Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 200-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 200-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ՔԱՂԱՔ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ԵՇԴ/3780/02/14

    Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/3780/02/14       2015թ.

Նախագահող դատավոր` Գ. Կարախանյան

    Դատավորներ`        Ն. Տավարացյան

                       Ա. Պետրոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի նոյեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.03.2015 թվականի որոշման դեմ` ըստ Տեսչության հայցի ընդդեմ Ա/Ձ Գուրգեն Այվազյանի, Իրինա Ալոյանի, Տիգրան Այվազյանի, Արմեն Այվազյանի` պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 30/3 շենքի 6-րդ բնակարանի` Ա/Ձ Գուրգեն Այվազյանին պատկանող բաժինն առանձնացնել և 364.875 ՀՀ դրամի չափով դրա վրա բռնագանձում տարածել:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Կուբանյան) (այսուհետ` Դատարան) 09.12.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.03.2015 թվականի որոշմամբ Տեսչության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.12.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն գործով վիճելի բնակարանից բաժնեմասն առանձնացնելու հնարավորության հարցը պարզելու համար օրենսդրորեն Դատարանին հնարավորություն է տրվել իր նախաձեռնությամբ նշանակելու փորձաքննություն: Մինչդեռ Դատարանը, փորձաքննություն չնշանակելով, չի իրականացրել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, քանի որ վիճելի բնակարանից Ա/Ձ Գուրգեն Այվազյանին պատկանող բաժնեմասն առանձնացնելու հնարավորության վերաբերյալ տեղեկությունները հանդիսացել են որոշիչ գործի ելքի համար:

Վերաքննիչ դատարանը, համարելով, որ դատարանի հայեցողությամբ փորձաքննության նշանակումը վերջինիս իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը, Տեսչությանը զրկել է պարտավորության գումարը ստանալու միակ հնարավորությունից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.03.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. ՀՀ վարչական դատարանի 18.09.2013 թվականի թիվ ՎԴ/5466/05/13 օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն` Տեսչության հայցն ընդդեմ Ա/Ձ Գուրգեն Այվազյանի` 364.875 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է (գ.թ. 5-7):

2. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագանձման բաժնի (այսուհետ` Ծառայություն) հարկադիր կատարող Ա. Վահրադյանի 16.09.2014 թվականի «25.04.2014 թվականի հարուցված կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշման համաձայն` կատարողական գործողությունների ընթացքում արգելանք է դրվել թիվ ՎԴ/5466/05/13 վարչական գործով պարտապան Գուրգեն Այվազյանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 30/3 շենքի 6-րդ հասցեի բնակարանի վրա, իսկ այլ գույք և եկամուտներ չեն հայտնաբերվել: Միաժամանակ 16.09.2014 թվականի որոշմամբ կատարողական վարույթն ավարտվել է (գ.թ. 10):

3. Ծառայության 16.09.2014 թվականի գրության համաձայն` Տեսչությանն առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն դիմել դատարան` պարտապան Գուրգեն Այվազյանին պատկանող բաժնեմասն առանձնացնելու և վերջինիս վրա բռնագանձում տարածելու պահանջով (գ.թ. 9):

4. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման 02.10.2014 թվականի թիվ ԿԽ-1/4222 գրության համաձայն` Ա/Ձ Գուրգեն Այվազյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 30/3 շենքի 6-րդ հասցեի բնակարանի սեփականատերերն են նաև քաղաքացիներ Իրինա Ալոյանը, Տիգրան Այվազյանը և Արմեն Այվազյանը` յուրաքանչյուրը 1/4 բաժնեմասի իրավունքով (գ.թ. 12):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատարանների կողմից սեփական նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու հայեցողական լիազորության իրականացման խնդրին:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Այդ տեղեկությունները հաստատվում են`

1) գրավոր և իրեղեն ապացույցներով.

2) փորձագետների եզրակացություններով.

3) վկաների ցուցմունքներով.

4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանին առաջադրել հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում, ինչպես նաև նշել այն մասնագիտացված փորձագիտական հաստատությունը կամ այն փորձագետին, որոնց դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերը նշված դատավարական նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակելու փորձաքննություն` իր որոշմամբ սահմանելով հարցերի ցանկը և բովանդակությունը: Փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, իսկ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, որոնք դատարանը պարտավոր է գնահատել գործում եղած մյուս բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսինքն` փորձաքննության նշանակումն ինքնանպատակ չէ և չի կարող կրել ձևական բնույթ (տե'ս, «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ն ընդդեմ «Վագ քար» ՍՊԸ-ի և մյուսների թիվ ԱՎԴ1/0074/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատարանի նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու իրավասությունը դատարանն իրականացնում է դատական հայեցողության իրավունքով` ելնելով հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակից (տե՛ս, Ռազմիկ Սարգսյանը և Լիդա Սևոյանն ընդդեմ Ռաֆիկ Հախվերդյանի թիվ 3-259(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է նաև այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավունքին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավունքը բացարձակ բնույթ չի կրում, և դրա իրականացման նպատակահարմարության հարցն անհրաժեշտ է որոշել` ելնելով դատավարության մրցակցության և կողմերի իրավահավասարության դատավարական սկզբունքների էությունից (տե'ս, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ «Չապ» ՍՊԸ-ի թիվ 0351/02/08-(ՇԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ գործող քաղաքացիադատավարական իրավակարգավորման պայմաններում դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակելու փորձաքննություն ինչպես կողմի միջնորդությամբ, այնպես էլ իր նախաձեռնությամբ: Այսինքն` օրենսդրորեն սահմանվել է դատարանի հայեցողական լիազորությունը` իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու վերաբերյալ: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ պետաիշխանական լիազորություններով օժտված ցանկացած մարմնին, այդ թվում` դատարանին, իր գործառնական կարգավիճակին համապատասխան, օրենքով կարող են վերապահվել ինչպես պարտադիր, այնպես էլ հայեցողական լիազորություններ` պայմանավորված ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված հիմնադրույթի իրացման անհրաժեշտությամբ, ըստ որի` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը կարևորում է «հայեցողություն» կատեգորիայի իրավական բովանդակության բացահայտման անհրաժեշտությունը: «Հայեցողությունը» թույլատրելի իրավաչափ վարքագծի ընտրության կամ դրսևորման հնարավորությունն է: Որպես ուղենիշ հիմք ընդունելով իրավունքի գերակայության սկզբունքը, մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության գաղափարը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «հայեցողություն» եզրույթի ներքո պետք է նկատի ունենալ նպատակահարմարության և օրինականության ողջամիտ հարաբերակցություն: Այսինքն` պետաիշխանական լիազորություններով օժտված որևէ պետական մարմին հայեցողական լիազորություն իրականացնելիս պարտավոր է թույլատրելի իրավաչափ վարքագծի ընտրությունն իրականացնել` առաջնորդվելով մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, կամայականության արգելքի սկզբունքներով` ապահովելով գործի ըստ էության ճիշտ քննությունը և լուծումը:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանի բնորոշմամբ «դատական հայեցողությունը» կոնկրետ իրավական վեճի լուծման գործընթացում օրենսդրությամբ կանխորոշված շրջանակներում դատարանի կողմից որոշակի դատավարական գործողության կատարման կամ այդպիսի գործողության կատարումից ձեռնպահ մնալու հնարավորությունն է: «Դատական հայեցողությանը» սակայն, չի կարող մեկնաբանվել որպես անսահմանափակ ազատություն: Իրավական պետության հիմքում ընկած իրավունքի գերակայության սկզբունքը պահանջում է, որ երաշխավորվի կամայականության արգելքը և հստակեցված լինեն հանրային իշխանության մարմինների հայեցողության սահմանները: Ըստ այդմ, «դատական հայեցողության» սահմանները նախևառաջ պայմանավորված են գործի փաստական հանգամանքները լրիվ և բազմակողմանի պարզելու, կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներն ապահովելու անհրաժեշտությամբ, միաժամանակ պայմանավորված են վիճելի իրավահարաբերության բնույթով և տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութաիրավական օրենսդրության առանձնահատկություններով:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանի նախաձեռնությամբ փորձաքննության նշանակումը թեև դատարանի հայեցողական լիազորությունն է, այնուամենայնիվ, դատարանն իր այդ լիազորությունն իրականացնելիս պարտավոր է ապահովել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված և երաշխավորված գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ներքին համոզման հանգելու պարտականության լիարժեք իրականացումը` միաժամանակ երաշխավորելով կողմերի մրցակցության և իրավահավասարության դատավարական սկզբունքները, անհրաժեշտության դեպքում հաշվի առնելով նաև վիճելի իրավահարաբերության բնույթը և կոնկրետ գործի փաստական հանգամանքները:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ վարչական դատարանի 18.09.2013 թվականի թիվ ՎԴ/5466/05/13 օրինական ուժի մեջ մտած վճռով Տեսչության հայցն ընդդեմ Ա/Ձ Գուրգեն Այվազյանի` 364.875 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է: Ծառայության 16.09.2014 թվականի «25.04.2014 թվականի հարուցված կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշմամբ կատարողական վարույթն ավարտվել է պարտապանի մոտ այլ գույք և եկամուտներ չլինելու հիմքով: Միաժամանակ նույն որոշմամբ արգելանք է դրվել Ա/Ձ Գուրգեն Այվազյանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող Երևանի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 30/3 շենքի 6-րդ հասցեի բնակարանի վրա, և Ծառայության 16.09.2014 թվականի գրությամբ Տեսչությանն առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն դիմել դատարան` պարտապան Գուրգեն Այվազյանին պատկանող բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով: Կադաստրի 02.10.2014 թվականի թիվ ԿԽ-1/4222 գրության համաձայն` Ա/Ձ Գուրգեն Այվազյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Երևանի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 30/3 շենքի 6-րդ հասցեի բնակարանի բաժնետերերն են քաղաքացիներ Իրինա Ալոյանը, Տիգրան Այվազյանը և Արմեն Այվազյանը` յուրաքանչյուրը 1/4 բաժնեմասի իրավունքով:

i

Դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ, 200-րդ հոդվածները, հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ հայցվոր կողմը չի ներկայացրել որևէ ապացույց` վիճելի բնակարանից Գուրգեն Այվազյանին պատկանող բաժնեմասն առանձնացնելու հնարավորության վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, պատճառաբանել է, որ «...իրավաչափ է համարում Դատարանի այն եզրահանգումը, որ հայցվոր կողմը չի ներկայացրել որևէ թույլատրելի ապացույց` վիճելի բնակարանից Գուրգեն Այվազյանին պատկանող բաժնեմասն առանձնացնելու հնարավորության վերաբերյալ»: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «եթե անգամ Դատարանն իր նախաձեռնությամբ նշանակեր փորձաքննություն, ապա որևէ թույլատրելի ապացույց չուներ (բնակարանի սեփականության վկայական, հատակագիծ) փորձագետին ներկայացնելու: Ստացվում է, որ հայցվորի փոխարեն դատարանն ապացույց ձեռք բերելու գործողություն պետք է կատարեր, որով էլ կխախտեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի պահանջը»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների իրավաչափությանը, գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով, որ սույն գործով հայցի առարկան ընդհանուր գույքից բաժնեմասն առանձնացնելը և դրա վրա բռնագանձում տարածելն է, իսկ հայցի իրավական հիմքը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածը, գտնում է, որ սույն գործով փորձաքննություն նշանակելու հայեցողական լիազորության իրականացման անհրաժեշտությունը պետք է գնահատել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան իրավակարգավորումների լույսի ներքո: Այսպես,

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` նույն օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել առանձնացնելու իր բաժինն ընդհանուր գույքից:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը: Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով, կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարելու իր բաժնի արժեքը:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պարտատիրոջ պահանջի իրավունքը ծագում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված այն դեպքի համար, երբ ընդհանուր սեփականության մասնակից պարտապանի մոտ այլ գույքն անբավարար է պարտատիրոջ նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարման համար: Նման իրավակարգավորումը նպատակ է հետապնդում ապահովել ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների իրավունքների առավելագույն պաշտպանությունն իրենց հետ ընդհանուր գույքում բաժին ունեցող պարտապանի ունեցած պարտավորությունների կատարման գործընթացում: Ընդ որում, այն դեպքում երբ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները հրաժարվում են պարտապանի բաժինը ձեռք բերել, պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան:

Վկայակոչված իրավանորմերից և դրանց մեկնաբանմանն ուղղված վերլուծություններից հետևում է, որ նմանատիպ փաստական և իրավական հիմքերով վեճերով գործի լուծման համար նախևառաջ էական նշանակություն ունի պարտապանի բաժնեմասը բնեղենով առանձնացնելու հնարավորության հարցը, որպիսի փաստը կարող է հաստատվել միայն համապատասխան մասնագիտական եզրակացությամբ, որի ստացմանն ուղղված դատավարական միջոցներից է գործով փորձաքննության նշանակումը:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը չի իրացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետով իրեն վերապահված` փորձաքննություն նշանակելու հայեցողական լիազորությունը, ինչի արդյունքում էլ ոչ իրավաչափորեն արձանագրել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստի` բաժնեմասը բնեղենով առանձնացնելու հնարավորության բացակայությունը` միաժամանակ չապահովելով գործի փաստական հանգամանքների լրիվ և բազմակողմանի քննությունը: Մինչդեռ տվյալ պարագայում, Վճռաբեկ դատարանի եզրահանգմամբ, նման հայեցողական լիազորության իրականացման անհրաժեշտությունն ուղղակիորեն բխում է վիճելի իրավահարաբերության բնույթից և գործի փաստական հանգամանքներից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.03.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.11.2015
N ԵՇԴ/3780/02/14
Որոշում