Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 78-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                            ԵԿԴ/2767/02/09

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2767/02/09        2015 թ.

Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան

Դատավորներ` Գ. Մատինյան

Ա. Թումանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և

վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2015 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ժենյա և Հարություն Պողոսյանների ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Խաչիկ Պողոսյանի ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Խաչիկ Պողոսյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևան քաղաքի Նալբանդյան թիվ 37/49 հասցեում գտնվող 11,7 քմ մակերեսով օրինական կառույցի և դրանով, ինչպես նաև ինքնակամ կառույցներով ծանրաբեռնված ընդհանուր 88 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.07.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2010 թվականի որոշմամբ Խաչիկ Պողոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.07.2010 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 26.01.2011 թվականի որոշմամբ Ժենյա Պողոսյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 01.08.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.11.2014 թվականի որոշմամբ Խաչիկ Պողոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 01.08.2014 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է. հայցը մասնակիորեն բավարարվել է` Երևանի Նալբանդյան թիվ 37/49 հասցեում գտնվող 11,7 քմ մակերեսով օրինական կառույցի նկատմամբ ճանաչվել է Խաչիկ Պողոսյանի սեփականության իրավունքը, իսկ նույն հասցեում գտնվող 88 քմ մակերեսով հողամասի նկատմամբ Խաչիկ Պողոսյանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասով գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ժենյա և Հարություն Պողոսյանների ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Խաչիկ Պողոսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը, ինչը հանգեցրել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի խախտմանը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, տեղեկացված լինելով պատասխանողներից Հարություն Պողոսյանի բնակության վայրի մասին, փաստացի բնակության վայրի հասցեով վերջինիս ծանուցելու փոխարեն (այն է` ՀՀ, Կոտայքի մարզ, Ներքին Պտղնի 1-ին փողոց, թիվ 24 տուն)` ծանուցել է նրա հաշվառման վայրի հասցեով, այն է` ք. Երևան, Նալբանդյան փողոց, թիվ 37/49 տուն:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ 2-2128(Ա) քաղաքացիական գործով 26.10.2006 թվականին և թիվ 3-1689(Ա) քաղաքացիական գործով 12.12.2007 թվականին կայացրած որոշումներին:

2. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 52-րդ, 53-րդ, 130-րդ, 130.1-րդ և 132-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, խախտելով նշված հոդվածների պահանջները, ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել է Խաչիկ Պողոսյանի սեփականության իրավունքն այն գույքի նկատմամբ, որը վերջինս չի տիրապետում առնվազն 2002 թվականից (այդ հանգամանքն ընդունել է նաև Խաչիկ Պողոսյանը), որպիսի պայմաններում բացակայում է անձի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման համար անհրաժեշտ վավերապայմանների միաժամանակյա առկայության հանգամանքը: Ավելին, Ժենյա Պողոսյանն իր սեփականության իրավունքից չի հրաժարվել և չի կատարել այնպիսի գործողություններ, որոնք կվկայեին այն մասին, որ վիճելի գույքը սեփականատեր չունի:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.11.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 01.08.2014 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Ժենյա և Հարություն Պողոսյանները Վերաքննիչ դատարանի 13.11.2014 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք են ներկայացրել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 15.12.2014 թվականին, և պատճառաբանել, որ Հարություն Պողոսյանը գործի քննության վերաբերյալ պատշաճ չի ծանուցվել իր բնակության վայրի հասցեով: Մինչդեռ, տվյալ դեպքում, բողոքը ներկայացվել է նաև Ժենյա Պողոսյանի անունից, ով գործի քննությանը պատշաճ ծանուցվելու և մասնակից չդարձվելու վերաբերյալ որևէ առարկություն չի ներկայացրել, իսկ Հարություն Պողոսյանն ինքը չի ցանկացել մասնակցել ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարաններում ընթացող գործի քննություններին: Ընդ որում, վիճելի հասցեն ոչ միայն Հարություն Պողոսյանի հաշվառման, այլև վերջինիս մշտական բնակության հասցեն է, և նա հանդիսանում է վիճելի անշարժ գույքի համասեփականատեր: Հետևաբար, Հարություն Պողոսյանը պատշաճ կերպով ծանուցված է եղել բոլոր դատական նիստերի մասին:

Վերաքննիչ դատարանը, նշվածը հաշվի առնելով և գործում առկա ապացույցները գնահատելով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, հիմնավոր կերպով գտել է, որ սույն գործով վիճելի հասցեի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով պետք է ճանաչվի Խաչիկ Պողոսյանի սեփականության իրավունքը` նկատի ունենալով այն, որ վերջինս իր իրավանախորդների հետ միասին տասնյակ տարիներ շարունակ անընդմեջ, բացահայտ և բարեխիղճ տիրապետում է նշված գույքը որպես սեփականը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Սույն գործով պատասխանող Ժենյա Պողոսյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանի կողմից 13.09.2013 թվականին Դատարան մուտքագրված դիմումով վերջինս հայտնել է, որ սույն գործով պատասխանող Հարություն Պողոսյանի փաստացի բնակության հասցեն է` Ներքին Պտղնի 1-ին փողոց, թիվ 24 տուն, ուստի խնդրել է դատական նիստերի վերաբերյալ նրան ծանուցել այդ հասցեով: Նշված դիմումը ստանալուց հետո Դատարանը դատական նիստերի վերաբերյալ Հարություն Պողոսյանին ծանուցել է դիմումում նշված հասցեով (հատոր 4-րդ, գ.թ. 29, 43, 52):

2) Վերաքննիչ դատարանն իր 08.09.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» և 29.09.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումները Հարություն Պողոսյանին ուղարկել է քաղաք Երևան, Նալբանդյան փողոց, թիվ 37/49 տուն հասցեով (հատոր 5-րդ, գ.թ. 15, 28):

3) Վերաքննիչ դատարանի 13.10.2014 թվականի դատական նիստի արձանագրման համառոտագրման համաձայն` 13.10.2014 թվականին, ժամը 11:15-ին սկսված դատական նիստին ներկայացել է Խաչիկ Պողոսյանը, սակայն Ժենյա Պողոսյանի` նշված դատական նիստին պատշաճ ծանուցված չլինելու պատճառով դատական նիստը հետաձգվել է և նշանակվել 30.10.2014 թվականին, ժամը 12:00-ին, իսկ Հարություն Պողոսյանի` դատական նիստին պատշաճ ծանուցված լինելու կամ չլինելու վերաբերյալ արձանագրության մեջ որևէ նշում առկա չէ (հատոր 5-րդ, գ.թ. 35):

4) Վերաքննիչ դատարանի` 30.10.2014 թվականին, ժամը 12:00-ին նշանակված դատական նիստի վերաբերյալ ծանուցումը Հարություն Պողոսյանին կրկին ուղարկվել է քաղաք Երևան, Նալբանդյան փողոց, թիվ 37/49 տուն հասցեով (հատոր 5-րդ, գ.թ. 37):

5) Վերաքննիչ դատարանի 30.10.2014 թվականի դատական նիստի արձանագրման համառոտագրման համաձայն` 30.10.2014 թվականին, ժամը 12:08-ին սկսված դատական նիստին ներկայացել է Խաչիկ Պողոսյանը, իսկ Ժենյա Պողոսյանը, չնայած պատշաճ ծանուցված լինելուն, դատական նիստին չի ներկայացել, Հարություն Պողոսյանի` դատական նիստին պատշաճ ծանուցված լինելու կամ չլինելու վերաբերյալ արձանագրության մեջ որևէ նշում առկա չէ (հատոր 5-րդ, գ.թ. 52):

6) Վերաքննիչ դատարանի 13.11.2014 թվականի դատական նիստի արձանագրման համառոտագրման համաձայն` 13.11.2014 թվականին, ժամը 10:58-ին սկսված դատական նիստին` սույն գործով դատական ակտի հրապարակմանը, կողմերը ներկա չեն գտնվել, իսկ Վերաքննիչ դատարանի 13.11.2014 թվականի որոշումն ուղարկվել է կողմերին, մասնավորապես` Հարություն Պողոսյանին` քաղաք Երևան, Նալբանդյան փողոց, թիվ 37/49 տուն հասցեով (հատոր 5-րդ, գ.թ. 54, 66):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի մեկնաբանությունը (արտահայտված Վերաքննիչ դատարանի գործողություններում) հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ 2-2128(Ա) քաղաքացիական գործով 26.10.2006 թվականին և թիվ 3-1689(Ա) քաղաքացիական գործով 12.12.2007 թվականին կայացրած որոշումներում տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.

2) ստորադաս դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 19-րդ, Կոնվենցիայի 6-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նմանատիպ գործերով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերաքննիչ դատարանում դատական նիստերի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման հարցին, ինչպես նաև վերջիններիս պատշաճ չծանուցելու դեպքում` կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտման իրավական խնդրին:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ 78-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով կամ ուղարկվում է էլեկտրոնային փոստով` նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով (այսուհետ` պատշաճ ձևով):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականին ընդունված և 03.07.2014 թվականին ուժի մեջ մտած ՀՀ օրենքով (ՀՕ-49-Ն) կատարված փոփոխությունները և լրացումները ներառող խմբագրությամբ գործող 78-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասության համաձայն` գործին մասնակցող անձինք դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատական ծանուցագրերի միջոցով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարության մասնակիցներին դատական ծանուցագիրը ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, հանձնվում է առձեռն կամ ուղարկվում է էլեկտրոնային եղանակով` նույն հոդվածի 4-րդ, 9-րդ և 10-րդ մասերով սահմանված դեպքերում և կարգով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով, իսկ նույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված է, որ դատական ծանուցագիրը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը: Ծանուցագիրը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը ծանուցումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն` ծանուցագիրը պետք է պարունակի դատարանի անվանումը և ստույգ հասցեն, նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին, գործը, որի վերաբերյալ անձը ծանուցվում է, նշում` դատարան կանչվող կամ ծանուցվող անձի մասին, նշում, թե անձը որպես ինչ է ծանուցվում կամ կանչվում, նշում` չներկայանալու հետևանքների մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք պարտավոր են դատարանին և գործին մասնակցող այլ անձանց հայտնել գործի վարույթի ժամանակ իրենց հասցեն փոխելու մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում դատավարական փաստաթղթերն ուղարկվում են նրանց վերջին հայտնի հասցեով և համարվում են հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի բնակվում կամ չի գտնվում:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման վերաբերյալ օրենսդրական համապատասխան իրավակարգավորումներին և դրանց կիրառման հետ կապված հիմնախնդիրներին: Այսպես, դիտարկելով դեռևս մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի կիրառման հարցը, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները պատշաճ ծանուցված են համարվում այն դեպքում, երբ դատարանում հավաստի տեղեկություն է ստացվում դատական ծանուցագիրը հասցեատիրոջը հանձնվելու մասին: Գործին մասնակցող անձանց` դատական նիստի ժամանակի և վայրի, դատավարական այլ գործողությունների իրականացման մասին պատշաճ ծանուցումը կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանն է: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ «հավասարության» սկզբունքը` կողմերի միջև «արդար հավասարակշռության» իմաստով պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմ ունենա ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի նվազ բարենպաստ վիճակում: Մրցակցային դատաքննության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով պաշտպանվող մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկացնելը դատարանի պարտականությունն է, որի չպահպանելը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է դատավարական իրավունքի էական խախտում (տե՛ս, օրինակ` «Հայկապ» բանկ ՓԲԸ-ի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարն ընդդեմ Շահեն Բաբայանի թիվ 2-2128(Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի, Շենգավիթի թաղապետարանն ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոների, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյանների թիվ 3-2236(Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ 3-1689(Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումները):

