(ուժը կորցրել է 13.01.2022 թիվ 27-Ն որոշում)
i
040.0546.250515
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 մայիսի 2015 թվականի N 546-Ն
i
ՔՍՈՒՔԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ, ՅՈՒՂԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել քսուքային նյութերի, յուղերի և հատուկ հեղուկների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող և կամավոր սկզբունքով կիրառվող ազգային ստանդարտների ցանկի հրապարակումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2015 թվականի մայիսի 14-ի
N 546-Ն որոշման
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՔՍՈՒՔԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ, ՅՈՒՂԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Սույն տեխնիկական կանոնակարգի նպատակը Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող, Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, շրջանառվող և (կամ) շուկայահանված քսուքային նյութերի, յուղերի և հատուկ հեղուկների, ինչպես նաև դրանց կենսափուլերում բանեցված արտադրանքի վերամշակման (օգտահանման) արդյունքում ստացված արտադրանքի նկատմամբ պարտադիր պահանջների սահմանումն է:
II. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են քսուքային նյութերի, յուղերի և հատուկ հեղուկների (այսուհետ` արտադրանք), բանեցված քսուքային նյութերի, յուղերի և հատուկ հեղուկների, ինչպես նաև բանեցված արտադրանքի վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի նկատմամբ պահանջներ` մարդու կյանքի և առողջության, գույքի, շրջակա միջավայրի, կենդանական ու բուսական աշխարհի կյանքի և (կամ) առողջության պահպանության, սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործողությունների կանխարգելման, ինչպես նաև ռեսուրսների խնայողության նպատակներով:
3. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները տարածվում են հետևյալ արտադրանքի վրա`
1) քսուքային նյութերի, օրգանական ծագում ունեցող քսուքային յուղերի վրա, այդ թվում`
ա. շարժիչային, կոմպրեսորային և տուրբինային յուղեր` 2710 19 8200,
բ. արդյունաբերական յուղեր` 2710 19 8800,
գ. հիդրավլիկ յուղեր` 2710 19 8400,
դ. հակաքայքայիչ յուղեր և քսայուղեր` 2710 19 9200,
ե. էլեկտրամեկուսիչ յուղեր` 2710 19 9400,
զ. քսայուղեր` 2710 19 9800,
է. բանեցված արտադրանքը` 2710 99 0000,
ը. հատուկ հեղուկներ` 2710 19 2900:
4. Արտադրանքի արտադրության, շրջանառման, օգտագործման (շահագործման) և վերամշակման (օգտահանման) ժամանակ հիմնական վտանգավոր գործոնները (ռիսկերը) են`
1) արտադրանքի հրդեհապայթյունավտանգավորությունը.
2) սահմանված նորմերը գերազանցող քանակությամբ ջրի և մեխանիկական խառնուրդների պարունակությունը.
3) շրջակա միջավայր բանեցված արտադրանքի արտանետման դեպքում նրա բնապահպանական ազդեցությունը.
4) մարդու օրգանիզմի վրա վնասակար ազդեցությունը:
5. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները չեն տարածվում հետևյալ արտադրանքի վրա`
1) Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող.
2) հակասառեցնող և հովացնող հեղուկներ.
3) արգելակի հեղուկներ.
4) ավիացիոն մխոցային շարժիչների յուղեր.
5) բուսական և կենդանական ծագում ունեցող յուղեր.
6) քարածխային խեժերի (այդ թվում` կրեոզոտային) բարձր ջերմաստիճանում թորման արդյունքում ստացված արտադրանք.
7) սույն կանոնակարգի 3-րդ կետում ներկայացված սահմանումների «յուղ», «քսուքային նյութ», «հատուկ հեղուկ» հասկացություններին չվերաբերող.
8) օծանելիքակոսմետիկական արտադրանքի, բժշկական նշանակություն ունեցող և դեղագործական միջոցների պատրաստման համար օգտագործվող յուղեր:
III. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ
6. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվող հասկացություններն են`
1) արտադրանքի անվտանգություն` մարդու կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին, այդ թվում` բուսական և կենդանական աշխարհին վնաս պատճառելու հետ կապված անթույլատրելի ռիսկի բացակայություն` հաշվի առնելով վտանգավոր գործոնի իրականացման հավանականությունը և դրա հետևանքների ծանրության աստիճանը.
2) արտադրանքի խմբաքանակ` նույն նշանակության, միևնույն արտադրողի (արտադրողի լիազոր ներկայացուցչի, ներմուծողի, դիստրիբյուտորի) կողմից արտադրության նույն սկզբունքով արտադրված (պատրաստված), նույն բաղադրությամբ և անվտանգությունը բնութագրող նույն սահմանված պահանջներին համապատասխանող արտադրանքի որոշակի քանակ, որն ուղեկցվում է ապրանքաուղեկից մեկ փաստաթղթով.
3) արտադրանքի մակնիշ` արտադրանքի բառային և (կամ) տառային, թվանշանային նշագիր.
4) արդյունաբերական յուղեր` քսուքային յուղեր, որոնք օգտագործվում են արդյունաբերական սարքավորումների մեքենաներում և մեխանիզմներում.
5) արտադրանքի նույնականացում` գործընթաց, որի միջոցով որոշվում է արտադրանքի պատկանելությունը սույն տեխնիկական կանոնակարգին (կանոնակարգերին), և սահմանվում է այդ արտադրանքի համապատասխանությունն այդ արտադրանքի տեխնիկական փաստաթղթերին.
6) արտադրանքի շրջանառության դուրսբերում (այդ թվում` իրացում)` ձեռնարկատիրական գործունեության ընթացքում արտադրանքի տարածման նպատակով առաքում կամ ներմուծում (այդ թվում` արտադրանքը պահեստից բաց թողնելը կամ առանց պահեստավորման առաքելը) Հայաստանի Հանրապետության տարածքում.
7) արտադրանքի (բանեցված արտադրանքի) որակի անձնագիր` արտադրանքի (բանեցված արտադրանքի) որակի ցուցիչների թվարկված նշանակությունների համապատասխանությունը հաստատող` լաբորատոր փորձարկումների արդյունքում ստացված, նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող, պատրաստողների կողմից տրված փաստաթուղթ.
8) արտադրող` ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, այդ թվում` օտարերկրյա, որը նախագծում և (կամ) արտադրում է որևէ արտադրանք կամ ունի նախագծված և (կամ) արտադրված արտադրանք` սեփական անվանմամբ կամ իր ապրանքային նշանի անվանմամբ շուկայահանման նպատակով, և պատասխանատու է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության համար.
9) բանեցված արտադրանք` շահագործական հատկությունները կորցրած` բանեցված քսուքային նյութեր, բանեցված յուղեր ու բանեցված հատուկ հեղուկներ, որոնք դասակարգվում են որպես թափոններ և ենթակա են վերամշակման (օգտահանման)` քսուքային նյութերի, յուղերի և հատուկ հեղուկների ստացման համար.
10) բանեցված արտադրանքի հավաքում` բանեցված արտադրանքի ձեռքբերման հետ կապված գործունեություն` հետագա վերամշակման (օգտահանման) նպատակով.
11) բանեցված արտադրանքի հավաքման կետ` ճարտարագիտատեխնիկական համալիր` նախատեսված բանեցված արտադրանքի ընդունման, պահպանման, հաշվառման, նախապատրաստման և բեռնաթափման համար.
12) բանեցված արտադրանքի նույնականացում` բանեցված արտադրանքի պատկանելություն այս կամ այն տեսակի թափոններին և դրա վտանգավորության, ռեսուրսային, տեխնոլոգիական և այլ բնութագրերի մասին տվյալների սահմանում.
13) բանեցված արտադրանքի շրջանառություն` բանեցված արտադրանքի հավաքման և վերամշակման (օգտահանման) փուլեր.
14) բանեցված արտադրանքի վերամշակում (օգտահանում)` բանեցված արտադրանքի կենսափուլի ավարտվող գործընթաց, որի նպատակը նոր արտադրանքի ստացումն է.
15) էլեկտրամեկուսիչ յուղեր` յուղեր, որոնք օգտագործվում են էլեկտրական ապարատների` տրանսֆորմատորների, կոնդենսատորների և մալուխների մեկուսացման ու հովացման համար.
16) կենսափուլ` արտադրանքի վիճակի փուլ (ստադիա)` շուկայահանման, շրջանառության, օգտագործման (շահագործման) և վերամշակման (օգտահանման) դեպքում.
17) կոմպրեսորային յուղեր` քսուքային յուղեր, որոնք օգտագործվում են մխոցային և պտտական ճնշակների յուղման համար.
18) հատուկ հեղուկ` նավթային կամ սինթետիկ ծագում ունեցող հեղուկ` նախատեսված որպես աշխատանքային նյութ օգտագործելու համար.
19) հակաքայքայիչ յուղեր` յուղեր, որոնք օգտագործվում են սև և գունավոր մետաղների` քայքայումից ժամանակավոր պաշտպանության համար.
20) հիմնական յուղեր` յուղեր, որոնք օգտագործվում են որպես հումք` ապրանքային քսուքային յուղերի ստացման համար.
21) յուղ` որպես քսուքային նյութ և (կամ) հատուկ հեղուկ օգտագործվող նավթային կամ սինթետիկ (կիսասինթետիկ) ծագում ունեցող հեղուկ.
22) ներմուծող` ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ (ներառյալ` օտարերկրյա), որը գրանցվել է Հայաստանի Հանրապետությունում և իրականացնում է արտադրանքի, բանեցված արտադրանքի (բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից անձնական սպառման նպատակով ներկրված արտադրանքի) ներսբերումը Հայաստանի Հանրապետության տարածք` շուկայահանման նպատակով, և պատասխանատվություն է կրում սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրա համապատասխանության համար.
23) շուկայահանում` գործողություն, որն ուղղված է շուկայում նոր արտադրանքի առկայության ապահովմանը, նաև պահպանմանը` տարածման, արտադրանքի վճարովի կամ անհատույց փոխանցման նպատակով.
24) շարժիչային յուղեր` քսուքային յուղեր, որոնք օգտագործվում են ներքին այրման մխոցային շարժիչների համար.
25) տուրբինային յուղեր` քսուքային յուղեր, որոնք օգտագործվում են տուրբաագրեգատների` շոգու գազային տուրբինների, տուրբակոմպրեսորային մեքենաների, հիդրոտուրբինների, նավային շոգետուրբինային կայանքների յուղման համար.
26) փոխհաղորդակի յուղեր` յուղեր, որոնք օգտագործվում են զանազան մեքենաների և մեխանիզմների յուղման համար.
27) քիմիական արտադրանքի անվտանգության անձնագիր` հաստատված փաստաթղթի ձև, որտեղ ներառված են տեղեկություններ քիմիական արտադրանքների վտանգավոր հատկությունների, նմանատիպ արտադրանք պատրաստողների (մատակարարների, ներմուծողների), անվտանգության նախազգուշացումների, պահանջների և վերջիններիս անվտանգ օգտագործման մասին.
28) քսուքային նյութեր` նավթային կամ սինթետիկ ծագում ունեցող նյութեր, որոնք մեղմում են աշխատանքային մակերևույթի մասերի շփման գործընթացը, որի արդյունքում նվազում են շփման ուժը և մակերևույթի մաշվածությունը:
IV. ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՇՈՒԿԱՅԱՀԱՆՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
7. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող, արտադրվող և շուկայահանվող քսուքային նյութերը, յուղերը և հատուկ հեղուկները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է այդ արտադրանքների վրա:
8. Թույլատրվում է արտադրանքի ներմուծում, շուկայահանում և շրջանառություն, եթե հավաստված է դրա համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
9. Սույն տեխնիկական կանոնակարգի կիրառման նպատակով քսուքային նյութերը, յուղերը և հատուկ հեղուկները նույնականացվում են փաստաթղթերի համաձայն, որոնք և կարող են լինել տեխնիկական փաստաթղթերը, և (կամ) որակի անձնագրերը, և (կամ) փորձարկումների արձանագրությունները, և (կամ) մատակարարման պայմանագրերը, և (կամ) մասնագրերը, և (կամ) պիտակները, և (կամ) համառոտ բնութագրերը և արտադրանքը բնութագրող այլ փաստաթղթեր:
10. Քսուքային նյութերը, յուղերը և հատուկ հեղուկները բնութագրող հատկանիշ է արտադրանքի օգտագործումը` որպես քսուքային նյութ կամ հատուկ հեղուկ:
11. Բանեցված արտադրանքը նույնականացվում է` ըստ հետևյալ հատկանիշների`
1) նախատեսված է բացառապես վերամշակման (օգտահանման) համար` ապրանքային նավթամթերքի ստացման նպատակով.
2) ստացված է արտադրանքն ուղղակի նշանակությամբ օգտագործելու արդյունքում.
3) օգտագործվում է որպես ելանյութ` ապրանքային նավթամթերքի ստացման համար:
12. Շրջանառության մեջ դրվող և (կամ) շրջանառության մեջ գտնվող քսուքային նյութերի, յուղերի և հատուկ հեղուկների յուրաքանչյուր խմբաքանակ պետք է ուղեկցվի արտադրանքի որակի անձնագրով, որը պետք է պարունակի`
1) արտադրանքի անվանումը, մակնիշի նշագիրը և կիրառելիության նշանակումը.
2) արտադրողի (նրա կողմից լիազորված անձի) կամ ներմուծողի, կամ վաճառողի անվանումը, նրա ապրանքային նշանը (առկայության դեպքում), գտնվելու վայրը (նշելով երկիրը), տեղեկատվություն նրա հետ կապվելու մասին.
3) արտադրանքի անվտանգության ցուցանիշների նորմատիվ արժեքները` սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակին համապատասխան, և փորձարկումների փաստացի արդյունքները.
4) փաստաթղթի (առկայության դեպքում) նշագիրը` ըստ որի արտադրանքն արտադրվում է.
5) արտադրանքի ցուցանիշների նորմատիվ արժեքները` սահմանված այն նորմատիվ փաստաթղթով, որին համապատասխան արտադրանքն արտադրվել է, և փորձարկումների փաստացի արդյունքները.
6) պահպանման ժամկետները և պայմանները.
7) արտադրման ամսաթիվը.
8) խմբաքանակի համարը.
9) անձնագրի համարը.
10) անձնագիրը ձևակերպողի ստորագրությունը, անունը, ազգանունը:
13. Արտադրանքը պետք է ունենա քիմիական արտադրանքի անվտանգության անձնագիր (այսուհետ` անվտանգության անձնագիր):
14. Որակի անձնագիրը և անվտանգության անձնագիրը լրացվում են պետական (պաշտոնական) լեզվով` հայերենով:
15. Բանեցված արտադրանքի շրջանառությանը ներկայացվող պահանջներն են`
1) բանեցված արտադրանքը ենթակա է հանձնման բանեցված արտադրանքի հավաքման կետերում` հետագա վերամշակման (օգտահանման) նախապատրաստելու համար.
2) բանեցված արտադրանքը պահպանվում է ըստ խմբերի (N 2 աղյուսակ)` սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակին համապատասխան.
3) բանեցված արտադրանքի հավաքման կետերից վերամշակման (օգտահանման) նպատակով մատակարարվող կամ արտադրող կազմակերպության կողմից ինքնուրույն վերամշակման (օգտահանման) նախապատրաստված բանեցված արտադրանքը պետք է ուղեկցվի որակի անձնագրով և համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգի N 3 աղյուսակում շարադրված պահանջներին: Սույն տեխնիկական կանոնակարգի N 3 աղյուսակում շարադրված պահանջները բանեցված արտադրանքի հավաքման կետեր հանձնած բանեցված արտադրանքի վրա չեն տարածվում.
4) բանեցված արտադրանքի շրջանառության ժամանակ արգելվում են`
ա. արտանետումը (թափումը) ջրամբարների մեջ, հողի վրա և ընդհանուր օգտագործման կոյուղու ցանցերի մեջ,
բ. արտահանությունը` հետագա թաղումով, կենցաղային և արդյունաբերական թափոնների համար նախատեսված հավաքատեղերում,
գ. խառնումը նավթի (գազի), բենզինի, կերոսինի, վառելիքի (դիզելային, նավային, կաթսայավառարանային, մազութի) հետ` էներգետիկ կայանքների համար վառելիքի ստացման նպատակով, բացառությամբ բնօգտագործման և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում լիազոր մարմինների կողմից թույլատրված դեպքերի,
դ. խառնումը` հալոգեն օրգանական միացություններ պարունակող արտադրանքի հետ,
ե. կիրառումը` որպես հակահարակցիչ նյութեր և միջոցներ` շինարարական նյութերի տոգորման համար:
16. Բանեցված արտադրանքի հավաքման և օգտահանման գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
V. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
17. Հավաքման կետերից վերամշակման (օգտահանման) նպատակով կամ արտադրող կազմակերպության կողմից իր միջոցներով վերամշակման համար մատակարարվող բանեցված արտադրանքը պետք է ուղեկցվի որակի անձնագրով և համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգի N 3 աղյուսակի պահանջներին, որոնք չեն տարածվում հավաքման կետեր հանձնված բանեցված արտադրանքի վրա:
18. Փաթեթավորված (չափածրարված) արտադրանքը պետք է լինի մակնշված: Մակնշումը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը`
1) արտադրողի անվանումը և գտնվելու վայրը (ներառյալ երկիրը), ապրանքային նշանը (առկայության դեպքում).
2) արտադրանքի անվանումը, մակնիշի նշագիրը և արտադրանքի կիրառման նշանակությունը.
3) փաստաթղթի նշագիրը (առկայության դեպքում), որին համապատասխան արտադրված է.
4) պահպանման ժամկետը և պայմանները.
5) արտադրության ամսաթիվը.
6) խմբաքանակի համարը.
7) նույնականացման ծածկագիրը (անհրաժեշտության դեպքում):
19. Հրդեհավտանգ հատկություններ ունեցող, մարդու առողջության, շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն առաջացնող արտադրանքը պետք է ունենա համապատասխան նախազգուշացնող մակնշում:
20. Մակնշումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական լեզվով` հայերենով:
21. Մակնշումը պետք է լինի հստակ ու ընթեռնելի և կատարված` այնպիսի եղանակով, որը կապահովի նրա պահպանումը փաթեթավորված արտադրանքի և արտաքին միջավայրի ազդեցություններից:
22. Չփաթեթավորված արտադրանքի մատակարարման դեպքում դրա մասին տվյալները նշված են լինում որակի անձնագրում:
VI. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
23. Արտադրանքի շուկայահանումն ուղեկցվում է համապատասխանության հայտարարագրով և համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ:
24. Համապատասխանության հայտարարագրի հայտատու կարող է լինել իրավաբանական կամ ֆիզիկական անձը, որն արտադրանքն արտադրողն է (Հայաստանի Հանրապետությունում` արտադրողի լիազոր ներկայացուցիչը), դիստրիբյուտորը:
25. Համապատասխանության գնահատման ընթացակարգից առաջ անցկացվում է արտադրանքի նույնականացման գործընթացը:
26. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության հայտարարագրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ հաստատված Գ1, Զ, Զ1 ընթացակարգերին համապատասխան:
27. Համապատասխանության հայտարարագրման նպատակով փորձարկումները կազմակերպվում են արտադրողի (Հայաստանի Հանրապետությունում` արտադրողի կողմից լիազորված անձի) կամ դիստրիբյուտորի կողմից:
28. Արտադրանքի համապատասխանության գնահատման գործընթացի իրականացման ժամանակ հայտատուն ձևավորում է սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության պահանջներին տվյալ արտադրանքի համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի լրակազմը, որը ներառում է`
1) տեխնիկական պայմանները.
2) մատակարարման պայմանագիրը և ապրանքաուղեկից փաստաթղթերը.
3) արտադրողի` որակի կառավարման համակարգի սերտիֆիկատը (առկայության դեպքում).
4) արտադրանքի որակի անձնագիրը.
5) արտադրանքի անվտանգության անձնագիրը.
6) սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող փորձարկումների արձանագրությունները.
7) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ` պետական գրանցման ռեեստրում սահմանված կարգով գրանցման փաստաթղթի պատճենը:
29. Հայտարարագրման դեպքում հայտատուն ձևավորում է սույն տեխնիկական կանոնակարգի 28-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմը, իրականացնում է արտադրական հսկողություն և ձեռնարկում բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրական գործընթացն ապահովի սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը, անհրաժեշտության դեպքում անցկացնում է նմուշների փորձարկումներ, ընդունում և գրանցում է համապատասխանության հայտարարագիրը:
30. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը, դիստրիբյուտորը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանելու դեպքում պետք է մակնշի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը:
31. Համապատասխանության հայտարարագիրը ենթակա է գրանցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
32. Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ իրականացված համապատասխանության հավաստման ընթացակարգի`
1) Գ1 ընթացակարգի դեպքում համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը 12 ամիս է.
2) Զ, Զ1 ընթացակարգերի դեպքում համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը 36 ամիս է:
33. Արտադրանքին վերաբերող փաստաթղթերի լրակազմը` ներառյալ համապատասխանության հայտարարագիրը, պետք է պահվի`
1) սերիական արտադրության արտադրանքի համար` արտադրողի, Հայաստանի Հանրապետությունում` արտադրողի կողմից լիազորված անձի մոտ` արտադրանքն արտադրությունից հանելուց (դադարեցնելուց) հետո առնվազն տասը տարվա ընթացքում.
2) արտադրանքի խմբաքանակի համար` արտադրողի, Հայաստանի Հանրապետությունում` արտադրողի կողմից լիազորված անձի, դիստրիբյուտորի մոտ` արտադրանքի համապատասխանության հայտարարագրի գրանցման ամսաթվից սկսած` առնվազն տասը տարվա ընթացքում:
VII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱԿՆՇՈՒՄԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆՈՎ
34. Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն տեխնիկական կանոնակարգի համաձայն` սույն տեխնիկական կանոնակարգի օբյեկտ հանդիսացող քսուքային նյութերը, յուղերը և հատուկ հեղուկները Հայաստանի Հանրապետության շուկայում ուղեկցվում են համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ:
35. Հայաստանի Հանրապետության տարածքում քսուքային նյութերի, յուղերի և հատուկ հեղուկների համապատասխանության ազգային նշանով մակնշումն իրականացվում է շուկայահանումից առաջ:
36. Հայաստանի Հանրապետության տարածքում քսուքային նյութերի, յուղերի և հատուկ հեղուկների համապատասխանության ազգային նշանով մակնշումն իրականացվում է փաթեթվածքի յուրաքանչյուր միավորի վրա, ինչպես նաև որակի անձնագրում:
VIII. ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐ
37. Տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման ընթացակարգերի խախտման, այդ թվում` տեխնիկական կանոնակարգի պահանջները չկատարելու պատասխանատվությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով:
38. Տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի կամ դրա պարտադիր պահանջների նկատմամբ սահմանված համապատասխանության գնահատման ենթակա կամ առանց համապատասխանության գնահատումը հավաստող փաստաթղթի շրջանառության մեջ գտնվող և (կամ) Հայաստանի Հանրապետության շուկայում առանց համապատասխանության ազգային նշանով մակնշման արտադրանքի դեպքում իրավասու պետական մարմինն արտադրանքը շրջանառությունից հանելու համար ձեռնարկում է համապատասխան միջոցներ` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների:
39. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների նկատմամբ պետական վերահսկողությունը (հսկողություն) իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
Աղյուսակ N 1
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
.____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Պլաստիկ |Յուղեր |Հատուկ |
| |քսուքներ | |հեղուկներ |
|________________________________|___________|___________|___________|
|Ինքնաբոցավառման ջերմաստիճանը |Չի որոշվում|165-ից ոչ |Չի որոշվում|
|հայտարարագրման դեպում, oC | |պակաս | |
|________________________________|___________|___________|___________|
|Բաց հալքանոթում բռնկման |Չի որոշվում|135-ից ոչ |Չի որոշվում|
|ջերմաստիճանը, oC | |պակաս | |
|________________________________|___________|___________|___________|
|Ընտրողական լուծիչների |Չի որոշվում|0,3-ից ոչ |Չի որոշվում|
|պարունակությունը` առանց | |պակաս | |
|հավելանյութերի յուղերի համար, % | | | |
|________________________________|___________|___________|___________|
|101,3 կՊա (760 մմ սնդիկի սյան) |Չի որոշվում|Չի որոշվում|Չի որոշվում|
|ճնշման տակ եռման ջերմաստիճանը, | | | |
|oC, ոչ պակաս. | | | |
|- հովացնող հեղուկների համար | | | |
|________________________________|___________|___________|___________|
|Բյուրեղացման սկզբնական |Չի որոշվում|Չի որոշվում|մինուս 35 |
|ջերմաստիճանը, oC, ոչ ավելի. | | | |
|- ցածր ջերմաստիճանում սառչող | | | |
|հովացնող հեղուկների համար | | | |
|________________________________|___________|_______________________|
|Ջրի պարունակությունը` առանց |«Հետքեր» | Չի որոշվում |
|հավելանյութերի յուղերի համար, | | |
|%-ային զանգված | | |
|________________________________|___________________________________|
|Մեխանիկական խառնուրդների | 0,03-ից ոչ ավելի |
|պարունակությունը, %-ային զանգված| |
|________________________________|___________________________________|
|Պոլիքլորդիֆենիլների |Չի որոշվում|50-ից ոչ |Չի որոշվում|
|պարունակությունը` | |ավելի | |
|տրանսֆորմատորային և մալուխային | | | |
|յուղերի համար, մգ/կգ | | | |
|________________________________|___________|___________|___________|
|Ջրածնային ցուցիչ (pH) |Չի որոշվում|Չի որոշվում|6-10 |
.____________________________________________________________________.
Աղյուսակ N 2
ԲԱՆԵՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔՆ ԸՍՏ ԽՄԲԵՐԻ (ԲԱՆԵՑՎԱԾ ՔՍՈՒՔԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ, ՅՈՒՂԵՐ)
._____________________________________________________________________.
|Խումբը|Բաղադրությունը |
|______|______________________________________________________________|
|ՇԲՅ |Շարժիչային բանեցված յուղեր` |
| |համապիտանի, կարբյուրատորային, դիզելային |
|______|______________________________________________________________|
|ԱԲՅ |Արդյունաբերական բանեցված յուղեր` |
| |փոխհաղորդակի յուղեր |
| |արդյունաբերական յուղեր |
| |գազատուրբինային և տուրբինային յուղեր |
| |տրանսֆորմատորային յուղեր |
| |կոմպրեսորային յուղեր |
| |հիդրավլիկ յուղեր |
| |հակաքայքայիչ յուղեր |
| |էլեկտրամեկուսիչ յուղեր |
|______|______________________________________________________________|
|ՆԲԽ |Նավթամթերքի բանեցված խառնուրդներ` |
| |նավթային լվացող հեղուկներ |
| |յուղեր` նյութերի ջերմային մշակման ժամանակ կիրառվող |
| |յուղեր` փոխհաղորդակի, առանցքային, վազքային, գլանային |
| |յուղեր` նավթային էմուլսիաներից ստացված |
| |նավթամթերքի խառնուրդներ` հավաքագրված պահման և տեղափոխման |
| |միջոցների մաքրման ժամանակ, արդյունահանվող կոյուղու մաքրման |
| |կայաններից և նավթ պարունակող ջրերից |
| |Հատուկ հեղուկներ |
| |Հովացնող հեղուկներ (ներառյալ քսուքային հովացնող նյութերը) |
| |Արգելակման հեղուկներ |
._____________________________________________________________________.
Աղյուսակ N 3
ԲԱՆԵՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ՔՍՈՒՔԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ, ՅՈՒՂԵՐ) ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ, ՊԱՀՄԱՆ (ԿՈՒՏԱԿՄԱՆ) ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ (ՕԳՏԱՀԱՆՈՒՄ) ՈՐԱԿԻ ՖԻԶԻԿԱՔԻՄԻԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|Ցուցանիշների անվանումները |Խմբի նորմը |
| |_______________________________|
| |ՇԲՅ |ԱԲՅ |ՆԲԽ |
|_____________________________________|________|______________|_______|
|1. Կինեմատիկական մածուցիկությունը |35-ից |5-35` |- |
|50oC-ում, մմ2/վ (Ստ) |ավելի |առանց | |
| | |հավելանյութերի| |
| | |յուղերի համար | |
|_____________________________________|________|______________|_______|
|2. Բաց հալքանոթում որոշվող բռնկման |100 |120 |- |
|ջերմաստիճանը, oC, ոչ ցածր | | | |
|_____________________________________|________|______________|_______|
|3. Մեխանիկական խառնուրդների |1 |1 |1 |
|զանգվածային մասը, %, ոչ ավելի | | | |
|_____________________________________|________|______________|_______|
|4. Ջրի զանգվածային մասը, %, ոչ ավելի |2 |2 |2 |
|_____________________________________|_______________________________|
|5. Աղտոտիչների պարունակությունը |Բացակայում է |
|_____________________________________|_______________________________|
|6. Առանց հավելանյութերի յուղեր |Ցուցանիշը կարող է ավելի մեծ |
| |լինել առանձին մակնիշների համար:|
._____________________________________________________________________.