(ուժը կորցրել է 05.04.18 ՆՀ-226-Ն հրամանագիր)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Կարևորելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համակարգի ամրապնդումը, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համակարգի ընդհանուր ղեկավարումը դնել Հայաստանի Հանրապետության կառավարության վրա:
Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետն ի պաշտոնե հանդիսանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, իսկ պետի տեղակալը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության պետը:
2. Քաղաքացիական պաշտպանության համակարգի գործունեության կազմակերպումը, անմիջական ղեկավարումը և վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության վրա:
3. Հայաստանի Հանրապետության նախարարները, պետական վարչությունների պետերը, գերատեսչությունների ղեկավարները, պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային և գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահները, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների /անկախ սեփականության ձևից և կազմակերպաիրավական տեսակից/ ղեկավարներն ի պաշտոնե հանդիսանում են համապատասխան պետական մարմնի, տարածքի, օբյեկտի քաղաքացիական պաշտպանության պետը և պատասխանատվություն են կրում քաղաքացիական պաշտպանության պատրաստականության համար:
Քաղաքացիական պաշտպանության պետը համապատասխան պետական մարմնում, տարածքում, օբյեկտում քաղաքացիական պաշտպանության ամենօրյա գործունեության իրականացման և ղեկավարման նպատակով ստեղծում է քաղաքացիական պաշտպանության շտաբ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը.
ա) եռամսյա ժամկետում հաստատել`
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության մասին կանոնադրությունը,
արտակարգ իրավիճակների կանխման և վերացման Հայաստանի Հանրապետության միասնական համակարգի մասին կանոնադրությունը.
բ) 1995 թվականի ընթացքում սահմանված կարգով ներկայացնել «Բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
5. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
6 հունիսի 1995 թ.
ՆՀ-446