեկին կամ հանդիսանալ նրանց ընդհանուր սեփականությունը:

04.06.1964 թվականի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` հողը, նրա ընդերքը, ջրերն ու անտառները պետության բացառիկ սեփականությունն են և հատկացվում են միայն օգտագործման համար: Պետությանն են պատկանում արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսության մեջ եղած արտադրության հիմնական միջոցները, տրանսպորտի և կապի միջոցները, բանկերը, պետության կողմից կազմակերպված առևտրական, կոմունալ և այլ ձեռնարկությունների գույքը, քաղաքային հիմնական բնակարանային ֆոնդը, ինչպես նաև պետության խնդիրների իրականացման համար անհրաժեշտ մյուս գույքը:

Վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերը նշված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ հողը պետության բացառիկ սեփականությունն է հանդիսացել և հատկացվել է միայն օգտագործման համար, իսկ որպես անձնական սեփականություն քաղաքացիները, ի թիվս այլնի, կարող էին ունենալ մեկ բնակելի տուն (կամ դրա մի մասը), իսկ համատեղ բնակվող ամուսինները և նրանց անչափահաս երեխաները կարող էին ունենալ միայն մեկ բնակելի տուն, որը անձնական սեփականության իրավունքով կարող էր պատկանել նրանցից մեկին կամ հանդիսանալ նրանց ընդհանուր սեփականությունը:

29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` հողի սեփականության և մշտական օգտագործման իրավունքը հաստատվում է համապատասխան պետական ակտով, որը տրվում է պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից:

29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործության (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ունեցած հողամասերն անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեցած հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք են ձեռք բերում հետևյալ հանգամանքների միաժամանակյա առկայության դեպքում, եթե`

1. այդ հողամասերը հատկացվել են որպես տնամերձ, ինչպես նաև այգեգործության (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար և

2. դրանք տրամադրվել են մինչև 29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելը (տե՛ս, Ռիմա Համբարձումյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ԵԿԴ/1471/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը):

Այսինքն` տնամերձ, ինչպես նաև այգեգործական (ամառանոցի) և բնակելի տան շինարարության սպասարկման համար հատկացված այն հողամասերը, որոնք մինչև 29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելը գտնվել են քաղաքացիների օգտագործման ներքո, նրանց փոխանցվում են ի սեփականություն` անհատույց կարգով (տե՛ս, Դիանա Գևորգյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման և մյուսների թիվ ԵԿԴ/2035/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման խնդրին, արձանագրել է, որ նախկինում գործող կանոնակարգումների համաձայն` հողի սեփականության և մշտական օգտագործման իրավունքը հաստատվում էր պետական ակտով, որը տրվում էր պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից, իսկ գյուղացիական տնտեսությունը որպես սեփականություն կարող էր ունենալ նաև բնակելի տներ և հողամասեր, որոնց նկատմամբ իրավունքներն իրենց հերթին ձևակերպվում էին գյուղացիական ընտանիքի գլխի անունով և նույնպես ճանաչվում էին նրա անվամբ ձևակերպվող պատգամավորների գյուղական, ավանային, քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից տրվող պետական ակտի հիման վրա: Հաշվի առնելով նշված կանոնակարգումները, ինչպես նաև սեփականության իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը` ներկայումս գործող կանոնակարգումների համաձայն` մինչև 06.05.1999 թվականը հողամասերի նկատմամբ իրավունքների վերաբերյալ սահմանված կարգով տրված կամ ձեռք բերված փաստաթղթերը պահպանել են իրենց իրավաբանական ուժը, դրանք վերագրանցման ենթակա չեն և հիմք են անշարժ գույքի նկատմամբ գործարքներ կատարելու համար (տե՛ս, Շողեր Գրիգորյանն ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի թիվ ՎԴ/5269/05/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը նախքան սույն գործի փաստերին անդրադառնալը հարկ է համարում անդրադառնալ «վերականգնել» բառի բացատրությանը` արձանագրելով, որ հայերենում «վերականգնել» բառը բացատրվում է որպես նախկին վիճակին բերել:

Սույն գործի փաստերի համաձայն` Հայկական ԽՍՀ Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 13.08.1953 թվականի որոշմամբ Սուրեն Սարգսյանին հատկացվել է հողամաս: Երևանի Շահումյանի շրջանի ժողդատարանի 11.11.1958 թվականի վճռով «8.294 ռուբլու չափով վարկի գանձումը դարձվել է Սուրեն Սարգսյանի բնակարանի վրա, վերջինս զրկվել է սեփականատիրական իրավունքից, բնակարանը հանձնվել է շրջանային սովետի բնակարանային ֆոնդին` Սուրեն Սարգսյանին թողնելով բնակվել որպես վարձակալ»: Սուրեն Սարգսյանի և նրա նախկին կնոջ` Վարդուշ Սարգսյանի միջև 17.02.1960 թվականին կնքված պայմանագրի համաձայն` ընտանեկան անախորժությունների պատճառով 1959 թվականին նրանք բաժանվել են միմյանցից, Շահումյանի շրջանի ժողովրդական դատարանի 29.10.1959 թվականի վճռով Շահումյան ավանի 3-րդ մասի Պռոշյան փողոցի (ներկայումս` Դուրյան փողոց) թիվ 29 հասցեում վերջիններիս ունեցած սեփական բնակարանը բաժանվել է նրանց միջև և, ալիմենտ է սահմանվել նրանց անչափահաս երեխաների` Լևոն և Թամարա Սարգսյանների համար»: Երևանի Շահումյանի շրջանի գործադիր կոմիտեի տնային կառավարչության և Հակոբ Սարգսյանի միջև 01.09.1961 թվականին կնքված պայմանագրի համաձայն` նշված կառավարչությունն իրեն պատկանող Շահումյանի շրջանի 3-րդ մասի Պռոշյան փողոցի թիվ 29 շենքը տասը տարի ժամկետով հանձնել է Հակոբ Սարգսյանին` նրանից տասը տարի բնակարանային վարձ չգանձելու պայմանով: Երևանի Շահումյանի շրջսովետի գործադիր կոմիտեի տնային կառավարչության և Սուրեն ու Հակոբ Սարգսյանների միջև 16.09.1966 թվականին կնքված պայմանագրի համաձայն` նշված կառավարչությունն իրեն պատկանող շենքը, որը բաղկացած է 2 սենյակից, 35 քմ տարածությամբ, տասը տարի ժամկետով «անվճար օգտագործելու» պայմանով հանձնել է «Սարգսյանին»: ՀՀ Երևանի ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 22.04.1993 թվականի թիվ 8/60 որոշման համաձայն` Դուրյան փողոցի թիվ 29 տունը պատկանել է Սուրեն Սարգսյանին և պետականացվել ժողդատարանի վճռով 1.899 ռուբլի վարկը ժամանակին չմուծելու պատճառով: Սուրեն Սարգսյանի որդին` Հակոբ Սարգսյանը, որը մշտապես գրանցված բնակվել է այդ տանը, ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր և խնդրել իրեն թույլատրել մարել 1.899 ռուբլու չափով վարկի պարտքն ու վերականգնել նշված տան սեփականատիրական իրավունքը, որի կապակցությամբ որոշում է կայացվել նրա խնդրանքը հարգելու և վարկի գումարը մարել թույլատրելու մասին: Սույն որոշմամբ գործադիր կոմիտեն որոշել է «վերականգնել վերոհիշյալ տան սեփականատիրական իրավունքը, Դուրյան փողոցի թիվ 29 տունը համարել որպես սեփականություն»: 20.10.1993 թվականին Հակոբ Սարգսյանը վարկի գումարը մարել է:

Սույն գործով Դատարանը, պատճառաբանելով, որ «Սուրեն Սարգսյանը Երևանի Դուրյան փողոցի թիվ 29 հասցեի անշարժ գույքի նկատմամբ որևէ սեփականատիրական իրավունք չի պահպանել, քանի որ 11.11.1958 թվականից նա զրկվել է այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից, որից հետո էլ վերջինիս կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել, որը կվկայեր այդ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը ծագելու կամ վերականգնելու մասին», «Սուրեն Սարգսյանի իրավահաջորդները չեն կարող որևէ իրավունք ունենալ վիճելի հասցեի գույքի նկատմամբ, քանի որ այդ գույքը Սուրեն Սարգսյանի ժառանգական զանգվածի մեջ չի մտնում», «Լևոն Սարգսյանը չի ներկայացրել ապացույց այն մասին, որ ինքը սահմանված ժամկետում ժառանգությունն ընդունելու մասին դիմում է հանձնել նոտարին, ինչպես նաև չի ներկայացրել բավարար ապացույցներ, որ ինքը ժառանգությունն ընդունել է փաստացի տիրապետմամբ», «միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր, իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները», գտել է, որ «Լևոն Սարգսյանը Դատարանին չի ներկայացրել բավարար վերաբերելի և թույլատրելի ապացույցներ այն մասին, որ վիճելի գույքը իր իրավանախորդների սեփականությունն է, մտել է նրանց ժառանգական զանգվածի մեջ, և որ ինքն ընդունել է վերջիններիս ժառանգությունը»: Դատարանը, նաև համարելով, որ Համահայցվորների կողմից ներկայացվել են ձեռքբերման վաղեմության ուժով սեփականատեր ճանաչվելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները, վճռել է հայցը բավարարել, իսկ Լևոն Սարգսյանի հակընդդեմ հայցը մերժել:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ «Լևոն Սարգսյանը Դատարան ներկայացրել է պահանջ` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու վերաբերյալ: Այսինքն` Համահայցվորների կողմից ներկայացված ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասով բողոքաբերն այնքանով կհանդիսանար շահագրգիռ անձ, որքանով որ բավարարվեր իր պահանջը, և նա ճանաչվեր գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ», և անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Դատարանի կողմից իրավաչափ է եղել հակընդդեմ հայցի մերժումը, և սկզբնական հայցը բավարարելու արդյունքում արդյոք խախտվել են հակընդդեմ հայցվորի իրավունքները` նշել է, որ «որևէ կերպ հիմնավորված չէ, որ Լևոն Սարգսյանի իրավանախորդը` Սուրեն Սարգսյանը, վեճի առարկա գույքի նկատմամբ ունեցել է որևէ իրավունք», «Լևոն Սարգսյանի կողմից չեն ներկայացվել համապատասխան թույլատրելի և վերաբերելի ապացույցներ, որոնցով կհիմնավորվեր այն փաստը, որ վեճի առարկա գույքը պատկանել է նրա իրավանախորդին, ով այդ գույքի նկատմամբ ունեցել է որևէ գրանցված իրավունք, կամ այդ գույքը մտել է նրա ժառանգության զանգվածի մեջ, որն էլ ներկայումս նա փաստացի տիրապետման հիմքով ընդունել է»:

 

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումներին, գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները սույն գործով չեն իրականացրել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատում` պարզելու այն հանգամանքը, թե ինչպես կարող էր ՀՀ Երևանի ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 22.04.1993 թվականի թիվ 8/60 որոշմամբ վիճելի գույքի նկատմամբ վերականգնվել Հակոբ Սարգսյանի սեփականության իրավունքն այն պայմաններում, երբ վերջինս նախկինում նման իրավունք չի ունեցել, այլ այդ իրավունքը պատկանել է բացառապես Սուրեն Սարգսյանին, ում Հայկական ԽՍՀ Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 13.08.1953 թվականի որոշմամբ հատկացվել է հողամաս, որից Երևանի Շահումյանի շրջանի ժողդատարանի 11.11.1958 թվականի վճռով վերջինս զրկվել է, իսկ բնակարանը հանձնվել է շրջանային սովետի բնակարանային ֆոնդին` Սուրեն Սարգսյանին թողնելով բնակվել որպես վարձակալ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հակոբ Սարգսյանի կողմից վարկի գումարը մարելուց հետո ՀՀ Երևանի ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 22.04.1993 թվականի թիվ 8/60 որոշմամբ վիճելի գույքի նկատմամբ վերականգնվել է Սուրեն Սարգսյանի սեփականության իրավունքը, քանի որ «վերականգնել» բառն ինքնին նշանակում է բերել նույն` նախկին վիճակին, իսկ նախկինում վիճելի հողամասը և բնակելի տունը` համապատասխանաբար օգտագործման և սեփականության իրավունքով պատկանել են Սուրեն Սարգսյանին, ուստի ստորադաս դատարանների այն եզրահանգումները, որ որևէ կերպ հիմնավորված չէ, որ Լևոն Սարգսյանի իրավանախորդը` Սուրեն Սարգսյանը, վեճի առարկա գույքի նկատմամբ ունեցել է որևէ իրավունք, անհիմն է և հերքվում է վերը նշված պատճառաբանություններով:

Վճռաբեկ դատարանը կարևորում է հավելել, որ վերոնշյալ իրավական դիրքորոշումներից ելնելով` վիճելի գույքը, որի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է Համահայցվորների սեփականության իրավունքը, սեփականության իրավունքով պատկանել է Սուրեն Սարգսյանին` անկախ դրա պետական գրանցման հանգամանքից, և վերջինիս մահից հետո (25.10.2002 թվականին) մտել է նրա ժառանգական զանգվածի մեջ` հաշվի առնելով, որ մինչև 06.05.1999 թվականը գույքի նկատմամբ իրավունքների վերաբերյալ սահմանված կարգով պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից տրված կամ ձեռք բերված փաստաթղթերը պահպանել են իրենց իրավաբանական ուժը: Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները սույն գործով լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չեն իրականացրել` պարզելու համար Սուրեն Սարգսյանի սեփականության իրավունքի վերականգնման և ըստ այդմ նաև` վիճելի գույքը վերջինիս ժառանգական զանգվածի մեջ ներառված լինելու հարցերը:

Անդրադառնալով սույն որոշմամբ բարձրացված երկրորդ հարցադրմանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն` առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները: Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգություն ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` «Սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքերը» վերտառությամբ 172-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ժառանգաբար` կտակին կամ օրենքին համապատասխան, անցնում է այլ անձանց:

Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ սեփականության իրավունքը ծագում է ոչ թե ինքնըստինքյան, այլ սեփականության իրավունքի առաջացման հիմքեր հանդիսացող իրավաբանական փաստերի ուժով: Վկայակոչված հոդվածներով նախատեսված իրավակարգավորումների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերի շարքում որպես այդպիսի ինքնուրույն հիմքեր, ի թիվս այլնի, նախատեսել է նաև ժառանգման և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ձեռք բերելու դեպքերը:

Այս կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ վերոնշյալ երկու ինստիտուտների միջև անցկացրել է իրավահամեմատական վերլուծություն և մասնավորապես նշել հետևյալը.

- ժառանգական իրավահարաբերությունների դեպքում անձը, լինելով կա՛մ ըստ օրենքի, կա՛մ ըստ կտակի ժառանգ, սեփականության իրավունք ձեռք բերելու հնարավորություն է ունենում միայն համապատասխան անձի (ժառանգատուի) մահվանից հետո` օրենքով սահմանված կարգով, դեպքերում և ժամկետներում ժառանգությունն ընդունելու պարագայում,

- ձեռքբերման վաղեմության հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման ինստիտուտն իրենից ներկայացնում է սեփականության իրավունքի ձեռքբերման այնպիսի եղանակ, երբ անձն օրենքով նախատեսված համապատասխան նախապայմանները և ընթացակարգերը պահպանած լինելու դեպքում հնարավորություն է ստանում սեփականատիրոջ հավակնություններ ունենալու համապատասխան գույքի նկատմամբ:

Վերոգրյալից հետևում է, որ ժառանգման և ձեռքբերման վաղեմության իրավական ինստիտուտներն էականորեն տարբերվում են միմյանցից` իրենցից յուրաքանչյուրին բնորոշ մի շարք այլ առանձնահատկություններով:

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նաև արձանագրել, որ ժառանգման իրավահարաբերություններին բնորոշ են որոշակի առանձնահատկություններ, որոնցով պայմանավորված էլ ձեռքբերման վաղեմության ինստիտուտն այդ հարաբերությունների առկայության պայմաններում կարող է ստանալ որոշ չափով այլ կիրառություն և նոր մեկնաբանություն: Մասնավորապես` նման հարաբերությունների յուրօրինակությունն այն է, որ տվյալ պարագայում հնարավոր չէ որևէ անդրադարձ կատարել կոնկրետ անշարժ գույքի նախկին սեփականատիրոջ անձին, գնահատել նրա գործողությունները կամ անգործությունը, վերջինիս կողմից գույքից հրաժարման փաստի առկայությունը կամ բացակայությունը` հաշվի առնելով տվյալ անձի մահվան և նրա ունեցած անշարժ գույքի կապակցությամբ ժառանգական հարաբերությունների ծագման իրավաբանական փաստերը: Հետևաբար նման պարագայում հետագայում համապատասխան անշարժ գույքը ձեռք բերող անձի բարեխղճության հարցը ևս չի կարող քննության առարկա դառնալ` հատկապես նկատի ունենալով այն իրողությունը, որ միևնույն սուբյեկտի կողմից նույն անշարժ գույքի նկատմամբ տիրապետման եղանակով ժառանգական զանգվածի ընդունման փաստ առկա լինելու պարագայում այդ զանգվածի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ինստիտուտի կիրառումը փաստացիորեն անհնար է (տե՛ս, Կառլեն և Արմեն Բաղդասարյաններն ընդդեմ Ատոմ և Մարուս Բաղդասարյանների թիվ ԵՄԴ/0324/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադառնալով ձեռքբերման վաղեմության ինստիտուտի հետ կապված իրավակարգավորումների կիրառման հարցերին, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունն օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց է:

Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես, դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս, օրինակ, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Լևոն Սարգսյանը Սուրեն Սարգսյանի որդին է, իսկ Ստեփան և Կարինե Սարգսյանները Սուրեն Սարգսյանի թոռներն են` Սուրեն Սարգսյանի մյուս որդու` Հակոբ Սարգսյանի երեխաները: Հակոբ Սարգսյանը մահացել է 26.12.1995 թվականին, Վարդուշ Սարգսյանը` 02.08.2002 թվականին, իսկ Սուրեն Սարգսյանը` 25.10.2002 թվականին: Լևոն Սարգսյանը Սուրեն Սարգսյանի որդին է և առաջին հերթի ժառանգը, իսկ Ստեփան և Կարինե Սարգսյանները` Սուրեն Սարգսյանի թոռները, ովքեր ժառանգում են ներկայացման իրավունքով:

Սույն գործով Համահայցվորները պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց սեփականության իրավունքը Երևանի Դուրյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող 419,6 քմ մակերեսով հողամասի, որից 49,1 քմ մակերեսով հողամասը Երևանի Դուրյան փողոց թիվ 29 և թիվ 27 հասցեներում գտնվող ընդհանուր համատեղ օգտագործման (սպասարկման) անցումային գոտի է, և 35 քմ մակերեսով շենք-շինությունների նկատմամբ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Լևոն Սարգսյանը պահանջել է իրեն ճանաչել Երևանի Դուրյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող` իր և Համահայցվորների կողմից փաստացի օգտագործվող հողամասի և օրինական շինության 1/2 մասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ` ճանաչելով իր սեփականության իրավունքը ժառանգական գույքի 1/2 մասի նկատմամբ, անվավեր ճանաչել Համահայցվորների անվամբ նշված հասցեում 21.08.2009 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը, 06.08.2011 թվականի թիվ 3288 բաժանման պայմանագիրը և դրա հիման վրա Համահայցվորների անվամբ 23.08.2011 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումները (Դուրյան թիվ 29 և 29/1 հասցեներով):

Դատարանը, իր 03.03.2015 թվականի վճռով սկզբնական հայցը բավարարելով և հակընդդեմ հայցը մերժելով, պատճառաբանել է, որ թեև 22.04.1993 թվականի թիվ 8/60 որոշման հիման վրա Հակոբ Սարգսյանի սեփականության իրավունքի պետական գրանցում չի կատարվել, այնուամենայնիվ այն բավարար հիմք է հանդիսացել Համահայցվորների մոտ ձևավորելու այն համոզմունքը, որ նրանք (նրանց իրավանախորդ Հակոբ Սարգսյանը) գույքը ձեռք են բերել որպես սեփական, ընդ որում, ձեռք են բերել օրինական հիմքերով` գործադիր կոմիտեի որոշման հիման վրա: Նման պայմաններում Դատարանը հաստատված է համարել, որ Համահայցվորների մոտ առկա են բոլոր վավերապայմանները ձեռքբերման վաղեմության ուժով վերջիններիս սեփականության իրավունքը ճանաչելու համար: ՈՒստի Դատարանը ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել է Ստեփան Սարգսյանի և Կարինե Սարգսյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Դուրյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող ամբողջ անշարժ գույքի նկատմամբ:

Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի վճիռը, պատճառաբանել է, որ գործով ներկայացված ապացույցների, դրանցով հաստատվող փաստերի շրջանակներում Դատարանի կողմից իրավացիորեն սկզբնական հայցի մասով կիրառվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը և ճանաչվել է հայցվորների սեփականության իրավունքը: Այս առումով դատական ակտը պատշաճ կերպով պատճառաբանված և հիմնավորված է:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո սույն որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն գործով ստորադաս դատարանները Ստեփան և Կարինե Սարգսյանների հայցը բավարարելիս անտեսել են այն հանգամանքը, որ վերջիններս, հանդիսանալով Սուրեն Սարգսյանի որդու` Հակոբ Սարգսյանի իրավահաջորդները, չէին կարող հավակնել վեճի առարկա գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչմանը, քանի որ այն գույքը, որի նկատմամբ վերջիններիս կողմից ներկայացվել է պահանջ, հանդիսացել է Սուրեն Սարգսյանի գույքը, իսկ պետականացվելուց և ապա վարկի պարտքը վճարվելուց հետո վերականգնվել է նրա սեփականության իրավունքը, ուստի վիճելի գույքը մտնում է Սուրեն Սարգսյանի ժառանգական զանգվածի մեջ, և դրա նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ժառանգության վերաբերյալ իրավակարգավորումները:

Նման պայմաններում հաշվի առնելով նաև վերը շարադրված իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով ժառանգի սեփականության իրավունքի ճանաչման հնարավորությունը ժառանգատու անձին պատկանած և տվյալ պահին արդեն ժառանգական զանգված հանդիսացող գույքի նկատմամբ բացառվում է, որպիսի հանգամանքն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Հետևաբար վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները գործում առկա բոլոր ապացույցների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտություն և համակցության մեջ չեն գնահատել ներկայացված հայցի և հակընդդեմ հայցի հիմնավորվածությունը, որպիսի պայմաններում առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու ու գործը նոր քննության ուղարկելու համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը վերանայում և բեկանում է միայն Դատարանի վճիռը` հայցը բավարարելու և հակընդդեմ հայցը մերժելու մասերով օրինական ուժի մեջ թողնելու մասերով, քանի որ Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկվել է միայն այդ մասերով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը, այդ թվում նաև` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.01.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2015 թվականի որոշման` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 03.03.2015 թվականի վճիռը` հայցը բավարարելու և հակընդդեմ հայցը մերժելու մասերով օրինական ուժի մեջ թողնելու մասերը, և այդ մասերով գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի, այդ թվում նաև` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.01.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյանի

Դատավորներ` Մ. Դրմեյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Գ. Հակոբյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.12.2016
N ԵՄԴ/0225/02/09
Որոշում