Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 75-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 75-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ Դ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քրեական                             Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                 ԵԿԴ/0121/11/14

    Գործ թիվ ԵԿԴ/0121/11/14                          2015 թ.

Նախագահող դատավոր` Ե. Դարբինյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի  

                   մասնակցությամբ դատավորներ  Հ. Ասատրյանի     

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ           Հ. Պետրոսյանի

 

2015 թվականի մարտի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 13-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Բադալյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ազգային անվտանգության ծառայություն (այսուհետ` ԱԱԾ) քննչական վարչության ավագ քննիչ Ա. Սիրականյանի` 2007 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ հարուցվել է թիվ 58211007 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

2007 թվականի դեկտեմբերի 25-ին նշված գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Կարեն Քյուփելյանը, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով:

2007 թվականի դեկտեմբերի 27-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Նույն դատարանի` 2008 թվականի հունվարի 22-ի դատավճռով Կ. Քյուփելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի` 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Դատավճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

2. 2013 թվականի հուլիսի 16-ին Կ. Քյուփելյանի կողմից «lragir.am» համացանցային կայքի թղթակցին տված հարցազրույցի վերաբերյալ նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է թիվ 62207213 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում Կ. Քյուփելյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2007 թվականի նոյեմբերի 1-ին իրեն ՀՀ ԱԱԾ բերման ենթարկելուց հետո պահել են այնտեղ` ինչ-որ մի աշխատասենյակում, մինչև հաջորդ օրը, և որ գիշերն իր հետ աշխատասենյակում մնացել է ԱԱԾ աշխատակից Հրանտ Մազմանյանը:

2014 թվականի մայիսի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Թամրազյանի (այսուհետ` նաև Քննիչ) որոշմամբ թիվ 62207213 քրեական գործով Հ. Մազմանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել նրան քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

3. Վերոհիշյալ որոշման դեմ Հ. Մազմանյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ինչը ՀՀ գլխավոր դատախազության վարչության դատախազ Ա. Շահբազյանի (այսուհետ` նաև Դատախազ)` 2014 թվականի մայիսի 30-ի որոշմամբ մերժվել է:

4. 2014 թվականի հուլիսի 2-ին Հ. Մազմանյանը դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել Քննիչի` 2014 թվականի մայիսի 13-ի և Դատախազի` 2014 թվականի մայիսի 30-ի որոշումները:

Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ Հ. Մազմանյանի բողոքը մերժվել է:

5. Հ. Մազմանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հոկտեմբերի 13-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի օգոստոսի 26-ի որոշումը բեկանել է և վերացրել Քննիչի` 2014 թվականի մայիսի 13-ի որոշումը:

6. Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 13-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Բադալյանը:

Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունվարի 30-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Հ. Մազմանյանի կողմից որպես վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացվել է միջնորդություն, որով վերջինս խնդրել է քննության չառնել բողոքը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. Քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2014 թվականի մայիսի 13-ի որոշման համաձայն`»[Ք]րեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հ. Մազմանյանը, բերման ենթարկված Կ. Քյուփելյանին երեք ժամից ավել պահելու իրավունք չունենալով և պարտավոր լինելով նրան բաց թողնել, դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից, 2007 թվականի նոյեմբերի 1-ին` ժամը 23.00-ից հետո` գիշերը, Կ. Քյուփելյանին պահել է իր աշխատասենյակում, որով էական վնաս է պատճառել Կ. Քյուփելյանի օրինական շահերին:

Այսպիսով, Հ. Մազմանյանի արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հանցակազմի հատկանիշներ:

(...)»:

Նախաքննության մարմինը, հիմնավորված համարելով, որ Հ. Մազմանյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միջին ծանրության հանցագործություն և նկատի ունենալով նշված հանցանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները, 2014 թվականի մայիսի 13-ին որոշում է կայացրել Հ. Մազմանյանի նկատմամբ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին (տե՛ս քրեական գործի նյութեր, 7-9 թերթեր):

8. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի համաձայն` «(...) [Հ]աստատված է այն հանգամանքը, որ Կ. Քյուփելյանը իրոք ապօրինի պահվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ վարչական շենքում և 2-րդ հարկում գտնվող թիվ 452 սենյակում, նրան պահել է Հ. Մազմանյանը, իսկ Հ. Մազմանյանին` Կ. Քյուփելյանին նշված շենքում պահելու մասին վերադասների կողմից ցուցում տալու հանգամանքը հերքվում է, քանի որ նախ առկա չէ նման ցուցում տալու արձանագրություն, իսկ կատարված հնարավոր բոլոր քննչական գործողությունների արդյունքում բանավոր ցուցում տալու վերաբերյալ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել, և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, որպիսի պայմաններում հնարավոր չէ հաստատել Է. Նանյանի և Տ. Աղաջանյանի կողմից Հ. Մազմանյանին նման ցուցում տալու փաստը: Հետևաբար, դատարանը գտնում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Թամրազյանի` 2014 թվականի մայիսի 13-ի քրեական հետապնդում չիրականացնելու մասին և ՀՀ գլխավոր դատախազության վարչության դատախազ Ա.Շահբազյանի` 2014 թվականի մայիսի 30-ի բողոքը մերժելու մասին որոշումներն օրինական են ու հիմնավորված, և դրանց արդյունքում Հ. Մազմանյանի որևէ իրավունք չի խախտվել» (տե՛ս քրեական գործի նյութեր, 48-55 թերթեր):

9. Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի` Թ. Գևորգյանի վերաբերյալ գործով 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԼԴ/0203/01/11 և Ա. Բաղդասարյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԱՔԴ/0009/11/13 որոշումները, իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(...) համաներման ակտի կիրառմամբ կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով հարուցված քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումների կայացման դեպքում անձի համաձայնության պարտադիր լինելու առումով, ըստ էության, հավասարազոր են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 13-րդ կետերով ամրագրված հիմքերը, և եթե համաներման ակտի կիրառման համար պարտադիր է անձի համաձայնությունը, ապա այն պարտադիր է նաև քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ժամանակ:

(...) Ընդհանուր իրավասության դատարանը (...) կայացրել է դատական ակտ, որը խախտում է անձի, տվյալ դեպքում` Հր.Մազմանյանի իրավունքները և օրինական շահերը, մասնավորապես, նկատի առնելով, որ վերջինս հանդիսացել է ՀՀ ԱԱԾ աշխատակից, քրեական պատասխանատվությունից ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ կետի` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, որը էությամբ ոչ արդարացնող /ոչ ռեաբիլիտացիոն/ հիմք է, և Հ. Մազմանյանը համաձայնություն չի տվել նշված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելու համար:

Այսպիսով, վերլուծելով (...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի պահանջները, դատարանը հանգում է այն հետևության, որ համաներման ակտ ընդունվելու և վաղեմության ժամկետներն անցնելու հիմքերով քրեական գործի վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման հիմքերը դասվում են «ոչ արդարացնող» հիմքերի շարքին: Հետևաբար, նման հիմքերով քրեական հետապնդման դադարեցման պարագայում նախապես անձի համաձայնությունն ստանալու օրենսդրական պահանջը նպատակ է հետապնդում պարզելու իր նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով քրեական հետապնդում կիրառելու կամ չկիրառելու վերաբերյալ անձի դիրքորոշումը: Տվյալ դեպքում սույն գործով Հ. Մազմանյանը չի տվել իր համաձայնությունը վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու համար, ուստի դատարանը գտնում է, որ նախաքննական մարմնի` 13.05.2014 թ. և ՀՀ գլխավոր դատախազությանը հասցեագրված միջնորդությունը մերժելու մասին 30.05.2014 թ. որոշումներով խախտվել է Հրանտ Մազմանյանի իրավունքները և ազատությունները» (տե՛ս քրեական գործի նյութեր, 101-113 թերթեր):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

10. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրինական և հիմնավորված չէ, քանի որ դատական ակտ կայացնելիս թույլ են տրվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Այսպես` բողոք բերած անձն անհիմն է համարել Վերաքննիչ դատարանի կողմից իր դատական ակտը Վճռաբեկ դատարանի` Թ. Գևորգյանի վերաբերյալ գործով 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԼԴ/0203/01/11 և Ա. Բաղդասարյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԱՔԴ/0009/11/13 որոշումներով հիմնավորելը` փաստարկելով, որ Վճռաբեկ դատարանը վերոհիշյալ որոշումներով իրավական դիրքորոշում է արտահայտել համաներման ակտի կիրառմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքի վերաբերյալ, իսկ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու խնդրին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Սաղաթելյանի գործով որոշման շրջանակներում և ձևավորել իրավական դիրքորոշում այն մասին, որ բոլոր այն դեպքերում, երբ քրեական գործը դեռ հարուցված չէ, կամ քրեական գործը հարուցվել է, սակայն որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել, և անցել են վաղեմության ժամկետները, ապա ենթադրյալ իրավախախտում կատարած անձի համաձայնությունն անհրաժեշտ չէ, և մինչդատական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է իր նախաձեռնությամբ հրաժարվել քրեական գործ հարուցելուց կամ որոշում կայացնել հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին:

Բողոքաբերի պնդմամբ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատական ակտերում Վճռաբեկ դատարանի` Ա. Սաղաթելյանի գործով արտահայտված իրավական դիրքորոշման հակասական մեկնաբանությունը վկայում է այն մասին, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին քրեադատավարական նորմի միատեսակ կիրառության համար:

Բողոքում բարձրացված հարցը դիտարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով սահմանված անմեղության կանխավարկածի լույսի ներքո` բողոք բերած անձը կարծիք է հայտնել այն մասին, որ դրա վերաբերյալ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

11. Ելնելով վերոգրյալից` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 13-ի որոշումը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու սահմանադրական գործառույթի իրացումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնելիս անձի դիրքորոշումը պարզելու իրավական պահանջի մեկնաբանման և կիրառման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ առանց Հ. Մազմանյանի համաձայնության վերջինիս նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնելը խախտել է նրա իրավունքներն ու ազատությունները:

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում է. «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները»:

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

Վերոհիշյալ իրավական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ա. Սաղաթելյանի գործով որոշման մեջ` ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) [Ք]րեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով: Ինչպես երևում է նշված արգելքը սահմանող իրավանորմի վերլուծությունից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի կիրառման համար ենթադրյալ իրավախախտում կատարած անձի համաձայնությունն անհրաժեշտ է միայն այն դեպքում, երբ քրեական գործն արդեն իսկ հարուցված է, և անձը ներգրավվել է որպես մեղադրյալ, այսինքն` նրա նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում:

Բոլոր այն դեպքերում, երբ քրեական գործը դեռ հարուցված չէ, կամ քրեական գործը հարուցվել է, սակայն որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել, և անցել են վաղեմության ժամկետները, ապա ենթադրյալ իրավախախտում կատարած անձի համաձայնությունն անհրաժեշտ չէ, և մինչդատական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է իր նախաձեռնությամբ հրաժարվել քրեական գործ հարուցելուց կամ որոշում կայացնել հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին: Այլ կերպ` քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետներն անցած լինելն ինքնին բացառում է քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը` անկախ ենթադրյալ իրավախախտում կատարած անձի համաձայնությունից կամ առարկությունից. համաձայնության հարցն առաջ է գալիս միայն կոնկրետ անձի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուց` նրան մեղադրանք առաջադրելուց հետո» (տե՛ս Ա. Սաղաթելյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշման 24-րդ կետը):

Վերահաստատելով Ա. Սաղաթելյանի գործով կայացված որոշման մեջ ձևավորած իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով որոշման շրջանակներում արձանագրել է. «(...) [Վ]աղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար մեղադրյալի համաձայնության առկայությունը բխում է անմեղության կանխավարկածի սկզբունքից և անձի արդար դատաքննության, մասնավորապես օրենքով սահմանված կարգով իր մեղավորության հարցը համապատասխան դատական ատյաններում վիճարկելու իրավունքից: Հետևաբար, այն դեպքում, երբ անձը համաձայն չէ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հետ, նրան պետք է հնարավորություն ընձեռվի դատական քննության միջոցով հասնել իր անմեղության ապացուցման (...)» (տե՛ս Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշման 24-րդ կետը, տե՛ս նաև mutatis mutandis Հարություն Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ՇԴ/0172/01/12 որոշման 14.1.-րդ կետը):

15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախորդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումներն առ այն, որ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելու համար պարտադիր նախապայման է մեղադրյալի համաձայնության առկայությունը, բխում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 18-20-րդ կետերի, ինչպես նաև 64-րդ և 203-րդ հոդվածների 1-ին մասերի բովանդակությունից, և դրանց համադրված վերլուծության արդյունք են: Սակայն գործնականում հնարավոր են իրավիճակներ, երբ մինչդատական վարույթի որոշակի փուլում հայտնի լինի ենթադրյալ հանցանք կատարած անձը, բայց նախքան վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելը և նրան մեղադրանք առաջադրելն ի հայտ գան քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, մասնավորապես` պարզվի, որ անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները: Հաշվի առնելով, որ նման դեպքերում պետք է որոշում կայացվի ոչ թե անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, այլ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդպիսի իրավիճակներում ենթադրյալ հանցանք կատարած անձի դիրքորոշումը պարզելու իրավական խնդրի առնչությամբ իր նախկինում արտահայտած դիրքորոշումները զարգացման անհրաժեշտություն ունեն:

16. Այսպես` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ոչ միայն քրեական հետապնդումը դադարեցնելու, այլ նաև քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը կայացվում է ոչ թե դեպքի առթիվ, այլ անձի նկատմամբ, և վերջինիս համար առաջացնում է որոշակի իրավական հետևանքներ` կախված քրեական հետապնդումը բացառող կոնկրետ հիմքից:

Վերոգրյալի համատեքստում Դատարանը կրկնում է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրացած լինելը քրեական գործով վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող ոչ արդարացնող (ոչ ռեաբիլիտացիոն) հիմք է (տե՛ս Ա. Բաղդասարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԱՔԴ/0009/11/13 որոշման 16-րդ կետը): Իսկ ոչ ռեաբիլիտացիոն այս հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնելու դեպքում ոչ թե փաստվում է նրա անմեղությունը, այլ վերջինիս մեղավորության հարցը մնում է չլուծված, այսինքն` անձը ձեռք չի բերում արդարացվածի կարգավիճակ` դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով (անձը չի օգտվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով երաշխավորված արդարացվածի բոլոր իրավունքներից), ուստի և չեն բացառվում բացասական բնույթ ունեցող որոշ սոցիալ-իրավական հետևանքների առաջացումը (վնասի հատուցման պարտականություն, հետագայում աշխատանքի անցնելու խոչընդոտներ և այլն): Հետևաբար նշված հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնելն առանց վերջինիս դիրքորոշումը (համաձայնությունը կամ առարկությունը) պարզելու զրկում է նրան իր անմեղության ապացուցման, իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի կարևորագույն իրավունքներից:

17. Նախորդ կետում կատարված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի տառացի օրենսդրական ձևակերպումից բխող այն կարգավորումը, որ համապատասխան ոչ արդարացնող հիմքով քրեական գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայում (այսուհետ` Կոնվենցիա) տեղ գտած «քրեական մեղադրանք» հասկացության ձևական մեկնաբանության արդյունք է:

Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ դիրքորոշման համար հիմք է ծառայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից «քրեական մեղադրանք» եզրույթին տրված մեկնաբանությունը: Մասնավորապես, Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արձանագրել է, որ «քրեական մեղադրանք» հասկացությունը պետք է ընկալվի ոչ թե ձևական (փաստաթղթային), այլ բովանդակային (գործնական) իմաստով: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «մեղադրանք» հասկացությունը կարող է ընդհանուր ձևով բնորոշվել որպես իրավասու մարմնի կողմից անձին տրված պաշտոնական ծանուցում վերջինիս կողմից հանցանք կատարած լինելու կասկածի առկայության մասին: Դա կարող է տեղի ունենալ նախքան գործը դատարան ուղարկելը, օրինակ` անձին ձերբակալելու, վերջինիս պաշտոնապես մեղադրանք առաջադրելու կամ մինչդատական վարույթը սկսելու ժամանակ: Առանձին դեպքերում անձի նկատմամբ «մեղադրանքի» առկայության մասին կարող է վկայել նաև այնպիսի միջոցներ ձեռնարկելը, որոնք ենթադրում են հանցագործության մեջ կասկածանքի առկայություն, ինչպես նաև էականորեն ներգործում են կասկածվող անձի դրության վրա (տե՛ս Գ.Կ.-ն ընդդեմ Լեհաստանի (G.K. v. Poland) գործով վճիռ, 2004 թ., հունվարի 20, կետ 98, Սալովն ընդդեմ ՈՒկրաինիայի (Salov v. Ukraine) գործով վճիռ, 2005 թ., սեպտեմբերի 6, կետ 65, Շուբինսկին ընդդեմ Սլովենիայի (Զubinski v. Slovenia) գործով վճիռ, 2007 թ., հունվարի 18, կետ 62):

Վերոգրյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս փաստելու, որ բոլոր այն դեպքերում, երբ քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնելիս հայտնի է ենթադրյալ հանցանք կատարած անձը և վերջինիս անունը հիշատակվում է վերոհիշյալ դատավարական փաստաթղթերում, այլ կերպ` փաստվում է համապատասխան անձի կողմից հանրորեն վտանգավոր արարքի կատարումը, ապա կարելի է արձանագրել մեղադրանքի` փաստացի քրեական հետապնդման առկայության մասին: Հետևաբար փաստացի քրեական հետապնդման ենթարկված անձի դատավարական իրավունքների, մասնավորապես` պաշտպանության իրավունքի անհամաչափ սահմանափակում թույլ չտալու համար վերջինս պետք է օգտվի օրենքով չարգելված բոլոր միջոցներով իր իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության հնարավորությունից:

Վճռաբեկ դատարանի այս հետևությունը հիմնված է ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ պարբերության այն պահանջի վրա, որ պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով ու ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք: Իսկ անմիջականորեն գործող իրավունքը չի կարող լինել վերացական:

Այս հարցում Եվրոպական դատարանը ևս արտահայտել է համանման դիրքորոշում: Մասնավորապես, Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիան կոչված է երաշխավորելու ոչ թե տեսական և պատրանքային, այլ գործնականում և արդյունավետ իրականացվող իրավունքներ: Դա հատկապես վերաբերում է պաշտպանության իրավունքին (տե՛ս Արտիկոն ընդդեմ Իտալիայի (Artico v. Italy) գործով վճիռ, 1980 թ., մայիսի 13, կետ 33, Հերմին ընդդեմ Իտալիայի (Hermi v. Italy) գործով վճիռ, 2006 թ., հոկտեմբեր 18, կետ 95):

18. Ելնելով վերոշարադրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վաղեմության ժամկետները անցած լինելու հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, քրեական հետապնդում չիրականացնելու, հարուցված քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելիս յուրաքանչյուր դեպքում, երբ հայտնի է ենթադրյալ հանցանք կատարած անձը, և փաստվում է համապատասխան անձի կողմից հանրորեն վտանգավոր արարքի կատարումը, վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է պարզել այդ անձի դիրքորոշումը, քանի որ այն վարույթի հետագա ընթացքը կանխորոշելու հարցում էական դերակատարում ունի:

Ընդ որում, հարկ է ընդգծել, որ Վճռաբեկ դատարանը համանման մոտեցում է դրսևորել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասում ամրագրված մյուս` համաներման ակտի ընդունման հիմքի առնչությամբ` արձանագրելով. «(...)[Հ]ամաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործ չհարուցելու, քրեական հետապնդում չիրականացնելու և հարուցված քրեական գործը կարճելու` վարույթն իրականացնող մարմնի լիազորության իրականացման համար անհրաժեշտ իմպերատիվ պահանջ է հանդիսանում անձի համաձայնությունը» (տե՛ս Թադևոս Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԼԴ/0203/01/11 որոշման 18-րդ կետը):

19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ նախաքննության մարմինը, պարզելով, որ Հ. Մազմանյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միջին ծանրության հանցագործություն, սակայն նկատի ունենալով, որ նշված հանցանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են, առանց Հ. Մազմանյանի դիրքորոշումը պարզելու 2014 թվականի մայիսի 13-ին որոշում է կայացրել Հ. Մազմանյանի նկատմամբ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Քննիչի` 2014 թվականի մայիսի 13-ի, ինչպես նաև դրա դեմ բերված բողոքը մերժելու մասին Դատախազի` 2014 թվականի մայիսի 30-ի որոշումները Հ. Մազմանյանի կողմից բողոքարկվել են Առաջին ատյանի դատարան, որը համապատասխան բողոքը մերժել է` փաստելով, որ հիշյալ որոշումներն օրինական են ու հիմնավորված, և դրանց արդյունքում Հ. Մազմանյանի որևէ իրավունք չի խախտվել (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է, որ Քննիչի` 2014 թվականի մայիսի 13-ի և դրա դեմ բերված բողոքը մերժելու մասին Դատախազի` 2014 թվականի մայիսի 30-ի որոշումներով խախտվել են Հ. Մազմանյանի իրավունքներն ու ազատությունները, քանի որ Հ. Մազմանյանը չի տվել իր համաձայնությունը վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու համար (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

20. Սույն որոշման 14-18-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելով սույն որոշման նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքների նկատմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ առանց Հ. Մազմանյանի համաձայնության վերջինիս նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնելը խախտել է նրա իրավունքներն ու ազատությունները, հիմնավոր է:

21. Այսպիսով, հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, հետևաբար բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի դատական ակտը` թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Հրանտ Մկրտիչի Մազմանյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Թամրազյանի` 2014 թվականի մայիսի 13-ի որոշումը վերացնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 13-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.03.2015
N ԵԿԴ/0121/11/14
Որոշում