ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԿԴ1/0733/02/13
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/0733/02/13 2015 թ.
Նախագահող դատավոր` Ի. Վարդանյան
Դատավորներ` Ն. Բարսեղյան
Ս. Միքայելյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Ավանեսյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
Ե. Սողոմոնյանի
2015 թվականի հուլիսի 17-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Լևոն Սուխուդյանի ներկայացուցիչ Լամարա Քոչարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.10.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Լևոն Սուխուդյանի ընդդեմ Սուսաննա Գրիգորյանի, Արա Ներսիսյանի` բնակելի տնից վտարելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Սուսաննա Գրիգորյանի ընդդեմ Լևոն Սուխուդյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր)` առուծախի պայմանագիրը, դրա հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Լևոն Սուխուդյանը պահանջել է Սուսաննա Գրիգորյանին և Արա Ներսիսյանին ընտանիքի հետ վտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի Մ/Տ Շահումյան թիվ 6 հասցեի բնակելի տնից:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Սուսաննա Գրիգորյանը պահանջել է անվավեր ճանաչել Ռաֆիկ Ներսիսյանի և Լևոն Սուխուդյանի միջև 24.06.1991 թվականին կնքված առուծախի պայմանագիրը, դրա հիման վրա Լևոն Սուխուդյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և կիրառել անվավերության հետևանքներ:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Թորոսյան) (այսուհետ` Դատարան) 17.06.2014 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.10.2014 թվականի որոշմամբ Լևոն Սուխուդյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.06.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լևոն Սուխուդյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սուսաննա Գրիգորյանի և Արա Ներսիսյանի ներկայացուցիչը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական նոտարիատի մասին» ՀԽՍՀ օրենքի 3-րդ, 14-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ, 436-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա բոլոր ապացույցները, որի արդյունքում հանգել է սխալ հետևության: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ազգային արխիվում և գյուղապետարանում վիճելի պայմանագրի օրինակի և դրա գրանցման հիմքերի բացակայությունը որևէ կերպ չի կարող բացասական հետևանքներ առաջացնել Լևոն Սուխուդյանի` որպես սեփականատիրոջ համար իր սեփականության իրավունքն իրացնելիս: Այսինքն` այն հանգամանքը, որ գյուղապետարանում չի պահպանվել վիճելի պայմանագրի օրինակը, առկա չէ տեղեկություն նախկին գյուղխորհրդի գործկոմի գրանցամատյանների, նոտարական գրանցամատյանների վերաբերյալ, դեռևս չի նշանակում, որ վիճելի պայմանագիրն իրականում չի գրանցվել համապատասխան գրանցամատյաններում:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ իրավահարաբերության ծագման պահին կիրառելի օրենսդրության համաձայն` վիճելի պայմանագիրը պետք է գրանցվեր գյուղխորհրդի գործկոմի գրանցամատյանում, այսինքն` պայմանագիրը գրանցման ներկայացնելը հանդիսանում էր գնորդի` Լևոն Սուխուդյանի պարտականությունը, իսկ այն գրանցելը` գյուղխորհրդի գործկոմի պարտականությունը: Հետևաբար Լևոն Սուխուդյանը որևէ կերպ չի կարող կրել գյուղխորհրդի գործկոմի կողմից իր պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բացասական հետևանքները:
Բացի այդ, վիճելի պայմանագիրն օրինական ձևով կնքված լինելը երբևէ չի վիճարկվել, դրա վրա առկա է գյուղխորհրդի կնիքը և կողմի` գնորդի մոտ առկա է իր օրինակը, ուստի հետևություն անել պայմանագրի անվավերության մասին, այն էլ` գյուղխորհրդի մատյանում գրանցված չլինելու պատճառով, ուղղակի իրավաչափ չէ:
2) Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 20-րդ հոդվածը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վիճելի անշարժ գույքն օրենքի ուժով` ամուսիններ Ռաֆիկ Ներսիսյանի և Սուսաննա Գրիգորյանի համատեղ սեփականությունն է և արդեն իսկ օրենքի ուժով որոշված է դրա նկատմամբ յուրաքանչյուրի բաժինը` յուրաքանչյուրին 1/2 չափով: Այսինքն, եթե պայմանականորեն ընդունենք, որ վիճելի անշարժ գույքի օտարման գործարքը կնքվել է օրենքի խախտմամբ, ապա այն կարող էր անվավեր ճանաչվել միայն Սուսաննա Գրիգորյանի մասով, քանի որ Ռաֆիկ Ներսիսյանը հանդիսանում է վիճելի գույքի կեսի սեփականատերը:
Վերաքննիչ դատարանը չի գնահատել նաև այն հանգամանքը, որ սույն գործի փաստերի համաձայն` Ռաֆիկ Ներսիսյանը` որպես համատեղ սեփականության մասնակից, ունեցել է համատեղ սեփականություն հանդիսացող բաժնեմասերի տնօրինման գործարք կնքելու իրավունք, քանի որ ամուսիններ Ռաֆիկ Ներսիսյանի և Սուսաննա Գրիգորյանի միջև այլ բան նախատեսող համաձայնություն չի եղել:
Հետևաբար Սուսաննա Գրիգորյանի կողմից առուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելու պահանջը դատարանի կողմից կարող էր բավարարվել միայն Ռաֆիկ Ներսիսյանի մոտ վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում: Մինչդեռ Սուսաննա Գրիգորյանը Ռաֆիկ Ներսիսյանի` վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայությունը հիմնավորող որևէ ապացույց չի ներկայացրել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.10.2014 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը` մերժել:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտել է գործում առկա բոլոր ապացույցները:
Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Սուսաննա Գրիգորյանը հակընդդեմ հայցի հիմքում դրել է գործարքի կնքման պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 241-րդ հոդվածը, վիճելի անշարժ գույքի առուծախի պայմանագիրն անվավեր ճանաչելով` հաշվի է առել, որ որպես տվյալ իրավանորմի խախտում Դատարան է ներկայացվել արխիվային տեղեկանք, ըստ որի` «Գառնի գյուղի նոտարական գործողությունների գրանցման 1983-1998 թվականների սեղանամատյանում 24.06.1991 թվականի բնակելի տան առուծախի պայմանագիր Ռաֆիկ Ներսիսյանի և Լևոն Սուխուդյանի միջև գրանցված չէ: Առուծախի պայմանագրերի հիմքերում ևս 24.06.1991 թվականի պայմանագիր չի հայտնաբերվել»: Այսինքն` նշված տեղեկանքով հիմնավորվել է, որ ազգային արխիվում առկա են թե՛ նոտարական գործողությունների սեղանամատյանը, որտեղ 24.06.1991 թվականի բնակելի տան առուծախի պայմանագիր Ռաֆիկ Ներսիսյանի և Լևոն Սուխուդյանի միջև գրանցված չէ և թե՛ առկա են առուծախի պայմանագրերի հիմքերը, որտեղ նույնպես 24.06.1991 թվականի պայմանագիր չի հայտնաբերվել:
Այսպիսով, Ռաֆիկ Ներսիսյանի և Լևոն Սուխուդյանի միջև կնքված գործարքը չի համապատասխանում օրենքի պահանջներին, այն անվավեր է, ուստի տվյալ գործարքի հիման վրա 2004 թվականին կատարված պետական գրանցումը ևս անվավեր է:
Բացի այդ, վճռաբեկության կարգով դատական ակտը բողոքարկելիս ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքերն ու պատճառաբանությունները տարբերվում են վերաքննության կարգով դատական ակտը բողոքարկելիս վերաքննիչ բողոքում ներկայացված հիմքերից ու պատճառաբանություններից, որպիսի պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 224-րդ հոդվածի հիմքով անձը չի կարող վճռաբեկության կարգով բողոքարկել դատական ակտը մի հիմքով, եթե նա նույն հիմքով չի բողոքարկել այն վերաքննության կարգով:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Ռաֆիկ Ներսիսյանի անվամբ 1991 թվականի մայիսին տրված Կոտայքի շրջան, գյուղ Գառնի, Րաֆֆու թիվ 8 հասցեի անհատական բնակարանային ֆոնդի բնակելի տան տեխնիկական անձնագրի համաձայն` նշված հասցեի հողամասի մակերեսը կազմում է 650 քմ, իսկ որպես տրման հիմք նշված է Աբովյանի շրջսովետի գործկոմի 08.08.1987 թվականի որոշման թիվ 11 արձանագրությունը (հատոր 1-ին, գ.թ. 98-103):
2. Գառնիի գյուղխորհրդի նախագահի կողմից Հրազդանի միջշրջանային տեխնիկական գույքագրման բյուրոյին 14.06.1991 թվականին հասցեագրված տեղեկանքի համաձայն` ժողովրդական դեպուտատների Գառնիի գործադիր կոմիտեն թույլատրում է, չի առարկում, որպեսզի Գառնի գյուղի Րաֆֆու փողոցի թիվ 8 տան բնակիչ Ռաֆիկ Հմայակի Ներսիսյանը վաճառի իր սեփական բնակարանը, որն արգելանքի և կալանքի տակ չի գտնվում, որին հատկացված է եղել 650 քմ մակերեսով հողամաս` համաձայն գյուղխորհրդի տնտեսական գրքի, հետագայում օտարված տունը մշտական գրանցման և բնակվելու թույլտվության պայմանով (հատոր 1-ին, գ.թ. 97):
3. Ռաֆիկ Ներսիսյանի և Լևոն Սուխուդյանի միջև 24.06.1991 թվականին կնքված և Գառնիի գյուղական խորհրդի գործկոմի նախագահի կողմից հաստատված բնակելի տան առուծախի պայմանագրի համաձայն` Ռաֆիկ Հմայակի Ներսիսյանը 12864,0 ՌԴ ռուբլու դիմաց վաճառել է իր բնակարանն ամբողջությամբ, իսկ Լևոն Ասքանազի Սուխուդյանը գնել է Գառնի գյուղի Րաֆֆու փողոցի թիվ 8 բնակելի տունն ամբողջությամբ: Պայմանագիրը կնքվել է 2 օրինակից, որից մեկը պահվել է գյուղխորհրդում, իսկ երկրորդ օրինակը տրվել է գնորդ Լևոն Սուխուդյանին (հատոր 1-ին, գ.թ. 106-107):
4. Գառնիի գյուղական խորհրդի նախագահ Է. Աղաջանյանի կողմից Հրազդանի միջշրջանային գույքագրման բյուրո ներկայացնելու համար տրված քաղվածքում նշված է հետևյալը. «Համաձայն առք ու վաճառքի պայմանագրի` կայացած 24.06.1991թ.` համաձայն հողային հանձնաժողովի: Ռաֆիկ Հմայակի Ներսիսյանի 650 քմ-ն հատկացնել Լևոն Ասքանազի Սուխուդյանին (նույն գյուղի բնակիչ): Տրվում է ներկայացնելու Հրազդանի միջշրջանային գույքագրման բյուրոյին» (հատոր 1-ին, գ.թ. 105):
5. Լևոն Սուխուդյանի անվամբ 27.06.1991 թվականին տրված Կոտայքի շրջան, գյուղ Գառնի, Րաֆֆու թիվ 8 հասցեի անհատական բնակարանային ֆոնդի բնակելի տան տեխնիկական անձնագրի համաձայն` նշված հողամասի մակերեսը կազմում է 650 քմ, իսկ որպես տրման հիմք նշված է բնակելի տան առուծախի պայմանագիրը` «հաստատված Գառնիի գյուղխորհրդում 24.06.1991թ. սեղանամատյան և քաղվածք հողի վերաբերյալ» (հատոր 1-ին, գ.թ. 90-95):
6. Լևոն Սուխուդյանի անվամբ 02.06.2004 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման թիվ 1421028 վկայականի կրկնօրինակի համաձայն` Կոտայքի մարզի Գառնի գյուղում գտնվող բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ Լևոն Սուխուդյանի սեփականության իրավունքը գրանցվել է Գառնիի գյուղխորհրդում հաստատված 24.06.1991 թվականի առուծախի պայմանագրի հիման վրա (հատոր 1-ին, գ.թ. 6-9):
7. ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի գյուղական համայնքի ղեկավարի 09.10.2013 թվականի թիվ 01-194 գրությամբ հայտնվել է, որ «1991թ. Ռաֆիկ Ներսիսյանի և Լևոն Սուխուդյանի միջև բնակելի տան առուծախի պայմանագիր Գառնիի գյուղխորհրդի գործկոմում կնքված և հաստատված լինելու վերաբերյալ որևէ տեղեկություն չի կարող տրամադրվել: Գյուղապետարանում չի պահպանվում նման պայմանագրի օրինակ: Նախկին գյուղխորհրդի գործկոմի գրանցամատյանների, այդ թվում նաև` նոտարական գործողությունների գրանցամատյանի (սեղանամատյանի) վերաբերյալ ևս տեղեկատվություն չի կարող տրամադրվել, քանի որ դրանք գյուղապետարանում չեն, հնարավոր է հանձնվել է ազգային արխիվ» (հատոր 1-ին, գ.թ. 63):
8. Հայաստանի ազգային արխիվի Աբովյանի տարածքային ներկայացուցչության 11.09.2013 թվականի թիվ Գ-851 գրությամբ հայտնվել է, որ «Գառնի գյուղի նոտարական գործողությունների գրանցման 15.01.1983-22.12.1998թթ. սեղանամատյանում 24.06.1991 թվականի բնակելի տան առուծախի պայմանագիր Ռաֆիկ Ներսիսյանի և Լևոն Սուխուդյանի միջև գրանցված չէ: Առուծախի 1991 թվականի պայմանագրերի հիմքերում ևս 24.06.1991 թվականի պայմանագիր չի հայտնաբերվել» (հատոր 1-ին, գ.թ. 46):
9. Լևոն Սուխուդյանի կողմից 17.07.2014 թվականին Վերաքննիչ դատարան ներկայացված վերաքննիչ բողոքում որպես վերաքննիչ բողոքի իրավական հիմք` չի վկայակոչվել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 20-րդ հոդվածը, որևէ փաստական հիմնավորում չի ներկայացվել վիճելի գույքի` համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված լինելու և դրա տնօրինման իրավազորության հանգամանքների վերաբերյալ (հատոր 2-րդ, գ.թ. 5-13):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման, դրա արդյունքում նաև` իրավահարաբերության ծագման պահին գործող 1964 թվականի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (ընդունվել է 04.06.1964 թվականին, ուժի մեջ է մտել 01.01.1965 թվականին, ուժը կորցրել է 01.01.1999 թվականին) 241-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը բողոքի 1-ին հիմքում բարձրացված հարցին պատասխանելու համար հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական խնդրին. արդյո՞ք գյուղական բնակավայրում կողմերի միջև կնքված և գյուղխորհրդի գործկոմի նախագահի կողմից հաստատված բնակելի տան առուծախի պայմանագրի ու դրա հիման վրա գնորդին տրված տեխնիկական անձնագրի առկայության պայմաններում բնակելի տան առուծախի պայմանագրի գրանցման վերաբերյալ իրավասու մարմիններում համապատասխան տեղեկության բացակայության փաստը միայն բավարար է հաստատված համարելու այն հանգամանքը, որ տվյալ պայմանագիրն իրավահարաբերության ծագման պահին գործող օրենսդրությանը համապատասխան չի կնքվել, որպիսի պայմաններում և այն անվավեր է:
1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
17.06.1998 թվականի «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն`գործարքների անվավերության հիմքերի և հետևանքների մասին` օրենսգրքի նորմերը կիրառվում են այն գործարքների նկատմամբ, որոնց անվավեր ճանաչելու մասին պահանջները դատարանի` ներառյալ արբիտրաժային տրիբունալի, կողմից քննվելու են 1999 թվականի հունվարի 01-ից հետո` անկախ համապատասխան գործարքների կնքման ժամանակից:
Վճռաբեկ դատարանը նախևառաջ հարկ է համարում անդրադառնալ սույն գործով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի օրենսդրության հարցին: «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի` վկայակոչված հոդվածի բովանդակությունից հետևում է, որ այն դեպքում, երբ գործարքն անվավեր ճանաչելու վերաբերյալ պահանջը ենթակա է քննության 1999 թվականի հունվարի 01-ից, այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո, ներկայացված պահանջը պետք է քննվի և լուծվի գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ամրագրված` գործարքների անվավերության հիմքերին և հետևանքներին համապատասխան` անկախ վիճելի գործարքի կնքման ժամանակից: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը, որը բխում է իրավական որոշակիության, օրենսդրության նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների, մարդու իրավունքների երաշխավորման, իրավակիրառ մարմինների կողմից կամայականությունների կանխարգելման նկատառումներից, գտնում է, որ վերը նշված դեպքում գործարքի անվավերության` գործող օրենսդրությամբ ամրագրված հիմքի առկայությունը ստուգելիս ենթակա է կիրառման նաև վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող օրենսդրությունը:
Սույն գործով Վճռաբեկ դատարանը հաշվի առնելով, որ հակընդդեմ հայցով 24.06.1991 թվականին կնքված բնակելի տան առուծախի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջը ներկայացվել է 08.10.2013 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 33), այսինքն`1999 թվականի հունվարի 01-ից հետո, գտնում է, որ նշված պայմանագրի անվավերության պահանջը քննելիս և լուծելիս կիրառելի են գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ամրագրված` գործարքների անվավերության հիմքերը և հետևանքները: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ սույն գործով 24.06.1991 թվականին կնքված բնակելի տան առուծախի պայմանագիրը վիճարկվում է այն հիմքով, որ չեն պահպանվել տվյալ իրավահարաբերության ծագման պահին գործող պայմանագրի կնքման ձևին ներկայացվող պահանջները, գտնում է, որ 24.06.1991 թվականին կնքված բնակելի տան առուծախի պայմանագրի անվավերության հիմքում ընկած հանգամանքները պարզելու համար կիրառելի է նաև այդ պայմանագրի կնքման պահին գործող 04.06.1964 թվականի ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված` բնակելի տան առուծախի պայմանագրի կնքման ձևի վերաբերյալ համապատասխան իրավանորմը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն` օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքի նոտարական ձևը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության: Նման գործարքն առոչինչ է:
1964 թվականի հունիսի 04-ի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 241-րդ հոդվածի համաձայն` քաղաքում կամ քաղաքատիպ ավանում գտնվող բնակելի տան առուծախի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով, եթե կողմերից թեկուզ մեկը քաղաքացի է, և գրանցվի պատգամավորների շրջանային, քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեում:
Գյուղական բնակավայրում գտնվող բնակելի տան առուծախի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր և գրանցվի պատգամավորների գյուղական խորհրդի գործադիր կոմիտեում:
Բնակելի տան առուծախի պայմանագիրը կնքված է համարվում նրա գրանցման պահից: Գրանցումը պետք է կատարվի նոտարական վավերացման օրվանից ամենաուշը երեք ամսում:
Նշված հոդվածի կանոնների չկատարումը անվավեր է դարձնում տան առուծախի պայմանագիրը:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական նոտարիատի մասին» ՀԽՍՀ
օրենքի (ընդունվել է 26.12.1974 թվականին, ուժը կորցրել է 01.03.2002 թվականին) 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական նոտարական
գրասենյակներում նոտարական գործողությունները կատարում են պետական նոտարները (ավագ պետական նոտարները, ավագ պետական նոտարների տեղակալները, պետական նոտարները):
«Պետական նոտարիատի մասին» ՀԽՍՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներում նոտարական գործողությունները կատարում են` գործադիր կոմիտեի նախագահը, նախագահի տեղակալը կամ քարտուղարը, որոնց վրա պատգամավորների համապատասխան խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ դրված է նոտարական գործողությունների կատարումը:
«Պետական նոտարիատի մասին» ՀԽՍՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` նոտարական բոլոր գործողությունները գրանցվում են նոտարական սեղանամատյանում: Այն համարը, որի տակ գրանցվել է նոտարական գործողությունը սեղանամատյանում, ցույց է տրվում պետական նոտարների կամ պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեների նոտարական գործողություններ կատարող պաշտոնատար անձանց կողմից տրվող փաստաթղթերում և վավերացման մակագրություններում:
Վերը նշված իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող օրենսդրությունը գյուղական բնակավայրում գտնվող բնակելի տան առուծախի պայմանագրի կնքումը հավաստելու և այն վավեր համարելու համար նախատեսում էր հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը`
1. բնակելի տան առուծախի պայմանագիրը պետք է կնքվեր գրավոր,
2. այն պետք է գրանցվեր պատգամավորների գյուղական խորհրդի գործադիր կոմիտեում,
3. այն պետք է ստանար նոտարական վավերացում: Ընդ որում պատգամավորների գյուղական խորհրդի գործադիր կոմիտեներում նոտարական գործողությունները կատարում էին` գործադիր կոմիտեի նախագահը, նախագահի տեղակալը կամ քարտուղարը, որոնց վրա պատգամավորների համապատասխան խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ դրված էր նոտարական գործողությունների կատարումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են` 1. գրավոր և իրեղեն ապացույցներով, 2. փորձագետների եզրակացություններով, 3. վկաների ցուցմունքներով, 4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վերը նշված իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող յուրաքանչյուր փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Ըստ այդմ, դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է անմիջականորեն գնահատել գործում առկա բոլոր ապացույցները, ապա դրանց հետազոտման և գնահատման միջոցով պարզել նաև գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի շրջանակը և այդ պահանջների պահպանման արդյունքում միայն որոշել ներկայացված հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցերը:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի դիրքորոշումը կամ եզրակացությունը պետք է լինի կոնկրետ գործով ձեռք բերված բոլոր թույլատրելի և վերաբերելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման անմիջական և տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը:
Հետևաբար սույն գործի փաստերի առանձնահատկությունների հաշվառմամբ, միաժամանակ նկատի ունենալով, որ վիճելի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի հիմքում դրվել է պայմանագրի կնքման ձևին վերաբերող կանոնները պահպանված չլինելու հանգամանքը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով 24.06.1991 թվականին կնքված բնակելի տան առուծախի պայմանագրի անվավերության հարցը պարզելու համար անհրաժեշտ է պարզել հետևյալ փաստերը`
1. արդյո՞ք կողմերի միջև 24.06.1991 թվականին կնքված վիճելի բնակելի տան առուծախի պայմանագիրը ստացել է նոտարական վավերացում,
2. արդյո՞ք կողմերի միջև 24.06.1991 թվականին կնքված վիճելի բնակելի տան առուծախի պայմանագիրը գրանցվել է պատգամավորների գյուղական խորհրդի գործադիր կոմիտեում:
Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով և հակընդդեմ հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ 24.06.1991 թվականին կնքված պայմանագիրը չի գրանցվել Գառնիի գյուղական խորհրդի գործկոմում, չի գրանցվել նոտարական գործողությունների գրանցման սեղանամատյանում, որպիսի հանգամանքն անվավեր է դարձնում պայմանագիրը:
Վերաքննիչ դատարանը, Լևոն Սուխուդյանի վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, պատճառաբանել է, որ «24.06.1991 թվականին Ռաֆիկ Ներսիսյանի և Լևոն Սուխուդյանի միջև կնքված պայմանագրում` հաստատված գյուղական խորհրդի կողմից, բացակայում է սեղանամատյանի համապատասխան համարը, այն չի ստացել գյուղական խորհրդի` նոտարական գործողությունների կատարման համար սահմանված սեղանամատյանի գրանցման կարգին համապատասխան գրանցում, հետևաբար չի կարող առաջացնել որևէ իրավական հետևանք»: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի գյուղական համայնքի ղեկավարի 09.10.2013 թվականի թիվ 01-194 և Հայաստանի ազգային արխիվի Աբովյանի տարածքային ներկայացուցչության 11.09.2013 թվականի թիվ Գ-851 գրություններին, հանգել է այն հետևության, որ «հայցվորի այն փաստարկը, որ կողմերի միջև իրականում կնքվել է առուվաճառքի պայմանագիր, չի կարող հաստատված համարվել»:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերը նշված իրավական վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ, արձանագրում է, որ թե՛ Դատարանը և թե՛ Վերաքննիչ դատարանը վիճելի պայմանագրի` նոտարական կարգով վավերացված չլինելու հանգամանքը հաստատված համարելիս չեն իրականացրել գործում առկա ապացույցների լրիվ և բազմակողմանի գնահատում: Մասնավորապես` ստորադաս դատարանները պատշաճ չեն գնահատել Ռաֆիկ Ներսիսյանի և Լևոն Սուխուդյանի միջև 24.06.1991 թվականին կնքված և Գառնիի գյուղական խորհրդի գործկոմի նախագահի կողմից հաստատված առուծախի պայմանագիրը, անտեսել և որևէ գնահատական չեն տվել այդ պայմանագրի վրա առկա գրառումներին այն պարագայում, երբ դրանք, վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող օրենսդրությանը համապատասխան, կարող էին վկայել պայմանագրի` նոտարական կարգով վավերացված լինելու փաստի մասին: Բացի այդ, ստորադաս դատարանները Ռաֆիկ Ներսիսյանի և Լևոն Սուխուդյանի միջև 24.06.1991 թվականին կնքված բնակելի տան առուծախի պայմանագիրը չեն գնահատել գործում առկա մյուս ապացույցների հետ համակցության մեջ` անտեսելով 27.06.1991 թվականին Լևոն Ասքանազի Սուխուդյանի անվամբ տրված անհատական բնակարանային ֆոնդի բնակելի տան տեխնիկական անձնագիրը, Գառնիի գյուղխորհրդի նախագահի կողմից Հրազդանի միջշրջանային տեխնիկական գույքագրման բյուրոյին 14.06.1991 թվականին հասցեագրված տեղեկանքը, 02.07.2004 թվականի անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի կրկնօրինակը` միաժամանակ որևէ կերպ չպատճառաբանելով, թե ինչու են նշված ապացույցները մերժվում:
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի գյուղական համայնքի ղեկավարի 09.10.2013 թվականի թիվ 01-194 և Հայաստանի ազգային արխիվի Աբովյանի տարածքային ներկայացուցչության 11.09.2013 թվականի թիվ Գ-851 գրություններին և դրանց գնահատման արդյունքում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ վիճելի պայմանագիրը չի գրանցվել իրավահարաբերության ծագման պահին գործող օրենսդրության պահանջներին համապատասխան, մասնավորապես` չի գրանցվել Գառնի գյուղի գյուղական խորհրդի գործկոմում, չի գրանցվել նոտարական գործողությունների գրանցման սեղանամատյանում, հետևաբար այն չի կարող առաջացնել որևէ իրավական հետևանք` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված ապացույցները բավարար չեն հաստատված համարելու համար վիճելի պայմանագրի` նոտարական վավերացման ենթարկված չլինելու և գյուղական խորհրդի գործկոմում գրանցված չլինելու հանգամանքները և այդ հիմքերով դրա անվավերության փաստը, քանի որ համապատասխանաբար առաջին գրությամբ հայտնվել է, որ նախկին գյուղխորհրդի գործկոմի գրանցամատյանների, այդ թվում նաև` նոտարական գործողությունների գրանցամատյանի (սեղանամատյանի) վերաբերյալ տեղեկատվություն չի կարող տրամադրվել, քանի որ դրանք գյուղապետարանում չեն, հնարավոր է հանձնվել է ազգային արխիվ, իսկ երկրորդ գրությամբ տեղեկացվել է, որ Գառնի գյուղի նոտարական գործողությունների գրանցման 15.01.1983-22.12.1998 թվականների սեղանամատյանում 24.06.1991 թվականի բնակելի տան առուծախի պայմանագիր Ռաֆիկ Ներսիսյանի և Լևոն Սուխուդյանի միջև գրանցված չէ, առուծախի 1991 թվականի պայմանագրերի հիմքերում ևս 24.06.1991 թվականի պայմանագիր չի հայտնաբերվել: Այլ կերպ ասած` համապատասխան տեղեկության պահպանված չլինելը չի կարող միանշանականորեն վկայել այդպիսի տեղեկության` ի սկզբանե գոյություն չունենալու փաստի մասին` հաշվի չառնելով գործում առկա այլ ապացույցները:
Վերը նշված պատճառաբանությամբ հերքվում է վճռաբեկ բողոքի պատասխանում նշված այն փաստարկը, որ Ռաֆիկ Ներսիսյանի և Լևոն Սուխուդյանի միջև կնքված գործարքը չի համապատասխանում օրենքի պահանջներին:
2) վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ դատարանի դատական ակտերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա գործն ըստ էության լուծող դատական ակտերն անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում:
Վերը նշված հոդվածներից հետևում է, որ վճռաբեկության կարգով բողոքարկված վերաքննիչ դատարանի դատական ակտերը Վճռաբեկ դատարանը վերանայում է վճռաբեկ բողոքի սահմաններում: Ընդ որում, անձը չի կարող վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտը բողոքարկել Վճռաբեկ դատարան այն հիմքերով, որոնցով նա չի բողոքարկել Վերաքննիչ դատարան (տե՛ս, «Գլուր» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպության, ՀՀ արդարադատության նախարարության Գեղարքունիքի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Մարտունի-Վարդենիս տարածաշրջանի բաժանմունքի, երրորդ անձինք Գուրգեն Դարբինյանի, Տիգրան Դարբինյանի, Ֆիրդուս Զաքարյանի և Ժիրայր Գալստյանի թիվ ԳԴ/0171/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Սույն գործում առկա` Լևոն Սուխուդյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքում վերաքննիչ բողոք բերած անձը որպես վերաքննիչ բողոքի իրավական հիմք` չի վկայակոչվել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 20-րդ հոդվածը, որևէ փաստական հիմնավորում չի ներկայացվել վիճելի գույքի` համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված լինելու և դրա տնօրինման իրավազորության հանգամանքների վերաբերյալ:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքում ընկած փաստարկը չի ներկայացրել Վերաքննիչ դատարան, որպիսի պայմաններում այն չի կարող քննության առնվել Վճռաբեկ դատարանի կողմից:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է վճռաբեկ բողոքի պատասխանում նշված այն փաստարկը, որ վճռաբեկության կարգով դատական ակտը բողոքարկելիս ներկայացված վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքն ու դրա վերաբերյալ պատճառաբանությունները տարբերվում են վերաքննության կարգով դատական ակտը բողոքարկելու վերաքննիչ բողոքում ներկայացված հիմքերից ու պատճառաբանություններից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար` գործում առկա ապացույցները սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում հետազոտելու և գնահատելու և ըստ այդմ` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ ստորադաս դատարանների կողմից հակընդդեմ հայցի բավարարման հիմքում դրվել է վիճելի պայմանագրի կնքման ձևին ներկայացված պահանջները պահպանված չլինելու հանգամանքը, որպիսի պայմաններում էլ վճռաբեկ բողոքի առաջին հիմքի հիմնավոր լինելը բավարար է` Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.10.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Վ. Ավանեսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Ե. Սողոմոնյան