Հետագայում վերահաստատելով և զարգացնելով վերը նշված իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է նաև դիրքորոշում այն մասին, որ մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածում ամրագրված իրավական նորմը ենթադրում է գործին մասնակցող անձանց` դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը: Միաժամանակ նույն որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանը գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում (տե՛ս, օրինակ` Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի, Արամայիս Օհանջանյանի և Միշա Գրիգորյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն ընդդեմ «Ռամզես» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/0883/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումները):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր մեկ այլ որոշմամբ արձանագրել է նաև, որ քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունն այն է, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով: Նշված սկզբունքը դրսևորվում է նաև դատարանին և գործին մասնակցող մյուս անձանց հասցեի փոփոխության վերաբերյալ գործին մասնակցող անձի կողմից ծանուցելով: Նման կերպ պաշտպանվում է ոչ միայն հասցեն փոխած անձի իրավունքը, այլև դատավարության մյուս մասնակիցների իրավունքները, քանի որ դատարանը, ծանուցագրերն ուղարկելով փոխված հասցեով, ըստ էության, ապահովում է գործի ողջամիտ ժամկետում քննությունը մի կողմից և դատավարության մասնակիցների` դատական նիստին ներկա գտնվելու հնարավորությունը մյուս կողմից (տե՛ս, Լիլիթ Գևորքովան ընդդեմ Սվետլանա Միքայելյանի թիվ ԵԷԴ/1730/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը 03.07.2014 թվականից արդեն իսկ գործում է այլ խմբագրությամբ` ՎՃռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նոր կարգավորումներով նախատեսված փոփոխությունների և լրացումների բովանդակությանն ու առանձնահատկություններին, ինչպես նաև դրանց նկատմամբ նախկինում արտահայատած իրավական դիրքորոշումների կիրառելիության հարցին: Այսպես, 03.07.2014 թվականից հետո գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետում կատարված փոփոխությունները կրում են զուտ խմբագրական բնույթ և, ըստ երևույթին, որևէ նոր կանոնակարգում չեն նախատեսում: Ինչ վերաբերում է նույն հոդվածի 2-րդ կետին, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այդ իրավանորմում կատարված փոփոխությունների արդյունքում ընդլայնվել է դատական ծանուցման եղանակների շրջանակը, առավել մանրակրկիտ և հստակ ամրագրում են ստացել դատական ծանուցագրերը դատավարության մասնակիցներին հանձնելու միջոցները: Ներկայումս գործող կանոնակարգումների համաձայն` այդ եղանակներն են.

1) ծանուցագիրը պատվիրված նամակով ուղարկելը, ընդ որում` հանձնման մասին ծանուցմամբ,

2) ծանուցագիրը դատավարության մասնակցին առձեռն հանձնելը,

3) էլեկտրոնային եղանակով ուղարկելը, որը, ընդ որում, իրագործելի է միայն նույն հոդվածի համապատասխան կետերով նախատեսված դեպքերում և կարգով:

Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: Նոր իրավակարգավորումների պարագայում ևս, անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը:

Հետևաբար վերահաստատելով դատական ծանուցումների դատավարական ինստիտուտի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք կիրառելի են նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի` 03.07.2014 թվականից ուժի մեջ մտած և ներկայումս գործող խմբագրությամբ նախատեսված իրավակարգավորումների նկատմամբ:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածը:

i

Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բողոք բերած անձն իրավունք ունի ներկա գտնվելու վերաքննիչ դատարանի նիստին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վերաքննիչ դատարանի նիստին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպես նաև գործին մասնակցող անձինք, որոնք պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին:

Վկայակոչված հոդվածի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը վերաքննիչ դատարանում դատական նիստին ներկա գտնվելու իրավունքն անվերապահորեն ճանաչել է միայն բողոք բերող անձի առնչությամբ, չնայած, միաժամանակ, թե՛ բողոք բերող անձին, թե՛ գործին մասնակցող անձանց դատական նիստին կանչելը (հրավիրելը, ծանուցելը) սահմանվել է որպես վերաքննիչ դատարանի «հայեցողական լիազորություն», քանի որ վերջինս այդ գործողությունները կատարում է միայն համապատասխան «անհրաժեշտության դեպքում»:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ դատական նիստերին ներկա գտնվելու, իր իրավունքների պաշտպանության դատավարական միջոցներն օգտագործելու իրավունքը (օրինակ` դատական կազմի մեջ ընդգրկված դատավորին ինքնաբացարկի միջնորդության ներկայացում և այլն) չի կարող համարվել միայն վերաքննիչ բողոք բերած անձին պատկանող իրավունք, այն իրավաչափորեն և արդարացիորեն պետք է վերապահվի նաև գործին մասնակից հանդիսացող մյուս բոլոր անձանց: Հետևաբար, բոլոր դեպքերում վերաքննիչ դատարանը կրում է գործին մասնակցող անձանց դատական նիստերի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցելու պարտականություն:

Սույն գործի փաստերի համաձայն` 13.09.2013 թվականին Դատարան է մուտքագրվել դիմում, որով հայտնվել է, որ սույն գործով պատասխանող Հարություն Պողոսյանի փաստացի բնակության հասցեն է` Ներքին Պտղնի 1-ին փողոց, թիվ 24 տուն, և ներկայացվել է վերջինիս` դիմումում նշված հասցեով դատական նիստերի վերաբերյալ ծանուցելու խնդրանք, ուստի նշված դիմումն ստանալուց հետո Դատարանը դատական նիստերի ժամանակի և վայրի մասին Հարություն Պողոսյանին ծանուցել է այդ հասցեով:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, անտեսելով 13.09.2013 թվականի դիմումով` պատասխանողներից մեկի փաստացի բնակության վայրը դատարանին հայտնելու մասին հաղորդումը, դատական նիստերի և դատավարական այլ գործողությունների վերաբերյալ Հարություն Պողոսյանին ծանուցել է ոչ թե վերը նշված` փաստացի բնակության վայրի (Կոտայքի մարզ, Ներքին Պտղնի 1-ին փողոց, թիվ 24 տուն), այլ նրա հաշվառման վայրի հասցեով, այն է` քաղաք Երևան, Նալբանդյան փողոց, թիվ 37/49 տուն: Վերաքննիչ դատարանն իր 08.09.2014 թվականի` «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին», 29.09.2014 թվականի` «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումները, ինչպես նաև վեճն ըստ էության լուծող 13.11.2014 թվականի որոշումը Հարություն Պողոսյանին դարձյալ ուղարկել է քաղաք Երևան, Նալբանդյան փողոց, թիվ 37/49 տուն հասցեով:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, չապահովելով պատասխանող Հարություն Պողոսյանի` վերաքննիչ բողոքի քննության վերաբերյալ իրապես տեղեկացված լինելու իրավունքը, խախտվել է վերջինիս` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության հիմնարար իրավունքը, ինչպես նաև այդ իրավունքից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված մրցակցության և կողմերի իրավահավասարության կարևորագույն սկզբունքները:

Վերաքննիչ դատարանի կողմից Հարություն Պողոսյանին պատշաճ չծանուցելու տեսքով դատավարական իրավունքի խախտում թույլ տալու պայմաններում Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում անդրադառնալ Ժենյա Պողոսյանի վճռաբեկ բողոքի հիմքերին, ինչպես նաև Հարություն Պողոսյանի վճռաբեկ բողոքի մյուս հիմքին:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, Հարություն Պողոսյանի վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

i

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

                      Դատավորներ`    Ե. Սողոմոնյան

                                     Վ. Աբելյան

                                     Ս. Անտոնյան

                                     Վ. Ավանեսյան

                                     Ա. Բարսեղյան

                                     Մ. Դրմեյան

                                     Գ. Հակոբյան

                                     Ռ. Հակոբյան

                                     Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.04.2015
N ԵԿԴ/2767/02/09
Որոշում