Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 197-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 197-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
ԵԷԴ/1089/02/13
2016թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1089/02/13  
Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան
                   Դատավորներ`  Ա. Խառատյան
                                                  Լ. Գրիգորյան  

    

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ն. Տավարացյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
   Ռ. Հակոբյանի
Ե. Սողոմոնյանի

              

2016 թվականի հուլիսի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սամվել Ֆրանգուլյանի ներկայացուցիչ Վահե Մնացականյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.05.2015 թվականի որոշման դեմ`ըստ հայցի Սամվել Ֆրանգուլյանի ընդդեմ Հենրիկ Ֆրանգուլյանի` Երևանի Նոր Արեշի 8-րդ փողոցի թիվ 89/1 հասցեի 432,0 քմ մակերեսով համատեղ սեփականություն հանդիսացող հողամասից բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սամվել Ֆրանգուլյանը պահանջել է Երևանի Նոր Արեշի 8-րդ փողոցի թիվ 89/1 հասցեի 432,0 քմ մակերեսով համատեղ սեփականություն հանդիսացող հողամասից բնեղենով առանձնացնել իր բաժինը:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ.Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 23.02.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.05.2015 թվականի որոշմամբ Սամվել Ֆրանգուլյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.02.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սամվել Ֆրանգուլյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ, 197-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը, 53-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, մասնավորապես` Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը վճռի հիմքում դրել է ոչ թե փորձագիտական եզրակացությունը, այլ դատական նիստին որպես վկա հրավիրված փորձագետների բացատրությունները:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ դատարան այդպես էլ չեն ներկայացվել թույլատրելի և վերաբերելի այնպիսի ապացույցներ, որոնք հնարավորություն կընձեռեին առանձնացնելու ընդհանուր օգտագործման հողամասը: Մինչդեռ հայցվորը, հստակեցնելով հայցապահանջը, հղում է կատարել փորձագիտական եզրակացությանը, որը Վերաքննիչ դատարանի կողմից համարվել է ոչ թույլատրելի և վերաբերելի ապացույց:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ եթե համասեփականատերերի միջև առկա չէ փոխհամաձայնություն հողը բաժանելու հարցում, ապա բաժինն առանձնացնելը դառնում է անհնարին: Ակնհայտ է, որ եթե համասեփականատերերի միջև լիներ փոխադարձ համաձայնություն, ապա առանց նման վեճի առկայության կառանձնացվեր հողամասի իրեն պատկանող մասը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.05.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի առանձին որակական, քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 02.04.2013 թվականի թիվ ԱՏ-28/03/2013/-2-0238 տեղեկանքի համաձայն` Երևանի Նոր Արեշի 8-րդ փողոցի թիվ 89/1 հասցեի 432,0 քմ մակերեսով հողամասի համասեփականատերերն են Հենրիկ Ֆրանգուլյանը (Նոր Արեշի 8-րդ փողոց, թիվ 89/1) և Սամվել Ֆրանգուլյանը (Նոր Արեշի 8-րդ փողոց, թիվ 89/2) (հատոր 1-ին, գ.թ. 6):

2. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 09012013-01-1208 վկայականի համաձայն` Երևանի Նոր Արեշի 8-րդ փողոցի թիվ 89/2 հասցեի բնակելի տունը սեփականության իրավունքով գրանցված է Սամվել Ֆրանգուլյանի անվամբ, իսկ 0,0432 հա հողամասը` որպես ընդհանուր համատեղ սեփականություն (հատոր 1-ին, գ.թ. 8):

3. ՀՀ «Փորձաքննությունների Ազգային Բյուրո» ՊՈԱԿ-ի 26.09.2014 թվականի թիվ 13-0480Դ փորձագետի եզրակացության համաձայն` Երևան քաղաքի Նոր Արեշի 8-րդ փողոցի թիվ 89/1 հասցեի 432,0 քմ մակերեսով հողամասը հնարավոր է երկու համասեփականատերերի միջև բաժանել: Հատակագծային առկա իրավիճակից, առանձնացվող հատվածները նպատակային օգտագործման թողնելու անհրաժեշտությունից և բաժնեմասերի առանձնացումը փոքրածավալ շինարարական աշխատանքներ կատարելու պայմանից, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության նորմատիվ ակտերի պահանջներից ելնելով` առաջարկվում է նշված հասցեի հողամասի առանձնացման երկու տարբերակ, որոնք բերված են եզրակացությանը կից թիվ 2 և թիվ 3 հավելվածներում:

Առաջին տարբերակով (թիվ 2 հավելված) առաջարկվում է Երևանի Նոր Արեշի 8-րդ փողոցի թիվ 89/1 հասցեի շինությունից ազատ 66,5 քմ մակերեսով հողամասը թողնել ընդհանուր օգտագործման, քանի որ ելնելով երկրաչափական չափերից և դիրքից` հնարավոր չէ առանձնացնել երկու մասերի և ապահովել սպասարկման ու շահագործման համար անհրաժեշտ առանձին մուտքեր: Ընդհանուր օգտագործման է թողնվում նաև շինություններով ծանրաբեռնված 70,2 քմ մակերեսով հողամասը, քանի որ նշված մակերեսն օգտագործվում է կողմերի կողմից ընդհանուր (կողմերի կողմից տարբեր հարկերում օգտագործվող տարածքներ, որոնք գտնվում են միմյանց վրա): Նշված տարբերակով կողմերից յուրաքանչյուրին հասանելիք հողամասի մակերեսը կազմում է 147,65 քմ: Հայցվորին հասանելիք, շինություններից ազատ հողամասի մակերեսը կազմում է 110,1 քմ մակերես, 24,12 քմ մակերեսը միայն իր կողմից օգտագործվող շինություններով ծանրաբեռնված հողամասն է, իսկ 13,44 քմ մակերեսը միայն իր կողմից օգտագործվող ավտոտնակով ծանրաբեռնված հողամասն է: Պատասխանողին հասանելիք, շինություններից ազատ հողամասի մակերեսը կազմում է 37,25 քմ, 42,0 քմ մակերեսը միայն իր կողմից օգտագործվող բնակելի տան շինություններով ծանրաբեռնված հողամասն է, իսկ 68,4 քմ մակերեսը միայն իր կողմից օգտագործվող երկհարկանի տնով ծանրաբեռնված հողամասն է: Նշված տարբերակով առաջարկվում է հայցվորին հատկացնել իր կողմից օգտագործվող 37,56 քմ մակերեսով շինություններով ծանրաբեռնված հողամասը և 110,1 քմ մակերեսով շինություններից ազատ հողամասը, իսկ պատասխանողին` իր կողմից օգտագործվող շինություններով ծանրաբեռնված 110,4 քմ մակերեսով հողամասը և 37,25 քմ մակերեսով շինություններից ազատ հողամասը:

Երկրորդ տարբերակով (թիվ 3 հավելված) առաջարկվում է կողմերի փոխհամաձայնության պայմաններում շինությունից ազատ 17,0 քմ մակերեսով հողամասը և շինություններով ծանրաբեռնված 49,6 քմ մակերեսով հողամասը թողնել ընդհանուր օգտագործման: Նշված տարբերակով կողմերից յուրաքանչյուրին հասանելիք հողամասի մակերեսը կազմում է 182,7 քմ: Առաջարկվում է հայցվորին տրամադրել բնակելի տնից իր կողմից օգտագործվող տարածքները, ընդհանուր օգտագործվող պատշգամբից 6,8 քմ մակերես, որոնցով ծանրաբեռնված է 24,12 քմ մակերեսով հողամաս: Պատասխանողին տրամադրել իր կողմից օգտագործվող շինությունները, ընդհանուր օգտագործվող 4,3 քմ մակերեսով միջանցքը, ընդհանուր օգտագործվող պատշգամբից 13,8 քմ մակերես` որպես մուտք տրամադրելով գոյություն ունեցող մուտքը: Նշված տարբերակով հայցվորին հասանելիք շինություններից ազատ հողամասի մակերեսը կազմում է 145,14 քմ, 24,12 քմ մակերեսը միայն իր կողմից օգտագործվող, շինություններով ծանրաբեռնված հողամասն է, իսկ 13,44 քմ մակերեսը միայն իր կողմից օգտագործվող, ավտոտնակով ծանրաբեռնված հողամասն է: Պատասխանողին հասանելիք, շինություններից ազատ հողամասի մակերեսը կազմում է 52,3 քմ, 62,0 քմ մակերեսը միայն իր կողմից օգտագործվող բնակելի տան շինություններով ծանրաբեռնված հողամասն է, իսկ 68,4 քմ մակերեսը միայն իր կողմից օգտագործվող երկհարկանի տնով ծանրաբեռնված հողամասն է:

Ելնելով Նոր Արեշի 8-րդ փողոցի թիվ 89/1 հասցեի հողամասի հատակագծային իրավիճակից` հողամասի առանձնացման երկրորդ տարբերակի պարագայում հայցվորին տրամադրվելիք շինություններից ազատ հողամասի մակերեսը կազմում է 123,6 քմ` իրեն հասանելիք 145,14 քմ մակերեսի փոխարեն, որը փոքր է հասանելիքից` 21,54 քմ մակերեսով: Պատասխանողին տրամադրվելիք շինություններից ազատ հողամասի մակերեսը կազմում է 73,8 քմ` իրեն հասանելիք 52,3 քմ մակերեսի փոխարեն, որը մեծ է հասանելիքից` 21,5 քմ մակերեսով, որը փոխհամաձայնության պայմաններում հնարավոր է փոխհատուցել (հատոր 1-ին, գ.թ. 54-74):

5. 09.02.2015 թվականի դատական նիստի ընթացքում փորձագետներ Անահիտ Հակոբյանը և Հակոբ Դեմիրճյանը հայտնել են, որ հնարավոր չէ առանց կողմերի փոխհամաձայնության առանձնացնել հայցվորի բաժնեմասը, քանի որ պատասխանողի սեփականության մի մասը գտնվում է հայցվորի կողմից օգտագործվող տարածքում, իսկ հայցվորի սեփականության մի մասը պատասխանողի տարածքում: Նրանք հայտնել են նաև, որ նշված տարբերակները նախատեսվել են կողմերի փոխհամաձայնության պայմանով, և այդ դեպքում նախընտրելի է հողամասերի բաժանման առաջին տարբերակը, որովհետև շինարարական աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն գրեթե չի լինի (հատոր 1-ին, գ.թ. 110-112):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. կարո՞ղ է արդյոք ընդհանուր սեփականության ներքո գտնվող անշարժ գույքից բաժինը բնեղենով առանձնացվել այն պարագայում, երբ անշարժ գույքի մի մասը պետք է թողնվի ընդհանուր օգտագործման:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը կարող է դրա մասնակիցների միջև բաժանվել նրանց համաձայնությամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել առանձնացնելու իր բաժինն ընդհանուր գույքից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը:

Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարելու իր բաժնի արժեքը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի կարգավորումներին, նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջելու ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնել իր բաժինը միայն այն դեպքում, երբ բաժնային սեփականության մասնակիցների միջև բացակայում է ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնություն: Միաժամանակ այն դեպքում, երբ բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով կամ այդպիսի առանձնացումն անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարել իր բաժնի արժեքը միայն նրանց համաձայնությամբ, քանի որ այդպիսի համաձայնության բացակայությունը կհանգեցնի կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության սկզբունքի խախտման, հետևաբար նաև անձի սեփականության իրավունքի խախտման: Վերոգրյալ համաձայնության պարտադիր լինելը հաստատվում է նաև այն հանգամանքով, որ բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն` մյուս սեփականատերերը նրան փոխհատուցում վճարելու իրավունք ունեն նույնպես միայն նրա համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի (տե՛ս Դավիթ Ասատրյանն ընդդեմ Սվետլանա Ասատրյանի և Արթուր Գասիսյանի թիվ ԵՄԴ/0199/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

i

Զարգացնելով վերը նշված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը Նելլի Հարությունյանն ընդդեմ Աղաջան Ավագյանի թիվ ԵԷԴ/1661/02/09 քաղաքացիական գործով 04.10.2013 թվականի որոշմամբ նշել է, որ գոյություն ունեցող իրավակարգավորումը հնարավոր է համարում բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնել ինչպես բնեղենով, այնպես էլ դրամական հատուցմամբ: Ընդ որում, նախապատվությունը տրվում է բաժինը բնեղենով առանձնացնելուն, քանի որ այս դեպքում անձը շարունակում է պահպանել իր սեփականության իրավունքը բնեղենով առանձնացված մասի նկատմամբ, մինչդեռ փոխհատուցման դեպքում անձի սեփականության իրավունքը բաժնեմասի նկատմամբ դադարում է:

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ ընդհանուր սեփականությունից բաժինը բնեղենով առանձնացնելու պահանջներ քննելիս դատարաններն առաջին հերթին պետք է հաշվի առնեն, թե արդյոք առաջարկվող տարբերակով (տարբերակներով) բաժնեմասի առանձնացման դեպքում հնարավոր է ապահովել առանձին ձևավորվող բաժնեմասերի ինքնուրույն օգտագործումը: Ընդ որում, առանձնացվող բաժնեմասերը կամ դրանցից որևէ մեկը սերվիտուտով ծանրաբեռնելը կամ ընդհանուր օգտագործման թողնելը չի կարող համարվել ընդհանուր սեփականության բաժինն առանձնացնելու պահանջը բացառող հանգամանք, քանի որ բաժանվող օբյեկտների այդպիսի փոխկապվածությունը, որպես այդպիսին, չի սահմանափակում դրանց ինքնուրույն օգտագործման հնարավորությունը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի իրավակարգավորումից հետևում է, որ օրենսդիրն ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքի բաժանումը կամ դրանից բաժնի առաձնացումը բացառապես չի պայմանավորել բաժինների` իդեալապես առանձնացման տեխնիկական հնարավորությամբ: Նման հետևությունը բխում է նաև նույն հոդվածի 4-րդ կետի շարադրանքից, համաձայն որի` բաժնային սեփականության մասնակցին բնեղենով առանձնացվող գույքի անհամաչափությունը բաժնային սեփականության իրավունքում նրա բաժնին վերացվում է նրան համապատասխան դրամական գումար վճարելով կամ այլ փոխհատուցումով:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը բաժանելիս փորձագետի եզրակացությամբ այդպիսի բաժանումը հնարավոր է համարվում առանձնացվող գույքի անհամաչափությունը փոխհատուցելու կամ որոշ տարածքներ ընդհանուր օգտագործման թողնելու տարբերակներով, իրավաչափ է առաջարկվող տարբերակներից որևէ մեկով գույքի բնեղենով բաժանումը: Այսինքն` այն դեպքում, երբ համապատասխան փորձագիտական եզրակացությամբ առաջարկվում է վիճելի գույքի (տվյալ դեպքում` հողամասի) որոշ մասերի բնեղենով առանձնացում, իսկ մյուս մասը թողնվում է ընդհանուր օգտագործման, ապա դա չի կարող բացառել դատարանների կողմից նման հայցապահանջների բավարարումը, քանի որ, ըստ էության, այն դիտարկվում է որպես բնեղենով առանձնացնելու հնարավոր տարբերակ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են` 1) գրավոր և իրեղեն ապացույցներով, 2) փորձագետների եզրակացություններով, 3) վկաների ցուցմունքներով, 4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանին առաջադրել հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում, ինչպես նաև նշել այն մասնագիտացված փորձագիտական հաստատությունը կամ այն փորձագետին, որոնց դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն`փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փորձագետի եզրակացությունը պետք է պարունակի`

