(ուժը կորցրել է 30.06.2022 թիվ 51-Ն որոշում)
i
606.0039.050815
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«05» 08 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60615340
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
20 հուլիսի 2015 թվականի N 39-Ն
i
ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՀԼԻՃՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով, 20-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ.
1) ժողովներ, հանդիպումներ և հանրաքվեի հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով դահլիճներ և այլ շինություններ (այսուհետ` դահլիճ) անվճար հիմունքներով օգտագործելու համար քարոզչություն կատարողները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները միջոցառման կազմակերպման օրվանից առնվազն 5 օր առաջ դիմում են ներկայացնում դահլիճը տնօրինող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին,
2) դիմումում նշվում է դահլիճը, որտեղ անցկացվելու է միջոցառումը, միջոցառման օրը և ժամը, միջոցառման պատասխանատուի տվյալները (անուն, ազգանուն, փոստային հասցե, հեռախոսահամար), դիմումի տրման օրը, ամիսը, տարեթիվը,
3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դիմումատուին գրավոր տեղեկացնում է դահլիճ տրամադրելու մասին,
4) եթե դահլիճը դիմումատուի նշած ժամանակահատվածում հնարավոր չէ տրամադրել, ապա պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը պետք է առաջարկի այն ժամանակահատվածը, որի դեպքում հնարավոր է համապատասխան դահլիճի տրամադրումը կամ առաջարկի այլ դահլիճ,
5) դահլիճը նույն օրը և ժամին տրամադրելու մեկից ավելի դիմումների դեպքում, այն տրվում է այն դիմումատուին, որի դիմումն առաջինն է մուտքագրվել,
6) հանրաքվեի նշանակումից ոչ ուշ, քան 7 օր հետո մարզպետը, Երևանում` Երևանի քաղաքապետը դահլիճների ցանկը կենտրոնական հանձնաժողով ներկայացնելիս նշում է նաև դրանց գտնվելու վայրը, նստատեղերի թիվը,
7) սույն կարգով նույն դահլիճը նույն դիմումատու սուբյեկտին տրամադրվում է մեկ անգամ և մինչև 3 ժամ տևողությամբ: