Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՉԴԱՐՁՎԱԾ ԱՆՁԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՉԴԱՐՁՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԲԵՐ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ԵԱԴԴ/0199/02/11

    Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0199/02/11      2015 թ.

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

    Դատավորներ`        Ն. Տավարացյան

                       Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Մ. Դրմեյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի հուլիսի 17-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Գայանե Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.07.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն), երրորդ անձինք «Անելիք բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) և «Երդիկ» ՍՊԸ-ի` պայմանագրից բխող պարտավորությունները պատշաճ կատարած ճանաչելու, գումարի բռնագանձման կամ պարտքը չմարելու դեպքում անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջների մասին, և ըստ Կազմակերպության հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պատշաճ կատարված ճանաչել 15.06.2006 թվականին կնքված պայմանագրից բխող իր պարտավորությունները, Կազմակերպությունից հօգուտ իրեն բռնագանձել 407.509.216 ՀՀ դրամ` բռնագանձումը տարածելով սեփականության իրավունքով Կազմակերպությանը պատկանող շարժական և անշարժ գույքի` Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 38/3 բազմաբնակարան շենքի վրա, ինչպես նաև 407.509.216 ՀՀ դրամի նկատմամբ 17.02.2011 թվականից մինչև գումարի փաստացի վճարման օրը հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները, իսկ գումարի բռնագանձման անհնարինության կամ պարտքը չմարելու դեպքում` 15.06.2006 թվականին կնքված պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման հետևանքով 407.509.216 ՀՀ դրամի դիմաց Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 38/3 բազմաբնակարան շենքից 2,716 քմ մակերեսի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 475.880.093 ՀՀ դրամ` որպես թերի, չկատարված, ինչպես նաև հավելագրումներով կատարված աշխատանքների գումար:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սմբատյան) (այսուհետ` Դատարան) 25.04.2013 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը բավարարվել են մասնակիորեն` վճռվել է Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձել 223.533.793 ՀՀ դրամ չվճարած պարտքը և բռնագանձումը տարածել Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 38/3 հասցեի բազմաբնակարան շենքի Կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող ոչ բնակելի 1-ին հարկի թիվ 62 տ/ծ-ի 207,5 քմ, ոչ բնակելի 2-րդ հարկի թիվ 64 տ/ծ-ի 340,2 քմ, 169 քմ թիվ 3 բնակարանի, 134,2 քմ թիվ 5 բնակարանի, 169,3 քմ թիվ 8 բնակարանի, 83,77 քմ թիվ 11 բնակարանի, 168,8 քմ թիվ 38 բնակարանի, 168,8 քմ թիվ 43 բնակարանի, 133,0 քմ թիվ 50 բնակարանի, 132,5 քմ թիվ 55 բնակարանի վրա, Ընկերությունից հօգուտ Կազմակերպության բռնագանձել 12.804.833 ՀՀ դրամ` որպես թերի կատարված աշխատանքների վերականգնման գումար, Ընկերությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 3.679.508,46 ՀՀ դրամ, իսկ Կազմակերպությունից` 4.470.675,86 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար: Հայցը և հակընդդեմ հայցը` մնացած մասերով, մերժվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (Նախագահող դատավոր` Ա. Թումանյան, դատավորներ` Լ. Գրիգորյան, Գ. Մատինյան) 03.07.2013 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն. որոշվել է` Դատարանի 25.04.2013 թվականի վճիռը` հակընդդեմ հայցը մասնակի բավարարելու և բռնագանձված պետական տուրքի մասերով, բեկանել և փոփոխել, այն է` ««Հինգերորդ աստղ» ՍՊԸ-ի հակընդդեմ հայցն ընդդեմ «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին, ամբողջությամբ մերժել: «Հինգերորդ աստղ» ՍՊԸ-ից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 9.266.322 ՀՀ դրամ` որպես առաջին ատյանի դատարանի պետական տուրքի գումար: Դատարանի 25.04.2013 թվականի վճիռը` մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ»:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.08.2013 թվականի որոշումներով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.07.2013 թվականի որոշման դեմ Ընկերության և Կազմակերպության վճռաբեկ բողոքները վերադարձվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.07.2014 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձանց` Տիգրան, Դավիթ Դավոյանների և Կարինե Տոնոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 25.04.2013 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել Կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանը և գործին մասնակից չդարձված անձինք Կարինե Տոնոյանը և Տիգրան, Դավիթ Դավոյանները:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 27-րդ հոդվածը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին, 39-րդ, 46-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, 219-րդ հոդվածի 1-ին կետը, 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա բոլոր ապացույցները և անհիմն կերպով ամբողջությամբ բեկանել է Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը:

Վերաքննիչ դատարանը գործին մասնակից չդարձված անձանց իրավունքները խախտված համարելու դեպքում վճիռը կարող էր բեկանել միայն Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 38/3 բազմաբնակարան շենքի 83,77 քմ մակերեսով թիվ 11 բնակարանի մասով, քանի որ վճիռը մնացած մասով չի շոշափում նշված անձանց իրավունքները: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, հաշվի չառնելով, որ սույն գործով հայցի առարկան պայմանագրից բխող պարտավորությունների պատշաճ չկատարման հետևանքով գումարի բռնագանձման պահանջն է, և մնացած գույքերի մասով բողոք բերած անձանց գույքային իրավունքները չեն շոշափվում, դատական ակտը բեկանել է ամբողջությամբ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքը Դատարան է ներկայացվել Կազմակերպությանը սնանկ ճանաչելու վերաբերյալ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.12.2013 թվականի թիվ ԱՐԱԴ/0043/04/13 վճիռն ուժի մեջ մտնելուց հետո: Նման պայմաններում հարց է առաջանում. արդյո՞ք Վերաքննիչ դատարանը կարող էր վարույթ ընդունել վերաքննիչ բողոքն այն դեպքում, երբ վիճելի գույքը չէր կարող սույն քաղաքացիական գործով դառնալ բռնագանձման առարկա: Առավել ևս վճիռն ամբողջությամբ բեկանելիս Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել, թե գումարի բռնագանձման և բռնագանձումը մյուս գույքերի վրա տարածելու մասով գործին մասնակից չդարձված անձանց որ իրավունքներն են խախտվել:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սնանկ ճանաչված պատասխանողն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով: Սնանկության վարույթի ընթացքում առաջացող հարաբերությունների իրավակարգավորումը ենթադրում է այնպիսի կառուցակարգ, որն ապահովում է բոլոր պարտատերերի պահանջների համաչափ բավարարումը, և պարտապանի գույքային իրավունքների սահմանափակմանն ուղղված` անգամ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մարմինների կողմից ենթակա չեն կատարման: Այսինքն` Կազմակերպության սնանկ ճանաչված լինելու պայմաններում Դատարանի վճռի հիման վրա վիճելի գույքի վրա չէր կարող բռնագանձում տարածվել, այդ հարցերը ենթակա են կարգավորման «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, որի համաձայն էլ սույն գործով գործին մասնակից չդարձված անձինք կարող էին օգտվել իրենց պահանջները սնանկության վարույթի շրջանակներում ներկայացնելու` իրենց վերապահված իրավունքից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.07.2014 թվականի որոշումը և այն փոփոխել` օրինական ուժ տալ Դատարանի 25.04.2013 թվականի վճռին:

2.1 Կազմակերպության` վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի 17.07.2014 թվականի որոշումն օրինական է, լիարժեք հիմնավորված և պատճառաբանված, նշված որոշմամբ որևէ իրավանորմի պահանջ չի խախտվել, սխալ չի մեկնաբանվել կամ կիրառվել, որի արդյունքում էլ այն հեղինակավոր և օրինական դատական ակտ է: Վերաքննիչ դատարանը բողոքը քննել է հավասարության պայմաններում, հրապարակային, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ, իսկ բողոք բերած անձի վճռաբեկ բողոքն անհիմն է, զուրկ իրավական հիմնավորումներից և ենթակա է մերժման:

2.2 Գործին մասնակից չդարձված անձինք Կարինե Տոնոյանի ու Տիգրան, Դավիթ Դավոյանների` վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանն արդարացիորեն է բեկանել Դատարանի 25.04.2013 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը: Իրենք համարվում են բնակարանի բարեխիղճ ձեռքբերողներ, քանի որ տեղյակ չեն եղել Ընկերության և Կազմակերպության միջև առկա հարաբերությունների մասին և պարտավոր էլ չէին տեղյակ լինելու: Գույքի նկատմամբ վերջիններիս սեփականության իրավունքի գրանցման պահին որևէ սահմանափակում կամ արգելանք առկա չի եղել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Դատարանի 25.04.2013 թվականի վճռով Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձվել է 223.533.793 ՀՀ դրամ չվճարած պարտքը, և բռնագանձումը տարածվել է Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 38/3 հասցեի բազմաբնակարան շենքում Կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող ոչ բնակելի 1-ին հարկի թիվ 62 տ/ծ-ի 207,5 քմ-ի, ոչ բնակելի 2-րդ հարկի թիվ 64 տ/ծ-ի 340,2 քմ-ի, 169 քմ թիվ 3 բնակարանի, 134,2 քմ թիվ 5 բնակարանի, 169,3 քմ թիվ 8 բնակարանի, 83,77 քմ թիվ 11 բնակարանի, 168,8 քմ թիվ 38 բնակարանի, 168,8 քմ թիվ 43 բնակարանի, 133,0 քմ թիվ 50 բնակարանի, 132,5 քմ թիվ 55 բնակարանի վրա.

2) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 23.11.2012 թվականի թիվ 23112012-01-1879 վկայականի համաձայն` Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 38/3 շենքի 83,7 քմ մակերեսով թիվ 11 բնակարանի նկատմամբ գրանցված է Կարինե Տոնոյանի, Տիգրան և Դավիթ Դավոյանների սեփականության իրավունքը.

3) ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.12.2013 թվականի թիվ ԱՐԱԴ/0043/04/13 վճռով Կազմակերպությունը ճանաչվել է սնանկ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` գործին մասնակից չդարձված անձանց կողմից բերված բողոքի քննության և լուծման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

i

2) ստորադաս դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, ինչը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական խնդրին. արդյո՞ք գործին մասնակից չդարձված անձանց կողմից բերված բողոքի հիման վրա օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կարող է բեկանվել ամբողջ ծավալով, եթե գործին մասնակից չդարձված անձանց իրավունքներին և օրինական շահերին դատական ակտն առնչվում է մասնակի:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով և գնահատման առարկա դարձնելով այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է իրավահավասարության ու մրցակցության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս, օրինակ, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի թիվ 3-2343(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս, ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանն ընդդեմ Լարիսա Եղիազարյանի, Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետևաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա:

Մյուս կողմից` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` ՄԻԵԴ), անդրադառնալով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքին, նշել է, որ այն անհրաժեշտ է մեկնաբանել Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որը, ի թիվս այլոց, իրավունքի գերակայությունն ամրագրում է որպես Պայմանավորվող պետությունների ընդհանուր ժառանգության մաս: Իրավունքի գերակայության բաղադրատարրերից է իրավական որոշակիության սկզբունքը, որն իր հերթին ենթադրում է res judicata սկզբունքի հարգում: Վերջինս էլ նշանակում է, որ որևէ կողմ իրավասու չէ պահանջել վերջնական և կատարման ենթակա վճռի վերանայում պարզապես գործը կրկին քննելու և վեճը նորից լուծելու նպատակով: Գործը վերանայելու` վերադաս դատարանի իրավասությունը պետք է իրականացվի դատական սխալները և արդարադատության իրականացման արդյունքում տեղ գտած թերությունները շտկելու, այլ ոչ թե նոր քննություն սկսելու նպատակով: Վերջնական և կատարման ենթակա դատական ակտի վիճարկումը թույլատրելի է միայն էական և անհետաձգելի հանգամանքների դեպքում (տե՛ս, Ռյաբիխն ընդդեմ Ռուսաստանի ՄԻԵԴ-ի 24.07.2003 թվականի վճիռը, գանգատ թիվ 52854/99, կետ 51-52):

Իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ ՄԻԵԴ-ի վերը նշված դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով գործին մասնակից չդարձված անձանց իրավունքներին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ իրավունքների իրացումը չի կարող կրել բացարձակ բնույթ: Մասնավորապես, գործին մասնակից չդարձված անձանց կողմից իրենց իրավունքներին վերաբերող` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում հարկ է պահպանել անհրաժեշտ հավասարակշռություն մի կողմից գործին մասնակցող անձանց սահմանադրական իրավունքների ու պարտականությունների, մյուս կողմից` գործին մասնակից չդարձված այն անձանց իրավունքների և պարտականությունների միջև, որոնց իրավունքներին և պարտականություններին առնչվում է դատական ակտը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործին մասնակից չդարձված անձանց կողմից իրենց իրավունքներին վերաբերող` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում այն կարող է բեկանվել միայն այն մասով, որով այդ դատական ակտը առնչվում է նշված անձանց իրավունքներին և պարտականություններին, ինչը կարող է ապահովել գործին մասնակցող և գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների և պարտականությունների միջև հավասարակշռությունը:

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 25.04.2013 թվականի վճռով Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձվել է 223.533.793 ՀՀ դրամ չվճարած պարտքը, և բռնագանձումը տարածվել է Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 38/3 հասցեի բազմաբնակարան շենքի Կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող ոչ բնակելի 1-ին հարկի թիվ 62 տ/ծ-ի 207,5 քմ, ոչ բնակելի 2-րդ հարկի թիվ 64 տ/ծ-ի 340,2 քմ, 169 քմ թիվ 3 բնակարանի, 134,2 քմ թիվ 5 բնակարանի, 169,3 քմ թիվ 8 բնակարանի, 83,77 քմ թիվ 11 բնակարանի, 168,8 քմ թիվ 38 բնակարանի, 168,8 քմ թիվ 43 բնակարանի, 133,0 քմ թիվ 50 բնակարանի, 132,5 քմ թիվ 55 բնակարանի վրա:

Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 38/3 բազմաբնակարան շենքի թիվ 11 բնակարանի նկատմամբ 23.11.2012 թվականին գրանցվել է Տիգրան, Դավիթ Դավոյանների և Կարինե Տոնոյանի սեփականության իրավունքը:

Տիգրան, Դավիթ Դավոյանները և Կարինե Տոնոյանը Դատարանի 25.04.2013 թվականի վճռի դեմ ներկայացրել են վերաքննիչ բողոք` հայտնելով, որ նշված վճռով բռնագանձում է տարածվել նաև Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 38/3 բազմաբնակարան շենքի թիվ 11 բնակարանի նկատմամբ, մինչդեռ այն հանդիսանում է բողոք բերած անձանց սեփականությունը, և հաշվի առնելով, որ առանց իրենց մասնակցության քննված գործով իրենց իրավունքների վերաբերյալ կայացվել է դատական ակտ, խնդրել են ամբողջությամբ բեկանել Դատարանի 25.04.2013 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

Վերաքննիչ դատարանը, քննելով Դատարանի 25.04.2013 թվականի վճռի դեմ Տիգրան, Դավիթ Դավոյանների և Կարինե Տոնոյանի` որպես գործին մասնակից չդարձված անձանց վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ Դատարանը վճռով բռնագանձում է տարածել վերաքննիչ բողոք բերած անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա այն դեպքում, երբ վերջիններս սույն քաղաքացիական գործով մասնակից չեն դարձվել, այսինքն` Դատարանը քաղաքացիական գործը քննել և դատական ակտ է կայացրել Տիգրան, Դավիթ Դավոյանների և Կարինե Տոնոյանի բացակայության պայմաններում` առանց պարզելու նրանց իրավունքների ծավալի վրա դատական ակտի ազդեցության իրավական հետևանքները: Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ Դատարանի վճռով ոչ միայն շոշափվել են գործին մասնակից չդարձված անձանց գույքային իրավունքները, այլև վերջիններիս սեփականության իրավունքով պատկանող գույքը բռնագանձման առարկա է դարձվել այլ անձի` սույն գործով պատասխանողի պարտավորություններով, ամբողջությամբ բեկանել է այն և գործն ուղարկել նոր քննության:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն գործով հայցի առարկան Ընկերության և Կազմակերպության միջև 15.06.2006 թվականին կնքված պայմանագրից բխող պարտավորությունների պատշաճ չկատարման հետևանքով գումարի բռնագանձման պահանջն է, որը չի առնչվում գործին մասնակից չդարձած անձանց իրավունքներին և պարտականություններին: Սույն գործով գործին մասնակից չդարձված անձանց իրավունքներին և պարտականություններին դատական ակտն առնչվում է միայն բռնագանձումը Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 38/3 հասցեի բազմաբնակարան շենքում վերջիններիս սեփականության իրավունքով պատկանող 83,77 քմ մակերեսով թիվ 11 բնակարանի վրա տարածելու մասով, ուստի Դատարանի 25.04.2013 թվականի վճիռը ենթակա էր բեկանման միայն բռնագանձումը Երևանի Կոմիտաս պողոտայի թիվ 38/3 շենքի 11-րդ բնակարանի վրա տարածելու մասով, այլ ոչ թե ամբողջ ծավալով, քանի որ դատական ակտն ամբողջ ծավալով չի առնչվել բողոք բերողների իրավունքներին:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Կազմակերպությունը ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.12.2013 թվականի վճռով ճանաչվել է սնանկ, և առկա է սնանկության վարույթ:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից արգելվում է պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջներով որևէ քաղաքացիական կամ վարչական գործի վարույթի սկսումը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ` պարտապանի մասով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կարճվում է սնանկության վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջներով այն քաղաքացիական գործի վարույթը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ` պարտապանի մասով:

Նշված քաղաքացիական գործը կարող է վերսկսվել սնանկության գործի ավարտից հետո պարտապանի ֆինանսապես առողջացման դեպքում: Հակառակ դեպքում` դատարանի սնանկության գործն ավարտելու մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը հիմք է քաղաքացիական գործի վարույթի կարճման համար` լուծարված պարտապանի մասով:

Վերը նշված իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանցով սահմանված է սնանկության գործընթացի հիմնական առանձնահատկություններից մեկը, այն է` պարտապանի և պարտատերերի շահերով պայմանավորված` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից չի կարող սկսվել պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջներով որևէ դատական գործի վարույթ, իսկ այդպիսի պահանջների առկայության դեպքում դրանք պետք է կենտրոնանան սնանկության վարույթում: Միաժամանակ կարճման ենթակա են սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ այն դատական վեճերով գործերի վարույթները, որոնցում սնանկ ճանաչված պարտապանին ներկայացված է նյութաիրավական պահանջ` գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու տեսքով, և որոնց լուծումը կարող է հանգեցնել վերջինիս գույքային զանգվածի փոփոխության:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ, անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի իրավակարգավորմանը, գտել է, որ վերոնշյալ հիմքով կարճման ենթակա է միայն պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահին դատարանի վարույթում քննվող (ընթացիկ) քաղաքացիական գործի վարույթը (տե՛ս, Մարիետա Գրիգորյանն ընդդեմ Համլետ Գևորգյանի թիվ ԵԿԴ/0282/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.11.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն դեպքերին, երբ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահին թեև դատարանի վարույթում քննվող (ընթացիկ) գործ առկա չէ, այդուհանդերձ, պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո գործին մասնակից չդարձված անձանց կողմից բերված բողոքի հիմքով հարուցվում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման վարույթ:

Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով գործին մասնակից չդարձված անձանց կողմից դատական ակտը բողոքարկելու` սույն որոշման մեջ արտահայտած դիրքորոշումները, գտնում է, որ գործին մասնակից չդարձված անձանց կողմից օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման վարույթն իրենից ներկայացնում է արդեն իսկ քննված գործի վերաբացում` դրա շրջանակներում քննության առարկա հանդիսացող իրավահարաբերության մասնակիցներին գործին մասնակից չդարձնելու հետևանքով առկա սխալները շտկելու նպատակով, ինչն իր հերթին կարող է հանգեցնել գործի նոր քննության այն մասով, որ մասով գործն առնչվում է դրան մասնակից չդարձված անձանց իրավունքներին և օրինական շահերին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքերում, երբ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո գործին մասնակից չդարձված անձանց կողմից բերված բողոքի հիմքով վերանայվում և գործին մասնակից չդարձված անձանց իրավունքներին և պարտականություններին առնչվելու մասով բեկանվում է մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելը պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջների վերաբերյալ քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, այդ դատական ակտի բեկանված մասի նկատմամբ կիրառելի է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը, քանի որ դատական ակտը գործին մասնակից չդարձված անձանց իրավունքներին և պարտականություններին առնչվելու մասով բեկանելու դեպքում, ըստ էության, այդ մասով շարունակվում է գործի քննությունը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում առկա է սնանկության վարույթ, իսկ սույն քաղաքացիական գործը վերաբերում է պարտապանից գումարի բռնագանձման պահանջին, հետևաբար Վերաքննիչ դատարանը, արձանագրելով դատական ակտի մի մասով գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների խախտում, և այդ մասով դատական ակտը բեկանելով, պետք է առաջնորդվեր «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի պահանջներով և բեկանված մասով կարճեր գործի վարույթը, ուստի Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի խախտման վերաբերյալ Ընկերության փաստարկները Վճռաբեկ դատարանը նույնպես գնահատում է հիմնավոր:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխաններում բերված փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում բռնագանձումը` Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 38/3 բազմաբնակարան շենքում Կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող 83,77 քմ մակերեսով թիվ 11 բնակարանի վրա տարածելու հայցապահանջի մասով, անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված` գործի վարույթի մի մասը կարճելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը` հիմք ընդունելով սույն գործով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի կիրառելիության վերաբերյալ վերը շարադրված պատճառաբանությունները:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ Կազմակերպությունից հօգուտ Ընկերության 223.533.793 ՀՀ դրամ չվճարած պարտքը բռնագանձելու և բռնագանձումը Կոմիտասի թիվ 38/3 հասցեի բազմաբնակարան շենքում Կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող ոչ բնակելի 1-ին հարկի 207,5 քմ մակերեսով թիվ 62 տ/ծ-ի, ոչ բնակելի 2-րդ հարկի 340,2 քմ մակերեսով թիվ 64 տ/ծ-ի, 169 քմ մակերեսով թիվ 3 բնակարանի, 134,2 քմ մակերեսով թիվ 5 բնակարանի, 169,3 քմ մակերեսով թիվ 8 բնակարանի, 168,8 քմ մակերեսով թիվ 38 բնակարանի, 168,8 քմ մակերեսով թիվ 43 բնակարանի, 133,0 քմ մակերեսով թիվ 50 բնակարանի, 132,5 քմ մակերեսով թիվ 55 բնակարանի վրա տարածելու հայցապահանջների մասով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.04.2013 թվականի վճռին ուժ տալով հիմք է ընդունում այն հանգամանքը, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.07.2013 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ նշված վճիռը հակընդդեմ հայցի և պետական տուրքի մասերով բեկանվել և փոփոխվել է:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի «ա» կետի համաձայն` դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով` հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների պաշտպանության երաշխիք է հանդիսանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված` վերաքննիչ ատյանում դատական ակտի վերանայման վարույթում գործին մասնակից չդարձված անձանց այնպիսի իրավունքների ու պարտականությունների ընձեռումը, որոնք սահմանված են գործին մասնակցող անձանց համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ, որպես գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների պաշտպանության երաշխիք, վերջիններս գործին մասնակցող անձանց իրավունքներից օգտվում և վերջիններիս համար սահմանված պարտականությունները կրում են ոչ միայն վերաքննիչ, այլ նաև վճռաբեկ ատյանում:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործին մասնակից չդարձված անձինք, օգտվելով գործին մասնակցող անձանց բոլոր իրավունքներից և կրելով գործին մասնակցող անձանց համար սահմանված նույն պարտականությունները, մի կողմից` իրավունք ունեն պահանջելու դատական ծախսերի հատուցում, մյուս կողմից` կարող են նաև կրել գործին մասնակցող անձանց դատական ծախսերի հատուցման պարտականություն` դատական ծախսերի բաշխման ընդհանուր կանոնի համապատասխան:

Սույն գործով Ընկերությունը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ` միաժամանակ միջնորդելով պակաս վճարված պետական տուրքի հարցը լուծել գործի ըստ էության քննության ժամանակ: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, բավարարելով պետական տուրքի չվճարված մասի վճարումը հետաձգելու մասին Ընկերության միջնորդությունը, 10.12.2014 թվականին որոշում է կայացրել «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին»` միաժամանակ որոշելով հետաձգել վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի չվճարված մասի վճարումը և այդ հարցին անդրադառնալ գործի ըստ էության քննության ժամանակ:

Նման պայմաններում նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով Տիգրան, Դավիթ Դավոյաններից և Կարինե Տոնոյանից հօգուտ Ընկերության ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար ոչ գույքային պահանջով նախապես վճարված պետական տուրքի գումար: Միաժամանակ հաշվի առնելով գույքային պահանջի գործերով վճռաբեկ բողոքների համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի «ա» կետով նախատեսված` բազային տուրքի հազարապատիկը չգերազանցելու սահմանափակումը, ինչպես նաև նկատի ունենալով, որ սույն գործով հայցագնի 3 տոկոսը գերազանցում է բազային տուրքի հազարապատիկը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տիգրան, Դավիթ Դավոյաններից և Կարինե Տոնոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման 1.000.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար գույքային պահանջով սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.12.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի չվճարված մասի գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.07.2014 թվականի որոշումը և

- գործի վարույթն ըստ հայցի «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ի ընդդեմ «Հինգերորդ աստղ» ՍՊԸ-ի` բռնագանձումը Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 38/3 բազմաբնակարան շենքում «Հինգերորդ աստղ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 83,77 քմ մակերեսով 11-րդ բնակարանի վրա տարածելու պահանջի մասով, կարճել.

- մնացած մասով օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.04.2013 թվականի վճռին (ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.07.2013 թվականի որոշմամբ` հակընդդեմ հայցի և պետական տուրքի մասերով կատարված փոփոխություններով):

2. Տիգրան, Դավիթ Դավոյաններից և Կարինե Տոնոյանից համապարտության կարգով հօգուտ «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Տիգրան, Դավիթ Դավոյաններից և Կարինե Տոնոյանից համապարտության կարգով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.12.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
17.07.2015
N ԵԱԴԴ/0199/02/11
Որոշում