Սեղմել Esc փակելու համար:
ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾԻՑ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԻԺ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾԻՑ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԻԺ ՆՇԱՆԱԿԵԼԸ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քրեական                             ԵԱՆԴ/0094/01/13

դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԱՆԴ/0094/01/13

Նախագահող դատավոր` Ե. Դարբինյան

    Դատավորներ`        Գ. Ավետիսյան     

                       Հ. Տեր-Ադամյան   

                       

                                 ՈՐՈՇՈՒՄ

                     ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                               

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի  

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Ավետիսյանի    

                                              Հ. Ասատրյանի     

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի     

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ           Հ. Պետրոսյանի

                   մասնակցությամբ պաշտպան     Ա. Քոչարյանի

                   օրինական ներկայացուցիչ     Ա. Սեթոյանի

 

2015 թվականի օգոստոսի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Արամայիս Արմենի Նունուշյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 26-ի որոշման դեմ պաշտպան Ա. Քոչարյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնի ավագ քննիչ Ռ. Գրիգորյանի` 2013 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 17801813 քրեական գործը:

1.1. 2013 թվականի սեպտեմբերի 23-ին Աղասի Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-266-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

1.2. 2013 թվականի սեպտեմբերի 23-ին անչափահաս Արամայիս Նունուշյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 1-ին մասով և 34-38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

1.3. 2013 թվականի սեպտեմբերի 28-ին Արտակ Վարդանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

1.4. 2013 թվականի նոյեմբերի 19-ին Արմեն Նունուշյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

1.5. 2013 թվականի դեկտեմբերի 23-ին Հրաչյա Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

1.6. 2013 թվականի դեկտեմբերի 23-ին Ա. Կարապետյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 1-ին մասով:

1.7. Արամայիս Նունուշյանի կողմից 2013 թվականի օգոստոսին հոր` Արմեն Նունուշյանի բանավոր ցուցումով «Ֆոլկսվագեն» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդից 15 հաբ ձեռք բերելու և դրանք անհայտ անձին իրացնելու նպատակով Սեբաստիա 117 հասցեի հարևանությամբ գտնվող կենտրոնական փողոցի ծառի տակ դնելու վերաբերյալ թիվ 17801813 քրեական գործի մասը 2013 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառմամբ` նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, իսկ խոշոր չափի` 9.23 գրամ հաստատուն քաշով ափիոն տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Մառի փողոցի 18/1 շենքի հետնամասի ցանկապատ տարածքում պահելու վերաբերյալ մասը կարճվել է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի հիմքով:

1.8. 2013 թվականի դեկտեմբերի 23-ին Արամայիս Նունուշյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2. 2013 թվականի դեկտեմբերի 28-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հունիսի 9-ի դատավճռով Արամայիս Նունուշյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Նշված դատավճռով դատապարտվել են նաև Արմեն Նունուշյանը, Ա. Կարապետյանը, Հ. Հակոբյանը, Ա. Վարդանյանը:

Արմեն Նունուշյանը ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով` երկու դրվագներից յուրաքանչյուրով, դատապարտվել է ազատազրկման` 7 (յոթ) տարի ժամկետով` առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` երկու դրվագներից յուրաքանչյուրով` ազատազրկման 7 (յոթ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ` պատիժները մասնակի գումարելու միջոցով, վերջնական դատապարտվել է ազատազրկման` 9 (ինը) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ սույն դատավճռով նշանակված 9 (ինը) տարի ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարվել է նախորդ դատավճռով սահմանված ազատազրկման 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով պատժի չկրած մասից 4 (չորս) տարին, և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 13 (տասներեք) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման և առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով:

Ա. Կարապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 9 (ինը) ամիս ժամկետով:

Հ. Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 9 (ինը) ամիս ժամկետով:

Ա. Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 1 (մեկ) տարի ժամկետով: Ա. Վարդանյանին թմրամոլությունից բուժելու նպատակով նշանակվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում:

3. Մեղադրող Մ. Հակոբյանի, ամբաստանյալներ Հ. Հակոբյանի, Ա. Վարդանյանի և ամբաստանյալ Արմեն Նունուշյանի շահերի պաշտպան Մ. Թովմասյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2014 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամբաստանյալներ Հ. Հակոբյանի, Ա. Վարդանյանի և ամբաստանյալ Արմեն Նունուշյանի շահերի պաշտպան Մ. Թովմասյանի վերաքննիչ բողոքները մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հունիսի 9-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ, իսկ դատախազ Մ. Հակոբյանի վերաքննիչ բողոքը` բավարարել: Ամբաստանյալ Արամայիս Նունուշյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հունիսի 9-ի դատավճիռը բեկանել և փոփոխել է` վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտելով ազատազրկման` 5 (հինգ) տարի ժամկետով:

4. Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 26-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Արամայիս Նունուշյանի պաշտպան Ա. Քոչարյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ա. Նունուշյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(...) Իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն և ապօրինի իրացնելուն օժանդակելու դիտավորությամբ, հեռախոսով նախնական համաձայնության է եկել ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, իր հայր Արմեն Արամայիսի Նունուշյանի հետ և անչափահաս տարիքում` 2013 թ. սեպտեմբերի 20-ին, Արմեն Նունուշյանի հանձնարարությամբ Երևան քաղաքի Միկոյան 27-րդ շենքի 4-րդ մուտքի դռան մոտ դրված «Մարլբորո» տեսակի ծխախոտի տուփից իրացման նպատակով ապօրինի ձեռք է բերել խոշոր չափի` ընդհանուր` 0,022 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբերի 4 կտորներ, որոնք հոր պահանջով երկուական կտորներով առանձնացնելուց հետո թաքցրել է ծխախոտի տուփերի մեջ և իրացնելու նպատակով թողել նույն մուտքի դռան հետևում: Քիչ անց հիշյալ թմրամիջոցներն Աղասի Կարապետյանի ու Արտակ Վարդանյանի կողմից ձեռք բերելուց և ծխախոտի տուփերի մեջ դրանց արժեքը կազմող 100.000 և 200.000 ՀՀ դրամ գումարը տեղադրելուց հետո Արամայիս Նունուշյանը վերցրել է գումարը և հեռացել:

Նշված գումարների դիմաց ապօրինի իրացված` համապատասխանաբար` 0,0154 գրամ և 0,0066 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող հաբերի երկուական կտորները նույն օրը հայտնաբերվել և առգրավվել են Աղասի Կարապետյանի անձնական խուզարկությամբ և Արտակ Վարդանյանին տեղափոխող ավտոմեքենայի զննությամբ, իսկ թմրամիջոցի վաճառքից գոյացած 300.000 ՀՀ դրամը հայտնաբերվել և առգրավվել է Արամայիս Նունուշյանի մոտից` կատարված անձնական խուզարկությամբ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 315-316):

6. Արմեն Նունուշյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ որդուց պարտքով գումար է պահանջել` նշելով, որ «թավանի գումար պետք է փակվի» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 186):

Ամբաստանյալ Արամայիս Նունուշյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ հայրը զանգահարել և խնդրել է 1.000.000 ՀՀ դրամ գումար` ասելով, որ պարտվել է, և այն անհապաղ պետք է մարի, իսկ չվճարելու դեպքում իրենց կվնասեն (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 42-43, հատոր 2, թերթեր 308-309, հատոր 3, թերթ 187):

7. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) Դատարանն ամբաստանյալ Արամայիս Նունուշյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտում այն, որ նախկինում դատապարտված չի եղել, հանցանքը կատարելու պահին եղել է անչափահաս, հանցանքը կատարել է իրեն և իր ընտանիքի անդամներին սպառնացող վտանգը կանխելու պատճառով:

Դատարանն անչափահաս ամբաստանյալ Արամայիս Նունուշյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրում:

(...)

Հաշվի առնելով Արամայիս Արմենի Նունուշյանի կատարած հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, ինչպես նաև այն, որ նրան մեղսագրվել է ծանր հանցագործություն, որի համար պատիժ է նախատեսված բացառապես ազատազրկման ձևով, դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով, որը նա պետք է կրի:

Միաժամանակ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա. Նունուշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու միջոցով կապահովվի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի պահանջը, որի համաձայն` պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները հետևյալ պատճառաբանությամբ:

(...)

Դատաքննությամբ պարզվել է, որ ամբաստանյալ Արամայիս Նունուշյանը նախկինում արատավորված չի եղել, հանցանքը կատարել է անչափահաս տարիքում և որևէ շահադիտական նպատակ չի ունեցել, նրա ծնողներն ամուսնալուծված են, փաստացի դաստիարակվել է անբարենպաստ կենսապայմաններում, հանցանքը կատարել է ազատազրկման վայրում պատիժ կրող, սույն քրեական գործով ամբաստանյալ Արմեն Նունուշյանի դրդմամբ` նրա կողմից գումարային պարտք ունենալու և այն չվճարելու հետևանքով, ինչպես հորը, այնպես էլ իրեն և ընտանիքի մյուս անդամներին վնասելու սպառնալիքը կանխելու դրդապատճառով:

Դատարանը գտնում է, որ վերը շարադրված բոլոր հանգամանքներն իրենց համակցությամբ էականորեն նվազեցնում են ինչպես ամբաստանյալ Ա. Նունուշյանի կատարած հանցագործության, այնպես էլ նրա վտանգավորության աստիճանը և պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում օբյեկտիվ հիմք են հանդիսանում նրա նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 191-192):

8. Վերաքննիչ դատարանն իր որոշման պատճառաբանական մասում արձանագրել է. «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի դատարանը, հաշվի չառնելով գործի հանգամանքները, Արամայիս Նունուշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նշանակել է պատիժ, որն անարդարացի է ակնհայտ մեղմ լինելու պատճառով, չի համապատասխանում նրա կատարած հանցագործությունների ծանրությանը և դատապարտյալի անձին:

Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի կողմից բացառիկ ճանաչված ամբաստանյալ Արամայիս Նունուշյանի կողմից հանցանքը` հոր պարտքը չվճարելու հետևանքով կատարելու մասին, ինչպես վերջինիս, այնպես էլ իրեն և ընտանիքի մյուս անդամներին վնասելու սպառնալիքը կանխելու դրդապատճառով, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ քրեական գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցներով չի հիմնավորվել և չի հաստատվել Արամայիս Նունուշյանին կամ նրա ընտանիքի անդամներին սպառնացող որևէ վտանգի առկայության կամ դրա իրական հավանականության հանգամանք:

Այսպիսով, վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Արամայիս Նունուշյանի նկատմամբ պատժաչափ նշանակելիս կիրառել է այն օրենքը (ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը), որը ենթակա չէր կիրառման:

(...)

Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Արամայիս Արմենի Նունուշյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նրա կատարած հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, կատարման հանգամանքները, անձը բնութագրող տվյալները, դատական ակտում շարադրված պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը` համակցության մեջ, և հանգում հետևության, որ ամբաստանյալի նկատմամբ պատիժ պետք է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիայի սահմաններում, ինչը հիմք է դատական ակտը այդ մասով բեկանելու և փոփոխելու համար (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 128-129):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

9. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոքաբերի կարծիքով` Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրինական և հիմնավորված չէ, հետևաբար ենթակա է բեկանման:

Մասնավորապես, բողոք բերած անձը նշել է, որ Ա. Նունուշյանը հանցանքը կատարելիս եղել է անչափահաս, նախկինում երբևէ արատավորված չի եղել, շահադիտական նպատակներ չի հետապնդել, նախաքննության և դատաքննության ընթացքում տվել է ճշմարտացի ինքնախոստովանական ցուցմունքներ, ծնողներն ամուսնալուծված են, իսկ հանցանքը կատարել է ազատազրկման վայրում պատիժ կրող հոր` Արմեն Նունուշյանի դրդմամբ` նրա կողմից գումարային պարտք ունենալու և այն չվճարելու դեպքում ինչպես հորը, այնպես էլ ընտանիքի մյուս անդամներին վնասելու սպառնալիքը կանխելու դրդապատճառով:

Արդյունքում բողոքի հեղինակը եզրահանգել է, որ վերոնշյալ հանգամանքներն իրենց համակցությամբ էականորեն նվազեցնում են ինչպես հանցագործության, այնպես էլ Ա. Նունուշյանի անձի վտանգավորության աստիճանը, ուստի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում հիմք են նրա նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար:

10. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը բեկանել և փոփոխել` օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հունիսի 9-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անչափահասների նկատմամբ պատիժ նշանակելու առանձնահատկությունների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: ՈՒստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

i

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք ամբաստանյալ Ա. Նունուշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառումը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները:

13. «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր երեխա, առանց ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային վիճակի կամ ծննդի հատկանիշով որևէ խտրականության, իրավունք ունի իր ընտանիքի, հասարակության և պետության կողմից պաշտպանության այնպիսի միջոցների, որոնք անհրաժեշտ են նրան որպես մանկահասակի»:

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` «Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք»:

«Անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ» ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնների («Պեկինյան կանոններ») 5-րդ կետի համաձայն` «Անչափահասների վերաբերյալ արդարադատության համակարգը ուղղված է առաջին հերթին անչափահասի բարեկեցության ապահովմանը, որպեսզի անչափահաս իրավախախտների վրա ազդեցություն գործող ցանկացած միջոց միշտ համաչափ լինի ինչպես իրավախախտի անհատական առանձնահատկություններին, այնպես էլ իրավախախտման հանգամանքներին»:

«Պեկինյան կանոնների» 17.1-րդ կետի համաձայն` «Ներգործության միջոցների ընտրության ժամանակ իրավասու մարմինը պետք է ղեկավարվի հետևյալ սկզբունքներով.

ա) ներգործության միջոցները միշտ պետք է համարժեք լինեն ոչ միայն իրավախախտման հանգամանքներին և ծանրությանը, այլև անչափահասի դրությանը և պահանջներին, ինչպես նաև հասարակության պահանջներին.

բ) անչափահասի անձնական ազատության սահմանափակման մասին որոշումը պետք է ընդունվի միայն հարցի մանրազնին քննարկումից հետո, և սահմանափակումը հնարավորության սահմաններում պետք է հասցնել նվազագույնի. (...)»:

«Պեկինյան կանոնների» 19.1-րդ կետի համաձայն` «Անչափահասին որևէ ուղղիչ հիմնարկում ներփակելը միշտ պետք է ծայրահեղ միջոց լինի, անհրաժեշտ նվազագույն ժամկետի համար կիրառված»:

«Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 37-րդ հոդվածի համաձայն` «Մասնակից պետությունները ապահովում են, որ.

(...)

(բ) ոչ մի երեխա չզրկվի ազատությունից անօրինական կամ կամայական կերպով: Երեխայի ձերբակալությունը, կալանքը կամ ազատազրկումն իրականացվում են համաձայն օրենքի և գործադրվում են միայն որպես ծայրահեղ միջոց և որքան հնարավոր է` կարճ ժամանակամիջոցով,

(...)»:

«Ազատազրկված անչափահաս անձանց պաշտպանության վերաբերյալ» ՄԱԿ-ի կանոնների («Հավանայի կանոններ») 2-րդ կետը սահմանում է. «Անչափահասին ազատությունից զրկելը պետք է կիրառվի որպես ներգործության ծայրահեղ միջոց` անհրաժեշտ նվազագույն ժամկետով: Այն պետք է սահմանափակվի բացառիկ դեպքերում: Պատժի ժամկետը պետք է որոշվի դատական մարմնի կողմից` չբացառելով նրան վաղաժամկետ ազատելու հնարավորությունը»:

Մեջբերված դրույթների վերլուծությունից բխում է, որ անչափահասները, պայմանավորված իրենց տարիքային և սոցիալ-հոգեբանական առանձնահատկություններով, ունեն հատուկ հոգածության և խնամքի կարիք, ուստի արդարադատություն իրականացնելիս պետք է հաշվի առնել ձեռնարկվող միջոցառումների հնարավոր ազդեցությունը նրանց բարեկեցության վրա: Մասնավորապես, կիրառվող ներգործության միջոցների ընտրությունը պետք է պայմանավորված լինի ոչ միայն կատարված իրավախախտման ծանրությամբ, այլև անձի անհատական առանձնահատկություններով: Հասարակությունից մեկուսացնելու հետ կապված պատժատեսակները անչափահասների նկատմամբ պետք է կիրառվեն որպես ծայրահեղ միջոց` հնարավոր նվազագույն ժամկետներով և սահմանափակ ու բացառիկ դեպքերում, քանի որ ի տարբերություն չափահասների` ազատազրկման բացասական հետևանքները նրանց վրա ավելի մեծ ազդեցություն են թողնում:

i

14. ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»:

Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ են`

(...)

2) հանցանք կատարելու պահին հանցավորի անչափահաս լինելը.

(...)

8) հանցանքը սպառնալիքի կամ հարկադրանքի կամ նյութական, ծառայողական կամ այլ կախվածության ազդեցության տակ կատարելը.

(...)»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Անչափահասները քրեական պատասխանատվության են ենթարկվում, և նրանց նկատմամբ պատիժ է նշանակվում սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան` հաշվի առնելով սույն բաժնում նախատեսված կանոնները»:

i

Նույն օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Անչափահասի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի են առնվում նրա կյանքի և դաստիարակության պայմանները, հոգեկանի զարգացման աստիճանը, առողջության վիճակը, անձի այլ առանձնահատկությունները, ինչպես նաև նրա վրա այլ անձանց ազդեցությունը»:

ՀՀ քրեական օրենսդրությունում անչափահասների նկատմամբ քրեական պատասխանատվության և պատժի հատուկ կանոնների նախատեսումը մարդասիրության սկզբունքի կարևորագույն դրսևորումներից է: ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ բաժնում նախատեսված են պատժի տեսակների սահմանման և դրանց նշանակման, քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելու, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու, վաղեմության ժամկետները հաշվելու և դատվածության մարման հատուկ պայմաններ, որոնք էականորեն բարելավում են անչափահասի վիճակը և լրացուցիչ երաշխիքներ սահմանում նրա իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար: Բացի այդ, անձի տարիքից բխող հոգեկան առանձնահատկություններով պայմանավորված` հանցանք կատարելու պահին հանցավորի անչափահաս լինելն (14-18 տարեկան) ինքնին քրեական օրենսգրքում նախատեսված է որպես մեղմացուցիչ հանգամանք:

Անչափահասի նկատմամբ պատժի տեսակ և չափ ընտրելիս ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից (օրինականության, արդարության և պատասխանատվության անհատականացման, մարդասիրության սկզբունքներ) բացի (պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների վերաբերյալ մանրամասն տե՛ս Նարեկ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի որոշման 14-21-րդ կետերը), դատարանը պարտավոր է ղեկավարվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածով սահմանված կանոններով: Այսպես` հանցագործության` հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի (մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն), հանցավորի անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների հետ մեկտեղ դատարանը պատիժ նշանակելիս պետք է հատկապես հաշվի առնի`

1) անչափահասի կյանքի և դաստիարակության պայմանները (ընտանեկան դրությունը, ծնողների և ընտանիքի այլ անդամների հետ հարաբերությունների բնույթը, նյութական վիճակը, կրթությունը, աշխատանքը և այլն),

2) հոգեկանի զարգացման աստիճանը (հուզական ոլորտը, որոշակի իրադրությունում ճիշտ կողմնորոշվելու և իր գործողությունները ղեկավարելու ունակությունը, ինտելեկտի մակարդակը և այլն),

3) առողջության վիճակը (մտավոր և ֆիզիկական առողջության վերաբերյալ առկա տվյալները),

4) անձի այլ առանձնահատկությունները (հետաքրքրությունների շրջանակը, աշխատանքի, կրթության, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ վերաբերմունքը և այլն),

5) նրա վրա այլ անձանց ազդեցությունը (նրանց միջև առկա հարաբերությունների բնույթը, անչափահասին հանցագործության մղելու եղանակներն ու միջոցները` ֆիզիկական կամ հոգեկան բռնություն, հարկադրանք, համոզում, խաբեություն և այլն):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը թվարկված հանգամանքները ենթակա են բազմակողմանի հետազոտման անչափահասների վերաբերյալ յուրաքանչյուր գործով: Միայն դրանց համակողմանի վերլուծության արդյունքում դատարանը կարող է ամբողջական պատկերացում կազմել անչափահասի անձնային և տարիքային առանձնահատկությունների մասին և ընտրել այնպիսի ներգործության միջոց, որն ուղղված կլինի նրա ուղղմանն ու դաստիարակությանը: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը ընդգծում է նաև, որ անչափահասի նկատմամբ կիրառվող քրեաիրավական ներգործության միջոցը, ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի ընդհանուր նպատակներից բացի (սոցիալական արդարության վերականգնում, պատժի ենթարկված անձի ուղղում, հանցագործությունների կանխում), պետք է հետապնդի նաև անչափահասի հոգեկան և ֆիզիկական բնականոն զարգացման, նրա բարեկեցությունն ապահովելու հատուկ նպատակ:

14.1. Անչափահասները, գտնվելով զարգացման փուլում և որպես անհատ դեռևս լիարժեք կայացած չլինելով, ավելի են հակված ընկնելու այլ անձանց բացասական ազդեցության տակ: Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ անչափահասի կողմից հանցանքի կատարումը պայմանավորվում է նրա վրա այլ անձանց ազդեցությամբ, անհրաժեշտ է մանրամասն վերլուծության ենթարկել նրանց միջև առկա հարաբերությունների բնույթը, անչափահասի վրա բացասական ներգործության աստիճանը և դրա արդյունքում վրա հասած հետևանքները:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նման ազդեցությունը, գործի հանգամանքներով պայմանավորված, կարող է տարբեր քրեաիրավական նշանակություն ունենալ: Մասնավորապես, եթե հանցանքը կատարվել է սպառնալիքի, հարկադրանքի կամ նյութական, ծառայողական կամ այլ կախվածության ազդեցությամբ, ապա այն ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով պետք է գնահատվի որպես մեղմացնող հանգամանք:

Վերոգրյալը վերաբերում է այնպիսի սպառնալիքին կամ հարկադրանքին, որն անձին չի զրկում իր կամքով գործելու հնարավորությունից և չի ստեղծում ծայրահեղ անհրաժեշտության վիճակ: Նյութական, ծառայողական կամ այլ կախվածության դեպքում անհրաժեշտ է փաստել, որ նման կախվածությունն իրական է և պայմանավորել է հանցանքի կատարումը: Այսպես` նյութական կախվածության դեպքում հանցավորը ֆինանսական կախվածության մեջ է գտնվում իրեն ազդեցության տակ գցողից (օրինակ` նրա խնամքի տակ է, բնակվում է նրա բնակարանում և այլն), ծառայողական կախվածության դեպքում գործում են ղեկավար և ենթակա հարաբերությունները, իսկ այլ կախվածության տակ պետք է հասկանալ այնպիսի իրավիճակ, երբ ձևավորված հանգամանքների ուժով անձն իրեն պարտական է զգում մեկ այլ անձի նկատմամբ, իսկ վերջինս դա օգտագործելով` հակում է նրան հանցագործության: Այն կարող է առաջանալ ամուսնական, բարեկամական կամ այլ հարաբերությունների ուժով (կնոջ և ամուսնու, ծնողի և երեխայի, աշակերտի և ուսուցչի, ուսանողի ու դասախոսի միջև և այլն):

Վերոնշյալ հանգամանքների պարզաբանումն էական նշանակություն ունի հանցագործության մեջ անչափահասի իրական դերը և մասնակցության աստիճանը, հանցավորի անձի և նրա արարքի հանրային վտանգավորությունը ճիշտ գնահատելու և դրան համարժեք պատիժ նշանակելու հարցում:

15. ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաև խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելու դեպքում կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով, կամ չկիրառել որպես պարտադիր նախատեսված լրացուցիչ պատիժ:

2. Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը»:

Սույն քրեաիրավական նորմերը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության են ենթարկվել մի շարք գործերով կայացված որոշումներում (ՎԲ-55/07, ՎԲ-145/07, ՎԲ-185/07, ՎԲ-11/08, ՎԲ-13/08, ՎԲ-25/08, ՎԲ-ԵՔՐԴ/0057/01/08, ՏԴ/0094/01/09, ԱՎԴ2/0057/01/09, ԵԱՔԴ/0164/01/09, ԵԱՔԴ/0195/01/09 և այլն), և կայուն նախադեպային իրավունք է ձևավորվել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը կարող է կիրառվել առնվազն հետևյալ երկու պայմանների առկայության պարագայում` գործի բացառիկ հանգամանքների և խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքի բացահայտմանն ակտիվորեն աջակցելու դեպքում: Օրենքում օգտագործվող «բացառիկ» բառը ենթադրում է, որ նշված հոդվածի կիրառման համար հիմք հանդիսացող մեղմացնող հանգամանքը կամ մեղմացնող հանգամանքների համակցությունը դուրս են սովորականի շրջանակներից և այն աստիճան առանձնահատուկ են, որ վերածվում են բացառության: Մասնավորապես, դրանք կարող են կապված լինել հանցագործության շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի, ինչպես նաև այլ հանգամանքների հետ: Ընդ որում, կարևորը ոչ թե պատիժը մեղմացնող տվյալների քանակն է, այլ այն, թե ինչքանով են դրանք էականորեն ազդել արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանի նվազեցման վրա:

Անչափահասների քրեական պատասխանատվության բնագավառում վերոգրյալ նորմն ունի կիրառման որոշակի առանձնահատկություններ և ձեռք է բերում հատուկ կարևորություն: Այսպես, դատարանը պատիժ նշանակելիս պետք է ոչ միայն ղեկավարվի պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, այլև հաշվի առնի ՀՀ քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածում թվարկված հանգամանքները, որոնց համակցությունը կարող է վկայել գործում «բացառիկ» հանգամանքների առկայության մասին և հիմք հանդիսանալ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար:

15.1. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անչափահասների սոցիալ-հոգեբանական առանձնահատկություններով պայմանավորված` հասարակությունից նրանց երկարատև ժամկետով մեկուսացնելն արդարացված չէ, քանի որ անչափահաս տարիքում անձը հեշտությամբ է ենթարկվում շրջապատի բացասական ազդեցությանը, մեծանում է հանցավոր ենթամշակույթի տարրերը յուրացնելու հավանականությունը: Մյուս կողմից նրանք, ի տարբերություն չափահասների, ավելի հեշտ են ենթարկվում պատժի ուղղիչ ազդեցությանը: Հետևաբար դատարանը նախ և առաջ պետք է քննարկի ազատությունից զրկելու հետ չկապված պատժատեսակի նշանակման հնարավորությունը: Որոշակի ժամկետով ազատազրկումը` որպես անչափահասների նկատմամբ կիրառվող ամենախիստ պատժատեսակ, պետք է նշանակվի միայն բացառիկ դեպքերում, երբ ներգործության որևէ այլ միջոց չի կարող դրական արդյունք ապահովել:

16. Սույն որոշման նախորդ կետում արտահայտված դիրքորոշումը վերլուծելով սույն որոշման 13-15-րդ կետերում մեջբերված միջազգային և ներպետական իրավական կարգավորումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ անչափահասին մեղսագրվող արարքի համար ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսվում է միայն ազատազրկում պատժատեսակը, դատարանը պետք է քննարկի ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ ավելի մեղմ պատժամիջոց ընտրելու կամ ավելի ցածր պատժաչափ նշանակելու հնարավորությունը` հաշվի առնելով առկա մեղմացնող հանգամանքների համակցությունը, անչափահասի կյանքի և դաստիարակության պայմանները, հոգեկանի զարգացման աստիճանը, առողջության վիճակը, նրա վրա այլոց ազդեցությունը, անձը բնութագրող այլ տվյալները, ինչպես նաև հանցագործության` հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը: Այս մոտեցումը համահունչ է անչափահասների պաշտպանությանն ուղղված միջազգային-իրավական փաստաթղթերի բովանդակությանը և հետապնդում է վերջիններիս բնականոն զարգացումն ու բարեկեցությունն ապահովելու իրավաչափ նպատակ:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ ամբաստանյալ Ա. Նունուշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անչափահաս տարիքում` 2013 թվականի սեպտեմբերի 20-ին, հորը` Արմեն Նունուշյանին թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելուն և իրացնելուն օժանդակելու դիտավորությամբ, վերջինիս հանձնարարությամբ ձեռք է բերել և իրացրել խոշոր չափի` ընդհանուր 0,022 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբերի 4 կտոր (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով կատարված հանցագործության բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը` այն, որ Ա. Նունուշյանին մեղսագրվում է ծանր հանցագործություն, հանգել է հետևության, որ նրա նկատմամբ պատիժ պետք է նշանակել բացառապես ազատազրկման ձևով, որը նա պետք է կրի: Միևնույն ժամանակ գնահատելով գործում առկա մեղմացնող հանգամանքների համակցությունը և ծանրացնող հանգամանքների բացակայությունը` Ա. Նունուշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից մեղմ պատիժ է նշանակել (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում վերացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառումը` նշելով, որ Առաջին ատյանի դատարանի կողմից բացառիկ ճանաչված` ամբաստանյալ Ա. Նունուշյանի կողմից հանցանքը հորը և ընտանիքի մյուս անդամներին սպառնացող վտանգը կանխելու դրդապատճառով կատարելը քրեական գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցներով չի հիմնավորվել և չի հաստատվել (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

18. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 13-16-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Ա. Նունուշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառումը վերացնելիս պատշաճ վերլուծության չի ենթարկել գործում առկա մեղմացնող հանգամանքների համակցությունը, ինչպես նաև չի գնահատել անչափահասի կյանքի և դաստիարակության պայմանները, նրա վրա այլ անձանց ազդեցությունը:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Արամայիս Նունուշյանը հանցանքը կատարել է անչափահաս տարիքում, հոր` Արմեն Նունուշյանի կողմից նրան հանցանքի կատարմանը ներգրավելու արդյունքում: Այսպես` Արմեն Նունուշյանը որդուց գումար է պահանջել` նշելով, որ ունի պարտքեր, որոնք չվճարելու դեպքում իրենց կվնասեն: Ծնող և երեխա հարաբերությունների ուժով ամբաստանյալն իրեն պարտավորված է զգացել հոր նկատմամբ, իսկ վերջինս, դա օգտագործելով, հակել է նրան ծանր հանցագործության: Նշվածը հիմք է տալիս եզրակացնելու, որ հանցանքը կատարվել է կախվածության ազդեցությամբ, ինչը եղել է իրական և հաստատվել գործում առկա ապացույցներով (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): ՈՒստի Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ գործով չի հաստատվել Արամայիս Նունուշյանի կողմից հանցանքը հորը և ընտանիքի մյուս անդամներին սպառնացող վտանգը կանխելու դրդապատճառով կատարելը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը), հիմնավորված չէ, չի բխում գործում առկա և դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներից:

19. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա մեղմացնող հանգամանքների համակցությունը` Արամայիս Նունուշյանի կողմից հանցանքն անչափահաս տարիքում, այլ կախվածության ազդեցությամբ` ազատազրկման վայրում պատիժ կրող իր հոր` Արմեն Նունուշյանի դրդմամբ կատարելը, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև ամբաստանյալի կյանքի և դաստիարակության անբարենպաստ պայմանները` այն, որ ծնողները եղել են ամուսնալուծված, հայրը երկար ժամանակ պատիժ է կրել և կրում քրեակատարողական հիմնարկում, նրա դաստիարակությամբ զբաղվել է մայրը միայնակ, իրենց բնույթով բացառիկ են, էականորեն նվազեցնում են հանցավորի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը և հիմք են օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար:

Հետևաբար Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ հանգել է ճիշտ եզրակացության: Մասնավորապես, հիմնվելով օբյեկտիվորեն գոյություն ունեցող տվյալների վերլուծության վրա և հաշվի առնելով կատարված արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը` ամբաստանյալի նկատմամբ նշանակել է ազատազրկում` հնարավորինս նվազ ժամկետով, ինչը լիովին համապատասխանում է անչափահասին հասարակությունից մեկուսացնելը որպես ծայրահեղ միջոց դիտելու և այն բացառիկ դեպքերում կիրառելու վերաբերյալ միջազգային-իրավական ակտերով սահմանված պահանջներին և նպատակ է հետապնդում ապահովելու անչափահասի բարեկեցությունը, նրա իրավունքների պաշտպանությունն ու բնականոն զարգացումը:

20. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա. Նունուշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառումը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, պատժի մասով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը փոփոխելով և ամբաստանյալ Ա. Նունուշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառումը վերացնելով, պատշաճ գնահատման չի ենթարկել սույն գործում առկա Ա. Նունուշյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, անչափահասի անձը բնութագրող բոլոր հանգամանքները` թույլ տալով ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 48-րդ, 61-րդ, 62-րդ, 90-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման: Այսինքն` թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու հիմք է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արամայիս Արմենի Նունուշյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հունիսի 9-ի դատական ակտին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.08.2015
N ԵԱՆԴ/0094/01/13
Որոշում