1. նշում` կիրառված մեթոդների մասին,

2. կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը,

3. հետազոտությունների արդյունքում արված հետևությունները,

4. առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում է մյուս ապացույցների հետ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատարանը կարող է հրավիրել գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դրա վերաբերյալ բանավոր բացատրություններ տալու համար, եթե գործի հանգամանքներից բխում է դրա անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը:

Դատարանը հրավիրում է գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դրա վերաբերյալ բանավոր բացատրություններ տալու համար, եթե այդ մասին միջնորդել են կողմերը, կամ միջնորդել է կողմերից մեկը:

Վկայակոչված իրավակարգավորումներից հետևում է, որ դատարանը փորձաքննություն նշանակելու հարցը պետք է լուծի` ելնելով դատավարության մրցակցության և կողմերի իրավահավասարության դատավարական սկզբունքների էությունից, ապացույցների թույլատրելիության և վերաբերելիության վերաբերյալ օրենսդրական պահանջներից, հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակից և արդարադատության արդյունավետության շահերի ապահովման առաջնահերթությունից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փորձագետի եզրակացությունը գնահատվում է ընդհանուր հիմունքներով և, ինչպես գործով ձեռք բերված ցանկացած այլ ապացույց, այն ենթակա է գնահատման գործում առկա մյուս ապացույցների հետ համակցության մեջ, ինչը հնարավորություն է տալիս ստուգելու ոչ միայն փորձագետի եզրակացության տրամաբանությունը, այլ նաև կատարված հետազոտության գիտական հիմնավորվածության աստիճանն ու կատարված հետևությունների լրիվությունն ու հավաստիությունը: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածում սահմանված ապացույցներից որևէ մեկը, այդ թվում նաև` փորձագետի եզրակացությունը որևէ առավելություն չունի գործում առկա մյուս ապացույցների նկատմամբ և ենթակա է գնահատման ընդհանուր կարգով` վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության տեսանկյունից: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ապացույցի յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունները, ինչը կարող է պայմանավորված լինել ապացույցի կազմավորման բնույթով, աղբյուրով, արտահայտման ձևով և այլ գործոններով: Հետևաբար անգամ ընդհանուր կարգով գնահատումն անհրաժեշտ է իրականացնել այդ առանձնահատկությունների հաշվառմամբ:

Անդրադառնալով փորձագետի եզրակացության` որպես ապացույցի գնահատման առանձնահատկություններին` ՀՀ վճռաբեկ դատարանն առանձնացրել է այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման վերոնշյալ ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս:

Վերաբերելիության առումով փորձագետի եզրակացությունը գնահատելիս նախևառաջ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե փորձագետին առաջադրված հարցերը որքանով նշանակություն ունեն գործի լուծման համար, ապա միայն անդրադառնալ այդ հարցադրումների վերաբերյալ արված եզրահանգումներին: Ընդ որում, հարցադրումների բովանդակությունը ոչ միայն էական նշանակություն ունի փորձագետի եզրակացության վերաբերելիության գնահատման տեսանկյունից, այլև կարևորվում է երկու և ավելի եզրակացությունների պարագայում դրանց միջև առկա հակասությունները վեր հանելու առումով:

Փորձագետի եզրակացությունը թույլատրելիության տեսանկյունից գնահատման ենթարկելիս առաջնահերթ կարևորվում է փորձաքննությունն իրականացնող անձի որակավորումը և ձեռնհասությունը, նշված անձի օբյեկտիվությունը, սահմանված դատավարական կարգի պահպանված լինելը, հետազոտության ընթացքի և արդյունքների պատշաճ դատավարական ձևակերպումը:

i

Արժանահավատության տեսանկյունից փորձագետի եզրակացության գնահատում իրականացնելիս պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, փորձաքննությանը տրամադրված նյութի որակը և բավարարությունը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, գործին մասնակցող անձանց` փորձաքննությանը ներկա գտնվելու իրական հնարավորությունը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին (տե՛ս «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանն ընդդեմ Կարեն Ախիկյանի և մյուսների թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Նոր Արեշի 8-րդ փողոցի թիվ 89/1 հասցեի 432,0 քմ մակերեսով հողամասի համասեփականատերերն են Հենրիկ Ֆրանգուլյանը (Նոր Արեշի 8-րդ փողոցի թիվ 89/1 հասցեն) և Սամվել Ֆրանգուլյանը (Նոր Արեշի 8-րդ փողոցի թիվ 89/2 հասցեն): Համաձայն ՀՀ «Փորձաքննությունների Ազգային Բյուրո» ՊՈԱԿ-ի 26.09.2014 թվականի թիվ 13-0480Դ փորձագետի եզրակացության` Երևան քաղաքի Նոր Արեշի 8-րդ փողոցի թիվ 89/1 հասցեի 432,0քմ մակե հողամասը հնարավոր է երկու համասեփականատերերի միջև բաժանել: Նշված եզրակացությամբ առաջարկվել է Նոր Արեշի 8-րդ փողոցի թիվ 89/1 հասցեի հողամասի առանձնացման երկու տարբերակ, որոնք բերվել են փորձագիտական եզրակացությանը կից թիվ 2 և 3 հավելվածներում: Առաջին տարբերակով առաջարկվել է Նոր Արեշի 8-րդ փողոցի թիվ 89/1 հասցեի շինությունից ազատ 66,5 քմ մակերեսով հողամասը թողնել ընդհանուր օգտագործման, քանի որ ելնելով երկրաչափական չափերից և դիրքից` այն հնարավոր չէ առանձնացնել երկու մասերի և ապահովել սպասարկման ու շահագործման համար անհրաժեշտ առանձին մուտքեր: Ընդհանուր օգտագործման է թողնվել նաև շինություններով ծանրաբեռնված 70,2 քմ մակերեսով հողամասը, քանի որ նշված մակերեսն օգտագործվում է կողմերի կողմից (կողմերի կողմից տարբեր հարկերում օգտագործվող տարածքներ, որոնք գտնվում են միմյանց վրա): Նշված տարբերակով կողմերից յուրաքանչյուրին հասանելիք հողամասի մակերեսը կազմում է 147,65 քմ: Առաջարկվող երկրորդ տարբերակով վիճելի հողամասի բաժանումը հնարավոր է համարվել միայն կողմերի փոխհամաձայնության պայմաններում:

09.02.2015 թվականի դատական նիստի ընթացքում փորձաքննությունն իրականացրած փորձագետներ Անահիտ Հակոբյանը և Հակոբ Դեմիրճյանը հայտնել են, որ հնարավոր չէ առանց կողմերի փոխհամաձայնության ընդհանուր գույքից հայցվորի բաժինն առանձնացնել, քանի որ պատասխանողի սեփականության մի մասը գտնվում է հայցվորի կողմից օգտագործվող տարածքում, իսկ հայցվորի սեփականության մի մասը պատասխանողի տարածքում: Փորձագետները հայտնել են նաև, որ նշված տարբերակները նախատեսվել են կողմերի փոխհամաձայնության պայմանով, և այդ դեպքում նախընտրելի է հողամասերի բաժանման առաջին տարբերակը, որովհետև շինարարական աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն գրեթե չի լինի:

Սույն գործով Դատարանը, արձանագրելով, որ ըստ դատաքննության ընթացքում փորձագետների տրված բացատրությունների` վիճելի հողամասից հնարավոր չէ առանց կողմերի փոխհամաձայնության առանձնացնել հայցվորի բաժնեմասը, քանի որ պատասխանողի սեփականության մի մասը գտնվում է հայցվորի կողմից օգտագործվող տարածքում, իսկ հայցվորինը` պատասխանողի տարածքում, հանգել է այն հետևության, որ հայցվորի կողմից ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության կանոններին համապատասխան չեն ներկայացվել ապացույցներ, որոնք թույլ կտան Դատարանին առանձնացնելու ընդհանուր օգտագործման հողամասը, իսկ հողամասի բաժանման վերաբերյալ փորձագիտական եզրակացությամբ առաջարկած տարբերակները կիրառելի են միայն փոխադարձ համաձայնության պայմաններում, որպիսին սույն գործով առկա չէ:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները:

 

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

Վկայակոչված իրավանորմերից և դրանց մեկնաբանմանն ուղղված վերլուծություններից հետևում է, որ նմանատիպ փաստական և իրավական հիմքերով վեճերով գործի լուծման համար նախևառաջ էական նշանակություն ունի ընդհանուր գույքից համասեփականատիրոջ բաժինը բնեղենով առանձնացնելու հնարավորության հարցը, որպիսի փաստը կարող է հաստատվել միայն համապատասխան մասնագիտական եզրակացությամբ:

Սույն գործում առկա` ՀՀ «Փորձաքննությունների Ազգային Բյուրո» ՊՈԱԿ-ի 26.09.2014 թվականի թիվ 13-0480Դ փորձագետի եզրակացությանը կից թիվ 2 հավելվածի համաձայն` Երևան քաղաքի Նոր Արեշի 8-րդ փողոցի թիվ 89/1 հասցեի 432,0քմ մակերեսով հողամասը երկու համասեփականատերերի միջև հնարավոր է բաժանել ընդհանուր օգտագործման տարածքներ թողնելու պայմանով:

Վերոգրյալից հետևում է, որ փորձագիտական եզրակացությանը կից թիվ 2 հավելվածով առաջարկվող տարբերակով` առանց համասեփականատերերի փոխհամաձայնության նախապայմանի, տրվել է Երևան քաղաքի Նոր Արեշի 8-րդ փողոցի թիվ 89/1 հասցեի 432,0քմ մակերեսով հողամասից` բացառությամբ շինությունից ազատ 66,5 քմ մակերեսով և շինություններով ծանրաբեռնված 70,2 քմ մակերեսներով հողամասերի, որոնք թողնվում են որպես ընդհանուր օգտագործման տարածքներ, հայցվորի բաժինը բնեղենով առանձնացնելու հնարավորություն: Ընդ որում, բաժանվող հողամասի որոշ մասերը համասեփականատերերի ընդհանուր օգտագործմանը թողնելը չի բացառում տվյալ պահանջի բավարարումը:

Ինչ վերաբերում է դատաքննության ընթացքում փորձագետների տրված բացատրություններին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ բացատրությունները դատարանների կողմից ենթակա էին գնահատման միայն փորձագիտական եզրակացության հետ համակցության մեջ վերցված: Ընդ որում, փորձագիտական եզրակացության առկայության պայմաններում միայն դատաքննության ընթացքում փորձագետների տրված բացատրությունները բավարար չեն հաստատված համարելու այն փաստը, որ փորձագիտական եզրակացությունում նշված երկու տարբերակներում հողամասի բաժանումը հնարավոր է կատարել միայն համասեփականատերերի փոխհամաձայնության պայմաններում: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն են ստորադաս դատարանների այն եզրահանգումները, որ հայցվորի կողմից ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության կանոններին համապատասխան չեն ներկայացվել ապացույցներ, որոնք թույլ կտան Դատարանին առանձնացնելու ընդհանուր օգտագործման հողամասը, իսկ հողամասի բաժանման վերաբերյալ փորձագիտական եզրակացությամբ առաջարկած տարբերակները կիրառելի են միայն փոխադարձ համաձայնության պայմաններում, որպիսին սույն գործով առկա չէ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները սույն գործով չեն իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ պատճառաբանությունների լույսի ներքո «Փորձաքննությունների Ազգային Բյուրո» ՊՈԱԿ-ի 26.09.2014 թվականի թիվ 13-0480Դ փորձագիտական եզրակացությունը որպես ապացույց գնահատելու համար անհրաժեշտ է գործն ուղարկել նոր քննության:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը, այդ թվում նաև` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.09.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցը, ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.05.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի, այդ թվում նաև` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.09.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.07.2016
N ԵԷԴ/1089/02/13
Որոշում