/ուժը կորցրել է 30.11.97 թիվ 477 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունիսի 1995 թվականի թիվ 338
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈԼԵԿՏԻՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների սեփականության և կոլեկտիվ սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման խնդրի կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների սեփականության և կոլեկտիվ սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման կարգը (կցվում է):
2. Սահմանել, որ քաղաքացիների սեփականություն և կոլեկտիվ սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման գործարքների նոտարական կարգով վավերացման համար գանձվող պետական տուրքը հաշվարկվում է ելնելով հողամասի օտարման պայմանագրում նախատեսված գնից, իսկ պայմանագրային գնի` օտարվող հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքից պակաս լինելու դեպքում` օտարվող հողամասի տվյալ պահի կադաստրային գնահատման արժեքից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 1995 թվականի
հունիսի 13-ի թիվ 338 որոշմամբ
ԿԱՐԳ
Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների
սեփականություն և կոլեկտիվ սեփականություն
հանդիսացող հողամասերի օտարման
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների վարման, որպես տնամերձ կամ բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման, այգեգործության (ամառանոցի) համար նախատեսված` քաղաքացիների սեփականություն և կոլեկտիվ սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման (վաճառք, փոխանակում, նվիրատվություն և այլն) կարգը:
2. Գյուղացիական տնտեսության սեփականություն հանդիսացող հողամասը կամ դրա մի մասն օտարվում է ընտանիքի գլխավորի կողմից` տնտեսության բոլոր անդամների գրավոր համաձայնությամբ:
3. Գյուղացիական կոլեկտիվ տնտեսության սեփականություն հանդիսացող հողամասի կամ դրա մի մասի օտարումը կատարվում է նրա ղեկավարի (տնօրենի) կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սույն կարգին և կոլեկտիվ տնտեսության կանոնադրությանը համապատասխան:
4. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսության սեփականություն հանդիսացող հողամասերի, ինչպես նաև տնամերձ հողամասերի օտարվող կամ մնացորդ հողակտորի չափերը չպետք է պակաս լինեն «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 և 7 հոդվածներով նախատեսված չափերից:
5. Քաղաքացիների սեփականություն և կոլեկտիվ սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման գործարքները ենթակա են նոտարական կարգով վավերացման` հետևյալ փաստաթղթերի ներկայացմամբ.
ա) հողի սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ.
բ) օտարվող հողամասի սահմանված կարգով կազմված հատակագիծը.
գ) համապատասխան իրավասու պետական մարմինների կողմից տրված` օտարվող հողամասի կադաստրային տվյալները (հողագնահատման խումբը և արժեքը):
6. Քաղաքացիների սեփականություն և կոլեկտիվ սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման գործարքների, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի հիման վրա համապատասխան իրավասու պետական մարմինների կողմից սահմանված կարգով, փոփոխություններ են կատարվում հողի սեփականության իրավունքի պետական ակտերում, իսկ դրանց բացակայության դեպքում տրվում են նորերը:
7. Քաղաքացիների սեփականություն և կոլեկտիվ սեփականություն հանդիսացող օտարվող հողամասերի չափագրման և հողի սեփականության իրավունքի պետական ակտերի կազմման ու մյուս անհրաժեշտ ծառայությունների հետ կապված ծախսերը կատարվում են օտարման գործարքի կողմերի հաշվին` նրանց փոխադարձ համաձայնությամբ:
8. Պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեն հողի սեփականության իրավունքի պետական ակտի հիման վրա, սահմանված կարգով պետական հողակադաստրային գրքում կատարում է համապատասխան գրանցում: