Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 7...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 79-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 2011 թվականի N 127

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 79-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը, հիմք ընդունելով 2011 թվականի հուլիսի 21-ին ՀՀ դատարանների նախագահների խորհրդի ձևավորած հանձնաժողովի եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 23.1-րդ կետի պահանջներով` Դատարանների նախագահների խորհուրդը.

 

ՈՐՈՇՈՒՄ է

 

Պարզաբանել`

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.

«1. Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ` այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության»:

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան վարչական դատարան դիմելու իրավունք ունեն այն անձինք, որոնք համարում են, որ խախտվել են իրենց իրավունքները:

Այսինքն, անձը ցանկացած կամ վերացական պահանջներով դատական պաշտպանության դիմել չի կարող, այլ նա կարող է դիմել դատարան, երբ հանդիսանում է շահագրգիռ անձ, այսինքն, վարչական մարմնի կողմից խախտվել են անձի հանրային սուբյեկտիվ իրավունքները: Վարչական դատավարությունն առաջին հերթին ծառայում է մարդու և քաղաքացու իրավունքների, անձնական շահերի պաշտպանությանը: Դա նշանակում է, որ վարչական արդարադատություն կարող է հայցել միայն այն անձը (ֆիզիկական կամ իրավաբանական), որը գտնում է, որ վարչարարությամբ իր իրավունքները կամ շահերը անմիջականորեն շոշափվել են: Անձինք չեն կարող դատարանում հայցել անձամբ իրենց չվերաբերող որևէ վարչարարության ստուգում միայն այն պատճառով, որ նրանք ընդհանրապես շահագրգռված են վարչական մարմինների իրավաչափ գործունեության մեջ: Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքը ամրագրելով այս մոտեցումը, չի ճանաչում (բացառությամբ օրենսգրքով նախատեսված դեպքի), այսպես կոչված, հանրամատչելի գանգատը, ամրագրելով միայն խախտված իրավունքների, այսինքն, անձնական շահագրգռվածությունից հետևող դատական պաշտպանություն հայցելու տարբեր հնարավորություններ:

ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները երաշխավորում են անձի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքը: Որպես սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության երաշխիք` այն իրավական նախադրյալ է ստեղծում սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ և դատավարական կառուցակարգերի ստեղծման համար: Այն, որպես դատական պաշտպանության մեխանիզմների ձևավորման և գործունեության անկյունաքար, երաշխավորում է իրական, խախտված սուբյեկտիվ իրավունքի պաշտպանությունը` յուրաքանչյուրին իրավունք վերապահելով դատարանում հայցելու իր և ոչ թե` այլ անձանց, կամ իր համոզմամբ խախտված իրական, այլ ոչ թե` «վերացական» իրավունքի պաշտպանություն:

Քանի որ, ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքն առաջին հերթին հնարավորություն է ընձեռում հայց ներկայացնելու միայն այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնց իրավունքները և շահերը խախտվել են, և նման հնարավորություն չի ընձեռում յուրաքանչյուր անձի` հանրության շահերը պաշտպանելու համար, այսինքն` չի թույլատրում իրականացնել իրավաչափության լոկ օբյեկտիվ վերահսկողություն, ապա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայց ներկայացնելու համար պետք է առկա լինի ոչ միայն վարչական մարմինների ոչ իրավաչափ որոշում, գործողություն կամ անգործություն, այլ նաև անձանց իրավունքների խախտում:

«Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողովը) խնդրո առարկայի վերաբերյալ ունի հետևյալ դիրքորոշումը. «Առաջնային է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունենա վիճարկելու որոշումն այն հիմքով, որ այն խախտում է իր իրավունքները: Սակայն, եթե որոշումն անմիջականորեն չի խախտել անձի իրավունքները, ապա վիճարկման հնարավորության ընձեռումը ներպետական օրենսդրության կարգավորման խնդիր է»:

Վերոգրյալը պայմանավորված է նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ ՍԴՈ-906 որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումներով: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի` «խախտվել» բառից հետո «նրա» արտահայտության` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով` 2010 թվականի սեպտեմբերի 7-ին կայացրած թիվ ՍԴՈ-906 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում, համաձայն որի.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն. «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի իրավունք իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար օրենքով սահմանված հիմքերով և կարգով ստանալու մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը:

Յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության խնդրով դիմելու մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին»:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն. «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք»:

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի առաջին մասով ամրագրված դրույթների վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի` 04.04.2008 թվականի ՍԴՈ-747 որոշման 7-րդ կետում ամրագրված իրավական դիրքորոշումները` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին համահունչ, ՀՀ օրենսդրությունը հիմնված է այն տրամաբանության վրա, որ խախտված իրավունքների պաշտպանության արդյունավետությունը, ի թիվս այլոց, ներառում է անմիջականորեն դատարան դիմելու իրավունքն այն անձանց կողմից, որոնց իրավունքները խախտվել են: Այս առումով սահմանադրական դատարանն անհիմն է համարում դիմողի դիրքորոշումն այն մասին, որ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը նախատեսում է դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների ավելի լայն շրջանակ»:

Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային որոշումներում անդրադառնալով այս հարցին նշել է, որ վեճը պետք է լինի իրական և իր բնույթով` լուրջ: Վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները և պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, և վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական և ուղղակի նշանակություն և ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների և ազատությունների վրա: (Le Compte, Van Lettven and De Meyere v. Belgium, application no. 6878/75 judgment of 23 June 1981 para. 47; Ringeisen v. Austria, application no. 2614/65 judgment of 16 July 1971, para. 94; Benthem v. The Netherlands, Application, no. 8848/80 para. 32).

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը սահմանում է` Վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե` «4) հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը.»:

Նշված իրավադրույթն ուղղակիորեն փոխկապված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի հետ, քանզի, եթե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի պահանջներին համապատասխան անձը ներկայացված հայցադիմումով չի հանդիսանում «շահագրգիռ անձ», ապա նա դառնում է հայցադիմում ներկայացնելու իրավունք ակնհայտորեն չունեցող անձ:

Ակնհայտ է, որ հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում դատարանը պետք է գնահատի հայցի թույլատրելիությունը, մասնավորապես, առկա չեն արդյո՞ք հայցադիմումը վերադարձնելու կամ հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքեր: Հայցադիմումի թույլատրելիությունը համաձայն վարչական դատավարության օրենսգրքի կանոնակարգումների գնահատվում է հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում: Հարկ է նկատել, որ համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հայցադիմումի ընդունումը մերժվում է, եթե այն ներկայացվել է դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից: Այսինքն, երբ ներկայացված հայցադիմումից (որին ներկայացվող պահանջները սահմանված են ՀՀ ՎԴՕ 72-րդ հոդվածում և դրանց չպահպանելը հիմք է հայցադիմումը վերադարձնելու համար) և դրան կից փաստաթղթերից ակնհայտ է (բավարար է նման հետևության համար) որ հայցադիմում ներկայացրած անձը չի հանդիսանում շահագրգիռ անձ: Եթե հայցադիմումը վարույթ ընդունելիս առկա չէ «ակնհայտություն», ապա հայցադիմումը ընդունվում է վարույթ և հարցի հետագա պարզաբանումը իրականացվում է դատական քննության ընթացքում:

Օրենսդիրը, որպես հայցադիմումի ընդունումը մերժելու հիմք` սահմանելով հայցադիմում ներկայացնելու ակնհայտորեն իրավունք չունենալու հանգամանքը, նպատակ է հետապնդել բացառելու այն գործերի անհարկի քննությունը, որոնք ներկայացվել են ակնհայտորեն հայց հարուցելու իրավունք չունեցող անձանց կողմից, որպիսի հանգամանքը դատարանը կարող է պարզել հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում:

Ընդ որում, պետք է արձանագրել, որ օրենսդրի նման մոտեցումն է հենց բխում դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքից, քանի որ անձը, դատական պաշտպանության ակնհայտորեն սխալ միջոց ընտրելով, ստիպված չի լինի որոշակի ժամանակ տրամադրել գործի քննությանը մասնակցելու համար, որպեսզի գործն ըստ էության լուծող դատական ակտով հաստատվի, որ ինքն ակնհայտորեն չի հանդիսանում խախտված իրավունքի սուբյեկտը:

Հարկ է նկատել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի համաձայն հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման, ինչի պարագայում կողմը չի զրկվում արդար դատաքննության իր իրավունքից, քանզի, եթե համարում է, որ ինքը հանդիսանում է շահագրգիռ անձ, ապա կարող է ներկայացնել լրացուցիչ հիմնավորումներ, բողոքի փաստարկներ և այլն:

Ինչ վերաբերում է դիմողի` նյութական իրավունքի խախտման առկայության կամ բացակայության հարցի գնահատմանը հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում, ապա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ոչ միայն իրավունք է տալիս դատարանին, այլև պարտավորեցնում է դատարանին հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում ուսումնասիրելու և գնահատելու նաև այն հարցը, թե հայցադիմում ներկայացրած անձը դրա իրավունքն ակնհայտորեն ունի, թե` ոչ և եթե հայցադիմում ներկայացնելու իրավունք չունենալն ակնհայտ է, ապա դատարանի պարտականությունն է մերժել հայցադիմումի ընդունումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումների կայացումը բխում է դատավարական օրենսդրության կանոնակարգումներից և նման որոշումների կայացումը չի կարող որակվել որպես անձի արդար դատաքննության իրավունքի խախտում:

Հարկ է նշել, որ ակնհայտության չափանիշը` որպես վարույթ ընդունելու ժամանակ գնահատման ենթակա հանգամանք առկա է ինչպես «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում, այնպես էլ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայում:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե դիմումում բարձրացված հարցն ակնհայտորեն ենթակա չէ սահմանադրական դատարանին, կամ այն ներկայացրել են սահմանադրական դատարան դիմելու իրավունք չունեցող մարմինը, անձը (անձինք), ապա սահմանադրական դատարանի աշխատակազմը հնգօրյա ժամկետում վերադարձնում է դիմումդ

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանն անընդունելի է համարում 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված ցանկացած անհատական գանգատ, եթե գտնում է, որ այն անհամատեղելի է սույն Կոնվենցիայի կամ նրան կից Արձանագրությունների դրույթների հետ կամ ակնհայտորեն անհիմն է կամ հանդիսանում է գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահում:

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - սույն որոշումը հրապարակվել է միայն www.court.am կայք էջում:

Սույն որոշումից պարզ չէ թե սույն որոշումը «Իրավական ակտերի

մասին» ՀՀ օրենքի 57.1-ին հոդվածի համաձայն ընդունված նորմատիվ

իրավական ակտ է, թե «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի

87-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն խորհրդատվական բնույթ կրող

պաշտոնական պարզաբանում, թե անհատական իրավական ակտ:

Այս իսկ պատճառով ԻՐՏԵԿ-ը չի կարող նշել սույն իրավական ակտի

ճիշտ տեսակը և ուժի մեջ մտնելու ժամկետը:

 

 

pin
Դատարանների նախագահների խորհուրդ
17.09.2011
N 127
Որոշում