ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԱՐԱԴ/0170/02/14
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0170/02/14 2015թ.
Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան
Դատավորներ` Ս. Միքայելյան
Ա. Պետրոսյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Բարսեղյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Լ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2015 թվականի նոյեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Սուսաննա Արարատի Միրզոյանի ներկայացուցիչ Աստղիկ Պապիկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սուսաննա Արարատի Միրզոյանի ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, և ըստ Սուսաննա Միհրանի Միրզոյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Սուսաննա Արարատի Միրզոյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Սուսաննա Արարատի Միրզոյանը պահանջել է փաստացի տիրապետման հիմքով իրեն ճանաչել Մելիք Միրզոյանի 05.04.1996 թվականի կտակով Արարատ Միրզոյանին կտակված ժառանգական գույքի` Ապարան քաղաքի Մաշտոցի թիվ 45 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Սուսաննա Միհրանի Միրզոյանը պահանջել է Ապարան քաղաքի Մաշտոցի թիվ 45 հասցեում գտնվող գույքի 1/2 մասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը:
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Մարգարյան) (այսուհետ` Դատարան) 12.05.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.11.2014 թվականի որոշմամբ Սուսաննա Միհրանի Միրզոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 12.05.2014 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սուսաննա Արարատի Միրզոյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ, 210-րդ, 213-րդ և 214-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, 25.08.2014 թվականին Սուսաննա Միհրանի Միրզոյանի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելով, անտեսել է այն հանգամանքը, որ բողոքի ներկայացման ժամկետը բաց է թողնվել և չի ներկայացվել միջնորդություն` վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ, ինչի արդյունքում թույլ է տվել դատավարական նորմի խախտում: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն անհասկանալի կերպով գտել է, որ Սուսաննա Միհրանի Միրզոյանի կողմից վերացվել են Վերաքննիչ դատարանի 18.07.2014 թվականի որոշմամբ նշված թերությունները, մինչդեռ Վերաքննիչ դատարանի 18.07.2014 թվականի որոշմամբ թերություններ նշված չեն եղել, դրանք շտկելու ու բողոքը կրկին ներկայացնելու համար որևէ ժամկետ սահմանված չի եղել:
2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 130-րդ և 132-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելիս հանգել է սխալ եզրակացության` պատճառաբանելով, որ Դատարանը չի պարզել, թե Մելիք Միրզոյանի մահվանից հետո 6 ամսվա ընթացքում արդյոք որևէ մեկը փաստացի տիրապետման հիմքով ընդունել է համապատասխան անշարժ գույքի` Արարատ Միրզոյանին կտակված մասի ժառանգությունը, որպիսի եզրահանգումն անհիմն է այն պարզ պատճառով, որ սույն գործում առկա ապացույցներով հիմնավորվել է, որ Սուսաննա Արարատի Միրզոյանը փաստացի տիրապետման եղանակով ընդունել է իր հորը` Արարատ Միրզոյանին, կտակված ժառանգությունը:
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության չի ենթարկել գործում առկա ապացույցները, ինչի արդյունքում Դատարանի վճիռն ամբողջ ծավալով բեկանել է այն հիմնավորմամբ, որ հայցի լուծումից է հետևում հակընդդեմ հայցի լուծումը, ինչը, սակայն, անընդունելի է, քանի որ գործում առկա ծանրակշիռ ապացույցների հիմքով ակնհայտ է, որ հակընդդեմ հայցը, անկախ սկզբնական հայցով գործի ելքից, ենթակա է մերժման` ակնհայտ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.11.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 12.05.2014 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Սույն գործով Դատարանը վճիռ է կայացրել 12.05.2014 թվականին, որի դեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել 10.06.2014 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 101-107, 123).
2) Վերաքննիչ բողոքին կցվել է 4.000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման անդորրագիր (հատոր 1-ին, գ.թ. 121).
3) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան, դատավորներ` Ա. Խառատյան, Ա. Պետրոսյան) «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 19.06.2014 թվականի որոշմամբ Դատարանի 12.05.2014 թվականի վճռի դեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է երկշաբաթյա ժամկետ` վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար (հատոր 1-ին, գ.թ. 125).
4) Ըստ փոստային առաքման ծրարի վրա առկա նշման` Սուսաննա Միհրանի Միրզոյանը 10.07.2014 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան է ներկայացրել միջնորդություն, որով խնդրել է պետական տուրքի չվճարված մասի վճարումը հետաձգել (հատոր 1-ին, գ.թ. 148-149).
5) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան, դատավորներ` Ա. Խառատյան, Ա. Պետրոսյան) «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 18.07.2014 թվականի որոշմամբ Դատարանի 12.05.2014 թվականի վճռի դեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի վերաքննիչ բողոքը կրկին վերադարձվել է (հատոր 1-ին, գ.թ. 150).
6) Սուսաննա Միհրանի Միրզոյանը 12.08.2014 թվականին փոստային առաքմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին ներկայացված դիմումին կցել է 16.000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման անդորրագիր (հատոր 2-րդ, գ.թ. 2-3/1).
7) Վերաքննիչ դատարանի 25.08.2014 թվականի որոշմամբ Դատարանի 12.05.2014 թվականի վճռի դեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի «վերաքննիչ բողոքն» ընդունվել է վարույթ (հատոր 2-րդ, գ.թ. 4).
8) Սույն գործում առկա չէ 12.08.2014 թվականի դիմումին և դրան կից պետական տուրքի վճարման անդորրագրին Սուսաննա Միհրանի Միրզոյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոք, ինչպես նաև վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ, 210-րդ և 213-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. վերաքննիչ դատարանի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու դեպքում կարող է արդյո՞ք իրավաչափ համարվել բողոք բերած անձի կողմից վերստին ներկայացված «վերաքննիչ բողոքի» վարույթ ընդունումն այն պարագայում, երբ բողոք բերած անձի կողմից չի ներկայացվել ոչ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, ոչ էլ առավել ևս` վերաքննիչ բողոք:
Վերոգրյալի համատեքստում քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.
1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ա) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն` վճռաբեկ դատարանն իր իրավասության սահմանում վերանայում է վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը և վերաքննիչ դատարանի կողմից միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները: Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ բողոքը վերադարձնելու, վերաքննիչ վարույթը կարճելու և կասեցնելու, ինչպես նաև դատական տուգանք կիրառելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը և վերաքննիչ դատարան բողոքարկված միջանկյալ դատական ակտերի կապակցությամբ վերաքննիչ դատարանի ընդունած որոշումները բողոքարկելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 229-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` միջանկյալ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել միայն օրենքով նախատեսված դեպքերում: Միջանկյալ դատական ակտը կարող է բողոքարկվել այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում, եթե նույն օրենսգրքով կամ այլ օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վերը նշված իրավանորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը սահմանում է օրենսդիրը, որի նպատակն արդարադատության պատշաճ իրականացման ապահովումն է: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսել է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման անմիջական և հետաձգված կարգեր: Անմիջական բողոքարկման են ենթակա այն միջանկյալ դատական ակտերը, որոնց չբողոքարկման արդյունքում օբյեկտիվ արգելքներ են առաջանում գործի հետագա քննության համար, իսկ դրանց բողոքարկման անհնարինությունը դատական ակտի կայացման չարդարացված ձգձգումների և քաղաքացու իրավունքների խախտման է հանգեցնում, որոնց հետագա դատական պաշտպանությունն ապագայում չի կարող ապահովվել կամ չի կարող հանգեցնել արդյունավետ վերականգնման: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված միջանկյալ դատական ակտերի համար սահմանել է անմիջական բողոքարկման կարգ: Իսկ նշված դրույթներով չնախատեսված մնացած բոլոր միջանկյալ դատական ակտերի համար օրենսդիրը սահմանել է «հետաձգված բողոքարկման» կարգ, այն է` բողոքարկում գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում (տե'ս, Անժելա Գևորգյանն ընդդեմ Նիկալ Շահվերդյանի թիվ ԱՐԱԴ2/0169/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):
Վերը ներկայացված իրավական վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում բողոք բերող անձը «հետաձգված բողոքարկման» կարգով վիճարկում է Վերաքննիչ դատարանի` վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու որոշման օրինականությունն ու իրավաչափությունը, ինչը գործող իրավակարգավորման շրջանակներում է:
բ) ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև մասնագիտացված դատարաններ:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետությունում սահմանված է դատական եռաստիճան համակարգ, որը գործում է դատական ներհամակարգային աստիճանակարգության հիման վրա, ինչը ենթադրում է վերադաս դատական ատյանի կողմից ստորադաս դատական ատյանի բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայման հնարավորություն: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական շրջանառության մասնակիցներն իրենց բողոքարկման իրավունքն իրացնում են վերադաս ատյաններ` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան և ՀՀ վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելու միջոցով: Վերադաս (տվյալ դեպքում` վերաքննիչ) բողոքարկումը ոչ միայն խախտված և վիճարկվող իրավունքների պաշտպանության և վերականգնման միջոց է, այլև դատական սխալների բացահայտմանն ու վերացմանն ուղղված որոշակի կառուցակարգ է, որն ապահովում է արդարադատության իրականացման ոլորտում օրինականությունը:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքը չի կարող համարվել բացարձակ իրավունք, այն կարող է անհրաժեշտաբար ենթարկվել ողջամիտ և իրավաչափ սահմանափակումների, այդ իրավունքի իրացումն օբյեկտիվորեն ունի որոշակի սահմաններ և շրջանակներ: Այսպես,
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատավարական գործողությունները կատարվում են նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված ժամկետներում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` նույն հոդվածով նախատեսված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և այն բավարարվել է դատարանի կողմից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել է վերը նշված հոդվածների իրավական վերլուծությանը և, մասնավորապես, արձանագրել է, որ օրենքով սահմանված ժամկետից հետո բերված վերաքննիչ բողոքը դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և այն բավարարվել է դատարանի կողմից: Միաժամանակ անդրադառնալով վերաքննիչ բողոք բերելու ժամկետները բաց թողնելու կամ բաց թողած ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը մերժելու դեպքում օրենսդրի նախատեսած որոշակի իրավական հետևանքների վրա հասնելուն` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածների բովանդակությունից հետևում է, որ վերաքննիչ բողոքը բոլոր դեպքերում վերադարձվում է, եթե այն բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը (տե'ս, օրինակ, Վարդան Պողոսյանն ընդդեմ Տիգրան Արշակյանի թիվ ԵՇԴ/0021/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը, բողոք բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվում է բողոքը, գործի համարը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, նշում նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտման մասին, որն ազդել է գործի ելքի վրա, վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը, բողոք բերող անձի պահանջը, բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանը, նույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, գործը ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է որոշում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին: Որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր առերևույթ խախտումները: Նման որոշման դեպքում բողոք բերող անձին պատշաճ ձևով ուղարկվում է միայն վերաքննիչ դատարանի որոշումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերի բացակայության դեպքում բողոք բերելու վերջնաժամկետը լրանալուց հետո վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում:
Վկայակոչված հոդվածների իրավական վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և պայմաններով վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում և այն պարագայում, երբ չեն պահպանվել վերաքննիչ բողոքին օրենքով ներկայացվող պահանջները, վերաքննիչ դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա վերաքննիչ դատարանը երկշաբաթյա ժամկետ է տրամադրում դրանք վերացնելու և կրկին ներկայացնելու համար, իսկ մնացած բոլոր դեպքերում արձանագրված խախտումը շտկելու համար ժամկետ չի տրամադրվում:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վերաքննիչ դատարանի վերը նշված լիազորությունների իրականացումը (վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու, վերադարձնելու մասին որոշումներ կայացնելը) անմիջականորեն կապված է վերաքննիչ բողոքի առկայության հետ: Ընդ որում, օրենսդիրը վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու հանգամանքը պայմանավորել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերի բացակայության հետ: Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերաքննիչ դատարանում դատական ակտի վերանայում կարող է իրականացվել միայն օրենքով սահմանված կարգով ներկայացված վերաքննիչ բողոքի առկայության դեպքում (տե'ս, Անժելա Գևորգյանն ընդդեմ Նիկալ Շահվերդյանի թիվ ԱՐԱԴ2/0169/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):
Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը, համակարգային վերլուծության ենթարկելով վերը շարադրված իրավական կարգավորումները, փաստելով, որ ցանկացած դատավարական գործողություն կարող է կատարվել միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում վերաքննիչ դատարանը կարող է կայացնել բացառապես այն դեպքում, երբ բացակայում են վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերը, գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ դատարանի կողմից կայացվում է վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում, որում վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու համար ժամկետ չի սահմանվում և նման պայմաններում կրկին ներկայացվում է վերաքննիչ բողոք, ապա վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի ընդունելիության հարցը պետք է որոշվի կոնկրետ դատական ակտի բողոքարկման համար օրենքով նախատեսված ժամկետների հաշվառմամբ:
Այսպիսով, անձը հնարավորություն ունի վերաքննիչ բողոք ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետում, որին կարող է հավելվել նաև վերաքննիչ դատարանի կողմից բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ տրամադրվող երկշաբաթյա ժամկետը (բողոքի ձևի և բովանդակության կապակցությամբ արձանագրված թերությունները շտկելու համար): Հետևաբար այդ ժամկետների ավարտից հետո վերստին ներկայացված բողոքը վերաքննիչ դատարանի կողմից կարող է վարույթ ընդունվել միայն այն դեպքում, երբ բողոքին կից ներկայացվել է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն և այն բավարարվել է վերաքննիչ դատարանի կողմից:
Սույն գործով Դատարանի վճիռը հրապարակվել է 12.05.2014 թվականին, որի դեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել 10.06.2014 թվականին` բողոքին կցելով 4.000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման անդորրագիր: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 19.06.2014 թվականի որոշմամբ Դատարանի 12.05.2014 թվականի վճռի դեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է երկշաբաթյա ժամկետ` վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Սուսաննա Միհրանի Միրզոյանը 10.07.2014 թվականին ներկայացրել է միջնորդություն, որով խնդրել է պետական տուրքի չվճարված մասի վճարումը հետաձգել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր` «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 18.07.2014 թվականի որոշմամբ Դատարանի 12.05.2014 թվականի վճռի դեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի վերաքննիչ բողոքը կրկին վերադարձրել է: Սուսաննա Միհրանի Միրզոյանը 12.08.2014 թվականին փոստային առաքմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին ներկայացված դիմումին կցել է 16.000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման անդորրագիր: Վերաքննիչ դատարանի 25.08.2014 թվականի որոշմամբ Դատարանի 12.05.2014 թվականի վճռի դեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ: Սույն գործում առկա չէ 12.08.2014 թվականի դիմումին և դրան կից պետական տուրքի վճարման անդորրագրին Սուսաննա Միհրանի Միրզոյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոք, ինչպես նաև վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն:
Վերը նշված իրավական վերլուծությունների համատեքստում անդրադառնալով սույն գործի դատավարական փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սուսաննա Միհրանի Միրզոյանն իր 12.06.2014 թվականի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վերադարձնելուց հետո չի օգտվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.06.2014 թվականի որոշմամբ սահմանված երկշաբաթյա ժամկետում բողոքում առկա թերությունները վերացնելու հնարավորությունից և կրկին ներկայացրել է թերություններով բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վերադարձվել է` առանց նոր ժամկետի տրամադրման: Հետևաբար Սուսաննա Միհրանի Միրզոյանը, Դատարանի 12.05.2014 թվականի վճռի դեմ վերստին «վերաքննիչ բողոքը» ներկայացնելով 12.08.2014 թվականին, բաց է թողել վճռի բողոքարկման համար օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետը` չներկայացնելով դրա բացթողնման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Սուսաննա Միհրանի Միրզոյանի կողմից 12.08.2014 թվականին ներկայացված դիմումին և դրան կից պետական տուրքի վճարման անդորրագրի հետ միասին վերաքննիչ բողոք բերված չլինելու պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ վարույթի հարուցումը և վերաքննիչ բողոքը քննության ընդունելն իրականացվել է առանց դրա համար օրենքով նախատեսված հիմքի, այսինքն` առանց վերաքննիչ բողոքի առկայության, քանի որ դիմումը և պետական տուրքի վճարման անդորրագիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի հիմքով որպես վերաքննիչ բողոք դիտարկվել չեն կարող:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր հարուցելու գործի վերաքննիչ վարույթ և վերանայելու Դատարանի 12.05.2014 թվականի վճիռն ինչպես վերաքննիչ բողոքի, այնպես էլ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության բացակայության պայմաններում:
2) Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի մյուս հիմքին, ապա Վճռաբեկ դատարանը դրան չի անդրադառնում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված և սույն որոշմամբ արձանագրված դատավարական իրավունքի նորմերի նման եղանակով խախտման պայմաններում այն չի կարող լինել քննության առարկա:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, այդ թվում նաև` սույն գործով Դատարանի վճռի դեմ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում վերաքննիչ բողոք ներկայացված չլինելու հանգամանքը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ Սուսաննա Արարատի Միրզոյանի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, գտնում է, որ վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.03.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումարը` 40.000 ՀՀ դրամը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման Սուսաննա Միհրանի Միրզոյանից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 12.05.2014 թվականի վճռին:
2. Սուսաննա Միհրանի Միրզոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.03.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ա. Բարսեղյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան