Սեղմել Esc փակելու համար:
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ...

02.07.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.12.2016  -ից մինչեւ   02.07.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 30.06.2022 թիվ 51-Ն որոշում)

i

606.0124.281116

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»        11            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60616390

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 նոյեմբերի 2016 թվականի N 124-Ն

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ, ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով և 51-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել.

1) ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ կազմակերպելու, անցկացնելու և որակավորում շնորհելու կարգը` համաձայն N 1 հավելվածի,

2) ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցելու դիմումների ձևերը` համաձայն N 2 հավելվածի,

3) ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2016 թ. նոյեմբերի 9-ի

N 124-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ (այսուհետ` դասընթացներ) կազմակերպելու և անցկացնելու նպատակը տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց սույն կարգի 11-րդ կետով սահմանված իրավական ակտերի ուսուցումն է և ստուգարքի միջոցով նրանց գիտելիքների ստուգումն ու որակավորում շնորհելը:

2. Դասընթացներին կարող են մասնակցել 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

3. Դասընթացների կազմակերպումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

2. ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

4. Դասընթացները կազմակերպվում են Երևանում և մարզերում տարին առնվազն մեկ անգամ:

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դասընթացներ կազմակերպելու մասին հայտարարություն է տարածում զանգվածային լրատվության միջոցներով, հայտարարությունը տեղադրվում է նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

6. Հայտարարությունում նշվում է.

1) դասընթացներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիներին ներկայացվող պահանջները,

2) փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը,

3) անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,

4) դիմում ներկայացնելու և դասընթացն անցկացնելու վայրը:

7. Դասընթացին մասնակցելու համար քաղաքացին, կուսակցությունը, ներկայացնում է սույն որոշման N 2 հավելվածով սահմանված դիմում:

8. Կուսակցությունը դիմումին կից ներկայացնում է դասընթացներին մասնակցել ցանկացող քաղաքացիների ցուցակը: Ցուցակը ներկայացվում է նաև էլեկտրոնային կրիչով` Microsoft Excel տարբերակով: Ցուցակի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում այդ տարբերակում նշված եղանակով:

Կուսակցությունը դասընթացների անցկացման համար կարող է առաջարկել դասընթացի անցկացման ժամկետ և վայր, եթե դիմումին կից ցուցակում ընդգրկված, դասընթացներին մասնակցել ցանկացող քաղաքացիների թիվը ավելի է 20-ից:

9. Դասընթացներին մասնակցել ցանկացող քաղաքացիների հաշվառումը վարում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչությունը:

10. Ներկայացված ցուցակներում ընդգրկված, ինչպես նաև դիմում ներկայացրած անձինք մասնակցում են մասնագիտական դասընթացներին` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես հրապարակված գրաֆիկին (օր, ժամ, վայր) համապատասխան:

Գրաֆիկը տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

11. Դասընթացների ծրագիրը և ստուգարքի հարցաշարերը կարող է վերաբերել հետևյալ իրավական ակտերի դրույթներին.

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն,

2) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք,

3) «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

4) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներ:

12. Մեկ դասընթացի տևողությունը` ներառյալ ստուգարքը, 7 ակադեմիական ժամ է, որից 3 ակադեմիական ժամ` դասախոսության, 1 ակադեմիական ժամ` գործնական պարապմունքի, 1 ակադեմիական ժամ` ստուգարքի անցկացման և 2 ակադեմիական ժամ` գիտելիքի գնահատման համար:

13. Դասընթացներ անցկացնող դասախոսական կազմում կարող են ընդգրկվել բարձրագույն կրթություն ունեցող, դասավանդման կամ ընտրական համակարգում աշխատանքային փորձ ունեցող համապատասխան մասնագետներ, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, տարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակիցներ:

 

3. ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼԸ

 

14. Որակավորում շնորհվում է ստուգարքի արդյունքում: Ստուգարքն անցկացվում է դռնբաց, կարող են ներկա լինել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև կուսակցության ներկայացուցիչներ, եթե կուսակցությունը ներկայացրել է քաղաքացիների ցուցակներ:

15. Ստուգարքն անցկացվում է դասընթացի ավարտից հետո, հայերեն լեզվով, համակարգչային կամ թեստային գրավոր եղանակով: Ստուգարքին մասնակցել թույլատրվում է անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի առկայության դեպքում:

16. Թեստը բաղկացած է 2 մասից` հարցերից և խնդրից: Թեստի առաջին մասը ներառում է սույն կարգի 11-րդ կետով սահմանված իրավական ակտերին վերաբերող 30 հարց` առնվազն 3 ենթադրյալ պատասխանով, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է, իսկ երկրորդ մասում` քվեարկության արդյունքների արձանագրություն կազմելու վերաբերյալ մեկ խնդիր: Կազմվում է թեստերի առնվազն 7 տարբերակ, ստուգարքի ժամանակ բաժանվում է առնվազն 3 տարբերակ:

17. Թեստը լրացնելու համար սահմանվում է մինչև 40 րոպե, որից հետո մասնակիցը թեստը հանձնում է դասընթացն անցկացնող դասախոսին: Համակարգչային եղանակի դեպքում մասնակիցը հրահանգում է հիշել իր կատարած նշումները:

18. Ստուգարքը գնահատվում է առավելագույնը 35 միավոր: Թեստի յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը 1 միավոր է, սխալ պատասխանը` զրո: Սխալ պատասխան է համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխան նշելը, նշած պատասխանը փոփոխելը (ուղղելը), որևէ պատասխան չնշելը: Քվեարկության արդյունքների արձանագրություն կազմելու վերաբերյալ խնդրի լուծումը գնահատվում է առավելագույնը 5 միավոր:

19. Ստուգարքի մասնակցի խնդրանքով նրան կարող է տրամադրվել թեստի նույն տարբերակի մեկ լրացուցիչ օրինակ: Լրացուցիչ օրինակ ստացած մասնակիցը դասընթացն անցկացնող դասախոսին է հանձնում թեստի երկու օրինակները` նշելով թե որ օրինակն է ներկայացվում գնահատելու համար:

20. Ստուգարքի հիման վրա ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորում շնորհվում և ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայական տրվում է այն մասնակցին, որը հավաքել է առնվազն 31 միավոր:

21. Ստուգարքի արդյունքը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվելուց հետո 7-օրյա ժամկետում կարող է բողոքարկվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

22. Վկայականը տրվում է 3 տարի ժամկետով:

23. Վկայականը համարվում է ուժը կորցրած վկայականի ժամկետը լրանալու դեպքում: Վկայականի ժամկետը կարող է երկարաձգվել կամ կրճատվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ:

24. Վկայականի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում դիմում` վկայականի կրկնօրինակ ստանալու համար: Դիմումին կից ներկայացվում է անձը հաստատող փաստաթղթի պատճենը և օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայականը: Կորած կամ օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայականի փոխարեն տրվում է նոր վկայական` «Կրկնօրինակ» նշումով:

25. Որակավորում ստացած քաղաքացիների ցուցակները տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

26. Որակավորման վկայականների հաշվառումը վարում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչությունը:

27. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը յուրաքանչյուր ընտրության համար, ոչ ուշ, քան ընտրության օրվանից 40 օր առաջ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի համար կարող է սահմանել գիտելիքների և հմտությունների ստուգելու լրացուցիչ ստուգարք, որը հանձնաժողովի նախագահը և քարտուղարը պետք է հանձնեն ոչ ուշ, քան ընտրության օրվանից 3 օր առաջ:

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2016 թ. նոյեմբերի 9-ի

N 124-Ն որոշման

 

Ձև 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովին

 

ԴԻՄՈՒՄ

ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցելու

______________________________________________________________________

                       ազգանուն, անուն, հայրանուն

______________________________________________________________________

                        ծննդյան օր, ամիս, տարեթիվ

______________________________________________________________________

         բնակության վայր, հեռախոսահամար, կապի հնարավոր այլ միջոց

 

Խնդրում եմ ինձ ընդգրկել ______________________________________________

նշվում է մասնագիտական դասընթացի վայրը

 

տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների համար կազմակերպված մասնագիտական դասընթացին:

 

    Դիմող ___________________        ____________________          

            ազգանուն, անուն             ստորագրություն             

                           

«____» _____________ 20 թվական

 

Ձև 2

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովին

 

ԴԻՄՈՒՄ

Կից ներկայացվում է ընտրությունների անցկացման մասնագիտական

դասընթացին (ստուգարքին) մասնակցել ցանկացող քաղաքացիների ցուցակը:

 

    ________________________________________     _________________

    կուսակցության լիազորված ներկայացուցչի         ստորագրություն

              ազգանուն, անուն

                            

________________________________

հեռախոսահամար, կապի այլ միջոց

 

«____» _____________ 20 թվական

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2016 թ. նոյեմբերի 9-ի

N 124-Ն որոշման

 

Ձև 1

 

.___________________________________________________________.

|                Հայաստանի Հանրապետության                   |

|           կենտրոնական ընտրական հանձնաժողովին              |

|                                                           |

|               ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ 00000                  |

|       ___________________________________________         |

|               ազգանուն, անուն, հայրանուն                  |

|                                                           |

|            Անցել է ընտրությունների անցկացման              |

|           մասնագիտական դասընթացներ և  ստացել              |

|      ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու իրավունք:        |

|                                                           |

|  Տրված է ____ ________________ 20 թ.                      |

|                                                           |

|  ՈՒժի մեջ է մինչև  ____ _____________ 20 թ.               |

|                                                           |

|  Կ.Տ.                                                     |

|                                                           |

|      Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ        |

|                  ներկայացնելու դեպքում                    |

.___________________________________________________________.

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
09.11.2016
N 124-Ն
Որոշում