ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԱԴԴ/0529/02/13
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0529/02/13 2015 թ.
Նախագահող դատավոր` Հ. Ենոքյան
Դատավորներ` Ս. Միքայելյան
Ն. Բարսեղյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2015 թվականի նոյեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Յունիբանկ» ՓԲԸ-ի (ներկայումս` «Յունիբանկ» ԲԲԸ) (այսուհետ` Բանկ) և Օվսաննա Առաքելյանի ներկայացուցիչ Նուրիջան Կիրակոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2015 թվականի որոշման դեմ` ըստ Գեղամ և Մարետա Առաքելյանների հայցի ընդդեմ Բանկի, Օվսաննա Առաքելյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), երրորդ անձ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի` սեփականության իրավունքը վերականգնելու, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Գեղամ և Մարետա Առաքելյանները պահանջել են վերականգնել իրենց սեփականության իրավունքը Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի տան նկատմամբ, անվավեր ճանաչել նշված հասցեի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքներ:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մխիթարյան) (այսուհետ` Դատարան) 21.10.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.01.2015 թվականի որոշմամբ Գեղամ և Մարետա Առաքելյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 21.10.2014 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի և Օվսաննա Առաքելյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի կատարել ապացույցների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտում` հաշվի չառնելով այն հանգամանքը, որ Գեղամ և Մարետա Առաքելյանների ամուսնության ընթացքում ձեռք բերված անշարժ գույքի գրավի պայմանագրերը թեև կնքվել են ամուսիններից մեկի` Գեղամ Առաքելյանի կողմից, այնուամենայնիվ վերջինիս կինը` Մարետա Առաքելյանը` որպես համատեղ սեփականության մասնակից, տվել է իր համաձայնությունը գույքը գրավադրելու վերաբերյալ: Մասնավորապես` Մարետա Առաքելյանն իր համաձայնությամբ հայտնել է, որ վարկային պարտավորությունները չկատարվելու դեպքում կհրաժարվի գրավադրված անշարժ գույքի նկատմամբ իր համասեփականության իրավունքից և համաձայն է գույքի արտադատական իրացմանը: Ավելին, 05.09.2012 թվականին Գեղամ Առաքելյանն իր իսկ կամքով դիմել է Բանկին` հայտնելով իր համաձայնությունը գրավի առարկայի արտադատական իրացման վերաբերյալ, որպիսի դիմումի բոլոր էջերը ստորագրվել են նաև Մարետա Առաքելյանի կողմից, ինչը ևս մեկ անգամ հավաստում է համատեղ սեփականության գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների առկայությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.01.2015 թվականի որոշումը` օրինական ուժ տալով Դատարանի 21.10.2014 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Երևանի ամուսնության ակտերի գրանցման գրքում առկա 16.04.1983 թվականի գրանցման և Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի կողմից տրված թիվ II ՍԼ 353085 ամուսնության վկայականի ռուսերենից թարգմանության համաձայն` Գեղամ և Մարետա Առաքելյաններն ամուսիններ են (հատոր 1-ին, գ.թ. 9):
2) 20.07.2007 թվականի թիվ 068-23/ԱՀ պայմանագրի համաձայն` Բանկի, Գոհար Կուջոյանի և Գեղամ Առաքելյանի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիր, որով Բանկը Գեղամ Առաքելյանին տրամադրել է վարկ` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի տունը գնելու համար (հատոր 1-ին, գ.թ. 14-20):
3) «Կենտրոն» նոտարական գրասենյակի նոտար Նունե Սարգսյանի կողմից 20.07.2007 թվականին վավերացված համաձայնության համաձայն` Մարետա Առաքելյանը համաձայնվել է, որ Գեղամ Առաքելյանը գրավադնի իրենց ամուսնության ընթացքում ձեռք բերած Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի տունը, վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում կհրաժարվի սեփականության և բնակտարածության օգտագործման իրավունքից, ինչպես նաև համաձայն է, որ գրավառուի պահանջները բավարարվեն գրավ դրված գույքի հաշվին` առանց դատարան դիմելու (հատոր 1-ին, գ.թ. 176)
4) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 24.07.2007 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման թիվ 2356476 վկայականի համաձայն` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի տան նկատմամբ գրանցված է Գեղամ Առաքելյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 22)
5) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 24.07.2007 թվականին տրված գրավի, հիփոթեքի վկայականի համաձայն` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի տան նկատմամբ գրանցված է Բանկի գրավի իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 23):
6) Բանկի և Գեղամ Առաքելյանի միջև 12.10.2009 թվականին կնքված անշարժ գույքի հաջորդող հիփոթեքի թիվ 270-23/ԱՀ պայմանագրի համաձայն` Բանկը Գեղամ Առաքելյանին տարեկան 24 տոկոս տոկոսադրույքով տրամադրել է 50.000 ԱՄՆ դոլար վարկ` մինչև 12.10.2011 թվականը մարելու պայմանով (հատոր 1-ին, գ.թ. 24-26):
7) «Կենտրոն» նոտարական գրասենյակի նոտար Նունե Սարգսյանի կողմից 12.10.2009 թվականին վավերացված համաձայնության համաձայն` Մարետա Առաքելյանը համաձայնվել է, որ Գեղամ Առաքելյանը գրավադնի իրենց ամուսնության ընթացքում ձեռք բերած` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի տունը, վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում կհրաժարվի սեփականության և բնակտարածության օգտագործման իրավունքից, ինչպես նաև համաձայն է, որ գրավառուի պահանջները բավարարվեն գրավ դրված գույքի հաշվին` առանց դատարան դիմելու (հատոր 1-ին, գ.թ. 175):
8) Բանկի կողմից 15.03.2011 թվականին Գեղամ Առաքելյանին ուղարկված և վերջինիս կողմից ստացված թիվ 269 բռնագանձման ծանուցման համաձայն` Գեղամ Առաքելյանի կողմից 10-օրյա ժամկետում պարտավորությունները պատշաճ չկատարելու դեպքում Բանկը ծանուցումը հանձնելուց 2 ամիս հետո իրավունք ունի ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով իրացնելու իր օգտին գրավադրված Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի բնակելի տունը (հատոր 1-ին, գ.թ. 173):
9) Գեղամ Առաքելյանի կողմից 05.09.2012 թվականին Բանկին հասցեագրված դիմումի համաձայն` վերջինս համաձայն է, որ Բանկում գրավադրված Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի բնակելի տան բռնագանձումը տարածվի առանց դատարան դիմելու, և Բանկի նկատմամբ առկա չէ որևէ գույքային կամ դրամական պահանջ արտադատական բռնագանձման և իրացման հետ կապված: Դիմումի բոլոր էջերը ստորագրված են նաև Մարետա Առաքելյանի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 180-182):
10) 17.10.2012 թվականի թիվ 858/ԱՀ պայմանագրի համաձայն` Բանկի, Գեղամ Առաքելյանի և Օվսաննա Առաքելյանի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի և հաջորդող հիփոթեքի պայմանագիր, Բանկն Օվսաննա Առաքելյանին տրամադրել է վարկ` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի տունը գնելու համար (հատոր 1-ին, գ.թ. 27-34):
11) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 20.09.2013 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի տան նկատմամբ գրանցված է Օվսաննա Վոլոդյայի Առաքելյանի սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 35):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին նախադասության համաձայն` համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Նույն կետի երկրորդ նախադասության համաձայն` համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով` գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, հաշվի առնելով ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի ծագման հիմքը` ամուսնական հարաբերությունները և օրենքով նախատեսված այլ դեպքերը, ըստ էության ամրագրել է ընդհանուր գույքը տնօրինելու ժամանակ մյուս համասեփականատերերի` գույքի տնօրինման գործարք կնքելու իրավունքի առկայության կանխավարկածը (տե՛ս, Անուշ Արտաշեսյանի հայցն ընդդեմ Արմենուհի Ստեփանյանի, ՀՀ Երևանի «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի, Լյուդվիկ Հովհաննիսյանի` բնակարանի առուվաճառքի պայմանագիրը և սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի թիվ ԵԱՔԴ/0275/02/08 որոշումը, ինչպես նաև Հասմիկ Ղազարյանի ընդդեմ «Արցախբանկ» ՓԲԸ-ի, Սարգիս Թերզյանի, երրորդ անձ Խորեն Սարգսյանի` հիփոթեքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2011 թվականի թիվ ԵԱՔԴ/1023/02/10 որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներով արձանագրվել է, որ համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքն անվավեր ճանաչելու համար բավարար չէ համատեղ սեփականության մասնակիցների` ամուսիններ հանդիսանալու մասին գործարքի մյուս կողմի տեղեկացված լինելու փաստը: Նման պահանջը դատարանի կողմից կարող է բավարարվել միայն, եթե միաժամանակ առկա են երկու պայմաններ`
1) համատեղ սեփականության մասնակցի մոտ վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայություն.
2) գործարքի մյուս կողմի` այդ մասին իմանալը կամ դրա մասին ողջամտորեն ենթադրելու ակնհայտ հնարավորության առկայությունը (տե՛ս, ըստ Թագուշ Պետրոսյանի հայցի ընդդեմ Ժաննա Ղազարյանի` «Բիզնես կենտրոն» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 16.08.2004 թվականի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին և ըստ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ Ցոլակ Միլիտոսյանի հայցի ընդդեմ Թագուշ Պետրոսյանի և Ժաննա Ղազարյանի` «Բիզնես կենտրոն» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 16.08.2004 թվականի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-459(ՏԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը, ինչպես նաև Հասմիկ Ղազարյանի ընդդեմ «Արցախբանկ» ՓԲԸ-ի, Սարգիս Թերզյանի, երրորդ անձ Խորեն Սարգսյանի` հիփոթեքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2011 թվականի թիվ ԵԱՔԴ/1023/02/10 որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերության համաձայն` գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր` պատշաճ ձևով ծանուցում է գրավատուին` առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերոգրյալ նորմի վերլուծությանը և արձանագրել, որ գրավառուի կողմից գրավատուին պատշաճ ձևով ծանուցելու (բռնագանձման ծանուցում) օրենսդրական պահանջն ինքնանպատակ չէ և հետապնդում է գրավատուի այլ իրավունքների իրականացման ապահովման նպատակ:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերությամբ նախատեսված` առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին գրավատուի տեղեկանալու իրավունքը և գրավառուի տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված գրավառուի իրավունքների ապահովման հետ (տե՛ս, Վարդան Պետրոսյանն ընդդեմ «Արարատ» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Հովհաննիսյանի թիվ ՎԴ3/0092/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2010 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն Խաչատրյանի և այլոց թիվ ԿԴ3/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Գեղամ և Մարետա Առաքելյաններն ամուսիններ են: 20.07.2007 թվականի թիվ 068-23/ԱՀ պայմանագրի համաձայն` Բանկի, Գոհար Կուջոյանի և Գեղամ Առաքելյանի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիր, որով Բանկը Գեղամ Առաքելյանին տրամադրել է վարկ` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի տունը գնելու համար: «Կենտրոն» նոտարական գրասենյակի նոտար Նունե Սարգսյանի կողմից 20.07.2007 թվականին վավերացված համաձայնության համաձայն` Մարետա Առաքելյանը համաձայնվել է, որ Գեղամ Առաքելյանը գրավադնի իրենց ամուսնության ընթացքում ձեռք բերած Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի տունը, վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում կհրաժարվի սեփականության և բնակտարածության օգտագործման իրավունքից, ինչպես նաև համաձայն է, որ գրավառուի պահանջները բավարարվեն գրավ դրված գույքի հաշվին` առանց դատարան դիմելու: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 24.07.2007 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման թիվ 2356476 վկայականի համաձայն` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի տան նկատմամբ գրանցվել է Գեղամ Առաքելյանի սեփականության իրավունքը: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 24.07.2007 թվականին տրված գրավի, հիփոթեքի վկայականի համաձայն` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի տան նկատմամբ գրանցվել է Բանկի գրավի իրավունքը: Բանկի և Գեղամ Առաքելյանի միջև 12.10.2009 թվականին կնքված անշարժ գույքի հաջորդող հիփոթեքի թիվ 270-23/ԱՀ պայմանագրի համաձայն` Բանկը Գեղամ Առաքելյանին տարեկան 24 տոկոս տոկոսադրույքով տրամադրել է 50.000 ԱՄՆ դոլար վարկ` մինչև 12.10.2011 թվականը մարելու պայմանով: «Կենտրոն» նոտարական գրասենյակի նոտար Նունե Սարգսյանի կողմից 12.10.2009 թվականին վավերացված համաձայնության համաձայն` Մարետա Առաքելյանը համաձայնվել է, որ Գեղամ Առաքելյանը գրավադնի իրենց ամուսնության ընթացքում ձեռք բերած Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի տունը, վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում կհրաժարվի սեփականության և բնակտարածության օգտագործման իրավունքից, ինչպես նաև համաձայն է, որ գրավառուի պահանջները բավարարվեն գրավ դրված գույքի հաշվին` առանց դատարան դիմելու: Բանկի կողմից 15.03.2011 թվականին Գեղամ Առաքելյանին ուղարկված և վերջինիս կողմից ստացված թիվ 269 բռնագանձման ծանուցման համաձայն` Գեղամ Առաքելյանի կողմից 10-օրյա ժամկետում պարտավորությունները պատշաճ չկատարելու դեպքում Բանկը ծանուցումը հանձնելուց 2 ամիս հետո իրավունք ունի ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով իրացնելու իր օգտին գրավադրված Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի բնակելի տունը: Գեղամ Առաքելյանի կողմից 05.09.2012 թվականին Բանկին հասցեագրված դիմումի համաձայն` վերջինս համաձայնել է, որ Բանկում գրավադրված Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի բնակելի տան բռնագանձումը տարածվի առանց դատարան դիմելու, և Բանկի նկատմամբ առկա չէ որևէ գույքային կամ դրամական պահանջ արտադատական բռնագանձման և իրացման հետ կապված: Դիմումի բոլոր էջերը ստորագրվել են նաև Մարետա Առաքելյանի կողմից: 17.10.2012 թվականի թիվ 858/ԱՀ պայմանագրի համաձայն` Բանկի, Գեղամ Առաքելյանի և Օվսաննա Առաքելյանի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի և հաջորդող հիփոթեքի պայմանագիր, որով Բանկն Օվսաննա Առաքելյանին տրամադրել է վարկ` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի տունը գնելու համար: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 20.09.2013 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի տան նկատմամբ գրանցվել է Օվսաննա Վոլոդյայի Առաքելյանի սեփականության իրավունքը:
Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը և գործը նոր քննության ուղարկելով, պատճառաբանել է, որ «գրավառուն Մարետա Առաքելյանին չի հասցեագրել բռնագանձման ծանուցում` քաջատեղյակ լինելով «որ վերջինս օրենքի ուժով հանդիսանում է գրավի առարկա հանդիսացող գույքի համասեփականատեր: Մասնավորապես` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 բնակելի տունը ձեռք է բերվել Գեղամ Առաքելյանի և Մարետա Մարգարյանի (ամուսնությունից հետո` Առաքելյան) համատեղ ամուսնության ընթացքում: Այսինքն` անկախ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականում սեփականատեր գրանցված լինելու հանգամանքից` վերոնշյալ գույքի սեփականատեր, հետևաբար նաև գրավատու է հանդիսացել Մարետա Առաքելյանը, ինչի մասին ակնհայտորեն տեղեկացված է եղել նաև բանկը, քանի որ պահաջել է, որպեսզի վերջինիս ստորագրի նոտարական կարգով համաձայնություն»:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը սույն գործի փաստերի հաշվառմամբ արձանագրում է, որ Գեղամ Առաքելյանը` որպես համատեղ սեփականության մասնակից, ունենալով վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորություններ, տնօրինել է ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը, հետևաբար Բանկը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ և 249-րդ հոդվածի իրավակարգավորումները հաշվի առնելով, ինչպես նաև առաջնորդվելով Մարետա Առաքելյանի կողմից 20.07.2007 և 12.10.2009 թվականներին նոտարական վավերացմամբ տրված համաձայնություններով, 15.03.2011 թվականին Գեղամ Առաքելյանին ուղարկել է թիվ 269 բռնագանձման ծանուցումը` պատշաճ կատարելով իր` որպես գրավառուի պարտականությունը, այն է` գրավի առարկայի բռնագանձման մասին գրավատուի իրազեկումը: Ավելին, Գեղամ Առաքելյանը 05.09.2012 թվականին Բանկին հասցեագրված դիմումով հայտնել է իր համաձայնությունը` Բանկում գրավադրված` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի բնակելի տան նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձումը տարածելու կապակցությամբ, միաժամանակ նշելով, որ Բանկի նկատմամբ առկա չէ որևէ գույքային կամ դրամական պահանջ արտադատական բռնագանձման և իրացման հետ կապված, որպիսի դիմումի բոլոր էջերը ստորագրվել են նաև Մարետա Առաքելյանի կողմից: Այսինքն` նման պայմաններում, երբ որպես ընդհանուր համատեղ սեփականության մասնակից` Մարետա Առաքելյանը, գրավի պայմանագրով նախատեսված արտադատական կարգով գրավի առարկայի բռնագանձման առնչությամբ Գեղամ Առաքելյանի կողմից Բանկին ուղղված դիմումը ստորագրել է և գրավով ծանրաբեռնված գույքի նկատմամբ իրավունքներից հրաժարվել է, գրավատուի իրավունքների խախտման մասին պնդումները չեն կարող հիմնավոր դիտվել և հիմք հանդիսանալ գրավի առարկայի համասեփականատիրոջ` որպես գրավատուի իրավունքի խախտման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը, համաձայն որի` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Այս դեպքում վճռաբեկ դատարանը լրացուցիչ պատճառաբանում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, եթե այն թերի կամ սխալ է պատճառաբանված:
Միաժամանակ վերոհիշյալ դիրքորոշման համար Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
Սույն գործով դատական ծախսերը կազմված են միայն պետական տուրքից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը բեկանվում և օրինական ուժ է տրվում Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.10.2014 թվականի վճռին, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետը, գտնում է, որ Գեղամ և Մարետա Առաքելյաններից համապարտության կարգով հօգուտ «Յունիբանկ» ԲԲԸ-ի և Օվսաննա Առաքելյանի պետք է բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.10.2014 թվականի վճռին:
2. Գեղամ և Մարետա Առաքելյաններից համապարտության կարգով հօգուտ «Յունիբանկ» ԲԲԸ-ի և Օվսաննա Առաքելյանի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան