Սեղմել Esc փակելու համար:
ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ՈՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

17 նոյեմբերի 2015 թվականի թիվ 2

 

ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մի շարք առևտրային բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ` Կենտրոնական բանկ) հասցեագրված հարցադրումները` կապված Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (այսուհետ` ԴԱՀԿ) կողմից բանկային հաշիվների վրա բռնագանձում տարածելու, ինչպես նաև բանկի հաճախորդի (այսուհետ` հաճախորդ, ավանդատու) կողմից ավանդի գումարի մի մասը պահանջելու հետևանքով առաջացող որոշ խնդիրների պարզաբանման հետ,

նպատակ ունենալով ներքոնշյալ խնդիրների լուծման համար առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք կապահովեն թե՛ բանկի, թե՛ վերջինիս հաճախորդների օրինական շահերի պաշտպանությունը,

լսելով ներքոնշյալ խնդիրների և դրանցից բխող հարցադրումների վերաբերյալ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ ձևավորված աշխատանքային խմբի (կազմված` «Ինեկոբանկ» ՓԲԸ, «Ամերիաբանկ» ՓԲԸ, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ և Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության ներկայացուցիչներից) դիրքորոշումը,

կարևորելով առաջադրված հարցերի և դրանցում առկա խնդիրների պարզաբանման անհրաժեշտությունը` Կենտրոնական բանկը սույն պաշտոնական պարզաբանման շրջանակներում անդրադառնում է նշված խնդիրներին և դրանց հետ կապված հարցադրումներին: Մասնավորապես.

Խնդիր 1. Հաճախորդի կողմից բանկում ներդրված ժամկետային ավանդի մի մասը պահանջելու դեպքում (այդ դեպքը նախապես պայմանագրով կարգավորված չլինելու պարագայում) խնդիր է առաջանում ավանդի մնացորդի վրա հավելագրվող տոկոսների չափի հետ կապված:

Օրինակ` հաճախորդը բանկի հետ կնքել է ավանդի պայմանագիր` 100.000 ՀՀ դրամ գումարի չափով, 10 ամիս ժամկետով և 10 % տոկոսադրույքով: 5 ամիս անց հաճախորդը բանկից պահանջում է իր ավանդի գումարի մի մասը (20.000 ՀՀ դրամ): Պայմանագրով նման դեպքի համար տոկոսների չափ նախատեսված չլինելու պարագայում բանկը լուծում է հաճախորդի հետ կնքված պայմանագիրը` ավանդի ողջ գումարի վրա հավելագրելով ցպահանջ ավանդի համար նախատեսված տոկոսները:

Հարցադրումներ.

Արդյո՞ք բանկն իրավունք ունի ավանդի ողջ գումարի վրա հավելագրել ցպահանջ ավանդի համար նախատեսված տոկոսներ: Արդյո՞ք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 905-րդ հոդվածի 2-րդ մասը պարտավորեցնում է բանկին` ավանդի գումարի մնացորդի վրա շարունակել հավելագրել պայմանագրով սահմանված տոկոսները:

Կենտրոնական բանկի դիրքորոշումը.

Կենտրոնական բանկը համարում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 905-րդ հոդվածի 2-րդ մասն իրենից ենթադրում է իրավունք ավանդատուի համար (ավանդի գումարն ամբողջությամբ կամ մասնակի պահանջելը) և պարտավորություն բանկի համար (ավանդի գումարն ամբողջությամբ կամ դրա մի մասը վերադարձնելը): Հարկ է նկատել, որ նշված դրույթը չի անդրադառնում ավանդի գումարի վրա տոկոսների հավելագրման կարգավորմանը, ուստիև ավանդի մնացորդի վրա նախապես կնքված պայմանագրով տոկոսների հավելագրման պարտավորություն բանկի համար չի նախատեսում: Ավելին` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 905-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի վերլուծությունը թույլ է տալիս փաստել, որ հաճախորդի կողմից ավանդի գումարի մի մասը պահանջելու դեպքում, թե՛ վերադարձված մասի և թե՛ ավանդի գումարի մնացորդի համար պետք է վճարվեն տոկոսներ բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված չափերով, եթե կողմերի միջև այլ պայմանավորվածություն առկա չէ (օրինակ` տոկոսների այլ չափ նախատեսված չէ պայմանագրով):

Խնդիր 2. Այն դեպքերում, երբ բանկի հաճախորդի ժամկետային ավանդի վրա ԴԱՀԿ ծառայության կողմից բռնագանձում է տարածվում, բանկերի մոտ ավանդի գումարի վրա տոկոսների հաշվեգրման հետ կապված խնդիրներ են առաջանում:

Օրինակ` հաճախորդը բանկի հետ կնքել է ավանդի պայմանագիր` 100.000 ՀՀ դրամ գումարի չափով, 10 ամիս ժամկետով և 10 % տոկոսադրույքով: Պայմանագիրը կնքելուց 5 ամիս անց ԴԱՀԿ ծառայության կողմից արգելադրվում է հաճախորդի ավանդային հաշիվը և իրականացվում բռնագանձում` պարտավորության չափով (20.000 ՀՀ դրամ): Այս դեպքում բանկերը 20.000 ՀՀ դրամ գումարի չափով փոխանցում են ԴԱՀԿ ծառայության համապատասխան հաշվին, իսկ մնացած 80.000 ՀՀ դրամ գումարի վրա հաշվեգրվում են տոկոսներ ցպահանջ ավանդի համար նախատեսված տոկոսադրույքով:

Հարցադրումներ.

i

1) Արդյո՞ք բանկն իրավունք ունի իրականացնել տոկոսների վերահաշվարկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 905-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դրույթների համաձայն (հաշվեգրել ցպահանջ ավանդի համար նախատեսված տոկոսներ):

2) Արդյո՞ք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 905-րդ հոդվածի 2-րդ մասը պարտավորեցնում է բանկին` բռնագանձված գումարը ԴԱՀԿ ծառայության հատուկ հաշվին ուղարկելուց հետո շարունակել ավանդի պայմանագիրը` ավանդի մնացորդի վրա հաշվեգրելով նույն տոկոսները:

Կենտրոնական բանկի դիրքորոշումը.

Կենտրոնական բանկը արձանագրում է, որ հաճախորդի ավանդի գումարի վրա ԴԱՀԿ ծառայության կողմից բռնագանձում տարածելու ոչ բոլոր դեպքերում է, որ բանկը կարող է իրականացնել տոկոսների վերահաշվարկ` հաշվեգրելով ցպահանջ ավանդի համար նախատեսված տոկոսներ: Անհրաժեշտ է տարբերակել ԴԱՀԿ ծառայության կողմից հարկադիր կատարման վարույթների 2 տեսակ (ըստ վարույթի համար հիմք հանդիսացող փաստերի): Մասնավորապես`

. օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռի (այսուհետ` վճիռ) դեպք և

. հանրային իրավական դրամական պահանջ հանդիսացող պարտադիր կատարման ենթակա անբողոքարկելի վարչական ակտի (այսուհետ` անբողոքարկելի վարչական ակտ) դեպք:

Նման տարբերակման համար հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ իրավական ակտը մի դեպքում ընդունվում է դատարանի կողմից, իսկ մյուս դեպքում` վարչական մարմնի: Այսինքն` մի դեպքում բանկի ավանդատու հանդիսացող պարտատիրոջ գործողությունների (կամ անգործության) իրավաչափությունը քննության է ենթարկվում ՀՀ արդարադատություն իրականացնող մարմնի, իսկ մյուս դեպքում` վարչարարություն իրականացնող մարմնի կողմից:

Հարկ է նշել նաև, որ ՀՀ օրենսդիր մարմինը նմանատիպ տարբերակում ամրագրել է նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես. հաշվի առնելով արդարադատություն իրականացնող մարմնի կողմից քննության անցկացման կարևորությունը` ՀՀ օրենսդիր մարմինը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-րդ մասով նախատեսել է ընդհանուր նորմից բացառություններ, որոնց պարագայում հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման` օրինական ուժի մեջ մտած վճռով տրված կատարողական թերթի հիման վրա: Նման բացառությունների շարքում են նաև 200.000 ՀՀ դրամ գումարը գերազանցող հանրային իրավական դրամական պահանջները, որոնց վրա ԴԱՀԿ ծառայության կողմից բռնագանձում իրականացնելու համար օրենսդիրը, հաշվի առնելով դրամական պահանջի համեմատական մեծ չափը, նախատեսել է արդարադատություն իրականացնող մարմնի կողմից կայացված վճռի առկայությունը:

Կենտրոնական բանկը հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ գործնականում առավել շատ են այն դեպքերը, երբ համեմատաբար փոքր գումարի չափով առկա անբողոքարկելի վարչական ակտով սկսված կատարողական վարույթների արդյունքում հաճախորդը կորցնում է այդ գումարը մի քանի անգամ գերազանցող թե՛ արդեն իսկ ստացված տոկոսները, թե՛ ապագայում ստացվելիք տոկոսները:

Հաշվի առնելով վերոգրյալը` Կենտրոնական բանկը համարում է, որ ավանդի գումարի վրա բռնագանձում իրականացնելիս, բանկի գործողությունները պետք է տարբերակված լինեն` կապված ԴԱՀԿ ծառայության կողմից կատարողական վարույթի փաստական հիմքերի (վճիռ/անբողոքարկելի վարչական ակտ) հետ:

Կենտրոնական բանկն ամրագրում է, որ առաջին դեպքում (վճիռ) բանկը կարող է ավանդի գումարի վրա հավելագրել ցպահանջ ավանդի համար նախատեսված տոկոսներ, եթե կողմերի միջև առկա չէ այլ պայմանավորվածություն (օրինակ` կնքված պայմանագրով նախատեսված է հավելագրվող տոկոսների այլ չափ կամ այլ պայման):

Ինչ վերաբերում է անբողոքարկելի վարչական ակտի հիմքով հարուցված կատարողական վարույթին, ապա Կենտրոնական բանկը հարկ է համարում տարբերակել հետևյալ 2 դեպքերը.

. Ավանդի տեսակի (պրոդուկտի) համար նախատեսված է որոշակի գումարի նվազագույն շեմ,

. Պրոդուկտի համար նախատեսված չէ նվազագույն շեմ:

Կենտրոնական բանկը առանձնակի շեշտադրում է դնում հատկապես այն դեպքերին, երբ ավանդի տվյալ պրոդուկտի համար նախատեսված չէ նվազագույն շեմ կամ տվյալ պրոդուկտի համար նախատեսված է ավանդի գումարի նվազագույն շեմ, սակայն բռնագանձման արդյունքում հաճախորդի ավանդի մնացորդը բավարարում է տվյալ պրոդուկտի համար նախատեսված նվազագույն շեմին:

Կենտրոնական բանկը համարում է, որ նման իրավիճակում բանկը ավանդի գումարի մնացորդի վրա պետք է շարունակի հավելագրել պայմանագրով նախատեսված տոկոսները:

Իսկ այն դեպքերում, երբ ավանդի տվյալ տեսակի (պրոդուկտի) համար նախատեսված է նվազագույն սահմանաչափ և բռնագանձման իրականացման արդյունքում հաճախորդի ավանդի գումարի մնացորդը չի բավարարում տվյալ պրոդուկտի համար նախատեսված նվազագույն սահմանաչափը, ապա ավանդի գումարի վրա բանկը կարող է հավելագրել ցպահանջ ավանդների համար սահմանված չափերով տոկոսներ, եթե կողմերի միջև առկա չէ այլ պայմանավորվածություն (օրինակ` պայմանագրով նախատեսված է հավելագրվող տոկոսների այլ չափ):

Խնդիր 3. Գործնականում խնդիրներ են առաջանում այն դեպքերում, երբ ԴԱՀԿ ծառայության կողմից բանկի հաճախորդի հաշիվների վրա բռնագանձում է տարածվում, իսկ բանկի հաճախորդը միևնույն բանկում ունի ինչպես ընթացիկ, այնպես էլ ավանդային հաշիվներ, որոնք էլ իրենց հերթին կարող են լինել ՀՀ դրամով և արտարժույթով: Առկա չէ օրենսդրական հստակ ձևակերպում առ այն, որ նկարագրված դեպքում բանկը պարտավոր է սկզբից արգելադրել հաճախորդի ընթացիկ հաշիվները, իսկ ընթացիկ հաշիվ չունենալու կամ դրանում բավարար մնացորդ չունենալու պարագայում, միայն, պետք է արգելադրվի ավանդում առկա դրամական միջոցները: Ինչպես նաև հստակ կարգավորված չէ միևնույն բանկում ՀՀ դրամով և արտարժույթով դրամական միջոցներ ունենալու դեպքում, ո՞ր արժույթի դրամական միջոցներն են ենթակա առաջնահերթ արգելադրման:

Օրինակ` Հաճախորդը բանկում ունի ընթացիկ հաշիվ (մնացորդը` 50.000 ՀՀ դրամ), ինչպես նաև միևնույն բանկում առկա է հաճախորդի կողմից ներդրված ավանդ` 1.000.000 ՀՀ դրամ գումարի չափով: Բանկը, ստանալով ԴԱՀԿ ծառայության կողմից բռնագանձման մասին որոշումը (10.000 ՀՀ դրամ գումարի չափով), բռնագանձումը իրականացնում է հաճախորդի ավանդում առկա դրամական միջոցների հաշվին: Արդյունքում` հաճախորդը կրում է ֆինանսական կորուստներ` զրկվելով ներդրած ավանդի վրա հավելագրվող տոկոսներից, այն պարագայում, երբ նույն բանկը կարող էր բռնագանձում տարածել ընթացիկ հաշվին առկա դրամական միջոցներից:

Հարցադրումներ.

Արդյո՞ք բանկն իրավունք ունի ԴԱՀԿ ծառայության կողմից ուղարկված բռնագանձումը իրականացնել հաճախորդի ավանդում առկա դրամական միջոցներից, եթե միևնույն բանկում հաճախորդի ընթացիկ հաշվին առկա է բավարար մնացորդ, և ի՞նչ առաջնահերթությամբ պետք է իրականացվի բռնագանձումը, եթե նույն բանկում հաճախորդը ունի ՀՀ դրամով և արտարժույթով դրամական միջոցներ:

Կենտրոնական բանկի դիրքորոշումը.

i

Կենտրոնական բանկը համարում է, որ բռնագանձումը պետք է իրականացվի առաջին հերթին հաճախորդի ընթացիկ հաշիվներից, իսկ ընթացիկ հաշիվ չունենալու կամ ընթացիկ հաշվին բավարար մնացորդ չլինելու պարագայում` ԴԱՀԿ ծառայության կողմից իրականացվող բռնագանձումը տարածել նաև հաճախորդի ավանդի գումարի վրա: Նշված դիրքորոշման համար Կենտրոնական բանկը հիմք է ընդունում այն հանգամանքը, որ օրենսդիրը, նպատակ ունենալով պաշտպանել ավանդատուների օրինական շահերը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ և 47-րդ հոդվածների 2-րդ մասերով տարբերակել է պարտապանի դրամական միջոցները հետևյալ կերպ`

. պարտապանի բանկային (ընթացիկ) հաշիվներում առկա դրամական միջոցներ և

. ավանդներում առկա դրամական միջոցներ:

Ինչ վերաբերում է միևնույն բանկում ՀՀ դրամով և արտարժույթով դրամական միջոցների վրա բռնագանձումն իրականացնելու դեպքին, ապա հարկ է նկատել, որ օրենսդիրը այս դեպքում ևս տարբերակված մոտեցում է ցուցաբերել` առանձին (իրար հաջորդող) հոդվածների միջոցով ամրագրելով ՀՀ արժույթով և արտարժույթով դրամական միջոցների վրա իրականացվող բռնագանձման գործընթացի կարգավորումները: ՈՒստի, նշված դեպքում բանկը պետք է արգելադրի պարտապանի դրամական միջոցները հետևյալ կերպ.

. Ընթացիկ հաշիվներում ՀՀ դրամով առկա դրամական միջոցները,

. Ընթացիկ հաշիվներում արտարժույթով առկա դրամական միջոցները,

. Ավանդներում ՀՀ դրամով առկա դրամական միջոցները,

. Ավանդներում արտարժույթով առկա դրամական միջոցները:

Խնդիր 4. ԴԱՀԿ ծառայության կողմից իրականացվող բռնագանձման գործընթացում առաջանում են խնդիրներ նաև այն դեպքում, երբ պարտապանի քարտային հաշիվն ունի վարկային գծի հնարավորություն (օվերդրաֆտ):

Օրինակ` Բանկի հաճախորդը ունի վճարային քարտ (քարտային հաշիվ), որի վրա առկա են վարկային միջոցներ: ԴԱՀԿ ծառայության կողմից սկսված կատարողական վարույթի ընթացքում Բանկը արգելադրել է հաճախորդի քարտային հաշվի վարկային միջոցները (օվերդրաֆտ):

Հարցադրում.

Արդյո՞ք բանկը նկարագրված դեպքում կարող է արգելադրել հաճախորդի քարտային հաշվի վարկային միջոցները (օվերդրաֆտ):

Կենտրոնական բանկի դիրքորոշումը.

Կենտրոնական բանկը համարում է, որ կատարողական վարույթի ընթացքում բանկերի կողմից չեն կարող արգելադրվել պարտապան հանդիսացող հաճախորդին չպատկանող դրամական միջոցները: Օվերդրաֆտը` որպես վարկային պրոդուկտ, իրենից ենթադրում է վճարային (հաշվարկային) քարտի միջոցով դրամական միջոցների տրամադրման հնարավորություն, ուստի կատարողական վարույթի շրջանակներում բանկի կողմից ենթակա չէ արգելադրման:

Խնդիր 5. ԴԱՀԿ ծառայության կողմից իրականացվող բռնագանձման գործընթացում առաջանում են նաև այլ խնդիրներ, որոնք կապված են պարտապանի քարտային հաշվի վարկային գծի (օվերդրաֆտ) օգտագործման հետ:

Օրինակ` անբողոքարկելի վարչական ակտի հիմքով սկսված ԴԱՀԿ ծառայության կողմից իրականացվող բռնագանձման գործընթացում արգելադրվել են հաճախորդին պատկանող բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները (բացառությամբ` քարտային հաշվին առկա վարկային միջոցների (օվերդրաֆտ)): Բանկը, հիմք ընդունելով նշված հանգամանքը, կասեցնում կամ որևէ այլ կերպ սահմանափակում է հաճախորդի քարտային հաշվի վարկային միջոցների (օվերդրաֆտ) օգտագործման հնարավորությունը:

Հարցադրում.

Արդյո՞ք անբողոքարկելի վարչական ակտով սկսված կատարողական վարույթի ընթացքում հաճախորդի հաշիվների արգելադրումը (բացառությամբ` քարտային հաշվին առկա վարկային միջոցների (օվերդրաֆտ)) կարող է հիմք հանդիսանալ հաճախորդի քարտային հաշվի վարկային միջոցների (օվերդրաֆտի) օգտագործման հնարավորությունը բանկի կողմից կասեցնելու կամ սահմանափակելու համար:

Կենտրոնական բանկի դիրքորոշումը.

Կենտրոնական բանկը ամրագրում է, որ այն դեպքում, երբ կատարողական վարույթը սկսելու համար հիմք է հանդիսացել անբողոքարկելի վարչական ակտը, ապա բռնագանձման գործընթացում հաճախորդի բանկային հաշիվների (բացառությամբ` քարտային հաշվին առկա վարկային միջոցների (օվերդրաֆտ)) արգելադրումը չի կարող հիմք հանդիսանալ հաճախորդի քարտի վարկային միջոցների (օվերդրաֆտ) օգտագործման հնարավորությունը բանկի կողմից կասեցնելու կամ սահմանափակելու համար:

i

Ելնելով վերոգրյալից, նպատակ ունենալով ճշտել օրենսդրության կիրառման բնագավառում ծագած հարցերը և հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 905-րդ և 887-րդ հոդվածները, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 46-րդ, 47-րդ, 71-րդ հոդվածները, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը.

Պաշտոնապես պարզաբանում է.

1. Ավանդատուի կողմից ավանդի գումարի մի մասը մինչև պայմանագրով նախատեսված ժամկետը (կամ պայմանի վրա հասնելը) բանկից պահանջելու դեպքում, բանկը կարող է ավանդի գումարի (այդ թվում` մնացորդի) վրա հավելագրել տոկոսներ` ցպահանջ ավանդների համար սահմանված չափերով, եթե կողմերի միջև առկա չէ այլ պայմանավորվածություն (օրինակ` պայմանագրով նախատեսված է հավելագրվող տոկոսների այլ չափ):

2. ԴԱՀԿ ծառայության կողմից հաճախորդի ավանդում առկա դրամական միջոցները բռնագանձելու դեպքում բանկի կողմից ստուգվում է կատարողական վարույթի հիմքը.

. Եթե կատարողական վարույթի համար հիմք է հանդիսանում վճիռը, ապա հաճախորդի ավանդում առկա դրամական միջոցներից բանկը պարտավորության չափով իրականացնում է փոխանցումը ԴԱՀԿ ծառայության համապատասխան հաշվին, իսկ ավանդի գումարի վրա բանկը կարող է հավելագրել ցպահանջ ավանդների համար սահմանված չափերով տոկոսներ, եթե կողմերի միջև առկա չէ այլ պայմանավորվածություն (օրինակ` պայմանագրով նախատեսված է հավելագրվող տոկոսների այլ չափ):

. Եթե կատարողական վարույթի համար հիմք է հանդիսանում անբողոքարկելի դարձած վարչական ակտը, իսկ ավանդի տվյալ տեսակի (պրոդուկտի) համար նախատեսված չէ նվազագույն սահմանաչափ կամ նախատեսված է նվազագույն սահմանաչափ, սակայն բռնագանձման իրականացման արդյունքում հաճախորդի ավանդի գումարի մնացորդը բավարարում է տվյալ պրոդուկտի համար նախատեսված նվազագույն սահմանաչափը, ապա բանկը հաճախորդի ավանդից պարտավորության չափով իրականացնում է փոխանցումը ԴԱՀԿ ծառայության համապատասխան հաշվին, իսկ ավանդի գումարի մնացորդի վրա շարունակում հավելագրել պայմանագրով նախատեսված տոկոսները:

. Եթե կատարողական վարույթի համար հիմք է հանդիսանում անբողոքարկելի դարձած վարչական ակտը, իսկ ավանդի տվյալ տեսակի (պրոդուկտի) համար նախատեսված է նվազագույն սահմանաչափ և բռնագանձման իրականացման արդյունքում հաճախորդի ավանդի գումարի մնացորդը չի բավարարում տվյալ պրոդուկտի համար նախատեսված նվազագույն սահմանաչափը, ապա բանկը հաճախորդի ավանդից պարտավորության չափով իրականացնում է փոխանցում ԴԱՀԿ ծառայության համապատասխան հաշվին, իսկ ավանդի գումարի վրա բանկը կարող է հավելագրել ցպահանջ ավանդների համար սահմանված չափերով տոկոսներ, եթե կողմերի միջև առկա չէ այլ պայմանավորվածություն (օրինակ` պայմանագրով նախատեսված է հավելագրվող տոկոսների այլ չափ):

3. ԴԱՀԿ ծառայության կողմից բռնագանձման մասին որոշում ստանալու դեպքում բանկը բռնագանձումն իրականացնում է ստորև նշված հերթականությամբ (առաջին հերթում նշված հաշիվներում դրամական միջոցներ չունենալու կամ նման հաշիվներում պարտավորության չափով մնացորդ չունենալու պարագայում բանկը արգելադրում է հաջորդ հերթում առկա դրամական միջոցները).

. Ընթացիկ հաշիվներում ՀՀ դրամով առկա դրամական միջոցները,

. Ընթացիկ հաշիվներում արտարժույթով առկա դրամական միջոցները,

. Ավանդներում ՀՀ դրամով առկա դրամական միջոցները,

. Ավանդներում արտարժույթով առկա դրամական միջոցները:

4. ԴԱՀԿ ծառայության կողմից իրականացվող բռնագանձման գործընթացում պարտապան հանդիսացող հաճախորդի վճարային (հաշվարկային) քարտի վարկային միջոցները (օվերդրաֆտ) ենթակա չեն արգելադրման:

5. Անբողոքարկելի վարչական ակտով սկսված կատարողական վարույթի ընթացքում հաճախորդի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների (բացառությամբ` քարտային հաշվին առկա վարկային միջոցների (օվերդրաֆտ)) արգելադրումը հիմք չի կարող հանդիսանալ բանկի համար հաճախորդի քարտային հաշվի վարկային միջոցների (օվերդրաֆտ) օգտագործման հնարավորության կասեցման կամ որևէ կերպ սահմանափակման համար:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
17.11.2015
N 2
Պաշտոնական պարզաբանում