Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.32-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական            Քաղաքացիական գործ թիվ

    և  վարչական պալատի որոշում                  ԵՄԴ/0563/02/12

    Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0563/02/12        2015 թ.

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և

վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Անտոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Ֆիեստա Գոլդ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Ռոմեն Ահարոնյանի վճռաբեկ բողոքը` ըստ հայցի «Կասկադ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ընդդեմ Ընկերության, երրորդ անձ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության (այսուհետ` Միություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.05.2014 թվականի որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 3.594.050 ՀՀ դրամ, ինչպես նաև բռնագանձվող գումարին հաշվարկել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 22.11.2011 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 24.09.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է Ընկերությունից հօգուտ Կազմակերպության բռնագանձել 3.594.050 ՀՀ դրամ` որպես ապահովագրական հատուցման շրջանակներում կատարված վճարումների գումար, ինչպես նաև 3.594.050 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 22.11.2011 թվականից մինչև գումարն ամբողջությամբ հայցվորին փաստացի վճարման օրը` հաշվարկել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումարը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.12.2013 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 24.09.2013 թվականի վճիռը մասնակիորեն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսագումարների հաշվարկի և բռնագանձման մասով, բեկանվել և փոփոխվել է` որոշվել է Ընկերությունից հօգուտ Կազմակերպության բռնագանձել 3.594.050 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումարը` սկսած 11.07.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը: Վճիռը` մնացած մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.05.2014 թվականի որոշմամբ մերժվել է Ընկերության միջնորդությունը` վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և այն վերականգնելու մասին, և Ընկերության վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վթարի ենթարկված «ՎԱԶ 21070-120-20» մակնիշի ավտոմեքենայի վերաբերյալ Ընկերության և Կազմակերպության միջև 12.07.2011 թվականին կնքված է եղել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության» պայմանագիր (այսուհետ` ԱՊՊԱ պայմանագիր) (թիվ SD 012931 վկայագիր), որը գործել է վթարի պահին: Սույն գործով ներկայացված հայցի փաստական հիմքը հայցվորի և պատասխանողի միջև 12.07.2011 թվականին «կնքված» թիվ SD 012931 ԱՊՊԱ պայմանագիրն է, որը դրվել է նաև Դատարանի 24.09.2013 թվականի վճռով հայցի բավարարման հիմքում:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.05.2014 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ԵԱՔԴ/0242/02/14 վճռով անվավեր է ճանաչվել Ընկերության և Կազմակերպության միջև 12.07.2011 թվականին կնքված ԱՊՊԱ պայմանագիրը (թիվ SD012931 վկայագիրը):

Հետևաբար օրինական ուժի մեջ մտած վերոհիշյալ վճռով Ընկերության և Կազմակերպության միջև 12.07.2011 թվականի ԱՊՊԱ պայմանագրի (թիվ SD012931 վկայագրի) անվավեր ճանաչված լինելու հանգամանքը սույն գործով նոր երևան եկած հանգամանք է և էական նշանակություն ունի գործի լուծման համար, քանի որ դատական ակտով գումար բռնագանձելու հիմքում դրված է եղել նշված պայմանագիրը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.05.2014 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ի և Ընկերության միջև կնքված թիվ 0706 007-1 լիզինգային պայմանագրով «Վազ 21070-120-20» մակնիշի 845 LL 64 պետական համարանիշով ավտոմեքենան լիզինգով տրամադրվել է Ընկերությանը (հատոր 1-ին, գ.թ. 9):

2) Կազմակերպության և Ընկերության միջև 12.07.2011 թվականին կնքվել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության» պայմանագիր (թիվ SD 012931 վկայագիր): Նշված պայմանագրի համաձայն` ապահովագրվել է «Վազ 21070-120-20» մակնիշի 845 LL 64 պետական համարանիշի ավտոմեքենան, նույնացման համարը` XTA2107007271124 (հատոր 1-ին, գ.թ. 71):

3) ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի կողմից 29.07.2011 թվականին տրված գրության համաձայն` 22.07.2011 թվականին ժամը 04:30-ի սահմաններում Դավիթ Ղուկասյանն իր կողմից վարած «Վազ 21070-120-20» մակնիշի 845 LL 64 պետական համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի աջ կողմի կանաչապատ տարածքում գտնվող ծառին, ինչի հետևանքով վարորդը և մեքենայի դիմացի աջ նստատեղի ուղևորներից մեկը մահացել է, իսկ հետևի նստատեղի ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան ԲԿ» ՓԲԸ (հատոր 2-րդ, գ.թ. 77):

4) «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի» կողմից նշված վթարի արդյունքում մարմնական վնասվածքներ ստացած անձանց վճարվել է 3.594.050 ՀՀ դրամ հատուցում, ինչը որպես վնաս Կազմակերպության կողմից հետվճարման գումարի տեսքով վերադարձվել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյին» (հատոր 1-ին, գ.թ. 10):

5) Դատարանի 24.09.2013 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Կազմակերպության հայցն ընդդեմ Ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է: Հայցի բավարարման և գումարի բռնագանձման հիմքում դրվել է Կազմակերպության և Ընկերության միջև 12.07.2011 թվականին կնքված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության» պայմանագիրը (թիվ SD 012931 վկայագիրը) (հատոր 2-րդ, գ.թ. 175-176):

6) Վերաքննիչ դատարանի 25.12.2013 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն: Վերաքննիչ դատարանը որոշմամբ արձանագրել է, որ իրականում հայցվորի և պատասխանողի միջև առկա է կնքված ԱՊՊԱ պայմանագիր, այն գտնվում է գործի նյութերում, դատական կարգով վիճարկված և անվավեր ճանաչված չէ, ուստի Ընկերությունը հանդիսանում է ապահովադիր, կրում է դրանից բխող բոլոր իրավական հետևանքները (հատոր 3-րդ, գ.թ. 119-124):

7) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.05.2014 թվականի որոշմամբ մերժվել է Ընկերության` վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը, ինչպես նաև վերադարձվել է Վերաքննիչ դատարանի 25.12.2013 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը (հատոր 4-րդ, գ.թ. 45):

8) Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.05.2014 թվականի օրինական ուժի մեջ մտած (օրինական ուժի մեջ է մտել 15.10.2014 թվականին) թիվ ԵԱՔԴ/0242/02/14 վճռով Ընկերության հայցն ընդդեմ Կազմակերպության`12.07.2011 թվականի ԱՊՊԱ պայմանագիրը (թիվ SD 012931 վկայագիրը) անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարվել է և անվավեր է ճանաչվել Ընկերության և Կազմակերպության միջև 12.07.2011 թվականին կնքված ԱՊՊԱ պայմանագիրը (թիվ SD 012931 վկայագիրը) (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է նոր երևան եկած հանգամանք:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե բողոք բերած անձն ապացուցում է, որ`

1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ

2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և

3. այդ հանգամանքները էական նշանակություն ունեն գործի լուծման համար:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում արտահայտել է այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն` արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե` ոչ (տե՛ս, ըստ Մարինե Մանուկյանի դիմումի` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ ԵԿԴ/2397/02/09 որոշումը):

Սույն գործով բողոք բերած անձը որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.05.2014 թվականի օրինական ուժի մեջ մտած` թիվ ԵԱՔԴ/0242/02/14 վճռով Ընկերության և Կազմակերպության միջև 12.07.2011 թվականին կնքված ԱՊՊԱ պայմանագիրը (թիվ SD 012931 վկայագիրը) անվավեր ճանաչված լինելու հանգամանքը:

Սույն գործի փաստերի համաձայն` Կազմակերպության և Ընկերության միջև 12.07.2011 թվականին կնքվել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության» պայմանագիր (թիվ SD 012931 վկայագիր): Նշված պայմանագրի համաձայն` ապահովագրվել է «Վազ 21070-120-20» մակնիշի 845 LL 64 պետական համարանիշի ավտոմեքենան, որը 22.07.2011 թվականին` ժամը 04:30-ի սահմաններում, վթարի է ենթարկվել: Վթարի արդյունքում մարմնական վնասվածքներ ստացած անձանց «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի» կողմից վճարվել է 3.594.050 ՀՀ դրամ հատուցում, որը, որպես վնաս, Կազմակերպության կողմից հետվճարման գումարի տեսքով վերադարձվել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյին»:

Կազմակերպությունը վերը նշված փաստական հանգամանքների հաշվառմամբ, հիմք ընդունելով նաև 12.07.2011 թվականին կնքված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության» պայմանագիրը, դիմել է դատարան ընդդեմ Ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին:

Դատարանի 24.09.2013 թվականի վճռով Կազմակերպության հայցը` Ընկերությունից հօգուտ Կազմակերպության 3.594.050 ՀՀ դրամ` որպես ապահովագրական հատուցման շրջանակներում կատարված վճարումների գումար, բռնագանձելու և այդ գումարի նկատմամբ սկսած 22.11.2011 թվականից մինչև գումարն ամբողջությամբ հայցվորին փաստացի վճարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումարը հաշվարկելու և բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է ամբողջությամբ:

Հայցի բավարարման և գումարի բռնագանձման հիմքում դրվել է նաև Կազմակերպության և Ընկերության միջև 12.07.2011 թվականին կնքված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության» պայմանագիրը (թիվ SD 012931 վկայագիրը):

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելիս արձանագրել է, որ «նշված պայմանագիրը, և առհասարակ ցանկացած վիճահարույց գործարք, շարունակում է ուժի մեջ մնալ, քանի դեռ այն անվավեր ճանաչված չէ: Տվյալ պարագայում առկա չէ որևէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով անվավեր է ճանաչվել 12.07.2011 թվականին կնքված թիվ SD012931 վկայագիրը, որպիսի պայմաններում այն շարունակում է գործել և համապատասխան իրավունքներ ու պարտականություններ առաջացնել դրա կողմերի համար: 12.07.2011 թվականին կնքված վկայագրում որպես ապահովադիր է հանդիսանում Ընկերությունը, ուստի վերջինս էլ կրում է ԱՊՊԱ պայմաններով սահմանված պարտավորությունները, քանի դեռ ապահովագրության վկայագիրն օրենքով սահմանված կարգով անվավեր ճանաչված չէ: ՈՒստի նշված վկայագիրը դատական կարգով վիճարկված չլինելու պայմաններում որևէ էական նշանակություն ունենալ չեն կարող ինչպես դատաձեռագրաբանական փորձաքննության արդյունքները, այնպես էլ` ավտոմեքենայի իրական սեփականատիրոջ պարզման հանգամանքները, իսկ նման հանգամանքները կարող էին հիմք տալ պատասխանողին սահմանված կարգով վիճարկել պայմանագիրը, ինչը, սակայն, չի կատարվել»:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.05.2014 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 25.12.2013 թվականի որոշման դեմ Ընկերության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.05.2014 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ԵԱՔԴ/0242/02/14 վճռով Ընկերության հայցն ընդդեմ Կազմակերպության`12.07.2011 թվականի ԱՊՊԱ պայմանագիրը (թիվ SD 012931 վկայագիրը) անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարվել է, և անվավեր է ճանաչվել Ընկերության և Կազմակերպության միջև 12.07.2011 թվականին կնքված ԱՊՊԱ պայմանագիրը (թիվ SD 012931 վկայագիրը):

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.05.2014 թվականի թիվ ԵԱՔԴ/0242/02/14 վճռով Ընկերության և Կազմակերպության միջև 12.07.2011 թվականին կնքված պայմանագրի (թիվ SD012931 վկայագիրն) անվավեր ճանաչված լինելու հանգամանքն էական նշանակություն ունի սույն գործի լուծման համար, համարվում է նոր երևան եկած հանգամանք և հիմք է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.05.2014 թվականի որոշումը վերանայելու համար` նկատի ունենալով, որ սույն գործով ստորադաս դատարանների կողմից պատասխանողի մոտ գումար վճարելու պարտականություն կրելու փաստը հիմնավորվել է հենց այդ պայմանագրի առկայությամբ և այն վիճարկված չլինելու փաստով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի և 204.32-րդ հոդվածի 1-ին կետի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.05.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.32-րդ, 204.38-րդ և 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.05.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.12.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.04.2015
N ԵՄԴ/0563/02/12
Որոշում