Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 18...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 185-ՐԴ, 278-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քրեական                             Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                 ԵՇԴ/0002/11/14  

    Գործ թիվ ԵՇԴ/0002/11/14                          2015 թ.

Նախագահող դատավոր` Ս. Համբարձումյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի  

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Ավետիսյանի

                                              Հ. Ասատրյանի     

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ           Հ. Պետրոսյանի

 

2015 թվականի փետրվարի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հուլիսի 25-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր. Բադալյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Կարապետյանի (այսուհետ նաև` Քննիչ)` 2013 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածների հատկանիշներով հարուցվել է թիվ 11120013 քրեական գործը:

Քննիչի` 2013 թվականի նոյեմբերի 30-ի «Քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդում չիրականացնելու, խափանման միջոցը վերացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին» որոշման 1-ին կետով քրեական գործի վարույթը կարճվել է, Մարինե Գառնիկի Աբրոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, իսկ Սամվել Լադիկի Շահնազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածներով, 34-213-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական հետապնդումը` դադարեցվել համաներման ակտ ընդունվելու պատճառաբանությամբ:

Նույն որոշման 2-րդ կետով Մարինե Աբրոյանի և Տիգրան Խեմչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում չի իրականացվել նրանց արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

2. Մ. Աբրոյանի և Տ. Խեմչյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը Ս. Շահնազարյանի կողմից բողոքարկվել է Երևան քաղաքի դատախազին:

Դատախազ Ա. Դավթյանի` 2013 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ ներկայացված բողոքը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ:

3. 2014 թվականի փետրվարի 7-ին Ս.Շահնազարյանը բողոք է ներկայացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել քննիչ Ա. Կարապետյանի` 2013 թվականի նոյեմբերի 30-ի որոշման 2-րդ կետը և պարտավորեցնել հարուցել քրեական գործ:

Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի մայիսի 20-ի որոշմամբ ներկայացված բողոքը բավարարվել է, քրեական հետապնդում չիրականացնելու մասով քննիչ Ա.Կարապետյանի որոշումը` վերացվել:

4. Դատախազ Կ. Ադամյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի հուլիսի 25-ի որոշմամբ ներկայացված բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի մայիսի 20-ի որոշումը` թողել օրինական ուժի մեջ:

5. Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի հուլիսի 25-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալյանը:

Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր. Բադալյանի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. «Քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդում չիրականացնելու, խափանման միջոցը վերացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին» քննիչ Ա. Կարապետյանի` 2013 թվականի նոյեմբերի 30-ի որոշման համաձայն` «(...) Նախաքննությամբ (...) հիմնավորվել է, որ Սամվել Լադիկի Շահնազարյանը 2011 թվականի նոյեմբերի 2-ից 2012 թվականի ապրիլի 25-ը ընկած ժամանակահատվածում մաս-մաս, ամսական 10, 15 և 20 տոկոս տոկոսադրույքներով Մարինե Գառնիկի Աբրոյանին տվել է ընդհանուր 13.595.000 ՀՀ դրամ և 30.000 ԱՄՆ դոլար, որի դիմաց, սակայն, տոկոսավճարներ չի ստացել: (...) Թեև տոկոսավճարները կամ մայր գումարը Ս. Շահնազարյանի կողմից ստանալը չի հիմնավորվել, այնուհանդերձ նշված գումարները Մ. Աբրոյանի կամ որևէ այլ անձի կողմից խարդախությամբ հափշտակված համարվել չեն կարող, քանի որ նախ և առաջ դրանք Մ. Աբրոյանի տիրապետության տակ են անցել Ս. Շահնազարյանի ծավալած հանցավոր գործունեության արդյունքում, բացի այդ հերքվել է արտադրամասը կառուցելու կամ այն թեկուզ կարճ ժամանակահատվածով աշխատեցնելու վարկածը: Այդ առիթով Ս. Շահնազարյանը տվել է ընդամենը ոչ արժանահավատ ցուցմունքներ, չի ներկայացրել անգամ որևէ փաստաթուղթ, որը կվկայեր, օրինակ, արտադրամասը կառուցելու թույլտվության կամ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու մասին (...)»:

7. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «(...) Ամբողջ նախաքննության ընթացքում Սամվել Շահնազարյանի կողմից բերված փաստարկները չեն ստուգվել:

Մասնավորապես, Սամվել Շահնազարյանի գումարները խարդախությամբ հափշտակելու մասով չեն հարցաքննվել նրա ընտանիքի անդամներն ու հարևանները, որոնք` ըստ Ս. Շահնազարյանի, կարող են հաստատել Մարինե Աբրոյանի և Տիգրան Խեմչյանի մեղավորությունը:

Բացի այդ, քրեական հետապնդումն իրականացնող մարմնի կողմից չեն ձեռնարկվել օրենքով նախատեսված բոլոր միջոցները` Տիգրան Խեմչյանին հայտնաբերելու և նրան հարցաքննելու ուղղությամբ:

(...)

Նման պայմաններում դատարանը գտնում է, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինը չի ձեռնարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, որպիսի պայմաններում խախտվել են Սամվել Շահնազարյանի իրավունքները (...)»:

Նույն որոշմամբ, հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածին` Առաջին ատյանի դատարանը որոշել է. «Մարինե Աբրոյանի և Տիգրան Խեմչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում չիրականացնելու մասով [Քննիչի] որոշումը վերացնել» (տե՛ս նյութեր, թերթ 40-41):

8. Վերաքննիչ դատարանը, հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ և 290-րդ հոդվածներին, կայացրել է որոշում, որի համաձայն` «(...) [Ա]ռաջին ատյանի դատարանը դիմող Ս. Շահնազարյանի բողոքը քննության առնելիս` գտնելով, որ Մարինե Աբրոյանի և Տիգրան Խեմչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում չիրականացնելու մասով ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Կարապետյանի 2013 թվականի նոյեմբերի 30-ի որոշումը օրինական և հիմնավորված չէ, պատճառաբանված որոշում է կայացրել դիմողի բողոքը բավարարելու և բողոքարկվող որոշումը վերացնելու վերաբերյալ (...)» (տե՛ս նյութեր, թերթ 81):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոք բերած անձի պնդմամբ Վերաքննիչ դատարանի դատական ակտը օրինական և հիմնավոր չէ, ստորադաս դատարանները խախտել են ՀՀ Սահմանադրության 5-րդ, 19-րդ հոդվածները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 278-րդ, 290-րդ, ինչպես նաև 358-րդ հոդվածների պահանջները:

10. Մասնավորապես բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը, դուրս գալով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իր լիազորությունների շրջանակից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի պահանջների խախտմամբ վերացրել է վարույթը կարճված քրեական գործով կայացված քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը, իսկ Վերաքննիչ դատարանը նշված որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման արդյունքում որևէ իրավական նորմի խախտում չի արձանագրել:

11. Բողոքաբերը նշել է նաև, որ ստորադաս դատարաններն իրենց որոշումների պատճառաբանական մասում նշել են, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինը չի ձեռնարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար: Մասնավորապես չեն հարցաքննվել Ս. Շահնազարյանի ընտանիքի անդամներն ու հարևանները, միջոցներ չեն ձեռնարկվել Տ. Խեմչյանին հայտնաբերելու և հարցաքննելու ուղղությամբ: Մինչդեռ նախաքննության ընթացքում հարցաքննվել են Ս. Շահնազարյանի ընտանիքի անդամները (կինը, աղջիկը և փեսան), հարևանները, իսկ Տ. Խեմչյանն օրենքով սահմանված կարգով ծանուցվել է հարցաքննության ներկայանալու մասին, այնուհետև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածով սահմանված կարգով նրա նկատմամբ բերման ենթարկելու մասին որոշում է կայացվել, սակայն պարզվել է, որ վերջինս Հայաստանի Հանրապետությունից բացակայում է:

12. Բողոքի հեղինակը փաստարկել է նաև, որ ստորադաս դատարանների կողմից խախտվել է Մ. Աբրոյանի և Տ. Խեմչյանի` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը: Մասնավորապես Ս. Շահնազարյանի կողմից ներկայացված բողոքն անմիջականորեն առնչվել է նրանց իրավունքներին և օրինական շահերին, վերաբերել նրանց կողմից ենթադրաբար խարդախություն կատարելու մասով քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշմանը, սակայն վերջիններիս հնարավորություն չի տրվել մասնակցելու ներկայացված բողոքի քննությանը, որի արդյունքում կայացվել է քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ որոշում: Բողոքաբերի կարծիքով` բողոքարկվող դատական ակտը քննարկվող հարցերի առումով հակասում է Հ.Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հունիսի 13-ի թիվ ԵԿԴ/0004/11/11 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին:

13. Մեջբերելով Լ. Ավետիսյանի գործով խարդախության հանցակազմի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի փետրվարի 24-ին կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` բողոքաբերը եզրահանգել է, որ սույն քրեական գործի նյութերով որևէ տվյալ ձեռք չի բերվել, որով կհիմնավորվեր, որ Մ. Աբրոյանը և Տ. Խեմչյանն ի սկզբանե նպատակ են ունեցել խարդախության միջոցով հափշտակելու Ս. Շահնազարյանի գումարները: Բացի այդ, քրեական գործով հիմնավորվել է, որ Ս. Շահնազարյանը վիճարկվող գումարը Մ. Աբրոյանին է տվել ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով` ամսական 10, 15 և 20 տոկոս տոկոսադրույքով գումարներ ստանալու նպատակով, և որպես այն հետ ստանալու երաշխիք` նրանց կողմից կազմվել են պարտավորագրեր:

14. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի մայիսի 20-ի և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի հուլիսի 25-ի որոշումները և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

15. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս կիրառելի իրավական կառուցակարգի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

i

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. քրեական հետապնդում չիրականացնելու մասով Քննիչի որոշման դատական ստուգումը ստորադաս դատարանները պետք է իրականացնեին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ, թե՞ 290-րդ հոդվածով նախատեսված կառուցակարգով:

17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն`

«1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

(...)

5. Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին: Դատավորի որոշման պատճենն ուղարկվում է դիմողին և վարույթն իրականացնող մարմնին»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն`

«1. Քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

(...)

5. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը»:

18. Վճռաբեկ դատարանը կրկնում է իր նախադեպային պրակտիկայում ձևավորած դիրքորոշումներն առ այն, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասը նպատակ է հետապնդում սահմանել քրեական դատավարության համակարգում անձի սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության կարևորագույն երաշխիքներից մեկը` մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության իրավական կառուցակարգը: Ընդ որում, այդ իրավանորմն ընդհանրական է. այն չի սահմանում վերահսկողության կոնկրետ օբյեկտները (տե՛ս Համբարձում Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0004/11/11 որոշման 18-րդ կետը):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը բովանդակում է հատուկ իրավանորմեր, որոնք հստակ կարգավորում են մինչդատական վարույթի շրջանակներում ընդունվող դատավարական ակտերից մեկի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման կարգը, դրա արդյունքում ընդունվող որոշումների շրջանակը և այդ որոշումների հետևանքով որոշակի իրավահարաբերությունների փոփոխությունները: Հակառակ դրան` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ և 290-րդ հոդվածներն ամրագրում են առավելապես ընդհանրական բնույթի նորմեր, որոնք մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության սահմանները և քրեական դատավարության այդ փուլում դատարանի լիազորությունները կարգավորում են ընդհանրական ձևով: ՀՀ քրեադատավարական օրենքում նույն իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր և հատուկ նորմերի առկայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենսդիրը կոնկրետ իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր նորմերից, տվյալ դեպքում` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ և 290-րդ հոդվածներից, առանձնացրել է այդ նույն իրավահարաբերությունը կարգավորող հատուկ նորմ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը` հստակեցնելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման դատական կարգն ու դրա արդյունքում դատարանի կողմից կայացվող որոշումը: Նույն իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր և հատուկ նորմերի առկայության դեպքում իրավակիրառողը պետք է կիրառի հատուկ նորմերը և չկիրառի ընդհանուր նորմերը (տե՛ս Համբարձում Հարությունյանի գործով վերը վկայակոչված որոշման 20-րդ և 21-րդ կետերը):

19. Զարգացնելով նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված հատուկ կառուցակարգը դատական ստուգման առարկայի առումով սահմանափակված է քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշմամբ: Կիրառելով մեկնաբանման expressio unius հանրաճանաչ կանոնը, համաձայն որի` սպառիչ ցանկում որևէ տարր չներառելը պետք է մեկնաբանել դրա բացառման իմաստով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը ներառված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված դատական ստուգման առարկայում:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը չի կարող նույնացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման հետ, քանի որ դրանք իրենցից ներկայացնում են տարբեր իրավական բնույթ, բովանդակություն, նպատակ և հետևանքներ ունեցող դատավարական որոշումներ:

Մասնավորապես քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումն իրենից ներկայացնում է քրեական գործ հարուցելու փուլը եզրափակող և դատավարության հետագա ընթացքը բացառող որոշում: Այն կայացվում է ենթադրյալ հանցանքի հիմքերի բավարարության ստուգման ուղղությամբ իրականացվող դատավարական և (կամ) այլ գործողությունների արդյունքում, ընդ որում, դրա կայացման համար իրավական նշանակություն չունի ենթադրաբար հանցանք կատարած անձի փաստացի առկայությունը: Մինչդեռ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը կայացվում է կոնկրետ անձի նկատմամբ` բացառելով տվյալ անձի նկատմամբ կոնկրետ դեպքի առթիվ քրեական հետապնդում իրականացնելը, այլ ոչ թե այդ դեպքի առթիվ իրականացվող վարույթի ընթացքը, որն ուղղված է մեղավոր անձին (անձանց) բացահայտելուն և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելուն:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման դատական վերահսկողության նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված կառուցակարգը կիրառելի չէ: Ավելին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման նկատմամբ դատական վերահսկողության հատուկ կառուցակարգ, հետևաբար դրա նկատմամբ պետք է կիրառվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կառուցակարգը:

i

20. Սույն գործի փաստերի համաձայն` Քննիչի` 2013 թվականի նոյեմբերի 30-ի «Քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդում չիրականացնելու, խափանման միջոցը վերացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին» որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել է, Մ. Աբրոյանի և Ս. Շահնազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ ու 118-րդ հոդվածներով, 34-213-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել համաներման ակտ ընդունվելու պատճառաբանությամբ: Նույն որոշման 2-րդ կետով Մ. Աբրոյանի և Տ. Խեմչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում չի իրականացվել նրանց արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 1-ին կետը):

Նշված որոշման 2-րդ կետի դեմ դատական կարգով բողոք է ներկայացրել Ս. Շահնազարյանը` խնդրելով վերացնել քննիչ Ա. Կարապետյանի` 2013 թվականի նոյեմբերի 30-ի որոշման 2-րդ կետը և պարտավորեցնել հարուցել քրեական գործ (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը, հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածին, որոշել է քրեական հետապնդում չիրականացնելու մասով վերացնել Քննիչի որոշումը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Վերաքննիչ դատարանն իր հերթին, հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ և 290-րդ հոդվածներին, օրինական ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

21. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 18-19-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական հետապնդում չիրականացնելու մասով Քննիչի որոշման դատական ստուգումը ստորադաս դատարանները պետք է իրականացնեին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված կառուցակարգով:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ չնայած Առաջին ատյանի դատարանը հղում է կատարել 290-րդ, իսկ Վերաքննիչ դատարանը` 185-րդ և 290-րդ հոդվածներին, սակայն դատական ստուգումն, ըստ էության, իրականացրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված կարգով: Վճռաբեկ դատարանի վերջին դիրքորոշումը հիմնավորվում է նրանով, որ ստորադաս դատարաններն արդյունքում վերացրել են բողոքարկվող որոշումը: Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով իրականացվող վարույթի շրջանակներում դատարանի լիազորությունները սահմանափակված են անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության կամ բողոքը մերժելու մասին որոշում կայացնելով: Նշված վարույթի շրջանակներում, ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով իրականացվող վարույթի, դատարանն իրավասու չէ վերացնել բողոքարկվող որոշումը:

Արդյունքում ստորադաս դատարանները դուրս են եկել դատական վերահսկողության սահմաններից` թույլ տալով նաև ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածով նախատեսված օրինականության սկզբունքի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ և 290-րդ հոդվածների խախտումներ:

22. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները Ս. Շահնազարյանի բողոքի քննության մասին չեն տեղեկացրել Մ. Աբրոյանին և Տ. Խեմչյանին (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը): Մինչդեռ ներկայացված բողոքն անմիջականորեն առնչվել է նրանց իրավունքներին և օրինական շահերին, վերաբերել նրանց կողմից ենթադրաբար խարդախություն կատարելու մասով քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշմանը: Հետևաբար բողոքի կապակցությամբ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու համար դատարանները պարտավոր էին տեղեկացնել բողոքի դատական քննության մասին (նշված հարցի կապակցությամբ mutatis mutandis տե՛ս Համբարձում Հարությունյանի գործով վերը վկայակոչված որոշումը):

Արդյունքում ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի խախտում:

23. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները սույն գործով դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել դատական սխալ` դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն` հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արձանագրված խախտումներն իրենց բնույթով այնպիսին են, որ զրկում են Վճռաբեկ դատարանին բողոքաբերի կողմից ներկայացված մնացած փաստարկներին (տե՛ս սույն որոշման 11-րդ և 13-րդ կետերը) անդրադառնալու հնարավորությունից, հետևաբար գործը պետք է ուղարկվի Վերաքննիչ դատարան` նոր քննության: Ընդ որում, նոր քննության շրջանակներում արդար դատաքննության իրավունքի պահանջների պահպանմամբ պետք է քննարկման առարկա դարձվեն նաև բողոքաբերի նշված փաստարկները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 397-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Սամվել Լադիկի Շահնազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվականի հուլիսի 25-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.02.2015
N ԵՇԴ/0002/11/14
Որոշում