i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ԳԱՂՏՆԱԳՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ` Կողմեր,
ընդունելով Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության գոյության ժամանակաշրջանում գաղտնագրված տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայման` Կողմ հանդիսացող պետություններից յուրաքանչյուրի ազգային անվտանգության ապահովման շահերից բխող անհրաժեշտությունը,
նկատի առնելով միջպետական գաղտնիքների պահպանման փոխադարձ ապահովման վերաբերյալ 1993թ. հունվարի 22-ի Համաձայնագիրը և գաղտնի տեղեկությունների (պետական գաղտնիքների) փոխադարձ պաշտպանության երկկողմանի համաձայնագիրը,
համաձայնեցին հետևյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվում են հետևյալ հասկացությունները.
Գաղտնիության դրոշմագիր - ռեկվիզիտ, որը վկայում է գաղտնի տեղեկությունների կրիչի մեջ առկա տեղեկությունների գաղտնիության աստիճանը` դրված հենց կրիչի կամ դրան կցված փաստաթղթի վրա:
Գաղտնի տեղեկությունների կրիչներ - նյութական օբյեկտներ, այդ թվում` ֆիզիկական դաշտեր, որոնցում գաղտնի տեղեկությունները գտնում են իրենց արտացոլումը խորհրդանիշների, պատկերների, ազդանշանների, տեխնիկական որոշումների և գործընթացների տեսքով:
Կողմ հանդիսացող պետությունների կազմակերպություններ - պետական մարմիններ կամ այլ կազմակերպություններ, որոնք իրենց տրամադրության տակ ունեն գաղտնի տեղեկություններ:
Տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայում - գաղտնի տեղեկությունների հետագա պաշտպանության կամ գաղտնազերծման նպատակահարմարությունը որոշելու նպատակով գաղտնի տեղեկությունների գնահատման ընթացակարգ:
Գաղտնի տեղեկություններ - Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության գոյության շրջանում գաղտնագրված տեղեկություններ, որոնց գաղտնիության աստիճանը ենթակա է վերանայման, որոնք չեն դասվում պետական գաղտնիքների շարքին այն պետություններում, որտեղ որոշում է կայացվել դրանց գաղտնիության աստիճանի վերանայման մասին:
ՀՈԴՎԱԾ 2
Սույն Համաձայնագրի նպատակը Կողմ հանդիսացող պետությունների կազմակերպություններում գտնվող գաղտնի տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայման կարգի հաստատումն է:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերը, ազգային օրենսդրությանը համապատասխան, որոշում են սույն Համաձայնագրի կատարման համար պատասխանատու իրավասու մարմիններին (այսուհետ` իրավասու մարմիններ) և այդ մասին իրազեկում են Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեին, որը սույն Համաձայնագրի ավանդապահն է:
Իրավասու մարմինների փոփոխության մասին համապատասխան Կողմը մեկ ամսվա ընթացքում գրավոր ծանուցում է ավանդապահին:
Սույն Համաձայնագիրն իրականացնելիս իրավասու մարմիններն անմիջականորեն համագործակցում են իրար հետ, իրենցից որևէ մեկի խնդրանքով անցկացնում են համատեղ խորհրդակցություններ:
ՀՈԴՎԱԾ 4
Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով Կողմ հանդիսացող պետությունների կազմակերպություններն իրենց պետությունների իրավասու մարմիններին ուղարկում են գաղտնի տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայման մասին առաջարկներ` նշելով.
ա) վերանայման ենթակա գաղտնի տեղեկությունների կրիչների ամբողջական անվանումները,
բ) դրանց մշակման (պատրաստման) և (կամ) գրանցման համարները և ամսաթվերը,
գ) գաղտնի տեղեկությունների կրիչների գաղտնիության դրոշմագիրը,
դ) գաղտնի տեղեկությունների կրիչին գաղտնիության դրոշմագիր շնորհած կազմակերպությունների անվանումները և դրանց գտնվելու վայրը,
ե) գաղտնի տեղեկությունների հետագա պաշտպանության կամ դրանց գաղտնազերծման նպատակահարմարությունը,
զ) այլ տեղեկություններ, որոնք կարող են անհրաժեշտ լինել առաջարկի կատարման համար:
Իրավասու մարմինը տվյալ առաջարկներն ուղարկում է Կողմ հանդիսացող պետությունների շահագրգիռ իրավասու մարմիններին:
ՀՈԴՎԱԾ 5
Գաղտնի տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայման մասին առաջարկ ստացած իրավասու մարմինները, ազգային օրենսդրությանը համապատասխան, կազմակերպում են դրանց քննարկումը` դրանց հետագա պաշտպանության կամ գաղտնազերծման նպատակահարմարության հարցի լուծման նպատակով, որից հետո քննարկման արդյունքների մասին տեղեկացնում են առաջարկն ուղարկած իրավասու մարմնին:
Իրավասու մարմինների փոխգործակցության արդյունքներով որոշվում են Կողմ հանդիսացող այն պետությունները, որոնք շահագրգռված են գաղտնի տեղեկությունների պաշտպանությամբ, կամ էլ որոշում է ընդունվում դրանց գաղտնազերծման մասին:
Առաջարկի քննարկման ժամկետը կազմում է դրա ստացման ամսաթվից սկսած 6 ամսից ոչ ավել, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում իրավասու մարմինների կողմից չհամաձայնեցվի այլ ժամկետ:
Գաղտնի տեղեկությունների կրիչների գաղտնազերծումն իրականացվում է իրավասու մարմինների փոխադարձ համաձայնությամբ, Կողմ հանդիսացող պետությունների կազմակերպությունների կողմից` ազգային օրենսդրությանը համապատասխան:
Գաղտնի տեղեկությունների պաշտպանությամբ շահագրգիռ Կողմ հանդիսացող պետություններում, ազգային օրենսդրությանը համապատասխան, լուծվում է գաղտնի տեղեկությունները պետական գաղտնիքների շարքին դասելու հարցը:
ՀՈԴՎԱԾ 6
Կողմ հանդիսացող այն պետությունների իրավասու մարմինները, որոնք գաղտնի տեղեկությունները պետական գաղտնիքների շարքին դասելու մասին որոշում են ընդունել, շահագրգիռ իրավասու մարմիններին են ուղարկում գաղտնի տեղեկությունների պաշտպանության անհրաժեշտության և ժամկետների մասին տեղեկատվություն:
Ստացված տեղեկատվության հիման վրա Կողմերը միջոցներ են ձեռնարկում գաղտնի տեղեկությունները պաշտպանելու ուղղությամբ` գաղտնի տեղեկության (պետական գաղտնիքների) փոխադարձ պաշտպանության մասին միջազգային պայմանագրերին համապատասխան:
Յուրաքանչյուր Կողմի պետություն իրավունք ունի այլ Կողմերի պետությունների շահերին չդիպչող այն գաղտնի տեղեկությունների գաղտնազերծման վերաբերյալ ինքնուրույն որոշում ընդունելու, որոնց գաղտնագրման ժամկետը լրացել է:
ՀՈԴՎԱԾ 7
Կողմերն ինքնուրույն են կրում սույն Համաձայնագրի կատարման ընթացքում առաջացող ծախսերը, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում չի պայմանավորվել այլ կարգ:
ՀՈԴՎԱԾ 8
Սույն Համաձայնագրում Կողմերի համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կհանդիսանան նրա անքակտելի մասը, կձևակերպվեն համապատասխան արձանագրություններով և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածի համաձայն:
ՀՈԴՎԱԾ 9
Սույն Համաձայնագրի կիրառության և մեկնաբանման ընթացքում Կողմերի միջև ծագած վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
ՀՈԴՎԱԾ 10
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրած Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցագիրն ավանդապահի ստանալուց 30 օր հետո:
Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:
ՀՈԴՎԱԾ 11
Սույն Համաձայնագիրը գործում է 5 տարվա ընթացքում` ուժի մեջ մտնելու օրվանից սկսած: Այդ ժամկետը լրանալուց հետո Համաձայնագիրն ինքնաբերաբար ամեն անգամ երկարաձգվում է 5 տարի ժամկետով, եթե Կողմերը չեն ընդունում այլ որոշում:
ՀՈԴՎԱԾ 12
ՈՒժի մեջ մտնելուց հետո սույն Համաձայնագիրը բաց է Անկախ Պետությունների Համագործակցության ցանկացած պետության միանալու համար, ինչպես նաև` ցանկացած այլ պետության համար, որն ընդունում է նրա դրույթները, նպատակները և սկզբունքները` ավանդապահին միացման մասին փաստաթղթի հանձնման միջոցով:
Միացող պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միացման մասին համապատասխան փաստաթուղթն ավանդապահի ստանալուց 30 օր հետո:
ՀՈԴՎԱԾ 13
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` այդ մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով, ոչ ուշ, քան դուրս գալուց 6 ամիս առաջ:
Կատարված է Սանկտ Պետերբուրգ քաղաքում 2011թ. հոկտեմբերի 18-ին, մեկ բնօրինակով, ռուսերենով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2014թ. դեկտեմբերի 3-ին