ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԷԴ/1284/02/12
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1284/02/12 2015 թ.
Նախագահող դատավոր` Ն. Տավարացյան
Դատավորներ` Տ. Նազարյան
Կ. Հակոբյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
Ե. Սողոմոնյանի
2015 թվականի հուլիսի 17-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Կարեն Ախիկյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանի (այսուհետ` Կառավարիչ) ընդդեմ Կարեն Ախիկյանի, Արշակ Միլիտոնյանի, Գարուշ և Արայիկ Հակոբյանների` ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող անշարժ գույքից բաժինն առանձնացնելու, և ըստ Կարեն Ախիկյանի, Արշակ Միլիտոնյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Կառավարչի, Գարուշ և Արայիկ Հակոբյանների` ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող անշարժ գույքից բաժինն առանձնացնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է առանձնացնել Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 86/9 և թիվ 86/8 հասցեներում բաժնային սեփականության ներքո գտնվող 0,162708 հա մակերեսով հողամասից Ընկերության հասանելիք բաժինը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Կարեն Ախիկյանը և Արշակ Միլիտոնյանը պահանջել են առանձնացնել Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 86/5 և թիվ 86/6 հասցեներում բաժնային սեփականության ներքո գտնվող 0,162708 հա մակերեսով հողամասից Կարեն Ախիկյանի և Արշակ Միլիտոնյանի 1/5-ական բաժինները:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 01.04.2014 թվականի վճռով Ընկերության հայցը և Արշակ Միլիտոնյանի հակընդդեմ հայցը մերժվել են, իսկ Կարեն Ախիկյանի հակընդդեմ հայցը` բավարարվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.09.2014 թվականի որոշմամբ Գարուշ և Արայիկ Հակոբյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` որոշվել է մասնակիորեն` Կարեն Ախիկյանի հակընդդեմ հայցը բավարարելու մասով բեկանել Դատարանի 01.04.2014 թվականի վճիռը, և գործն այդ մասով ուղարկել նոր քննության: Վճիռը` մնացած մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարեն Ախիկյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գարուշ և Արայիկ Հակոբյանների ներկայացուցիչը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ, 6-րդ, 47-րդ, 48-րդ, 49-րդ, 51-րդ հոդվածները, 53-րդ հոդվածի 1-ին կետը, 60-րդ հոդվածի 1-ին կետը, 62-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ կետերը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի կողմից չի իրականացվել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրություն, որի արդյունքում սխալ են գնահատվել գործի համար էական նշանակություն ունեցող փորձագիտական եզրակացությունները և կայացվել է ոչ ճիշտ դատական ակտ:
Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով երկու փորձագիտական եզրակացությունները, հիմք ընդունելով, որ ՀՀ «Փորձաքննությունների Ազգային Բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի կողմից 1.627,08 քմ մակերեսով հողամասից Կարեն Ախիկյանի կողմից փաստացի օգտագործվող հատվածի առանձնացման որևէ տարբերակ չի առաջարկվել, գտել է, որ, ըստ էության, նշված եզրակացությամբ արձանագրվել է բաժնեմասի առանձնացման անհնարինությունը: Մինչդեռ «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի փորձագետն արձանագրել է, որ Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 86/5 հասցեում բաժնային սեփականության ներքո գտնվող հողատարածքից Կարեն Ախիկյանի 1/5 փաստացի օգտագործվող բաժնեմասի առանձնացում կատարելը փորձագիտական և տեխնիկական տեսանկյունից դիտվել է հնարավոր (կից ներկայացված գծագրին համապատասխան) և հայտնել է, որ այդ տարբերակով բաժնային սեփականության առանձնացումը չի ոտնահարում մյուս սեփականատերերի իրավունքները:
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտել է, որ նշված երկու եզրակացությունները հակասում են իրար:
Փաստորեն, Վերաքննիչ դատարանը, փորձագետի կողմից առանձնացման որևէ տարբերակ չառաջարկելը նույնացնելով բաժնեմասի առանձնացման անհնարինության հետ, հաշվի չի առել, որ տարբերակ չառաջարկելը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, այդ թվում` ոլորտի անտեղյակությամբ կամ ուղղակի անգործությամբ, իսկ անհնարինությունը` առաջադրվածը կատարելու հնարավորության բացակայությունն է:
Տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանը կատարել է խնդրահարույց եզրակացությունների պարզ համադրում` ըստ էության ամբողջությամբ և խորությամբ չուսումնասիրելով գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը և հանգամանքները, այսինքն` Վերաքննիչ դատարանը ներկայացված ապացույցների գնահատումը չի իրականացրել դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիմքով:
Վերաքննիչ դատարանն էական նշանակություն չի տվել նաև այն հանգամանքին, որ հողամասն արդեն իսկ փաստացի բնեղենով առանձնացված է, ինչն արձանագրվել է երկու եզրակացություններով և չի առաջացնում սահմանափակ օգտագործման անհրաժեշտություն, դրա մասով սահմանակից հարևանները չեն առարկում, այսինքն` իրական վեճը պարզապես բացակայում է:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ առաջին եզրակացության պարագայում փորձագետին առաջադրված հարցադրումները տարբերվում են երկրորդ եզրակացության դեպքում փորձագետին առաջադրված հարցադրումներից: Մասնավորապես, եթե առաջինի դեպքում փորձագետին առաջադրված է եղել ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը բնեղենով առանձնացնելու հնարավորության հարցը, երկրորդի պարագայում` հարցադրումն արվել է միայն մեկ սեփականատիրոջ` Կարեն Ախիկյանի մասով:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ կրկնակի փորձաքննություն կարող է նշանակվել դատարանի հայեցողական լիազորությամբ այն պարագայում, երբ դատարանի կամ դատավարության մասնակիցների մեջ կասկածներ են առաջանում փորձագիտական եզրակացության արժանահավատության վերաբերյալ կամ հակասություններ են առաջանում մի քանի փորձագետների եզրակացություններում: Մինչդեռ սույն գործով կրկնակի փորձաքննության անհրաժեշտություն չէր կարող առաջանալ, քանի որ նախ` «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացության հիմնավորվածության և արժանահավատության վերաբերյալ առկա չեն հիմնավոր կասկածներ այն պատճառաբանությամբ, որ փորձաքննությունն իրականացվել է փաստացի չափագրման հիմքով` ի տարբերություն ՀՀ «Փորձաքննությունների Ազգային Բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված եզրակացության, որը տրվել է ակնադիտական տեղազննության հիման վրա, բացի այդ, մյուս կողմը որևէ առարկայական և վերաբերելի միջնորդություններ կամ առարկություններ չի ներկայացրել կրկնակի փորձաքննության անհրաժեշտության վերաբերյալ, ինչպես նաև չի հիմնավորել լրացուցիչ փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունը:
Ավելին, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Գարուշ Հակոբյանը, առարկելով «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացության դեմ, միջնորդել է նշանակել լրացուցիչ փորձաքննություն, և ոչ թե կրկնակի փորձաքննություն, իսկ լրացուցիչ փորձաքննություն նշանակելու հիմքերի բացակայության դեպքում նման միջնորդությունը ենթակա էր մերժման, հետևաբար Դատարանի կողմից Գարուշ Հակոբյանի միջնորդության մերժումն իրավաչափ է:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակի, այն է` Կարեն Ախիկյանի հակընդդեմ հայցը բավարարելու մասով Դատարանի վճիռը բեկանելու մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 25.09.2014 թվականի որոշումը և այդ մասով օրինական ուժ տալ Դատարանի 01.04.2014 թվականին վճռին:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի հիմքով բազմակողմանի և օբյեկտիվ գնահատել է սույն գործով ձեռք բերված բոլոր ապացույցները և արդյունքում եկել է ճիշտ եզրահանգման: Մինչդեռ Դատարանը հաշվի չի առել և պատշաճ գնահատականի չի արժանացրել այն փաստը, որ ներկայացված հակընդդեմ հայցով պահանջվել է միայն «1627,08 քմ մակերեսով հողամասից 1/5-րդ բաժինն առանձնացնել» և դուրս գալով ներկայացված հայցի սահմաններից եկել է այն եզրահանգման, որ Կարեն Ախիկյանի հակընդդեմ հայցը ենթակա է բավարարման, և հողամասն առանձնացրել է «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից տրված թիվ 297-01/Վ-013 եզրակացության համաձայն:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 02.11.2011 թվականի թիվ 2840905 վկայականի համաձայն` Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանում է Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 86/8 հասցեում գտնվող 0,03018 հա մակերեսով հողամասը: Նույն հասցեի` 0,162708 հա մակերեսով հողամասի 1/5 մասն Ընկերությանը պատկանում է ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (հատոր 1-ին, գ.թ. 10-12).
2) Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 02.11.2011 թվականի թիվ 2840906 վկայականի համաձայն` Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանում է Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 86/9 հասցեում գտնվող 0,090592 հա մակերեսով հողամասը: Նույն հասցեի` 0,162708 հա մակերեսով հողամասի 1/5 մասն Ընկերությանը պատկանում է ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (հատոր 1-ին, գ.թ. 14-16).
3) Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 02.11.2011 թվականի թիվ 2840904 վկայականի համաձայն` Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանում է Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 86/7 հասցեում գտնվող 0,198768 հա մակերեսով հողամասը: Նույն հասցեի` 0,162708 հա մակերեսով հողամասի 1/5 մասն Ընկերությանը պատկանում է ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (հատոր 1-ին, գ.թ. 57-59).
4) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 19.03.2012 թվականի թիվ 19032012-01-0353 վկայականի համաձայն` Կարեն Ախիկյանին սեփականության իրավունքով պատկանում է Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 86/5 հասցեում գտնվող 0,02719 հա մակերեսով հողամասը: Նույն հասցեի` 0,162708 հա մակերեսով հողամասի 1/5 մասը Կարեն Ախիկյանին պատկանում է ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (հատոր 1-ին, գ.թ. 35).
5) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 09.07.2012 թվականի թիվ 09072012-01-0479 վկայականի համաձայն` Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 86/6 հասցեում գտնվող 0,032921 հա մակերեսով հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Արշակ Միլիտոնյանին: Նույն հասցեի` 0,162708 հա մակերեսով հողամասի 1/5 մասն Արշակ Միլիտոնյանին պատկանում է ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (հատոր 1-ին, գ.թ. 37).
6) Դատարանի 07.12.2012 թվականի որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին, իսկ փորձագետին առաջադրվել են հետևյալ հարցերը.
- հնարավո՞ր է արդյոք Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 86/5 և թիվ 86/6 հասցեներում բաժնային սեփականության ներքո գտնվող 0,162708 հա մակերեսով հողամասից առանձնացնել Կարեն Ալֆրեդի Ախիկյանի և Արշակ Գագիկի Միլիտոնյանի 1/5 բաժինը, եթե այո, ապա ի՞նչ տարբերակներով,
- հնարավո՞ր է արդյոք ք. Երևան, Էրեբունի, Սասունցի Դավթի փողոցի թիվ 86/5 և թիվ 86/6 հասցեներում բաժնային սեփականության ներքո գտնվող 0,162708 հա մակերեսով հողամասից առանձնացնել Կարեն Ալֆրեդի Ախիկյանի կողմից փաստացի օգտագործվող բաժինը,
- հնարավո՞ր է արդյոք ք. Երևան, Էրեբունի, Սասունցի Դավթի փողոցի թիվ 86/8 և թիվ 86/9 հասցեներում բաժնային սեփականության ներքո գտնվող 0,162708 հա մակերեսով հողամասից առանձնացնել Ընկերության բաժինը, եթե այո, ապա ի՞նչ տարբերակներով (հատոր 1-ին, գ.թ. 76-77).
7) ՀՀ «Փորձաքննությունների Ազգային Բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից տրված թիվ 13-0011Դ եզրակացության «Հետևություններ» բաժնի համաձայն` «... Սասունցի Դավթի փողոցի թիվ 86/5, 86/6, 86/7, 86/8 և 86/9 հասցեների անշարժ գույքերի սեփականատերերի ընդհանուր սեփականություն հանդիսացող 1627,08 քմ մակերեսով հողամասից, համասեփականատերերից յուրաքանչյուրին պատկանող 1/5-րդ բաժնեմասին համապատասխան հատվածի, ինչպես նաև 1627,08 քմ մակերեսով հողամասից Կարեն Ախիկյանի կողմից փաստացի օգտագործվող հատվածի առանձնացման որևէ տարբերակ փորձաքննության կողմից չի առաջարկվում...»: Նույն եզրակացության «Հետազոտություն» բաժնում փորձագետները բաժինները բնեղենով առանձնացնելու անհնարինությունը հիմնավորել են սահմանափակ օգտագործման (սերվիտուտի) կիրառման անհրաժեշտությամբ (հատոր 2-րդ, գ.թ. 15-27).
8) Դատարանի 10.10.2013 թվականի որոշմամբ նշանակվել է կրկնակի դատաշինարարատեխնիկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ին, իսկ փորձագետին առաջադրվել են հետևյալ հարցերը.
- հնարավո՞ր է արդյոք Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 86/5 հասցեներում բաժնային սեփականության ներքո գտնվող 0,162708 հա մակերեսով հողամասից առանձնացնել Կարեն Ալֆրեդի Ախիկյանի 1/5 բաժինը, եթե այո, ապա ի՞նչ տարբերակներով,
- հնարավոր է արդյոք ք. Երևան, Էրեբունի, Սասունցի Դավթի փողոցի թիվ 86/5 հասցեում բաժնային սեփականության ներքո գտնվող 0,162708 հա մակերեսով հողամասից առանձնացնել Կարեն Ալֆրեդի Ախիկյանի փաստացի օգտագործված բաժինը,
- հողամասն առանձնացնելու դեպքում ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս կպատճառվի՞, թե` ոչ (հատոր 2-րդ, գ.թ. 71-73).
9) 31.01.2014 թվականին «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից տրված թիվ 297-01/Վ-013 եզրակացության համաձայն` փորձաքննության ենթակա` Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 86/5 հասցեում բաժնային սեփականության ներքո գտնվող հողատարածքից Կարեն Ախիկյանի 1/5 փաստացի օգտագործվող բաժնեմասի առանձնացում կատարելը փորձագիտական և տեխնիկական տեսանկյունից դիտվել է հնարավոր, որի առանձնացման առաջարկվող նպատակահարմար տարբերակի ուրվագծային պատկերը տրամադրվել է եզրակացությանը կից հավելվածում` գծանշմամբ (հատոր 2-րդ, գ.թ. 95-109).
10) 17.03.2014 թվականի դատական նիստի ընթացքում պատասխանող Գարուշ Հակոբյանի միջնորդությամբ «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի փորձագետ Մհեր Գևորգյանը բացատրություն է տվել 31.01.2014 թվականի թիվ 297-01/Վ-013 եզրակացության վերաբերյալ: Նույն դատական նիստի ընթացքում Գարուշ Հակոբյանը միջնորդել է նշանակել լրացուցիչ փորձաքննություն: Դատարանի կողմից Գարուշ Հակոբյանի միջնորդությունը մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 123-124):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` փորձագետի եզրակացության գնահատման առանձնահատկությունների, լրացուցիչ և կրկնակի փորձաքննություն նշանակելու նպատակի և հիմքերի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը միաժամանակ պայմանավորված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 62-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ է այն իրավական խնդրին, թե արդյոք գործում առկա երկու փորձագիտական եզրակացությունները կարող են գնահատվել որպես իրար հակասող, եթե փորձաքննությունները նշանակվել են ըստ էության տարբեր հարցադրումների պարզաբանման նպատակով:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:
Այդ տեղեկությունները հաստատվում են`
1) գրավոր և իրեղեն ապացույցներով.
2) փորձագետների եզրակացություններով.
3) վկաների ցուցմունքներով.
4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել: Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` փորձագետ նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում նշում է դատարանի անվանումը, փորձաքննություն նշանակելու ամսաթիվը, գործի անվանումը, փորձաքննության անվանումը, փորձագետին առաջադրվող հարցերը, փորձագետի անունը, ազգանունը կամ մասնագիտացված փորձագիտական հաստատության անվանումը, որոնց հանձնարարվում է փորձաքննության կատարումը, փորձագետին տրամադրված նյութերը (փաստաթղթերը), անհրաժեշտության դեպքում` դրանց հետ վարվելու պայմանները:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փորձագետի եզրակացությունը պետք է պարունակի`
1. նշում` կիրառված մեթոդների մասին,
2. կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը,
3. հետազոտությունների արդյունքում արված հետևությունները,
4. առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում է մյուս ապացույցների հետ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ապացույցների զանգվածում ներառված փորձագիտական եզրակացությունների գնահատման խնդրին, նշել է, որ փորձագիտական եզրակացությունների գնահատումը պետք է կատարել այնպես, որ ամբողջ եզրակացությունը, այլ ոչ թե այդ եզրակացության որոշակի բաժնում արտացոլված տվյալները գնահատվեն որպես մեկ ապացույց (տե'ս, Ռաֆայել Ավետիսյանն ընդդեմ Սեյրան Վարդանյանի իրավահաջորդներ Արթուր և Անժելա Վարդանյանների թիվ ԿԴ3/0133/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Վերահաստատելով նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն`դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Վկայակոչված իրավադրույթից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածում սահմանված ապացույցներից որևէ մեկը, այդ թվում նաև` փորձագետի եզրակացությունը որևէ առավելություն չունի գործում առկա մյուս ապացույցների նկատմամբ և ենթակա է գնահատման ընդհանուր կարգով` վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության տեսանկյունից:
Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ապացույցի յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունները, ինչը կարող է պայմանավորված լինել ապացույցի կազմավորման բնույթով, աղբյուրով, արտահայտման ձևով և այլ գործոններով: Հետևաբար անգամ ընդհանուր կարգով գնահատումն անհրաժեշտ է իրականացնել այդ առանձնահատկությունների հաշվառմամբ:
Անդրադառնալով փորձագետի եզրակացության` որպես ապացույցի գնահատման առանձնահատկություններին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում առանձնացնել այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման վերոնշյալ ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս:
Վերաբերելիության առումով փորձագետի եզրակացությունը գնահատելիս նախևառաջ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե փորձագետին առաջադրված հարցերը որքանով նշանակություն ունեն գործի լուծման համար, ապա միայն անդրադառնալ այդ հարցադրումների վերաբերյալ արված եզրահանգումներին: Ընդ որում, հարցադրումների բովանդակությունը ոչ միայն էական նշանակություն ունի փորձագետի եզրակացության վերաբերելիության գնահատման տեսանկյունից, այլև կարևորվում է երկու և ավելի եզրակացությունների պարագայում դրանց միջև առկա հակասությունները վեր հանելու առումով:
Փորձագետի եզրակացությունը թույլատրելիության տեսանկյունից գնահատման ենթարկելիս առաջնահերթ կարևորվում է փորձաքննությունն իրականացնող անձի որակավորումը և ձեռնհասությունը, նշված անձի օբյեկտիվությունը, սահմանված դատավարական կարգի պահպանված լինելը, հետազոտության ընթացքի և արդյունքների պատշաճ դատավարական ձևակերպումը:
Արժանահավատության տեսանկյունից փորձագետի եզրակացության գնահատում իրականացնելիս պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, փորձաքննությանը տրամադրված նյութի որակը և բավարարությունը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, գործին մասնակցող անձանց` փորձաքննությանը ներկա գտնվելու իրական հնարավորությունը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին:
Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 86/5, թիվ 86/6, թիվ 86/7, թիվ 86/8 և թիվ 86/9 հասցեների` 1.627,08 քմ ընդհանուր մակերեսով հողամասը հանդիսանում է նույն հասցեների սեփականատերերի` ընդհանուր բաժնային սեփականությունը:
Սույն գործով Դատարանի 07.12.2012 թվականի որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին, իսկ փորձագետին առաջադրվել են հետևյալ հարցերը.
- հնարավո՞ր է արդյոք Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 86/5 և թիվ 86/6 հասցեներում բաժնային սեփականության ներքո գտնվող 0,162708 հա մակերեսով հողամասից առանձնացնել Կարեն Ալֆրեդի Ախիկյանի և Արշակ Գագիկի Միլիտոնյանի 1/5 բաժինը, եթե այո, ապա ի՞նչ տարբերակներով,
- հնարավո՞ր է արդյոք Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 86/5 և թիվ 86/6 հասցեներում բաժնային սեփականության ներքո գտնվող 0,162708 հա մակերեսով հողամասից առանձնացնել Կարեն Ալֆրեդի Ախիկյանի կողմից փաստացի օգտագործվող բաժինը,
- հնարավո՞ր է արդյոք Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 86/8 և թիվ 86/9 հասցեներում բաժնային սեփականության ներքո գտնվող 0,162708 հա մակերեսով հողամասից առանձնացնել «Կանաչապատում» ՊՓԲ ընկերության բաժինը, եթե այո, ապա ի՞նչ տարբերակներով:
ՀՀ «Փորձաքննությունների Ազգային Բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից տրված թիվ 13-0011Դ եզրակացության «Հետևություններ» բաժնի համաձայն` «... Սասունցի Դավթի փողոցի թիվ 86/5, 86/6, 86/7, 86/8 և 86/9 հասցեների անշարժ գույքերի սեփականատերերի ընդհանուր սեփականություն հանդիսացող 1627,08 քմ մակերեսով հողամասից, համասեփականատերերից յուրաքանչյուրին պատկանող 1/5 բաժնեմասին համապատասխան հատվածի, ինչպես նաև 1627,08 քմ մակերեսով հողամասից Կարեն Ախիկյանի կողմից փաստացի օգտագործվող հատվածի առանձնացման որևէ տարբերակ փորձաքննության կողմից չի առաջարկվում...»: Նույն եզրակացության «Հետազոտություն» բաժնում փորձագետները բաժինները բնեղենով առանձնացնելու անհնարինությունը հիմնավորել են սահմանափակ օգտագործման (սերվիտուտի) կիրառման անհրաժեշտությամբ:
Դատարանի 10.10.2013 թվականի որոշմամբ նշանակվել է կրկնակի դատաշինարարատեխնիկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ին, իսկ փորձագետին առաջադրվել են հետևյալ հարցերը.
- հնարավո՞ր է արդյոք Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 86/5 հասցեներում բաժնային սեփականության ներքո գտնվող 0,162708 հա մակերեսով հողամասից առանձնացնել Կարեն Ալֆրեդի Ախիկյանի 1/5 բաժինը, եթե այո, ապա ի՞նչ տարբերակներով,
- հնարավո՞ր է արդյոք Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 86/5 հասցեում բաժնային սեփականության ներքո գտնվող 0,162708 հա մակերեսով հողամասից առանձնացնել Կարեն Ալֆրեդի Ախիկյանի փաստացի օգտագործված բաժինը,
- հողամասն առանձնացնելու դեպքում ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս կպատճառվի՞, թե` ոչ:
31.01.2014 թվականին «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից տրված թիվ 297-01/Վ-013 եզրակացության համաձայն` փորձաքննության ենթակա Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 86/5 հասցեում բաժնային սեփականության ներքո գտնվող հողատարածքից Կարեն Ախիկյանի 1/5 փաստացի օգտագործվող բաժնեմասի առանձնացում կատարելը փորձագիտական և տեխնիկական տեսանկյունից դիտվել է հնարավոր, որի առանձնացման առաջարկվող նպատակահարմար տարբերակի ուրվագծային պատկերը տրամադրվել է եզրակացությանը կից հավելվածում` գծանշմամբ:
Սույն գործով Դատարանը, հիմք ընդունելով «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից 31.01.2014 թվականին տրամադրված թիվ 297-01/Վ-013 փորձագիտական եզրակացությունը, արձանագրել է, որ «...տվյալ դեպքում Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 86/5 հասցեում բաժնային սեփականության ներքո գտնվող հողատարածքից Կարեն Ախիկյանի 1/5 փաստացի օգտագործվող բաժնեմասի առանձնացում կատարելը փորձագիտական և տեխնիկական տեսանկյունից դիտվում է հնարավոր, ուստի հակընդդեմ հայցն այդ մասով հիմնավոր է, և պետք է այն բավարարել...»:
Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բեկանելով Դատարանի վճիռը, արձանագրել է, որ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների Ազգային Բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի կողմից 1627,08 քմ մակերեսով հողամասից Կարեն Ախիկյանի կողմից փաստացի օգտագործվող հատվածի առանձնացման որևէ տարբերակ չի առաջարկվել, այսինքն` ըստ էության արձանագրվել է բաժնեմասի առանձնացման անհնարինությունը, իսկ «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի փորձագետի եզրակացության համաձայն` Կարեն Ախիկյանի 1/5 փաստացի օգտագործվող բաժնեմասի առանձնացում կատարելը փորձագիտական և տեխնիկական տեսանկյունից դիտվել է հնարավոր և եզրակացությանը կից ներկայացված գծագրին համապատասխան տարբերակով բաժնային սեփականության առանձնացումը չի ոտնահարում մյուս սեփականատերերի իրավունքները: Վերը նշված փորձագիտական եզրակացությունների պարզ համադրման արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ դրանցում առկա հետևություններն ուղղակիորեն հակասում են միմյանց, և գտել է, որ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների Ազգային Բյուրո» ՊՈԱԿ-ի և «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի փորձագետների կողմից տրված փորձագիտական եզրակացությունների միջև հակասությունների առկայության պարագայում չի պարզվել Կարեն Ախիկյանի կողմից փաստացի օգտագործվող հատվածի առանձնացման հնարավորությունը կամ անհնարինությունը:
Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների Ազգային Բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի և «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի փորձագետի կողմից տրված փորձագիտական եզրակացություններում առկա հակասությունները բավարար հիմք են դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 5-րդ կետի ուժով հայեցողական լիազորությունն իրականացնելու և կրկնակի փորձաքննություն նշանակելու` Կարեն Ախիկյանի բաժնեմասն առանձնացնելու հնարավորության կամ անհնարինության հարցը պարզելու համար: Ընդ որում, 17.03.2014 թվականին հրավիրված դատական նիստում բողոք բերած Գարուշ Հակոբյանը, առարկելով «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի փորձագիտական եզրակացության դեմ, միջնորդել է նշանակել լրացուցիչ փորձաքննություն, ինչը Դատարանի կողմից մերժվել է»:
Վերոնշյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` կրկնակի փորձաքննություն նշանակվում է միևնույն հարցերի վերաբերյալ: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Դատարանը կրկնակի փորձաքննություն նշանակելիս նախորդ փորձաքննությանն առաջադրված հարցադրումները կրկին առաջադրել է միայն Կարեն Ախիկյանի բաժնեմասի մասով: Ընդ որում, թեև Կարեն Ախիկյանի բաժնեմասի մասով երկու փորձաքննություններին առաջադրված հարցադրումները լեզվաբանական ձևակերպման տեսանկյունից առերևույթ միևնույնն են, սակայն բովանդակային առումով դրանք, ըստ էության, տարբեր են: Մասնավորապես, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների Ազգային Բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին առաջադրված հարցադրումները վերաբերել են Ընկերության, Արշակ Միլիտոնյանի և Կարեն Ախիկյանի բաժիններն առանձնացնելու հնարավորությանը, հետևաբար Կարեն Ախիկյանի փաստացի տիրապետվող հողամասի առանձնացման հնարավորության վերաբերյալ հարցադրումը տվյալ պարագայում չի կարող առանձնացվել մյուս հարցերի համատեքստից այն դեպքում, երբ «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ին առաջադրվել են բաժինն առանձնացնելու վերաբերյալ հարցադրումները միայն Կարեն Ախիկյանի մասով` առանց մյուս սեփականատերերի բաժիններն առանձնացնելու պայմանի:
Բացի այդ, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների Ազգային Բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից տրված եզրակացությամբ չի բացառվել սեփականատերերի բաժիններն առանձնացնելու հնարավորությունն ընդհանրապես, այլ փաստելով, որ բոլոր սեփականատերերի բաժիններն առանձնացնելու դեպքում կառաջանա սահմանափակ իրավունքի կիրառման անհրաժեշտություն, փորձագետները սեփականատերերի միջև գույքի բաժանման որևէ տարբերակ չեն առաջարկել, մինչդեռ «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ին առաջադրված հարցերի շրջանակներում վերջինիս կողմից տրամադրված փորձագիտական եզրակացությունը վերաբերում է միայն Կարեն Ախիկյանի բաժինն առանձնացնելուն, ընդ որում, փորձագետները նպատակահարմար են համարել Կարեն Ախիկյանի բաժնեմասն առանձնացնելու հնարավորությունը` պայմանով, որ 248,16 քմ մակերեսով հողամասը կթողնվի բոլոր հինգ սեփականատերերին` որպես ընդհանուր օգտագործման ճանապարհ` համաձայն փորձագիտական եզրակացությանը կից հավելվածում առկա գծանշման:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա չէ որևէ հակասություն ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների Ազգային Բյուրո» ՊՈԱԿ-ի թիվ 13-0011Դ փորձագիտական եզրակացության և «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից տրված թիվ 297-01/Վ-013 փորձագիտական եզրակացությունների միջև, քանի որ նախ` դրանք տրվել են ըստ էության տարբեր հարցադրումների պարզաբանման նպատակով, բացի այդ, դրանց միջև առկա չեն տրամագծորեն տարբեր և իրար հակասող հետևություններ:
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն եզրակացությանը, որ սույն գործով առկա է կրկնակի փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն, ինչպես նաև դրանով պայմանավորված` Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված այն հանգամանքին, որ 17.03.2014 թվականին հրավիրված դատական նիստում բողոք բերած անձ Գարուշ Հակոբյանն առարկել է «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի փորձագիտական եզրակացության դեմ և միջնորդել է նշանակել լրացուցիչ փորձաքննություն, որը Դատարանի կողմից մերժվել է, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատարանը կարող է հրավիրել գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դրա վերաբերյալ բանավոր բացատրություններ տալու համար, եթե գործի հանգամանքներից բխում է դրա անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը:
Դատարանը հրավիրում է գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դրա վերաբերյալ բանավոր բացատրություններ տալու համար, եթե այդ մասին միջնորդել են կողմերը, կամ միջնորդել է կողմերից մեկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքերում դատարանը կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով միևնույն կամ մեկ այլ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` եթե դատարանի կամ դատավարության մասնակիցների մեջ կասկածներ են առաջանում փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ, կամ առկա են հակասություններ մի քանի փորձագետների եզրակացություններում, ապա դատարանը միևնույն հարցերի վերաբերյալ կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվում է մեկ այլ փորձագետի (փորձագետների, մասնագիտացված փորձագիտական հաստատության):
Վերը նշված իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ առկա են էական և առանցքային տարբերություններ լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունների նպատակների և նշանակման հիմքերի միջև:
Այսպես, լրացուցիչ փորձաքննություն նշանակելու հիմքը փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու հանգամանքն է:
Լրացուցիչ փորձաքննություն կարող է նշանակվել միայն փորձագիտական եզրակացությանը ծանոթանալուց հետո, եթե պարզվի, որ փորձաքննությանն առաջադրված հարցադրումների կամ դրանց մի մասի վերաբերյալ պատասխանը հստակ կամ ամբողջական չէ, ինչպես նաև այն դեպքում, երբ փորձագիտական եզրակացությանը ծանոթանալուց հետո դրանում լուսաբանված հարցերի վերաբերյալ նոր հարցադրումներ են առաջանում:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ լրացուցիչ փորձաքննություն նշանակելու իրավասությունը դատարանն իրականացնում է դատական հայեցողության իրավունքով: Ըստ այդմ, լրացուցիչ փորձաքննություն կարող է չնշանակվել, եթե գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետի կողմից դատական նիստում տրված բացատրությունների արդյունքում լրացվում, ամբողջականացվում և հստակեցվում են փորձաքննությանն առաջադրված բոլոր հարցերի պատասխանները, ինչը բխում է նաև արդարադատության արդյունավետության և ողջամիտ ժամկետում գործերի քննության պահանջից:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ լրացուցիչ փորձաքննությունն իր բնույթով ուղղված չէ սկզբնական փորձաքննության հետ մրցակցելուն, այլ ուղղված է սկզբնական փորձաքննության արդյունքներով տրված եզրակացության մեջ առկա անհստակությունները լրացնելուն, այդ պատճառով էլ, ի տարբերություն կրկնակի փորձաքննության, օրենսդիրը հնարավոր է համարել լրացուցիչ փորձաքննությունը հանձնարարել ինչպես մեկ այլ, այնպես էլ սկզբնական փորձաքննությունն իրականացրած փորձագետին:
Ինչ վերաբերում է կրկնակի փորձաքննությանը, ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 5-րդ կետով օրենսդիրը սպառիչ կերպով սահմանել է վերջինիս հիմքերը, այն է` փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ դատարանի կամ դատավարության մասնակիցների մեջ կասկածներ առաջանալը, կամ մի քանի փորձագետների եզրակացություններում հակասությունների առկայությունը:
Անդրադառնալով փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ դատարանի կամ դատավարության մասնակիցների մոտ առաջացած կասկածներին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք չեն կարող կրել բացառապես սուբյեկտիվ բնույթ, այլ պետք է հիմնավորվեն օբյեկտիվ հանգամանքներով: Մասնավորապես, փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ կասկածների համար օբյեկտիվ հիմք կարող են հանդիսանալ այնպիսի հանգամանքները, ինչպիսիք են, օրինակ, երբ փորձագետի եզրակացությունը հակասում է գործով ձեռք բերված մյուս ապացույցներին, փորձագետի եզրահանգումները ձևակերպված են առանց գործի հանգամանքները հաշվի առնելու, փորձագիտական եզրակացությունը կազմվել է գիտական տեսանկյունից անթույլատրելի մեթոդների կիրառմամբ, եզրակացությունը տրվել է այն անձի կողմից, որը նշված բնագավառում եզրակացություն տալու իրավասություն չունի, եզրակացությամբ հաստատված փաստական հանգամանքները հակասության մեջ են գտնվում գործով ձեռք բերված մյուս ապացույցների ամբողջությամբ հաստատված այլ փաստական հանգամանքների հետ և այլն:
Ինչ վերաբերում է կրկնակի փորձաքննություն նշանակելու մյուս հիմքին, այն է` մի քանի փորձագետների եզրակացություններում հակասությունների առկայությանը, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ երկու և ավելի եզրակացություններում հակասությունների մասին կարելի է դատողություններ անել միայն այն դեպքում, երբ եզրակացությունները տրվել են ըստ էության միևնույն հարցերի պարզաբանման նպատակով, և առաջադրված միևնույն հարցադրումների վերաբերյալ տարբեր փորձագետներ փորձաքննությունների արդյունքում հանգել են տրամագծորեն տարբեր և իրար հակասող հետևությունների:
Լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունների անցկացման նպատակների և հիմքերի վերաբերյալ վերը նշված մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դրանք անհիմն են, քանի որ սույն գործում առկա փորձագիտական երկու եզրակացությունների` իրար չհակասելու (որպիսի հանգամանքը հիմնավորվեց վերը) և «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից տրված փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ օբյեկտիվ կասկածների բացակայության պայմաններում կրկնակի փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունը տվյալ դեպքում բացակայում է:
Միևնույն ժամանակ «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի փորձագիտական եզրակացության ուսումնասիրությունից Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ դրանով փորձաքննությանն առաջադրված հարցադրումների վերաբերյալ տրվել են պարզ և ամբողջական պատասխաններ, ավելին, եզրակացության դեմ առարկած կողմի` Գարուշ Հակոբյանի միջնորդությամբ դատական նիստում գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետ Մհեր Գևորգյանը դրա վերաբերյալ տվել է բանավոր բացատրություններ, որպիսի պայմաններում բացակայել են նաև լրացուցիչ փորձաքննություն նշանակելու հիմքերը, հետևաբար Դատարանի կողմից Գարուշ Հակոբյանի` լրացուցիչ փորձաքննություն նշանակելու միջնորդությունը մերժելը Վճռաբեկ դատարանը գնահատում է իրավաչափ:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա փորձագիտական եզրակացությունների միջև որևէ հակասություն առկա չէ, առկա չէ նաև լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն, հետևաբար իրավաչափ են Դատարանի եզրահանգումները Կարեն Ախիկյանի բաժնեմասն առանձնացնելու և այդ մասով հակընդդեմ հայցը բավարարելու վերաբերյալ:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Սույն գործով նկատի ունենալով, որ Կարեն Ախիկյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերող անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կարեն Ախիկյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով համապարտության կարգով ենթակա է հատուցման Գարուշ և Արայիկ Հակոբյանների կողմից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2014 թվականի որոշման` Կարեն Ախիկյանի հակընդդեմ հայցը բավարարելու մասով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.04.2014 թվականի վճիռը բեկանելու և գործն այդ մասով նոր քննության ուղարկելու մասը, և այդ մասով օրինական ուժ տալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.04.2014 թվականի վճռին:
2. Գարուշ և Արայիկ Հակոբյաններից համապարտության կարգով հօգուտ Կարեն Ախիկյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Մ. Դրմեյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Ե. Սողոմոնյան
8