(ուժը կորցրել է 09.08.17 թիվ 344-Ն որոշում)
i
600.0341.071015
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 10 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60015413
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
30 սեպտեմբերի 2015 թվականի N 341-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ժզ» կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) տարանցիկ փոխադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2015 թվականի սեպտեմբերի 30-ի
N 341-Ն որոշմամբ
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) տարանցիկ փոխադրման գործընթացը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքով էլեկտրական էներգիայի տարանցիկ փոխադրման գործընթացում կողմերի հարաբերությունները կանոնակարգվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
3. Սույն կարգում օգտագործված հիմնական հասկացություններն են`
1) Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.
2) Տարանցիկ փոխադրում` Հայաստանի Հանրապետության տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) տարանցիկ փոխադրում Հայաստանի Հանրապետության տարածք` ժամանման վայրի (մուտքի) մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի (ելքի) մաքսային մարմին.
3) Տարանցիկ փոխադրման պատվիրատու` Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցվող էլեկտրական էներգիայի սեփականատեր կամ նրա լիազոր ներկայացուցիչը, որն ունի նաև սույն կարգին համապատասխան կնքված Տարանցիկ փոխադրման պայմանագիր.
4) Հաղորդող` էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ, ում տրված է նաև Հայաստանի Հանրապետության տարածքով Տարանցիկ փոխադրում իրականացնելու իրավունք.
5) Համակարգի օպերատոր` էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.
6) Հաշվարկային կենտրոն` էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.
7) Պայմանագիր` Տարանցիկ փոխադրման պատվիրատուի և Հաղորդողի միջև կնքված Տարանցիկ փոխադրման պայմանագիր, որը ենթակա է համաձայնեցման էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի հետ և հաշվառման` Հանձնաժողովի կողմից.
8) Պայմանագրային քանակներ` Պայմանագրում ամրագրված տարանցվող էլեկտրական էներգիայի (հզորության) քանակներ.
9) Հաշվարկային ժամանակահատված` ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 00:00-ին և ավարտվում է վերջին օրվա ժամը 24:00-ին:
4. Տարանցիկ փոխադրումն իրականացվում է, երբ այն չի հակասում ներքին շուկայի սպառողների շահերին և չի նվազեցնում Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները:
5. Համակարգի օպերատորը կարող է դադարեցնել Տարանցիկ փոխադրումը` Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների նվազման կամ նվազման վտանգի դեպքում:
6. Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներով կամ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում պլանավորված ռեժիմների խախտմամբ պայմանավորված Պայմանագրային քանակների հնարավոր չկատարման մասին Համակարգի օպերատորը անմիջապես իրազեկում է Հաղորդողին, իսկ Հաղորդողը` Տարանցիկ փոխադրման պատվիրատուին:
7. Համակարգի օպերատորը Տարանցիկ փոխադրման սկսման, ընդհատման, վերսկսման և դադարեցման մասին գրավոր տեղեկացնում է Հաղորդողին և Հաշվարկային կենտրոնին:
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
8. Տարանցիկ փոխադրումն իրականացնում է Հաղորդողը:
9. Հաղորդողը Տարանցիկ փոխադրումն իրականացնում է Հանձնաժողովի տրամադրած էլեկտրական էներգիայի հաղորդման լիցենզիայի, ինչպես նաև Տարանցիկ փոխադրման պատվիրատուի, Համակարգի օպերատորի և Հաշվարկային կենտրոնի հետ կնքված պայմանագրերի հիման վրա:
10. Հաղորդողը ներկրման (ներմուծման) կետում Տարանցիկ փոխադրման պատվիրատուից ընդունում է տարանցվող էլեկտրական էներգիան և արտահանման կետում հանձնում Տարանցիկ փոխադրման պատվիրատուին:
11. Հաղորդողի կողմից արտահանման կետում Տարանցիկ փոխադրման պատվիրատուին հանձնվող` տարանցվող էլեկտրական էներգիայի քանակը (Vելք) որոշվում է հետևյալ բանաձևով.
Vելք = VՄուտք * (1-k/100),
որտեղ`
VՄուտք-ը Հաշվարկային ժամանակահատվածում Տարանցիկ փոխադրման նպատակով ներկրման կետում հաշվառված էլեկտրական էներգիայի ծավալն է,
k-ն Հաշվարկային ժամանակահատվածում Տարանցիկ փոխադրման ընթացքում առաջացող էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորստի տոկոսային մեծությունն է, որն ընդունվում է Հաշվարկային ժամանակահատվածում հաղորդման ցանցերի փաստացի կորուստների տեսակարար (տոկոսային) մեծության հիման վրա:
12. Տարանցիկ փոխադրման ընթացքում էլեկտրական էներգիայի հաշվառումն իրականացնում է Հաշվարկային կենտրոնը` Հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգին համապատասխան:
13. Տարանցիկ փոխադրումն ապահովելու համար Հաղորդողը Համակարգի օպերատորի և Հաշվարկային կենտրոնի հետ կնքում է Հանձնաժողովի կողմից հաստատված օրինակելի ձևի համաձայն պայմանագրեր:
14. Տարանցիկ փոխադրման համար Հաղորդողի կողմից Տարանցիկ փոխադրման պատվիրատուին մատուցվող ծառայության գինը պետք է լինի ոչ պակաս Հանձնաժողովի կողմից սահմանված` էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրական էներգիայի հաղորդման, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման սակագների հանրագումարից:
15. Տարանցիկ փոխադրման համար Հաղորդողը Համակարգի օպերատորին և Հաշվարկային կենտրոնին վճարում է Հանձնաժողովի կողմից սահմանված` էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման սակագներով: