Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1021-ՐԴ ՀՈԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1021-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ԱՎՏՈՏՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ՏԴ3/0222/02/13

    Քաղաքացիական գործ թիվ ՏԴ3/0222/02/13       2015թ.

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

    Դատավորներ`        Ն. Տավարացյան

                       Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Ավանեսյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի հուլիսի 17-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Ռուզաննա Թադևոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.12.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության ընդդեմ Վաչագան Խաչատուրյանի և Անդրանիկ Գուլքանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Վաչագան Խաչատուրյանից և Անդրանիկ Գուլքանյանից համապարտության կարգով բռնագանձել Ընկերության կողմից հատուցված 849.840 ՀՀ դրամ ապահովագրական հատուցման գումարը:

ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Խաչիկյան) (այսուհետ` Դատարան) 05.09.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.12.2014 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 05.09.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը, 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետը և 2-րդ կետի «բ» ենթակետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, հաստատելով Դատարանի դիրքորոշումը, արձանագրել է, որ Անդրանիկ Գուլքանյանը` որպես ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող անձ, չի խախտել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի և 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետի, ինչպես նաև թիվ SC138136 ԱՊՊԱ վկայագրի 13-րդ կետի, դրա անբաժանելի մաս հանդիսացող «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի կողմից 13.09.2010 թվականի թիվ 10-Լ որոշմամբ հաստատված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) պայմաններ»-ի 7-րդ գլխի 7.1 կետի պահանջները, քանի որ տուժողին վրաերթի ենթարկելու հետևանքով` վերջինիս կյանքի հետ կապված առաջին օգնությունը ցուցաբերելու և հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտությամբ, ոստիկանության բաժնում կատարված համապատասխան քննությամբ պայմանավորված գտնվել է այնպիսի գերլարված և գերհույզ վիճակում, որ հնարավոր չի եղել պատահարի մասին անհապաղ տեղեկացնել ապահովագրական ընկերությանը:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածին, այն մեկնաբանել է յուրովի, ինչի արդյունքում գտել է, որ Անդրանիկ Գուլքանյանի գերլարված և գերհույզ վիճակում գտնվելու հանգամանքը դասվում է վերը նշված հոդվածով նախատեսված բացառությունների շարքին:

Ինչպես Վերաքննիչ դատարանը, այնպես էլ Դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի պահանջները, հիմք ընդունելով միայն վկաների ցուցմունքները և չունենալով որևէ բժշկական հաստատության կողմից Անդրանիկ Գուլքանյանի հոգեվիճակի վերաբերյալ տեղեկանք, անհիմն հանգել են այն եզրակացությանը, որ Անդրանիկ Գուլքանյանը գտնվել է գերլարված և գերհույզ վիճակում, ինչի հետևանքով էլ չի զանգահարել Ընկերություն: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Անդրանիկ Գուլքանյանը դեպքից հետո զանգահարել է շտապօգնություն և ոստիկանություն, սակայն անհապաղ չի զանգահարել նաև Ընկերություն և չի տեղեկացրել վթարի մասին, որը 28.12.2012 թվականին կնքված թիվ SC138136 ԱՊՊԱ պայմանագրով հանդիսանում է վերջինիս պարտականությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.12.2014 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 28.12.2012 թվականին կնքված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ ՏC138136 վկայագրի (այսուհետ` Վկայագիր) համաձայն` Վաչագան Խաչատուրյանն ապահովագրել է իրեն սեփականության իրավունքով պատկանող «ՎԱԶ 21061» մակնիշի 16OS516 հաշվառման համարանիշով ավտոմեքենան (այսուհետ` Ավտոմեքենա) (հատոր 1-ին, գ.թ. 8).

2. Վկայագրի 6-րդ կետի համաձայն` Ավտոմեքենայի լիազորված տիրապետող է համարվում Անդրանիկ Գուլքանյանը (հատոր 1-ին, գ.թ. 8).

3. 29.05.2013 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշման համաձայն` 24.04.2013 թվականին ժամը 21:30-ի սահմաններում Անդրանիկ Գուլքանյանն իր վարած Ավտոմեքենայով խախտել է «Ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 28.07.2007 թվականի թիվ 955-Ն որոշման (այսուհետ` Ճանապարհային երթևեկության կանոններ) 65-րդ և 66-րդ կետերի պահանջները և վրաերթի է ենթարկել ճանապարհով անցնող Սասուն Գալստյանին ու նրա առողջությանն անզգուշությամբ պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս (հատոր 1-ին, գ.թ. 19).

4. Տեղի ունեցած պատահարի վերաբերյալ 17.06.2013 թվականի թիվ 13-043 եզրակացության համաձայն` տեղի ունեցած պատահարը ճանաչվել է ապահովագրական և Սասուն Գալստյանին պատճառված վնասի համար վճարվել է 849.840 ՀՀ դրամ, որից 680.000 ՀՀ դրամը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ՓԲԸ-ին, իսկ 169.840 ՀՀ դրամը` Սասուն Գալստյանի ներկայացուցիչ Սուսաննա Գալստյանին (հատոր 1-ին, գ.թ. 14).

5. Վկայագրի` պատահարի մասին Ապահովագրողին ծանուցման ժամկետի և կարգի մասին 13-րդ կետի համաձայն` Ապահովադիրը (ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը) պարտավոր է ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո անհապաղ (առաջին իսկ հնարավորության դեպքում) այդ մասին հայտնել Ապահովագրողին` զանգահարելով ԱՊՊԱ կտրոնի վրա նշված հեռախոսահամարով: Վկայագրի 14-րդ կետի համաձայն` «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի կողմից 13.09.2010 թվականին հաստատված` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանները» Վկայագրի անբաժանելի մասն են (հատոր 1-ին, գ.թ. 8).

6. «Հեռախոսազանգերի համակարգման կենտրոն» բաժնի կողմից տրամադրված զանգերի ցանկի համաձայն` Անդրանիկ Գուլքանյանի կինը` Մերի Գուլքանյանը, ապահովագրական պատահարի մասին Ընկերությանը հայտնել է 25.04.2013 թվականին, ժամը 09:47-ին (հատոր 1-ին, գ.թ. 10):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

i

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 19-րդ և 27-րդ հոդվածների միատեսակ կիրառության համար.

2) Վերաքննիչ դատարանի կողմից «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 19-րդ և 27-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք բոլոր դեպքերում է, որ ապահովադիր համարվող անձի և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձի հուզական լարված վիճակում գտնվելը կարող է դասվել ապահովագրական պատահարի մասին ապահովագրողին անհապաղ հայտնելու պարտականության չկատարման բացառությունների շարքին:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե այլ բան նախատեսված չէ ապահովագրության պայմանագրով, ապա ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովադրին (ապահովագրված անձին) պատճառված վնասից բխող նրա (կամ շահառուի) պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է ապահովագրողին` նրա կողմից հատուցված գումարի մասով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1017-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` ոչ կյանքի ապահովագրության պայմանագրով ապահովադիրն ապահովագրական պատահարի վրա հասնելն իրեն հայտնի դառնալուց հետո պարտավոր է այդ մասին անհապաղ (ողջամիտ ժամկետում) տեղեկացնել ապահովագրողին կամ նրա ներկայացուցչին: Եթե պայմանագրով նախատեսված է ծանուցման ժամկետ և (կամ) եղանակ, ապա դա պետք է արվի սահմանված ժամկետում ու պայմանագրում նշված եղանակով:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ԱՊՊԱ պայմանագրով ապահովադիր համարվող անձը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձն ապահովագրական պատահարի դեպքում պարտավոր են այդ մասին հայտնել ապահովագրական ընկերությանը: Ապահովագրական պատահարի մասին հայտնելու ժամկետները և կարգը, ինչպես նաև ապահովագրական պատահարից հետո ապահովագրական ընկերության և պատահարի մասնակիցների այլ գործողությունները սահմանվում են «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո»-ի կանոններով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներից ԱՊՊԱ պայմանագրով սահմանվում են բացառություններ այն դեպքերի համար, երբ ապահովադիրը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը պատահարի հետևանքով հայտնվել են անգիտակից վիճակում կամ այնպիսի իրավիճակում, որ անհնարին էր ապահովագրական ընկերությանը պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական պատահարի մասին տեղեկացնել, կամ ապահովադիրը տեղյակ չի եղել և չէր կարող տեղյակ լինել ապահովագրական պատահարի մասին` ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձի կողմից նրան չտեղեկացնելու կամ այլ պատճառով: Ապահովադիրը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը կրում են ապահովագրական ընկերությանը նրանց կողմից ապահովագրական պատահարի մասին տեղեկացնելու անհնարինության (անտեղյակության) ապացուցման պարտականությունը: Նույն մասով նախատեսված տեղեկացման պարտականությունն անհնարին դարձնող հանգամանքների վերացման (ապահովագրական պատահարի մասին տեղեկացվելու) դեպքում ապահովադիրը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձն ապահովագրական պատահարի մասին պարտավոր է պայմանագրով սահմանված կարգով անմիջապես հայտնել ապահովագրական ընկերությանը:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետի համաձայն` ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք ունի վնաս պատճառած անձի նկատմամբ, եթե ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին:

Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն` ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք ունի վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) նկատմամբ, եթե ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին:

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի կողմից 13.09.2010 թվականի թիվ 10-Լ որոշման 9.1 մասի 9.1.1 կետի «դ» ենթակետի համաձայն` ապահովագրողն հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք ունի վնաս պատճառած անձի նկատմամբ, եթե վկայագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրողը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին:

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի կողմից 13.09.2010 թվականի թիվ 10-Լ որոշման 9.1 մասի 9.1.2 կետի «բ» ենթակետի համաձայն` ապահովագրողն հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք ունի վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (Ապահովադրի) նկատմամբ, եթե վկայագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրողը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին:

Վկայագրի` պատահարի մասին Ապահովագրողին ծանուցման ժամկետի և կարգի մասին 13-րդ կետի համաձայն` Ապահովադիրը (ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը) պարտավոր է ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո անհապաղ (առաջին իսկ հնարավորության դեպքում) այդ մասին հայտնել Ապահովագրողին` զանգահարելով ԱՊՊԱ կտրոնի վրա նշված հեռախոսահամարով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վնաս պատճառած անձը կամ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը պարտականություն են կրում ապահովագրական պատահարի տեղի ունենալն իրենց հայտնի դառնալուց հետո անհապաղ (ողջամիտ ժամկետում) տեղեկացնել ապահովագրողին կամ նրա ներկայացուցչին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը, հարկ համարելով անդրադառնալ օրենսդրի կողմից նախատեսված` ապահովագրական ընկերությանն ապահովագրական պատահարի մասին տեղեկացնելու պարտականության կատարման «անհապաղության» եզրույթի ընկալմանն ու մեկնաբանմանը, գտնում է, որ այն ունի հետևյալ բովանդակությունը. «անհապաղ» նշանակում է առանց հապաղելու, անմիջապես, նույն պահին, հնարավորինս արագ, առավելագույնս սեղմ ժամկետում: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը, սահմանելով «անհապաղության» եզրույթը, այն չի դիտել որպես բացարձակ պայման, քանի որ իրավանորմի հետագա շարադրանքում կիրառել է նաև «ողջամիտ ժամկետում» հասկացությունը: Իսկ ողջամիտ կարող է գնահատվել այն ժամանակահատվածը, որն օբյեկտիվորեն անհրաժեշտ է որևէ կոնկրետ գործողության իրականացման համար: Հետևաբար յուրաքանչյուր դեպքում «անհապաղության» պարտադիր պայմանի գնահատումն իրականացնելիս դատարանները ոչ միայն պետք է հաշվի առնեն ծանուցման անմիջապես, նույն պահին իրականացված լինելու փաստը, այլև` դրա իրականացման` առաջին իսկ օբյեկտիվ, արդարացված հնարավորությունը:

Ընդ որում, եթե տեղի է ունենում ապահովագրական պատահար, ապա ապահովադրին պատճառված վնասից բխող նրա կամ շահառուի պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է ապահովագրողին` նրա կողմից հատուցված գումարի մասով: Սակայն, ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք է ձեռք բերում վնաս պատճառած անձի և (կամ) վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ, եթե ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով, այսինքն` անհապաղ (ողջամիտ ժամկետում կամ օբյեկտիվորեն առաջին իսկ հնարավորության առկայության պարագայում) ապահովագրական ընկերությանը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունից հետևում է, որ ապահովագրական պատահարի մասին հայտնելու պարտականության կատարման հարցում բացառություններ են համարվում հետևյալ դեպքերը.

1. երբ ապահովադիրը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը պատահարի հետևանքով հայտնվել են անգիտակից վիճակում,

2. հայտնվել են այնպիսի իրավիճակում, որ անհնարին էր ապահովագրական ընկերությանը պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական պատահարի մասին տեղեկացնելը,

3. ապահովադիրը տեղյակ չի եղել և չէր կարող տեղյակ լինել ապահովագրական պատահարի մասին` ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձի կողմից նրան չտեղեկացնելու կամ այլ պատճառով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով վկայակոչված հոդվածի մեկնաբանությանը, փաստել է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը (տե՛ս, օրինակ, «Երևան Ջուր» ՓԲԸ-ն ընդդեմ Իսկուհի Ավագյանի և մյուսների թիվ ԵԱԴԴ/0417/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, վկայակոչել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը և 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ինչի արդյունքում հանգել է այն եզրակացությանը, որ Անդրանիկ Գուլքանյանը, գտնվելով հոգեկան գերլարված և գերհույզ վիճակում, ի վիճակի չի եղել պատահարի մասին անհապաղ հայտնել ապահովագրական ընկերությանը, և գտել է, որ այդպիսի վիճակում գտնվելու հանգամանքը դասվում է նշված օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բացառությունների շարքին:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Ընկերության վերաքննիչ բողոքը, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանություններն առ այն, որ տուժողին վրաերթի ենթարկելու հետևանքով վերջինիս կյանքի հետ կապված առաջին օգնություն ցուցաբերելու և հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտությամբ պայմանավորված, իսկ այնուհետև ոստիկանության բաժնում կատարված համապատասխան քննության կապակցությամբ Անդրանիկ Գուլքանյանը գտնվել է այնպիսի գերլարված և գերհույզ վիճակում, որ հնարավոր չի եղել պատահարի մասին անհապաղ տեղեկացնել Ընկերությանը:

Մինչդեռ վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների կողմից արված եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` Վկայագրով Վաչագան Խաչատուրյանն ապահովագրել է իրեն սեփականության իրավունքով պատկանող Ավտոմեքենան, որի լիազորված տիրապետող է նշվել Անդրանիկ Գուլքանյանը: 29.05.2013 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշման համաձայն` 24.04.2013 թվականին ժամը 21:30-ի սահմաններում Անդրանիկ Գուլքանյանն իր վարած Ավտոմեքենայով խախտել է Ճանապարհային երթևեկության կանոնների 65-րդ և 66-րդ կետերի պահանջները և վրաերթի է ենթարկել ճանապարհով անցնող Սասուն Գալստյանին ու նրա առողջությանն անզգուշությամբ պատճառել է կյանքին վտանգ սպառնացող` ծանր վնաս: «Հեռախոսազանգերի համակարգման կենտրոն» բաժնի կողմից տրամադրված զանգերի ցանկի համաձայն` Անդրանիկ Գուլքանյանի կինը` Մերի Գուլքանյանը, ապահովագրական պատահարի մասին Ընկերությանը հայտնել է 25.04.2013 թվականին, ժամը 09:47-ին` մոտ 12 ժամ անց, մինչդեռ 28.12.2012 թվականին Վաչագան Խաչատուրյանի և Ընկերության միջև կնքված Վկայագրի` պատահարի մասին Ապահովագրողին ծանուցման ժամկետի և կարգի մասին 13-րդ կետի համաձայն` Վաչագան Խաչատուրյանը և (կամ) Անդրանիկ Գուլքանյանը պարտավորվել են ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո անհապաղ (առաջին իսկ հնարավորության դեպքում) այդ մասին հայտնել Ընկերությանը` զանգահարելով ԱՊՊԱ կտրոնի վրա նշված հեռախոսահամարով: Տեղի ունեցած պատահարի վերաբերյալ 17.06.2013 թվականի թիվ 13-043 եզրակացության համաձայն` տեղի ունեցած պատահարը ճանաչվել է ապահովագրական և Սասուն Գալստյանին պատճառված վնասի համար վճարվել է 849.840 ՀՀ դրամ, որից 680.000 ՀՀ դրամը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ՓԲԸ-ին, իսկ 169.840 ՀՀ դրամը` Սասուն Գալստյանի ներկայացուցիչ Սուսաննա Գալստյանին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանները, վերլուծելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, գտել են, որ գերլարված և գերհույզ վիճակում գտնվելը դասվում է նշված հոդվածով նախատեսված բացառությունների շարքին: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում սպառիչ կերպով ամրագրել է այն բոլոր բացառությունների շրջանակը, որոնց առկայության պարագայում է միայն հնարավոր վնաս պատճառած անձի կամ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ վրա դրված` ապահովագրողին անհապաղ տեղեկացնելու պարտականության չկատարումը:

Սույն գործով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստեղծված իրավիճակում Անդրանիկ Գուլքանյանը կարող էր գտնվել հուզական լարված վիճակում, սակայն վերջինս փաստացիորեն չի հայտնվել անգիտակից վիճակում, այսինքն` ամբողջությամբ գիտակցել է տեղի ունեցած պատահարը, առկա իրողությունը և համապատասխան իրադրությունում կարողացել է ձեռնարկել մի շարք գործողություններ, մասնավորապես` տուժողին ուղեկցել է հիվանդանոց, ոստիկանության բաժնում տվել է բացատրություններ: Ավելին, գործում առկա փաստերի ուսումնասիրությունը վկայում է, որ Անդրանիկ Գուլքանյանը տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարին հաջորդող ժամանակահատվածում գտնվել է ֆիզիկական և հոգեկան բավարար վիճակում, որպեսզի կարողանար պատշաճորեն կատարել օրենքով և պայմանագրով իր վրա դրված` Ընկերությանն ապահովագրական պատահարի մասին անհապաղ տեղեկացնելու պարտականությունը:

Ինչ վերաբերում է Անդրանիկ Գուլքանյանի` Ընկերությանը պատահարի մասին տեղեկացման անհնարինության հանգամանքի պարզման անհրաժեշտությանը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վերջինիս կողմից չի ներկայացվել որևէ ապացույց, որը կարող էր հաստատել տվյալ իրավիճակում այնպիսի իրական և օբյեկտիվ պատճառների առկայությունը, որոնք կարող էին հիմք հանդիսանալ համապատասխան գործողության կատարման անհնարինության ստեղծման և հետագայում այդպիսի անհնարինության հիմնավորման համար: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում բացառապես սուբյեկտիվ գործոնների առկայությունը, որոնցից են` սթրեսային վիճակում գտնվելը, տուժողի կյանքի և առողջության վերաբերյալ անհանգստությունը, գերլարված և գերհուզական հոգեվիճակում հայտնվելը, դեռևս բավարար չէ Ընկերությանը` պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական պատահարի մասին տեղեկացման անհնարինության հանգամանքի առկայությունը հիմնավորված համարելու համար:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վաչագան Խաչատուրյանի կողմից ևս չի ներկայացվել որևէ ապացույց, որը կհիմնավորեր ապահովադրի` ապահովագրական պատահարի մասին հայտնելու պարտականության կատարման հարցում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված բացառությունների առկայությունը:

Վերը նշված իրավական վերլուծությունների և մեկնաբանությունների համատեքստում համադրելով և գնահատելով սույն քաղաքացիական գործի փաստերը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Անդրանիկ Գուլքանյանը և/կամ Վաչագան Խաչատուրյանը չեն կատարել թե՛ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով, թե՛ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի համապատասխան որոշմամբ, և թե՛ Վկայագրով հստակորեն իրենց վրա դրված պարտականությունը, այն է` Ընկերությանն անհապաղ (ողջամիտ ժամկետում) չեն տեղեկացրել ապահովագրական պատահարի մասին, ուստի հիշյալ պարտավորության չկատարման պայմաններում Ընկերությունը Սասուն Գալստյանին պատճառված վնասի համար վճարված 849.840 ՀՀ դրամի մասով, որից 680.000 ՀՀ դրամ վճարվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ՓԲԸ-ին, իսկ 169.840 ՀՀ դրամը` Սասուն Գալստյանի ներկայացուցիչ Սուսաննա Գալստյանին, ունի հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք:

Մինչդեռ ստորադաս դատարանները, չիրականացնելով սույն գործի փաստերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, վերոնշյալ հանգամանքների անտեսման արդյունքում հանգել են հայցի` անհիմն լինելու վերաբերյալ սխալ եզրահանգման այն պարագայում, երբ վերը շարադրված պատճառաբանությունների հիմքով ներկայացված հայցապահանջը ենթակա էր բավարարման:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Ընկերությունը պահանջել է Ընկերության կողմից հատուցված 849.840 ՀՀ դրամ ապահովագրական հատուցման գումարը համապարտության կարգով բռնագանձել Անդրանիկ Գուլքանյանից և Վաչագան Խաչատուրյանից: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ քաղաքացիական իրավունքում համապարտ պատասխանատվության ինստիտուտին և նշել հետևյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համապարտ պարտականությունը (պատասխանատվությունը) կամ համիրավ պահանջը ծագում է, եթե պարտականության համապարտությունը կամ պահանջի համիրավությունը նախատեսված է պայմանագրով կամ սահմանված է օրենքով, մասնավորապես, եթե անբաժանելի է պարտավորության առարկան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն` պարտապանների համապարտ պարտականության դեպքում պարտատերն իրավունք ունի, ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով: Համապարտ պարտապաններից մեկից լրիվ բավարարում չստացած պարտատերն իրավունք ունի չստացած մասը պահանջել մյուս համապարտ պարտապաններից: Համապարտ պարտապանները պարտական են մնում այնքան ժամանակ, քանի դեռ պարտավորությունը լրիվ չի կատարվել:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համապարտ պատասխանատվության ինստիտուտը կոչված է առավելագույնս երաշխավորելու պարտատիրոջ իրավունքները` հնարավորություն ընձեռելով վերջինիս ցանկացած պարագայում ստանալու իր պահանջի բավարարումը:

Միևնույն ժամանակ սույն որոշման շրջանակներում հիշատակված` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի վերլուծության արդյունքներով ակնհայտ է դառնում, որ ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրական ընկերությանն այդ մասին պարտավոր են հայտնել ապահովադիրը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը: Ընդ որում, ապահովադիրը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը կրում են ապահովագրական ընկերությանը նրանց կողմից ապահովագրական պատահարի մասին տեղեկացնելու անհնարինության (անտեղյակության) ապացուցման պարտականությունը:

Այսպիսով, թե՛ ավտոտրանսպորտային միջոցի ապահովադիրը, և թե՛ այն օրինական հիմքով տիրապետող անձը կրում են ինչպես ապահովագրական ընկերությանը տեղի ունեցած ապահովագրական պատահարի իրազեկելու, այնպես էլ հետագայում դրա անհնարինության հանգամանքը ապացուցելու պարտականությունները: Ընդ որում, նրանցից որևէ մեկի կողմից այդ պարտականությունները կատարելու պարագայում դրանք համարվում են կատարված ամբողջությամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Ավտոմեքենայի սեփականատեր հանդիսացող Վաչագան Խաչատուրյանը և Ավտոմեքենան օրինական հիմքով լիազորված տիրապետող Անդրանիկ Գուլքանյանը պատշաճորեն չեն կատարել իրենց վերապահված հիշյալ պարտականությունները: Հետևաբար, վերը նշված իրավանորմերի համատեքստում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Ընկերության կողմից պահանջվող գումարը Վաչագան Խաչատուրյանից և Անդրանիկ Գուլքանյանից ենթակա է բռնագանձման համապարտության կարգով, որպիսի հանգամանքներն էլ ամբողջությամբ անտեսվել են ստորադաս դատարանների կողմից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Սույն գործով դատական ծախսերը կազմված են միայն պետական տուրքից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվորի պահանջն է Վաչագան Խաչատուրյանից և Անդրանիկ Գուլքանյանից բռնագանձել 849.840 ՀՀ դրամ:

Սույն գործով նկատի ունենալով, որ Ընկերությունը հայցադիմումի համար վճարել է 16.997 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 7), վերաքննիչ բողոքի համար 25.495 ՀՀ դրամ (հատոր 3-րդ, գ.թ. 2) և վճռաբեկ բողոքի համար` 25.495 ՀՀ դրամ, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել բողոք բերած անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը համապարտության կարգով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Անդրանիկ Գուլքանյանի և Վաչագան Խաչատուրյանի կողմից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.12.2014 թվականի որոշումը և այն փոփոխել. հայցը բավարարել` Անդրանիկ Գուլքանյանից և Վաչագան Խաչատուրյանից համապարտության կարգով հօգուտ «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի բռնագանձել 849.840 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի համար վճարված գումար:

2. Անդրանիկ Գուլքանյանից և Վաչագան Խաչատուրյանից համապարտության կարգով հօգուտ «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի բռնագանձել 16.997 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 25.495 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաև 25.495 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
17.07.2015
N ՏԴ3/0222/02/13
Որոշում