Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 35...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 358-ՐԴ, 385-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ՇԴ/0034/01/15

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ՇԴ/0034/01/15

Նախագահող դատավոր` Գ. Մելիք-Սարգսյան

    Դատավորներ`        Մ. Պետրոսյան

                       Ս. Համբարձումյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Օհանյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

 

                   քարտուղարությամբ           Մ. Ավագյանի

 

2016 թվականի հունիսի 24-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալներ Մկրտիչ Արայիկի Պողոսյանի, Հովհաննես Վոլոդյայի Մարտիրոսյանի և Սեյրան Մանվելի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2015 թվականի հոկտեմբերի 22-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 68121914 քրեական գործը:

2014 թվականի դեկտեմբերի 20-ին Հովհաննես Մարտիրոսյանը, Մկրտիչ Պողոսյանը և Սեյրան Պետրոսյանը ձերբակալվել են:

Նախաքննության մարմնի` 2014 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումներով Հովհաննես Մարտիրոսյանը և Մկրտիչ Պողոսյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2014 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումներով Հ. Մարտիրոսյանի և Մ. Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով:

Նախաքննության մարմնի` 2014 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ Սեյրան Պետրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ Ս. Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով:

2015 թվականի ապրիլի 27-ին Մ.Պողոսյանին, Հ.Մարտիրոսյանին և Ս. Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրանց նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

2015 թվականի մայիսի 5-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Առաջին ատյանի դատարան:

2. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հուլիսի 21-ի դատավճռով Մ.Պողոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման` 3 տարի 6 ամիս ժամկետով: Դատավճիռների համակցությամբ Մ.Պողոսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 տարի 6 ամիս ժամկետով և տուգանք` 200.000 ՀՀ դրամի չափով:

Հ. Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման` 3 տարի 6 ամիս ժամկետով:

Ս. Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և դատապարտվել տուգանքի` 1.000.000 ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ Ս. Պետրոսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել տուգանք` 500.000 ՀՀ դրամի չափով:

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2015 թվականի հոկտեմբերի 22-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հուլիսի 21-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի հոկտեմբերի 22-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի մարտի 11-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Մ.Պողոսյանին, Հ.Մարտիրոսյանին և Ս.Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, «նախնական համաձայնությամբ 2014թ-ի դեկտեմբերի 19-ին` ժամը 22-ի սահմաններում, Գյումրի քաղաքի կայարանամերձ հրապարակի 2 հասցեում գտնվող գնացքների կայարանից դեպի արևելք ընկած տեղանքում Շիրակի մարզի Փոքր Սարիար գյուղի բնակիչ Արսեն Մամբրեի Գրիգորյանի գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ, տեղյակ լինելով, որ Արսեն Գրիգորյանը տեղանքին անծանոթ է, խանութ է փնտրում` գնումներ կատարելու համար և նրա մոտ գումար կա, օգտվելով նրա միայնակ լինելու, շրջապատում մարդ չլինելու և տեղանքն ամայի լինելու հանգամանքներից, պահանջել են գումար: Արսեն Գրիգորյանից մերժում ստանալով` Մկրտիչ Պողոսյանը, Արսեն Գրիգորյանի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել` մեկ անգամ բռունցքով հարվածել է վերջինիս դեմքին` պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, որից հետո Հովհաննես Մարտիրոսյանը բռնել է Արսեն Գրիգորյանի ձեռքերից, իսկ Մկրտիչ Պողոսյանը և Սեյրան Պետրոսյանը ստուգել են Արսեն Գրիգորյանի գրպանները և բաճկոնի գրպանից հայտնաբերելով հափշտակել են զգալի չափի` 57.000 ՀՀ դրամ գումար և դիմել փախուստի: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 123-131):

6. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում նշել է. «(...) Ամբաստանյալներ Մկրտիչ Պողոսյանի, Սեյրան Պետրոսյանի և Հովհաննես Մարտիրոսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանը հաշվի է առնում կատարված հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, յուրաքանչյուրի կատարած գործողությունները և հանցավորների անձը.

Ամբաստանյալ Մկրտիչ Արայիկի Պողոսյանի պատասխանատվությունը և պատիժն ինչպես մեղմացնող, այնպես էլ ծանրացնող հանգամանքներ չի նշում, իսկ անձը բնութագրող հանգամանք է համարում բնակության վայրում դրական բնութագրվելը, անկեղծորեն խոստովանելն ու զղջալը:

Ամբաստանյալ Հովհաննես Վոլոդյայի Մարտիրոսյանի պատասխանատվությունը և պատիժն ինչպես մեղմացնող, այնպես էլ ծանրացնող հանգամանքներ չի նշում, իսկ անձը բնութագրող հանգամանք է համարում բնակության վայրում դրական բնութագրվելը:

Ամբաստանյալ Սեյրան Մանվելի Պետրոսյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է համարում պատճառված վնասը կամովին վերականգնելը, խնամքին մինչև 14 տարեկան (...)` հիվանդ երեխա ունենալը, իսկ անձը բնութագրող հանգամանքներ է համարում կատարածի համար անկեղծորեն խոստովանելն ու զղջալը, դրական բնութագրվելը, նախկինում արատավորված չլինելը:

Պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ չի նշում:

(...) Անդրադառնալով ամբաստանյալներ Մկրտիչ Պողոսյանի և Հովհաննես Մարտիրոսյանի նկատմամբ նշանակվող պատժի տեսակի հարցին, (...) Առաջին ատյանի դատարանը հանգում է հետևության, որ նրանց նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով:

(...) Անդրադառնալով ամբաստանյալ Սեյրան Մանվելի Պետրոսյանի նկատմամբ նշանակվող պատժի տեսակի հարցին, (...) հաշվի առնելով նրա անձը բնութագրող տվյալները պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները` հանգում է հետևության, որ նրա նկատմամբ պատիժ պետք է նշանակել տուգանքի ձևով (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 74-78):

7. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ բերված վերաքննիչ բողոքում մեղադրող Կ. Հովհաննիսյանը նշել է. «(...) Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ, այն է` Մկրտիչ Պողոսյանի և Հովհաննես Մարտիրոսյանի արարքում որպես ծանրացնող հանգամանք չի նշել հանցանքը կատարելու ռեցիդիվը:

Այսպես.

ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված տեղեկանքի համաձայն` Մկրտիչ Պողոսյանը 15.06.2012 թվականին ՌԴ Լազարևսկի շրջանի դատարանի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասով /գողություն, որը կատարվել է զգալի չափերով/ դատապարտվել է ազատազրկման` 1 տարի ժամկետով: Այնուհետև Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 19.12.2014 թվականի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով դատապարտվել է տուգանքի նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի` 200.000 ՀՀ դրամի չափով:

Հովհաննես Մարտիրոսյանը` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 26.09.2012 թվականի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով դատապարտվել է տուգանքի 500.000 ՀՀ դրամի չափով, այնուհետև 13.12.2012 թվականին տուգանքի վճարման համար սահմանվել է 1 տարի ժամանակ, որից հետո 04.03.2013 թվականին տուգանքը փոխարինվել է 2200 ժամ հանրային աշխատանքով:

(...)

Ինչ վերաբերում է Սեյրան Պետրոսյանի նկատմամբ տուգանքի ձևով պատիժ նշանակելուն, ապա ակներև է, որ դատարանն անհամաչափ, ակնհայտ մեղմ պատիժ է նշանակել և հաշվի չի առել Հայաստանի Հանրապետությունում ձևավորված դատական պրակտիկան, կատարված հանցագործության բնույթն ու հանրորեն վտանգավորության աստիճանը» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 2-9):

8. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) Սույն քրեական գործի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ամբաստանյալներ Մ. Պողոսյանի, Հ. Մարտիրոսյանի և Ս. Պետրոսյանի նկատմամբ պատիժներ նշանակելիս ընդհանուր իրավասության դատարանը հաշվի է առել նրանց կողմից կատարած հանցանքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, անձը բնութագրող տվյալները, այդ թվում` պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, մասնավորապես այն, որ Մկրտիչ Արայիկի Պողոսյանի` բնակության վայրում դրական բնութագրվելը, անկեղծորեն խոստովանելն ու զղջալը, Հովհաննես Վոլոդյայի Մարտիրոսյանի` բնակության վայրում դրական բնութագրվելը, Սեյրան Մանվելի Պետրոսյանի կողմից պատճառված վնասը կամովին վերականգնելը, խնամքին մինչև 14 տարեկան (...)` հիվանդ երեխա ունենալը, կատարածի համար անկեղծորեն խոստովանելն ու զղջալը, դրական բնութագրվելը, նախկինում արատավորված չլինելը: Տուժող Ա.Գրիգորյանը գրավոր դիմում է ներկայացրել այն մասին, որ ամբաստանյալներից որևէ պահանջ կամ բողոք չունի, խնդրում է նրանց նկատմամբ մեղմ մոտենալ: (...)

Ընդհանուր իրավասության դատարանը նման պայմաններում ամբաստանյալներ Մ. Պողոսյանի, Հ. Մարտիրոսյանի և Ս. Պետրոսյանի նկատմամբ նշանակել է արդարացի պատիժներ, որոնք բխում են ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից:

Այսպիսով, մեղադրողի վերաքննիչ բողոքը, որով վերջինս ըստ էության վիճարկում է ամբաստանյալների կողմից կատարած արարքների բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը և գտնում, որ դատարանը, ամբաստանյալների նկատմամբ նշանակելով մեղմ պատիժներ, խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի վերոգրյալ դրույթների /10-րդ, 48-րդ հոդվածի 2-րդ մասի, 61-62-րդ հոդվածների/ պահանջները` պետք է մերժել` նկատի ունենալով, որ մեղադրողի վերաքննիչ բողոքի փաստարկները բավարար չեն ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժները խստացնելու համար: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 68-76):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակը նշել է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալների նկատմամբ պատիժ նշանակելիս խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-63-րդ հոդվածների պահանջները` կայացնելով անհիմն և անօրինական դատական ակտ:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկների` բողոքաբերը վկայակոչել է ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ և 84-րդ հոդվածներով ամրագրված նորմերը և գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ արձանագրել, որ ամբաստանյալներ Մ.Պողոսյանի և Հ.Մարտիրոսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել հանցանքը կատարելու ռեցիդիվը` որպես այդ անձանց պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք:

Բացի այդ, բողոք բերած անձը վերլուծել է Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի գործով թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշմամբ շարադրված իրավական դիրքորոշումները և եզրահանգել, որ ամբաստանյալ Ս.Պետրոսյանի նկատմամբ նշանակված տուգանք պատժատեսակը չի բխում նրան մեղսագրվող հանցագործության դեմ իրականացվող քրեական քաղաքականության պահանջներից: Հետևաբար, ըստ բողոքաբերի` նշանակված պատժով անտեսվել է քրեական օրենսդրությամբ պահպանվող` կոնկրետ հասարակական հարաբերությունների սոցիալական նշանակությունը:

Ամփոփելով` բողոքի հեղինակը գտել է, որ ամբաստանյալներ Մ. Պողոսյանի, Հ. Մարտիրոսյանի և Ս. Պետրոսյանի նկատմամբ նշանակվել են անհամաչափ պատիժներ, ինչը հակասում է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներին:

10. Բողոքաբերը վերլուծել է նաև դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ քրեադատավարական նորմերն ու դրանց մեկնաբանման կապակցությամբ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` արձանագրելով, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է չպատճառաբանված դատական ակտ: Մասնավորապես, բողոք բերած անձը փաստել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից որևէ անդրադարձ չի կատարվել մեղադրողի վերաքննիչ բողոքում բարձրացված փաստարկներին, ինչը հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ, 393-րդ հոդվածի 2-րդ մասերին, ինչպես նաև` Վճռաբեկ դատարանի` թիվ ԵԿԴ/0058/11/09, թիվ ԵԷԴ/0030/01/12 և թիվ ԱՐԴ/0121/01/11 որոշումներին:

Հիմք ընդունելով վերոգրյալը` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը խնդրել է պատժի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտի պատճառաբանվածության չափանիշների տեսանկյունից վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալու իրավական հարցի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի կողմից քննության առնվող իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանը գնահատման ենթարկել է արդյոք մեղադրողի վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկները, և նույն դատարանի որոշումը բավարարու՞մ է դատական ակտերի պատճառաբանվածության վերաբերյալ պահանջին:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:

Նույն օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանը դատական ակտը կայացնում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններով (...)»:

Մեջբերված քրեադատավարական դրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ֆ.Գալստյանի, Գ.Խնուսյանի, Է.Մարգարյանի գործերով կայացված որոշումներում: Մասնավորապես Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար:

(...) Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման (...)» (տե՛ս Ֆրունզիկ Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-20-րդ կետերը):

Զարգացնելով Ֆ.Գալստյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Գ.Խնուսյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) հաշվի առնելով արդարադատության իրականացման ընթացքում կայացված դատական ակտերի իրավական նշանակությունը` (...) քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է (...)» (տե՛ս Գևորգ Խնուսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 14-րդ կետը):

Է. Մարգարյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) դատական ակտի պատճառաբանվածության չափանիշը վերաբերելի է նաև վերաքննիչ դատարանի կողմից կայացվող դատական ակտերին: Հետևաբար յուրաքանչյուր դեպքում դատական ակտ կայացնելիս վերաքննիչ դատարանը պարտավոր է պատճառաբանել, թե ինչու է եկել այս կամ այն հետևության և որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս:

(...) վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտի պատճառաբանվածության վերոնշյալ պահանջների պահպանման պարագայում միայն վճռաբեկ դատարանը հնարավորություն կունենա ստուգելու կայացված դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը» (տե՛ս Էրիկ Մարգարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ՍԴ3/0045/01/13 որոշման 13-րդ կետը):

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում»:

Վերաքննիչ դատարանի դատական ակտի պատճառաբանվածության չափանիշների տեսանկյունից վերլուծելով մեջբերված նորմը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ոչ միայն նախանշում են վերաքննիչ վերանայման սահմանները, այլ նաև կանխորոշում են այն հարցերի շրջանակը, որոնք պետք է քննարկման առարկա դարձվեն վերաքննիչ վարույթի շրջանակներում և որոնց կապակցությամբ վերաքննիչ դատարանի եզրահանգումները պետք է արտացոլվեն վարույթը եզրափակող դատական ակտում: Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին` արդյոք վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին և պատճառաբանել դրանցից յուրաքանչյուրի կապակցությամբ իր եզրահանգումները:

Այսպես` արդար դատաքննության իրավունքի համատեքստում անդրադառնալով դատական ակտի պատճառաբանվածության խնդրին` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նաև Եվրոպական դատարան)` իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ չնայած «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը պարտավորեցնում է դատարաններին պատճառաբանել իրենց դատական ակտերը, սակայն դա չի կարող մեկնաբանվել որպես ցանկացած փաստարկի առնչությամբ պատճառաբանված պատասխան ներկայացնելու պահանջ (տե՛ս Van de Hurk v. the Netherlands գործով Եվրոպական դատարանի` 1994 թվականի ապրիլի 19-ի վճիռը, գանգատ թիվ 16034/90, կետ 61): Դատարանի որոշումից պետք է պարզ դառնա, որ գործի համար էական նշանակություն ունեցող հարցերը քննարկվել են (տե՛ս Boldea v. Romania գործով Եվրոպական դատարանի` 2007 թվականի փետրվարի 15-ի վճիռը, գանգատ թիվ 19997/02, կետ 30), և ներկայացված պատճառաբանությունները սոսկ` առանց լրացուցիչ հիմնավորումների, ստորադաս ատյանի եզրահանգումների հավանություններ չեն (տե՛ս Helle v. Finland գործով Եվրոպական դատարանի` 1997 թվականի դեկտեմբերի 19-ի վճիռը, գանգատ թիվ 20772/92, կետ 60):

15. Սույն որոշման 13-14-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ պետք է անդրադառնա բողոքի հիմքերին: Վերջին դիրքորոշումը հիմնավորվում է նրանով, որ վերաքննիչ բողոք բերելու հիմքը դատական սխալն է, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, ինչպես նաև նոր երևան եկած կամ նոր հանգամանքները (ՀՀ քրական դատավարության օրենսգրքի 308.1-րդ հոդված): Այլ խոսքով` վերաքննիչ բողոքի հիմքն ինքնին օժտված է գործի ելքի վրա ազդեցություն ունենալու հատկանիշով:

Ինչ վերաբերում է բողոքի հիմնավորումներին անդրադառնալու հարցին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ բողոքի այն հիմնավորումներին, որոնք ողջամտորեն կարող են ազդեցություն ունենալ գործի համար նշանակություն ունեցող հարցերի լուծման համար և պատշաճ պատճառաբանել դրանց վերաբերյալ իր եզրահանգումները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ չափանիշների պահպանման դեպքում միայն վերաքննիչ դատարանի որոշումը կհամապատասխանի դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ օրենսդրական պահանջին և դրա կապակցությամբ Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալներ Մ.Պողոսյանի և Հ.Մարտիրոսյանի պատասխանատվությունն ու պատիժն ինչպես մեղմացնող, այնպես էլ ծանրացնող հանգամանքներ չի արձանագրել, հաշվի է առել ամբաստանյալների դրական բնութագրվելը, Մ. Պողոսյանի դեպքում նաև` անկեղծորեն խոստովանելն ու զղջալը, և նրանց նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկման ձևով: Առաջին ատյանի դատարանը Ս. Պետրոսյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրել, մեղմացնող է համարել պատճառված վնասը կամովին վերականգնելը, խնամքին մինչև 14 տարեկան` վատառողջ երեխա ունենալը, ինչպես նաև հաշվի է առել մեղքն անկեղծորեն խոստովանելն ու զղջալը, դրական բնութագրվելը, նախկինում արատավորված չլինելը և պատիժ է նշանակել տուգանքի ձևով (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Մեղադրող Կ. Հովհաննիսյանն իր վերաքննիչ բողոքում փաստել է, որ ամբաստանյալներ Մ. Պողոսյանի և Հ. Մարտիրոսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս որպես ծանրացնող հանգամանք պետք է հաշվի առնվեր հանցագործությունների ռեցիդիվը, քանի որ նրանցից յուրաքանչյուրը դատվածություն ունի նախկինում դիտավորությամբ կատարված արարքի համար: Բացի այդ, բողոքաբերը գտել է, որ ամբաստանյալ Ս.Պետրոսյանի նկատմամբ նշանակվել է ոչ համաչափ պատիժ` տուգանք, ինչը չի համապատասխանում կատարված հանցագործության հանրային վտանգավորության բնույթին: Ավելին` ըստ մեղադրողի` նշանակված պատժով անտեսվել է քրեական օրենսդրությամբ պահպանվող կոնկրետ հասարակական հարաբերությունների սոցիալական նշանակությունը և այս ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճռի օրինականությունը և հիմնավորվածությունը, իր որոշման «Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը» բաժնում մանրամասն շարադրել է դատախազի վերաքննիչ բողոքը, սակայն դատական ակտի պատճառաբանական մասում որևէ անդրադարձ չի կատարել բողոքի փաստարկներին` բավարարվելով Առաջին ատյանի դատարանի կողմից հաշվի առնված հանգամանքները վերաշարադրելով: Արդյունքում առանց որևէ լրացուցիչ հիմնավորման Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալների նկատմամբ նշանակել է արդարացի պատիժներ, որոնք բխում են ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

17. Սույն որոշման 15-րդ կետում ձևավորած իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի հիմնավորումներն առ այն, որ Առաջին ատյանի դատարանի կողմից պատիժ նշանակելիս ամբաստանյալներ Մ. Պողոսյանի և Հ. Մարտիրոսյանի նկատմամբ որպես ծանրացնող հանգամանք հանցագործությունների ռեցիդիվը, իսկ Ս. Պետրոսյանի նկատմամբ` կատարված հանցագործության հանրային վտանգավորության բնույթը և աստիճանը հաշվի չեն առնվել, ողջամտորեն կարող են ազդել գործի համար նշանակություն ունեցող հարցի` պատժի արդարացիության գնահատման վրա: Նման պայմաններում դատական ակտի պատճառաբանվածության չափանիշի իմաստով Վերաքննիչ դատարանը պարտավոր էր քննարկման առարկա դարձնել բողոքի նշված հիմնավորումները և արդյունքում պատճառաբանված որոշում կայացնել այն մասին, թե ո՞ր իրավանորմերով ղեկավարվելու արդյունքում և ի՞նչ հանգամանքների հիման վրա է եկել այս կամ այն հետևության:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրողի վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկները գնահատման չենթարկելու պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը չի բավարարում դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ պահանջին:

Արդյունքում Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ, 385-րդ և 393-րդ հոդվածների խախտումներ, որոնք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալներ Մ.Պողոսյանի, Հ.Մարտիրոսյանի և Ս.Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատիժների անհամաչափ լինելու մասին բողոքաբերի փաստարկներին (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը) հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելուց հետո:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալներ Մկրտիչ Արայիկի Պողոսյանի, Հովհաննես Վոլոդյայի Մարտիրոսյանի և Սեյրան Մանվելի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հուլիսի 21-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի հոկտեմբերի 22-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` նոր քննության:

2. Ամբաստանյալներ Մկրտիչ Արայիկի Պողոսյանի և Հովհաննես Վոլոդյայի Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, և ամբաստանյալ Սեյրան Մանվելի Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ս. Օհանյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.06.2016
N ՇԴ/0034/01/15
Որոշում